Փաշինյանի վաշինգտոնյան այցի իրական շարժառիթները և հաշվարկները

ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունն էապես տարբերվելու է ոչ միայն 46-րդ նախագահ Բայդենի արտաքին քաղաքականությունից, այլև 45-րդ նախագահ Թրամփի վարչակազմի քաղաքականությունից։ Խնդիրը միայն այն չէ, որ Թրամփն այս տարիների ընթացքում դարձել է ավելի պատրաստված, փորձառու և քաղաքականապես թրծված, այլ նաև այն, որ վերջին հնգամյակում աշխարհն է էական փոխակերպումների ենթարկվել։ Ռուս-ուկրաինական պատերազմը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Սիրիայում Ասադի տապալումը, Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը, Իրանի մոտեցումը միջուկային գերտերության կարգավիճակին, Չինաստանի ազդեցության մեծացումը և այլ գործընթացներ Թրամփին ստիպելու են ավելի մեծ ներգրավվածություն ունենալ միջազգային հարաբերություններում։ Սրանք գլոբալ խնդիրներ են, որոնց Թրամփը չի կարողանալու շրջանցել՝ ստիպված լինելով ունենալ ակտիվ ներգրավվածություն: Եթե իր առաջին նախագահության շրջանում Թրամփն անփորձ քաղաքական և պետական գործիչ էր (չմոռանանք, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը նրա առաջին պետական պաշտոնն էր, և ըստ էության՝ նա քաղաքական կարիերան սկսեց այնտեղից, որտեղ ուրիշներն ավարտում են այն), ապա այսօր նա անցել է ներքաղաքական այնպիսի գործընթացների միջով և հաղթել է այնպիսի պայքարի արդյունքում, որից կա՛մ դուրս չեն գալիս, կա՛մ դուրս են գալիս ավելի ուժեղ։

Թրամփի արտաքին քաղաքականությունը հասկանալու համար բավարար չէ պարզապես ուսումնասիրել նրա նախորդ նախագահության շրջանի ամերիկյան արտաքին քաղաքականությունը։ Բավական չէ նաև վերլուծել նրա հայտարարությունները, քանի որ դրանցում հաճախ հանդիպում են որոշակի տարբերություններ և հակասություններ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն, օրինակ, ուկրաինական պատերազմը մեկ օրում դադարեցնելու մասին նրա հայտարարությանը կամ Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու մտադրությանը, այլև այնպիսի հայտարարություններին, որոնք մի կողմից՝ վերաբերում են Իսրայելին անվերապահ աջակցություն ցուցաբերելուն, իսկ մյուս կողմից՝ Թրամփի՝ խաղաղություն բերող նախագահ դառնալու ցանկությանը։ Այս տեսանկյունից, օրինակ, անհասկանալի է՝ արդյո՞ք Իրանի և Իսրայելի հարաբերություններում նա ձգտելու է խաղաղություն հաստատել, թե՞ անվերապահ աջակցել Իսրայելին։ Կամ արդյո՞ք նա փորձելու է խաղաղության հասնել բանակցությունների միջոցով, թե՞ այն պարտադրել ուժի կիրառմամբ։ Նույնը վերաբերում է նաև Կիևին տրամադրվող օգնության կրճատման մասին նրա հայտարարություններին կամ «օգնություն՝ ռեսուրսների դիմաց» կոնցեպտին, ըստ որի՝ Թրամփն առաջարկում է աջակցության դիմաց Կիևից ստանալ օգտակար հանածոներ։

