Աֆղանստանը դարձավ ՍՄՆ արտաքին քաղաքական կարևորագույն մարտահրավերներից մեկը 2001թ. սեպտեմբերի 11-ի (9/11) ահաբեկչությունից հետո, երբ ԱՄՆ-ն սկսեց ռազմական օպերացիա «Ալ Քաիդայի» և այդ խմբավորմանը ապաստան տրամադրող ու աջակցող՝ Աֆղանստանի «Թալիբան» ռեժիմի դեմ։ Այս ընթացքում Աֆղանստանում մոտ 22.000 ամերիկացի զինվորական է վիրավորվել, իսկ 2400-ը՝ զոհվել, ԱՄՆ-ն Աֆղանստանի պատերազմում մոտ 2.2 տրիլիոն ԱՄՆ դոլար է ծախսել։1 2021թ. ապրիլի 14-ի իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նշել էր, որ մայիսի 1-ին Միացյալ Նահանգները կսկսի զորքերի վերջնական դուրսբերումը Աֆղանստանից, որը ավարտին կհասցվի մինչև 2021թ. սեպտեմբերի 11-ը։2 Արդեն 2021թ. օգոստոսի 30-ին Պենտագոնը հայտարարեց, որ վերջին ամերիկյան ռազմական օդանավը լքեց Աֆղանստանը:3
Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու գործընթացի և որոշումների կայացման հետ առնչվել են Օբամայի, Թրամփի, հիմա նաև Բայդենի վարչակազմերը։ Սա աստիճանական գործընթաց էր։ 2010-ականների սկզբին ամերիկյան էլիտան միանշանակ համոզվեց, որ ԱՄՆ զորքերը պետք է դուրս բերվեն Իրաքից և Աֆղանստանից։ Նախագահ Բարաք Օբաման դա հռչակեց որպես իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Նրան չհաջողվեց ամբողջությամբ հասնել այդ նպատակին, թեև հենց Օբամայի նախագահության տարիներին Պակիստանի տարածքում չեզոքացվեց «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը և Իրաքից դուրս բերվեց զորքերի մեծ մասը։ Զինվորական շրջանակները անընդհատ խոչընդոտում էին Օբամայի կողմից զորքերի դուրսբերմանը, քանզի դա կարող էր ԱՄՆ միջազգային դիրքավորման համար անընդունելի հետևանքներով ուղեկցվել։ Առկա էր լուրջ վտանգ, որ Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ դաշնակից կառավարություններն անմիջապես կտապալվեն, և այդ երկրները նորից կդառնան միջազգային ահաբեկչության օջախ։ Դոնալդ Թրամփը ևս ցանկանում էր դուրս բերել զորքերը Աֆղանստանից, սակայն, վարչակազմում տարաձայնությունների և Կոնգրեսի հետ անհամաձայնության պատճառով նրա պլանները իրականություն չդարձան։4
Նախագահ Բայդենի համար զորքերի դուրսբերումը Աֆղանստանից իր արտաքին քաղաքականության առաջին խոշոր քայլերից մեկն էր։ Բայդենի վարչակազմի գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցել են Օբամայի վարչակազմի ջանքերին՝ դուրս գալու 9/11-ից հետո սկսված պատերազմներից։ Սա բարդ քաղաքական առաջադրանք էր, ինչն ի վերջո հանգեցրեց ամերիկյան զորքերի թվի նվազմանը Աֆղանստանում և Իրաքում։ Այդ թիվը նվազեց՝ 2009թ. մոտ 180.000 զորքից 2017թ. արդեն հասնելով 15.000-ի։ Օբամայի երկրորդ պաշտոնավարման ընթացքում Վաշինգտոնի գլոբալ ռազմավարությունը նման էր Բայդենի կողմից «Մեծ յոթնյակի» հանդիպման ժամանակ հնչեցված ռազմավարությանը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու շուրջ աշխարհի միավորումը, գլոբալ առողջապահական համակարգի հզորացումը և դեպի Ասիա ուշադրության սևեռում՝ Ռուսաստանին զսպելու հետ մեկտեղ։ Բայդենը դարձավ հենց այն նախագահը, ով շարժվեց Աֆղանստանից ԱՄՆ զորքերի ամբողջական դուրսբերումն իրականացնելու ուղղությամբ։5
Դա պայմանավորված էր մի քանի պատճառներով։ Նախ՝ կար պատրանք, թե Աֆղանստանում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնց շնորհիվ Քաբուլը կարող էր պահպանել իշխանությունը՝ ամերիկյան զորքերի հեռանալուց հետո առվազն մի քանի ամիս։ Երկրորդ՝ հստակորեն պարզ դարձավ, որ ԱՄՆ ներկայությունն Աֆղանստանում չի հետապնդում կարևոր քաղաքական շահեր։ Հենց այս թեզն էր դարձել նախագահ Բայդենի այն ելույթի գլխավոր հիմնավորումը, որտեղ նա բացատրում էր ԱՄՆ զորքերը դուրս բերելու նշանակությունը։ Սա ինքին պարադոքսալ է։ ԱՄՆ-ն ծախսել է 20 տարի և մոտ 2 տրիլիոն ԱՄՆ դոլար (այս թիվը համեմատելի է Ռուսաստանի ՀՆԱ-ի հետ) քաղաքականապես փակուղային արտաքին քաղաքական ծրագրի իրականացման համար։ Երրորդ՝ ամերիկյան քաղաքական հաշվարկներում վերադարձավ ռեալիզմը, և Աֆղանստանը՝ ամերիկյան հետաքրքրությունների հիերարխիայում ստացավ համապատասխան երկրորդական դեր։ Ազգային հետախուզության խորհրդի տարեկան զեկույցում ահաբեկչության դեմ պայքարը ԱՄՆ սպառնալիքների ցանկում վերջին տեղերից մեկում էր։ Եվ չորրորդ՝ ԱՄՆ-ը գիտակցեց, որ պետք է կենտրոնացնի իր ռեսուրսները այլ կարևոր ոլորտներում։6
Ահաբեկչության մարտահրավերը աստիճանաբար փոխարինվում է Միացյալ Նահանգների համար կարևոր այլ մարտահրավերներով, որոնք ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են դարձել։ Ապրիլին Կոնգրեսին ուղղված Բայդենի առաջին ուղերձից և հունիսին կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին նրա ելույթից պարզ դարձավ, որ այնպիսի հարցերը, ինչպիսիք են համավարակին վերջ տալը, կլիմայական փոփոխության դեմ պայքարը, ժողովրդավարության վերածնունդը և ԱՄՆ-ին ու իր դաշնակիցներին հավակնոտ Չինաստանի դեմ երկարաժամկետ մրցակցության պատրաստելը կլինեն Բայդենի վարչակազմի առաջնահերթությունները։ Բացի այդ, Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ մրցակցությունը ամերիկյան քաղաքականության մեջ այն կարևոր հարցն է, որը երկկուսակցական լայն աջակցություն է վայելում։ Ճակատագրի հեգնանքով, Չինաստանի վերաճումը գլոբալ գերտերության կարգավիճակի աճ գրանցեց 9/11-ի դեպքերից հետո, երբ ԱՄՆ-ն մեծապես զբաղված էր ահաբեկչության դեմ պայքարով և Մերձավոր Արևելքով։7
