Իշխանության գալուց հետո Բայդենի վարչակազմը պարբերաբար նշել է, որ Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում ժողովրդավարության վերահաստատումը շատ կարևոր է մեր ժամանակների` նախադեպը չունեցող մարտահրավերներին դիմակայելու համար։ Հավատարիմ մնալով 2020թ. նախագահական քարոզարշավի ընթացքում իր տված խոստմանը՝ պաշտոնը ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում նախագահ Բայդենը 2021թ. դեկտեմբերի 9-10-ը կազմակերպեց Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին մոտ 110 երկրների առաջնորդներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ։
Գագաթնաժողովը խարսխված է երեք նպատակների շուրջ՝
1) պաշտպանություն ավտորիտարիզմից,
2) կոռուպցիայի դեմ պայքար և հակազդում,
3) մարդու իրավունքների պաշտպանություն:
Գագաթնաժողովի շրջանակներում ակնկալվում էր, որ ԱՄՆ-ը և հրավիրյալ երկրները կստանձնեն հստակ հանձնառություններ ներքին բարեփոխումների և միջազգային նախաձեռնությունների հետ կապված իրենց կոնկրետ գործողությունների մասին՝ առաջ մղելու գագաթնաժողովի վերոհիշյալ երեք նպատակները։1
Նախքան Ժողովրդավարության գագաթնաժողովը, դեկտեմբերի 7-ին Սպիտակ տան կողմից կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Բայդենի վարչակազմի ավագ պաշտոնյաների կողմից ներկայացվեցին գագաթնաժողովի հետ կապված մի շարք մանրամասներ։ Քանի որ գագաթնաժողովին մասնակցելու համար հրավիրված էին ինչպես երկրի ղեկավարներ, այնպես էլ պետական տարբեր մարմինների պաշտոնյաներ և մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, ավագ պաշտոնյաները հրավիրյալների այդ ընտրությունը հիմնավորեցին հետևյալ կերպ. ժողովրդավարությունը «մի գործընթաց է, որը ներառում է բազմաթիվ դերակատարներ կառավարության թե´ ներսում, թե´ կառավարությունից դուրս՝ և´ պետական, և´ տեղական մակարդակներում», այն պարզապես մեկ առաջնորդ, կուսակցություն կամ ժամանակահատված չէ։ Ավագ պաշտոնյաները հպանցիկ անդրադարձան այն նախաձեռնություններին, որոնք պետք է մեկնարկեն գագաթնաժողովի շրջանակում, սակայն նախաձեռնությունների և աշխատանքի ուղիների մասին առավել մանրամասն ներկայացվեց գագաթնաժողովի 3 օրերի ընթացքում։2
Ժողովրդավարության գագաթնաժողով. Օր զրո
Թեև բուն գագաթնաժողովը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 9-10-ը, Պետդեպարտամենտը կազմակերպել էր լրացուցիչ միջոցառում դեկտեմբերի 8-ին՝ այսպես կոչված «Օր զրոն»։ Միջոցառումը սկսվեց լրատվամիջոցների ազատությանը նվիրված քննարկմամբ՝ ԱՄՆ-ի, Նիդեռլանդների և Կանադայի առաջնորդությամբ։ Քննարկման սկիզբը ազդարարվեց պետքարտուղար Բլինկենի նախապես ձայնագրված ելույթով, որտեղ նա նշեց, որ ԱՄՆ-ը նախատեսում է «զգալի նոր ներդրումներ իրականացնել ֆինանսական ռիսկի տակ գտնվող անկախ լրատվամիջոցներին աջակցելու համար»։ Նախ, Բլինկենի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ը կիրականացնի «ամենամեծ ներդրումը մյուս բոլոր կառավարությունների շարքում, նոր ստեղծված հանրային շահը ներկայացնող լրատվականների միջազգային հիմնադրամին»։ Բացի այդ, Բլինկենը հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) նոր նախաձեռնության՝ «Լրատվամիջոցների կենսունակության աքսելերատորի» մասին (հետագայում առավել մանրամասն սրա մասին խոսել է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը)։ Ըստ Բլինկենի՝ այս նախաձեռնությունները ԱՄՆ-ին կարժենան «236 միլիոն ԱՄՆ դոլար, որը Բայդենը հայցել է 2022թ. բյուջեում…[և որը] 40%-ով ավելի է, քան 2020-ի համար նախատեսված գումարը»: Հաջորդ նախաձեռնությունը, որի մասին խոսեց Բլինկենը, իրենից ներկայացնում է «հիմնադրամ, որը ֆինանսապես աջակցելու է լրագրողներին և լրատվական կազմակերպություններին, որոնք թիրախավորվում են իրենց գործունեության համար»։ Եվ վերջում Բլինկենը խոսեց «լրատվամիջոցների ազատության կոալիցիայի մասին, որը խստորեն դատապարտել է [լրատվամիջոցների վրա հարձակման] դեպքերը Բելառուսում, Հոնկոնգում, Մյանմարում և Ռուսաստանում». այս և այլ կառույցների միջոցով «ԱՄՆ-ը խթանելու է առավել մեծ բազմակողմ ճնշումները» այդ երկրների նկատմամբ։
