Հայ-ամերիկյան ներկայիս շփումների ակտիվացման դրդապատճառներն ու պատմական փորձը

Պատմականորեն հայ-ամերիկյան հարաբերություններում որոշ փուլերում նկատելի է եղել հարաբերությունների մակարդակի բարձրացում։ Դա նաև նկատելի է վերջին շրջանում, մասնավորապես՝ հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների ակտիվության տեսքով։ Սա պայմանավորված չէ ակտիվ դիվանագիտական աշխատանքով և հարաբերությունների թարմացված օրակարգով, այլ պայմանավորված է տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրություններով։ 

Հայ-ամերիկյան հարաբերությունների հաստատումից ի վեր շփումների ակտիվացում եղել է հենց այն ժամանակ, երբ առկա է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկար։ Սրանք տարածաշրջանում ԱՄՆ առաջնահերթություններն են, որոնց միջոցով վերջինս ցանկանում է նվազեցնել Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Նմանատիպ քաղաքականություն ընդհանուր առմամբ վարել են ԱՄՆ բոլոր վարաչակազմերը՝ Բուշի վարչակազմը, Քլինթոնի վարչակազմը,  Օբամայի և նույնիսկ Թրամփի և այժմ արդեն Բայդենի վարչակազմը։

Պայմանավորված տարածաշրջանում ԱՄՆ վերոնշյալ հետաքրքրություններով՝ հարաբերությունների  ակտիվացում և բարձր մակարդակի հանդիպումներ եղել են նաև նախկինում։ Հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացումը 1994թ.-ին էր և պայմանավորված էր ՀՀ առաջին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հայացքներով։ Վերջինս հավատացած էր, որ Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման հիմնական երաշխիքներից մեկը անմիջական հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալն է։ Հայաստանի հարևան երկրների հետ հարաբերություններրի ամենախնդրահարույցը Ադրբեջանից զատ, Թուրքիայի հետ հարաբերություններն են եղել։ 1990-ականների սկզբին Տեր-Պետրոսյանի համար կարևոր էր Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որևէ քաղաքական զիջումների, որոնք կվտանգեին պետության անվտանգությունը։ Նպատակը երկու կողմից առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումն էր։[1] Հաշվի առնելով նաև այն, որ Տեր-Պետրոսյանի մոտեցումները այս հարցերի շուրջ վայելում էին ԱՄՆ այն ժամանակ նախագահ Քլինթոնի վարչակազմի աջակցությունը, 1994թ. կազմակերպվել էր ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական այցը ԱՄՆ, որի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպել էր ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ։ Այնուամենայնիվ, Լևոն Տեր-Պետրոսյանի հայացքները քչերն էին կիսում թե ՀՀ կառավարությունում և թե հասարակության շրջանում։ Հենց դա է պատճառը, որը նախագահ Տեր-Պետրոսյանը պաշտոնաթող եղավ և հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթաց այդպես էլ չսկսվեց։

Հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման երկրորդ փուլը ի տարբերություն առաջին, պայամանավորված էր ոչ թե ղեկավարի քաղաքական հայացքներով, այլ կոնկրետ քաղաքական գործընթացով։ Այդ գործընթացը եղավ 2001թ. ԱՄՆ  նախաձեռնությամբ և ԵԱՀԿ Մինսկի հովանու ներքո ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Ուեսթ քաղաքում տեղի ունեցած բանակցությունները։ Այդ թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, իսկ բանակցությունների բացմանը ներկա էր ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը։ Բացի այդ, ապրիլի 9-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։[2] Այնուամենայնիվ, այս գործընթացը նույնպես տապալվեց. ակնհայտ դարձավ, որ ադրբեջանական կողմը պատրաստակամ չէ իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները։  

Հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման երրորդ շրջանը եղավ 2008թ.։ Այս ակտիվացումը նույնպես պայմանավորված էր ԱՄՆ տարածաշրջանային շահերով՝ հատկապես, Թուրքիայի՝ Հարավային Կովկասում դիրքերի ամրապնդման հեռանկարով։ Այդ ժամանակ մեկնարկած «ֆուտբոլային դիվանագիտությանը» ԱՄՆ-ն մեծապես աջակցում էր։ Հենց սրա շրջանակներում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկու անգամ այց կատարեց Հայաստան՝ 2010 և 2012թթ.՝ դառնալով ԱՄՆ երկրորդ և դեռևս ամենավերջին պետքարտուղարը, ով երբևէ այցելել է Հայաստան։ ԱՄՆ ակտիվ ներգրավմամբ Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցությունների արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնցով նախատեսվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել և բացել ցամաքային սահմանները։ Այնուամենայնիվ, արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան առաջ է քաշում նախապայմաններ։ Թուրքիայի կողմից նախապայմանների առաջքաշման հետևանքով ՀՀ նախագահի 2018 թ. մարտի 1-ի հրամանագրով դադարեցվում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման գործընթացը։[3]

Ներկայումս հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների առկայությունն ու ակտիվությունը, հատկապես վերջին ամիսների ընթացքում պետք է դիտարկել վերոնշյալ տրամաբանության շրջանակներում։ ԱՄՆ ներկայիս վարչակազմը նախագահ Բայդենի ղեկավարությամբ իր տարածաշրջանային առաջնահերթություններին համապատասխան առավել ակտիվ քաղաքականություն է իրականացնում այժմ պայմանավորված հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացներով։  

Տարածաշրջանային նման առաջնահերթությունները հիմնված են Միացյալ Նահանգների այն համոզմունքի և ռազմավարության վրա, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացման և դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման արդյունքում Հայաստանում կստեղծվի Ռուսաստանից ավելի անկախ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական միջավայր: Սա իր հերթին նշանակում է ԱՄՆ դաշնակից Թուրքիայի ազդեցության ընդլայնում Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության հաշվին, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարող է հանգեցնել Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերմանը, քանի որ նման իրավիճակում փորձ է արվելու հիմնավորել, որ Թուրքիայի կողմից Հայաստանին սպառնացող վտանգ չկա, ուստի Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կարիք չկա։

Այպիսով, պատահական չէ, որ ըստ «Bloomberg»-ի տեղեկատվության, հենց Ջո Բայդենն էր Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հորդորել բացել Հայաստանի հետ սահմանը։[4] Սա 2021թ. հոկտեմբերի 31-ին կայացած հանդիպումն էր՝ «G20»-ի շրջանակներում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բայդենն ու Էրդողանը հանդիպման ընթացքում քննարկել էին նաև Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը։[5]

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական ընթացող գործընթացներին զուգահեռ հայ-ամերիկյան շփումները ակտիվացել են հատկապես վերջին երկու ամիսների ընթացքում, որը կարելի է համարել հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման չորրորդ փուլը ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք, ով պատրաստակամորեն ներգրավվել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացներում։ Շփումների աճը նկատվեց 2020թ. սեպտեմբերի 27-ի Արցախյան պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն ներգրավվեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարագավորման գործընթացներում։ Սակյան այս շփումների հաճախության աճը հատկապես նկատելի դարձավ 2022թ. ամռան ամիսներին (հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում)։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին այդ երկու ամիսների ընթացքում ունեցել է երկու հեռախոսազրույց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Առաջինը հուլիսի 25-ին, որի ընթացքում քննարկվել է «Ադրբեջանի և Հայաստանի պատմական հնարավորությունը հասնելու տարածաշրջանում խաղաղության»։ Պետքարտուղարը նաև ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված կոնկրետ քայլերը։[6]   Հեռախոսազանգն իրականացնելու պահին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներն արդեն չորս հանդիպում էին անցկացրել։[7]

