Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու «Մեծ յոթնյակի» ծրագիրը․ «BRI» vs «B3W»

Շուրջ մեկ տարի առաջ «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» մասնագետների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում առաջ քաշվեց վարկած, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ամենասեղմ ժամկետներում կիրառելու են բոլոր հնարավորությունները, որպեսզի զսպեն Չինաստանի աճող ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում, մասնավորապես՝ «Գոտի և ճանապարհ» մեգանախաձեռնության զսպմամբ։1

«Չինաստանի ձգտումը գլոբալ գերտերության կարգավիճակի և ԱՄՆ դիմադրությունը» հոդվածում նշվում էր․ «․․․Մրցակցության առաջնային թատերաբեմերից է լինելու Կենտրոնական Ասիան, քանի որ այս տարածաշրջանը կարևորագույն նշանակություն ունի չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համար․․․»։ Միաժամանակ պնդում կար, որ «Չինաստանը շարունակում է ընթացքը դեպի այդ կարգավիճակ՝ ազդեցությունը տարածելով Ասիայում, Եվրոպայում և այլ տարածաշրջաններում։ Այս ճանապարհին Չինաստանը շարունակաբար կիրառելու է փափուկ ուժի և ներդրումային քաղաքականության ողջ գործիքակազմը։ Ազդեցության տարածման հիմնական մեթոդը լինելու է խոշոր ներդրումային քաղաքականության իրականացումը։ Հիմնական թիրախներն են լինելու ենթակառուցվածքային ներդումները, հատկապես, երբ դրանք փոխկապակցվելու են «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ»։2

Որպես այս ամենի հակակշիռ՝ դիտարկվում էր ամերիկյան ակտիվացման անխուսափելիությունը։ Ըստ հեղինակների՝ «ԱՄՆ-Չինաստան կոշտ մրցակցությունը շարունակական է լինելու հաջորդող 3 տասնամյակների համար։ Համաշխարհային թիվ մեկ գերտերության կարգավիճակը ԱՄՆ-ն հեշտությամբ չի զիջելու Չինաստանին, և այդ մրցակցության ճանապարհին կիրառվելու են բոլոր հնարավոր մեթոդները՝ չինական վերելքը կանխելու կամ արագ ընթացքը կոտրելու համար. տարատեսակ պատժամիջոցներից մինչև ճնշումներ՝ կապված Չինաստանի ներքին խնդիրների հետ։ Սրանք լինելու են Չինաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու հիմնական գործիքները։ ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում են լինելու Չինաստանի ազգային և կրոնական փորքրամասնությունների հետ կապված խնդիրները, որոնք ԱՄՆ-ն համարում է Չինաստանի աքիլլեսյան գարշապարը։ ԱՄՆ-ն ճնշումներ է կիրառելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ Կրոնական ազատության միջազգային դաշինքից մինչև ՄԱԿ-ի և այլ կառույցներ։ Չի բացառվում, որ ԱՄՆ-ն ցեղասպանություն որակի Չինաստանի գործողությունները՝ կապված ույղուրների հետ, ինչը լրացուցիչ ճնշման գործիք կդառնա միջազգային հանրության ձեռքում։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ում ընկալում են «Գոտի և ճանապարհ» նախագծի ողջ կարևորությունն ու ազդեցությունն ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար՝ բոլոր քաղաքական և տնտեսական լծակներով հանդերձ, որոնք Չինաստանը ձեռք է բերելու որպես հիմնական ներդրող և նախաձեռնող»։3

2020թ․ հունիսին «Մեծ յոթնյակի» երկրների հերթական հավաքի ժամանակ հայտարարվեց «Վերակառուցենք ավելի լավ աշխարհ» («B3W») նախագծի մասին, որի հիմնական նպատակն էր զսպել չինական աճող ազդեցությունը։

«Վերակառուցենք ավելի լավ աշխարհ» («B3W») նախագծի էությունը

«Վերակառուցենք ավելի լավ աշխարհ» (Build Back Better World «B3W») նախագծի գաղափարը ծագել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի զրույցի ժամանակ, որի ընթացքում նրանք քննարկել են «B3W»-ի ձևավորումը և կարգախոսը, որով նպատակ ունեն ստեղծել գործնականում հավակնոտ մի ծրագիր: Նախկինում «Վերակառուցենք ավելի լավ աշխարհ» կարգախոսը Բայդենն օգտագործել էր նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ:4