Առաջին քննարկման մասնակիցների թվում էին նաև Նոբելյան մրցանակի երկու դափնեկիրներ, ինչը բավական հաճախ շեշտադրվում էր քննարկաման ընթացքում, նրանք են՝ «Новая Газета» թերթի խմբագիր Դմիտրի Մուրատովն ու «Rappler» լրատվականի տնօրեն Մարիա Ռեսսան։
«Օր զրոյի» շրջանակներում տեղի ունեցավ Բլինկենի քննարկումը երիտասարդ առաջնորդների հետ տարբեր երկրներից, ինչպես նաև մի քանի քննարկում նվիրված մասնավոր սեկտորի ու կառավարության փոխհարաբերությունների և ժողովրդավարությանն ուղղված համատեղ քայլերին, կանանց քաղաքական և քաղաքացիական առաջնորդությանը՝ ժողովրդավարության զարգացման համար, նոր տեխնոլոգիաների դերին ժողովրդավարության մեջ, ինչպես նաև ընդհանուր առմամբ բաց, վստահելի և անվտանգ համացանցի ապագայի հետ կապված խնդիրներին։ Օրը եզրափակվեց քաղբանտարկյալներին նվիրված քննարկմամբ։ Մինչ քննարկումը Բլինկենը ներկայացրեց այդ քննարկման մասնակիցներին, որոնց թվում էին «Տատյանա Խոմիչը՝ Բելառուսում վերջին 15 ամիսները բանտում անցկացրած ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի քույրը, [ինչպես նաև] Ռայհան Ասաթը՝ ազգությամբ ույղուր, տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկատեր Էկբար Ասաթի քույրը. Էկբար Ասաթը գտնվում է մենախցային բանտարկության մեջ սկսած 2019-ից»։ Այնուհետև Չինաստանում քաղբանտարկյալների խնդրին անդրադարձ կատարեց քննարկաման մոդերատոր և ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան։ Վերջինս նշեց, որ «Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, ի թիվս այլոց, տրամադրում է բավական բարդ վերահսկողության տեխնոլոգիաներ այլ ավտորիտար և որոշ ժողովրդավարական կառավարությունների, և այս գործիքներն օգտագործվում են թիրախավորելու և շատ դեպքերում անարդարացիորեն բանտարկելու քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, լրագրողներին և այլոց: Այլ կերպ ասած՝ այն մեխանիզմները, որոնք հեշտացնում են ՉԺՀ-ում ույղուրների և այլ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների լայնածավալ ձերբակալությունները, տարածվում են ամբողջ աշխարհով մեկ»։3
Ժողովրդավարության գագաթնաժողով. Օր առաջին
Ժողովրդավարության գագաթնաժողովի առաջին օրը բացման ելույթով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Իր ելույթում նա նշեց, որ երկար ժամանակ այս գագաթնաժողովի անցկացման գաղափարը իր մտքում է եղել։ Նախագահի խոսքերով՝ իր մտահոգության առարկան ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ անհանգստություն առաջացնող մարտահրավերներն են։ Ուստի, Բայդենը իր ելույթում կոչ արեց հանդես գալ «հանուն արդարության և օրենքի գերակայության, հանուն խոսքի և հավաքների ազատության, հանուն ազատ մամուլի, կրոնի ազատության և յուրաքանչյուր անհատի մարդու իրավունքների պաշտպանության»: Իր ելույթով, նախագահ Բայդենը նաև փորձեց պատասխանել նախկինում առաջ քաշված այն պնդումներին, որ ԱՄՆ-ը պարտադրում է մյուսներին ժողովրդավարության իր մոդելը։ Նրա խոսքերով. «Ժողովրդավարությունները բոլորը նույնը չեն», և իրենք հավաքվել են «ոչ թե պնդելու, որ իրենցից ինչ-որ մեկի ժողովրդավարությունը կատարյալ է, այլ ձեռք սեղմելու և վերահաստատելու ընդհանուր հանձնառությունը՝ ավելի լավը դարձնելու [մասնակից երկրների] ժողովրդավարությունները, կիսվելու գաղափարներով ու սովորելու միմյանցից և ստանձնելու հստակ պարտավորություններ, թե ինչպես ամրապնդել [մասնակից երկրների] ժողովրդավարությունները և հետ մղել ավտորիտարիզմը, պայքարել կոռուպցիայի դեմ, խթանել և պաշտպանել մարդու իրավունքներն ամենուր»։ Իր ելույթում նախագահ Բայդենը նաև անդրադարձավ մի շարք նախաձեռնությունների, որոնք ապագայում պետք է կյանքի կոչվեն։ Դրանցից մեկն է «Վերակառուցենք ավելի լավ» («Build back better») նախագծի՝ օրենքի վերաճման գաղափարը, որը, ըստ նրա, «կլինի արտասովոր ներդրում [ԱՄՆ] ժողովրդի և աշխատողների համար»։ Նախագահը հայտարարեց նաև «Հանուն ժողովրդավարության վերականգնման» նախագահական նախաձեռնության մասին, որը կենտրոնացնելու է ԱՄՆ ջանքերը դիվանագիտական և արտաքին աջակցության ծրագրերի շուրջ՝ ամրապնդելու ժողովրդավարությունը և մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում։
