ԱՄՆ միջանկյալ ընտրությունները և դրանց վրա ազդող հիմնական գործոնները
2022թ. նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում կայանալու է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրություններ։ Միացյալ Նահանգներում կա մի այսպիսի օրինաչափություն. եթե նախագահը ընտրվում է Դեմոկրատական կուսակցությունից, ապա Կոնգրեսի ընտրություններում մեծամասամբ հաղթում են հանրապետականները և հակառակը։ Նման կերպ ԱՄՆ քաղաքացիները փորձում են հավասարակշռություն պահպանել երկու կուսակցությունների միջև և թույլ չտալ, որ ամբողջ իշխանությունը կենտրոնանա մեկ կուսակցության ձեռքում։ Ներկայիս դրությամբ ԱՄՆ նախագահը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է, իսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում և Սենատում մեծամասնություն են կազմում հենց դեմոկրատները, որոնք մեծամասնություն էին դարձել, երբ նախագահը հանրապետական Դոնալդ Թրամփն էր։
Վերջերս իրականացված հարցումները ցույց են տալիս, որ հանրապետականները ավելի մեծ շանսեր ունեն հաղթելու ԱՄՆ միջանկյալ ընտրություններում և մեծամասնություն կազմելու Ներկայացուցիչների պալատում։ Սենատում հանրապետականները նույնպես ունեն հաղթելու մեծ շանսեր, այնուամենայնիվ Սենատի պարագայում հարցումները առավել վիճահարույց արդյունք են ցույց տալիս, քան Ներկայացուցիչների պալատում։
ԱՄՆ Սենատի ընտրություններ
Ներկայումս Սենատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, չնայած որ 100 տեղից 50-ը զբաղեցնում են հանրապետականները, իսկ 48-ը դեմոկրատները։ ԱՄՆ Սենատում դեմոկրատներին մեծամասնություն են դարձնում 2 անկախ սենատորները, ովքեր խմբակցում են դեմոկրատներին, և դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսի վճռորոշ ձայնը, ով ԱՄՆ Սահմանադրությամբ հանդիսանում է Սենատի ղեկավար, և կարող է քվեարկել միայն այն դեպքում, երբ քվեարկության ժամանակ ձայները հավասար են բաշխվում։[2]
Այս նոյեմբերին Սենատում 100 տեղից ընտրությունների է դրված 35-ը, որոնցից 14-ը ներկայումս զբաղեցնում են դեմոկրատ սենատորներ, իսկ 21-ը՝ հանրապետական։ Պաշտոնավարող սենատորներից 6-ը (5 հանրապետական և 1 դեմոկրատ) այլևս չեն առաջադրվելու։ Չառաջադրվող սենատորների թվում են դեմոկրատ Պատրիկ Լիհին, հանրապետական Ռոբ Փորթմանը, ովքեր հայամետ մի շարք նախաձեռնությունների են աջակցել իրենց պաշտոնավարման տարիներին։ Նորընտիր թեկնածումները կպաշտոնավարեն 6 տարի ժամկետով։ Նախատեսվում է իրականացնել երկու հատուկ ընտրություն։ Մեկը՝ Օկլահոմա նահանգում, սենատոր Ջիմ Ինհոֆի պաշտոնավարման 4 տարին լրացնելու համար, այն բանից հետո, երբ վերջինս 2022թ. փետրվարին հայտարարեց իր պաշտոնաթող լինելու մասին։ Երկրորդ հատուկ ընտրությունը նախատեսվում է Կալիֆորնիա նահանգում՝ լրացնելու այժմ փոխնախագահ Քամալա Հարիսի պաշտոնավարման վերջին մի քանի շաբաթները։[3]
Ընտրության դրված 21 հանրապետական տեղերից 2-ը առավել են խոցելի են Վիսկոնսին և Փենսիլվանիա նահանգներում՝ հաշվի առնելով, որ 2020թ. նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հենց այդ նահանգներում պարտվեց դեմոկրատներին։ Վիսկոնսին նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնի դեմ դեմոկրատներն ունեն մի քանի ուժեղ թեկնածուներ։ Այնուամենայնիվ, Ջոնսոնի հիմնական դեմոկրատ մրցակցի անունը հայտնի կդառնա միայն օգոստոսի 9-ին կայանալիք փրայմերիզի ժամանակ։ Հարցումների համաձայն՝ դեմոկրատները մեծ շանսեր ունեն հաղթելու այս նահանգում, չնայած հանրապետականները պնդում են, որ Ջոնսոնը թերագնահատված է և Ջոնսոնին նախկինում էլ են թերագնահատել, բայց միևնույնն է նա հաղթել է։[4] Հանրապետականների թերհավատությունը հարցումների նկատմամբ գալիս է դեռևս 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններից, երբ բոլոր հարցումներիը պնդում էին, որ Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը շատ քիչ էին, բայց միևնույնն է այդ ընտրություններում հենց նա դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահը։
