Թրամփը սեպտեմբերի 16-ին իր երկրորդ պետական այցը կատարեց Միացյալ Թագավորություն՝ հանդիպելու Չարլզ III թագավորի և վարչապետ Քիր Սթարմերի հետ՝ այցը բնութագրելով որպես «նուրբ պատիվ» և երկու երկրների միջև «անխզելի կապի» նշան։ Երկու օր շարունակ նախագահ Թրամփը Միացյալ Թագավորությունում այնպիսի մեծարանքի և ընդունելության արժանացավ, ինչպիսին վերջին տարիներին այնտեղ ոչ մի այլ այցելու չէր արժանացել: Թագավորի և կառավարության կողմից արված բոլոր ջանքերը ամերիկյան առաջնորդին հմայելու համար կարծես թե ստացվեց: Թրամփի այցը Միացյալ Թագավորություն պատմական էր։ ԱՄՆ ոչ մի նախագահ կամ որևէ այլ համաշխարհային առաջնորդ երբեք չի ունեցել Միացյալ Թագավորություն երկրորդ պետական այցի կատարելու պատիվը: Ընդունելության պատահական չէր, այլ նախատեսված էր Թրամփի հետ կապերը ամրապնդելու համար այն ժամանակ, երբ նրա «Ամերիկան առաջինը» քաղաքականությունը ճնշում է գործադրում ամբողջ աշխարհում առևտրային և անվտանգային կարգերի վրա: Ճոխության սիրահար նախագահի համար տոնակատարությունները ներառում էին 120 ձի և 1300 զինվոր, այդ թվում՝ պատմության մեջ ամենամեծ պատվո պահակախումբը։ Այցելության առաջին օրը բավականին խիտ օրակարգով աչքի ընավ՝ ներառելով կառքով զբոսանք, պետական ճաշկերույթ, ռազմական ինքնաթիռների շքերթ և հրավառություն։ Հաջորդ օրը՝ Լոնդոնի մերձակայքում գտնվող Չեքերս վարչապետական նստավայրում իրենց օրակարգը ավելի շատ կենտրոնացած էր քաղաքականության հարցերի քննարկման, այլ ոչ թե արարողակարգային շքեղությունների վրա, ինչպես նախորդ օրը: Երկու առաջնորդների միջև քննարկումները վերածվեցին առևտրի, պաշտպանության և միջազգային հակամարտությունների շուրջ բանակցությունների։
Քննարկված հարցերի թվում ամենից խնդրահարույցը Պաղեստին պետության ճանաչման հարցն էր։ Թրամփը Պաղեստինը ճանաչելու Միացյալ Թագավորության ծրագրին իր բրիտանացի գործընկերոջը կոպիտ արձագանք չտվեց, ինչպես արձագանքեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Օվալաձև գրասենյակի տխրահռչակ հանդիպման ժամանակ, այլ պարզապես հանգիստ և հրապարակայնորեն արտահայտեց իր դժգոհությունը։ «Այդ հարցում ես անհամաձայնություն ունեմ վարչապետի հետ, որն իրականում այն սակավաթիվ տարաձայնություններից մեկն է»,- ասել է Թրամփը։ Ստացվում է՝ Բրիտանիայի վարչապետ Սթարմերին հաջողվել էր անել մի բան, որը չի հաջողվել մի քանի այլ համաշխարհային առաջնորդների․ նա իրավունք ստացավ չհամաձայնվել Թրամփի հետ և չքննադատվել դրա համար: Թրամփը ողջունեցՍթարմերի այն առաջարկը,, որ ՀԱՄԱՍ-ը ոչ մի դեր չի ունենա պաղեստինյան պետության կառավարման գործում: «Դա լավ է», – ասաց Թրամփը: Երկու առաջնորդներից ոչ մեկը չդատապարտեց Իսրայելի քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ: Թրամփը, ով ամիսներ շարունակ պնդում էր, որ Գազայում պատերազմի ավարտը կարող է մոտ լինել, կրկնեց այդ պնդումը։ Նա ասաց․ «Մենք շատ քրտնաջան աշխատում ենք Իսրայելի և Գազայի հարցի շուրջ»: «Այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, բարդ է, բայց այն կիրականացվի: Ամեն ինչ ճիշտ կիրականացվի»: Սեպտեմբերի 21-ին Բրիտանիան, Կանադա, Ավստրալիան և Պորտուգալիան ճանաչեցին Պաղեստին պետությունը։ Սա իրենով ուղեղ քաղաքական անհամաձայնություն է Իսրայելի գործողություններին Գազայում, թեև հիմնականում խորհրդանշական:
Անդրադառնալով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը՝ ԱՄՆ նախագահ Թրամփը կրկին լրագրողներին հայտնեց, որ չէր ակնկալում,որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության լուծումն այդքան դժվար կլինի, և հիասթափություն հայտնեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Թրամփի խոսքերով՝ նա կարծում էր, որ «ավելի հեշտ կլինի՝ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունները հաշվի առնելով, բայց նա հիասթափեցրեց ինձ: Նա իսկապես հիասթափեցրեց ինձ»: Վարչապետ Սթարմերը փոխարենը շեշտեց նախագահ Պուտինի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։
Թրամփը նաև անդրադարձել է ՆԱՏՕ դաշինքին՝ երախտագիտություն հայտնելով դաշինքի խոստման համար՝ ավելացնելու անդամ պետությունների ռազմական ծախսերը մինչև իրենց ՀՆԱ-ի 5%: Թրամփը հայտնել է. «Մենք ՆԱՏՕ-ին շատ զենք ենք ուղարկում։ ՆԱՏՕ-ն ամբողջությամբ վճարում է այդ զենքի համար, բայց դրանք մենք ենք ուղարկում, և մենք մեծ աշխատանք ենք կատարում՝ տալով նրանց այն ինչի կարիքը նրանք ունեն»։
Այցի ընթացքում կողմերը ընդհանուր առմամբ շեշտեցին ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության կարևորության մասին, որն ըստ Թրամփի եզակի կապ է, ինչպիսին չկա որևէ այլ երկրների միջև աշխարհում։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան այցի շրջանակներում ստորագրեցին «Տեխնոլոգիական բարգավաճման գործարքը»՝ ընդլայնելու համագործակցությունը՝ գիտական և տեխնիկական ոլորտներում, ներառյալ արհեստական բանականությունը, քաղաքացիական միջուկային էներգիան, միջուկային միաձուլումը և քվանտային տեխնոլոգիաները։ Սա, ըստ վարչապետ Սթարմերի, «ազդակ է այս մրցավազքը միասին հաղթելու վճռկանության մասին»։
Ըստ որոշ տեղեկությունների հաջորդ տարի Թրամփը պատրաստվում է հրավիրել ԱՄՆ Մեծ Բրիտանիայի թագավորին թագուհու հետ, երբ ԱՄՆ-ը տոնի իր անկախության հռչակման 250-րդ ամյակը։ Նախորդ այցը Մեծ Բրիտանիայի միապետի կողմից իրականացվել էր 2007թ.-ին թագուհի Էլիզաբեթի կողմից։