Նախագահը շեշտադրում կատարեց նաև «Ժողովրդավարության վերականգնման» հիմնադրամի և «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի վրա, որոնք թույլ են տալու Պետդեպարտամենտին և ԱՄՆ ՄԶԳ-ին միջոցներ կուտակել՝ աջակցելու ժողովրդավարական ճակատներում աշխատող ԱՄՆ գործընկերներին ամբողջ աշխարհում: Նախագահ Բայդենի բացման ելույթին հաջորդեց Առաջնորդների լիագումար նիստը, որն իրենից ներկայացնում էր փակ քննարկում, այդ իսկ պատճառով այն չհեռարձակվեց։ Առաջնորդների լիագումար նիստը բաղկացած էր երկու մասից՝ առաջին մասը անցկացրեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իսկ երկրորդը մասը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Փակ քննարկմանը հաջորդեց բաց քննարկում, որին մասնակցեցին մի շարք երկրների և կազմակերպությունների առաջնորդներ։ Քննարկման առարկան էր Covid-19-ի ժամանակ ժողովրդավարական արժեքների պաշտպանության կարևորությունը, մասնակիցները նաև կիսվեցին իրենց փորձով։ Քննարկմանը ներկա էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով իր ելույթում հայտարարեց, որ ԱՄՆ-ը ավելի քան 300 միլիոն պատվաստանյութ է նվիրաբերել 110 երկրների և հաջորդ աշնանը պատրաստվում է նվիրաբերել ևս 1.2 միլիարդ պատվաստանյութ։ Պետքարտուղարը, անդրադառնալով ԱՄՆ-ի իրականացրած հակակոռուպցիոն նոր միջոցառումներին, խոսեց Սպիտակ տան կողմից վերջերս հայտարարված կոռուպցիայի դեմ պայքարի ԱՄՆ առաջին ռազմավարության մասին։ Պետքարտուղար Բլինկենը հայտարարեց համաշխարհային հակակոռուպցիոն հարցերի համակարգողի նոր պաշտոնի ստեղծման մասին, որը արտաքին օգնության ԱՄՆ քաղաքականության շրջանակներում պետք է համակարգի կոռուպցիայի դեմ պայքարը։ Բլինկենը նաև շեշտադրեց համաշխարհային հակակոռուպցիոն կոնսորցիումին ֆինանսական աջակցության մեծացումը։ Վերջինս համախմբում է ժողովրդավարական երկրներին՝ աջակցելու ԶԼՄ-ներին և քաղաքացիական հասարակության խմբերին ամբողջ աշխարհում, որոնք աշխատում են կոռուպցիայի բացահայտման և կանխման ուղղությամբ: Ըստ Բլինկենի՝ Դանիան, Թայվանը, Միացյալ Թագավորությունն ու Բաց հասարակության հիմնադրամը արդեն իսկ քայլեր են ձեռնարկել իրենց աջակցությունը ցուցաբերելու համար. «Նպատակն է մինչև հաջորդ տարվա Ժողովրդավարության գագաթնաժողովը 10 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորում տրամադրել»։
Ժողովրդավարության գագաթնաժողովի առաջին օրը ամփոփեց փոխնախագահ Քամալա Հարիսը իր ելույթով, որտեղ անդրադարձավ Միացյալ Նահանգների ժողովրդավարության առջև ծառացած խնդրին, մասնավորապես՝ մի շարք նահանգներում ընդունված հակաընտրական օրենքներին։ Այսպիսով, փոխնախագահը մատնանշեց Արդարադատության դեպարտամենտի ջանքերը քվեարկության իրավունքի մասին՝ դաշնային օրենքներ ընդունելու հարցում և կոչ արեց Միացյալ Նահանգների Կոնգրեսին ընդունել այն երկու օրինագծերը՝ «Քվեարկելու ազատության ակտը» և «Ջոն Լյուիսի քվեարկության իրավունքի առաջխաղացման ակտը», որոնք այժմ Կոնգրեսում են: Քամալա Հարիսը նաև անդրադարձավ այն երկու ռազմավարություններին, որոնք առաջին անգամ ընդունվել են Բայդեն-Հարիս վարչակազմի օրոք։ Դրանք են՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին ռազմավարությունը և գենդերային հավասարության առաջին ազգային ռազմավարությունը։4
Ժողովրդավարության գագաթնաժողով. Օր երկրորդ
Ժողովրդավարության գագաթնաժողովի երկրորդ օրը սկսվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ելույթով, ինչին հետևեցին Շվեդիայի վարչապետի և Խաղաղության միջազգային ինստիտուտի տնօրենի դիտարկումները մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Այնուհետև մարդու իրավունքների պաշտպանների և անկախ լրատվամիջոցների խրախուսմանն ուղղված քննարկման շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը առավել մանրամասն ու համընդգրկուն ներկայացրեց ԱՄՆ-ի կողմից մեկնարկող նոր նախաձեռնությունները։ Մասնավորապես, այս քննարկման ընթացքում նա առանձնացրեց 5 նոր նախաձեռնություն, որոնց նպատակներից է՝ ցույց տալ, որ «ԱՄՆ-ը լուրջ է մոտենում այն կառավարությունների ղեկավարների առաջընթացի աջակցությանը, որոնք հարգում են քաղաքացիական համայնքն ու մարդու իրավունքները»։
