ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն. մեծությամբ երկրո՞րդն աշխարհում

ՀՀ-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկիզբը

1991թ. դեկտեմբերի 25-ի երեկոյան, երբ ամերիկացիները նշում էին Սուրբ Ծննդյան տոնը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն իր Ամանորի ուղերձում հայտարարեց. «ԱՄՆ-ը ճանաչում է Ուկրաինայի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անկախությունը։ Բոլոր այս պետությունները հստակ հանձնառություններ են ստանձնել։ Մենք շատ արագ դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք այս երկրների հետ, նոր կապեր կստեղծենք։ Մենք կաջակցենք այդ երկրներին՝ անդամակցելու Միավորված ազգերի կազմակերպությանը այն պետություններին, որոնք դեռ անդամ չեն»։ Այս նախադասությամբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը հայտարարեց, ի թիվս այլ պետությունների, նաև Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման որոշման մասին։

ԽՍՀՄ փլուզման և Հայաստանի անկախության ճանաչման հետևանքով անհրաժեշտ էր, որ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև կնքվեին և փոխանակվեին դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պաշտոնական նոտաներ։ 1992-ի հունվարի 7-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի և ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հանդիպումը, որի ընթացքում երկու երկրների միջև նոտաներ փոխանակվեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ: Հարավային Կովկասի պետություններից առաջինը Հայաստանն էր, որ ֆորմալ առումով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ նոտաներ փոխանակեց ԱՄՆ-ի հետ անկախության ճանաչումից երկու շաբաթ անց` հունվարի 7-ին։ Վրաստանի հետ հարաբերությունները հաստատվեցին 1992թ. մարտի 24-ին, իսկ Ադրբեջանի հետ՝ 1992թ. փետրվարի 19-ին։

ԱՄՆ դեսպանատան բացումը Հայաստանում

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը բացվեց 1992թ. փետրվարի 3-ին, Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Սթիվեն Մանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, և Սթիվեն Մանը նշանակվեց գործերի ժամանակավոր հավատարմատար։ Նա շուրջ մեկ ամիս պաշտոնավարեց, մինչև նոր գործերի ժամանակավոր հավատարմատարը՝ Թոմաս Փրայսը, փոխարինեց նրան։ Դեսպանատունը ժամանակավորապես տեղակայվել էր Երևանի Հրազդան հյուրանոցում։

Կարճ ժամանակ դեսպանատունը գործեց Երևանի Հրազդան հյուրանոցում, այնուհետև տեղափոխվեց Բաղրամյան 18 հասցեում գտնվող շենքը, որտեղից հետագայում տեղափոխվեց շատ ավելի մեծ շենք, որը համարվում է Հարավային Կովկասի ամենամեծ ամերիկյան դեսպանատունը։ Բաղրամյան պողոտայի վրա գտնվող դեսպանատան շենքը վաճառվեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությանը 2 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարով։

Ներկայիս ԱՄՆ դեսպանատունը, որը գտնվում է Ամերիկյան փողոց 1 հասցեում, զբաղեցնում է 90 հազար քառակուսի մետր տարածք։ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիի խոսքերով, կառույցի վրա ծախսվել է 76 միլիոն դոլար: Տարածքը ձեռք է բերվել Հայաստանի կառավարությունից 5 միլիոն ԱՄՆ դոլարով և համարվում է ԱՄՆ սեփականությունը։ Ըստ Գոդֆրիի, շենքի կառուցման վրա ծախսված գումարներից 18 միլիոն ԱՄՆ դոլարը ներդրվել է Հայաստանի տնտեսության մեջ:

Շինարարական աշխատանքներում ներգրավվել են 796 մասնագետներ, ինժեներներ, անվտանգության աշխատակիցներ, որոնցից 644-ը՝ հայ բանվորներ, 84 թուրք, 38 ֆիլիպինցի մասնագետներ և 30 ամերիկացիներ: Օտարերկրյա մասնագետների ներգրավումը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ դեսպանատները կառուցվում են հատուկ տեխնոլոգիաներով, որոնց հայ շինարարները ծանոթ չեն։ Իսկ օտարերկրյա մասնագետները, որոնք մասնակցել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ-ի դեսպանատների կառուցման աշխատանքներին, ծանոթ են շինարարական անհրաժեշտ ստանդարտներին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը աշխարհում երկրորդ խոշորագույնը լինելու մասին միֆը

Հետաքրքրական է, որ ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանատան հետ կապված՝ սկսեց շրջանառվել և այժմ էլ ակտիվորեն շրջանառվում է մի ապատեղեկատվություն, ըստ որի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր չափերով աշխարհում երկրորդն է, իսկ մինչև Իրաքում ԱՄՆ դեսպանատան կառուցումը ՀՀ-ում ԱՄՆ դեսպատունը դիտարկվում էր որպես ամենամեծն ամբողջ աշխարհում։ Իրականում այս տեղեկատվությունը թյուրըմբռնման հետևանք է, որի սկզբնաղբյուրը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդուեյի մի հայտարարությունն էր։ Ըստ մամուլում հայտնված տեղեկատվության՝ Օրդուեյը նշել էր, որ ՀՀ-ում նոր կառուցված ԱՄՆ դեսպանությունը «Աշխարհում ամենամեծ դեսպանատունն է։ Համալիրի տարածքը կազմում է 9 հա»։ Եվ այս տեղեկատվությունը հետագա տարիներին ակտիվորեն մնաց շրջանառության մեջ։ Սակայն որ սա ոչ այլ ինչ է, քան սխալ մեկնաբանված հայտարարություն, նշում է հենց ինքը՝ դեսպան Օրդուեյը, իր հարցազրույցում։ Ահա թե ինչպես է դեսպանն անձամբ մեկնաբանում այդ հայտարարությունը.