Հանրապետականների համար երկրորդ խոցելի նահանգը Փենսիլվանիան է։ Այդ նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Փեթ Թումին դեռևս 2020թ. հայտարարեց, որ հաջորդ ընտրություններում չի առաջադրվի ոչ սենատորի, ոչ էլ նահանգապետի պաշտոններում, քանզի լքում է քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ և երկու ժամկետ սենատորի պաշտոն զբաղեցրած Թումիի պնդմամբ՝ նա կհաղթեր այս ընտրություններում, եթե որոշեր մասնակցել։ Իր այս քայլով սենատորը ծանր հարված հասցրեց Հանրապետական կուսակցությանը՝ պայքարի մեծ դաշտ թողնելով դեմոկրատների և հանրապետականների համար։[5]
Օգտվելով ստեղծված իրավիճակից այս նահանգում հանրապետականների կողմից իր թեկնածությունն է առաջադրել ազգությամբ թուրք Մեհմետ Օզը։ Վերջինս մասնագիտությամբ վիրաբույժ, իսկ այժմ հայտնի հեռուստաաստղ է, ով վայելում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը։ Խոսելով Օզի մասին` Թրամփը նշել է որ, «ես երկար տարիներ ճանաչում եմ բժիշկ Օզին ինչպես շատ շատերը, թեև միայն իր շատ հաջողված հեռուստահաղորդման միջոցով… Նա միշտ եղել է շատ հայտնի, հարգված և խելացի»։[6] Չնայած Թրամփի աջակցությանը՝ կասկածի տակ է դրվում Մեհմետ Օզի հավատարմությունը ԱՄՆ-ին, քանզի վերջինս, լինելով նաև Թուրքիայի քաղաքացի, խորը կապեր ունի թուրքական բիզնես էլիտայի և քաղաքական շրջանակների հետ, որոնք իրենց հերթին կապված են Էրդողանի հետ։[7]
Օզը հայտնել էր, որ սենատոր դառնալու պարագայում կհրաժարվի Թուրքիայի քաղաքացիությունից, թեև կան զուգահեռ զեկույցներ, որ վերջինս չի գնա այդ քայլին։ Այնուամենայնիվ, Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում էլ վերջինս, բազմաթիվ կապեր ունենալով Թուրքիայի հետ և անգամ ծառայած լինելով Թուրքիայի բանակում, ընտրվելու դեպքում այս կամ այն կերպ դառնալու է թուրքական շահերի ներկայացուցիչը։[8]
Ինչ վերաբերում է Սենատում ընտրության դրված 14 դեմոկրատական տեղերին, ապա այդ տեղերից վտանգի տակ են հատկապես 4-ը։ Այդ նահանգներն են Արիզոնան, Ջորջիան, Նևադան և Նյու Հեմփշիրը։ Այս նահանգները թեև այժմ ներկայացնում են դեմոկրատ սենատորներ, այնուամենայնիվ այս միջանկյալ ընտրությունների ժամանակ հնարավոր է դեմոկրատները կորցնեն իրենց տեղերը այս նահանգներում։ Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով՝ հանրապետականների կողմից ակնառու թեկնածուների ներկայացումը, դեմոկրատների օրոք տնտեսական իրավիճակի վատթարացումը, դեմոգրաֆիկ իրավիճակի փոփոխությունը։[9]
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն այժմ կազմում են դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները՝ 435 տեղից զբաղեցնելով 222-ը, իսկ հանրապետականները՝ 213: Հաշվի առնելով, որ երկու հանրապետական և երկու դեմոկրատ կուսակցության ներկայացուցիչ պաշտոնաթող են եղել, 2022թ. հուլիսի դրությամբ դեմոկրատները 220-211 առավելություն ունեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Այսպիսով, նոյեմբերին կայանալիք ընտրություններում հանրապետականներին պետք է հավաքել ևս յոթ մանդատ՝ պալատում մեծամասնություն կազմելու համար:
Ի տարբերություն Սենատի Ներկայացուցիչների պալատում ընտրության են դրված բոլոր 435 ներկայացուցիչների տեղերը: Ընտրության է դրված նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վեց չքվեարկող անդամներից հինգի տեղերը: Իսկ 117-րդ համագումարի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար տեղի կունենան հատուկ ընտրություններ։[10]