Այսինքն՝ Թրամփի արտաքին քաղաքական առաջնահերթությունները լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է ժամանակ՝ փորձագիտական շրջանակների համար, ինչպես նաև ուղիղ շփում Թրամփի թիմի հետ՝ այլ պետությունների առաջնորդների համար՝ վարչակազմի մոտեցումների վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկություններ ստանալու և որոշ հարցերի շուրջ հստակություն մտցնելու նպատակով։ Մի բան ակնհայտ է՝ «Ամերիկան առաջինը» (America First) կարգախոսը փոփոխման կամ քննարկման ենթակա չէ, և մյուս պետությունները ստիպված են լինելու հաշտվել այս մոտեցման հետ, ինչպես ճիշտ ժամանակին վարվեցին Պանաման, Սալվադորը, Կոլումբիան, և ամենայն հավանականությամբ ինչպես առաջիկայում կվարվեն նաև այլ երկրներ ։

Այս տեսանկյունից բացառություն չէ նաև Հայաստանը։ Հայաստանի իշխանությունները, սխալ հաշվարկների արդյունքում, իրենց խաղադրույքն ամբողջությամբ կատարել էին դեմոկրատների վրա՝ ենթադրելով, որ նրանք կհաղթեն նախագահական ընտրություններում և Քամալա Հարիսը կդառնա ԱՄՆ 47-րդ նախագահը։ Սա Հայաստանի իշխանությունների համար կերաշխավորեր շարունակական օգնություն, ֆինանսական և ամենակարևորը՝ քաղաքական աջակցություն Փաշինյանին ու նրա թիմին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում որոշակի կանխատեսելիություն՝ առնվազն առաջիկա 4 տարիների համար։ Սակայն բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնելու և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում չկատարելու արդյունքում Հայաստանի իշխանությունը հայտնվեց բավական բարդ իրավիճակում։ Մի կողմից՝ երկրի իշխանությունները սկսեցին ուղիղ ասոցացվել դեմոկրատների հետ, իսկ մյուս կողմից՝ նրանց շփումները Թրամփի վարչակազմի հետ դժվարացան՝ պայմանավորված վերջինիս պահպանողական աշխարհայացքով և ընդգծված կրոնական դիրքորոշմամբ։ Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունները պահպանողական չեն և առանձնապես աչքի չեն ընկել դրական վերաբերմունքով կրոնի կամ եկեղեցու նկատմամբ։ Իսկ եթե հաշվի առնենք նաև նրանց լարված հարաբերությունները Հայ Առաքելական եկեղեցու հետ, ապա պատկերն առավել ամբողջական կդառնա։ Հետևաբար, խիստ պահպանողական և ընդգծված քրիստոնեական արժեքներ դավանող Թրամփի վարչակազմի հետ Հայաստանի լիբերալ իշխանությունները գաղափարական ընդհանուր եզրեր գտնել չեն կարող։ Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Փաշինյանի համար կենսական նշանակություն ուներ հասկանալ Թրամփի վարչակազմի ընդհանուր մոտեցումներն ու արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ հատկապես Հարավային Կովկասի և Հայաստանի նկատմամբ։

Հաշվի առնելով այս հանգամանքները, ինչպես նաև իր քաղաքական ապագան հասկանալու անհրաժեշտությունը՝ Փաշինյանին հնարավորինս սեղմ ժամկետներում հարկավոր էր կապ հաստատել Թրամփի վարչակազմի հետ՝ այս և այլ էքզիստենցիալ հարցերի պատասխանները ստանալու համար։ Եվ քանի որ նա հրավիրված չէր Թրամփի երդմնակալության արարողությանը, թեև ընդամենը օրեր առաջ Հայաստանը ԱՄՆ-ի հետ ստորագրել էր ռազմավարական գործակցության խարտիան, Փաշինյանը ստիպված եղավ առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնել Վաշինգտոն՝ փորձելով հանդիպել ԱՄՆ քաղաքական իստեբլիշմենթի և որոշումներ կայացնողների հետ։

Այցի համար գտնվեց նաև հարմար առիթ. փետրվարի 3-7-ը Նիկոլ Փաշինյանը այցելեց Վաշինգտոն՝ մասնակցելու Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը։ Այս միջոցառումները, որոնք անցկացվում են ամեն տարի Վաշինգտոնում, նախատեսված էին փետրվարի 2-5-ին։ Ֆորմալ առումով դրանք հիմք դարձան Փաշինյանի այցի համար, որը, ինչպես արդեն նշվեց, սկսվեց փետրվարի 3-ին։

