Ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան և Բայդենի վարչակազմի «հակառուսական» թևը

Նորընտիր նախագահ Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո սկսել է ուրվագծվել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության ուղենիշները։

Հատկանշական է այն փաստը, որ պաշտոնը ստանձնելու հաջորդ իսկ օրը Բայդենը Ազգային հետախուզական ծառայության տնօրեն Ավրիլ Հեյնսին կարգադրել է իրականացնել լիարժեք քննություն՝ վերջին ամիսներին ռուսական հատուկ ծառայությունների կողմից մի շարք ենթադրյալ օրինազանցությունների վերաբերյալ։ Մասնավորապես, «Washington Post»-ի տեղեկություններով Հեյնսին հանձնարարվել է հետաքննություն սկսել 2020թ․ ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման, Աֆղանստանում ամերիկյան զինվորների համար Ռուսաստանի կողմից գլխագին առաջարկելու ենթադրյալ լուրերի վերաբերյալ, ինչպես նաև կառավարությանը ծառայություններ մատուցող «SolarWinds» կազմակերպության վերաբերյալ, որի տեղեկատվական բազան վերջերս ենթարկվել էր հաքերային հարձակման։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Բայդենի և Պուտինի միջև առաջին հեռախոսազրույցը բավականին լարված է անցել։ Ըստ Սպիտակ տան մամուլի հաղորդագրության՝ նախագահ Բայդենն անդրադարձ է կատարել վերոհիշյալ խնդիրներին և հստակ նշել, որ Միացյալ Նահանգները վճռականորեն գործելու է ի պաշտպանություն իր ազգային շահերի` ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք վնասում են ԱՄՆ-ին կամ իր դաշնակիցներին:

Առանձին ուշադրության է արժանի Բայդենի քաղաքական թիմի կառուցվածքը, որտեղ ընդգրկված են գործիչներ, ովքեր հայտնի են Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքորոշումներով։