2022թ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրությունների ժամանակ այլևս չեն առաջադրվի 31 դեմոկրատ և 18 հանրապետական պաշտոնավարող ներկայացուցիչներ։ Հեռացող կոնգրեսականների թվում են նաև ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներ՝ Բրենդա Լորենսը, Էդի Բերնիս Ջոնսոնը, Ֆրեդ Ափթոնը, Թեդ Դոյչը, Քեթլին Ռայսը, Ջեյմս Լենջվինը, Էդվին Փերլմութերը, Բոբի Ռաշը, Ալբիո Սիրիսը, Լուսիլ Ռոյբալ-Ալարդը, Ալան Լոուենտալը, Մայք Դոյլը և Էնթոնի Գոնսալեսը։[11]
Պաշտոնաթող կոնգրեսականների թվում է նաև հայկական արմատներ ունեցող և ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համախագահ Ջեքի Սփիերը, ով 2021թ. հայտարարել էր, որ այլևս չի առաջադրվի կոնգրեսականի պաշտոնում։[12] Սփիերի հեռացումը մեծ կորուստ կլինի, քանզի վերջինս մշտապես ակտիվորեն պայքարել է ԱՄՆ կոնգրեսում հայերի շահերի առաջ մղման համար՝ առաջադրելով և աջակցելով բազմաթիվ հայամետ բանաձևերի, միանալով հայամետ նախաձեռնություններին։ Բացի այդ 2019թ. Ջեքի Սփիերը եղել է այն կոնգրեսականների թվում, ովքեր այց կատարեցին Արցախ։ Սփիերը աջակցել է նաև Արցախին օգնության տրամադրմանը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակմանը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիականների՝ Հայաստան վերադարձնելուն։
Միջանկյալ ընտրությունների վրա ազդող գործոնները
Ինչպես արդեն նշվեց, հարցումների համաձայն՝ հանրապետականները 2022թ. միջանկյալ ընտրություններում շանսեր ունեն մեծամասնություն կազմել ԱՄՆ Կոնգրեսում, հատկապես, երբ ԱՄՆ դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի վրա է։ Սա պայմանավորված է մի շարք գործոններով։ Ընդհանուր առմամբ, կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական գործոնները, որոնք իրենց ազդեցությունը կունենան միջանկյալ ընտրությունների վրա։
- Գնաճ. Թերևս ընտրությունների վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոնը գնաճն է։ «Washington Post-ABC News»-ի հարցման համաձայն 10 ամերիկացիներից գրեթե 7-ը դժգոհ են նախագահ Բայդենի՝ գնաճի խնդրի լուծման մոտեցումից: Հարցվածների 50%-ը գտնում են, որ գնաճի խնդիրը կարող են լուծել հանրապետականները, իսկ 31%-ը՝ դեմոկրատները:[13] Հետաքրքիր է, որ Օբամայի վարչակազմի օրոք 2011 թ. գազի գնի աճը մոտավորապես նույնն էր, իսկ գործազրկությունը կրկնակի ավելի էր։ Այնուամենայնիվ, Օբամայի վարկանիշը զգալիորեն ավելի բարձր էր, քան այժմ Բայդենի վարկանիշն է: Այս անհամապատասխանության հիմնական պատճառներից մեկը կարող է լինել ԶԼՄ-ների բացասական անդրադարձը գնաճին և ընդհանրապես տնտեսական իրավիճակի վատթարացմանը, ինչը միանշանակ ազդեցությունն է թողել ԱՄՆ հանրային կարծիքի վրա:[14] Սա ոչ միայն ազդում է նախագահ Բայդենի վարկանիշի վրա, այլ նաև թուլացնում է Դեմոկրատական կուսակցության դիրքերը գալիք միջանկյալ ընտրություններում։ Անգամ եթե միջանկյալ ընտրություններից առաջ գնաճը աստիճանաբար իջեցնելու նոր քաղաքականություն ներդրվի, այն ընտրությունների համար որոշիչ չի լինի։[15]
- Ընտրական շրջանների սահմանների վերանայում. 2020թ. մարդահամարի արդյունքում վեր հանված բնակչության փոփոխությունը արտացոլելու համար ԱՄՆ նահանգներում իրականացվեցին ընտրական շրջանների սահմանների փոփոխություններ։ Սրանով Հանրապետական կուսակցությունը առավելություն ստացավ, որով ակնկալվում է, որ հանրապետականները ավելի շատ տեղեր կստանան որոշ նահանգներում՝ պայմանավորված ընտրաշրջանների սահմանների փոփոխություններով։[16] Վերաբաշխման արդյունքում վեց նահանգներ (Տեխաս, Կոլորադո, Ֆլորիդա, Մոնտանա, Հյուսիսային Կարոլինա և Օրեգոն) լրացուցիչ տեղեր ստացան, իսկ յոթ նահանգներ (Կալիֆորնիա, Իլինոյս, Միչիգան, Նյու Յորք, Օհայո, Փենսիլվանիա և Արևմտյան Վիրջինիա) տեղեր են կորցրել։[17] Նման առավելությունը թույլ կտա հանրապետականներին առավել շատ ռեսուրսներ հատկացնել այն նահանգներին, որտեղ դեմոկրատների հետ մրցակցությունը առավել թեժ է։
- ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից Ռոուն ընդդեմ Ուեյդի որոշման չեղարկումը. Այս որոշմամբ չեղարկվեց հղիության արհեստական ընդհատման սահմանադրական իրավունք լինելու փաստը։ Այս հարցի կարգավորումը այսուհետ հանձնվեց նահանգային իշխանություններին, որոնցից շատերն արդեն իսկ արգելել են հղիության արհեստական ընդհատումը, իսկ շատերը ապագայում դա կանեն։[18] Այս որոշումը կայացվել է Գերագույն դատարանի պահպանողական մեծամասնություն կազմող դատավորների կողմից, ինչը ցույց է տալիս այն փաստը, որ հանրապետականները, չունենալով իշխանություն ոչ Սպիտակ տանը, ոչ էլ Կոնգրեսի երկու պալատներում, շարունակում են վճռորոշ ազդեցություն ունենալ ԱՄՆ ներքին կյանքի վրա։ Ռոուն ընդդեմ Ուեյդի որոշման չեղարկումը կարող է մոբիլիզացնել դեմոկրատ ընտրողներին, որ նրանք մասնակցեն ընտրություններին և քվեարկեն դեմոկրատների օգտին։
- Կովիդ-19 համավարակ. Առաջին հայացքից համավարակն ինքնին առաջնահերթ խնդիր չէ ԱՄՆ ընտրողների և մրցապայքար մտած թեկնածուների համար։ Չնայած երկու տարի առաջ այս գործոնը զգալիորեն ազդեց Դոնալդ Թրամփի վերընտրվելու վրա, այժմ շատ քիչ ընտրողների համար է համավարակը առաջնային խնդիր։ Անգամ այն պայմաններում, երբ Կովիդ-19-ի հետևանքով մահերի թիվը անցել է 1 միլիոնը։ Սակայն հարկ է նշել, որ հենց համավարակը սկիզբ դրեց ընտրությունների արդյունքների վրա ազդող ամենագլխավոր գործոնին՝ գնաճին։[19]
- Հանցագործությունների թվի աճ. Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է հանցագործությունների՝ զինված հարձակումների, գողության և ռասիզմի դեպքերի աճ։ Նման ցուցանիշները անհանգստացնող են ԱՄՆ ընտրողների համար։ Այս իրավիճակը գործում է ի վնաս գործող դեմոկրատ իշխանությունների և մեծացնում հանրապետականների ընտրվելու շանսերը։[20]
Եզրակացություն
Ամփոփելով վերոնշյալը, եթե շարժվենք ԱՄՆ-ում այն օրինաչափությամբ, որը մշտապես գործել է ԱՄՆ-ում, դեմոկրատ նախագահի պարագայում մեծ են շանսերը հանրապետականների համար կազմելու մեծամասնություն Կոնգրեսում։ Այս օրինաչափության օգտին են խոսում նաև անցկացված հարցումները, ըստ որոնց՝ հանրապետականները ավելի մեծ շանսեր ունեն Կոնգրեսում մեծամասնություն կազմելու (առավել մեծ շանսեր՝ Ներկայացուցիչների պալատում)։ Միևնույն ժամանակ մի շարք կոնգրեսականներ կայացրել են այլևս ընտրություններին չմասնակցելու որոշում, որոնց թվում են բազմաթիվ հայամետ կոնգրեսականներ։ Նրանց թվում է նաև ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիերը։ Ի հակադրություն, սենատորի պաշտոնի համար է առաջադրվել ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմետ Օզը, ԱՄՆ-ում հայտնի որպես «բժիշկ Օզ»։ Վերջինս ընտրվելու պարագայում հնարավոր է դառնա Էրդողանի շահերի ներկայացուցիչը Կոնգրեսում։
Ինչ վերաբերում է Կոնգրեսում մեծամասնություն կազմելու հանրապետականների կամ դեմոկրատների շանսերին, ապա կարելի է առանձնացնել մի քանի հիմնական գործոն, որոնք լինելու են վճռորոշ 2022թ. ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ժամանակ։ Հանրապետականների օգտին են հետևյալ գործոնները՝ գնաճը, ընտրական շրջանների սահմանների վերանայումը և հանցագործությունների թվի աճը։ Այս գործոնների ազդեցության պատճառով է, որ ներկայումս ԱՄՆ դեմոկրատ նախագահ Բայդենի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի վրա է, որը նաև իր հերթին նվազեցնում է դեմոկրատների ընտրվելու շանսերը։ Իսկ հանրապետականների դեմ գործող և դեմոկրատների ընտրվելու շանսերը մեծացնող գործոն է՝ ԱՄՆ Գերագույն դատարանի պահպանողական դատավորների մեծամասնության կողմից Ռոուն ընդդեմ Ուեյդի որոշման չեղարկումը։
[1] Why Republicans Are Favored To Win The House, But Not The Senate, https://fivethirtyeight.com/features/why-republicans-are-favored-to-win-the-house-but-not-the-senate/, (25.07.2022).