1. Ժողովրդավարության գործընկերություններ (Partnerships for Democracy). Ըստ Փաուերի՝ այս նախագիծը ենթադրում է «օգնության տրամադրում, որը կխթանի ժողովրդավարության զարգացումը»։ Փաուերի դիտարկմամբ՝ «ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական աջակցությունը հիմնականում սահմանափակվել է լրատվամիջոցների վերապատրաստմամբ, ընտրությունների մոնիթորինգով կամ իրավունքների աջակցությամբ»։ Այս դեպքում ժողովրդավարության գործընկերությունների միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ը կավելացնի աջակցությունը ամենատարբեր ոլորտներում այն երկրներին, որոնք պատրաստակամություն են հայտնել առաջ մղելու իրենց ժողովրդավարական բարեփոխումները»։ Ըստ այդմ, դրանք կարող են լինել առողջապահական, էներգետիկ կամ բիզնես ոլորտները` այն ինչ առավել անհրաժեշտ է այդ երկրներին։
2. Ժողովրդի կողմից առաջմղում (Powered by People). Փաուերի խոսքերով՝ այս նախագիծը կենտրոնանալու է ոչ թե հասարակական և քաղաքացիական կազմակերպություններին, այլ «հաճախ ղեկավար չունեցող զանգվածային շարժումներին» օգնելու վրա։ «Երիտասարդների կողմից առաջնորդված ժողովրդավարական մի շարժումը կարող է անտեղյակ լինել այն մարտավարությունից, որը բերել է հաջողված բարեփոխման մեկ այլ երկրում։ Երկուսն էլ կարող են անտեղյակ լինել օտարերկրյա փորձառությունից, թե ինչպես կազմակերպել, տարածել իրենց ուղերձները, լուծել լոկալ արգելքները կամ խուսափել ռեժիմի բռնի գործողություններից»։ Այս նոր նախաձեռնությունն էլ հենց դառնալու է հարթակ շարժման ղեկավարների, ակտիվիստների, քաղհասարակության կազմակերպությունների և միջազգային փորձագետների համար՝ «կոլեկտիվ գործողության արդյունավետությունը բարձրացնելու համար»։
3. Լրատվամիջոցների կենսունակության աքսելերատոր (Media Viability Accelerator). Ըստ Փաուերի՝ «նախկինում ԱՄՆ ՄԶԳ-ը հիմնականում իրականացրել է վերապատրաստումներ և բարեփոխումներ, բայց դրանք անիմաստ են, եթե լրատվամիջոցները ֆինանսապես կենսունակ չեն», ինչի արդյունքում, օրինակ, փակվել են տեղի թերթերն ու լրատվականները՝ զիջելով խոշոր լրատվական ընկերություններին, ինչը «վնասում է հասարակության տեղեկացված լինելու իրավունքը»։ Այս խնդրի լուծմանն է ուղղված վերոհիշյալ նախաձեռնությունը։
4. Հզորացնելով հակակոռուպցիոն փոփոխության գործակալների ծրագիրը (The Empowering Anti-Corruption Change Agents Progra). Այս նախաձեռնությունը «նպատակ ունի օգնել ակտիվիստներին ստեղծել կոալիցիաներ և ձևավորել արդյունավետ արշավներ՝ օգտագործելով առավել նոր հետազոտություններ հասարակական և վարքագծային փոփոխության մասին։ Բացի այդ, կընդլայնվի աջակցությունը հետաքննող լրագրողների այնպիսի ցանցերին, որոնք, օրինակ, բացահայտել էին «Պանդորայի փաստաթղթերը», ինչպես նաև կտրամադրվի աջակցություն նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը կոռուպցիայի բացահայտման համար»։
5. Կանանց և աղջիկների քաղաքացիական և քաղաքական առաջնորդության նախաձեռնություն (The Advancing Women’s and Girls’ Civic and Political Leadership Initiative). Փաուերի դիտարկմամբ՝ «չնայած նրան, որ կա հսկայական տեղեկատվություն առ այն, որ այն կառավարությունները, որոնցում ներգրավված են կանայք առավել խաղաղ, քիչ կոռումպացված, առավել հարուստ ու կայուն են, կանանց ներկայացվածությունը վհատեցնող է… ԱՄՆ-ը շատ հաճախ ներդրումներ է կատարել կանանց վերապատրաստումներում՝ խրախուսելու նրանց քաղաքական մասնակցությունը, սակայն, արձագանքներ չեն եղել քաղաքական կյանքի մեջ կանանց ներգրավվածությունը խոչընդոտող քաղաքականություններին և հասարակական վերաբերմունքներին կամ այն հետապնդումներին, որոնք ստիպում են կանանց դուրս գալ պայքարից»։ Նոր նախաձեռնությամբ նախատեսվում է անել թե՛ առաջինը և թե՛ երկրորդը։
Փաուերը նաև խոսեց այսպես կոչված Ժողովրդավարության համախոհ խմբերի մասին (Democracy cohorts), որոնք իրենցից կներկայացնեն երկրներից բաղկացած աշխատանքային խմբեր, որոնք հանձնառություններ կստանձնեն, իսկ ԱՄՆ-ը նրանց գործընկերներ կգտնի առաջատար մասնագետների, դոնորների և այլ ժողովրդավարության բարեփոխողների շրջանակներում։