«Տեղի է ունեցել մի շատ զվարճալի փոքրիկ դեպք, որի հետևանքները դուք մինչև հիմա ժամանակ առ ժամանակ նկատում եք: Ինչ-որ պահի, երբ մեր շինարարական կառույցներն ամբողջությամբ պատրաստ էին, բայց դեռ շատ կար վերջնական ավարտին, մամուլը մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, ուստի, մենք պայմանավորվեցինք, որ նոր դեսպանատան այդ համալիրով շրջայց կկազմակերպենք: Այսպիսով, մենք գնացինք այնտեղ, ցույց տվեցինք շենքը, պատմեցինք շենքի մասին: Եվ մենք շատ հպարտ էինք այն ժամանակ, քանի որ հողի և տեղանքի առանձնահատկությունների պատճառով, երբ այն ձեռք բերեցինք, դա տարածքի ամենամեծ կտորն էր որ ԱՄՆ կառավարությունը երբևէ ձեռք էր բերել արտերկրում ամերիկյան դեսպանատան համար: Ուստի, ես ասացի դա և պարզապես համոզվելու համար, որ այն ճիշտ է թարգմանված, ասացի նաև ռուսերեն «самый большой участок», այնուհետև համոզվեցի, որ թարգմանիչը ճիշտ թարգմանի՝ որպես «ամենամեծ միավոր տարածք» (“largest single piece of property”): Մի հայ թղթակից չէր լսում, ուշադրություն չէր դարձնում և գրեց, որ դա ԱՄՆ-ի երբևէ կառուցած ամենամեծ դեսպանատունն է: Եվ այդ հայտարարությունը դեռ երբեմն հետապնդում է ինձ: Հիմա էլ համացանցում կան որոշ նյութեր այդ մասին, որոնք պարբերաբար հայտնվում են…»։

Եվ այս թյուրըմբռնման հետևանքով տարածվել է ապատեղեկատվություն, որը հասցրել է ամենատարատեսակ դավադրության տեսությունների, թե նման մեծ դեսպանատան կառուցումը պատահական չէ. ԱՄՆ-ը նպատակաուղղված իր ամենամեծ դեսպանատներն է բացում ԵՄ և ՆԱՏՕ անդամ չհանդիսացող երկրներում, որոնք գտնվում են կոնֆլիկտային կամ պարզապես աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր տարածաշրջաններում։ Իսկ մեծ տարածքով դեսպանատներն իրականում այլ՝ գաղտնի նպատակների են ծառայեցվում։

Իրականում ՀՀ դեսպանատունը բնավ աշխարհում երկրորդը չէ իր մեծությամբ։ ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանատունը իր չափերով ոչ թե երկրորդն է, այլ 8-րդը՝ 22 ակր տարածքով, կամ մոտ 90 հազար քառակուսի մետր։ ԱՄՆ ամենամեծ դեսպանատունն աշխարհում Բաղդադում (Իրաք) ԱՄՆ դեսպանատունն է 104 ակր տարածքով (մոտ 420 հազար քառակուսի մետր)։ Հաջորդ երկու ամենախոշոր դեսպանատները գտնվում են Բեյրութում (Լիբանան)՝ 43 ակր տարածքով (մոտ 174 հազար քառակուսի մետր) և Իսլամաբադում (Պակիստան)՝ 43 ակր (մոտ 174 հազար քառակուսի մետր)՝ նույնչափ, որքան Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը։ Մյուս խոշորագույն ԱՄՆ դեսպանատները գտնվում են համապատասխանաբար Քաբուլում՝ 36 ակր, (Աֆղանստան, մոտ 145 հազար քառակուսի մետր), Օտտավայում՝ 30 ակր (Կանադա, մոտ 121 հազար քառակուսի մետր), Նյու Դելիում՝ 28 ակր (Հնդկաստան, մոտ 113 հազար քառակուսի մետր), Ռիադում՝ 27.5 ակր (Սաուդյան Արաբիա, մոտ 111 հազար քառակուսի մետր), իսկ Սաուդյան Արաբիային արդեն հաջորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ամենից խոշորն է իր հողատարածքով՝ Թբիլիսիում և Բաքվում ամերիկյան դեսպանությունների համեմատությամբ։ Միաժամանակ, Երևանում ԱՄՆ դեսպանության տարածքում է տեղակայված նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակը, որը տարբեր երկրներում կարող է տարբեր հասցեներում գործել: Միաժամանակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը սպասարկում է նաև Իրանի քաղաքացիներին, պետություն, որի հետ ԱՄՆ-ը չունի դիվանագիտական հարաբերություններ, և ուղիղ շփումներ լինել չեն կարող: Հետևաբար, այն պնդումները, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը երկրորդ ամենախոշոր ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունն է աշխարհում, չի համապատասխանում իրականությանը:

Originally published by “Luys

Կիսվել՝