Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն
Ուկրաինան, լինելով Եվրոպա մայրցամաքի երկրորդ խոշոր պետությունը, իր ռազմավարական դիրքով և աշխարհաքաղաքական նշանակությամբ դարձել է Ռուսաստան-Արևմուտք պայքարի կռվախնձոր։ Երկիրը մշակութային և պատմական թելերով կապված է Ռուսաստանի հետ։ Այն դեպի Արևմուտք տանող Ռուսաստանի խոշորագույն դարպասն է։ Ուստի Ուկրաինայի «արևմտականացումը» Մոսկվան մշտապես դիտարկել է որպես վտանգ՝ ուղղված երկրի ազգային անվտանգությանը։
Միացյալ Նահանգները մշտապես գիտակցել է Ուկրաինայի կարևորությունը Ռուսաստանի համար։ Այդ մասին բարձրաձայնել են ԱՄՆ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք եղել են ամերիկյան արտաքին քաղաքականության և անվտանգության ճարտարապետները։ Նրանց թվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին, ով շեշտել է, որ, «առանց Ուկրաինայի, Ռուսաստանը դադարում է կայսրություն լինելուց, բայց ստորադասված, իսկ հետո ենթակայության տակ առնված Ուկրաինայով Ռուսաստանն ինքնաբերաբար դառնում է կայսրություն»[1]։ Նույն կարծիքին էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, որի պնդմամբ՝ «Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի կարող պարզապես օտար երկիր լինել. ռուսական պատմությունը սկսվել է Կիևյան Ռուսիա կոչվող վայրից: Այդտեղից է տարածվել ռուսական կրոնը։ Ուկրաինան դարեր շարունակ եղել է Ռուսաստանի կազմում, և այդ ժամանակից ի վեր նրանց պատմությունները միահյուսվել են»[2]։
Ներկայումս Ուկրաինայում ընթացող պատերազմը Ռուսաստան-Արևմուտք պայքարի վառ դրսևորումներից է, երբ Ռուսաստանը պատրաստ չէ բաց թողնելու Ուկրաինային և հանդուրժելու Արևմուտքի ներկայությունն իր անմիջական հարևանությամբ։ Արևմուտքն էլ իր հերթին փորձում է ընդլայնել սեփական ազդեցությունը՝ մուտք գործելով Ռուսաստանի պատմական ազդեցության գոտի, և իր կառույցներում ընդգրկել Ռուսաստանի ռազմավարական հարևաններին։ Այնուամենայնիվ, կան կարմիր գծեր, որոնք Ռուսաստանը թույլ չի տա Արևմուտքին հատել։
Ինչպես նշում է Քիսինջերը, «Խաղաթղթի վրա է ուկրաինական հարցը. Ուկրաինան կմիանա Արևելքի՞ն, թե՞ Արևմուտքին: Բայց եթե Ուկրաինան ցանկանում է գոյատևել և զարգանալ, նա չպետք է լինի կողմերից մեկի ֆորպոստը մյուսի դեմ, նա պետք է գործի որպես կամուրջ նրանց միջև»[3]։
Պարզելու համար, թե որն է ԱՄՆ-ի դերը ուկրաինական ճգնաժամում, անհրաժեշտ է հասկանալ, թե որտեղ են թաքնված ճգնաժամի արմատները, ինչ ջանքեր է ԱՄՆ-ն գործադրում Ուկրաինայի «արևմտականացման» հարցում, և ինչպես է աջակցում ԱՄՆ ներկայիս վարչակազմը Ուկրաինային։
Ճգնաժամի սկիզբը
Սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը դադարել էր հավակնոտ լինելուց, ինչպիսին էր Խորհրդային Միության տարիներին։ Ռուսաստանը չուներ նախկին հզորությունը՝ բացեիբաց հակամարտելու Արևմուտքի դեմ։ Միջազգային հարթակում նրա դիրքերի թուլացումն ուղեկցվում էր ԱՄՆ-ի և իր արևմտաեվրոպական դաշնակիցների դիրքերի ամրապնդմամբ ու միաբևեռ աշխարհակարգի գաղափարների տարածմամբ։
Այս իրավիճակում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) դարձավ լուրջ գործիք Արևմուտքի ձեռքում՝ սեփական դիրքերն ամրապնդելու և միջազգային թատերաբեմում Ռուսաստանին անմրցունակ դարձնելու համար։ Ուստի սկսվեց դաշինքի ընդլայնման գործընթացը։ Այն սկսվեց 1999 թ. և ընդգրկեց Չեխիան, Հունգարիան և Լեհաստանը, ապա շարունակվեց 2004 թ.՝ ներառելով Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և Սլովենիան՝ դաշինքի սահմանները մոտեցնելով Ռուսաստանին։ Թեև Մոսկվան գործընթացի հենց սկզբից արտահայտեց իր դժգոհությունը, այնուամենայնիվ, նա չուներ նախկին հզորությունը՝ կասեցնելու այն[4]։
