ԱՄՆ-Իրան. Լոկալ պատերազմ և գլոբալ մրցակցություն

ԱՄՆ-Իրան պատերազմն ու հարաբերությունների հնարավոր կարգավորումը վերջին ամիսներին միջազգային լրահոսի թիվ մեկ թեման են։ Այս պահին միջնաժամկետ կամ նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում քիչ հավանական է թվում երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը։ Դա պայմանավորված է մի շարք կարևոր հանգամանքներով, որոնք վերաբերում են ոչ միայն երկու պետությունների միջև առկա խորքային խնդիրներին, այլև տարածաշրջանային մրցակցությանը, գլոբալ շահերի բախմանը և ամբողջ Մերձավոր Արևելքի անվտանգային ճարտարապետությանը, որի վերաբերյալ Թեհրանն ու Վաշինգտոնն ունեն տրամագծորեն տարբեր մոտեցումներ։

Տեսականորեն, նույնիսկ եթե կողմերին հաջողվեր խաղաղության կամ հրադադարի համաձայնագիր կնքել կամ միջանկյալ պայմանավորվածությունների գալ, դա բավարար չէր լինի ԱՄՆ-ի և Իրանի միջև տասնամյակների ընթացքում ձևավորված խորքային խնդիրները լուծելու համար։ Դրանից զատ, ԱՄՆ-Իրան հակամարտությունը պայմանավորված է ոչ միայն երկկողմ հակասություններով, այլև տասնյակ այլ պետությունների շահերով, որոնք Մերձավոր Արևելքի հիմնական խաղացողներն ու տարածաշրջանային անվտանգային ճարտարապետության հիմնասյուներն են։ Այդ պետությունների շարքում, բնականաբար, առանձնահատուկ դեր ունեն Իսրայելը, ԱՄԷ-ն, Կատարը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և այլն։

ԱՄՆ/Իսրայել-Իրան պատերազմը, բնականաբար, մեկ օրում կայացրած որոշում չէր։ Դա երկար ռազմավարական պլանավորում էր, որին մոտենում էր Իսրայելը՝ իր հետևից ներքաշելով նաև ԱՄՆ-ին։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ը բոլոր վարչակազմերի օրոք խուսափում էր Իրանի հետ ուղիղ առճակատման գնալուց՝ բավարարվելով այլ գործիքների կիրառմամբ։ Սակայն իրավիճակը փոխվեց, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվեց Դոնալդ Թրամփը:

Թրամփի վարչակազմի առաջին շրջանում, իսկ հետո արդեն նախագահության երկրորդ շրջանում նախաձեռնել էր, այսպես կոչված, Աբրահամյան համաձայնագրերը , որոնց նպատակն էր արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչը հնարավորություն կտար էլ ավելի մեկուսացնել Իրանին, զրկել Թեհրանին տարածաշրջանում Իսրայելի դեմ գործընկեր պետությունների աջակցությունից և ձևավորել յուրահատուկ հակաիրանական կոալիցիա՝ չեզոքացնելով Իսրայելի դեմ հնարավոր կոալիցիոն համագործակցությունը «Իրան-արաբական երկրներ» առանցքով։

Այս համաձայնագրերով մի քանի կարևոր հարց էր լուծվում։ Նախ՝ Իսրայելը հարաբերությունների կարգավորմամբ կարողանում էր բոլոր հնարավոր անվտանգային ռիսկերը կառավարել և բոլոր ռեսուրսները կենտրոնացնել Իրանի դեմ պայքարում։ Մյուս կողմից, արաբական մի շարք երկրներ իրենց հերթին կարողանում էին բոլոր ռեսուրսները կենտրոնացնել Իրանի դեմ՝ թիկունքում ունենալով Վաշինգտոնի անվերապահ աջակցությունն ու Իսրայելի կողմից սպառնալիքների էական նվազումը՝ Վաշինգտոնի երաշխիքներով։ Եթե, օրինակ, ԱՄԷ-ի համար դա տնտեսական լուրջ հնարավորությունների և ռազմական համագործակցության հնարավորություն էր ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, ապա Բահրեյնի համար դա Իրանի կողմից եկող ուղիղ սպառնալիքի նվազեցման հնարավորություն էր։ Այսինքն՝ Մերձավորարևելյան աշխարհաքաղաքական կառուցվածքն Աբրահամյան համաձայնագրերով որոշակիորեն ֆորմալիզացվեց, վերաձևավորվեց հակաիրանական կոալիցիայի, որում յուրաքանչյուր մասնակից պետություն ուներ իր մեծ ու փոքր դերակատարումը՝ եթե ոչ ակտիվ ռազմական գործողություններ իրականացնելու, ապա Իսրայել-ԱՄՆ կոալիցիային ամենատարբեր ձևերով աջակցելու տեսանկյունից։