Այս հավակնոտ նախագիծը հրապարակավ հայտարարվեց «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ժամանակ 2021թ. հունիսի 11-13-ին Մեծ Բրիտանիայում: Արդեն հունիսի 12-ին Սպիտակ տունը հրապարակեց փաստաթերթիկ (factsheet), որտեղ ավելի մանրամասն ներկայացվեց «B3W» ծրագիրը: Ըստ տրամադրված տեղեկատվության«B3W»-ն «ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների հսկայական ենթակառուցվածքային կարիքները բավարարելուն ուղղված հավակնոտ նախաձեռնություն է»:5

Հաշվի առնելով, որ ըստ Համաշխարհային բանկի հաշվարկների՝ մինչև 2035 թվականը զարգացող երկրներում 40+ տրիլիոն արժողությամբ ենթակառուցվածքների կարիք կլինի, նոր ձևավորված նախագծի նպատակն է օգնել հնարավորինս նվազեցնելու ենթակառուցվածքային այդ բացը, որն ավելի է վատթարացել ԿՈՎԻԴ-19-ի պատճառով։ Թեև շատ մանրամասներ դեռևս հայտնի չեն, ըստ ԱՄՆ վարչակազմի ավագ պաշտոնյաների, նախագիծը կունենա ապակենտրոնացված կառուցվածք, որտեղ «Մեծ յոթնյակի» երկրները և այլ համախոհ գործընկերներ կհամակարգեն մասնավոր կապիտալի ներգրավումը չորս հիմնական ոլորտներում. կլիմա, առողջություն և առողջապահական անվտանգություն, թվային տեխնոլոգիաներ և գենդերային հավասարություն ու հավասարություն:6

«B3W» նախագիծը արժեքների, բարձր չափանիշների և թափանցիկության վրա հիմնված ենթակառուցվածքային գործընկերություն է, որն իր մեջ ներառում է հետևյալ սկզբունքները.

  • Արժեքների վրա հիմնված: Ենթակառուցվածքների զարգացումը կիրականացվի ֆինանսական, էկոլոգիական, սոցիալական կայուն ձևով և կապահովի ֆինանսավորման թափանցիկ աղբյուրներ:
  • Լավ կառավարում և խիստ չափանիշներ: Նախագիծն իրականացվելու է բարձր չափանիշների և սկզբունքների համաձայն շրջակա միջավայրի և կլիմայի, աշխատանքային և սոցիալական երաշխիքների, թափանցիկության, ֆինանսավորման, շինարարության, հակակոռուպցիոն և այլ ոլորտների առումով:
  • Կլիմային չվնասող: Նախագծի շրջանակներում ներդրումները կիրականացվեն Փարիզի կլիմայական համաձայնագրի նպատակներին համապատասխան:
  • Ամուր ռազմավարական գործընկերություն: «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ կստեղծվի աշխատանքային խումբ՝ համակարգելու, ներդաշնակեցնելու նրանց գործողությունները և բարձրացնելու դրա ազդեցությունն ու տարածումը:
  • Մոբիլիզացնել մասնավոր կապիտալը զարգացման ֆինանսների միջոցով։ Ենթակառուցվածքների ներդրումը կիրականացվի պատասխանատու և շուկայով կարգավորվող մասնավոր հատվածի և հանրային բարձր չափանիշներով և թափանցիկ ֆինանսավորման հետ համատեղ։
  • Բազմակողմ հանրային ֆինանսների ազդեցության ընդլայնում։ ԱՄՆ-ը ներդնելու է չափանիշներմշակված բազմակողմ զարգացման բանկերի և միջազգային այլ ֆինանսական հաստատությունների կողմից ռեսուրսների պատշաճ և արդյունավետ օգտագործումն ապահովելու համար:

«B3W» նախագիծը աշխարհագրական առումով ընգրկում է բավական ընդարձակ տարածք՝ Լատինական Ամերիկայից և Կարիբյան ավազանից մինչև Աֆրիկա և Հնդկական ու Խաղաղ օվկիանոսներ։