Շրջադարձային պահը դարձավ միջազգային ասպարեզում Ռուսաստանի ներկայիս հավակնոտ արտաքին քաղաքական («պուտինյան») ուղղության ազդարարման սկիզբը՝ 2007 թ. փետրվարը, երբ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթով ազդարարեց Ռուսաստանի՝ գերտերության կարգավիճակի հավակնության և միաբևեռ աշխարհակարգին հակազդեցության մասին։
Հենց այդ ելույթի ժամանակ Պուտինը դեմ արտահայտվեց ՆԱՏՕ-ի ընդլայնմանը. «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մի կապ չունի բուն դաշինքի արդիականացման կամ Եվրոպայում անվտանգության ապահովման հետ։ Ընդհակառակը՝ դա լուրջ սադրանք է, որը նվազեցնում է փոխվստահությունը: Եվ մենք իրավունք ունենք հարցնելու՝ ում դեմ է ուղղված այդ ընդլայնումը»[5]։
Ելույթին հաջորդող տարվա ընթացքում Բուշի վարչակազմը Ամերիկայի եվրոպացի դաշնակիցների հետ վարում էր բազմաթիվ միաժամանակյա քաղաքականություններ, որոնք ուղղված էին անդրատլանտյան անվտանգության ամրապնդմանը և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Այդ ժամանակ ՆԱՏՕ-ն մոտ էր Ալբանիային, Խորվաթիային և Մակեդոնիային անդամակցության հրավերներ տրամադրելուն։ Իսկ երբ դաշինքը սկսեց նախապատրաստվել 2008 թ. ապրիլի Բուխարեստի իր գագաթնաժողովին, նրա անդամները քննարկում էին, թե ինչպես հնարավոր կլինի Ուկրաինային և Վրաստանին ներգրավել կազմակերպության մեջ[6]։ Այդգագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ն ամեն ջանք գործադրեց իր գործընկեր երկրներին համոզելու Ուկրաինային և Վրաստանին ավելացնել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանում, սակայն այդ գաղափարն աջակցություն չստացավ գործընկերների կողմից (Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան դեմ եղան այդ քայլին` վախենալով, որ այն Ռուսաստանի հետ անտեղի թշնամանքի առիթ կլինի): Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի ճնշման տակ վերջնական փաստաթղթում նշվեց, որ Ուկրաինան ու Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամ պետություն, երբ համապատասխանեն կազմակերպությանն անդամակցության բոլոր պահանջներին[7]։
ԱՄՆ-ի այս քաղաքականությունն անընդունելի էր Ռուսաստանի համար, և Պուտինի պատասխանը սպասել չտվեց։ Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումև դրան հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ Պուտինի ելույթները կարելի է համարել նախազգուշացում ԱՄՆ-ին և իր գործընկեր եվրոպական պետություններին՝ միտված դեպի Ուկրաինա և Վրաստան ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելուն: Գագաթնաժողովում ունեցած ելույթում կարելի է գտնել Ուկրաինայում դեպքերի հետագա զարգացման բոլոր նախազգուշացումները։
Պուտինն ընդգծում է. «Մեր սահմաններին հզոր ռազմական դաշինքի հայտնվելը, դաշինք, որի անդամների գործողությունները կարգավորվում են նաև Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածով, մենք դիտարկում ենք որպես ուղիղ սպառնալիք մեր երկրի անվտանգությանը։ Պնդումը, թե այս գործընթացը (ՆԱՏՕ-ի ընդլայնումը) ուղղված չէ Ռուսաստանի դեմ, բավարար չէ։ Ազգային անվտանգությունը հիմնված չէ խոստումների վրա։ Իսկ դաշինքի նախորդ ընդլայնման ալիքներին նախորդած հայտարարությունները պարզապես հաստատում են դա»[8]։