Երկար ժամանակ ամերիկացիները չէին տեսնում իրենց արժանի հակառակորդի և բավական ուշացած ուշադրություն սևեռեցին Չինաստանի վրա։ Աշխարհում Միացյալ Նահանգների ազդեցությունն այնքան մեծ էր, որ ԱՄՆ-ն պարզապես կարող էր իրեն թույլ տալ քսանամյա այս արշավը։ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը արդեն հիմա ցույց է տալիս, որ ԱՄՆ կառավարությունը հաշվարկել է առավել մոտալուտ մարտահրավերների մասին, որոնց հետ առաջիկայում երկիրը կարող է առերեսվել։8
Աֆղանստանի մասին իր մեկնաբանություններում Բայդենը նշել է, որ «մեր իրական ռազմավարական մրցակիցները՝ Չինաստանն ու Ռուսաստանը, շատ կցանկանային, որ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարների ռեսուրսներ ու ուշադրություն անընդհատ շարունակի կենտրոնացնել Աֆղանստանը կայունացնելու գործի վրա»։9
Ներկայիս աֆղանական կառավարության տապալումը հավանական է, որ կհանգեցնի ամերիկյան կուսակցական պայքարի այն թեմայի շուրջ, թե ով տանուլ տվեց Աֆղանստանը։ Նման քաղաքական պայքարը դառնալու է 2022թ. միջանկյալ ընտրությունների մաս։ Հավանական է, որ դեպքերը զարգանան հետևյալ սցենարով. դեմոկրատները կմեղադրեն նախկին նախագահ Թրամփին, իսկ հանրապետականները՝ նախագահ Բայդենին: Նրանց փաստարկները հետևյալն են լինելու. դեմոկրատները պնդելու են, որ Թրամփի վարչակազմը ձախողել է՝ ստորագրելով փետրվարի 22-ի խաղաղության համաձայնագիրը, քանի որ այն ներառում էր զորքերի դուրսբերում բանակցությունների համար՝ առանց ստեղծելու արդյունավետ խաղաղության հաստատման գործընթաց: Արդյունքում, դեմոկրատները պնդելու են, որ մինչ Բայդենի վարչակազմի պաշտոնը ստանձնելը, ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը և աֆղանական քաղաքական իրարանցումը տեղի էր ունեցել՝ անխուսափելի դարձնելով Աֆղանստանի «կորուստը»: Մյուս կողմից՝ հանրապետականները կկենտրոնանան զորքերի դուրսբերման վրա, որը տեղի էր ունեցել Օբամայի վարչակազմի օրոք, բայց կանտեսեն Թրամփի վարչակազմի կողմից նշված դուրսբերման ժամկետներն ու գործողությունները և շեշտը կդնեն Բայդենի երդմնակալությունից հետո սկսված դուրսբերման գործընթացի վրա: Նրանց քննարկման առարկա կդառնա Բայդենի 2021թ. ապրիլի 14 -ի հայտարարությունը առ այն, որ ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս կգա մինչև 2021թ. սեպտեմբերի 11-ը:10
Իրականում Աֆղանստանից ԱՄՆ զորքերը դուրս բերելու քաղաքականությունը առանձին վերցրած մեկ վարչակազմի քաղաքական ծրագիր չէր։ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) Հարավային և Հարավարևելյան Ասիայի հակաահաբեկչական պայքարի ղեկավարը, ով մինչև իր 2019թ. պաշտոնաթողությունը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի համար Աֆղանստանում գնահատումների իրականացման պատասխանատու էր, նշում է, որ «ԱՄՆ զորքերը դուրս բերելու որոշումը, որը կայացրել էր Թրամփը, իսկ Բայդենը՝ վավերացրել, կայացվեց՝ չնայած այն հետևանքների մասին նախազգուշացումներին, որոնց այժմ ականատես ենք լինում։ Սա մի ուղի էր, որին Թրամփը և Բայդենը տուրք տվեցին՝ «վերջ տալու համար հավերժական պատերազմներին» կարգախոսի պատճառով, որի ուղղությամբ նրանք երկուսն էլ շարժվում էին»։11
Ինչպե՞ս Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումն անդրադարձավ Ջո Բայդենի և ԱՄՆ-ի վարկանիշի վրա
Ըստ «The Atlantic»-ի հրապարակած զեկույցի՝ Իրաքի աղետալի պատերազմը, Աֆղանստանի կառավարությունում համատարած կոռուպցիան և «Թալիբանի» վերածնունդը Բայդենին դարձրել էին խորապես թերահավատ ամերիկյան պարտավորությունների նկատմամբ դեռ այն ժամանակ, երբ նա 2009թ. դարձավ փոխնախագահ։ Նա Օբամայի վարչակազմում դարձավ Աֆղանստանից դուրս գալու ամենամեծ կողմնակիցը: Դեռևս 2010թ. Բայդենը Օբամայի՝ Աֆղանստանում և Պակիստանում հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Հոլբրուքին ասել էր, որ անկախ կանանց կամ որևէ այլ անձանց համար հավանական հետևանքներից, ԱՄՆ-ը պետք է հեռանա Աֆղանստանից: Ինչպես նշված է Հոլբրուքի օրագրում, երբ Բայդենին հարց ուղղվեց աֆղանների, ինչպես օրինակ՝ քաբուկցի աղջիկների իրավունքների նկատմամբ ամերիկյան պարտավորությունների մասին, նա շատ կոշտ պատասխանեց. «Մենք թքած ունենք, ոչնչի մասին անհանգստանալու կարիք չունենք: Մենք դա արեցինք Վիետնամում, և դա Նիքսոնի ու Քիսինջերի համար որևէ հետևանք չունեցավ (“Fuck that, we don’t have to worry about that. We did it in Vietnam, Nixon and Kissinger got away with it.”)»:12
Աֆղանստանից ամերիկյան ռազմական ուժերը դուրս բերելու նախագահ Բայդենի որոշումը պատճառ դարձավ, որ Աֆղանստանի կառավարությունը փլուզվի, ինչն արագացավ դուրսբերմանը նախորդող վերջին շաբաթների ընթացքում: Մինչ ամերիկացիները հեռանում էին, թալիբները ամբողջությամբ հետ էին վերցնում երկրի նկատմամբ վերահսկողությունը:
Ինչ վերաբերում է հանրային կարծիքին, ապա նախ պետք է հասկանալ, որ ամերիկացիների մեծամասնությունը այնքան էլ մտահոգված չէ արտաքին քաղաքականությամբ, բացի այդ, նրանց մեծամասնությունը նախկինում աջակցել է Աֆղանստանից զորքերը դուրս բերելու Բայդենի որոշմանը: Նույնիսկ եթե ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է, որ իրենց զորքերը դուրս բերվեն Աֆղանստանից, հնարավոր է, որ նրանց դուր չի գալիս այն, թե ինչպես են դա իրականացնում։ Դրա արդյունքում տուժում է Բայդենի ընդհանուր վարկանիշը։ Այն արդեն իսկ իր նախագահության ընթացքում ամենացածր կետի վրա է գտնվում: Առայժմ շատ բան անհայտ է, և հաշվի առնելով, թե որքան արագ է այս գործընթացը զարգանում, դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն երկարաժամկետ հետևանքները ներքին քաղաքականության վրա:13
Նախագահ Ջո Բայդենի՝ ապրիլին Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալու ժամկետների մասին հայտարարությունից հետո նրա աշխատանքին հավանություն տվողների ցուցանիշը նվազել է 2,6 տոկոսով՝ օգոստոսի 23-ին հասնելով իր նախագահության ամենացածր կետին: Բայդենը քննադատության է արժանացել դուրսբերումը սխալ կերպով իրականացնելու համար, որի արդյունքում «Թալիբանը» արագորեն գրավել է իշխանությունը Քաբուլում՝ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի երկրից հեռանալուց ընդամենը մի քանի ժամ անց: Ըստ «FiveThirtyEight»-ի տվյալների, որոնք հիմնված են բազմաթիվ հարցումների վրա՝ անցկացված այնպիսի ընկերությունների կողմից, որոնց թվում են «YouGov»-ը, «Fox News»-ը, «Ipsos»-ը և «Morning Consult»-ը, ապրիլի 14-ին, երբ Ջո Բայդենը առաջին անգամ հայտարարեց Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին, նրա հավանության վարկանիշը (approval rate) 52.5 տոկոս էր, մինչդեռ բացասական վարկանիշը կազմում է 40,9 տոկոս:14 Սեպտեմբերի 1-ի հարցումների համաձայն՝ Ջո Բայդենի վարկանիշը մինչ այժմ իր նախագահության համար ռեկորդային ցածր մակարդակի վրա է գտնվում՝ հասնելով 46.7 տոկոսի:15 Վարկանիշի նման անկումը պայմանավորված է նաև օգոստոսի 26-ին Քաբուլի Համիդ Միրզայի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությամբ, որի հետևանքով զոհվեցին ԱՄՆ 13 զինվորականներ։16
Ինքը՝ Բայդենը, մինչ օրս էլ համարում է, որ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերումը ճիշտ որոշում էր։ Բայդենն իր ելույթներից մեկում նշել էր. «Այժմ ես ԱՄՆ չորրորդ նախագահն եմ (երկու դեմոկրատ և երկու հանրապետական), որոնց օրոք դեռ շարունակվում է ԱՄՆ ներգրավվածությունն Աֆղանստանի պատերազմում։ Ես այս պատասխանատվությունը չեմ փոխանցի հինգերորդ նախագահին։ Սա չի բխում մեր ազգային անվտանգության շահերից։ Սա այն չէ, ինչ ամերիկացի ժողովուրդն է ուզում… Մեր առաքելությունն Աֆղանստանի պատերազմում երբեք չի ենթադրվել, որ այն կլինի ազգ կառուցող… Ես չեմ զղջում իմ որոշման համար վերջ տալ Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ պայքարին»։17
«Morning Consult/POLITICO»-ի հարցումների համաձայն՝ ամերիկյան հասարակության շրջանում Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման նկատմամբ աջակցությունը 20 տոկոսով ընկել է ապրիլից օգոստոս ամիսների ընթացքում, ինչն արագանում էր «Թալիբանի» կողմից երկրի գրավմանը զուգահեռ։ Օգոստոսի 13-16-ին անցկացված հարցումը նշում է, որ ամերիկյան ընտրողների միայն 25 տոկոսն է կարծում, որ Աֆղանստանից դուրսբերումը հարթ է ընթանում։ Ընտրողների 49 տոկոսը աջակցում է դուրսբերմանը։ Այդ ցուցանիշը ապրիլին կազմում էր 69 տոկոս։18
ԶԼՄ-ների կողմից Աֆղանստանի կառավարության փլուզման համար քննադատության արժանացավ ոչ միայն նախագահ Բայդենը, այլև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Լրագրողները գտել են Էնթոնի Բլինքենի հին թվիթները՝ արված դեռ 2019թ., որտեղ նա քննադատում է Թրամփին «իմպուլսիվ և չմտածված դուրսբերման» համար՝ այն ժամանակ, երբ «Թալիբանի» հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ էին։19
Չնայած այս քննադատությանը՝ իր հարցազրույցներից մեկում պետքարտուղար Բլինքենը արտահայտեց իր տեսակետը, որը տարբերվում էր մի քանի տարի առաջ արտահայտած իր կարծիքից։ Մասնավորապես, նա համարում է, որ «Աֆղանստանում ևս մեկ, հինգ կամ տասը տարով մնալը չի բխում ԱՄՆ ազգային շահերից»։ Նա ընդգծեց, որ չնայած ԱՄՆ չորս վարչակազմերի կողմից Աֆղանստանում ներդրումներին ու միլիարդավոր դոլարներին, աֆղանական ուժերը անկարող գտնվեցին պաշտպանելու երկիրը, և դա տեղի ունեցավ շատ ավելի արագ, քան ակնկալվում էր։20
Վարչակազմը այժմ պետք է հետաքննի ստեղծված իրավիճակը։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն արդեն խոստացել է մանրամասն հետաքննություն՝ արդյունքների հանրային հրապարակմամբ, որը նշանակում է կատարողականի գնահատում, այն մասին, թե ինչպես է իրականացվել դուրսբերումը։ «Մենք ուսումնասիրելու ենք այս ամենը վերևից ներքև». հայտարարել է Ջեյք Սալիվանը։21
