ԱՄՆ մամուլի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանմանը

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայ բնակիչներ ստիպված էին լքել իրենց հայրենիքը և տեղահանվել Հայաստան։ Այդ դեպքերը գտել են իրենց արձագանքը ամերիկյան մամուլում՝ ստանալով տարբեր գնահատականներ և մեկնաբանություններ  իրավիճակի։ Ստորև առանձնացրել ենք այն հիմնական կետերն ու մեսիջները, որոնք տեղ են գտել ԱՄՆ լրատվականներում։ 

«Անջատողականներ» եզրույթը՝ «հայեր կամ Ղարաբաղի հայ բնակչություն» եզրույթի փոխարեն.

Առաջին և գլխավոր խնդիրը, որին կարելի է բախվել ամերիկյան այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են «Associated Press»-ը,[1] «Wall Street Journal»-ը,[2] «Fox News»-ը,[3]   «NPR»-ը[4] և այլն, լուսաբանում են Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանումը, «անջատողականներ» եզրույթի կիրառմամբ։ «Տեղի հայ բնակչություն» կամ «ԼՂ հայեր» սահմանումների փոխարեն և «անջատողական կառավարություն»՝ «չճանաչված ԼՂ կառավարության» փոխարեն։ Դիսկուրսի նման փոփոխությունը կարող է վկայել երկու բանի մասին. կա՛մ ԱՄՆ-ի որոշ շրջանակներ փորձում են ապալեգիտիմացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում գոյություն ունեցող հայկական կազմավորումը, կա՛մ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում այդ նպատակին հասնելու համար։

ԱՄՆ օգնությունը Հայաստանին, Սամանթա Փաուերի այցը

Ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել են նաև ԱՄՆ պաշտոնական արձագանքին Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված։ Կարելի է առանձնացնել արձագանքի երկու ուղղություն՝ մեկը[5] Հայաստանին ֆինանսական օգնության տրամադրումը, մասնավորապես՝ Բայդենի վարչակազմի կողմից հայտարարված 11,5 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնության տեսքով։ Իսկ երկրորդը՝[6] հայտարարություն, որով կոչ էր արվում հարգել Հայաստանի «ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականություն և ժողովրդավարություն»։ Այս հայտարարությունն արվել էր  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ։ Այս նույն հայտարարությունը տեղ էր գտել նաև ՀՀ վարչապետին ուղղված Բայդենի նամակում, որը Փաուերը անձամբ էր փոխանցել։ Սամանթա Փաուերի այս այցը և ԱՄՆ-ի հայտարարված օգնությունը Հայաստանին լուսաբանվել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներում։

Հայաստանի և Ռուսաստանի միջև վատթարացող հարաբերությունները

Մյուս առանցքային կետը, որը լայնորեն լուսաբանվել է ամերիկյան լրատվամիջոցներում, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումն է և ռուս խաղաղապահների խնդիրը։

Նախ, ամերիկյան ԶԼՄ-ները ընդգծել են այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը մեղադրել է ռուս խաղաղապահներին հայ բնակչության պաշտպանությունը ձախողման մեջ,[7] ինչը նաև հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի Հայաստանում, այդ թվում՝ Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։[8]

Սակայն ընդգծվել է նաև, որ երկու երկրների միջև լարվածությունը ծագել է դեռևս Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումից առաջ։ Պատճառների թվում հատկապես ընդգծվել են երկուսը՝ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները և Հռոմի ստատուտի վավերացումը։[9] Ամերիկյան լրատվամիջոցների կողմից ընդգծված մեկ այլ պատճառ էլ այն է, որ Հայաստանի կողմից մարդասիրական օգնություն է ուղարկվել Ուկրաինա և ՀՀ վարչապետի կինը այց է կատարել Ուկրաինա։ «CNN»-ը նույնիսկ մեջբերել է Հայաստանի վարչապետի խոսքերը, առ այն, որ «Մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք Ուկրաինայի հետ պատերազմում»։[10]

