ԱՄՆ վարչակազմերի կողմից 907-րդ բանաձեւի շրջանցման ազդեցությունը Ադրբեջանին տրամադրվող օգնության վրա

Ինչ է իրենից ներկայացնում 907-րդ բանաձևը

Խորհրդային Միության փլուզումը մի այնպիսի իրավիճակ ստեղծեց Ռուսաստանում և մյուս նորանկախ հանրապետություններում, երբ վերջիններս շատ խնդիրների առաջ կանգնեցին, որոնք ինքնուրույն հաղթահարելը մեծ դժվարություն էր ներկայացնում փլուզված տնտեսություն և քաղաքական համակարգ ունեցող, ինչպես նաև ծանր սոցիալական վիճակում գտնվող երկրների համար։ Նման պայմաններում ապահովելու համար, որ այդ պետությունները ժողովրդավարական կառավարման մոդել որդեգրեն և ազատականացված տնտեսություն ձևավորեն, Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատները 1992թ. հուլիս-օգոստոս ամիսներին ընդունեցին «Ազատության աջակցության ակտը», որը 1992թ. հոկտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Հ. Ու. Բուշը ստորագրեց և օրենքի ուժ հաղորդեց։[1]  «Ազատության աջակցության ակտը» կարևորվեց հայերի և Հայաստանի համար դրանում 907-րդ բանաձևի ներառմամբ։ Վերջինս սահմանում էր, որ «Միացյալ Նահանգների օգնությունը այս կամ ցանկացած այլ ակտի շրջանակում չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ [ԱՄՆ] նախագահը չի պարզել և զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի կիրառման այլ ագրեսիվ ձևերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»։[2]

Իսկ ինչպե՞ս 907-րդ բանաձևը հայտնվեց «Ազատության աջակցության ակտի» տեքստում։ Այստեղ մեծ դեր խաղացին ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունները և հայ համայնքը։ Մասնավորապես, Հայ դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ջանքերով Սենատում հենց ակտի ընդունման օրը դեմոկրատ սենատոր Ջոն Քերին առաջադրեց 907-րդ բանաձևը որպես «Ազատության աջակցության ակտի» լրացումը, որը ակտի հետ մեկտեղ հենց առաջադրման օրը ընդունվեց Սենատում։ Նման հապճեպ ընդունումը պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ի համար կարևով էր հնարավորինս արագ ընդունել նորանկախ պետություններին օգնություն տրմադրող ակտը, որից և օգտվեցին հայ լոբբիստները։ 907-րդ բանաձևը ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծագույն ձեռքբերումներից մեկը դարձավ, որը ուժի մեջ մնաց շուրջ 10 տարի՝ խոչընդոտելով ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին, քանի որ վերջինիս առկայության պայմաններում Ադրբեջանը միակ նորանկախ պետությունն էր, որ ԱՄՆ-ից ուղիղ օգնություն չէր ստանում։ 

Իրավիճակը փոխվեց 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ Միացյալ Նահանգները ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի քաղաքականություն որդեգրեց։ Նման պայմաններում 907-րդ բանաձևը խոչընդոտում էր Միացյալ Նահանգներին Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրել՝ աջակցելու Աֆղանստանում իրենց հակաահաբեկչական ջանքերին։ Ուստի, սա է պատճառը, որ 2001թ. հոկտեմբերի 24-ին Սենատն ընդունեց Օտարերկրյա հատկացումների 2002թ. ակտը, որը հնարավորություն տվեց ԱՄՆ նախագահին յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907-րդ բանաձևը՝ ռազմական օգնություն տրամադրելով Ադրբեջանին ազգային անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով, այն դեպքում, երբ

1)    անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ-ի ջանքերին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար

2)    անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ զինված ուժերին, կամ կոալիցիոն գործընկերների գործնական պատրաստվածությանը` միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար

3)    կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար

4)    չի խաթարի, կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին և դրանց շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։[3]