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլիամ Բըրնսը պաշտոնը ստանձնելուց ի վեր իր առաջին տաղավարային հարցազրույցի ժամանակ պատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ստույգ էին ԱՄՆ հետախուզության այն հաշվարկները, որ աֆղանական կառավարությունը կտապալվի ԱՄՆ զորքերի դուրսբերումից վեց ամիս անց։ Ի պատասխան՝ ԿՀՎ ղեկավարը նշեց, որ «այն զարգացումները, որոնց այսօր բոլորս ականատես ենք լինում, միանշանակ անհանգստացնող են… Ես կասեի, որ աֆղանական կառավարությունը ունի զգալի ռազմական հնարավորություններ։ Գլխավոր հարցը նրանում է, ըստ իս, ԿՀՎ իմ բոլոր գործընկերների և հետախուզական համայնքի, թե արդյո՞ք այդ հնարավորությունները կարող են կիրառվել այնպիսի քաղաքական կամքով և ղեկավարության միասնականությամբ, որն անվերապահորեն անհրաժեշտ է «Թալիբանին» դիմակայելու համար»։22
Առանձին հարց է՝ արդյո՞ք դուրսբերումը կազդի Միացյալ Նահանգների նկատմամբ իր դաշնակիցների և ընդհանրապես գործընկերների վստահության վրա, և արդյո՞ք կտուժի ԱՄՆ-ի իմիջը Աֆղանստանից դուրս գալուց հետո: Ինչպես այո, այնպես էլ ոչ՝ նշում են ռուս փորձագետները։ Այո, քանի որ Քաբուլում գործընկերներին աջակցելուց հրաժարվելը Վաշինգտոնի կողմից նման մոտեցման առաջին դրսևորումը չէ: Իսկ միջազգային իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին հովանավորչություն փնտրող երկրները կասկածելու համար ևս մեկ առիթ ստացան: Ոչ, քանի որ Աֆղանստանը և համաշխարհային տիրապետության դարաշրջանի կայսերական գերլարվածության այլ դեպքերը հատուկ դեպքեր են, դաշինքների ավանդական համակարգն այժմ որակապես ավելի կարևոր է: Եվ ամենակարևորը՝ ԱՄՆ-ի եվրոպական և ասիական դաշնակիցները դեռ տեղում են: Այսպիսով, նրանք կհամոզեն իրենց և բոլորին, որ անհարմար բան է ստացվել, բայց դա նշանակություն չունի, ավելի կարևոր բաներ էլ կան։23
Ամերիկայի իմիջը որպես «պատասխանատու գերտերություն» իսկապես ցնցվել է, բայց դժվար թե ԱՄՆ այլ տարածաշրջանների դաշնակիցները ինչ-որ դաս քաղեն այս պատմությունից։ ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ կհիմնվեն դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա՝ իրենց անվտանգության նկատմամբ որպես ԱՄՆ պարտավորության երաշխիք։ Մյուսները, ինչպիսին է Թայվանը, կարևորություն կստանան գերտերությունների տխրահռչակ մեծ խաղում։ Երրորդը՝ Ուկրաինան և Վրաստանը Արևմտյան հավատարմության վրա հույսները կդնեն՝ հիմնվելով նրա վրա, որ իրենք մշակութապես պատկանում են «քաղաքակիրթ ժողովուրդներին»։ Նույնիսկ հիմա եվրոպացիները ցանկանում են «վերջին ծառայությունը» մատուցել Վաշինգտոնին՝ առաջարկելով իրենց տարածքները աֆղան փախստականներին՝ յուրաքանչյուր երկիր իր հնարավորությունների սահմանում։24
Ի՞նչ է նշանակում Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը Ռուսաստանի համար
Մինչ արևմտյան ազգերն անհանգստացած են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերմամբ՝ այն առումով, որ օրինակ կանայք և աղջիկները կարող են ենթարկվել բռնությունների, Մոսկվան առավել փափուկ մոտեցում է որդեգրել։25 Հռետորաբանության մեղմացումը նույնպես ակնհայտ է։ Մասնավորապես, ռուսական պետական լրատվական գործակալություն ՏԱՍՍ-ը «ահաբեկիչ» բառը փոխարինել է «ծայրահեղական» բառով՝ «Թալիբանի» մասին իր հաղորդումներում։26
«Թալիբանի» միջազգային դիրքը զգալիորեն բարելավվել էր Կրեմլի հետ բարձր մակարդակի շփումների արդյունքում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գովեստի արժանացրեց «Թալիբանին»՝ նախորդ ամիս Մոսկվայում կայացած վերջին այցի ժամանակ։ Ռուսաստանի կապերը «Թալիբանի» հետ կարող են ավելի խոր լինել, քան սկզբնապես կանխատեսվում էր։ Նախկինում ԱՄՆ զինվորականները մեղադրում էին Մոսկվային՝ թալիբների պատերազմական արշավին մաքսանենգ զենքերով աջակցելու մեջ և թերագնահատելով Աֆղանստանում իսլամական պետության առաջ քաշած սպառնալիքը՝ թալիբների վերադարձը լեգիտիմացնելով։ Մոսկվան, մյուս կողմից, այնպիսի տպավորություն է թողնում, որ կընդունի ցանկացած տարբերակ, որի պարագայում ԱՄՆ երկու տասնամյակ տևած հակամարտությունը ավելի ձախողված թվա։27
ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ ՝ օգոստոսի 16-ին, «Թալիբանի» կողմից Քաբուլի գրավումից մեկ օր անց, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան հայտարարեց, որ «իմաստ չունի խուճապի մատնվել», և որ Մոսկվայի դեսպանատունը կշարունակի իր բնականոն աշխատանքը: Նա հավելել է, որ իրենք «շահագրգռված են Աֆղանստանում արագ, խաղաղ կարգավորմամբ և դրան հաջորդող կայունացմամբ և հետկոնֆլիկտային իրավիճակից հետո վերականգնմամբ»:28
Չնայած այն հանգամանքին, որ ծայրահեղ իսլամիստական կազմակերպության ծագումը կարելի է գտնել 1980-ականների ԽՍՀՄ դեմ պատերազմում, Ռուսաստանի ներկայիս վերաբերմունքը խմբավորման նկատմամբ պրագմատիկ է: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ իրավիճակը Քաբուլում «կայունանում է» և պնդեց, որ թալիբները սկսել են «վերականգնել հասարակական կարգը»: Ըստ Աֆղանստանում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ժիրնովի՝ «Թալիբանն» արդեն պահպանում էր դեսպանատունը և Մոսկվային երաշխիքներ էր տվել, որ շենքն անվտանգ կլինի, և որ իրենց դիվանագետների գլխից «ոչ մի մազ չի պակասի»։29