Ինչ վերաբերում է նախագծի ֆինանսավորմանը, «B3W»-ը նախատեսում է ներգրավել ԱՄՆ ֆինանսական այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Զարգացման ֆինանսական կորպորացիան, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը («USAID»), Արտահանման-ներկրման ԱՄՆ բանկը («EXIM»), «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան և ԱՄՆ առևտրի և զարգացման գործակալությունն ու լրացուցիչ մարմիններ, ինչպիսին է, օրինակ, Գործարքների խորհրդատվական ֆոնդը։ Սա ենթադրում է, որ նախագիծը խթանելու է ԱՄՆ տնտեսությանն ու ստեղծելու է նոր աշխատատեղեր։ Թեև նախագծի մասին շատ մանրամասներ դեռևս բացակայում են, ըստ առկա տեղեկատվության՝ կապիտալը մոբիլիզացվելու է հանրային և մասնավոր հատվածներից, սակայն վերջինս կլինի ֆինանսավորման գլխավոր գործիքը։7

Թեև փաստաթերթիկը շեշտում էր, որ ավելի շատ մանրամասներ կներառվեն «Մեծ յոթնյակի» առաջնորդների կոմյունիկեում, իրականում այնտեղ նոր տեղեկատվություն առանձնապես չկար։ Կոմյունիկեն վերահաստատեց այն տեղեկատվությունը, որը ներառված էր Սպիտակ տան փաստաթերթիկում՝ նշելով, որ այն աշխատանքային խումբը, որը պետք է ստեղծվեր կոնկրետ առաջարկների ձևավորման համար, ԱՄՆ-ին և «Մեծ յոթնյակի» գործընկերներին պետք է զեկույց ներկայացնի աշնանը։8

«B3W»-ն որպես «Գոտի և ճանապարհ» («BRI») նախաձեռնության այլընտրանք

Չինաստանի կողմից 2013թ. նախաձեռնած «BRI» ծրագիրը զգալի մարտահրավեր է հանդիսանում Միացյալ Նահանգների՝ աշխարհի միակ գերտերության համար։ Աշխարհում չինական ազդեցությանը հակազդելու համար Միացյալ Նահանգները մի շարք գործիքներ է կիրառել, որոնց թվում է նաև նոր ձևավորված համաշխարհային ենթակառուցվածքային «B3W» նախաձեռնությունը։ ԱՄՆ վարչակազմի ավագ պաշտոնյայի պնդմամբ այս նախաձեռնությունը ոչ միայն «BRI»-ին այլընտրանք է, այլև այն «կհաղթի «BRI»-ին՝ առաջարկելով ավելի որակյալ ընտրություն»։

Խոսելով «B3W» նախագծի մասին՝ նախագահ Բայդենը մատնանշել է, որ ինքն առաջարկել է «Գոտի և ճանապարհ նախաձեռնության ժողովրդավարական այլընտրանք»։ Ըստ նրա` այս նախաձեռնության միջոցով նրանք որպես այդպիսին հակասության մեջ չեն գտնվում Չինաստանի հետ, բայց այն մրցապայքար է «ամբողջ աշխարհում ավտոկրատների, ավտոկրատ կառավարությունների դեմ, թե արդյո՞ք ժողովրդավարությունները կարող են պայքարել նրանց դեմ արագ զարգացող 21-րդ դարում»։ Ակնհայտ է դառնում որ ժողովրդավարական չափանիշները դառնալու են նախագծի հիմնաքարը։ Նախագծի գաղափարը նախագահը հետևյալ կերպ է ներկայացնում. «ճնշելով ճնշողների ամբողջ ներուժը՝ մենք կփորձենք փոխել իրերի դրությունը»:9

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը «B3W» նախագիծը բնութագրել է որպես «աշխարհի ժողովրդավար համախոհ երկրների միջև մերձեցում… դա կդառնա «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության բարձր չափանիշներով, թափանցիկ, կլիմայի նկատմամբ անվտանգ այլընտրանք»:10

Հիմնվելով հասանելի տեղեկատվության վրա՝ կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական տարբերությունները «B3W» ու «BRI» նախագծերի միջև։