Առաջին անգամ, 907-րդ բանաձևի շրջանցումն իրականացվեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կողմից 2002թ. հունվարի 25-ին, այսպիսով վերացնելով ԱՄՆ կառավարության աջակցության տրամադրման արգելքը Ադրբեջանի կառավարությանը։[4]

Հետաքրքրական է, որ 907-րդ բանաձևի հետ կապված ԱՄՆ-ում երկու հայկական խոշորագույն լոբբիստական կազմակերպությունները տարաձայնություններ ունեին։ Եթե նախկինում երկուսն էլ պայքարում էին հնարավոր շրջանցման դեմ, ապա  Սենատի կողմից «Օտարերկրյա հատկացումների 2002թ. ակտի» ընդունումից հետո վերջիններս հանդես եկան տարբեր դիրքորոշումներով։ Մասնավորապես, Հայ դատի հանձնախումբը դեմ էր շրջանցմանը, համարելով, որ շրջանցումը ԱՄՆ նախագահին տալիս է  «գրեթե անսահմանափակ իշխանություն՝ Ադրբեջանին տրամադրելու ռազմական օգնություն»։ Իրենց հայտարարության մեջ Հայ դատը նշում էր, որ իրենք «ծայրաստիճան հիասթափված ենք այս երեկո Սենատի քվեարկությամբ և կշարունակենք մնացյալ օրենսդիր գործընթացում ջանքերը ուղղել՝ ցույց տալու Կոնգրեսի անդամներին 907-րդ բանաձևի թուլացման բացասական ազդեցությունը Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ շահերի վրա»։[5]

Մյուս կողմից, Ամերիկայի հայկական համագումարը կոչեց դա «հաղթանակ Հայաստանի համար»։ Ըստ կառույցի հայտարարության՝ իրենք «ողջունում են Սենատոր Մակքոնելի և վարչակազմի ջանքերը՝ 907-րդ բանաձևի հարցում սահմանափակ և հավասարակշռված շրջանցում գտնելու կապակցությամբ, այնպիսին, որը պաշտպանում է Հայաստանի և Ղարաբաղի լեգիտիմ անվտանգային շահերը միևնույն ժամանակ ապահովելով, որ նախագահ Բուշն ունենա գործիքներ՝ պայքարելու համաշխարհային ահաբեկչության դեմ»։ Այստեղ խոսքը նաև գնում էր այն մասին, որ Մակքոնելի կողմից առաջարկվել էր մտցնել նաև դրույթ, որով Հայաստանին տրամադրվելու էր 4 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն և 600 հազար ԱՄՆ դոլար միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման օգնություն։ Համագումարի տարբերվող դիրքորոշումը պայմանավորված էր նրանով, որ վերջինս գիտակցում էր, որ ԱՄՆ-ում հանրային մեծ աջակցություն կար այդ շրջանցմանը 9/11-ի դեպքերից հետո և Սպիտակ տան նախաձեռնության կասեցումն արդեն անհնարին է։ Ուստի, «Հայաստանի և Ղարաբաղի համար լավագույն հնարավոր արդյունքը ապահովելու համար [Համագումարը] սատարել է 907-րդ բանաձևի հավասարակշռված և սահմանափակ շրջանցմանը…»։[6]

Ամերիկայի հայկական համագումարի նման դիրքորոշումը զարմանալի չէր, քանի որ 907-րդ բանաձևի շրջանցումը նաև թույլ կտար ԱՄՆ-ին  ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին։ 907-րդ բանաձևի ընդունումը խոչընդոտում էր ռազմական օգնության տրամադրումը նաև Հայաստանին՝ արտացոլելով ԱՄՆ այսպես կոչված «անկողմնակալության» քաղաքականությունը։ Այսպիսով, բանաձևի շրջանցումը ենթադրելու էր ռազմական օգնության տրամադրում նաև Հայաստանին։ Այնուամենայնիվ, «անկողմնակալության» քաղաքականությունը չպահպանվեց Հայաստանի նկատմամբ, երբ վերջինս սկսեց ստանալ զգալիորեն ավելի քիչ օգնություն քան Ադրբեջանը։[7]

907-րդ բանաձևի շրջանցումից հետո Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը 