[2] U.S. Constitution, Article I, section 3, https://www.senate.gov/civics/constitution_item/constitution.htm#a1_sec3, (26.07.2022).
[3] United States Senate elections, 2022, https://ballotpedia.org/United_States_Senate_elections,_2022, (25.07.2022).
[4] Mandela Barnes gets open path to take on Wisconsin Sen. Ron Johnson, https://www.politico.com/news/2022/07/27/alex-lasry-dropping-out-of-wisconsin-senate-race-to-unseat-ron-johnson-00048186, (26.07.2022).
[5] Sen. Pat Toomey to retire from politics in blow to GOP, https://www.politico.com/news/2020/10/05/pat-toomey-senate-retirement-426429, (26.07.2022).
[6] 2022 Midterms: A Guide to the Races Worth Watching A cheat sheet for all the crucial races, upsets, and campaign drama from now through Election Day, https://nymag.com/intelligencer/article/2022-midterms-guide.html, (26.07.2022).
[7] Would Turkey’s president have leverage over ‘Senator Doctor Oz’? https://www.washingtonpost.com/opinions/2022/02/16/doctor-oz-close-ties-to-turkey-raise-concern-about-senate-candidacy/, (26.07.2022).
[8] Dr. Oz vows to renounce Turkish citizenship if elected to Senate, https://edition.cnn.com/2022/03/16/politics/dr-oz-turkish-citizenship-pennsylvania-senate/index.html, (27.07.2022).
[9] Senate, Balance of the chamber could come down to four states where Democrats are up for reelection, https://www.washingtonpost.com/politics/interactive/2022/senate-control-midterms-2022/?itid=lk_readmore_elections_enhanced_index, (27.07.2022).
[10] United States House of Representatives elections, 2022,
https://ballotpedia.org/United_States_House_of_Representatives_elections,_2022, (27.07.2022).
[11] List of U.S. Congress incumbents who are not running for re-election in 2022, https://ballotpedia.org/List_of_U.S._Congress_incumbents_who_are_not_running_for_re-election_in_2022, (27.07.2022).
[12] Rep. Jackie Speier retiring from Congress,
https://www.politico.com/news/2021/11/16/jackie-speier-retiring-congress-522690, (27.07.2022).
[13] Key issues that could determine the 2022 midterm elections, https://www.washingtonpost.com/politics/interactive/2022/key-issues-voting-2022-midterms/, (28.07.2022).
[14] Is the Democrats’ problem Biden or Inflation, https://www.washingtonpost.com/opinions/2022/07/12/how-much-does-inflation-explain-biden-bad-polling/, (28.07.2022).
[15] The Inflation Election: Economics Factors May Have Already Cooked the Midterm Election Results, https://www.aei.org/economics/the-inflation-election-economics-factors-may-have-already-cooked-the-midterm-election-results/, (28.07.2022).
[16] How Redistricting Gives Republicans New Political Power, https://www.wsj.com/articles/how-redistricting-gives-republicans-new-political-power-11657359001, (28.07.2022).
[17] Նշվ. աշխ. United States House of Representatives elections, 2022։
[18] Abortion is now banned in these states. See where laws have changed, https://www.washingtonpost.com/politics/2022/06/24/abortion-state-laws-criminalization-roe/, (29.07.2022).
[19] Why have politicians stopped talking about Covid? https://www.vox.com/coronavirus-covid19/2022/6/16/23167365/covid-19-2022-us-midterm-elections-vaccines-masks, (29.07.2022).
[20] Նշվ. աշխ. Key issues that could determine the 2022 midterm elections.
Բնօրինակը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2022/08/Դրօշակ-թիվ-8.-2022թ..pdf