Մինչ այդ, Դմիտրի Ժիրնովը հանդիպում ունեցավ «Թալիբանի» անվտանգային բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որն ընթացավ «դրական և կոնստրուկտիվ… «Թալիբան» շարժումը ունի շատ բարեկամական և լավագույն քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ… նա եկավ միայնակ՝ մեկ մեքենայով, առանց թիկնազորի»։ Գլխավոր դերակատարը, ում հետ «Թալիբանը» շփվում է, Ռուսաստանի նախագահի հատուկ դեսպանորդ Զամիր Քաբուլովն է։ Քաբուլովը հաստատեց, որ «Կենտրոնական Ասիայի մեր դաշնակիցների նկատմամբ անմիջական սպառնալիք մենք չենք տեսնում։ Հակառակն ապացուցող փաստեր չկան»։ Խոսելով «Թալիբանի» դիվանագիտության մասին՝ նա նշեց, որ «եթե համեմատենք գործընկերների հետ բանակցելու կարողությունը, ապա «Թալիբանի» հետ երկար ժամանակ է, ինչ ավելի հեշտ է բանակցել, քան Քաբուլի խամաճիկ կառավարության հետ»։ Մենք առաջ ենք գնում այն նախապայմանի հիման վրա, որ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն։ Մինչ այժմ դեսպանության անվտանգության և Կենտրոնական Ասիայի մեր դաշնակիցների անվտանգության առումով «Թալիբանը» հարգել է պայմանավորվածությունները։30
Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ «եթե մենք ցանկանում ենք, որ Կենտրոնական Ասիայում խաղաղություն լինի, պետք է բանակցենք «Թալիբանի» հետ»:31
Քաղաքական նկատառումներից ելնելով՝ չնայած նրան, որ «Թալիբանը» 2003-ից Ռուսաստանում որակվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, Մոսկվան տարիներով պահպանել է շփումները «Թալիբանի» պաշտոնյաների հետ, ներառյալ նաև նրանց Մոսկվա հրավիրելը։ Այս շփումների նպատակն է թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի հարևան երկրներ և ահաբեկչության ալիք բարձրանա Ռուսաստանի Կենտրոնական Ասիայի հարևան երկրներում, որտեղ Մոսկվան ունի ռազմաբազաներ։ Ռուսաստանի կառավարությունը ցանկանում է պաշտպանել իր տնտեսական և անվտանգային շահերն Աֆղանստանում, և այդ նպատակին հասնելու պատճառով էլ Ռուսաստանը պատրաստ է աշխատել «Թալիբանի» հետ։32
Այնուամենայնիվ, Մոսկվան պրագմատիկ է գործումդեռևս «Թալիբանին» թողնելով ահաբեկչական խմբավորումների ցանկում։ Նախագահ Պուտինն ասաց, որ հույս ունի, թե «Թալիբանը» իր խոստումը կպահի և կարգուկանոն կհաստատի։ «Կարևոր է թույլ չտալ, որ ահաբեկիչները ներթափանցեն հարևան երկրներ». ասել է նա։ Անցած ամիս Ռուսաստանը «Թալիբանից» երաշխիքներ ստացավ, որ ցանկացած գրանցված հաջողություն Աֆղանստանում վտանգի չի ենթարկի իր տարածաշրջանային դաշնակիցներին, և որ նրանք կշարունակեն պայքարել ԻՊ-ի ահաբեկիչների դեմ։33
Այժմ Մոսկվան անընդհատ ռազմական վարժանքներ է իրականացնում՝ որակելով ԱՄՆ զորքերի դուրսբերումը որպես աղետ։ Հուլիսի վերջից սկսած՝ Ռուսաստանը մասնակցել է երեք միացյալ ռազմական վարժանքների՝ Պեկինի հետ՝ Չինաստանի արևմտյան շրջան Նինսյա-Հուեյում, Տաշքենդի հետ՝ Ուզբեկստանի Թերմեզ մարզադաշտում և Տաշքենդի ու Դուշանբեի հետ՝ Աֆղանստանի հետ Տաջիկստանի սահմանին մոտ։ Ըստ ռուս ռազմական պաշտոնյաների՝ ԻՊ-ը ենթադրյալ թիրախներից մեկն էր։34
Հետաքրքիր է, որ ի պատասխան «Թալիբանի» կողմից Աֆղանստանի գրավմանը` Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները ներկայացրին միասնական ճակատով գործելու գաղափարը՝ խոստանալով ամրացնել համագործակցությունը հետագա հնարավոր հետևանքների հարցում։35
Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը չինական «Global Times»-ին ասել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), որտեղ Աֆղանստանն ունի դիտորդի կարգավիճակ, լավ դիրքերում է՝ «միաժամանակ անդրադառնալու Աֆղանստանի անվտանգության, տնտեսական և մարդկային զարգացման օրակարգերին»: Քանի որ երկիրը ձգտում է վերակառուցվել և վերականգնվել, ՇՀԿ անդամները կարող են «աջակցել քաղաքական կայունությանը, լայնածավալ տնտեսական նախագծերի իրականացմանը և աջակցել սոցիալական կապիտալի կառուցմանը»:36 Տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ «Թալիբանի» վերադարձը կարող է վերահսկվել Մոսկվայի և Պեկինի կողմից: Սա վկայում է այն մասին, որ ՇՀԿ-ն կարող է հարթակ լինել ամբողջ գործընթացի կազմակերպման համար, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը կիրականացնեն ՇՀԿ-ի նիստերում ընդունված որոշումները:37
Բացի այդ, Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը չեն փակել Աֆղանստանում իրենց դեսպանատները և «Թալիբանի» հետ մշտական կապի մեջ են։ Հնարավոր է, որ իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով՝ այս երկրները վաղ թե ուշ ճանաչեն «Թալիբանին», ինչը նրանց ԱՄՆ-ի հետ ուղղակի հակասության մեջ կդնի։38
Եզրակացություն
Բայդենի որոշումն իրապես վերջ դրեց մի դարաշրջանի, որը սկսվել էր 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ։ Ահակաբեկչության դեմ պայքարն այլևս ԱՄՆ անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը բնորոշող հիմնական հարացույցը չէ։ ԱՄՆ-ը շարժվում է (կամ վերադառնում) դեպի մեծ տերությունների հետ բախմանը (Չինաստանի և Ռուսաստանի)։39
Միացյալ Նահանգների քաղաքական ծրագիրը` դուրս բերել ԱՄՆ զորքերը Աֆղանստանից, աստիճանաբար իրականացվել է ԱՄՆ մի քանի վարչակազմերի կողմից, սակայն ծրագրի լիարժեք իրականացումը տեղի ունեցավ, երբ Ջո Բայդենը ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը։