Գագաթնաժողովում ելույթի ժամանակ Պուտինը Ուկրաինան անվանեց «բարդ պետական կազմավորում», որի բնակչության ⅓-ը ազգությամբ ռուսներ են։ Պուտինիպնդմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ուկրաինան իր տարածքները ստացել է Լեհաստանից, Չեխոսլովակիայից, Ռումինիայից, ինչպես և հսկայական տարածքներ է ձեռք բերել Ռուսաստանից։ Ըստ նրա, եթե Ուկրաինայում մտցվեն «ՆԱՏՕ-ին առնչվող հարցեր և այլ խնդիրներ, այն կարող է ընդհանրապես կանգնել պետականության կորստի եզրին»: Իր ելույթում Պուտինը հստակ շեշտեց Ուկրաինայում ռուսական շահերի առկայությունը՝ նկատի ունենալով Ղրիմը, որը «Ուկրաինային է հանձնվել ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի որոշմամբ»։ Այս ելույթով, այդ հարցի շուրջ Ռուսաստանի հավասարակշռված քայլերի դիմաց, ՌԴ նախագահն իր արևմտյան գործընկերներից պահանջեց նույնպիսի հավասարակշռություն իրենց քայլերում[9]։
ԱՄՆ-ն Ուկրաինայի «եվրոպականացման» ճանապարհին
Չնայած Ռուսաստանի բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ուկրաինայի «եվրոպականացման» մեկնարկը տրված էր։ Միացյալ Նահանգները մշտապես մեծ նշանակություն է տվել ժողովրդավարական պետության անցման Ուկրաինայի հաջողությանը։ Այս առումով ԱՄՆ քաղաքականությունը կենտրոնացած է «ժողովրդավարական, բարգավաճ և ապահով Ուկրաինայի ամրապնդման ու զարգացման վրա, որն ավելի սերտորեն է ինտեգրված եվրոպական և եվրատլանտյան կառույցներում»[10]:
Ուկրաինայի ժողովրդավարացումը խթանելու նպատակով ԱՄՆ-ն վարել է եռուղի քաղաքականություն՝ ՆԱՏՕ-ի ընդլայնում, ԵՄ ընդլայնում և Ուկրաինայի՝ ամերիկամետ լիբերալ ժողովրդավարական պետության վերածում[11]։
Ակնհայտ է դառնում, որ ուկրաինական ճգնաժամի հիմքում ընկած է հենց ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը, ինչն էլ Ուկրաինային Ռուսաստանի ուղեծրից հեռացնելու և Արևմուտքի հետ ինտեգրելու ավելի լայն ռազմավարության մի մասն է։ Միևնույն ժամանակ ԵՄ ընդլայնումը արևելյան ուղղությամբ և Արևմուտքի աջակցությունը Ուկրաինայում ժողովրդավարական շարժումներին՝ սկսած Նարնջագույն հեղափոխությունից մինչև Եվրամայդան, այդ ռազմավարության կարևորագույն բաղադրիչներն են։ «Եվրոպականացումը» հաճախ դրսևորվում էր արևմտամետ անհատների և կազմակերպությունների ֆինանսավորմամբ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը 2013 թ. դեկտեմբերին գնահատել է, որ Միացյալ Նահանգները 1991 թ. ի վեր ավելի քան 5 միլիարդ դոլար է ներդրել՝ օգնելու Ուկրաինային հասնելու «այն ապագային, որին արժանի է»[12]։ Իսկ Ուկրաինայի հարցում Ռուսաստան-Արևմուտք պայքարի հետևանք Նարնջագույն հեղափոխությունը և Եվրամայդանը պատճառ դարձան ներքին հարցերում Ռուսաստանի ազգայնական մոտեցումների աճին և առավել հակամարտային գլոբալ քաղաքականության որդեգրմանը[13]։
Ճգնաժամի ռազմականացված փուլը
Ինչպես արդեն նշվեց, 2000-ական թթ. առաջին տասնամյակից սկսած՝ Ռուսաստանը բացեիբաց մատնանշել է իր ազգային անվտանգության կարմիր գծերը Ուկրաինայի հարցում՝ որպես դրանց խախտման հետևանք ակնարկելով Ուկրաինայի պետականության կորստի հավանականությունը։ Այնուամենայնիվ, Ուկրաինային եվրոպական և եվրատլանտյան կառույցներում ինտեգրելու ջանքերը շարունակվեցին մինչև 2014 թ. Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան։ Այս գործընթացը տարբեր կերպ որակվեց Ռուսաստանի և Արևմուտքի կողմից։ Եթե ՌԴ նախագահ Պուտինը այն ներկայացնում է որպես Ղրիմի բնակիչների համար պատշաճ պայմանների ապահովում «իրենց կամքն ազատորեն արտահայտելու համար»[14], ապա Ուկրաինան և Արևմուտքը այն ներկայացնում են որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։