2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձությունները հնարավորություն տվեցին ԱՄՆ վարչակազմին հեշտությամբ շրջանցել 907-րդ բանաձևը, որից հետո Ադրբեջանը դարձավ ԱՄՆ-ի կողմից զգալի ռազմական օգնություն ստացող պետություն։ Ջորջ Բուշ կրտսերից հետո յուրաքանչյուր հաջորդ ֆիսկալ տարի ԱՄՆ բոլոր վարչակազմերը շրջանցում են 907-րդ բանաձևը և ռազմական աջակցություն տրամադրում Ադրբեջանին։ Այդ օգնությունը զգալի գումար է կազմում. 2001 թվականից ի վեր Ադրբեջանը ստացել է շուրջ 419 մլն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն։ Այս գումարը բաշխվել է անվտանգության ոլորտին վերաբերող 20-ից ավել ծրագրերի միջոցով։ Ծրագրերի մեջ առավել խոշորներից են «Սպառնալիքի համագործակցային նվազեցում» ծրագիրը (մոտ 146 միլիոն ԱՄՆ դոլար), որը նպատակ ունի վերացնել զանգվածային ոչնչացման զենքի  և նրանց հետ կապված ենթակառուցվածքների տարածումը սպառնալիք հանդիսացող երկրներում։ Ինչ վերաբերում է ամերիկյան արտադրության ռազմամթերքի ցուցակում ներառված ռազմական արտադրանքի (defence article) և ծառայությունների ձեռքբերմանն Ադրբեջանի կողմից, այն իրականացվում է «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում» ծրագրի (51 միլիոն ԱՄՆ դոլար) շրջանակում տրամադրվող վարկերի և դրամաշնորհների միջոցով։ Մեկ այլ ծրագիր էլ ուղղված է «զենքի չտարածման, հակաահաբեկչության, ականազերծման և դրանց հետ կապված աշխատանքների իրականացմանը», որի համար ԱՄՆ-ն տրամադրել է մոտ 39 մլն ԱՄՆ դոլարի օգնություն։[8]

2018-2019թթ. տրամադրվող օգնության առյուծի բաժինն ընկնում է այսպես կոչված «Բանաձև 333-ին՝ գործընկեր պետության հզորությունների զարգացման» ծրագրին, որի համար ստացվել է 101,5 միլիոն ԱՄՆ դոլար օգնություն։ Այս ծրագիրը իրենից ներկայացնում է դեռևս 2006թ.-ից գործող «Համաշխարհային վերապատրաստում և սպառազինում» ծրագրի ընդլայնված և համընդգրկուն տարբերակը, որն իր մեջ ներառում է հակաահաբեկչական, ծովային և սահմանային անվտանգության, ռազմահետախուզական օպերացիաների և համաշխարհային կոալիցիոն օպերացիաներին աջակցող գործունեության իրականացումը։[9] Հատկանշական է, որ հենց այս ծրագիրն է խախտում ԱՄՆ-ի կողմից որդեգրված «անկողմնակալության» քաղաքականությունը և Ադրբեջանին Հայաստանից զգալիորեն ավելի խոշոր ռազմական աջակցություն տրամադրում։ Այս տարիների ընթացքում նույն ժամանակահատվածի համար Ադրբեջանի ստացած 419 մլն ԱՄՆ դոլարի աջակցության համեմատ Հայաստանը ստացել է մոտ 189 մլն ԱՄՆ դոլար աջակցություն։[10]

Հատկապես անհանգստացնող են այն ծրագրերը, որոնց շրջանակներում ադրբեջանցի ռազմական ոլորտի մասնագետները վերապատրաստվում կամ կրթություն են ստանում ԱՄՆ-ի առաջատար ռազմական կրթական հաստատություններում։ Երկու խոշորագույն ծրագրերն են  «Միջազգային ռազմական կրթություն և վերապատրաստում ծրագիրը» և «Ահաբեկչության դեմ պայքարի կրթաթոշակային ծրագիրը»։[11]