Է. Բլինքեն, ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Բայդենը նշանակել է Էնթոնի Բլինքենին: Բիլ Քլինթոնի Ազգային անվտանգության խորհրդում աշխատելուց հետո նա վեց տարի պաշտոնավարել է Սենատում՝ որպես Բայդենի գլխավոր օգնական: Բլինքենը աշխատել է նաև որպես Բայդենի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական ԱՄՆ Սենատում, իսկ 2002թ.՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար: Բայդենի փոխնախագահ ընտրվելուց հետո Բլինքենը վերադարձավ Սպիտակ տուն: Բլինքենը Օբամայի վարչակազմում աշխատել է որպես Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ 2013-2015թթ․ և պետքարտուղարի տեղակալ 2015-2017թթ․։ Բլինքենը վերջին շաբաթների հրապարակային հայտարարություններում և հարցազրույցներում ներկայացնում է Բայդենի և իր սեփական օրակարգի նոր ասպեկտները: Պաշտոնը ստանձնելուց հետո նա պատրաստակամություն հայտնեց երկարացնել «New START» համաձայնագիրը Ռուսաստանի հետ, որից դուրս գալու մտադրություն ուներ Թրամփը։ Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունների հարցում Բլինքենը նույնպես առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերել իր կարիերայի ընթացքում։ Պատահական չէ, որ Բլինքենի՝ պետքարտուղարի պաշտոնում նշանակումը զգուշավոր լավատեսությամբ ընդունվեց Ուկրաինայում, քանի որ այնտեղ Բլինքենը ընկալվում է որպես «ռուսական ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարի աջակից» և մարդ, ով լավատեղյակ է հետխորհրդային աշխարհաքաղաքական իրողություններից։ Ուկրաինական այս էնտուզիազմի պատճառներից մեկը նաև այն է, որ Օբամայի օրոք Բլինքենը Ղրիմի հարցում 2014թ․ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման առումով ազդեցիկ դերակատար է եղել։ Հետագայում Բլինքենը նաև հանդես է եկել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի զինման կոչերով, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Դա չիրականացվեց Օբամայի վարչակազմի օրոք, սակայն փոխարենը դա արեց Թրամփը։ Այնուամենայնիվ, Բլինքենը Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեջ ներառում է նաև կոռուպցիայի դեմ պայքարը․ «Մենք պետք է օգնենք ուկրաինացիներին այդ խնդիրն էլ լուծել։ Նույնիսկ եթե մեզ հաջողվի օգնել նրանց առնվազն հեռու պահել Ռուսաստանին, այնուամենայնիվ, եթե այդ սպառնալիքը շարունակվի ներսից, ապա նրանց համար շատ դժվար կլինի կառուցել կենսունակ ժողովրդավարություն»։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ապա այդ հարցում հետաքրքիր է Բլինքենի մոտեցումը Վրաստանի մասով։ Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու համար Սենատի լսումների ժամանակ ԱՄՆ սենատոր Ռենդոլ Փոլի՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ հարցին Բլինքենը պատասխանել է․ «Եթե Վրաստանի նման երկիրը ի վիճակի է բավարարել անդամակցության պահանջները, և եթե այն կարող է նպաստել Ատլանտյան անվտանգությանը, այո, դուռը պետք է բաց մնա»։ Ի պատասխան՝ սենատորը հայտարարել է․ «Եթե Դուք հաջողեք, ապա մենք պատերազմ կունենանք Ռուսաստանի հետ»։ Սենատորը նաև ավելացրել է, որ չի սատարի Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ «Ռուսաստանը գրավել է Վրաստանը, տեղակայել է պրոքսի զորքեր, գրավել է Ուկրաինայի մի մասը: Այնպես որ, կարծում եմ՝ ՆԱՏՕ-ին այդ երկրներից որևէ մեկի ներգրավումը ոչ միայն սադրիչ բնույթ է կրում, այլև պետք է մտածել հետագա իրադարձությունների մասին: Դա նշանակում է, որ եթե Դուք պարտավոր եք պաշտպանել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին, մենք կքվեարկենք պատերազմի օգտին: Այնպես որ, ես չէի քվեարկի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին միանալու օգտին»: Այնուամենայնիվ, Բլինքենը չհամաձայնեց սենատորի կարծիքին․ «Իրականում ես կարծում եմ հակառակը: Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված շատ լավ պատճառ կա: Ռուսաստանն ապացուցեց, որ ագրեսիվ է այն երկրների նկատմամբ, որոնք իրականում ՆԱՏՕ-ի անդամ չեն և չեն գտնվում նրա հովանու ներքո: Մենք նախկինում տեսել ենք, որ ՆԱՏՕ-ին անդամակցած երկրները չեն եղել Ռուսաստանի թիրախում»։

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Պուտինի կերպարին՝ Էնթոնի Բլինքենը իր 2018թ․ հրապարակած հոդվածում գրել է․ «Եթե Սի Ծինփինը աշխարհի ամենահզոր մարդն է, ապա երկրորդ տեղում Վլադիմիր Պուտինն է: Նա իր սեփական մերկ կրծքավանդակի տղամարդկությունը դարձրել է վերածնվող Ռուսաստանի հոմանիշ: Պուտինը կարծես խաղում է շախմատի յուրաքանչյուր տախտակի վրա՝ սկսած նրանից, ինչ Ռուսաստանն անվանում է «մերձավոր արտասահման»՝ մինչև Միջին Արևելք, Եվրոպայից մինչև Ամերիկա»։