  • «BRI»-ի նախագծերի 59%-ը պատկանում են պետական մարմիններին, մինչդեռ մասնավոր հատվածը կազմում է ընդամենը 26%-ը։ Մնացյալ մասը ներառում է հանրային-մասնավոր ձեռնարկությունները։ Ֆինանսավորման հիմնական միջոցը բանկային վարկերն են՝ տրված պետական և մասնավոր կառույցների միջոցով։ Այդուհանդերձ, այս վարկերի պատճառով զարգացող երկրները կուտակել են մեծ պարտքեր և չեն կարողանում հետ վճարել։ Այս իրավիճակը Վաշինգտոնը որակել է որպես «պարտքերի թակարդ»։11 Հակառակ դրան, թեև «B3W» նախագիծը ներառելու է ինչպես հանրային այնպես էլ մասնավոր կապիտալ, ներառյալ ԱՄՆ պետական կառույցները, նախագծի հիմնական առանցքը լինելու է մասնավոր կապիտալի ներգրավումը։ Շրջանառվող գումարը կազմում է զարգացող երկրներում մինչև 2035թ. 40+ տրիլիոն ենթակառուցվածքների բացը։ Այդուհանդերձ, ինչպես նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը, ԱՄՆ-ն և իր «Մեծ յոթնյակի» գործընկերները չեն պատրաստվում ձևացնել, թե լրացնելու են այդ ողջ բացը, բայց պատրաստվում են «փորձել և իրական ներդրում ունենալ մոտակա 15 տարիների ընթացքում»։12
  • Մեկ այլ տարբերություն է այն, որ «B3W»-ն արժեքների վրա հիմնված նախագիծ է, և այդ իսկ պատճառով նախագծի գլխավոր տարրերից է թափանցիկ ֆինանսավորման աղբյուրները։ Չինական կողմն իր հերթին ձգտում է գաղտնիության։ Այսպիսով, երբ Չինաստանը բանակցում է վարկային պայմանագրի շուրջ, այն միտումնավոր գաղտնի է պահում պայմանագրի պայմանները։ Այդպիսի օրինակ է Քենիայի դեպքը, երբ ակտիվիստները դատի էին տվել Քենիայի կառավարությանը, որպեսզի վերջինս ներկայացնի վարկային պայմանագրի մանրամասները, որի միջոցով ֆինանսաավորվել է Մոմբասայից Նայրոբի երկաթգիծը։13 Այսպիսով, «B3W»-ն նպատակ ունի հաղթահարել այս խնդիրը՝ առաջարկելով թափանցիկ և բաց քաղաքականություն։
  • Մեկ այլ տարբերությունն այս երկու նախագծերի միջև քաղաքական նախապայմանն է, որն առաջ է քաշվում «B3W»-ի պարագայում։ Նախագծի նպատականերից մեկն է՝ ցույց տալ, որ «ժողովրդավարություններն ու բաց հասարակությունները կարող են համախմբվել և առաջարկել դրական ընտրություն՝ դիմագրավելու մեր ժամանակի մեծագույն մարտահրավերներից մեկին»։ Ընդհանուր առմամբ, մեծ շեշտադրում կա ժողովրդավարության վրա, և դա դիտարկվում է որպես նախապայման՝ նախագծին միանալու համար։ Դրան հակառակ, չինական «BRI»-ի պարագայում չկա նման նախապայման, երբ պետք է ընտրել ժողովրդավարություն բռնապետական երկրի փոխարեն կամ հակառակը։14
  • «B3W» նախագիծը շեշտադրում է կլիմայի հետ կապված խնդիրները որպես հիմնական ոլորտներից մեկը և ներառում է այն սկզբունքը, որ պետք է իրականացնել կլիմային չվնասող ներդրումներ, որոնք համահունչ կլինեն Փարիզի կլիմայական համաձայնագրում սահմանված նպատակներին։ Կլիմայի հարցը շատ կարևոր դեր ունի Բայդենի վարչակազմի համար, ով միացել էր Փարիզի կլիմայական համաձայնագրին այն բանից հետո, երբ Թրամփը դուրս էր եկել պայմանագրից։ Բացի այդ, Բայդենը նշանակել է Ջոն Քերիին որպես կլիմայական հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ, որն ընդգծում է այս հարցի կարևորությունը Բայդենի համար։ Այսպիսով, սա զգալիորեն տարբերակում է «B3W»-ն «BRI»-ից, քանզի Չինաստանը այս հարցը չի բարձրաձայնում, երբ իրականացնում է ներդրումներ և հենց ինքն է համաշխարհային արտանետումների խոշորագույն իրականացնողը։ «B3W»-ն բավական հավակնոտ նախագիծ է, որը զերծ չէ նաև մի շարք մարտահրավերներից և խոչընդոտներից։