Չնայած այն հանգամանքին, որ 907-րդ բանաձևի շրջանցման պայմաններից մեկն այն է, որ Ադրբեջանին տրամադրվելիք ցանկացած օգնություն չպետք է  «խաթարի, կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին և…օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով», այնուամենայնիվ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ եղան ապացույցներ, որով պարզ դարձավ, որ ամերիկյան ռազմական օգնությունն օգտագործվում է Հայաստանի դեմ։ Մասնավորապես, ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպա, ովքեր սպանվել էին Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարձակման ժամանակ, ուսանել էին ԱՄՆ-ում Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության շրջանակներում։ Առաջինը փոխգնդապետ Մուրադ Միրզաևն էր, ով ուսանել էր Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի Ռազմական լեզվաբանական ինստիտուտում և մասնակցել Վիրջինիայի ռազմածովային ուժերի սպայական հատուկ դասընթացներին։ Մյուսը  փոխգնդապետ Վուգար Յուսիֆովն էր, ով ուսանել էր Արիզոնա նահանգի ռազմական հետախուզության կենտրոնում։ Սա ըստ էության 907-րդ բանաձևի կոպիտ խախտում է ադրբեջանական իշխանությունների կողմից։[12]

907-րդ բանաձևը և Բայդենի վարչակազմը

2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում նախագահական քարոզարշավն էր ընթանում և նախագահի թեկնածուները չէին կարող ուշադրություն չդարձնել այս հարցին՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգներում հայկական մեծ համայնքը և նրանց ձայների կարևորությունը նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հանես եկավ մի շարք հայտարարություններով պատերազմի վերաբերյալ, և ինչն առավել կարևոր է Բայդենը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը պետք է ամբողջությամբ կիրառի, այլ ոչ թե շրջանցի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը՝ դադարեցնելու համար ռազմամթերքի հոսքը Ադրբեջան»։[13] 

Դեռ ավելին, Ջո Բայդենը նախագահ ընտրվելուց հետո՝ սեփական վարչակազմը ձևավորելիս այդ ժամանակ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենի՝ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ սենատոր Մենենդեզը բարձրաձայնեց 907-րդ բանաձևի խնդիրը։ Ի պատասխան՝ Բլինկենը նշեց, որ «եթե հանգամանքները թույլ տան, Բայդեն-Հարիս վարչակազմը պատրաստ կլինի այլևս չշրջանցել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը»։[14]

Այս հայտարարությունները դիտարկվեցին որպես ազդակ, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենը հնարավոր է չշրջանցի 907-րդ բանաձևը։  ԱՄՆ-ում հայ համայնքն ու հայ լոբբիստները սկսեցին ակտիվորեն պայքարել ապահովելու, որ 907-րդ բանաձևը ուժի մնա և չշրջանցվի Բայդենի վարչակազմի կողմից։ Միևնույն ժամանակ ՀՀ իշխանությունների կողմից այս ուղղությամբ ակտիվ քայլեր չձեռնարկվեցին։ ԱՄՆ իրենց գործընկերների հետ հանդիպումների ընթացքում 907-րդ բանաձևի վերագործարկման հարցը պաշտոնապես չի բարձրաձայնվել ՀՀ իշխանությունների կողմից։ Միայն հայ լոբբիստների ջանքերը այս ուղղությամբ բավարար չեն, անհրաժեշտ է նաև այս խնդրի շուրջ աշխատանք պետական մակարդակով։ Արդյունքում, 907-րդ բանաձևը շրջանցվեց ինչպես 2021թ.-ին,[15] այնպես էլ 2022թ.-ին։[16]