2017թ․ իր տված հարցազրույցներից մեկում Բլինքենը Պուտինին և նրա քաղաքականությունը ներկայացրել է հետևյալ կերպ․ «Մենք բավականին երկար շարունակում էինք հավատալ, որ Պուտինի և Ռուսաստանի շահը միջազգային հանրության և Արևմուտքի հետ ինտեգրումն է: Այնինչ մենք սխալ գնահատեցինք։ Համենայն դեպս, իմ կարծիքով Պուտինը հասել էր այն կետին, երբ ինքը կառուցել էր այս կլեպտոկրատիան: Դա էր նրա իշխանության աղբյուրը Ռուսաստանում: Գումարները վերահսկելը, փողի աղբյուրներ գտնելը բացարձակապես կարևոր էին նրա իշխանությունը պահելու համար՝ շարունակելով էլիտաներին գնել: Ինտեգրված Ռուսաստանը, որը պետք է խաղար կանոններով, թափանցիկ լիներ, բաց լիներ, լիովին հակադիր էր այդ կլեպտոկրատիան պահպանելուն: Այս երկուսը միաժամանակ չեն կարող գոյություն ունենալ: Ինչ-որ պահի Պուտինի անձնական շահերին դեմ դարձավ ռուսական ինտեգրումը հետապնդելը, քանի որ նա չէր կարող ընդունել այդ կանոնները, թափանցիկությունը և նորմերը, որոնց ընդունումը ենթադրում է ինտեգրումը: Դա կխարխլեր նրա կառուցած կլեպտոկրատիան: Կարծում եմ, որ մի փոքր ժամանակ պահանջվեց մեզնից դա հասկանալու համար: Այդ ժամանակ մենք իսկապես գտնվում էինք այնպիսի աշխարհում, որտեղ Մոսկվայի տեսանկյունից Ռուսաստանի ուժը մեր թուլությունն էր, իսկ մեր շահը՝ նրանց կորուստը»։ Բլինքենի կարծիքով Պուտինը պետք է կարողանա բացատրել, թե «ինչու Ռուսաստանը խնդիրներ ունի ներսում, ինչու է տնտեսությունը լճանում, ինչու այն չի հասնում իր սեփական ժողովրդին»։ Նա գտնում է, որ այս ամենի պատասխանը տալիս, արդեն իսկ դասական է դարձել մատնանշել մեկ այլ պատճառ, և Բլինքենը գտնում է, որ Պուտինի համար ձեռնտու է այս հարցում մեղադրել ԱՄՆ-ին և Արևմուտքին։

Բլինքենը վերջերս նաև անդրադարձել է Ալեքսեյ Նավալնու ձերբակալությանը՝ նշելով, որ դա ցույց է տալիս, թե «ինչքան վախեցած է Վլադիմիր Պուտինը» Կրեմլի քննադատից։ Նա նաև նշել է, որ ընդդիմության առաջատար գործիչը խոսում է «միլիոնավոր ռուսների» անունից, և որ «նրանց ձայնը պետք է լսելի դառնա»:

Ու․ Բըրնս, Կենտրոնական հետախուզության գործակալության տնօրեն

Ուիլիամ Ջ. Բըրնսին Ջո Բայդենը նշանակել է Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրենի պաշտոնում: Բըրնսը արտաքին քաղաքականության ոլորտում ծառայության է անցել 1982 թվականից: 1998-2001թթ. նա աշխատել է որպես Հորդանանում ԱՄՆ դեսպան։ Լինելով ռուսախոս՝ աշխատել է նաև որպես Ռուսաստանում ԱՄՆ դեսպան 2005-2008թթ.: 2011 թվականից Բըրնսը եղել է պետքարտուղարի տեղակալ, իսկ 2014թ․ թողել է արտաքին քաղաքականության ոլորտում իր աշխատանքը 33-ամյա կարիերայից հետո: Մեկ տարի անց՝ 2015թ., Բըրնսը դարձավ «Քարնեգի» հիմնադրամի՝ Միացյալ Նահանգների միջազգային հարաբերությունների ամենահին հետազոտական կենտրոնի նախագահը։ Չնայած Բըրնսը երբեք չի աշխատել հետախուզական գործակալությունում, պարբերաբար շփվել է հետախուզական համայնքի հետ՝ լինելով արտաքին քաղաքականության հիմնական որոշումների կայացման կենտրոնում:

Բըրնսը կարծում է, որ հենց ամերիկյան առաջնորդներն են հնարավոր դարձրել Ռուսաստանի՝ որպես ԱՄՆ-ի մրցակցի վերելքը. «Ամերիկայի առաջնորդները միամտորեն թույլ տվեցին մեր ապագա մրցակիցների վերելքը՝ կարծելով, որ նրանք կբավարարվեն մեր սեղանի շուրջ իրենց տեղն ունենալով, այլ ոչ թե մեզ կհանեն սեղանի գլխից: ԱՄՆ-ը դանդաղեցրեց ՆԱՏՕ-ի ընդլայնումըռուսական անհանգստությունները փարատելու համար միայն տեսնելու, թե ինչպես է ավելի ռևանշիստական Ռուսաստանը ոտքի կանգնում»:

Ռուսաստանի և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մասին Բըրնսի նկատառումները հիմնականում ձևավորում են Վլադիմիր Պուտինի և նրա վարած քաղաքականության նկատմամբ իր վերաբերմունքով: Նման վերաբերմունքի պատճառներից մեկն է ներկայացվում Բըրնսի «The Back Channel: A Memoir of American Diplomacy and the Case for it for Renewal» գրքում։ Երբ 2005թ․ նա որպես ԱՄՆ դեսպան իր հավատարմագրերը հանձնեց Պուտինին, վերջինս ասաց. «Դուք՝ ամերիկացիներդ, պետք է ավելի շատ լսեք: Ամեն ինչ ձեր ուզածով այլևս չի կարող լինել: Մենք կարող ենք ունենալ արդյունավետ հարաբերություններ, բայց ոչ միայն ձեր պայմաններով»: 2006թ․ Բըրնսը ներկա էր այդ ժամանակվա ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, երբ Պուտինը նրանց սպասեցրեց շուրջ 3 ժամ: Մեկ տարի անց, Բըրնսի խոսքերով, Պուտինն ԱՄՆ դեսպանատանը և ամերիկյան հասարակական կազմակերպություններին մեղադրեց «համապետական ընտրություններին ընդառաջ Կրեմլի քննադատներին գումար տրամադրելու և աջակցելու մեջ»:

Խոսելով Պուտինի մասին՝ ավելի ուշ ժամանակահատվածի իր հարցազրույցներից մեկում Բըրնսը նկարագրեց նրան որպես «շատ բարդ անձնավորություն», ով «ապրում է մի աշխարհում, որտեղ ուժեղները սահմանում են կանոններ, իսկ թույլերն օգտագործվում են: Նա ցինիկ է իր շրջապատի մարդկանց և երբեմն նաև իր սեփական բնակչության նկատմամբ»: Բըրնսը կարծում է, որ ԱՄՆ դիվանագիտական պատասխանը «պետք է բացահայտի պարոն Պուտինի խոցելի կողմերը», որոնցից ամենամեծը նրա «դիվանագիտական մենությունն է», քանի որ «նա ոչինչ չունի, որը մոտ լինի դաշինքների և գործընկերության ցանցին, որոնք ստեղծել են Միացյալ Նահանգներն ու նրա գործընկերները»։ «Նա դեռ տեսնում է մրցակցային երկրները խափանելու և խորտակելու բազմաթիվ հնարավորություններ, և սա մարտավարության մի այնպիսի տեսակ է, որը կարող է օգնել անկում ապրող ուժին պահպանելու իր իշխանությունը»:

Ըստ Բըրնսի՝ Պուտինը բազմիցս ապացուցել է, որ «Ռուսաստանը կարող է սպառնալ շատ տարբեր ձևերով, որոնք վտանգավոր են ԱՄՆ-ի, բարեկամների, դաշնակիցների և միջազգային համակարգի համար»: Չնայած նախագահ Օբաման Ռուսաստանը դիտարկում էր միայն որպես տարածաշրջանային տերություն, Բըրնսը կարծում է, որ ճիշտ չէ արհամարհել այն փաստը, որ դա մեծ տարածաշրջան է 11 ժամային գոտիներով, և որ «նույնիսկ որպես անկում ապրող տերություն Ռուսաստանը կարող է բավական մեծ ազդեցություն ունենալ, հաճախ՝ բացասական առումով»: Այնուամենայնիվ, Ռուսաստանի դերը չպետք է նաև գերագնահատվի:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր վկայության ժամանակ Բըրնսը կարծիք հայտնեց, որ «Ռուսաստանն ապացուցում է, որ անկում ապրող ուժերը կարող են լինել առնվազն նույնքան կործանարար, որքան վերելք ապրողները… Վերջին երկու տասնամյակների ընթացքում Վլադիմիր Պուտինի մշտական ուշադրությունը եղել է Ռուսաստանի և նրա միջազգային դիրքի անկման դեմն առնելը և դրա արդյունքն է մի Ռուսաստան, որն իր «գերտերության» կարգավիճակը պահպանելու համար լավագույն միջոցը տեսնում է ԱՄՆ կողմից առաջնորդվող միջազգային համակարգը խորտակելու մեջ»: Այնուամենայնիվ, Բըրնսի կարծիքով, ԱՄՆ-ը չպետք է «հրաժարվի Ռուսաստանի հետ ավելի կայուն հարաբերությունների հնարավորությունից՝ անկախ Պուտինի գործոնից»: Բըրնսը կարծում է, որ չպետք է լինեն «պատրանքներ Ռուսաստանի հետ մեծ գործարքների կամ ռազմավարական գործընկերության մասին», քանի որ Պուտինը դիտարկում է աշխարհը, Ռուսաստանն ու դրանում նրա դերակատարությունը սկզբունքորեն այլ կերպ, քան Ամերիկայի ցանկացած նախագահ: Այնուամենայնիվ, Ռուսաստանը չի կարող անտեսվել` շատ հարցերում իր կարևոր դերի շնորհիվ:

Ջ․ Սալիվան, Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական (ԱԽ համակարգող)

Ջեյք Սալիվանը, ով այժմ 44 տարեկան է, Բայդենի կողմից նշանակվել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում: Սալիվանը լինելու է ազգային անվտանգության հարցերով ամենաերիտասարդ խորհրդականը վերջին 60 տարիների ընթացքում: Սենատոր Էմի Քլոբուչարն է նրան ծանոթացրել Հիլարի Քլինթոնի հետ, ում հետ նա 2008թ. աշխատել էր նախագահական ընտրությունների մրցապայքարում: Սալիվանը եղել է պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման ղեկավար և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2013թ. Հիլարի Քլինթոնի` պետքարտուղարի պաշտոնը թողնելուց հետո Սալիվանը դարձավ փոխնախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական: 2016թ․ նախագահական ընտրությունների ժամանակ Սալիվանը Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդականն էր: Վերջին փաստը մասամբ բացատրում է, թե ինչու է Սալիվանը բավականին քննադատաբար վերաբերվում Ռուսաստանի նախագահին: Սալիվանը կարծում է, որ հենց Պուտինի միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին օգնեց Թրամփին հաղթել 2016թ․ ընտրություններում, չնայած բոլոր կանխատեսումներով հաղթելու էր Հիլարի Քլինթոնը: Երբ հարցազրույցներից մեկի ժամանակ նրան խնդրեցին նկարագրել Պուտինին, Սալիվանը նկարագրեց նրան որպես մարդու, որը «մարմնի լեզվի միջոցով շատ բան է արտահայտում» և «փորձում է ցույց տալ, որ ինքը սենյակում ալֆա է՝ ելնելով նրանից, թե ինչպես է իր ոտքերը տարածում, մի փոքր մեջքը կորացնում է աթոռին, և թե ինչպես է նա նայում մարդկանց և արհամարհական ձեռքով անում»։