Սակայն, հաշվի առնելով վերոշարադրյալ հանգամանքները, կարելի է պնդել, որ իրականում Փաշինյանի այցի առաջնային նպատակը այդ միջոցառումներին մասնակցելը չէր։ Բոլորին հայտնի է, որ նա առանձնապես չի հետաքրքրվել հավատքով և կրոնով, ինչպես նաև աչքի չի ընկել կրոնական համոզմունքների արտահայտմամբ։ Այս տեսանկյունից հատկանշական էր նաև այն, որ այցին մասնակցում էր պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը ոչ միայն կրոնի հետ կապված մարդ չէ, այլև հաճախ բացասական է արտահայտվել եկեղեցու և ընդհանրապես կրոնի մասին։ Այս հանգամանքները ևս մեկ անգամ վկայում են, որ այցի իրական նպատակն այլ էր, և կրոնական միջոցառումներն ընդամենը պատրվակ էին շտապ Վաշինգտոն մեկնելու համար։ Ընդհանրապես, ԱՄՆ-ում ընդունված է, որ անգամ անձնական այցով այնտեղ գտնվող հյուրերին գոնե «հանդիպել-ողջունել» (meet-and-greet) ձևաչափով կարճատև հանդիպում տրամադրվի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Վաշինգտոն մեկնած Հայաստանի վարչապետին ամերիկյան կողմը, այդուհանդերձ, տրամադրեց բարձր մակարդակի հանդիպում՝ ելնելով արարողակարգային և դիվանագիտական բարեվարքության ընդհանուր կանոններից։ Փաշինյանը կարճատև հանդիպում ունեցավ փոխնախագահ Վենսի հետ, սակայն հաշվի առնելով ամերիկյան սահմանադրական և քաղաքական առանձնահատկությունները, փոխնախագահն ինքնուրույն քաղաքական որոշումներ չի կայացնում։ Նա, հիմնականում լինելով արարողակարգային պաշտոնյա, կարող է զբաղվել միայն այնպիսի հարցերով, որոնք նրան հանձնարարում է նախագահը։ Հետևաբար, կարելի է պնդել, որ Փաշինյանը ԱՄՆ-ում այդպես էլ հնարավորություն չունեցավ հանդիպելու որևէ քաղաքական որոշում կայացնող բարձրաստիճան պաշտոնյայի։

🔹Ի՞նչ էր ցանկանում հասկանալ Փաշինյանը Վաշինգտոնում

Փաշինյանին հետաքրքրող հիմնական հարցերի շրջանակը կարելի է ուրվագծել՝ հաշվի առնելով այն անհանգստությունները, որոնք առկա են Հայաստանի իշխանությունների օրակարգում։ Միևնույն ժամանակ, այս հարցերի վերհանումը թույլ կտա հասկանալ՝ արդյո՞ք այցը բխում էր առավելապես Հայաստանի շահերից, թե՞ այն պայմանավորված էր անձամբ Փաշինյանի իշխանության պահպանման անհրաժեշտությամբ։

Առաջին հերթին, Փաշինյանի համար կենսական անհրաժեշտություն էր հասկանալ, թե ինչ ուղղությամբ է զարգանալու Թրամփի վարչակազմի հարավկովկասյան արտաքին քաղաքականությունը։ Արդյո՞ք նա կարող է ապավինել ԱՄՆ-ի շարունակական աջակցությանը, և արդյո՞ք Թրամփի վարչակազմը կտրամադրի այն տնտեսական, ֆինանսական և ամենակարևորը՝ քաղաքական աջակցությունը, որը մինչ այդ տրամադրում էր Բայդենի վարչակազմը։ Այստեղ խոսքը, բնականաբար, ոչ միայն USAID-ի կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցության մասին է, այլ առավելապես վերաբերում է ամերիկյան վարչակազմի քաղաքական աջակցությանը Փաշինյանի օրակարգին, մասնավորապես՝ ներքաղաքական հարցերում։ Սա, ամենայն հավանականությամբ, ամենակարևոր հարցն է, որից այս կամ այն կերպ բխում են մյուս բոլոր հարցերն ու դրանց պատասխանները։ Ավելի պարզ ասած, Փաշինյանը պետք է հասկանար՝ արդյո՞ք Վաշինգտոնը շարունակելու է իրեն հովանավորել, թե՞ ոչ:

Փաշինյանի իշխանության համար կենսական նշանակություն ունի այս վարչակազմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի վերաբերյալ։ Նա պետք է պարզեր, թե արդյո՞ք Թրամփի թիմը պատրաստ է շարունակել միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Չէ՞ որ Բայդենի վարչակազմի միջնորդությամբ փաստաթղթի 90 տոկոսն արդեն համաձայնեցված է, և մնում է համաձայնեցնել միայն մի քանի սկզբունքային հարցեր։ Արդյո՞ք Թրամփը կցանկանա միջնորդել գործընթացին, որը 90 տոկոսով պատրաստ է, և որտեղ միայն փոքր ջանքերի շնորհիվ նա կարող է դառնալ համաձայնագրի կնքահայրը՝ մոտենալով իր համար այդքան բաղձալի խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակին։ Սրանով է պայմանավորված Փաշինյանի փորձերը՝ համոզելու ԱՄՆ իշխանություններին, հայ համայնքին և լոբբիստներին, որ Վաշինգտոնը չկիրառի ճնշումներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, հրաժարվի 907-րդ բանաձևից, ինչպես նաև որևէ այլ բանաձևի հնարավոր ընդունումից, որը կարող է ուղղված լինել Ադրբեջանի և անձամբ Ալիևի դեմ։ Ի դեպ, սա մի թեմա է, որի շուրջ վերջին օրերին պաշտոնական Բաքուն շատ է խոսել, և Փաշինյանը, ըստ էության, հենց այս գիծն է առաջ մղում։

Այնուհետև Փաշինյանը պետք է հասկանար, թե արդյո՞ք Թրամփի վարչակազմը հետաքրքրված է իր՝ այսպես կոչված «խաղաղության խաչմերուկ» կոնցեպտով և որքանով է պատրաստ աջակցել դրա կյանքի կոչմանը։ Վերջիվերջո, այս գաղափարը վերաբերում է նաև Իրանին, Ռուսաստանին՝ ԱՄՆ հիմնական հակառակորդներին և տարածաշրջանային այլ խաղացողների ներգրավվածությանը, հետևաբար, Վաշինգտոնի բացասական տրամադրվածության պարագայում այն կարող է մեռելածին լինել։ Մանավանդ՝ հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական դաշնակից և Հայաստանի հարևան Թուրքիայի գործոնը, ինչպես նաև Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներն ու Թրամփի վարչակազմի դիրքորոշումը դրանց նկատմամբ։

Վաշինգտոնում Փաշինյանը պետք է նաև պարզեր, թե արդյո՞ք ամերիկացիները շարունակելու են միջնորդավորված աշխատել Թուրքիայի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։ Վերջիվերջո, ԱՄՆ-ն եղել է միակ պետությունը, որը 1991 թվականից սկսած միջնորդել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բոլոր նախաձեռնություններում։ Փաշինյանին այս առումով երաշխիքներ են անհրաժեշտ, քանի որ դրանց բացակայության պարագայում Թուրքիայի նկատմամբ որևէ այլ պետության կողմից ռեալ ճնշումներ չեն լինի՝ հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով։ Իսկ առանց այդ էլ կիսամեռ վիճակում գտնվող հայ-թուրքական բանակցությունները Փաշինյանի համար կարող են վերածվել հերթական արտաքին քաղաքական ֆիասկոյի, որը չափազանց ցավոտ կլինի:

ԱՄՆ-ում Փաշինյանը պետք է պարզեր, թե ինչպիսին կլինի Թրամփի քաղաքականությունը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի հասկանա՝ որքա՞ն մանևրելու հնարավորություն կունենա այս երկրների հետ հարաբերություններում կամ որքան կկարողանա դիստանցավորվել դրանցից։ Ակնհայտ է, որ հայ-ռուսական լարված հարաբերությունները, ինչպես նաև հայ-իրանական ստատիկ հարաբերությունները մեծապես պայմանավորված են եղել Հայաստանի իշխանությունների՝ Արևմուտքին իրենց լոյալությունը ապացուցելու նպատակասլացությամբ։ Այս տեսանկյունից, այժմ Փաշինյանը կանգնած է բարդ իրավիճակի առջև՝ եթե նման լոյալության անհրաժեշտություն չլինի, ասենք՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման հեռանկարի պարագայում, ապա ի՞նչ պետք է անի ինքը:

Վերջապես, Փաշինյանը Վաշինգտոնում պետք է պարզեր, թե որքանով է Թրամփի վարչակազմը հետաքրքրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությամբ՝ ընդհանրապես, և թե ինչպիսին են լինելու Հայաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի առաջնահերթությունները՝ մասնավորապես։ Թեև հայ-ամերիկյան ռազմավարական խարտիան կնքվել է ոչ թե Բայդենի վարչակազմի և Հայաստանի միջև, այլ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, ակնհայտ է, որ դրա կյանքի կոչումը կախված է բացառապես Թրամփի վարչակազմի քաղաքական կամքից:

Ընդհանուր առմամբ, հետահայաց վերլուծելով հանդիպումների բովանդակությունն ու «ցածրակարգ» (low-profile) բնույթը, կարելի է պնդել, որ Փաշինյանը, որը Վաշինգտոն էր մեկնել քաղաքական աջակցություն և կենսական նշանակության հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով, այդպես էլ չհանդիպեց ԱՄՆ-ում քաղաքական որոշումներ կայացնող որևէ պաշտոնյայի։ Նա չունեցավ հանդիպում նախագահ Թրամփի, պետքարտուղար Ռուբիոյի, պաշտպանության քարտուղար Հեգսեթի, նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ուոլթսի կամ որևէ այլ գործադիր գերատեսչության ղեկավարի հետ։ Փաշինյանը չհանդիպեց նաև ԱՄՆ օրենսդիր մարմնի բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի կամ Սենատում հանրապետական և դեմոկրատ առաջնորդների հետ՝ չնայած այցելել էր ԱՄՆ Կոնգրես։

Հետևաբար, հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ այս այցն ըստ էության ֆալստարտ էր։ Նախ, դրա ժամկետը սխալ էր ընտրված, քանի որ Թրամփի վարչակազմը դեռ նոր էր սահմանում իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Իհարկե, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների բացակայությունը կարող էր ինքնին հստակ մեսիջ լինել, սակայն այս տեսանկյունից դեռ անհրաժեշտ է սպասել. ինչպես նշվեց, Վաշինգտոնում առաջնահերթությունները դեռ նոր են ձևավորվում, և հաշվի առնելով, թե այդ շարքում Հայաստանը որերորդ հորիզոնականում է, դրանց շարադրումը կարող է բավական երկար տևել։

Չի բացառվում, որ այս փուլում ամերիկացի գործընկերները Փաշինյանին պարզապես ասելու ոչինչ չունեին։ Հետևաբար, կարելի է արձանագրել, որ նա Վաշինգտոնից վերադարձավ ձեռնունայն՝ առանց իր հարցերի պատասխանները ստանալու, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է իշխանությունների սխալ հաշվարկները ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։

Originally published by LUYS foundation

Կիսվել՝