Այս հակամարտության հետևանքը եղավ Ուկրաինայում էթնիկ բաժանումը, և կարճ ժամանակ անց Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռուսամետ անջատողականները հանրաքվե անցկացրին Ուկրաինայից անկախություն հռչակելու համար: Դա հանգեցրեց տարածաշրջանում զինված հակամարտության Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող ուժերի և ուկրաինացի զինվորականների միջև[15]:
2014 թ. սեպտեմբերից մինչև 2015 թ. փետրվարը Ռուսաստանը, Ուկրաինան, Ֆրանսիան և Գերմանիան ստորագրեցին, այսպես կոչված, Մինսկի պայմանավորվածությունները, որոնք ի վերջո դադարեցրին զորքերի առաջխաղացումը և զգալիորեն նվազեցրին կռիվները: Բայց այդ պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չկոչվեցին, և կռիվը վերածվեց խրամատային պատերազմի[16]։
Ճգնաժամի լայնամասշտաբ պատերազմական փուլը սկսվեց 2022 թ. փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց՝ հանուն «Ուկրաինայի ապառազմականացման, ապանացիստականացման և չեզոք կարգավիճակի հաստատման»[17]։ Ռուսաստանի կողմից նախազգուշացումները նախորդել էին բուն պատերազմական փուլին։ Դեռ 2021 թ. նոյեմբերին նախագահ Պուտինը կոչ էր անում ԱՄՆ-ին և նրա արևմտյան գործընկերներին «լուրջ, երկարաժամկետ երաշխիքներ տրամադրելու, որոնք կապահովեն Ռուսաստանի անվտանգությունն այս ոլորտում (ՆԱՏՕ-ի ընդլայնում), քանի որ Ռուսաստանը չի կարող անընդհատ մտածել, թե ինչ կարող է տեղի ունենալ այնտեղ վաղը»[18]։ Իսկ դեկտեմբերին եղավ ռուսական առաջարկը՝ պայմանագրի նախագծի տեսքով, որով նախատեսվում էր, որ ՆԱՏՕ-ն պետք է գրավոր երաշխիքներ ներկայացնի, որ չի ընդլայնվի արևելք՝ դեպի Ռուսաստան, և կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները նախկին խորհրդային հանրապետություններում։ Առաջարկների թվում էր նաև ՆԱՏՕ-ի պարտավորությունը, որ Ուկրաինային անդամակցություն չի առաջարկի։ Դրանք անմիջապես մերժվեցին ՆԱՏՕ-ի պաշտոնյաների կողմից։ Նրանք նաև ընդգծեցին, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն կարող բացառել Արևելյան Եվրոպայի որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինայի ապագա անդամակցությունը կառույցին[19]: Ներկայումս պատերազմը շարունակվում է՝ պատճառ դառնալով երկու կողմերից էլ բազմաթիվ զոհերի։
ԱՄՆ ներկայիս վարչակազմի մոտեցումը ուկրաինական
ճգնաժամի հարցում
Բայդենի վարչակազմի՝ իշխանության գալը աշխարհաքաղաքական առումով փոփոխություն էր, քանի որ կանխատեսվում էր ԱՄՆ-ի առավել ակտիվ ներգրավվածություն արտաքին քաղաքական հարթակում, քան նախագահ Թրամփի օրոք էր, որն իր ջանքերը հիմնականում կենտրոնացրել էր երկրի ներքաղաքական և տնտեսական հարցերի վրա։
Թեև ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար արտաքին քաղաքական առաջնային սպառնալիք է դիտարկվումմ Չինաստանը, բայց դիտարկվում է նաև Ռուսաստանից եկող վտանգը ԱՄՆ ազգային շահերի համար, և իրականացվում է վերահսկելի հակազդեցություն՝ ներառելով երկխոսությունը։