Ոչ պակաս կարևոր անդարձ է Ռուսաստանի գործողությունների վերլուծությունը ԱՄՆ մամուլում։ «The New York Times»-ը եզրակացնում է, որ Ռուսաստանը գործել է իր շահերից ելնելով. ՌԴ-ն երես է թեքել Հայաստանից՝ անցնելով Ադրբեջանի կողմը, որը «շատ ավելի հարուստ է և ռազմական առումով ավելի ուժեղ, քան Հայաստանը» և «առաջարկում է ավելի մեծ շուկա ռուսական ապրանքների, մասնավորապես՝ զենքի համար, դեռ ավելին իր տարածքով են անցնում տարանցիկ ճանապարհներ և երկաթուղային գծեր, որոնք կենսական նշանակություն ունեն Իրանի և Թուրքիայի հետ Ռուսաստանի առևտուրն ապահովելու համար»:[11]

Այսպիսով հայ-ռուսական հարաբերությունների մասին ամերիկյան լրատվամիջոցների լուսաբանումը հիմնվում է երկու երկրների միջև առկա լարվածության ու խնդիրների վրա՝ հատուկ շեշտադրելով Արևմուտքին առնչվող կամ հուզող հարցերը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արևմտյան դիրքավորումը

Ինչպես նշվեց վերևում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բազմիցս լուսաբանվել են ամերիկյան մամուլում և Նիկոլ Փաշինյանի Արևմտյան ուղղվածությունը նույնպես ներկայացվել է հենց այս համատեքստում։ Որոշ լրատվական գործակալություներ, որոնցից է «Newsweek»-ը[12] ԼՂ-ի կազմալուծումը ներկայացրել է որպես «Նիկոլ Փաշինյանի հաղթանակ» ռեալպոլիտիկ առումով, քանի որ դա «քաղաքական բեռ էր և խոչընդոտ տարածաշրջանային խաղաղության և ինտեգրման համար»։ Այդ հոդվածի համաձայն՝ «Խաղաղությունը թույլ կտա Երևանին համագործակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչը կարող է կյանքի կոչել Փաշինյանի նպատակը՝ փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի արևմուտք»։

Որոշ այլ լրատվականներ ուշադրության են արժանացրել այն փաստը, որ Փաշինյանը և իր կառավարությունը քննադատաբար են մոտենում Մոսկվային և վերջինիս խաղաղապահներին և մատնանշել այն փոխադարձ մեղադրանքները,[13] որոնք վերջերս հնչեցվել են իրար հասցեի։ Փաշինյանը ներկայացված է որպես ղեկավար, ով «ձգտել է ամրապնդել կապերը ԱՄՆ-ի[14] և ԵՄ-ի հետ», մինչդեռ Ռուսաստանի նախագահը, ով մեղմ ասած դեմ է այսպես կոչված «գունավոր հեղափոխություններին», Փաշինյանին «կասկածանքով» է վերաբերում։ Ամերիկյան մամուլում նաև իրենց արձագանքն են գտել Փաշինյանի որոշ մեկնաբանությունները, որոնց թվում են՝ քննադատությունը Ռուսաստանի հասցեին, Հայաստանում ռուսական ռազմաբազայի շարունակական ներկայության անհրաժեշտության բացակայությունը և Հայաստանի հարաբերությունները դիվերսիֆիկացնելու  անհրաժեշտությունը։[15]

ԱՄՆ-ը ձեռնպահությունը հայերին օգնելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցում

Այն փաստը, որ ԱՄՆ-ը  բավական քայլեր չի ձեռնարկել օգնելու հայերին պաշտպանվել ադրբեջանական ագրեսիայից և որևէ կերպ պատասխանատվության չի ենթարկել Ադրբեջանին իր հանցագործությունների համար, տեղ է գտել ԱՄՆ մամուլում։ Եվ այժմ էլ որոշ լրատվականներ պնդում են, որ ԱՄՆ ակտիվությունն է անհրաժեշտ ադրբեջանական հնարավոր նոր հարձակումը կանխելու և ընդհանուր առմամբ Հայաստանի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու համար։ Ադյուհանդերձ, նման հոդվածները սակավաթիվ են և մի մասը գրված է ազգությամբ հայ հեղինակների կողմից։ Նման օրինակ են «Times» ամսագրում լույս տեսած երկու հոդվածները։ Առաջինում շեշտվում է որ «չնայած ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի ժողովրդավարությունը, այն շատ զգույշ է քննադատելու իր նավթա-ագրեսորին»: Ըստ հոդվածի՝ ԱՄՆ-ն կարող էր կանխել հայերի էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և այժմ էլ կարող է կանխել Հայաստանի դեմ հարձակումը, սակայն գործուն քայլեր չկան։[16] Նույն լրատվականի մեկ այլ հոդվածում ընդգծվում է, որ ԱՄՆ-ը ոչ միայն աչք է փակել Ադրբեջանի գործողությունների վրա, այլև «բազմիցս քաջալերել և լեգիտիմացրել է Ադրբեջանի բռնի դիվանագիտությունը՝ հրաժարվելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել շրջափակում իրականացնելու համար»:[17]

