ԱՄՆ-ի քրիստոնյա-պահպանողական հատվածը մշտապես եղել է կարևոր հակակշիռ երկրում առկա առավել լիբերալ խմբավորումների համար։ Այն լրջագույնս ազդել է «կապույտ նահանգ, կարմիր նահանգ» բաժանման վրա՝ ԱՄՆ-ին հաղորդելով առավել պահպանողական բնույթ ի տարբերություն ժամանակակից այլ արևմտյան ազգերի հետ։ Եվանգելիստ քրիստոնյաների համայնքը կազմում է այս քրիստոնյա պահպանողական հատվածի կարևոր և ծանրակշիռ մասը։ Եվանգելիստական քրիստոնեությունը բողոքական դավանանքներից մեկն է, որը ստացել է իր անունը Ավետարանի դրույթների իրագործման իրենց ձգտման շնորհիվ։ 2014թ. Pew հետազոտական կենտրոնի իրականացրած հարցման համաձայն, ԱՄՆ բնակչության 25.4%-ը (մոտ 81մլն. մարդ) Եվանգելիստ է։ Առավել շատ Եվանգելիստ բնակչություն ունեցող նահագներն են Տեխասը (6.5մլն), Կալիֆորնիան (3.5մլն), Ֆլորիդան (3մլն.) և այլն։ Թեև սպիտակ Եվանգելիստների գործունեությունը պակաս նկատելի, այնուամենայնիվ նրանք զգալի ազդեցություն ունեն քաղաքական որոշումների ընդունման վրա։ Ինչն առավել կարևոր է, ԱՄՆ-ի այս պահպանողական հատվածը Վաշինգտոնում ազդեցության լուրջ լծակներ ունի։ Անգամ վերջին 2016թ. նախագահական ընտրություններում, վերջիններս մեծ դեր ունեցան Թրամփի հաղթանակի հարցում. Թրամփը ստացավ Եվանգելիստների ավելի քան 81%-իաջակցությունը, ինչն ավելի շատ էր, քան ստացել էր նորադարձ (born-again) Ջ. Ու․ Բուշի։
Նախագահ Թրամփն իր հերթին ամեն հնարավորն անում է գոհացնելու նրանց՝ նշանակելով պահպանողական դատավորներ և վստահ լինելով, որ իր սոցիալական քաղաքականությունը համապատասխանում է այս պահպանողական հատվածի շահերին։ Թրամփը ձևավորել է գրեթե թեոկրատական վարչակազմ, որի մեծամասնությունը դեմ է պետություն-եկեղեցի բաժանմանը։ Թրամփի Եվանգելիստ դեսպաններից մեկը փոխնախագահ Մայք Փենսն է, ով նախկինում եղել է կաթոլիկ դեմոկրատ, իսկ համալսարանում սովորելու տարիներին՝ դարձել Եվանգելիստ Հանրապետական։ Ներկայիս վարչակազմի մյուս կարևոր Եվանգելիստը Պետքարտուղար Մայք Պոմպեոն է, ով, Մայք Փենսի հետ միասին, ցիտում է եվանգելիտական աստվածաբանությունը՝ որպես հզոր ոգեշնչող ուժ։ Եվանգելիստական համայնքի ազդեցությունը պահպանողական մտածելակերպի և ԱՄՆ ներքին քաղաքականության վրա սպասելի է, սակայն այդ ազդեցությունը տարածվում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին քաղաքականության վրա։ Նրանց արտաքին քաղաքական ազդեցության ամենավառ օրինակը Իսրայելին տրամադրվող ԱՄՆ աջակցությունն է։ Այն աջակցությունը, որն ամերիկյան քրիստոնյա պահպանողական համայնքն է ցուցաբերել Իսրայելին, աննախադեպ է և կարելի է ասել, Իսրայել պետության համար՝ ամենաարժեքավորը։ Նրանց համար Իսրայելին աջակցելը գալիս է անմիջապես Աստվածաշնչից, և պայմանավորված է Աստծո կողմից Իսրայելին տրված օրհնությամբ. դա է պատճառը, որ ԱՄՆ-ն Իսրայելին տալիս է իր աջակցությունն ու «օրհնությունը»։ Այս խորը հավատացյալ մարդկանց համար սա պարզապես արտաքին քաղաքական հասարակ հարց չէ, այլ
