ԱՄՆ նախագահական ընտրություններ. Հարիս-Թրամփ ընտրապայքարն ու հայ համայնքի դերը

ԱՄՆ նախագահական ընտրությունների անցկացման կարգը. ի՞նչ է ընտրիչների կոլեգիան

2024թ. նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որոնց ելքն իր ազդեցությունն է ունենալու ոչ միայն ԱՄՆ ներքաղաքական կյանքի, այլև Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական ուղենիշների վրա: ԱՄՆ նախագահի երկու գլխավոր թեկնածուներն են՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը՝ համապատասխանաբար Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից։ Երկու թեկնածուներն էլ պաշտոնապես ստացել են իրենց կուսակցությունների թեկնածուի կարգավիճակը կուսակցական կոնվենցիաներում և այժմ թեժ ընտրական պայքարի մեջ են ներքաշված։ Մրցապայքարում թեկնածուները ներկայացնում են իրենց տեսլականները ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ, այցելում են տարբեր նահանգներ, շփվում ընտրողների հետ: Հատկանշական է, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն իրականացվում են էապես այլ եղանակով, քան ընդունված է աշխարհի տարբեր երկրներում:

Փաստորեն, Միացյալ Նահանգներում ընտրում են ոչ միայն ընտրողները, այլ նաև ընտրիչները, և, ըստ էության, որոշիչ դեր է խաղում հենց ընտրիչների կոլեգիան և նրանց կողմից տրված ձայների բաշխվածությունը։ ԱՄՆ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ Միացյալ Նահանգների նախագահը և փոխնախագահը պետք է ընտրվեն յուրաքանչյուր չորս տարին մեկ, ընտրիչների խմբի կողմից. վերջիններս էլ հենց կազմում են այսպես կոչված ընտրական կոլեգիան: ԱՄՆ Սահմանադրությունը ամրագրում է նաև, որ յուրաքանչյուր նահանգ իրավունք ունի ընտրական կոլեգիայի այնքան անդամ ունենալ, որքան ներկայացուցիչ և սենատոր ունի նահանգը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Այժմ ընտրական կոլեգիայում ընդգրկված է 538 ընտրիչ։ Հաղթող համարվում է այն թեկնածուն, որը հավաքում է 270 և ավելի ձայն: Այս ընդհանուր 538 ձայներն ունեն հետևյալ բաշխվածությունը.

• 435 ընտրիչներ, որոնց թիվը համապատասխանում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացված կոնգրեսականների թվին ՝ ամերիկյան 50 նահանգներից:

• 100 ընտրիչներ, որոնք համապատասխանում են ԱՄՆ Սենատում ներկայացված 100 սենատորների թվին (50 նահանգներից երկուական սենատոր):

• Ընտրական կոլեգիայի 3 անդամներ մայրաքաղաք Վաշինգտոնից, որոնց թիվը սահմանված է ԱՄՆ Սահմանադրության 23-րդ լրացմամբ (վավերացվել է 1961 թվականին):

Յուրաքանչյուր 10 տարին մեկ ԱՄՆ-ի 435 ներկայացուցիչները վերաբաշխվում են նահանգների միջև՝ համաձայն վերջին դաշնային մարդահամարի՝ դրանով իսկ համապատասխանաբար վերաբաշխելով նաև ընտրական կոլեգիայի անդամությունը նահանգների միջև:

50 նահանգներից 48-ը ընտրում են իրենց նախագահական ընտրիչներին՝ օգտագործելով այսպես կոչված «հաղթողը ստանում է ամբողջը» կանոնը, այսինքն՝ նահանգի ընտրիչների ձայների 100%-ը շնորհվում է այն թեկնածուին, որը ստացել է ձայների մեծամասնությունը նահանգում։ Սակայն այնպիսի նահանգներ, ինչպիսիք են, օրինակ, Մեյնը և Նեբրասկան, իրենց ընտրիչների ձայները բաշխում են համամասնաբար:

Այդուհանդերձ, ԱՄՆ ընտրական համակարգը կարող է շփոթեցնող լինել, քանի որ եղել են դեպքեր, երբ նախագահի թեկնածուները ստացել են ընտրողների առավել շատ ձայներ, քան իրենց հակառակորդը, բայց, միևնույն է, պարտվել են՝ ստանալով ընտրիչների առավել քիչ ձայն։ Նման դեպքեր են եղել 1876, 1888 և 2000 թվականներին, իսկ ամենավերջին դեպքը գրանցվել է 2016 թվականի նախագահական ընտրություններին։ Օրինակ՝ 2016թ. դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին քվեարկել էր շուրջ 2.9 միլիոնով ավելի ընտրող, քան Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի օգտին: Կալիֆոռնիայում, Փենսիլվանիայում և Տեխասում (եթե գումարենք 3 նահանգների ընդհանուր ձայները) Դեմոկրատական կուսակցությունը ստացավ միայն Կալիֆոռնիայի ընտրողների ձայները, և քանի որ հանրապետական թեկնածուն հաղթել էր քվեարկողների ձայների մեծամասնությունը Փենսիլվանիայում և Տեխասում, Հանրապետական կուսակցությունը ստացավ 3-ով ավելի ընտրիչների ձայներ, քան Դեմոկրատական կուսակցության թեկնածուն:

Կալիֆոռնիա. 8,753,788 դեմոկրատների ձայներ ընդդեմ 4,483,810 հանրապետականների ձայների. դեմոկրատները ստացան 55 ընտրիչների ձայներ:

Փենսիլվանիա. 2,926,441 դեմոկրատների ձայներ ընդդեմ 2,970,733 հանրապետականների ձայների. հանրապետականները ստացան 20 ընտրիչների ձայներ:

Տեխաս. 3,877,868 դեմոկրատների ձայներ ընդդեմ 4,685,047 հանրապետականների ձայների. հանրապետականները ստացան 38 ընտրիչների ձայներ:

Ընդհանուր Դեմոկրատական կուսակցությունը այս երեք նահանգներում ստացել է 15,658,117 ձայն, իսկ Հանրապետականը՝ 12,139,590, բայց այդ ձայների դիմաց դեմոկրատները ստացել են ընդամենը 55 ընտրիչների ձայներ, իսկ հանրապետականները՝ 58, հաշվի առնելով «հաղթողը ստանում է ամբողջը» սկզբունքը։ Հաշվի առնելով այս առանձնահատկությունը՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները բավական հետաքրքիր քաղաքական գործընթացներ են, որոնց ելքը հաճախ կարող է տարբերվել բոլոր կանխատեսումներից և սոցհարցումներից։

2024թ. նախագահական ընտրապայքարի առանձնահատկությունները և տատանվող նահանգները (swing states)

2024 թվականի ընտրությունները բացառիկ են մի քանի տեսանկյունից: Նախևառաջ դեմոկրատները ներկուսակցական խմորումների արդյունքում պայքարից դուրս մղեցին գործող նախագահ Ջո Բայդենին՝ ստիպելով նրան «կամավոր» դուրս գալ մրցապայքարից՝ Թրամփի հետ ունեցած անհաջող հեռուստադեբատներից անմիջապես հետո: Իհարկե, ընտրապայքարից դուրս գալու Բայդենի որոշումը պայմանավորված էր նաև վերջինիս առողջական վիճակով և ցածր վարկանիշով՝ ոչ միայն երկրում, այլև կուսակիցների շրջանում։ Դեմոկրատները լուրջ անհանգստություն ունեին, որ Բայդենի առողջական վիճակը լրջագույնս անհանգստացնելու է ընտրողներին, և դրանից միայն օգտվելու է Թրամփը: Իհարկե, ԱՄՆ պատմության մեջ նման նախադեպեր եղել են, երբ գործող նախագահները դադարեցրել են իրենց մասնակցությունը ընտրապայքարին։ Դրա օրինակներից է 33-րդ նախագահ Հարրի Թրումանը։ Ըստ էության, վերջինս արդեն իսկ երկու ժամկետ նախագահել էր՝ նախագահ դառնալով 1945 թվականին, երբ գործող նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը մահացել էր պաշտոնը ստանձնելուց շուրջ 3 ամիս անց: Թրումանը, որը Ռուզվելտի փոխնախագահն էր, ստանձնել էր նախագահի պաշտոնը Սահմանադրությամբ նախատեսված կարգով։ Չնայած նրա վրա չէր տարածվում 1951թ. ընդունված Սահմանադրական լրացումը՝ երրորդ ժամկետի համար պայքարելու տեսանկյունից, սակայն նա որոշում կայացրեց չգնալ այդ քայլին, հաշվի առնելով ցածր վարկանիշը: ԱՄՆ պատմության մեջ մեկ այլ գործող նախագահ, որը որոշեց դադարեցնել իր մասնակցությունը ընտրապայքարին, ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնն էր, որը նույնպես նախագահ էր դարձել իր ղեկավար՝ նախագահ Քենեդու սպանությունից ժամեր անց՝ երդմնակալության արարողությունը կազմակերպելով ինքնաթիռի մեջ։