Ուկրաինական ճգնաժամի հարցում Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի անկախության 30-ամյակին նվիրված ուղերձում նշել է. «Ուկրաինայի հետագիծը դեպի իր եվրատլանտյան ապագան պարզ է, և ուկրաինացի ժողովուրդը կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով։ Այս ողջ ընթացքում Միացյալ Նահանգները ձեր կողքին է եղել»[20]։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ դիրքորոշում է արտահայտել նաև վերջերս «Նյու Յորք Թայմս»-ում հրապարակված իր հոդվածում, որում հստակ ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա գրել է. «Ամերիկայի նպատակը հստակ է. մենք ցանկանում ենք տեսնել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա, որն ունակ է զսպելու և պաշտպանվելու հետագա ագրեսիայից»[21]։ Այստեղ Բայդենի կողմից բառերի ընտրությունը՝ «ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինա», որին աջակցում է Ամերիկան, պատահական չէ։ Քանի որ «ժողովրդավարական Ուկրաինան» այն Ուկրաինան է, որը կշարունակի իր 30 տարվա անկախության ընթացքում ձևավորած ավանդույթը՝ ունենալու ազատ և արդար ընտրություններով ձևավորված կառավարություն: «Անկախ և ինքնիշխան Ուկրաինան» այն է, որը պահպանում է իր ապագա ուղին ընտրելու իրավունքը, ներառյալ Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը: «Բարգավաճ Ուկրաինան» այն է, որը զերծ է իր տնտեսության վրա ռուսական ազդեցությունից[22]։
Այս հայտարարություններին զուգահեռ՝ նախագահ Բայդենը նաև հստակեցրել է, որ Ռուսաստանի դեմ ուղիղ առճակատման չի գնալու. «Մենք ուղիղ ձևով չենք ներգրավվի այս հակամարտության մեջ՝ Ուկրաինայում կռվելու համար ամերիկյան զորքեր ուղարկելով կամ հարձակվելով ռուսական ուժերի վրա, քանի դեռ Միացյալ Նահանգները կամ մեր դաշնակիցները հարձակման չեն ենթարկվել»[23]։
Բայդենի հոդվածից ակնհայտ է դառնում, որ թեև Միացյալ Նահանգները զորք չի տրամադրի Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմելու համար, այնուամենայնիվ կտրամադրի և ներկայումս տրամադրում է զգալի օգնություն հետևյալ ուղղություններով.
- Զինամթերք: 2021 թ. հունվարից սկսած՝ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 10.6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն, որից 9.9 միլիարդը՝ այն պահից, երբ Ռուսաստանը պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ: 2014 թ. ի վեր Միացյալ Նահանգները տրամադրել է ավելի քան 12.7 միլիարդ ԱՄՆ դոլար անվտանգության ոլորտին՝ վերապատրաստման և սպառազինության համար՝ օգնելու Ուկրաինային պահպանելու իր տարածքային ամբողջականությունը, ապահովելու իր սահմանային անվտանգությունը և բարելավելու ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը[24]։
- Տնտեսական պատժամիջոցներ: 2021 թ. դեկտեմբերից սկսած՝ Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Ռուսաստանի ղեկավարությանը, որ Ուկրաինայի վրա նոր հարձակումը կհանգեցնի նոր խիստ պատժամիջոցների կիրառմանը: Բայդենի վարչակազմը 2022 թ. փետրվարի 21-ից կիրառել է ամբողջական արգելափակող պատժամիջոցներ (ներառյալ գործարքների սահմանափակումները և ԱՄՆ-ում գտնվող գույքի հասանելիության արգելափակումը) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, Անվտանգության խորհրդի և վարչակազմի անդամների, այդ թվում՝ արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների և տնտեսական զարգացման նախարարների ու զինված ուժերի ղեկավարի, Պետդումայի և նրա անդամների մեծ մասի, Ռուսաստանի վեց խոշորագույն բանկերի, ռուսական խոշոր արտադրողների և կազմակերպությունների, Կրեմլի հետ կապված Ռուսաստանի բիզնես էլիտայի անդամների (օլիգարխների) նկատմամբ և մի շարք այլ սահմանափակումներ[25]։
