ԱՄՆ արձագանքը Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին

Մայիսին Թուրքիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով Էրդողանը վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Այս նախագահական ընտրությունները ընթացան երկու փուլով, քանի որ առաջին փուլի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չստացավ 50%-ից ավելի քվեներ։ Հիմնական պայքարն ընթանում էր երկու թեկնածուների՝ նախագահ Էրդողանի եւ 6 ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնող «Ազգի դաշինքի» թեկնածու Քըլըչդարօղլուի միջեւ։ Թուրքիայի ընտրությունները գտնվում էին ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում։ Սա պայմանավորված էր այն հանգամանքով, որ Էրդողանի օրոք ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում էական լարվածություն է առաջացել ամենատարբեր ոլորտներում։ Էրդողանական Թուրքիան ձգտում է նվազագույնի հասցնել արեւմտյան ազդեցությունն իր եւ իր տնտեսության վրա, ինչի նպատակը հնարավորինս ազատ գործողությունների հնարավորությունն է Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ այլն: Այդ իսկ պատճառով Արեւմուտքը նախընտրում էր Թուրքիայում ունենալ արեւմտամետ գործիչ, որի հետ հնարավոր կլիներ աշխատել առանց լրացուցիչ գլխացավանքների: Քըլըչդարօղլուն կարող էր դառնալ նման արեւմտամետ գործիչ, որի հետ Արեւմուտքը հույս ուներ պակաս խնդրահարույց հարաբերություններ զարգացնել։ Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն Քըլըչդարօղլուին աջակցելու առումով բաց մոտեցում չի ցուցաբերել, հանդես է եկել առավել զգուշավորությամբ՝ գիտակցելով Էրդողանի վերընտրման մեծ հավանականությունը։ Ի վերջո, Էրդողանը երկրի ղեկին է՝ սկսած 2003 թ., սկզբում՝ որպես վարչապետ, իսկ հետո՝ արդեն նախագահ։ Իր ձեռքի տակ ունենալով հսկայական պետական ռեսուրսներ եւ աջակիցների մեծ բանակ՝ Էրդողանին հաջողվեց պարտության մատնել գլխավոր հակառակորդ Քըլըչդարօղլուին՝ ապահովելով իր իշխանությունը մինչ 2028 թ.։ Այս փուլում չափազանց կարեւոր է դիտարկել Վաշինգտոնի արձագանքը թուրքական ընտրություններին՝ հասկանալու այն մեսիջները, որոնք ամերիկյան պաշտոնյաները արտահայտում են իրենց շնորհավորական ուղերձներում:

Ստորեւ կներկայացվի ԱՄՆ արձագանքը Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին, ինչպես պետական մակարդակով, այնպես էլ ԶԼՄ-ների շրջանում։

Պետական մակարդակով ԱՄՆ արձագանքը Էրդողանի վերընտրությանը

Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունները լարված են վերջին տարիներին, ինչը մեծապես պայմանավորված է Էրդողանի անձով եւ վերջինիս՝ ավելի խորացող հարաբերություններով Ռուսաստանի հետ։ Էրդողանի կողմից Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելն իր եւ իր աջակիցների կողմից դիտարկվում է նաեւ որպես հարված Արեւմուտքին, մասնավորապես Միացյալ Նահանգներին, որն, ըստ Էրդողանի, փորձում էր միջամտել Թուրքիայի ընտրություններին եւ առաջ մղել Էրդողանի գլխավոր հակառակորդին։ Էրդողանին հատկապես բարկացրել էր այն փաստը, որ Անկարայում ԱՄՆ դեսպանը հանդիպել էր իր քաղաքական ախոյան Քըլըչդարօղլուի հետ։ Էրդողանը դա դիտարկել էր որպես միջամտություն Թուրքիայի ընտրություններին Քըլըչդարօղլուին աջակցություն ցույց տալու տեսքով։

Այսպիսով՝ դեռ ընտրապայքարի ժամանակ Էրդողանն ու իր աջակիցները թիրախավորում էին ԱՄՆ-ն եւ խոսում վերջինիս «դաս տալու» անհրաժեշտության մասին1։

Միեւնույն ժամանակ, երբ Թուրքիայում ընտրությունները դեռ ընթացքի մեջ էին, ԱՄՆ պաշտոնյաները խուսափում էին լրացուցիչ մեկնաբանություններից եւ առավել եւս իրենց նախընտրությունները հանրայնորեն բարձրաձայնելուց՝ զգուշանալով Էրդողանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելուց։

ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ասուլիսների ժամանակ պարբերաբար հնչել է Թուրքիայի ընտրություններին վերաբերող հարցեր։ Այդուհանդերձ, խոսնակը մշտապես շեշտում էր ԱՄՆ պաշտոնական տեսակետն առ այն, որ «ԱՄՆ-ն կշարունակի խորացնել Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններն ու համագործակցությունը՝ անկախ նրանից, թե ով կընտրվի Թուրքիայի նախագահ»2։