Ընդհանուր առմամբ, Սալիվանը առանձնացնում է ԱՄՆ-ի համար արտաքին սպառնալիքների երկու տեսակ: Մի խմբի մեջ նա ներառում է այն սպառնալիքները, որոնք անցնում են ազգային սահմանները, ինչպիսիք են՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, մահացու համաճարակները, կլիմայի փոփոխությունը, մեկ այլ համաշխարհային տնտեսական անկումը և զանգվածային կիբեռհարձակումները: Մյուս խմբում Սալիվանը ներառում է Չինաստանը և Ռուսաստանը՝ պնդելով, որ վերջինս հետապնդում է «նեոֆաշիստական գաղափարախոսության տարածման և արևմտյան ժողովրդավարությունները ապակայունացնելու ռազմավարություն»: Ռուսաստանը և Չինաստանը, ըստ Սալիվանի, աշխարհին առաջարկում են «այլընտրանքային, ավտորիտար ուղի»: Միևնույն ժամանակ, Սալիվանը կարծում է, որ այս երկուսին պետք է տարբերակել ինչպես Բարաք Օբամայի ռազմավարության մեջ։ «Այն, թե ինչպիսին է Ռուսաստանի և Չինաստանի վերաբերյալ անդրադարձը Թրամփի ռազմավարության մեջ, վտանգում է «Ռուսաստանին և Չինաստանին ավելի մոտեցնել իրար, ինչից ԱՄՆ դեմոկրատական և հանրապետական վարչակազմերը գիտակցաբար փորձում էին խուսափել»։ Սալիվանն առանձնացնում է երեք տարրերի խառնուրդը, որոնք ներառել են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները Սառը պատերազմից ի վեր՝

  1. համագործակցություն ընդհանուր շահերի շուրջ,
  2. լարվածություն և ճնշում տարբերվող շահերի շուրջ,
  3. ԱՄՆ-ի կողմից ռուս ժողովրդին պաշտպանելը՝ ավելի ուժեղ քաղաքացիական հասարակություն և ավելի ուժեղ ժողովրդավարություն ստեղծելու իրենց ջանքերում»:

Խոսելով ներկա իրողությունների մասին Սալիվանը կասկածամտորեն է մոտենում, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կարող են գործընկերներ լինել համաշխարհային նախագծերում և այլ խոշոր հարցերում։ Ըստ նրա՝ նման բանի հավատալը բերելու է հիասթափության։

Չնայած Սալիվանը կարծում է, որ Պուտինի օրոք Ռուսաստանը ցանկանում է խարխլել ԱՄՆ-ի առաջնորդությունը, ինչպես նաև Վաշինգտոնի ժողովրդավարական դաշնակիցների համախմբվածությունը, նա կարծում է, որ «Կրեմլը ոչ թե ԱՄՆ-ի համար գոյաբանական սպառնալիք է, այլ խափանող», և ԱՄՆ-ն պետք է խուսափի ոչ միայն «Պուտինին թերագնահատելու ծուղակի մեջ ընկնելուց, այլ նաև նրան գերագնահատելու գայթակղությունից»: Մեկ այլ հարցազրույցում Սալիվանը նշել էր, որ ինքը հավատում է, թե Պուտինը ցանկանում է անել այն, ինչ ասել է հրապարակայնորեն՝ այն է «վերականգնել ազդեցության գոտին, որը եղել է Խորհրդային Միության տարիներին»։ «Վրաստանի և Ուկրաինայի օրինակները ցույց են տալիս, որ Պուտինը պատրաստ է ուժ կիրառել այդ նպատակին հասնելու համար», սակայն «դա նշանակում է Կենտրոնական Ասիա, դա նշանակում է Կովկաս, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և նշանակում է Արևելյան Եվրոպա: Դա նշանակում է ՆԱՏՕ-ի անդամներ, ովքեր նրա կարծիքով իրավամբ պատկանում են Ռուսաստանի ազդեցության ոլորտին»:

Մեկ այլ հետաքրքիր ազդակ եղավ Սալիվանի կողմից՝ Ալեքսեյ Նավալնու ձերբակալության վերաբերյալ իր թվիթերյան գրառման մեջ. «Պարոն Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի և նրա կյանքի նկատմամբ կատարված աղաղակող հարձակումը կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Կրեմլի հարձակումները պարոն Նավալնու վրա պարզապես մարդու իրավունքների ոտնահարում չեն, այլ անարգանք ռուս ժողովրդի նկատմամբ, ովքեր ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի»: Գրառումն արվել էր Նավալնու ձերբակալությունից երկու ժամ չանցած։ Սալիվանի հայտարարության արագությունն ինքնին անսովոր էր:

Վ․ Նուլանդ, Պետքարտուղարի տեղակալի թեկնածու

Մեկ այլ դիվանագետի՝ Վիկտորիա Նուլանդի թեկնածությունը առաջադրվել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում։ Նախկինում Նուլանդը աշխատել է Օբամայի վարչակազմում՝ որպես պետքարտուղարի օգնական Եվրոպայի և Եվրասիայի հարցերով: Նուլանդը ավելի քան երեք տասնամյակ անցկացրել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ որպես Ռուսաստանի քաղաքականության հարցերով գլխավոր փորձագետ և ԱՄՆ ներկայացուցիչ ՆԱՏՕ-ում, Ուկրաինայում և Եվրոպայում: Օբամայի վարչակազմը լքելուց հետո Նուլանդը մուտք գործեց ակադեմիական և ուղեղային կենտրոնների աշխարհ՝ բուռն քննադատելով Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ իր ներողամտությունը։ Պարզապես «Օբամայի թիմակից» լինելուց բացի, Նուլանդը կարևոր դեր է խաղացել Օբամայի վարչակազմի Ուկրաինայի քաղաքականության հարցերով 2014թ․ Եվրոմայդանի հեղափոխության ընթացքում և դրանից հետո: Ավելի լայն իմաստով, Նուլանդը աջակցել և օժանդակել է Օբամայի քաղաքականությանը, որը միտված էր բազմաթիվ քաղաքական ճակատներով Մոսկվային դիմակայելուն, զսպելուն և կանխելուն: Նուլանդը նաև մաս էր կազմում այն միջազգային կոալիցիային, որի կազմում էր այն ժամանակվա փոխնախագահ Ջո Բայդենը, որը ճնշում էր հետմայդանական Ուկրաինայի կառավարությանը՝ արմատախիլ անելու կոռուպցիան և բարեփոխումներ իրականացնելու:

Ակնհայտ է, որ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, Վիկտորիա Նուլանդին նշանակելով պետդեպարտամենտում բարձր պաշտոնի, ազդանշան է ուղարկում իր վարչակազմի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ քաղաքականության մասին։

Լինելով Մայդանի հեղափոխությանը ԱՄՆ աջակցության ղեկավարներից մեկը՝ Նուլանդը դարձավ առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով 2014թ․ դարձավ հեռախոսային հաքերների զոհ։ Ի պատասխան դրան՝ Նուլանդը հայտարարեց, որ ինքը եղել է «հիմնական զրուցակիցը, փորձելով նվազեցնել լարվածությունը Մայդանի հակամարտության մեջ, որպեսզի ուկրաինացիները գտնեն Եվրոպայի հետ ասոցացման ճանապարհ, և ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում էր կասեցնել դա: Այնպես որ, եթե նրանք կարողանային ինձ խաղից դուրս հանել՝ վարկաբեկելով ինձ ուկրաինական ընդդիմության, եվրոպացիների կամ իմ սեփական կառավարության աչքերում, ապա դա նրանց համար լավ հաղթանակ կլիներ: Բայց հետաքրքիրն այն է, որ նրանք պարզապես ի վերջո բարձրացրեցին իմ հեղինակությունը և ամրապնդեցին իմ դիրքերը այդ խոսակցության մեջ»։