- Հումանիտար օգնություն: Միացյալ Նահանգները Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո՝ 5 ամսվա ընթացքում, Ուկրաինային տրամադրել է ավելի քան 1.45 միլիարդ ԱՄՆ դոլարի հումանիտար օգնություն՝ Ուկրաինայում գտնվող մարդկանց և հարևան երկրներում ապաստանած փախստական ուկրաինացիների կարիքները հոգալու համար, որից մոտ 952 միլիոն ԱՄՆ դոլար՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջոցով[26]։
- Դաշնակիցների ջանքերի միավորում: Ուկրաինական ճգնաժամի սկզբից ԱՄՆ նախագահը ՆԱՏՕ-ի, Եվրամիության և իր մյուս գործընկերների հետ միասին մշտապես պահել է լիարժեք համագործակցության և գործողությունների համակարգման հստակ գիծը։ Դեռ ավելին՝ այս առումով նախագահ Բայդենը պարբերաբար շեշտում է «ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը» ՆԱՏՕ-ի ողջ հզորությամբ պաշտպանելու պատրաստակամության մասին[27]: Պատժամիջոցներ սահմանելու առումով դաշնակիցները նույնպես դրսևորել են միասնականություն. ԵՄ-ն, Միացյալ Թագավորությունը, մի շարք ոչ ԵՄ երկրներ Եվրոպայում (ներառյալ Շվեյցարիան), Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Սինգապուրը և Թայվանը, ի թիվս այլոց, Ռուսաստանի նկատմամբ կիրառել են պատժամիջոցներ, որոնցից շատերը նույնական են կամ նման ԱՄՆ պատժամիջոցներին: Այլ գործընկերների հետ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները ստեղծել են աշխատանքային խումբ՝ ապահովելու պատժամիջոցների արդյունավետ կիրառումը։ 2022 թ. մարտին նախագահ Բայդենը պարտավորվել է օգնել ԵՄ-ին նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից։ Էներգետիկ անվտանգության հարցերով ԱՄՆ-ԵՄ նոր աշխատանքային խումբը պետք է կյանքի կոչի այս և այլ նպատակներ[28]։
Ինչ վերաբերում է ճգնաժամի հաղթահարմանը, ապա Միացյալ Նահանգները տեսնում է խնդրի դիվանագիտական լուծում։ Այսպես՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է. «Մենք գերադասում ենք դիվանագիտական ճանապարհը և խնդրի դիվանագիտական լուծումը»[29]։
Ուշադրության է արժանի նաև ուկրաինական ճգնաժամի հարցում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի (համարվում է 1970-ականներին ԽՍՀՄ-ի հետ լարվածության թուլացման և ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների կարգավորման ճարտարապետը) առաջարկը՝ հնչեցված 2022 թ. մայիսի վերջին Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։ Ըստ նրա՝ պատերազմի ավարտի լավագույն տարբերակը «ստատուս քվո անտե»-ին վերադարձն է, ինչը նշանակում է վերականգնել իրերի նախկին դրությունը: Քիսինջերի նշած «ստատուս քվո անտե»-ն վերաբերում է այն դրության վերականգնմանը, երբ Ռուսաստանը պաշտոնապես վերահսկում էր Ղրիմը և ոչ պաշտոնապես Ուկրաինայի արևելյան երկու շրջանները՝ Լուգանսկը և Դոնեցկը[30]։ Նա նշել է. «Այս պատերազմն ավարտելու համար լավագույն բաժանարար գիծը կլինի «ստատուս քվո անտե»-ն, ինչը նշանակում է երկրի 93 տոկոսը… Եթե մեկը «ստատուս քվո անտե»-ն նախանշում է որպես նպատակ, դա նշանակում է, թե (Ռուսաստանի) ագրեսիան չի հաջողվել: Այսպիսով՝ խոսքը փետրվարի 24-ին շփման գծի երկայնքով հրադադարի հաստատման մասին է։ Իսկ դեռևս Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքը, որը կազմում է Ուկրաինայի տարածքի մոտ 2.5 %-ը Դոնբասում, ինչպես նաև Ղրիմի թերակղզում, կդառնա ընդհանուր բանակցությունների մաս»[31]։