  • «B3W» նախագծի համար լուրջ խոչընդոտ կարող է լինել «Մեծ յոթնյակի» գործընկերների շրջանում Չինաստանի նկատմամբ միատեսակ քաղաքականության բացակայությունը: Մինչ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան հակաչինական դիրքորոշում են որդեգրել, Իտալիան, Գերմանիան և ԵՄ-ն ցանկանում են «համագործակցային հարաբերություններ» ստեղծել Պեկինի հետ: Մյուս կողմից, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը Չինաստանի նկատմամբ ավելի անորոշ է: Հաշվի առնելով «BRI»-ի նկատմամբ «B3W»-ի մրցակցային բնույթը` «Մեծ յոթնյակի» երկրների համար դժվար կլինի լիովին մրցակցային քաղաքականություն իրականացնել Չինաստանի նկատմամբ: Օրինակ, Գերմանիան Չինաստանը դիտում է որպես կարևոր շուկա իր բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ավտոմեքենաների համար: Միևնույն ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, համաձայնելով, որ Չինաստանը «համակարգային մրցակից է», գտնում է, որ Պեկինը գործընկեր է այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիմայի պաշտպանությունը: Հանդիպումներից մեկի ժամանակ վերջինս հայտարարեց. «Առանց Չինաստանի, մենք երբեք չենք կարողանա լուծումներ գտնել այս ոլորտներում»:15 Այնպես որ, հնարավոր է, որ Գերմանիան չցանկանա չափազանց մեծ խանդավառությամբ աջակցել «B3W»-ին, որպեսզի չհակադրվի Պեկինին:16 Հաշվի առնելով, որ ԵՄ-ն Չինաստանի հետ ստորագրել է ներդրումային համաձայնագիր, և «Մեծ յոթնյակի» անդամ Իտալիան «BRI»-ի մասնակից է, «B3W»-ի և «BRI»-ի «կա՛մ, կա՛մ» ձևաչափը դժվար թե իրականություն դառնա` հակառակ որոշ կանխատեսումների։17
  • Մեկ այլ լուրջ խոչընդոտ է այն, թե արդյո՞ք «Մեծ յոթնյակի» երկրները կկարողանան անհրաժեշտ գումար հավաքել, մանավանդ, երբ այդ չափի գումարը ավելին է, քան յոթ երկրների 2020թ. ՀՆԱ-ն միասին վերցրած: Բացի այդ, ԱՄՆ-ն ռեկորդային մեծ պարտքեր ունի, իսկ վերջին 50 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի ֆինանսական դեֆիցիտը ռեկորդային բարձր մակարդակի է հասել. հաջորդ տարի նրա ազգային պարտքը կհասնի ՀՆԱ-ի 93,8 տոկոսին:18 Ավելին, այդ նույն երկրները, որոնք առաջարկում են մասնավոր կապիտալ մոբիլիզացնել միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում գտնվող ենթակառուցվածքների համար, դեռ հաճախ ձգտում են ներգրավել չինական կապիտալ՝ իրենց ենթակառուցվածքները արդիականացնելու կամ նորերը զարգացնելու համար:19
  • Դեռ ավելին, ենթակառուցվածքային նախագիծը եկամտի համար ավելի շատ ժամանակ կպահանջի, ինչը կարող է նշանակալի գործոն հանդիսանալ մասնավոր կապիտալը մոբիլիզացնելիս: Ներդրողները պետք է տեսնեն, թե ինչպիսին կլինի շուկայական եկամտաբերությունը կամ ստանան լրացուցիչ խթաններ:20
  • Եվ ի վերջո, Չինաստանն արդեն իսկ ստորագրել է համագործակցության պայմանագրեր 140 երկրների և 31 միջազգային կազմակերպությունների հետ «BRI» նախագծի շրջանակներում, մինչդեռ «B3W»-ն նորաստեղծ նախաձեռնություն է և որոշ ժամանակ կպահանջվի, որ այն սկսի իր գործունեությունը և ներգրավի այդքան մեծ թվով երկրներ և կազմակերպություններ։21