Աստծո կամքը իրականացնելու հարց, որը կարող է հավերժական ազդեցություն ունենալ նրանց հոգիների վրա։ Նրանց՝ Իսրայելի և հրեաների նկատմամբ համակրանքի իրական պատճառը կապված է Սուրբ քաղաք Երուսաղեմի հետ։ Վերջինս համարվում է մարգարեության հիմնաքարը։ Այդ մարգարեությունը ենթադրում է Հիսուս Քրիստոսի վերադարձը և Հափշտակության սկիզբը (հավատացյալների հափշտակությունը երկինք՝ Քրիստոսի Երկրորդ Գալստյան ժամանակ)։ Համաձայն LifeWay-ի հարցումների՝ Եվանգելիստների 80%-ը հավատում է, որ 1948թ. Իսրայել պետության ստեղծումը կարող էր հանգեցնել աստվածաշնչյան մարգարեության իկատարման՝ Քրիստոսի վերադարձին։ Փեթ Ռոբերտսոնը, ամենածայրահեղական Եվանգելիստներից մեկը, Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի կաթվածից հետո ասել է. «դա Գազայից զորքերը դուրս բերելու պատիժն էր»։ Այս պնդումը վկայում է այն մասին, թե ինչ աստիճանի է հասնում այս քրիստոնյապահպանողական համայնքի հավատարմությունն ու աջակցությունը Իսրայելին և վերջինիս շահերին։ Նրանց մոտ այս հայացքները շատ հաճախ ավելի ծայրահեղական են, քան իսրայելացիների հիմնական մասի մոտ՝ ծայրահեղականությամբ նույնիսկ գերազանցելով ԱՄՆ-ի հրեաներին, ովքեր շատ հաճախ ավելի լիբերալ հայացքներ ունեն։ Եվանգելիսների բարձր մակարդակի աջակցությունը պահելու համար Թրամփը իրականացնում է իսրայելամետ քաղաքականություն։ Այս քաղաքականության արդյունքը եղավ Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք, ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ, Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի գերիշխանության
ճանաչումը և ազգությամբ հրեա իր փեսա Ջարեդ Քուշների նշանակումը գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Այս քայլերը գրեթե հանգեցրին երկու պետություն սկզբունքով լուծման չեղարկմանը։
Ադրբեջանի գործունեությունը
Անհրաժեշտ է հասկանալ և գնահատել այս խորը կապը նախքան դրա հետևանքների մասին խոսելը։ Ադրբեջանական լոբբինգը, հասկանալով ճիշտ մարդկանց ճիշտ վայրերում հանդիպելու և նրանց հետ կապեր հաստատելու կարևորությունը, անընդհատ ակտիվ զարգացման ընթացքի մեջ է՝ փորձելով ազդել ԱՄՆ քաղաքականության վրա։ Իհարկե նման ջանքերը պահանջում են զգալի ֆինանսական ներդրումներ, որոնք Ադրբեջանը հեշտությամբ տրամադրում է՝ հակազդելով հայ-ամերիկյան համայնքի կողմից իրականացվող լոբբիստական ջանքերին, որոնք հիմնականում կազմակերպվում են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) և Ամերիկայի հայկական համագումարի (AAA) կողմից։ Ադրբեջանն իր լոբբիստական գործունեության իրականացման համար վերջին տարիներին ընտրել է առավել հետաքրքիր ուղիներ, մասնավորապես ձևավորելով ամուր կապեր ԱՄՆ հրեական համայնքի հետ մի քանի ուղղություններով։ Սկսած սինագոգների հետ ակտիվ համագործակցությունից, Ամերիկա-հրեական մամուլում ադրբեջանամետ հոդվածների հրապարակումից մինչև Ամերիկա-հրեական համայնքի բարձրաստիճան եկեղեցականների և կրոնական գործիչների՝ Ադրբեջան այցելությունների կազմակերպում և Ադրբեջանի ներկայացում որպես «տոլերանտ» և Իսրայելամետ պետություն, որն Ամերիկյան հրեաների աջակցության կարիքն ունի։ Իհարկե, PR-ի շրջանակներում հատուկ շեշտադրվում է Ադրբեջանի Լեռնային հրեաների համայնքը և թե որքան լավ են նրանք պաշտպանված մեծամասնությամբ մուսուլմաններով բնակեցված երկրում։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանում ապրում են մոտ 11000 հրեաներ հիմնականում Բաքվում, Սումգայիթում, Օգուզում, Կրասնայա Սլոբոդայում, գումարած 5000 Աշխենազի հրեաներ, որոնք բնակվում են առավելապես Բաքվում։ Հրեական համայնքին թիրախավորելը արվում է այն բանի համար, որ սերտ կապեր հաստատեն ԱՄՆ ամենաազդեցիկ իսրայելական լոբբիի հետ (Իլհամ Ալիևի հանդիպումները Նյու Յորքում ԱՄՆ հրեական կազմակերպությունների հետ) և Ադրբեջանը ներկայացվի, որպես Իսրայելի բարեկամ պետություն ի տարբերություն Հայաստանի։ Այս առումով, Ադրբեջանը բավական արագ հասկացել է, թե որ լծակները կարող են զգալի ազդեցություն ունենալ ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման վրա։
Ադրբեջանական լոբբիստական գործունեության տարածման սահմանները հրեական համայնքի շրջանակում նկատելի ու ազդեցիկ է։ Մի շարք հեղինակներ, որոնցից շատերը կապ ունեն հրեական համայնքի հետ, պարբերաբար գրում են ադրբեջանամետ հոդվածներ տարբեր օրաթերթերում, ինչպիսիք է Jerusalem Post-ը։ Նրանց նյութերից շատերը ուղղակիորեն թիրախավորում են Հայաստանը և հաճախ պատկերում Հայաստանը բացասական լույսի ներքո, ոչ միայն որպես Ադրբեջանինկատմամաբ «ագրեսոր» և «թշնամի», այլ նաև որպես երկիր, որը թշնամական է Իսրայելի շահերի և հրեաների նկատմամբ։ Ադրբեջանի կողմից իրականցվող այս PR
արշավը և Իսրայելի հետ ամուր երկկողմանի կապեր ստեղծելուն և պահպանելուն ուղղված ջանքերը, մասնավորապես բարձր մակարդակով հանդիպումներ, տնտեսական համագործակցություն՝ 1.3 միլիարդ ԱՄՆ դոլար զգալի առևտրաշրջանառությամբ, մի կողմ թողնելով Ադրբեջանին զենքի մատակարարումները (ընդհանուր առմամբ մոտ 5 մլրդ), շատ կազմակերպված է և նպատակային։ Մինչ իսրայելական ուղղությամբ իրականացվող լոբբիստական գործուոնեությունն ու PR ջանքերը հայտնի են, ադրբեջանցիները գտել են մեկ այլ՝ իր մեջ առավել սպառնալիքներ պարունակող և հետաքրքիր ուղի և դա ԱՄՆ Եվանգելիստական համայնքն է, Իսրայելի բնական դաշնակիցը։ Ադրբեջանը, իրեն ներկայացնելով որպես «տոլերանտ ազգի օրինակ» և Իսրայելի մոտ դաշնակից, օգտագործում է այդ հանգամանքը՝ սիրաշահելու ԱՄՆ-ի առավել հզոր Եվանգելիական համայնքը։ Այսպես կոչված «Տոլերանտության
քաղաքականությունը» դարձել է Ադրբեջանի ազգային ռազմավարության մաս սկսած Հեյդար Ալիևի նախագահության երկրորդ ժամկետից։ Այդ պահից ի վեր տոլերանտության գաղափարը ստացել է ամուր իրավական հենք (Սահմանադրության 48-րդ հոդված, «կրոնի ազատության մասին» օրենքը)։ Տոլերանտության այս իմիտացիան առավել իրական դարձնելու համար անգամ առաջ է քաշվել «տոլերանտ պետությունից դեպի տոլերանտ աշխարհ» նշանաբանը, չնայած հնարավոր բոլոր հարթակներում իրենց կողմից իրականացվող վառ արտահայտված հակահայկական քարոզչությանը։ Ադրբեջանում փոքրաթիվ հրեական համայնքի նկատմամբ մեծ տոլերանտության ցուցաբերումը մատուցվում է այս խմբին՝ արժանանալու ԱՄՆ Եվանգելիստների հարգանքին։ Ադրբեջանի պատկերումը որպես եզակի մուսումանական ազգ, որը կանգնած է Իսրայելի կողքին, հիմնական նշանաբանն է՝ ուղղված գրավելու այս խմբին։ Նման սիրաշահության վերջին և կարևոր դրսևորումներից դարձավ ԱՄՆ Եվանգելիստների՝ Նյու Յորքից ռաբբի Մարք