Ընտրությունների վերջնարդյունքներից հետո ԱՄՆ-ն նախագահի մակարդակով շնորհավորեց Էրդողանին. Ջո Բայդենը հեռախոսով խոսեց Էրդողանի հետ՝ շնորհավորելով նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ երկու նախագահները «արտա- հայտեցին երկուստեք հանձնառություն՝ շարունակելու աշխատել միասին որպես սերտ գործընկերներ՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ»3:

Էրդողանին շնորհավորել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ նշելով. «Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր դաշնակից եւ գործընկեր է ԱՄՆ-ի համար»4։

ԱՄՆ մամուլի արձագանքը Էրդողանի վերընտրությանը

Էրդողանի վերընտրման մասին ԱՄՆ մամուլի արձագանքի առումով կարելի է առանձնացնել մի քանի հիմնական դրույթներ։

• Էրդողանի վերընտրմամբ Թուրքիայում կամրապնդվի ավտորիտարիզմը։

Ըստ ամերիկյան մամուլի՝ Էրդողանն իր վերընտրվելու եւ հակառակորդին պարտության մատնելու համար գործի էր դրել պետական ողջ ապարատը, օգտվել ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողությունից եւ իրեն ձեռնտու ընտրական օրենքներից։ Այդ իսկ պատճառով նախագահի պաշտոնում Էրդողանի վերընտրվելը դիտարկվում է որպես «հաղթանակ ողջ աշխարհի ավտոկրատիաների համար»։ Ավելին, եւս հինգ տարով Էրդողանի պաշտոնավարումը առավել կխորացնի պետական ինստիտուտների խարխլումը՝ արմատավորելով ավտորիտար քաղաքական բարքերը5:

Մեկ այլ լրատվական եւս շեշտադրում է այն, որ Էրդողանի հաղթանակով վերջինս ամրապնդեց իր «ավելի խորացող ավտորիտար կառավարումը»։ Նաեւ սպասվում է, որ Էրդողանը կներկայացնի նոր սահմանադրություն, որում կներառի այն բոլոր փոփոխությունները, որոնց ձգտում է իր պահպանողական եւ կրոնական «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը6։

• Թուրքիան կշարունակի խորացնել կապերը Ռուսաստանի հետ՝ հեռանալով արեւմտյան ուղեծրից։

Ամերիկյան մամուլը նաեւ անհանգստացած է Թուրքիայի հակաարեւմտյան դիրքորոշմամբ։ Էրդողանը բազմիցս պնդել է, որ Միացյալ Նահանգներն այս ընտրություններում աջակցում է իր քաղաքական հակառակորդին, մինչդեռ վերջինիս քաղաքական ախոյան Քըլըչդարօղլուն իր հերթին մեղադրում էր Ռուսաստանին ընտրություններին միջամտելու մեջ։

Նա նույնիսկ իր թվիթերյան բլոգում ռուսերենով գրառում էր կատարել՝ զգուշացնելով Ռուսաստանին չմիջամտել ընտրություններին։ Էրդողանն ավելի է հեռանում տրանսատլանտյան ուղեծրից եւ ավելի սերտ կապեր հաստատում այլ ավտոկրատ պետությունների՝ ներառյալ Ռուսաստանի հետ: Թուրքիայի տնտեսական խնդիրները մեղմելու համար Էրդողանը կարողացավ ֆինանսական աջակցություն ստանալ Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ Քաթարից Կենտրոնական բանկի վարկերի տեսքով, ինչը թույլ տվեց նրան ընտրություններին ընդառաջ բարձրացնել աշխատավարձերը7:

Էրդողանի վերընտրվելու լուրը ողջույնների ալիք առաջացրեց մի շարք ավտորիտար երկրներում, որոնք առաջինը շնորհավորական ուղերձներ հղեցին վերընտրված նախագահ Էրդողանին։ Առաջինը շնորհավորական ուղերձներ հղած երկրների շարքում էին Ռուսաստանը, Քաթարը, Լիբիան, Ալժիրը, Հունգարիան, Իրանը եւ Պաղեստինի իշխանությունները։ Այդուհանդերձ, թիրախում առավել շատ Ռուսաստանն էր, եւ հատուկ ուշադրություն էր դարձված Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձին, որտեղ նշվում էր, որ ընտրությունները «…հստակ ապացույց են այն բանի, որ թուրք ժողովուրդը աջակցում է Էրդողանին՝ ամրապնդելու պետական ինքնիշխանությունը անկախ արտաքին քաղաքականություն վարելու հարցում»8։

Ըստ ԱՄՆ լրատվականների՝ չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է՝ այնուամենայնիվ, Էրդողանի օրոք երկիրն ավելի սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ եւ էլ ավելի խորացրել ավտորիտար կառավարումը։

Լրատվականների համաձայն՝ նրա այս քաղաքականությունը ազդեցություն կունենա Թուրքիայի սահմաններից դուրս, որն իր հերթին ռազմավարական կարեւոր դիրք ունի Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում9։

• Թուրքիան կընդլայնի իր աշխարհաքաղաքական դիրքերը՝ օգտվելով Արեւմուտք-Ռուսաստան պայքարից։

