Մեր մասին

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնն իրականացնում է հետազոտություններ ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության այն գործընթացների վերաբերյալ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի վրա։ Կենտրոնի նպատակն է իրականացնել խորը և համապարփակ հետազոտություններ և օբյետիվ վերլուծություններ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են երկկողմ հարաբերությունները, տնտեսական և բիզնես կապերն ու դրանց պոտենցիալը, անվտանգային խնդիրները, երկկողմ քաղաքական օրակարգը և այլն։ Հետազոտական կենտրոնը համագործակցում է ոլորտի փորձագետների հետ, այդ թվում՝ գիտնականների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ տրամադրելու ճշգրիտ վերլուծություններ, որոնք կարող են կողմնորոշիչ լինել քաղաքականություն մշակողների և հանրության իրազեկվածության համար։

ԱՄՆ քաղաքականությունը Իրանի նկատմամբ

 Մեր հետազոտության հիմնական ուղղություններից է ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ։ Կենտրոնը ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների զարգացումներին և պատկերացում տալիս հարաբերությունների դիվանագիտական, տնտեսական և անվտանգային դինամիկայի վերաբերյալ։ Բացի այդ, մենք ուսումնասիրում ենք ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը Իրանի տնտեսության, ինչպես նաև տարածաշրջանի վրա:

ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ

Մեր հետազոտությունների մեկ այլ առանցքային ուղղություն է ԱՄՆ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Կենտրոնը հետևում է Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացումներին՝ տրամադրելով վերլուծություններ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկումը, էներգետիկան, անվտանգությունը և տարածաշրջանային հակամարտությունները: Ի լրումն, մենք վերլուծում ենք ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա և դրա ազդեցությունը տարածաշրջանի նկատմամբ:

ԱՄՆ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ

Մենք իրականացնում ենք Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ արտաքին քաղաքականության հետազոտություն՝ մասնավորապես Հարավային Կովկասի տարածաշրջանի համատեքստում: Այդ կերպ, կենտրոնը պատկերացում է տալիս տարածաշրջանային անվտանգության և կայունության խթանմանն ուղղված ԱՄՆ ջանքերի վերաբերյալ՝ միևնույն ժամանակ գնահատելով այնպիսի խաղացողների դերը, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը։ Կենտրոնը նաև վերլուծում է ԱՄՆ օգնության այն ծրագրերը, որոնք աջակցում են Թուրքիայում տնտեսական և ժողովրդավարական զարգացումներին։

ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ

Մեր կարևորագույն առաջնահերթությունն է խորը հետազոտությունների իրականացումը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ՝ մշտապես հետևելով երկկողմ հարաբերությունների զարգացումներին։ Կենտրոնը պատկերացում է տալիս Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և տնտեսական  զարգացմանն ուղղված ամերիկյան ջանքերի վերաբերյալ, ինչպես նաև բարձրացնում ԱՄՆ արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Համապատասխանաբար, կենտրոնը հետևում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ Միացյալ Նահանգների ներգրավվածությանը ու ջանքերին։

ԱՄՆ քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները մեր հետազոտությունների առանցքային ոլորտներից մեկն է: Մենք հետևում ենք ԱՄՆ-Չինաստան աշխարհաքաղաքական մրցակցությանը, երկու երկրների միջև առևտրային պատերազմներին, համաշխարհային ասպարեզում միմյանց ազդեցությանը հակազդելու բոլոր նոր նախագծերին և նախաձեռնություններին: Մենք նաև անդրադառնում ենք ԱՄՆ-ի ինչպես միակողմանի այնպիսի ջանքերին, ինչպիսիք են Չինաստանին հակազդելու օրենսդրական ակտերը՝ ներկայացված ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում, այնպես էլ բազմակողմ ջանքերին՝ հակազդելու չինական ազդեցության տարածմանը, այդ թվում նախաձեռնությունների ու նախագծերի տեսքով, որոնք իրականացվում են համախոհ դաշնակիցների աջակցությամբ և Չինաստանի հարևան երկրների ներգրավմամբ: Բացի այդ, մենք ուսումնասիրում ենք ԱՄՆ պատժամիջոցների ազդեցությունը Չինաստանի տնտեսության վրա և Պեկինի՝ համաշխարհային առաջնորդության ձգտումը:

ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ

Մեր հիմնական առաջնահերթություններից են հետազոտությունները կապված Հարավային Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ԱՄՆ քաղաքականության հետ։ Կենտրոնը տրամադրում է հետազոտություններ ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մասին` միևնույն ժամանակ ուսումնասիրելով այնպիսի տարածաշրջանային ուժերի հետ փոխհարաբերությունները, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։ Մենք նաև ուսումնասիրում ենք ԱՄՆ աջակցության ծրագրերը՝ ուղղված Հարավային Կովկասում տնտեսական և ժողովրդավարական զարգացմանը։