«Ավարտելով հավերժական պատերազմները» կարգախոսը լիովին համապատասխանում է այս իրավիճակի նկարագրությանը։ Չնայած զորքերի դուրսբերման հայտարարությունից հետո նախագահ Ջո Բայդենի վարկանիշը գրանցել է իր նախագահության ընթացքի ամենացածր ցուցանիշը, այնուամենայնիվ, Ջո Բայդենը չի ափսոսում, որ կայացրել է այդ որոշումը։
Նախկին նախագահ Թրամփն ու իր թիմը, ինչպես նաև հանրապետականները միանգամից սկսեցին ագրեսիվ հարձակումներ Ջո Բայդենի դեմ՝ գիտակցելով, որ նա բավական բարդ դրության մեջ է։ Իհարկե բոլորի համար էլ ակնհայտ է, որ Աֆղանստանում ներկայությունը չէր կարող հավերժ տևել, բայց միևնույն ժամանակ էլ շատերի համար հասկանալի չէր, թե ինչու ամերիկյան զորքերի դուրսբերումը տեղի ունեցավ այդքան արագ, անկազմակերպ և մի շարք խնդիրներով համեմված։ Բնականաբար, Բայդենի հակառակորդները՝ հանրապետականները, կփորձեն օգտագործել այս իրավիճակը դեմոկրատների դեմ։ Նրանք արդեն իսկ լուրջ մարտահրավեր են նետում Բայդենին, ինչը կարող է բերել դեմոկրատների պարտությանը միջանկյալ ընտրություններում և դառնալ լուրջ գլխացավանք դեմոկրատների համար՝ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ։
Անհանգստացած այս ամենով՝ նախագահ Բայդենը ԿՀՎ ղեկավարին ուղարկեց Աֆղանստան՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ Բայդենի վարչակազմը լրջորեն անհանգստացած է աֆղանական ֆիասկոյով և այն հավանական քաղաքական հետևանքներով, որը կարող է տեղի ունենալ Դեմոկրատական կուսակցության և նախագահ Բայդենի համար։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների իմիջին, որպես «պատասխանատու գերտերություն»՝ այն իսկապես որոշակիորեն տուժել է։ Այնուամենայնիվ, ԱՄՆ դաշնակիցները կմնան վերջինիս այնքան հավատարիմ, որքան առաջ էին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դաշինքների ավանդական համակարգը ժամանակակից աշխարհում որակապես կարևորվում է։
Հետաքրքիր է հետևել նաև Վաշինգտոնում ընթացող ներքաղաքական այլ գործընթացներին։ Մասնավորապես, հետաքրքիր է թե ինչպես է աֆղանական ֆիասկոյին անդրադառնում պետական համակարգը։ ԱՄՆ հետախուզական համայնքը և պետդեպարտամենտը ի սկզբանե փորձեցին պատասխանատվությունը բարդել նրանց վրա, ովքեր կայացնում են քաղաքական որոշումներ։ Սկզբում ԱՄՆ լրատվամիջոցները հաղորդեցին, որ ԿՀՎ-ն պարբերաբար տեղեկացրել է երկրի ղեկավարությանը, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո «Թալիբանը» կգրավի իշխանությունն առավել արագ, քան ակնկալվում էր։40 Պետդեպարտամենտը նաև հավատացած էր, որ ԱՄՆ զորքերի նման դուրսբերումը լուրջ խնդիրներ կստեղծի Աֆղանստանի իշխանությունների համար, և «Թալիբանը» շուտով իր ձեռքը կվերցնի իշխանությունը Քաբուլում:41 Շատ փորձագետներ մեղադրում են Պենտագոնին, շատերը՝ Անվտանգության խորհրդին, նախագահ Բայդենի խորհրդականներին, իսկ շատերն էլ մեղադրում են հենց Բայդենին։
Կարող են լինել նաև առավել հեռուն գնացող մտահոգություններ։ Զորքերի նման քաոսային դուրսբերման թեմայի քննարկումը արդեն երկրորդ ամիսն է չի դադարում Վաշինգտոնում։ Հանրապետականները և նախկին նախագահ Թրամփը ամեն ինչ անում են մեղադրելու անձամբ նախագահ Բայդենին։42 Բայդենի վարկանիշը ամենից ցածր մակարդակի վրա է գտնվում։43 Չնայած այն հանգամանքին, որ ամերիկացիների մեծամասնությունը դրական է գնահատում Աֆղանստանից հեռանալը, ժողովրդի շատ մեծ տոկոս մեղադրում է իշխանություններին՝ նմանատիպ ոչ պրոֆեսիոնալ ձևով դուրսբերումն իրականացնելու և ամերիկյան զինվորականների մահվան համար։ Դեմոկրատները հասկանում են, որ մոտալուտ միջանկյալ ընտրություններում նրանք կարող են կորցնել իրենց մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում։ Սա, իհարկե, հիմք կարող է հանդիսանալ հանրապետականների համար իմպիչմենտի գործընթաց սկսելու Բայդենի դեմ, ինչը ներկայումս անհնարին է, քանի որ դեմոկրատները մեծամասնություն են կազմում կոնգրեսի երկու պալատներում էլ։ Սակայն, եթե 2022թ. դեմոկրատներին չհաջողվի մեծամասնություն կազմել Կոնգրեսի երկու պալատներում, ապա իմպիչմենտը հնարավոր կդառնա։44 Բայդենի համար կարող են նաև շատ անհանգստացնող լինել այն լուրերը, որ փոխնախագահ Քամալա Հարիսն իր քաղաքական ցանցն ընդլայնելու համար ուժեր է մոբիլիզացնելու, և որ փոխնախագահը հարաբերություններ է կառուցում դեմոկրատական գործընկերների լայն շրջանակի հետ, ինչը նա կարող է օգտագործել վարչակազմում դիրքերն ամրապնդելու, ինչպես նաև գալիք նախագահական ընտրարշավի ժամանակ:45 Սա նշանակում է, որ Հարիսը փորձում է իրեն հեռացնել Աֆղանստանի խնդրից և խաղում է իր առանձին քաղաքական խաղը:
Ուշադրության է արժանի մեկ այլ փաստ։ Ակնհայտ է, որ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի վերջնական և ամբողջական դուրսբերումը կնշանակի, որ ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարներ կխնայի։ Տարբեր հաշվարկներով, ԱՄՆ-ը մոտ 300 միլիոն դոլար է ամեն օր ծախսել Աֆղանստանում։46 Շատ հնարավոր է, որ այս գումարների մեծ մասը ուղղվի Բայդենի արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների սպասարկմանը։ Բայդենի արտաքին քաղաքականության համատեքստում, առավել հրատապ մարտահրավերներ են դիտարկվում Չինաստանի և Ռուսաստանի ազդեցության զսպումը։ Նման ֆինանսական միջոցների ներդրումը լուրջ ազդեցություն կարող է ունենալ գլոբալ մրցակցության մեջ։ Չի բացառվում, որ այս միջոցների որոշ մասն էլ ծախսվի B3W նախագծի իրականացման վրա, որի գլխավոր նպատակն է զսպել Չինաստանի աճող ազդեցությունը։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը դարձել է այնքան կարևոր, որ անգամ ստվերել է ԵՄ-ի հետ հարաբերությունները։47