Քննարկումից անմիջապես հետո հակաչինական հայտարարություններ հնչեցին ոչ թե պաշտոնյաների, այլ Նեյթըն Լոյի կողմից, ով նախկինում Հոնկոնգում եղել է ամենաերիտասարդ ընտրված օրենսդիրը, սակայն ինչպես նշեց Լոն, «Չինաստանի կառավարության հետապնդման պատճառով [ինքը] կորցրեց իր տեղն օրենսդիր մարմնում, ինչպես նաև ձերբակալվեց 2017թ. խաղաղ ցույցի մասնակցելու համար»։ Լոյի խոսքերով՝ այն բանից հետո, երբ Չինաստանն ընդունեց ազգային անվտանգության մասին օրենքը, 2020թ. իր նկատմամբ հետախուզում հայտարարվեց՝ անջատում հրահրելու մեղադրանքով։ Այդ իսկ պատճառով վերջինս հեռացավ Հոնկոնգից՝ քաղաքական ապաստան ստանալով Մեծ Բրիտանիայում։ Ըստ Լոյի՝ Չինաստանը շարունակում է իրականացնել «մարդկության դեմ հանցագործություններ. միլիոնավոր ույղուրներ համակենտրոնացման ճամբարներում են, տիբեթցիները շարունակում են ճնշումների առերեսվել, թայվանցիները ամեն օր արթնանում են հնարավոր ռազմական ներխուժման վտանգի տակ։ Չինաստանը ներթափանցել է բոլոր հնարավոր ոլորտները՝ համաշխարհային ֆինանսական շուկաներից մինչև զվարճանքների ոլորտ»։ Լոն պնդում է, որ «ազատ աշխարհը չի ունեցել բավական վճռականություն համակարգված հակահարվածի համար… շատ երկար ժամանակ աշխարհը ողջունել է Չինաստանի վերելքը՝ առանց մեխանիզմներ մշակելու վերջինիս պատասխանատվության ենթարկելու համար… գուցե ձեզնից ոմանք վախենում են վշտացնել Գլխավոր քարտուղար Սիին, գուցե ոմանք չեն ցանկանում կորցնել չինական շուկան, գուցե ոմանք չեն ընդունում մեր ժողովրդավարական արժեքներին ուղղված սպառնալիքը։ Եվ ահա այդ պատճառով մենք ձախողել ենք և այդ պատճառով պետք է փոխվենք»։
Այնուհետև, «Ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության, ընտրությունների, օրենքի գերակայության և դիմադրող տեղեկատվական դաշտի» վերաբերյալ քննարկման ընթացքում որոշ անդրադարձ եղավ ՌԴ այսպես կոչված «տրոլների գործարանին»՝ լրագրող Ջեսիկա Էրոյի կողմից։ Վերջինիս դիտարկմամբ՝ իր մասնագիտական իդեալներն են «ռուս անկախ լրագրողները, ովքեր դեռ 2013-ին ենթարկվել էին այն ժամանակ նոր երևույթ համարվող Կրեմլի տեղեկատվական պատերազմին, [խոսքը Սանկտ Պետերբուրգում գտնվող գրասենյակի մասին է, որտեղից սոցիալական ցանցերում քարոզչություն էր իրականացվում]: Առավել ուշ նույն գործարանը սկսեց միջամտել և հարձակումներ գործել օտարերկրյա ընտրությունների վրա՝ մանիպուլացնելով ընտրողներին մի շարք տարբեր երկրներում։ Սակայն այդ լրագրողները ներթափանցեցին գործարան և լուսաբանեցին պատմություններ։ Նրանք սկսեցին իրազեկել և միջազգային դիմադրություն կառուցել, երբ գործարանը սկսեց խնդիրներ ստեղծել ոչ միայն 2016-ի, այլև Եվրոպայում և այլուր տեղի ունեցող ընտրություններում»։
«Հակազդելով թվային ավտորիտարիզմին և վերահաստատելով ժողովրդավարական արժեքները»՝ քննարկման շրջանակներում Սամանթա Փաուերը խոսեց նաև թվային ոլորտում մի շարք նոր նախաձեռնությունների մասին։ Նախ, Միացյալ Նահանգները կընդլայնի թվային ժողովրդավարության շուրջ իրականացվող աշխատանքները՝ ներդնելով տարեկան մինչև 20 միլիոն դոլար։ ԱՄՆ-ը կօգտագործի այդ միջոցները՝ օգնելու գործընկեր երկրներին համապատասխանեցնելու տեխնոլոգիաների կիրառումը կարգավորող իրենց կանոնները ժողովրդավարական սկզբունքներին և մարդու իրավունքների պաշտպանությանը:
Սամանթա Փաուերի պնդմամբ՝ տեխնոլոգիաները հաճախ ստեղծվում են այնպիսի տեխնոլոգիական կենտրոններում, ինչպիսին ԱՄՆ-ն է, այնուհետև արտահանվում այլ երկրներ, որոնցում վերջիններս օգտագործվում են մարդու իրավունքների ոտնահարման նպատակով։ Ուստի, հաջորդ նախաձեռնությունը ուղղված է կանխելու նմանօրինակ դեպքերը։ Նոր նախաձեռնությունն ուղղված է արտահանման վերահսկողության և մարդու իրավունքների պաշտպանությանը: Դանիայի, Նորվեգիայի և Ավստրալիայի հետ համատեղ Միացյալ Նահանգները կաշխատեն արտահանման վերահսկողության քաղաքականության վրա՝ կանխելու տեխնոլոգիաների ձեռքբերումը նրանց կողմից, ովքեր կարող են չարաշահել դրանք: Երրորդ, ԱՄՆ-ը Կանադայի և Դանիայի հետ նախաձեռնում է վերահսկողության սկզբունքների նախաձեռնություն՝ պարզելու, թե ինչպես կառավարությունները պետք է օգտագործեն վերահսկողական տեխնոլոգիան մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և օրենքի գերակայությանը համապատասխան: Սամանթա Փաուերը իր ելույթում նաև հավելեց, որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում այն ընկերությունների դեմ, որոնք մշակում և մատակարարում են հսկողության ամենաանպատասխանատու գործիքները: Անցյալ ամսվա ընթացում ԱՄՆ-ը չորս բացահայտ իրավախախտների արգելեց բիզնես վարել ամերիկյան ընկերությունների հետ: Դրանք ներառում էին իսրայելական «NSO Group»-ը և «Candiru»-ն, որոնք վաճառում էին իրենց տեխնոլոգիաները հարստահարիչ լրտեսական ռեժիմներին: «NSO Group»-ը հայտնի է իր «Pegasus» լրտեսական ծրագրով, որը վերջերս օգտագործվել էր նաև Հայաստանում:
Ըստ Փաուերի՝ ԱՄՆ-ը նաև պատրաստվում է 3,75 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել՝ նորարարությունը խթանելու և ժողովրդավարությունը խթանող տեխնոլոգիաներ ստեղծելու հարցում։ Միացյալ Նահանգները նաև քայլեր կձեռնարկի փակ հասարակություններին համացանցի բաց հասանելիություն ապահովելու համար՝ հիմնելով տեխնոլոգիայի հակագրաքննության հիմնադրամ: «Սա հնարավորություն կտա ավելի շատ օգտատերերի միանալ գրաքննության չենթարկվող համացանցին»:
Եվ ի վերջո, «Հանուն ժողովրդավարության վերականգնման» նախագահական նախաձեռնության շրջանակներում Միացյալ Նահանգները իր գործընկերների հետ կամրապնդի համացանցային կառավարման համակարգը, ներառյալ՝ ընդլայնելով Առցանց ազատության կոալիցիայի («Freedom Online Coalition») անդամակցությունը:
Գագաթնաժողովն ավարտվեց Բայդենի եզրափակիչ ելույթով, որտեղ վերջինս, մասնավորապես, նշեց, որ «այն հանձնառությունները, որոնք մենք ստանձնել ենք մեր ժողովրդի և մեկս մյուսի առջև, ոչ միայն կամրապնդեն մեր ժողովրդավարությունները՝ հակազդելով բռնապետություններին, պայքարելով կոռուպցիայի դեմ և խթանելով մարդու իրավունքները բոլորի համար, այլև կօգնեն պարարտ հող ստեղծել ողջ աշխարհում ժողովրդավարության ծաղկման համար»։ Բայդենը նաև նշեց իր համար ոգեշնչող հանձնառության մի օրինակ, այն է՝ «գագաթնաժողովին ընդառաջ Պանամայի, Կոստա Ռիկայի և Դոմինիկյան Հանրապետության կողմից ձևավորված «ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման դաշինքը», որն ուղղված է համագործակցելու թափանցիկությանը, մարդու իրավունքներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդմանը»։ Բնականաբար, Բայդենը հերթական անգամ անդրադարձավ իր «Վերակառուցենք ավելի լավ» օրենսդրական առաջարկին, որը, ըստ նրա, կօգնի մարդկանց մեղմել գնաճի ստեղծած խնդիրները ԱՄՆ քաղաքացիների համար։ Հարկ է նշել, որ առավել վաղ Բայդենն առաջարկել էր այս նույն անունը կրող միջազգային նախագիծ՝ «Վերակառուցենք ավելի լավ աշխարհ», որը ևս, ըստ էության, ուղղված է Ռուսաստանին և Չինաստանին հակազդելուն։5
Ժողովրդավարության գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների ելույթները
Ժողովրդավարության գագաթնաժողովի ընթացքում յուրաքանչյուր մասնակից երկիր հանդես եկավ իր ելույթով, որտեղ երկրի առաջնորդը կիսվեց մյուս երկրների հետ ժողովրդավարության ոլորտում իր երկրի գրանցած առաջընթացով և բարեփոխումներով, հանդես եկավ հանձնառություններով, որոնք ապագայում իրենց դրական ազդեցությունն են ունենալու տվյալ երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդման վրա։ Իսկ որոշ երկրների ղեկավարներ նաև արտահայտեցին իրենց մտավախությունները ժողովրդավարության նկատմամբ մի շարք մարտահրավերների վերաբերյալ։ Մասնավորապես, մի շարք երկրներ ժողովրդավարությանը սպառնալիք համարեցին Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին և Բելառուսին և իրենց անհանգստությունն արտահայտեցին այդ երկրներում տեղի ունեցող իրավիճակով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցողների թվում էր։ Վերջինս իր ելույթում խոսեց 2018թ. տեղի ունեցած այսպես կոչված «թավշյա հեղափոխության» և պատերազմից հետո 2021թ. տեղի ունեցած արտահերթ ընտրությունների մասին՝ որակելով այդ երկու դեպքերը որպես ժողովրդավարության հաղթանակ ավտորիտարիզմի նկատմամբ։ Վարչապետը չխոսեց Հայաստանի առջև ծառացած ժողովրդավարությանը ամենամեծ վտանգը ներկայացնող թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների և հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի մասին։ Պարզապես նախընտրելով այդ մարտահրավերը պարզեցված ներկայացնել հետևյալ կերպ. «Մեզ համար ամենամեծ մարտահրավերը գալիս է մեր անվտանգությանը սպառնացող ռազմական սպառնալիքների տեսքով»։ Որպես հանձնառություն Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչև 2026 թվականը նպատակը կլինի հասնել համեմատական ցուցանիշների շարունակական բարելավումների՝ մասնավորապես Համաշխարհային բանկի Համաշխարհային կառավարման ինդեքսի՝ 50-ից 60-ի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ 49-ից 60-ի:
Վրաստանի նախագահը սպառնալիքների առավել հասցեական մոտեցում ցուցաբերեց։ Վրաստանի նախագահը շեշտեց, որ «Ռուսաստանը դեռևս զբաղեցնում է իր տարածքների 20%-ը, որտեղ անտեսվում են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին շեշտեց, որ անկախ նրանից, թե մարդը գտնվում է «իրենց երկրի տարածքում ժամանակավոր օկուպացված Դոնբասի տարածքներում կամ բռնակցված Ղրիմում», նրանք կշարունակեն պայքարել ցանկացած անձի իրավունքների խախտումների դեմ։ Իսրայելի քննադատության թիրախում հայտնվեց Իրանը։
Իսրայելի վարչապետը իր երկիրն անվանեց Միջին Արևելքի միակ ժողովրդավար պետությունը, իսկ իր հարևաններ Սիրիան, Լիբանանը, Գազան, ըստ նրա, «փլուզվում են, նրանց ժողովուրդը տառապում է, իսկ ղեկավարությունը կոռումպացված է»՝ նշելով, որ բոլոր այս երկրներին աջակցում է Իրանը։ Իսրայելի վարչապետի պնդմամբ. «Իրանը արտահանում է իր բռնակալական ճնշող և կոռումպացված գաղափարախոսությունը Միջին Արևելք և դրանից դուրս»։ Նա կոչ արեց միջազգային հանրությանը քայլեր իրականացնել այս ուղղությամբ առավել ժողովրդավարական և բարոյական աշխարհ ստեղծելու համար։6
Ժողովրդավարության գագաթնաժողովի հետ կապված միջադեպերը
Գագաթնաժողովը չանցավ առանց միջադեպերի։ Մասնավորապես, խնդրահարույց իրավիճակ ստեղծվեց Թայվանի թվային տեխնոլոգիաների նախարարի ելույթի ժամանակ։ Մինչ գագաթնաժողովը հարցուպատասխանի ընթացքում վարչակազմի ավագ պաշտոնյաները Թայվանին հրավիրելու առումով նշել էին, որ «Թայվանը առաջատար ժողովրդավարություն է։ Եվ այն ունի մեծ փորձ առավել թափանցիկ, արձագանքող և ակտիվ ժողովրդավարությանը խրախուսելու հարցում… [ԱՄՆ-ը] Թայվանին դիտարկում է որպես ապատեղեկատվության դեմ պայքարի, ինչպես նաև կառավարումը առավել թափանցիկ և արձագանքող դարձնելու համար ի հայտ եկող տեխնոլոգիաների օգտագործման լավագույն գործիքներ ձևավորողի։ Այդպես է [ԱՄՆ-ը] տեսնում Թայվանի մասնակցությունը»։ Պաշտոնյաները նաև կարևոր շեշտադրում են անում առ այն, որ «Թայվանը ներգրավվել և ներգրավվելու է գագաթնաժողովում ԱՄՆ «Մեկ Չինաստան» քաղաքականությանը համահունչ»։7
Այդուհանդերձ, գագաթնաժողովի ժամանակ Թայվանի թվային տեխնոլոգիաների նախարարի ելույթի ընթացքում Թայվանը պատկերվեց Չինաստանից տարբերվող գույնով։ Դրանից հետո նախարարի ելույթը շարունակվեց միայն աուդիոտարբերակով, իսկ առավել ուշ էկրանին հայտնվեց հայտարարություն առ այն, որ «այս քննարկման ընթացքում անհատների կողմից արտահայտված մտքերն իրենցն են և անհրաժեշտաբար չեն արտահայտում ԱՄՆ կառավարության դիրքորոշումը»։ Ըստ «Reuters»-ի տեղեկատվության՝ տեսակապի անջատումը տեղի էր ունեցել Սպիտակ տան խնդրանքով, քանզի այդ քարտեզի պատկերումը հակասում է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը։ Պետդեպարտամենտն այնուհետև մեկնաբանեց այդ քայլը՝ որպես «ազնիվ սխալմունք»՝ պայմանավորված տեխնիկական խնդիրներով։ Այդուհանդերձ, Ազգային անվտանգության խորհրդի խոսնակի պնդմամբ՝ Թայվանի նախարարի «տեսակապի անջատումը ոչ մի դեպքում ուղղորդված չէր Սպիտակ տան կողմից»։8