Շնեյերի առաջնորդությամբ այցը Ադրբեջան 2019թ. մարտին։ Այս այցի մասին լուրերը հրապարակվեցին CBN News-ում (ԱՄՆ-ում հայտնի պահպանողական, եվանգելիսատական կրոնական հեռուստատեսային ցանց) հետևյալ վերտառությամբ՝ «մուսուլմանական մեծամասնություն ունեցող Ադրբեջանը գրկաբաց ընդունում է Եվանգելիստ առաջնորդներին՝ հանուն տոլերանտության»։ Հարկ է նշել, որ CBN News-ի հիմնադիրը հեռուսատեսության ոլորտում հայտնի Եվանգելիստ Փեթ Ռոբերտսոնն է։ ԱՄՆ քրիստոնյաների համար այս կարևոր ցանցի հետ նման մտերմությունը շատ կարևոր առաջընթաց է ադրբեջանական PR արշավի համար։
Առաջարկություններ
Հայաստանը և ԱՄՆ-ում հայկական համայնքը պետք է գիտակցեն այս նոր ուղու սպառնալիքներն ու ողջ հեգնանքը։ Մյուս բոլոր երկրներից հենց Ադրբեջանն է մտերիմ հարաբերություններ և լոբբիստական կապեր հաստատել ԱՄՆ-ի պահպանողականների քրիստոնյա հատվածի հետ՝ օգտագործելով այն Հայաստանի՝ առաջին քրիստոնյա ազգի դեմ, որը շատ ավելի փոքր և խոցելի է՝ շրջապատված ոչ բարեկամ պետություններով։ Մինչ ԱՄՆ-ում հայկական լոբբին զբաղված է ներկայացուցիչների պալատի անդամների հետ աշխատելով՝ առաջ տանելու հայամետ օրակարգը, Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացվող լոբբիստական գործունեությունը նպատակաուղղված է չեզոքացնելու հայկական լոբբինգը և գործադրելու առավել մեծ լոբբիստական ջանքեր։ Չունենալով մեծ և կազմակերպված ադրբեջանական համայնք ԱՄՆ-ում՝ Ադրբեջանը իր լոբբիստական գործունեության մեջ ստիպված է որդեգրել առավել թոփ-դաուն մոտեցում (պրոֆեսիոնալ լոբբինգ)։ Չնայած նրանք նաև փորձել են ակտիվացնել ադրբեջանաամերիկյան համայնքը այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են Azerbaijan American Alliance-ը և ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հարցերով հանձնախումը։ Հրեական և Եվանգելիստական համայնքների հետ սերտ կապեր հաստատելը կշարունակի ադրբեջանական լոբբիին հզորացնել՝ չնշելով անգամ այն պրոֆեսիոնալ լոբբիստական խմբերը, որոնք աշխատում են Ադրբեջանի անունից և որոնց վերջինս վարձելու հնարավորություն ունի։ Ադրբեջանին աջակցող մեկ այլ լոբբիստական խումբը ԱՄՆ-ում թուրքական լոբբին է, որը Վաշինգտոնում անժխտելիորեն դեռ մինչ օրս հզոր է։ Այն բարդ PR-ը, որն Ադրբեջանը կիրառում է իրեն տոլերանտ ազգի օրինակ ներկայացնելու համար, պետք է դիտարկել որպես կեղծ բարեպաշտության մարմնացում։ Մինչ հայկական լոբբիստական գործունեությունը, որն իրականացվում է այնպիսի կազմակերպությունների կողմից ինչպիսիք են Հայ դատի հանձնախումը (ANCA), և Ամերիկայի հայկական համագումարը (AAA), պետք է ակտիվացվի, պետք է նաև աշխատել՝ բարելավելու Հայաստանի դեմ իր թշնամիների կողմից իրականացվող քայլերի նկատմամբ արձագանքը։ Սակայն, դա չպետք է միայն հայ-ամերիկյան կազմակերպություններն իրականացնեն, այլ նաև հենց Հայաստանի կառավարությունը, որն անշուշտ գիտակցում է, թե ինչքան վճռորոշ կարող է լինել աշխարհի նման հզոր երկրում լոբբիստական հզոր լծակներ ունենալը։ ԱՄՆ-ում արդյունավետ լոբբինգը կարող է շոշափելի արդյունքներ և փոփոխություններ բերել, ի տարբերություն աշխարհի շատ այլ երկրների. պրոֆեսիոնալ լոբբիստական ջանքերը կարևոր դեր են խաղում ԱՄՆի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու հարցում։ Այսպիսով կառավարությունների կողմից իրականացվող ներդրումները, ինչպիսիք, որ արել է Ադրբեջանը, կարող է մեծ ազդեցություն ունենալ աշխարհի խոշորագույն տնտեսության և ռազմական ուժի կողմից առավել նպաստավոր քաղաքականություն իրականացնելու հարցում։ ԱՄՆ Եվանգելիստական հատվածի հետ կապերի ակտիվացմանն ուղղված Ադրբեջանի այս նոր ճանապարհը պետք է զգոնության ազդանշան լինի Երևանի համար։ Հայաստանի կառավարությանն անհրաժեշտ է առավել ակտիվ լինել՝ որպեսզի այդ հզոր համայնքը չվերածվի Ադրբեջանի դաշնակցի, քանզի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության համար հետևանքները կարող են լինել բավական ծանր։ Հայաստանը՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ և ազգ, որն ունի նման հարուստ քրիստոնեական ժառանգություն, որի պաշտպանության համար այդքան արյուն է թափվել, արդեն իսկ ունի բնական PR, որը կարելի է օգտագործել այդ համայնքին ներկայանալու համար։ Բացի այդ, Հայաստանն ունի զգալի ներուժ և՛ Իսրայելի, և՛ ԱՄՆ Եվանգելիստների հետ հարաբերությունները խորացնելու համար։ Օրինակ, կարելի է օգտագործել այն հանգամանքը, որ Հայ Առաքելական Եկեղեցին պատասխանատու է քրիստոնեական խոշոր սրբավայրերի համար, ինչպիսին օրինակ Երուսաղեմում հայկական համայնքի սիրտը համարվող 12-րդ դ. Սուրբ Հակոբյաց վանքը։ Իսրայելի հայկական համայնքը բաղկացած է 11 հազար հայերից, չնայած դրան Հայաստանը Իսրայելում չունի ռեզիդենտ դեսպան։ Այս հարցն արժանի է լինել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի գլխավոր առաջնահերթությունների շարքում։ Իսրայելի հետ ամուր կապերի հաստատումը, ինչպես նաև ԱՄՆ-ում հայ Եվանգելիստների ներգրավումը (Նյու Յորքի հայկական Եվանգելիսական եկեղեցին՝ հիմնադրված 1896թ., Նյու Յորքի հնագույն հայկական հաստատությունն է) կապահովեն Հայաստանին ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ կապերի հաստատմամբ, որոնց հետ հայերը ավանդաբար ավելի թույլ կապեր ունեն քան դեմոկրատների հետ։ Այսպիսով, անհրաժեշտ է շոշափելի ջանքեր գործադրել ԱՄՆի քրիստոնյա-պահպանողական համայնքի հետ կապեր հաստատելու համար, որը կարելի է իրականացնել ինչպես կազմակերպությունների, այնպես էլ կառավարության մակարդակով՝ առանցքային նշանակություն տալով այս հարաբերություններին։
Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=99