            Բլինկենի և Փաշինյանի միջև երկրորդ հեռախոսազրույցը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին՝ պայմանավորված օգոստոսին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծված ագրեսիայով։[8] 

Իսկ նույն ժամանակահատվածի համար ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր հերթին ունեցել է երկու հեռախոսազրույց և մեկ հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ՝ հուլիսի 17-ին[9] և օգոստոսի 1-ին,[10] իսկ հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 18-ին Դոնֆրիդի տարածաշրջանային այցի ժամանակ։[11]Վերջինիս ընթացքում, Դոնֆրիդը, ըստ պաշտոնական տեղեկատվության, «ընդգծել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ օգնելու կառուցել տևական խաղաղություն Հարավային Կովկասում…և ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերին»։[12] 

Բարձր մակարդակի շփումների մեջ հարկ է առանձնացնել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը Հայաստան։ Վերջինս հանդիպել է ՀՀ վարչապետի[13] և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ, որի ընթացքում վերջիններս քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։[14]Հետաքրքրական է, որ ԱՄՆ ԿՀԳ ղեկավար Բըրնսը Հայաստանում հանդիպել է ոչ թե իր գործընկեր ԱԱԾ պետի հետ, այլ ԱԽ քարտուղար Արմենի Գրիգորյանի հետ։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մի գիծը տանում է Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ, որոնց միջև արդեն իսկ տեղի է ունեցել երկու հանդիպում։[15]

Ուստի, ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում մնում է անփոփոխ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորում։ Սրանից ելնելով՝ հայ-ամերիկյան հարաբերությունները ակտիվանում են այն ժամանակ, երբ հնարավորություն է ստեղծվում թուրքական ազդեցությունը մեծացնել Հայաստանում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում, որն էլ իր հերթին ենթադրում է ռուսական ազդեցության նվազեցում և Հայաստանից ռուսական ազդեցության համար ամենամեծ գործոն հանդիսացող ռուսական ռազմակայանների դուրս մղում։ Այսինքն՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ԱՄՆ-ի համար պարզապես երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորում չեն, այլ ծառայելու են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին, որի հիմնական նպատակը Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է ողջ Հարավային Կովկասում։ Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման վերջին փուլին, այն  սկսվեց 2020թ. Արցախյան պատերազմից հետո, երբ ՀՀ ներկայիս կառավարությունը պատրաստակամություն հայտնեց ներգրավվել հարաբերությունների կարգավորման գործընթացներում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Ինչպես և կանխատեսել էինք նախկինում, ԱՄՆ-ն իր աջակցությունը հայտնեց ընթացող գործընթացներին և ակտիվացրեց իր շփումները Հայաստանի հետ։ 

Ուստի, ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում մնում է անփոփոխ՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորում, ինչի հաշվին Հայաստանը կձեւավորի Մոսկվայից առավել անկախ միջավայր։

Վերոշարադրյալից բխում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ակտիվանում են այն ժամանակահատվածում, երբ հնարավորության պատուհան է բացվում տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման հարցում, ինչը նշանակում է Հարավային Կովկասում ռուսական ազդեցության նվազում, թեկուզ թուրքական ազդեցության հաշվին։ Այսինքն՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները ԱՄՆ-ի համար պարզապես երկու հարեւան երկրների հարաբերությունների կարգավորում չեն նշանակում, այլ համապատասխանում են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին։ Մեծ հաշվով Միացյալ Նահանգների համար միեւնույն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կկարգավորվի ազգերի ինքնորոշմա՞ն, թե՞ տարածքային ամբողջականության շրջանակներում։ Նույն կերպ, ԱՄՆ-ի համար միեւնույն է, թե հայ-թուրքական հարաբերություններում ով ինչ զիջումների կգնա։ Կարեւորը խնդիրների շուտափույթ կարգավորման հեռանկարն է։

Ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հայ-ամերիկյան շփումների ակտիվացումը չի նշանակում Հայաստանի արտաքին քաղաքականության էֆեկտիվություն կամ դիվանագիտական լուրջ ջանքերի ներդրում՝ ի տարբերություն նախորդ փուլերի, այլ պայմանավորված է Հայաստանի պատրաստակամությամբ՝ ամեն գնով կարգավորելու հարեւանների հետ հարաբերությունները, այդ թվում՝ միակողմանի եւ գլոբալ զիջումների հաշվին։

Ըստ այդմ, առաջիկայում հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումները կշարունակվեն։ Չի բացառվում, որ 2022 թվականի ընթացքում վերջապես հանդիպեն Հայաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները։ Իսկ առաջիկայում Հայաստան կայցելեն ԱՄՆ-ի տարբեր բարձրաստիճան գործիչներ, այդ թվում՝ Կոնգրեսի եւ վարչակազմի բարձրաստիճան ղեկավարներ։

Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=318


[1] The Dilemma of Armenian-Turkish Relations, https://evnreport.com/politics/the-dilemma-of-armenian-turkish-relations/, (09.08.2022).

[2] Key West: Ups and Downs, https://mediamax.am/en/news/keywest/541/, (09.10.2022).

[3] ԱՄՆ քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, Ամերիկյանհետազոտությունների հայկական կենտրոն, «Դրօշակ» ամսաթերթ, Թիվ 2, փետրվար 2022, էջ 15-18.

[4] Turkey Moves to Normalize Armenia Ties in Bid to Please Biden, Bloomberg, December 13, 2021, https://www.bloomberg.com/news/articles/2021-12-13/turkey-moves-to-normalize-armenia-ties-in-bid-to-please-biden, (10.08.2022).

[5] President Joseph R. Biden, Jr. met today with President Recep Tayyip Erdogan of Turkey on the margins of the G20 Summit, https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/10/31/readout-of-president-bidens-meeting-with-president-recep-tayyip-erdogan-of-turkey/, (10.08.2022).

[6] Secretary Blinken’s Call with Armenian Prime Minister Pashinyan, https://www.state.gov/secretary-blinkens-call-with-armenian-prime-minister-pashinyan-5/, (10.08.2022).

[7] Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների չորրորդ հանդիպումը,  https://www.mfa.am/hy/press-releases/2022/07/01/Armenia_Turkey_4th/11527, (11.08.2022).

[8] Secretary Blinken’s Call with Armenian Prime Minister Pashinyan, https://www.state.gov/secretary-blinkens-call-with-armenian-prime-minister-pashinyan-6/, (11.08.2022).

[9] ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալիհետ, https://www.mfa.am/hy/press-releases/2022/07/17/fm_mirzoyan_donfrid/11548, (11.08.2022).

[10] ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալիհետ, https://www.mfa.am/hy/press-releases/2022/08/01/fm_mirzoyan_donfried/11568, (12.08.2022).

[11] ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ, https://www.mfa.am/hy/press-releases/2022/06/18/fm_mirzoyan_karen_donfried/11507, ()

[12] Assistant Secretary Donfried’s Travel to Azerbaijan, Georgia, and Armenia, https://www.state.gov/assistant-secretary-donfrieds-travel-to-azerbaijan-georgia-and-armenia/, (12.08.2022).

[13] Վարչապետն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսին, https://www.primeminister.am/hy/press-release/item/2022/07/15/Nikol-Pashinyan-meeting./, (12.08.2022).

[14] ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ, https://www.seco.am/information/press_releases/540?lang=hy, (15.08.2022).  

[15] Armenia/Azerbaijan: EU hosts high-level meeting in Brussels, https://www.eeas.europa.eu/eeas/armeniaazerbaijan-eu-hosts-high-level-meeting-brussels_en, (15.08.2022).   

 Armen Grigoryan-Hikmet- Hajiyev-Toivo Klaar 2nd meeting 

https://twitter.com/ToivoKlaar/status/1521144996707147776?s=19, (15.08.2022).  

Կիսվել՝