Հետաքրքրության է արժանի նաև մի հոդված, որը հրապարակվել էր Սամանթա Փաուերի այցի հետ կապված «Washington Examiner» լրատվակում։ Հոդվածի հեղինակը մեղադրել է Փաուերին կեղծավորության մեջ, քանզի վերջինս լռել է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հարձակման ժամանակ։ Նման քաղաքականություն տարվում էր նաև Նախագահ Բայդենի կողմից, ով թեև ճանաչել է Ցեղասպանությունը, բայց մյուս կողմից շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին։  Այսպիսով, Սպիտակ տունն ու Պետդեպարտամենտը կիրառում են «երկու կողմերին» ուղղված կոչերի մոտեցումը, հավասարության նշան դնելով էթնիկ զտման ենթարկվողների և ենթարկողների միջև։[18]

ԱՄՆ ակտիվության պակասի մասին վերջին շրջանում շատ է բարձրաձայնվում ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Վիվեք Ռամասվամիի կողմից։ Վերջինիս խոսքերը տեղ են գտել ԱՄՆ մի քանի լրատվականնում։ Ըստ նրա «20 տարի ԱՄՆ ղեկավարությունը թույլ է տվել Ադրբեջանի բռնապետական ռեժիմին ձեռք բերել ԱՄՆ զենքեր, որոնք այժմ օգտագործվում են հայ քրիստոնյաներին սպանելու համար։ Այժմ մենք լուրեր ենք ստանում, որ Արցախի էթնիկ զտումները բավարար չեն, և որ Ադրբեջանը կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չեն բաժանել Հայաստանը և բացել Զանգեզուրի միջանցքը դեպի Թուրքիա»։[19] Այստեղ, բնականաբար պետք է հասկանալ, որ նախընտրական փուլում նման հայտարարությունները սերտորեն կապված են հայ ընտրողների ձայները ստանալու նպատակի հետ։ Նմանատիպ մի շարք հայտարարություններ արվում են նաև դեմոկրատ կոնգրեսականների և սենատորների կողմից, ովքեր Հայկական հանձնախմբի անդամ են և ունեն բարեկամական հարաբերություններ հայ համայնքի հետ։ 

Եվս մեկ հետաքրքիր հոդված հրապարկվել էր «The Economist» լրատվականում։ Վերջինս Հայաստանին օգնելու հարցում առանցնանում է մոտակա  և երկարաժամկետ հեռանկարում անրաժեշտ քայլեր։ Մոտ ապագայում Արևմտյան կառավարությունները պետք է օգնեն Հայաստանին ԼՂ փախստականների հարցում և խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում, ըստ հոդվածի, Արևմուտքը պետք է աջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազեցնելու կախվածությունը Ռուսաստանից և Թուրքիային հորդորել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացելու սահմանները։[20]

Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=384


[1] Demourian A., More than 80% of Nagorno-Karabakh’s population flees as future uncertain for those who remain, https://apnews.com/article/nagorno-karabakh-azerbaijan-armenia-separatist-government-5f7b940643a3d6e63a6f3d512158e51a, (01.11.23).

[2] Grove Th., Luxmoore M., Armenia-Azerbaijan Conflict: What to Know About Nagorno-Karabakh, https://www.wsj.com/world/europe/armenia-azerbaijan-conflict-nagorno-karabakh-f1b0d1ce,  

[3] Over 70% of population in Nagorno-Karabakh flees as separatist country reintegrates with Azerbaijan, https://www.foxnews.com/world/over-70-population-nagorno-karabakh-flees-separatist-country-reintegrates-azerbaijan, (01.11.23).  