«Foreign Affairs»-ում 2020թ․ ամռանը հրապարակված իր հոդվածում՝ Նուլանդը հաջորդ նախագահի համար մի շարք քաղաքական առաջարկություններ է արել, թե ինչպես վարվել Ռուսաստանի հետ՝ մասնավորապես նշելով, որ Պուտինը, չնայած թուլությանը, իրեն ուժեղ դրսևորեց, քանի որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները նրան դա թույլ տվեցին անել։ Նուլանդը սա բացատրում է նրանով, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները մոռացել են պետություն ղեկավարելու այն հմտությունները, որոնց միջոցով հաղթել են Սառը պատերազմում։ Այդ ռազմավարությունը, ըստ նրա, «պահանջում էր ԱՄՆ-ի հետևողական ղեկավարում նախագահական մակարդակում, ժողովրդավարական դաշնակիցների և գործընկերների հետ միասնություն և Կրեմլի կողմից վտանգավոր պահվածքը զսպելու և հետ մղելու ընդհանուր վճռականություն»: Նուլանդի կարծիքով, այս ռազմավարությունը ներառում է նաև Մոսկվային համագործակցելու խթաններ և երբեմն ուղիղ կոչեր ռուս ժողովրդին՝ ավելի լավ հարաբերությունների օգուտների մասին: Այնուամենայնիվ, «այդ մոտեցումը չօգտագործվեց նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանի սպառնալիքներն աճում էին լիբերալ աշխարհի նկատմամբ»։ Իր հոդվածում Վիկտորիա Նուլանդը նաև առաջարկություններով է հանդես եկել նոր վարչակազմի համար․ «Առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների անվտանգության շահերի առավել համախմբում և հուսալի պաշտպանություն, որտեղ էլ որ նրանց մարտահրավեր նետի Մոսկվան․․․ Նրանք նաև պետք է դիմագրավեն Պուտինի` իր բնակչությունը արտաքին աշխարհից կտրելու փորձերին և ուղղակիորեն խոսեն ռուս ժողովրդի հետ համատեղ աշխատանքի օգուտների և այն գնի մասին, որը նրանք վճարել են Պուտինի կողմից ազատականությունից հեռանալու համար»: Իր պնդմամբ, շատերը կկարծեն, որ սրանով քիչ բան կփոխվի Ռուսաստանի ներսում, այնուամենայնիվ, նա գտնում է, որ սրանով ԱՄՆ շահերն ավելի պաշտպանված կլինեն։ «Իսկ եթե Ռուսաստանը շարունակի, պատժամիջոցները և քաղաքական, տնտեսական և ռազմական ճնշման այլ ձևերը պետք է ուժեղացվեն»։ Նուլանդի այս առաջարկություններից շատերը լուրջ աջակցություն են վայելում Բայդենի և նրա արտաքին քաղաքական թիմի կողմից:

Այսպիսով, Բայդենի վարչակազմի անդամները մեծ հաշվով համակարծիք են նրանում, որ Ռուսաստանը, թեև ԱՄՆ-ի համար գոյաբանական մարտահրավեր չի հանդիսանում, այդուհանդերձ, նրան պետք չէ թերագնահատել, հատկապես Վրաստանի և Ուկրաինայի դեպքերից հետո։ ԱՄՆ նոր վարչակազմի անդամները նաև պատրանքներ չունեն Ռուսաստան-ԱՄՆ լայնածավալ համագործակցության վերաբերյալ, հատկապես ՌԴ ներկայիս նախագահի օրոք։ Միևնույն ժամանակ չի բացառվում ընդհանուր շահերի շուրջ հնարավոր համագործակցությունը, որի վառ օրինակներից է «New START» միջուկային զենքի սահմանափակման պայմանագիրը։

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ՌԴ մրցակցությունը շարունակվելու է նաև Բայդենի վարչակազմի օրոք։ ԱՄՆ-ն փորձելու է դիմակայել ռուսական ազդեցության տարածմանը՝ բոլոր ուղղություններով, այդ թվում, բնականաբար, հարավկովկասյան ուղղությամբ։ Սա էլ իր հերթին նշանակում է Մինսկի խմբում ԱՄՆ-ի ակտիվացում, տարածաշրջանում ծրագրերի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների ավելացում և այլ գործիքների կիրառում ազդեցության տարածման նպատակով։

Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=211

Կիսվել՝