Ճգնաժամի հանգուցալուծման հետևանքները վերահսկելի դարձնելու համար Քիսինջերն առաջարկեց Միացյալ Նահանգներին և Արևմուտքին չձգտել Ռուսաստանի համար ամոթալի պարտության Ուկրաինայում՝ զգուշացնելով, որ դա կարող է խաթարել Եվրոպայի երկարաժամկետ կայունությունը[32]: Այս առաջարկին հաջորդած «Նյու Յորք Թայմս»-ում[33] հրապարակված նախագահ Բայդենի հոդվածի նպատակների մեջ չկար Ռուսաստանի նկատմամբ որևէ սպառնալից ակնարկ։ Դրանք ուղղված էին միայն Ուկրաինայի կայունացմանը, այլ ոչ թե Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքի թուլացմանը։
Այսպիսով՝ Ռուսաստանն այս պատերազմի միջոցով ցույց տվեց, որ թույլ չի տա ԱՄՆ-ին և իր արևմտյան գործընկերներին հաշվի չնստել իր շահերի հետ, հատկապես երբ դրանք ազգային անվտանգության սպառնալիք են դիտարկվում Ռուսաստանի կողմից, հակառակ պարագայում նա պատրաստ է դիմելու ուժի կիրառմանը։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերջինս ուղիղ առճակատման չի գնա Ռուսաստանի հետ այս հարցում, և միջուկային գերտերությունների ուղիղ առճակատում տեղի չի ունենա։ Իր խոստմանը հավատարիմ՝ ԱՄՆ-ն կշարունակի ռազմապես աջակցել Ուկրաինային՝ չստիպելով նրան բանակցությունների համար գնալ տարածքային զիջումների` այնուամենայնիվ առաջնային կարևորություն տալով խնդրի բանակցային կարգավորմանը։
Բնօրինակը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2022/09/Դրօշակ-թիվ-9-2022թ.pdf
[1]. Zbigniew B., The Premature Partnership, Foreign Affairs, vol. 73, no. 2, 1994, pp. 67–82.
[2]. Kissinger H., To settle the Ukraine crisis, start at the end, “The Washington Post”, March 5, 2014, https://www.washingtonpost.com/opinions/henry-kissinger-to-settle-the-ukraine-crisis-start-at-the-end/2014/03/05/46dad868-a496-11e3-8466-d34c451760b9_story.html?fbclid=IwAR1zxQSvfPj0Mj0B0AhzPI5nrP_B3Myk26xXAGBT3sWJXoGGOlscCD4TbSA (22.08.2022).
[3]. Նույն տեղում։
[4]. Տե՛ս Mearsheimer J., Why the Ukraine Crisis Is the West’s Fault: The Liberal Delusions That Provoked Putin, “Foreign Affairs”, 2014, vol. 93, no. 5, էջ 77-89:
[5]. Տե՛ս Speech and the Following Discussion at the Munich Conference on Security Policy, en.kremlin.ru/events/president/transcripts/copy/24034 (22.08.2022):
[6]. Տե՛ս Fata D., Putin Announced His Manifesto Against the West Fifteen Years Ago. His Story Hasn’t Changed, https://www.thebulwark.com/putin-announced-his-manifesto-against-the-west-fifteen-years-ago-his-story-hasnt-changed/ (22.08.2022):
[7]. Տե՛ս Федоровская И., Грузия и НАТО, Хроника, События, Комментарии, Москва, 2017, էջ 117-124:
[8]. Press Statement and Answers to Journalists’ Questions Following a Meeting of the Russia-NATO Council, en.kremlin.ru/events/president/transcripts/24903 (23.08.2022).
[9]. Տե՛ս Выступление Владимира Путина на саммите НАТО (Бухарест, 4 апреля 2008 года), https://www.unian.net/politics/110868-vyistuplenie-vladimira-putina-na-sammite-nato-buharest-4-aprelya-2008-goda.html (23.08.2022):
[10]. U.S.-Ukraine Relations, https://ua.usembassy.gov/our-relationship/policy-history/ (23.08.2022).