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա հիմնական նպատակը դեպի հարևան երկրներ հակամարտությունների, լարվածության կամ անկայունության տարածման կանխումն է և ահաբեկչության ներթափանցման կանխումը Ռուսաստանի Կենտրոնական Ասիայի հարևան երկրներ, որտեղ Ռուսաստանն ունի ռազմաբազաներ։ Այդ է պատճառը, որ այժմ Ռուսաստանը խթանում է «Թալիբանի» միջազգային վստահելիության բարձրացմանը բանակցությունների համար մի քանի անգամ վերջինիս հյուրընկալելով Մոսկվայում և փորձելով մշտական շփումներ պահել նրանց հետ։ Հավանական է, որ աշխարհաքաղաքական պատճառներից ելնելով՝ Ռուսաստանը ապագայում ճանաչի «Թալիբանին»։
Ընդհանուր առմամբ, «Թալիբանի» ու Աֆղանստանի հարցը բավական զգայուն թեմա է Ռուսաստանում, քանզի մինչ օրս ԽՍՀՄ զորքերի դուրսբերումը Աֆղանստանից ենթագիտակցորեն փոխկապակցվում է ԽՍՀՄ փլուզման հետ։ Իրականում, Ռուսաստանն ունի մեծ փորձ ու գիտելիք Աֆղանստանի հետ հարաբերություններում։ Այս փորձն է օգտագործվում ներկայիս դիվանագիտական շփումներում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չի ցանկանում ունենալ մեծածավալ ռազմական ներկայություն Աֆղանստանում, բայց կասկած չկա, որ Ռուսաստանը կսկսի ակտիվ շփումներ ու համագործակցություն ծավալել «Թալիբանի» հետ։ Ռուսաստանը կաշխատի «Թալիբանի» կառավարության հետ, քանզի ուրիշ այլընտրանք հավանաբար չկա։ Ռուսաստանը պատրաստ չէ կրկնել ԽՍՀՄ սխալը, այն է՝ զորքեր ուղարկել Աֆղանստան, քանի դեռ չկա ահաբեկչության լուրջ սպառնալիք Ռուսաստանի ազգային անվտանգությանն Աֆղանստանից՝ Կենտրոնական Ասիայի միջոցով։ Այդ նպատակի համար Ռուսաստանն իրականացնում է ակտիվ ռազմական վարժանքներ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ օգտագործելով Կենտրոնական Ասիան որպես վահան կամ բուֆերային գոտի հավանական ահաբեկչական հարձակումների դեմ։
- Suliman A., Nearly 20 years of war, 10 days to fall: Afghanistan, by the numbers, The Washington Post, August 20, 2021, https://www.washingtonpost.com/world/2021/08/20/afghanistan-war-key-numbers/.
- Afghanistan: Background and U.S. Policy: In Brief, Congressional Research Service, June 11, 2021, pp. 1-2.
- Gaouette N., Hansler J., Starr B. & Liebermann O., The last US military planes have left Afghanistan, marking the end of the United States’ longest war, CNN, August 31, 2021, https://edition.cnn.com/2021/08/30/politics/us-militarywithdraws-afghanistan/index.html
- Miller P., Withdrawal Deadlines In War: Vietnam, Iraq, and Afghanistan, Atlantic Council, 2020, pp. 21-23.
- Rhodes B., Them and Us How America Lets Its Enemies Hijack Its Foreign Policy, Foreign Affairs, September/October, 2021, https://www.foreignaffairs.com/articles/united-states/2021-08-24/foreign-policy-themand-us.
- Сушенцов А., Сколько стоит опыт? Двадцать лет экспериментов США на Ближнем и Среднем Востоке, Валдай, August 17, 2021,https://ru.valdaiclub.com/a/highlights/dvadtsat-let-eksperimentov-ssha-na-blizhnemvostoke/?fbclid=IwAR2x8PQuWMqLdC7JcP6iN0J9YjQrlnTZXSI4bBn6Uhubt6LY2ylCuSceZb8.
- Rhodes B., նշվ. աշխ.։
- США в Афганистане: что это было?, Пост-Америка, https://t.me/postamerica/323.
- Remarks by President Biden on Afghanistan, The White House, August 16, 2021, https://www.whitehouse.gov/briefing-room/speeches-remarks/2021/08/16/remarks-by-president-biden-onafghanistan/
- Cordesman A., Learning from the War: “Who Lost Afghanistan?” versus Learning “Why We Lost”, Center for Strategic and International Studies, August 11, 2021, https://www.csis.org/analysis/learning-war-who-lostafghanistan-versus-learning-why-we-lost.
- London D., CIA’s Former Counterterrorism Chief for the Region: Afghanistan, Not An Intelligence Failure —Something Much Worse, Just Security, August 18, 2021, https://www.justsecurity.org/77801/cias-formercounterterrorism-chief-for-the-region-afghanistan-not-an-intelligence-failure-something-much-worse/.
- Packer J.,A Debt of Honor, The Atlantic, March 26, 2021, https://www.theatlantic.com/ideas/archive/2021/03/wecant-abandon-afghans-who-helped-us/618416/.
- Skelley G., Afghanistan Has Fallen To The Taliban. How Will Americans Judge Biden’s Decision To Withdraw?, FiveThirtyEight, August 16, 2021, https://fivethirtyeight.com/features/afghanistan-has-fallen-to-the-taliban-howwill-americans-judge-bidens-decision-to-withdraw/.