Այսպիսով 907-րդ բանաձևը եղել է ԱՄՆ-ում հայ լոբբիստների մեծ հաղթանակներից մեկը՝ ուժի մեջ մնալով շուրջ 10 տարի։ 9/11-ի դեպքերը հնարավորություն տվեցին Բուշի և հաջորդ վարչակազմերին յուրաքանչյուր տարի շրջանցել 907-րդ բանաձևը։ Թեև ադրբեջանական կողմը ձգտում է ընդհանրապես բանաձևի վերացմանը, այնուամենայնիվ դա բարդ գործընթաց է, ուստի վերջինս ուժը չեզոքացվում է շրջանցումների միջոցով։ Այնուամենայնիվ, հայկական լոբբիստների և պետական ռեսուրսի հմուտ, ակտիվ և արդյունավետ համատեղ աշխատանքի պարագայում հնարավոր է հասնել 907-րդ բանաձևի վերանայմանը հատկապես Բայդենի վարչակազմի օրոք։ Ինչն առավել կարևոր է, եթե Հայաստանը կարողանա ապացուցել Միացյալ Նահանգներին, որ 907-րդ բանաձևի շրջանցմամբ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը օգտագործվել է Հայաստանի դեմ, դա կարևոր գործոն կարող է լինել վերանայման գործընթաց սկսելու համար։


[1] S.2532 – FREEDOM Support Act, https://www.congress.gov/bill/102nd-congress/senate-bill/2532/text, (29.06.2022).

[2] S.Amdt.2686 to S.2532, https://www.congress.gov/amendment/102nd-congress/senate-amendment/2686/text, (29.06.2022).  

[3] H.R.2506 – Kenneth M. Ludden Foreign Operations, Export Financing and Related Programs Appropriations Act, 2002, https://www.congress.gov/bill/107th-congress/house-bill/2506/text, (29.06.2022).

[4] President Lifts Restrictions on Assistance to Azerbaijan, https://georgewbush-whitehouse.archives.gov/news/releases/2002/01/text/20020130-6.html, (30.06.2022).

[5] Senate votes to allow presidential waiver of section 907, https://anca.org/press-release/senate-votes-to-allow-presidential-waiver-of-section-907/, (30.06.2022).

[6] Armenia ‘Understands’ Freeze On U.S. Sanctions Against Azerbaijan, https://www.azatutyun.am/a/1567141.html, (30.06.2022).

[7] Azerbaijan and Armenia: The Nagorno Karabakh Conflict, Congressional Research Service, https://sgp.fas.org/crs/row/R46651.pdf, (30.06.2022).  

[8] Total Security Sector Assistance to Azerbaijan in Selected Time Period, https://securityassistance.org/security-sector-assistance/, (01.07.2022).

[9] Նույն տեղում:

[10] Total Security Sector Assistance to Armenia in Selected Time Period, https://securityassistance.org/map/, (01.07.2022).

[11] Նույն տեղում։

[12] Azerbaijani Aggression Shouldn’t Be Rewarded With U.S. Aid, https://www.forbes.com/sites/realspin/2017/10/30/azerbaijani-aggression-shouldnt-be-rewarded-with-u-s-aid/?sh=4ba876ad33f5, (04.07.2022).

[13] Nagorno-Karabakh – Statement by Vice President Joe Biden, October 28, 2020, https://joebiden.com/2020/10/28/nagorno-karabakh-statement-by-vice-president-joe-biden-2/, (04.07.2022).

[14] Secretary of State-Designate Blinken Testifies in Support of Renewed U.S. Leadership to Strengthen Armenia’s Security and Resilience, https://anca.org/press-release/secretary-of-state-designate-blinken-testifies-in-support-of-renewed-u-s-leadership-to-strengthen-armenias-security-and-resilience/, (04.07.2022).

[15] Extension of Waiver of Section 907 of the Freedom Support Act With Respect to Assistance to the Government of Azerbaijan, https://www.federalregister.gov/documents/2021/05/04/2021-09259/extension-of-waiver-of-section-907-of-the-freedom-support-act-with-respect-to-assistance-to-the, (05.07.2022).

[16] Extension of Waiver of Section 907 of the Freedom Support Act With Respect to Assistance to the Government of Azerbaijan, https://www.federalregister.gov/documents/2022/07/05/2022-14190/extension-of-waiver-of-section-907-of-the-freedom-support-act-with-respect-to-assistance-to-the, (05.07.2022).

Բնօրինակը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2022/07/Դրօշակ-թիվ-7-2022-թ%E2%80%A4-1.pdf

Կիսվել՝