[4] Azerbaijan moves to reaffirm control of Nagorno-Karabakh as the Armenian exodus slows, https://www.npr.org/2023/10/02/1203150145/azerbaijan-moves-to-reaffirm-control-of-nagorno-karabakh-as-the-armenian-exodus-,(01.11.23).

[5] Reevell P., Nagorno-Karabakh enclave emptied after entire ethnic Armenian population flees, https://abcnews.go.com/International/nagorno-karabakh-enclave-emptied-entire-armenian-population-flees/story?id=103655356, (02.11.23).

[6] Dress B., US envoy arrives in Armenia amid fears of ethnic cleansing in Nagorno-Karabakh, https://thehill.com/homenews/4222323-us-envoy-arrives-in-armenia-amid-fears-of-ethnic-cleansing-in-nagorno-karabakh/, (02.11.23).

[7] Thousands of Armenians flee Nagorno-Karabakh as Azerbaijan reclaims separatist region, https://www.foxnews.com/world/thousands-armenians-flee-nagorno-karabakh-azerbaijan-reclaims-separatist-region, (02. 11.2023).

[8] Higgins A., As Armenia and Azerbaijan Clash, Russia Is a Distracted Spectator, https://www.nytimes.com/2023/09/21/world/europe/russia-armenia-azerbaijan-karabakh.html, (11.2023).

[9] Armenia grapples with multiple challenges after the fall of Nagorno-Karabakh, https://abcnews.go.com/International/wireStory/armenia-grapples-multiple-challenges-after-fall-nagorno-karabakh-103633854, (03.11.2023).

[10] Sebastian C., et al., Nagorno-Karabakh crisis lays bare Armenia’s deteriorating relations with Russia, https://edition.cnn.com/2023/09/20/asia/nagorno-karabakh-russia-reaction-intl/index.html, (03.11.2023).

[11] Higgins A., նշվ. աշխ.

[12] Epstein J., How Nagorno Karabakh’s Fall Could Help Armenia | Opinion, https://www.newsweek.com/how-nagorno-karabakhs-fall-could-help-armenia-opinion-1831816, (03.11.23).

[13] Thousands of Armenians flee Nagorno-Karabakh as Azerbaijan reclaims separatist region, https://www.foxnews.com/world/thousands-armenians-flee-nagorno-karabakh-azerbaijan-reclaims-separatist-region, (03.11.23).

[14] Halpin A., A Bitter Conflict Ends by Force, Not Diplomacy, https://www.bloomberg.com/news/newsletters/2023-09-20/a-bitter-conflict-in-nagorno-karabakh-ends-by-force-not-diplomacy, (06.11.23).

[15] Trofimov Y., Armenia Seeks Western Support as Relations With Russia Deteriorate, https://www.wsj.com/world/europe/armenia-seeks-western-support-as-relations-with-russia-deteriorate-cadce421,(06.11.23).

[16] Maghakyan S., Azerbaijan Could Invade Armenia. The U.S. Must Intervene, https://time.com/6327596/turkey-armenia-azerbaijan-invade-united-states/, (06.11.2023).

[17] Galitsky A., Iskanjyan G., The U.S. Keeps Failing Armenians in Nagorno-Karabakh, https://time.com/6316001/us-failures-nagorno-karabakh/, (06.11.2023). 

[18] Rubin M., Power failure: Biden official turns blind eye to genocide, https://www.washingtonexaminer.com/opinion/power-failure-biden-official-turns-blind-eye-to-genocide, (07.11.2023).

[19] https://twitter.com/VivekGRamaswamy/status/1717345146574889050, Mccormack J., What Ramaswamy Said about Israel, Armenia, and ‘Financial and Corrupting Influences’ in the U.S. Foreign Policy, https://www.nationalreview.com/corner/what-ramaswamy-said-about-israel-armenia-and-financial-and-corrupting-influences-in-u-s-foreign-policy/, (07.11.2023).

[20] A humanitarian disaster is under way in Nagorno-Karabakh, The Economist, https://bitly.ws/ZeFE, (07.11.23).

Կիսվել՝