- Dutton J., How Joe Biden’s Approval Rating Changed Since Afghanistan Withdrawal Announcement, Newsweek, August 17, 2021, https://www.newsweek.com/joe-biden-president-approval-rating-all-time-low-afghanistanwithdrawal-1620030.
- How popular/unpopular is Joe Biden? FiveThirtyEight, August 24, 2021, https://projects.fivethirtyeight.com/bidenapproval-rating/.
- Trofimov Y., Youssef N., Rasmussen S., Kabul Airport Attack Kills 13 U.S. Service Members, at Least 90 Afghans, The Wall Street Journal, August 27, https://www.wsj.com/articles/afghanistan-kabul-airport-explosion-11629976397
- Remarks by President Biden on Afghanistan, supra note 8.
- Sheehey M., Poll: Support for Afghanistan withdrawal plummets as Taliban seize control, POLITICO, August 16, 2021, https://www.politico.com/news/2021/08/16/poll-afghanistan-withdrawal-taliban-505165.
- Antony Blinken, Twitter, January 2, 2019, https://twitter.com/ABlinken/status/1080307075543121921.
- Secretary Antony J. Blinken With Jake Tapper of State of the Union on CNN, U.S. Department of State, August 15, 2021, https://www.state.gov/secretary-antony-j-blinken-with-jake-tapper-of-state-of-the-union-on-cnn/.
- Biden’s promised review of pullout from Afghanistan not yet started – source, Reuters, August 19, 2021, https://www.reuters.com/world/asia-pacific/bidens-promised-review-pullout-afghanistan-not-yet-started-source2021-08-19/.
- Transcript: NPR’s Full Conversation With CIA Director William Burns, NPR, July 22, 2021, https://www.npr.org/2021/07/22/1017900583/transcript-nprs-full-conversation-with-cia-director-william-burns.
- Пост-Америка, https://t.me/postamerica/320.
- Сучков М., Уход Байдена из Афганистана: последствия для США и России, Валдай, August 24, 2021, https://ru.valdaiclub.com/a/highlights/ukhod-baydena-iz-afganistana-posledstviya/.
- Besheer M., Russia Casts a Pragmatic Eye on Afghanistan’s Taliban, Voice of America, August 23, 2021, https://www.voanews.com/europe/russia-casts-pragmatic-eye-afghanistans-taliban
- Kozlov P., Rynda A., Afghan crisis: Russia plans for new era with Taliban rule, BBC, August 21, 2021, https://www.bbc.com/news/world-europe-58265934.
- Rickelton Ch., Central Asia and Afghanistan: Enemies at the gate?, Eurasianet, August 13, 2021, https://eurasianet.org/central-asia-and-afghanistan-enemies-at-the-gate?fbclid=IwAR2Y5-swHQln_wg3s2B3QfGyB5ugq2MHQe5jGNVOCD7bZIohUgIjCWlhQI0.
- Kozlov P., Rynda A., նշվ. աշխ.։
- SCO set to come into focus as China, Russia, Iran inch towards recognising Taliban regime in Afghanistan, FirstPost, August 19, 2021, https://www.firstpost.com/india/sco-set-to-come-into-focus-as-china-russia-iran-inchtowards-recognising-taliban-regime-in-afghanistan-9896661.html.
- Escobar P., China, Russia are stage-managing the Taliban, AsiaTimes, August 19, 2021, https://asiatimes.com/2021/08/china-russia-are-stage-managing-the-taliban/.
- Նույն տեղում
- Besheer M., նշվ. աշխ.։.
- Kozlov P., Rynda A., նշվ. աշխ.։
- Rickelton Ch., նշվ. աշխ.։
- Patranobis S., China, Russia agree to cooperate on Afghanistan, Hindustan Times, August 25, 2021, https://www.hindustantimes.com/world-news/china-russia-agree-to-cooperate-on-afghanistan101629902232669.html.
- SCO set to come into focus as China, Russia, Iran inch towards recognising Taliban regime in Afghanistan, նշվ. աշխ.։
- Escobar P., նշվ. աշխ.։
- SCO set to come into focus as China, Russia, Iran inch towards recognising Taliban regime in Afghanistan, նշվ. աշխ.։
- Сучков М., նշվ. աշխ.։
- Gazis O., U.S. intelligence warned Afghan forces were increasingly fragile in run-up to Taliban takeover, CBS News, August 18, 2021, https://www.cbsnews.com/news/afghanistan-us-intelligence-increasingly-fragile-talibantakeover/
- Dangor G., U.S. Secretary Of State Was Reportedly Warned In July That Afghan Government Could Collapse Soon, Forbes, August 19, 2021, https://www.forbes.com/sites/graisondangor/2021/08/19/us-secretary-of-state-wasreportedly-warned-in-july-that-afghan-government-could-collapse-soon/?sh=d59596429699
- Carmack D., Blame Joe Biden for the Afghanistan Disaster. No One Else, The Heritage Foundation, August 21, 2021, https://www.heritage.org/defense/commentary/blame-joe-biden-the-afghanistan-disaster-no-one-else.
- Speakman K., Biden Approval Rating Drops To Lowest Following Afghanistan Withdrawal, Poll Finds, Forbes, September 2, 2021, https://www.forbes.com/sites/kimberleespeakman/2021/09/02/biden-approval-rating-drops-tolowest-following-afghanistan-withdrawal-poll-finds/?sh=5a3faf9415cf
- Finn T., Tsirkin J., McConnell throws cold water on GOP calls to impeach Biden, NBCNews, September 1, 2021, https://www.nbcnews.com/politics/white-house/mcconnell-throws-cold-water-gop-calls-biden-impeachmentn1278275
- Daniels E., Harris uses convening power to expand her political network, POLITICO, August 19, 2021, https://www.politico.com/news/2021/08/19/kamala-harris-political-network-506204
- Helman C., Tucker H., The War In Afghanistan Cost America $300 Million Per Day For 20 Years, With Big Bills Yet To Come, Forbes, August 16, 2021, https://www.forbes.com/sites/hanktucker/2021/08/16/the-war-inafghanistan-cost-america-300-million-per-day-for-20-years-with-big-bills-yet-to-come/?sh=53077e1c7f8d
- Naß M.,Der neue Westen liegt im fernen Osten, Zeit Online, September 1, 2021, https://www.zeit.de/politik/ausland/2021-08/us-aussenpolitik-westmaechte-ostmaechte-europa-afghanistan-5v8
Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=245