Չնայած նկարագրված նախադեպերին, ԱՄՆ պատմության մեջ որևէ նախագահ մրցապայքարից դուրս չի եկել այն ժամանակահատվածում, երբ ընտրություններին շուրջ 3 ամիս է մնացել , ինչպես վարվեց Բայդենը։

Իրականում Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալու որոշումը անձնազոհ և իմաստուն քայլ էր։ Վերջինս ծանրակշիռ քաղաքական գործիչ է, որն ունի քաղաքականությամբ զբաղվելու երկար տարիների փորձ և լուրջ ճանապարհ է անցել։ Միգուցե Բայդենը ԱՄՆ պատմության լավագույն նախագահներից մեկը լիներ, եթե պաշտոնը ստանձներ առավել երիտասարդ տարիքում, սակայն ստեղծված պայմաններում, նաև հաշվի առնելով կուսակցության և պետության շահերը, Բայդենը որոշում կայացրեց դուրս գալ ընտրապայքարից՝ անվերապահ աջակցություն հայտնելով իր փոխնախագահ Քամալա Հարիսին։ Այս ամենի արդյունքում Դեմոկրատական կուսակցությունը, մի կողմ դնելով կուսակցական ներքին կարգավորումներն ու կանոնները, ամենասեղմ ժամկետներում պաշտոնապես առաջադրեց Քամալա Հարիսի թեկնածությունը:

Նախընտրական այս փուլում Թրամփի և Հարիսի միջև ընտրապայքարն առավել թեժ ընթացք է ստացել այսպես կոչված տատանվող նախահանգներում։ Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում այդպիսի նահանգները։ ԱՄՆ-ում յուրաքանչյուր ընտրություն զուգորդվում է ԱՄՆ քարտեզի կապույտ և կարմիր գունավորմամբ։ Քարտեզի նման գունավորումը նոր երևույթ չէ, սակայն նախկինում գույների կիրառումը այդքան էլ հստակ չէր, և դրանք իրենց ներկայիս կարևորությունն ու լայն կիրառումը ստացել են առավելապես 2000թ. նախագահական ընտրություններից հետո։ Ներկայումս, կարմիր նահանգներն ասոցացվում են հանրապետականների հետ, իսկ կապույտ նահանգները՝ դեմոկրատների։ Այսինքն, եթե նահանգի գույնը կարմիր է, ապա այստեղ հաղթում են հանրապետականները, իսկեթե կապույտ է, ուրեմն նահանգի բնակչության մեծամասնությունն իր ձայնը տալիս է դեմոկրատներին: Բայց կան նահանգներ, որոնք կայուն չեն իրենց ընտրության մեջ և մի ընտրության ժամանակ կարող են քվեարկել հանրապետականների օգտին, իսկ հաջորդին՝ դեմոկրատների: Այս նահանգները հայտնի են՝ որպես տատանվող նահանգներ: Ավանդաբար, կապույտ նահանգների թվին էին դասվում Կալիֆոռնիան, Քոնեքթիքութը, Հավային, Իլինոյսը, Մասաչուսեթսը, Նյու Ջերսին, Նյու Յորքը և այլք։ Կարմիր նահանգների թվին էին դասվում Ալաբաման, Տեխասը, Ջորջիան, Մոնտանան, Արիզոնան և այլք։ Իսկ տատանվող նահանգների շարքում էին Կոլորադոն, Ֆլորիդան, Այովան, Միչիգանը, Մինեսոտան, Օհայոն, Նևադան, Նյու Հեմփշիրը և այլք։ Վերջիններս մշտապես առանցքային դեր են խաղացել նախագահական ընտրություններում։ Նման նահանգներում և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների թեկնածուները աջակցության գրեթե հավասար մակարդակ ունեն: Տատանվող նահանգների թվում գրեթե նույն նահանգներն են հայտնվում յուրաքանչյուր նախագահական ընտրությունների ընթացքում, թեև ժողովրդագրական և մասնակցության փոփոխության գործոնները կարող են ավանդաբար կարմիր կամ կապույտ նահանգը դարձնել մանուշակագույն (տատանվող): Ջորջիա նահանգը, օրինակ, դարձավ տատանվող նահանգ 2020թ. այդ նահանգում Բայդենի անակնկալ հաղթանակից և դեմոկրատ սենատոր Ռաֆայել Ուորնոքի՝ 2022թ. ընտրություններում հաղթանակ տանելուց հետո: Ներկայիս նախագահական ընտրարշավի ժամանակ և՛ Քամալա Հարիսը, և՛ Դոնալդ Թրամփն իրենց քարոզարշավի առաջնահերթություն են դարձրել տատանվող նահանգները՝ թիրախավորելով այդ նահանգները այցելություններ ու ընտրական քարոզարշավներ կազմակերպելիս, քանի որ նոյեմբերյան նախագահական ընտրությունները արդեն շատ մոտ են:

ԱՄՆ նախագահական ընտրությունների բոլոր ընթացիկ հարցումները նույն պատկերն են ցույց տալիս. փոխնախագահ Քամալա Հարիսը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ էության, բավական մոտ արդյունքներ են գրանցում ազգային ընտրություններում: Թեև մի քանի հարցումներ կարող են մի թեկնածուին չնչին առավելությամբ առաջինը դասել, դրանց արդյունքները հիմնականում այնքան մոտ են, որ ամբողջությամբ կարող են տեղավորվել վիճակագրական սխալի շրջանակներում: Ելնելով ընթացիկ հարցումներից՝ յոթ տատանվող նահանգներից է կախված լինելու ընտրությունների ելքը։ Այդ նահանգներն են՝ Արիզոնան, Ջորջիան, Միչիգանը, Նևադան, Հյուսիսային Կառոլինան, Փենսիլվանիան և Վիսկոնսինը։

Օրինակ՝ Արիզոնայում 2020թ. նախագահական ընտրությունների ժամանակ Բայդենը հաղթել է ընդամենը 10.000 ձայնի տարբերությամբ: Ներգաղթի խնդիրը շարունակում է մնալ ընտրողների գլխավոր մտահոգությունը այս նահանգում։ Թրամփը փորձել է այս խնդիրը ի շահ իրեն օգտագործել՝ քննադատելով Հարիսի դերը սահմանային ճգնաժամի լուծման գործում։

Ջորջիա նահանգում 2020թ. Բայդենը հաղթեց ընդամենը 13.000 ձայնով։ Այս նահանգը նշանակալի է ոչ միայն իր ընտրական ձայներով, այլ նաև այն պատճառով, որ Թրամփը բախվում է իրավական մի շարք մարտահրավերների՝ կապված ընտրություններին ենթադրյալ միջամտության մեղադրանքի հետ՝ 2020թ. այստեղ ունեցած իր պարտությունից հետո: Չնայած ընթացող իրավական խնդիրներին, նա շարունակում է եռանդուն քարոզարշավը այս նահանգում:

Միչիգանում 2020թ. Բայդենը հաղթել է Թրամփին 150.000 ձայների առավելությամբ, սակայն վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում և Իսրայելին ԱՄՆ-ի աջակցության հանգամանքը կարող է ազդել ընտրողների տրամադրությունների վրա այս նահանգում: Միչիգանը ունի երկրի թվով ամենամեծ արաբ ամերիկացի բնակչությունը, որն իր դժգոհությունն է հայտնում այս հարցում։ Հատկանշական է, որ Հարիսը ավելի կոշտ է արտահայտվել Իսրայելի քաղաքականության վերաբերյալ, իսկ Թրամփը, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, Իսրայելին կոչ է արել ավարտել ՀԱՄԱՍ-ի դեմ իր արշավը Գազայում, և «այդ ամենն անել հնարավորինս արագ»:

Նևադայում 2020թ. Բայդենը հաղթել էր 34.000 ձայնի առավելությամբ: ԱՄՆ կառավարության վերջին վիճակագրության համաձայն՝ նահանգը 5,1%-ով ունի գործազրկության ամենաբարձր մակարդակը երկրում՝ Կալիֆոռնիայից և Վաշինգտոնից (Կոլումբիայի շրջանից) հետո: Եթե Թրամփը կրկին գա իշխանության, նա խոստացել է ավելի ցածր հարկերի և ավելի քիչ կանոնակարգերի հարցը վերադարձնել օրակարգ:

Հյուսիսային Կառոլինայում Թրամփը 2020թ. հաղթել է 74.000 ձայների առավելությամբ, սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ հատկապես Քամալա Հարիսի հայտնվելով մրցապայքարն այս նահանգում թեժանում է: Երկու թեկնածուներն էլ իրենց ջանքերն են կենտրոնացնում այստեղ։ Պատահական չէ, որ Թրամփը որոշեց իր դեմ մահափորձից հետո առաջին բացօթյա հանրահավաքն իրականացնել հենց այս նահանգում։

Փենսիլվանիայում Բայդենը հաղթել էր 82.000 ձայների առավելությամբ։ Տնտեսական խնդիրները, մասնավորապես գնաճը, առանցքային են այս նահանգում։ Բայդենի վարչակազմի օրոք գնաճը մեծ է եղել ողջ նահանգում՝ նախքան աստիճանաբար նվազելը, թեև բարձր գնաճի հանգամանքը կարող է վնասել Հարիսին ոչ միայն այս նահանգում, այլև ամբողջ ԱՄՆ-ում։ Թրամփն այս փաստը ակտիվորեն օգտագործում է՝ քննադատելով Հարիսին որպես Բայդենի վարչակազմի անդամ՝ տնտեսական խնդիրների համար։

Վիսկոնսինում Բայդենը հաղթել է ընդամենը 21,000 ձայնով։ Այս նահանգը հետևողականորեն քվեարկել է նախագահի հաղթող թեկնածուի օգտին և՛ 2016-ին, և՛ 2020-ին։ Թրամփն այդ նահանգը բնութագրել է որպես «իսկապես կարևոր… եթե մենք հաղթենք Վիսկոնսինում, մենք կհաղթենք ամբողջ ընտրություններում»: Պատահական չէ, որ Հանրապետականների ազգային համագումարը տեղի ունեցավ հենց այս նահանգի Միլուոքի քաղաքում։ Իր հերթին Հարիսը հանրահավաք կազմակերպեց հենց նույն քաղաքում, երբ իր կուսակցության համագումարը պաշտոնապես առաջադրեց իրեն՝ որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու:

Այս տատանվող նահանգները ոչ միայն նախագահական ընտրություններում հավասարակշռությունը խախտելու ներուժ ունեն, այլև արտացոլում են ավելի լայն ազգային մտահոգություններ, որոնք կարող են ձևավորել ընտրողների վարքագիծը նոյեմբերին:

ԱՄՆ հայ համայնքի դերը նախագահական ընտրություններում

Այս ընտրություններում որոշակի ազդեցություն կարող են ունենալ նաև ԱՄՆ-ում բնակվող հայ համայնքի ձայները։ Ընդհանրապես, հայկական համայնքն ԱՄՆ-ում ազդեցիկ է բնակեցման հատուկ օրինաչափության շնորհիվ։ Հայերը կենտրոնացած են մի քանի նահանգներում, ինչպիսիք են Կալիֆոռնիան (հատկապես Լոս Անջելեսում և Ֆրեզնոյում), Նյու Ջերսին, Նյու Յորքը, Մասաչուսեթսը (հատկապես Բոստոնում), Ֆլորիդան, Իլինոյսը, Միչիգանը և այլք: Այս նահանգներում ապրող հայերը լավ ինտեգրված են տեղական տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքին, ուստի հայ համայնքի հետ ևս պետք է աշխատանք տանել: Հետևաբար, ընտրությունների ժամանակ հայ համայնքն ավելի է կարևորվում։ Երբ մրցավազքը թեժանում է, բնականաբար, յուրաքանչյուր ձայն սկսում է առավել կարևորվել է: Որպես դրա վառ օրինակ՝ կարելի է առանձնացնել Ֆլորիդայի 18.000 հայերի նշանակալի դերը Ջորջ Բուշ կրտսերի հաղթանակի հարցում՝ 2000թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Բուշն այս նահանգում ստացավ ընդամենը մի քանի հարյուրով ավելի ձայներ, քան իր դեմոկրատ մրցակից Ալ Գորը: Իսկ նահանգի ամերիկահայերի 80 տոկոսը քվեարկել էր Ջորջ Բուշ կրտսերի օգտին, ըստ երևույթին՝ Քլինթոնի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու պատճառով:

Հայ համայնքի դերը կարևորվել է բոլոր ընտրություններում և թեկնածուները ջանք են գործադրել՝ ստանալու հայ համայնքի ձայները։ Պատահական չէ, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը արդեն իսկ փորձել է իր կողմը ներքաշել հայ ընտրողներին՝ հատուկ ուղերձ հղելով հայ համայնքի ներկայացուցիչներին։ Նման փորձ արել է նաև Թրամփը, «Truth» սոցիալական ցանցում գրառում անելով:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ԱՄՆ ընտրությունների համար նահանգերի բաժանումը կապույտ-կարմիր նահանգների, տեսնում ենք, որ հայ համայնքն առավելապես բնակվում է կապույտ, այսինքն՝ Դեմոկրատական կուսակցությանն աջակցող նահանգներում։ Սա, իհարկե, վկայում է հայ համայնքի՝ դեմոկրատների հետ ունեցած առավել սերտ ավանդական կապերի մասին ը և բացահայտում, թե ինչու են հայ լոբբիստներն առավել հաջող համագործակցում դեմոկրատ սենատորների և ներկայացուցիչների հետ։

Մյուս կողմից, թեև Կալիֆոռնիայում և Մասաչուսեթսում հայերի ձայները կարող են չազդել արդյունքների վրա՝ կապված դրանց ավանդաբար կապույտ նահանգ լինելու հանգամանքի հետ, ապա Նևադայի, Միչիգանի և Վիսկոնսինի նման տատանվող նահանգներում հայերի ձայները կարող են էական նշանակություն ունենալ հաղթանակի համար: Օրինակ, ըստ Հայ դատի գրասենյակի տվյալների, Նևադայում բնակվում են շուրջ 35.000 հայ ընտրողներ, Միչիգանում` 72.000, իսկ Վիսկոնսինում՝ 17.000:

Այս տեսանկյունից, վերոհիշյալ նահանգներում հայերի ձայները (ինչպես նաև ցանկացած այլ ձայն) կարող են էական նշանակություն ունենալ թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների համար, ինչը կարևոր է դարձնում հայ համայնքի դիրքորոշումն այս ընտրություններում:

Իհարկե, հստակ պատասխան չկա, թե ում են նախընտրելու ԱՄՆ քաղաքացի հանդիսացող էթնիկ հայ ընտրողները, սակայն ակնհայտ է, որ նրանք ընտրություն կատարելիս առաջնորդվելու են ոչ միայն իրենց պատմական հայրենիքի, այլև երկրորդ հայրենիքի՝ ԱՄՆ-ի շահերով՝ հաշվի առնելով գոյություն ունեցող սոցիալական, տնտեսական, կենցաղային և այլ խնդիրները:

Originally published by “Luys”

Կիսվել՝