[11]. Տե՛ս Chotiner I., Why John Mearsheimer Blames the U.S. for the Crisis in Ukraine, https://www.newyorker.com/news/q-and-a/why-john-mearsheimer-blames-the-us-for-the-crisis-in-ukraine (23.08.2022):
[12]. Mearsheimer J., նշվ. աշխ.։
[13]. Dickinson P., How Ukraine’s Orange Revolution shaped twenty-first century geopolitics, https://www.atlanticcouncil.org/blogs/ukrainealert/how-ukraines-orange-revolution-shaped-twenty-first-century-geopolitics/ (23.08.2022).
[14]. Direct Line with Vladimir Putin, en.kremlin.ru/events/president/news/20796 (24.08.2022).
[15]. Conflict in Ukraine, https://www.cfr.org/global-conflict-tracker/conflict/conflict-ukraine (24.08.2022).
[16]. Conflict in Ukraine’s Donbas: A Visual Explainer, https://www.crisisgroup.org/content/conflict-ukraines-donbas-visual-explainer (24.08.2022).
[17]. Kirby P., Why has Russia invaded Ukraine and what does Putin want? https://www.bbc.com/news/world-europe-56720589 (24.08.2022).
[18] Russia Lays Out Demands for a Sweeping New Security Deal With NATO, https://www.nytimes.com/2021/12/17/world/europe/russia-nato-security-deal.html (24.08.2022).
[19]. Նույն տեղում։
[20]. Blinken A., Ukraine National Day – 30 Years of Independence, https://ge.usembassy.gov/ukraine-national-day-30-years-of-independence/ (24.08.2022).
[21]. Biden J., President Biden: What America Will and Will Not Do in Ukraine, https://www.nytimes.com/2022/05/31/opinion/biden-ukraine-strategy.html (25.08.2022).
[22]. Տե՛ս Taylor W., The United States Speaks Clearly on Russia’s Ukraine War, https://www.usip.org/publications/2022/06/united-states-speaks-clearly-russias-ukraine-war (25.08.2022):
[23]. Biden J., նշվ. աշխ.։
[24]. Տե՛ս U.S. Security Cooperation with Ukraine: Fact Sheet, https://www.state.gov/u-s-security-cooperation-with-ukraine/ (25.08.2022):
[25]. Տե՛ս Russia’s 2022 Invasion of Ukraine: Overview of U.S. Sanctions and Other Responses, “Congressional Research Service”, https://crsreports.congress.gov/product/pdf/IN/IN11869 (26.08.2022):
[26]. Տե՛ս The United States Announces Additional Humanitarian Assistance to Ukraine, https://www.usaid.gov/news-information/press-releases/jul-18-2022-united-states-announces-additional-humanitarian-assistance-ukraine (26.08.2022):
[27]. Տե՛ս Joe Biden’s Tweet, https://twitter.com/potus/status/1502353759455821833 (26.08.2022):
[28]. Տե՛ս Russia’s Invasion of Ukraine: European Union Responses and Implications for U.S.-EU Relations, “Congressional Research Service”, https://crsreports.congress.gov/product/pdf/IN/IN11897 (26.08.2022):
[29]. Secretary Antony J. Blinken and German Foreign Minister Annalena Baerbock at a Joint Press Availability, https://www.state.gov/secretary-antony-j-blinken-and-german-foreign-minister-annalena-baerbock-at-a-joint-press-availability/ (26.08.2022).
[30]. Տե՛ս Bella T., Kissinger says Ukraine should cede territory to Russia to end war, https://www.washingtonpost.com/world/2022/05/24/henry-kissinger-ukraine-russia-territory-davos/ (26.08.2022):
[31]. “There Is No Good Historical Example” for War in Ukraine, https://www.spiegel.de/international/world/interview-with-henry-kissinger-for-war-in-ukraine-there-is-no-good-historical-example-a-64b77d41-5b60-497e-8d2f-9041a73b1892 (26.08.2022).
[32]. Տե՛ս Bella T., նշվ. աշխ.։
[33]. Տե՛ս Biden J., նշվ. աշխ.։