Սակայն այս ամբողջ խճանկարն լիովին պատկերացնելու համար պետք է իրավիճակը դիտարկել առավել լայն տեսանկյունից, քանի որ այստեղ կան նաև գլոբալ մրցակցության բաղադրիչներ, որոնք առաջին հայացքից կարող են չերևալ, սակայն, անկասկած, էական ազդեցություն են ունեցել Վաշինգտոնի կողմից ռազմավարական պլանավորման և քայլերի իրականացման տեսանկյունից։ Խոսքը մասնավորապես նաև այս կոնտեքստում չինական գործոնի մասին է, և ԱՄՆ-Իրան բախումը նաև Վաշինգտոնի և Պեկինի գլոբալ մրցակցության առանցքում է։ ԱՄՆ-Իրան պատերազմը Վաշինգտոնին հնարավորություն տվեց սահմանափակելու և, մեծ հաշվով, կանխելու Չինաստանի շռնդալից մուտքն ու ազդեցության ընդլայնումը Մերձավոր Արևելքում, ինչը Պեկինը բավականին արդյունավետ ձևով սկսել էր իրականացնել 2023 թվականից։

Դեռևս 2023-ին Չինաստանի միջնորդությամբ պատմական հակառակորդներ համարվող Իրանը և Սաուդյան Արաբիան կարողացան համաձայնության գալ հարաբերությունների կարգավորման շուրջ։ Այդ գործընթացի արդյունքում Պեկինը կարողացավ զգալիորեն ընդլայնել իր ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում՝ դառնալով տարածաշրջանի կարևոր աշխարհաքաղաքական դերակատարներից մեկը։ Պեկինը ձեռնոց նետեց ԱՄՆ-ին, որն ավանդաբար համարվում էր Մերձավոր Արևելքի հիմնական խաղացողն ու տարբեր հակամարտություններում հիմնական միջնորդ պետությունը։ Պեկինը, որը թե՛ Իրանի, թե՛ Սաուդյան Արաբիայի նավթի և էներգակիրների խոշորագույն սպառողն է, այս պատմական գործարքով կարողացել էր ստաբիլիզացնել շուկաներն ու մատակարարումների շղթաները և փաստացի կանխել էր Իրան-Սաուդյան Արաբիա հնարավոր էսկալացիայի արդյունքում մատակարարումների դադարեցումը։ Ամենից զատ, Պեկինը ձեռք էր բերել այս տարածաշրջանում նոր, գլոբալ խաղացողի կարգավիճակ և հնարավորություն առաջ մղելու իր գլոբալ, տնտեսական նախագծերն ու աշխարհաքաղաքական ազդեցությունը։

2023 թվականին Պեկինի միջնորդական առաքելությունը, բնականաբար, Վաշինգտոնում ընկալվեց որպես լրջագույն մարտահրավեր և շոկային ազդեցություն թողեց։ Փաստացի, Պեկինի ձեռամբ ԱՄՆ-ի կարևորագույն ռազմավարական դաշնակիցներից մեկը՝ Սաուդյան Արաբիան, հարաբերությունների կարգավորման էր գնացել ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդի՝ Իրանի հետ, իսկ Չինաստանը կարողանում էր օգտագործել այդ գործընթացը՝ Մերձավոր Արևելքում իր դիվանագիտական և քաղաքական ազդեցությունը մեծացնելու համար։ Արդյունքում տարածաշրջանում ձևավորվել էին նոր աշխարհաքաղաքական իրողություններ, որոնք Վաշինգտոնի ազդեցությունից ամբողջապես դուրս էին մնում։

ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով Պեկինի դերակատարությունն էապես նվազեց թե՛ որպես միջնորդ, թե՛ որպես տարածաշրջանային խաղացող։ Պատերազմը, ըստ էության, չեղարկեց նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և զրոյացրեց Պեկինի իրականացրած նուրբ դիվանագիտական աշխատանքի արդյունքները։ Հետևաբար, կարելի է կարծել, որ ԱՄՆ-ը, առնվազն այս փուլում, պատերազմի միայն փաստի ուժով կարողացավ սահմանափակել Չինաստանի՝ Մերձավոր Արևելքում ավելի ծանրակշիռ և ինստիտուցիոնալ դերակատարություն ստանձնելու հնարավորությունները, քանի որ այն գործընթացը, որը Պեկինը կարող էր օգտագործել հողի վրա ամրապնդվելու նպատակով, այլևս չկա: Սա, իհարկե, չի նշանակում, որ Պեկինը Մերձավոր Արևելքում այլևս անելիք չունի և քայլեր չի ձեռնարկելու։ Չինաստանը շարունակում է ունենալ կարևոր տնտեսական, էներգետիկ և ռազմավարական շահեր տարածաշրջանում։ Սակայն իր ազդեցության հետագա ընդլայնման գործնական քայլերը Պեկինը, ամենայն հավանականությամբ, կսկսի իրականացնել այլ ուղղություններով և առավել հարմար քաղաքական ու ժամանակային պայմաններում։ Սակայն փաստը մնում է փաստ, որ Հորմուզի նեղուցի փակման հետևանքով Չինական տնտեսությունն էական վնասներ է կրում ։

Թրամփի վարչակազմի ելքի ռազմավարությունը կամ դրա բացակայությունը

Չնայած պատերազմի նախապատրաստությանը՝ դրանից դուրս գալու հարցում Թրամփի վարչակազմը կարծես թե արդյունավետ ելքի ռազմավարություն չի կարողանում գտնել։ Թրամփը չի կարող այս փուլում հայտարարել պատերազմում իրական հաղթանակի մասին, քանի դեռ Հորմուզի նեղուցը փակ է, կամ դրա անվտանգությունն ու նավագնացությունն ամբողջապես Իրանի ազդեցության տակ են։ Նեղուցի շուրջը ստեղծված իրավիճակը շարունակում է զգալի ազդեցություն ունենալ համաշխարհային նավթի գների վրա, հետևաբար, անմիջականորեն անդրադառնում է նաև ԱՄՆ-ի ներքին տնտեսական վիճակի վրա։ Միևնույն ժամանակ, Թրամփը չի կարող պարզապես դուրս բերել ամերիկյան նավատորմը և տարածաշրջանում տեղակայված մյուս ռազմական ուժերը, քանի դեռ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցը մնում է չլուծված։ Նման քայլը կարող է ընկալվել ոչ թե որպես պատերազմի ավարտ, այլ որպես հետքայլ կամ նահանջ՝ հատկապես այն դեպքում, երբ Վաշինգտոնը դեռևս չի կարողացել ապահովել իր հիմնական նպատակների իրականացումը։

Այս իրավիճակը Թրամփի վարչակազմի համար հատկապես բարդ է դառնում միջանկյալ ընտրություններին ընդառաջ։ Պատերազմի ձգձգումը չի բխում ԱՄՆ-ի տնտեսական և վարչակազմի քաղաքական շահերից։ Թրամփի վարկանիշը շարունակում է նվազել, քանի որ պատերազմի երկարաձգման, նավթի գների աճի և ներքին տնտեսական ծանր վիճակի համադրությունը մեծացնում է հասարակական դժգոհությունը ոչ միայն նախագահի, այլև Հանրապետական կուսակցության նկատմամբ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Ներկայացուցիչների պալատում և Սենատում դեմոկրատների հաղթանակը մեծ հավանականությամբ կարող է հանգեցնել Թրամփի իմպիչմենտի գործընթացի մեկնարկին, ապա առավել պարզ է դառնում, թե որքան բարդ իրավիճակում է հայտնվել Թրամփի վարչակազմը։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն, Լույս հիմնադրամի համար:

Կիսվել՝