Ամերիկյան մամուլի համաձայն՝ Էրդողանը այս վերընտրման ընթացքում, չնայած բոլոր խնդիրներին, ուներ մեկ առավելություն, այն է՝ Էրդողանի «ճկուն աշխարհաքաղաքական մանեւրումը, որի շնորհիվ Թուրքիան ընդլայնել է իր ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես Արեւմուտք-Ռուսաստան ընդլայնված հակամարտությունում»։ Ավելին, նշվում է, որ Էրդողանը ամրապնդել է իր դիրքերը Թուրքիայում՝ դիրքավորվելով որպես համաշխարհային կարեւոր առաջնորդ, որը ներգրավված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում։ Նրան հաջողվել է զենք վաճառել Կիեւին՝ մինույն ժամանակ ընդլայնելով տնտեսական կապերը Մոսկվայի հետ։

Իսկ արեւմտյան դաշնակիցների հետ հարաբերություններում Էրդողանը լիովին օգտագործում է ձեռքի տակ եղած լծակները, ինչպես, օրինակ, Շվեդիայի անդամակցության խափանումը ՆԱՏՕ-ին10։

ԱՄՆ-ում գիտակցում կա, որ Էրդողանին հաջողվում է ՆԱՏՕ-ի դաշնակից լինելով հանդերձ՝ սերտ կապեր հաստատել ԱՄՆ-ի հակառակորդների, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։ Թուրքիան իր շահերն է սպասարկում՝ միջամտելով երկու բեւեռների միջեւ հավասարակշռությանը։ Էրդողանին հաջողվում է դատապարտել Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումը՝ միեւնույն ժամանակ հրաժարվելով սանկցիաներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

Փոխարենը ընդլայնվում են թուրքական առեւտրային կապերը Մոսկվայի հետ։ Նա Վլադիմիր Պուտինին անվանում է «իմ ընկեր» եւ խոչընդոտում ՆԱՏՕ-ի ընդլայնման ջանքերին՝ թույլ չտալով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ընդգրկումը ՆԱՏՕ-ի կազմում11։

Մեծ հաշվով մամուլի արձագանքներից եւ փորձագիտական շրջանակների տեսակետների ուսումնասիրություններից կարելի է հստակ հետեւություններ անել ամերիկյան մոտեցումների մասին Թուրքիայում կայացած ընտրությունների եւ Էրդողանի վերընտրվելու վերաբերյալ: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներում առանձնապես ոգեւորված չեն Էրդողանի հաղթանակով, սակայն ստիպված են լինելու շարունակել համագործակցությունը Էրդողանի եւ նրա քաղաքական թիմի հետ՝ ունենալով ինչպես ընդհանուր շահեր, այնպես էլ խոր հակասություններ:

Բնօրինակը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2023/06/Դրօշակ-թիվ-6-2023թ..pdf

Հղումներ

1 Տե՛ս Stamouli N., 2023’s most important election: Turkey https:// www.politico.eu/article/turkey-2023-election-erdogan-kilicdaroglu/, (30.05.2023)։

2 Տե՛ս Department Press Briefing – May 15, 2023, https://www.state.gov/ briefings/department-press-briefing-may-15-2023/ (30.05.2023)։

3 Տե՛ս Readout of President Biden’s Call with President Erdogan of Tür- kiye, https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/ 2023/ 05/29/readout-of-president-bidens-call-with-president-erdogan- of-turkiye-2/, (30.05.2023)։

4 Տե՛ս https://twitter.com/SecBlinken/status/1662928629955805184?s= 20, (30.05.2023)։

5 Aydintasbas A., Opinion, Erdogan Won Turkey’s Election, But this is not the End of the Story, https://www.washingtonpost.com/ opinions/2023/05/29/turkey-election-results-erdogan-challenge/, (31.05.2023)։

6 Fraser S., Bilginsoy Z., https://apnews.com/article/turkey-presidential- election-erdogan-kilicdaroglu-d4f8adee43d7cc807b39d1f47ef4baea, (31.05.2023)։

7 Տե՛ս Aydintasbas A., նշվ. աշխ.։
8 Տե՛ս Tuysuz G., Gezer Y., Qiblawi T., Erdogan wins Turkish election,extending rule to third decade, https://edition.cnn.com/2023/05/28/ europe/turkey-president-runoff-polls-erdogan-intl/index.html, (31.05.2023)։

9 Տե՛ս Elden N., Austin H., President Recep Erdoğan re-elected for un- precedented third term as Turkey’s president, https://www.nbcnews. com/news/world/turkey-election-president-recep-erdogan-runoff-ke- mal-kilicdaroglu-nato-rcna86052, (01.06.2023)։

10 Տե՛ս Malsin J., Kivilcim E., https://www.wsj.com/articles/turkeys-erdo- gan-claims-victory-in-presidential-election-889d8cde, (01.06.2023)։


11 Տե՛ս Hubbard B., President Erdogan Wins Re-Election A¡er Biggest Challenge yet, https://www.nytimes.com/live/2023/05/28/world/ turkey-election-results-erdogan#:~:text=Turkey%20ElectionsPresident%20Erdogan%20Wins,to%20the%20country%27s%20electoral%20 authority, (01.06.2023)։

Կիսվել՝