Առանձնակի ուշադրության է արժանի նաև Պակիստանի չմասնակցելը Ժողովրդավարության գագաթնաժողովին։ Վերջինս, հրավիրվածների ցուցակում լինելով, հրաժարվել էր մասնակցել գագաթնաժողովին, մինչդեռ 2020թ. նոյեմբերին շնորհավորելով նախագահ Բայդենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հատուկ շեշտել էր իր պատրաստակամությունը՝ մասնակցելու Ժողովրդավարության գագաթնաժողովին։ Պակիստանի կողմից ԱՄՆ հրավերի մերժումը կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով. Բայդենի վարչակազմը նեղացրել է հարաբերությունների շրջանակը Պակիստանի հետ՝ թողնելով միայն Աֆղանստանում շատ սահմանափակ ներգրավվածություն, ինչպես նաև հաշվի առնելով երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսազանգի բացակայությունը՝ պարզ է դառնում, որ Պակիստանի հետ բարձր մակարդակով ներգրավվածությունը առաջնահերթություն չէ ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար: Երկրորդ և գուցե ավելի էական գործոնը Չինաստանն է: Պակիստանը և Չինաստանը չափազանց սերտ գործընկերներ են, և Պակիստանը Պեկինի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության առանցքային երկրներից է։ Չինաստան-Պակիստան տնտեսական միջանցքը նախատեսում է 62 միլիարդ ԱՄՆ դոլարի չինական ներդրումներ Պակիստանում: Երկու երկրներն ունեն նաև երկարամյա ռազմական և ռազմավարական գործընկերություն։ Գագաթնաժողովին մասնակցելու ԱՄՆ հրավերը մերժելուց հետո Չինաստանի արտգործնախարարության խոսնակը իր թվիթերյան էջում Պակիստանին կոչեց «երկաթյա եղբայր»։9
Ավելին, Իսլամաբադում իր ելույթի ժամանակ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը նշել էր, որ իր երկիրը մտադիր չէ դառնալ որևէ քաղաքական դաշինքի մաս: Նրա պնդմամբ, աշխարհը մեծապես տուժեց «Սառը պատերազմի» պատճառով, և Պակիստանը չի ցանկանում հայտնվել նորի թակարդում։ Խոսքն ուղղակիորեն հասցեագրված չէր Բայդենի գագաթնաժողովին, բայց ակնարկն ակնհայտ էր։10
Ամփոփելով՝ հարկ է նշել, որ մի քանի օր տևած գագաթնաժողովին հետևելու է այսպես կոչված «գործողության տարին», որի ընթացքում մասնակից պետություններից ակնկալվում է իրագործել գագաթնաժողովի ընթացքում իրենց ստանձնած հանձնառությունները։ Այդ մեկ տարվա արդյունքները կամփոփվեն հաջորդ տարի կայանալիք Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի ընթացքում, որին երկրների ղեկավարները կմասնակցեն անձամբ։ Ըստ էության՝ այս և գալիք գագաթնաժողովի նպատակը ոչ թե աշխարհը բաժանելն է ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական երկրների, այլ յուրահատուկ ճնշում գործադրելը ոչ ժողովրդավարական երկրների նկատմամբ։ Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի ժամանակ արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ այն յուրահատուկ ճնշման գործիք է ԱՄՆ մրցակից երկրների նկատմամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, որոնք դուրս էին մնացել ժողովրդավար երկրների ամերիկյան ցանկից։
- Ի՞նչ է իրենից ներկայացնում Ջո Բայդենի ժողովրդավարական գագաթնաժողովը, «Լույս» հիմնադրամ, https://www.luys.am/img/artpic/small/93b88c63e4b4354043dcDemocracy-Summit-1.pdf.
- Background Press Call by Senior Administration Officials on the Summit for Democracy, White House, December 7, 2021, https://www.whitehouse.gov/briefing-room/press-briefings/2021/12/07/backgroundpress-call-by-senior-administration-officials-on-the-summit-for-democracy/.
- The Summit for Democracy Day 0, The Summit for Democracy Youtube Channel, Dec 8, 2021, https://youtu.be/JcR8_YyiqWY.
- The Summit for Democracy Day 1, The Summit for Democracy Youtube Channel, Dec 9, 2021, https://youtu.be/xgyanQm81aU.
- The Summit for Democracy Day 2, The Summit for Democracy Youtube Channel, Dec 10, 2021, https://youtu.be/Nw2bfsjTXhA.
- Official Interventions, U.S. Department of State, https://www.state.gov/official-interventions-the-summitfor-democracy/.
- Background Press Call by Senior Administration Officials on the Summit for Democracy, նշվ. աշխ.։
- Aboudouh A., Taiwan minister ‘cut off’ at US democracy summit amid China tensions, The Independent, Dec 13, 2021, https://www.independent.co.uk/asia/east-asia/taiwan-minister-map-democracy-summitb1974968.html.
- Afzal M., Pakistan skipped the US Summit for Democracy. Why?, Brookings, December 13, 2021, https://www.brookings.edu/blog/order-from-chaos/2021/12/13/pakistan-skipped-the-us-summit-fordemocracy-why/.
- Chowdhury D., Joe Biden’s Democracy Summit Is the Height of Hypocrisy, Time, December 10, 2021, https://time.com/6127359/biden-summit-for-democracy/.