Հայաստանի դերը «B3W» նախագծի իրականացման գործում

Վերջին տարիներին Հայաստանը բախվում է բավական լուրջ տնտեսական խնդիրների հետ։ 2018թ․ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, ոչ փորձառու կառավարության ձևավորումը, լայն սպառման ապրանքների գների թանկացումը, կորոնավիրուսը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմը, ինչպես նաև ընդհանուր տնտեսական ցուցանիշների անկումը Հայաստանին դրել են բավական բարդ իրավիճակում։ Հայաստանն իր արտաքին պարտքը հասցրել է անկառավարելի շեմի, ինչը, ի թիվս այլ գործոնների, դարձել է ներքաղաքական, սոցիալական և տնտեսական ճգնաժամերի հիմք։ Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել 3 խորհրդարանական ընտրություններ, սակայն քաղաքական ճգնաժամը չի վերանում։

Հայաստանը կարծես ուշադրությամբ է հետևում «BRI» նախագծի իրականացման գործընթացներին, սակայն որևէ կերպ այդ գործընթացներում ներգրավված չէ։ Հայաստանին անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, արտաքին ներդրումներ, որոնք կարող են ինչ-որ չափով կարգավորել տնտեսական ծանր իրավիճակը։ Հաշվի առնելով վերջին պատերազմում կրած պարտությունը՝ Հայաստանը դեռևս թշնամական հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնք դեռևս փակ են պահում իրենց սահմանները Հայաստանի հետ, Հայաստանից պահանջելով իր տարածքով ցամաքային ճանապարհ տալ, որը Թուրքիան կկապի Ադրբեջանի հետ։ Հայաստանը լուրջ կարիք ունի ներգրավելու օտարերկրյա ներդրումներ և վարկեր: Սա նշանակում է, որ Հայաստանը կընդունի առաջին իսկ հասանելի վարկը, դրամաշնորհը և ֆինանսական այլ միջոցներ, հատկապես եթե դրանք ցածր տոկոսադրույքներով լինեն: Միևնույն ժամանակ, Հայաստանը շուտով ԵՄ-ից կստանա 2․6 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն, ինչը Հայաստանի կողմից երբևէ ստացված ամենամեծ ֆինանսական օգնությունն է: Պետք է նաև հաշվի առնել, որ առաջիկա տարիներին, ամենայն հավանականությամբ, ակնկալվում է, որ Հայաստանը ֆինանսական աջակցություն կստանա ԱՄՆ-ից` «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի և այլ կազմակերպությունների շրջանակներում: Հավանաբար, ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող արտաքին օգնությունը նույնպես մեծ թիվ կկազմի: Սա նշանակում է լրացուցիչ ազդեցություն Հայաստանի վրա, քանի որ ֆինանսական այդպիսի հոսքերը կարող են լուրջ ազդեցություն ունենալ տնտեսության զարգացման և աշխատատեղերի ստեղծման վրա: Ենթակառուցվածքների զարգացման հեռանկարը կհետաքրքրի Հայաստանին: Խորհրդային տարիներին Հայաստանը հայտնի էր իր առողջարաններով, որոնց մեծ մասը ԽՍՀՄ փլուզումից հետո դադարեցին գործել: Խորհրդային տարիներին Հայաստանը լուրջ տեխնոլոգիական բազա ուներ, որը հնարավոր ներդրումների դեպքում կարող է դառնալ նաև տնտեսության առաջատար ճյուղ (օրինակ՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, մաթեմատիկայի ինստիտուտ, աստղաֆիզիկայի ոլորտ և այլն): Հայաստանը լավագույն օրինակն է զարգացող երկրների շարքում, որը կարող է առաջնահերթ համարել արագ և էժան վարկերի, ներդրումների, դրամաշնորհների և այլ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը: Սակայն այս ամենը չի ենթադրում հրաժարում չինական նախագծին մասնակցությունից։ Հայաստանը պետք է հստակ հաշվարկներ ունենա, հասկանալու համար թե ինչպես կարող է այս նախագծերից երկուսում էլ ներգրավվածություն ունենա, ինչպես նաև անհատական համագործակցություն իրականացնի։

Եզրակացություն

Հաշվի առնելով տեղակատվության սակավությունը և վերլուծելով հասանելի տեղեկությունները նոր նախագծի վերաբերյալ՝ կարելի է հանգել հետևյալ եզրակացություններին։ ԱՄՆ-ի և «Մեծ յոթնյակի» մյուս երկրների կողմից հայտարարված «B3W» նախագիծը հավակնություն ունի դառնալու լրջագույն մարտահրավեր չինական «BRI» նախագծի համար։ Համաշխարհային տնտեսական նախագծերի մրցակցության ոլորտում «Մեծ յոթնյակը» կոշտ դիմակայության է պատրաստվում Չինաստանի հետ: Ընդ որում, «Մեծ յոթնյակը» նախատեսում է այս մրցապայքարում ներդնել իր ողջ ներուժը, քաղաքական ազդեցությունն ու կշիռը՝ փորձելով առավել կարճ ժամկետներում և առավել մեծ ֆինանսական միջոցների ներդրմամբ զսպել չինական նախագծի իրագործման հեռանկարը: Այս առումով, կարելի է առանձնացնել մի քանի գործոններ, որոնք ի սկզբանե հաշվի են առնվել «B3W» նախագծի հեղինակների կողմից, առավել արդյունավետ և առավել գրավիչ հարթակ ստեղծելու փորձի համար: Մեծ հաշվով «B3W» նախագծի նպատակն է ստեղծել առավել նախընտրելի ֆինանսավորող մոդել զարգացող երկրների համար և մեկ քայլ առաջ անցնել չինական նախագծի իրագործումից։ Հենց այս տրամաբանության ներքո է անհրաժեշտ դիտարկել ԱՄՆ-ում տարածվող այն տեսակետը, որ Չինաստանի կողմից ստացվող ներդրումներն ու վարկերը յուրահատուկ ծուղակ են ստացող պետությունների համար՝ Չինաստանի ազդեցության տակ հայտնվելու առումով։

Ֆինանսական գործոնը

Ինչպես ցանկացած ներդրումային ծրագրի պարագայում, ներդրումների չափն ու ժամանակի գործոնը ունեն չափազանց կարևոր նշանակություն։ Նախ պետք է նշել, որ «Մեծ յոթնյակի» նախագիծն ավելի շատ ֆինանսական միջոցների ներգրավում է նախատեսում։ Եթե չինական նախագծով նախատեսվում է 1+ տրիլիոն դոլարի պոտենցիալ ներդրում, ապա «Մեծ յոթնյակի» նախաձեռնությունը նախատեսում է 40+ տրիլիոն դոլարի պոտենցիալ ներդրում։ Դրանից զատ պետք է հաշվի առնել, որ ֆինասնական միջոցների հոսքը լինելու է թե՛ ամերիկյան պետական կորպորացիաների («Development Finance Corporation», «USAID», «EXIM», «Millennium Challenge Corporation», «U.S. Trade and Development Agency») և թե՛ մասնավոր հատվածի ներդրումների հաշվին։ Սա նշանակում է պետություններ-մասնավոր համագործակցություն, ինչը սովորաբար ավելի է հեշտացնում ներդրումների իրականացումը, բարելավում է ներդրումային միջավայրը, նվազեցնում է ռիսկերը: Այսինքն՝ հասանելի ֆինանսական միջոցները կարող են իրենց մեջ ներառել ինչպես ամերիկյան խոշոր վարկային կազմակերպությունների կապիտալը, այնպես էլ եվրոպական, կանադական, ճապոնական և այլ պետությունների պետական և մասնավոր կազմակերպությունների կապիտալը։ Չնայած այն հանգամանքին, որ դեռևս հստակ չէ, թե ինչ տեսակի ներդրումների մասին է խոսք լինելու, ամենայն հավանականությամբ դրանք պետություններին տրամադրվող էժան վարկային միջոցներ կլինեն, որոնց միջոցով կֆինանսավորվեն տարբեր տեսակի ենթակառուցվածքների կառուցումը կամ վերանորոգումը, որոնք կարող են ծառայել «B3W» նախագծի հիմնական ուղղություններին, այսինքն` կլիմա, առողջություն և առողջապահություն, թվային տեխնոլոգիաներ, գենդերային հավասարություն և հավասարություն։ Այդ ենթակառուցվածքների թվին կարող են դասվել, օրինակ՝ զարգացող երկրներում գործած այնպիսի ենթակառուցվածքներ, ինչպիսիք են առողջապահական հաստատություներն ու առողջարանները, բժշկական կենտրոններն ու բուժհիմնարկները, առողջապահական գիտահետազոտական կենտրոնները, լաբորատորիաները, բնության համար ոչ վնասակար և այլ տեսակի գործարաններն ու կոմբինատները, սննդամթերքի ոլորտն ու էկո գյուղատնտեսական արտադրությունները, ինչպես նաև բիզնեսում կանանց ներգրավվածությանը խրախուսող ծրագրերը, բնապահպանական ծրագրերը, տրանսպորտային հաղորդակցությունները և այլն: Այսինքն, խոսելով զուտ ենթակառուցվածքների մասին, կարող ենք նկատի ունենալ, օրինակ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո չգործարկվող ենթակառուցվածքները, որոնք առանձին պետություններում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով բարոյապես մաշված են, սակայն կան դրանց վերածնունդն ապահովելու համար բոլոր նախադրյալներն ու ինտելեկտուալ կարողությունները: Ամենայն հավանականությամբ «B3W» նախագծում առաջնահերթություն կտրվի այն երկրներին, որոնք «BRI» նախագծի պոտենցիալ մասն էին կազմում։ Սա հնարավորություն կտա այդ պետություններին առավել սեղմ ժամանակահատվածում ֆինանսական ներդրումներ ստանալ և հետագայում հրաժարվել չինական ներդրումներից ու վարկային միջոցներից:

Ժամանակի գործոնը

Ժամանակի գործոնը ամենակարևոր գործոններից մեկն է, որը պետք է մշտապես հաշվի առնել: Բացի ֆինանսական միջոցների առավել մեծ ծավալներից, «B3W» նախագիծը նախատեսվում է ավելի շուտ կյանքի կոչել: Եթե չինական նախագիծը նախնական հաշվարկներով պետք է ամբողջապես գործի 2049 թվականին, ապա «B3W» նախագիծը նախատեսում է ֆինանսական միջոցներ տրամադրել զարգացող պետություններին մինչև 2035 թվականը: Ակնհայտ է, որ շահագրգիռ երկրների համար սա նույնպես կարող է կարևորագույն նշանակություն ունենալ։ Առավել շուտ և առավել շատ ֆինանսական միջոցների ներգրավումը տնտեսության մեջ կարող է փրկօղակ լինել զարգացող երկրների համար, որոնցից շատերի ֆինանսատնտեսական վիճակը բավական բարդ է, մանավանդ կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Աշխարհաքաղաքական բաղադրիչը

Պետք է նաև հաշվի առնել այն աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք կարող են խանգարել չինական նախագծի կյանքի կոչմանը։ Մասնավորապես, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ԱՄՆ-ի զորքի դուրս գալը Աֆղանստանից լուրջ մարտահրավերներ է ստեղծելու Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար, ինչը կարող է իր հերթին ազդել «BRI» նախագծի իրականացման ժամանակացույցի վրա, քանի որ չինական նախագծի համար Կենտրոնական Ասիան ունի կենսական նշանակություն: Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն գործարկել և արդյունավետ աշխատում է «C5+1» ձևաչափի շրջանակներում, որը Կենտրոնական Ասիայի 5 երկրների հետ քաղաքական հարաբերությունների խորացման հարթակ է, և ամերիկյան ազդեցության տարածման կարևոր բաղադրիչներից է: Աֆղանստանում, Պակիստանում և Միջին Ասիայում ձևավորված բարդ քաղաքական իրողությունները, ինչպես նաև միջինասիական երկրների միջև հնարավոր բախումները կարող են լուրջ մարտահրավեր դառնալ չինական նախագծի իրագործման ժամանակացույցի համար:

Քաղաքական բաղադրիչը

Բայդենի կողմից ԱՄՆ հետախուզությանը տրված հանձնարարականները պարզելու, թե արդյո՞ք ԿՈՎԻԴ-19-ը ուներ լաբորատոր ծագում, թե ոչ, կարելի է դիտարկել որպես Չինաստանի դեմ լրացուցիչ ճնշման փորձ, ինչը կարող է իր շուրջ համախմբել միջազգային հանրությանը: Չմոռանանք, որ ի տարբերություն Թրամփի, Բայդենի վարչակազմը կորոնավիրուսը չի անվանում չինական վիրուս, սակայն այս հանձնարարականի ամբողջ տրամաբանությունը նույն հարթության վրա է պետք դիտարկել։ Առաջիկա տարիներին կարելի է կանխատեսել առավել մեծ ճնշումներ Չինաստանի վրա ԱՄՆ-ի և «Մեծ յոթնյակի» առանձին պետությունների կողմից՝ կորոնավիրուսի տարածման, մարդու իրավունքների, կրոնական ազատության և փոքրամասնությունների իրավունքների թեմաներով։ Այս ճնշումների նպատակն է լինելու Չինաստանի միջազգային հեղինակության անկումը, որն ավելի է հեշտացնելու «B3W» նախագծի առաջխաղացումը և չինական «BRI» նախագծի զսպումը։

Աշխարհագրական բաղադրիչը

Հարկ է նշել, որ աշխարհագրական առումով նույնպես «B3W» նախագծով փորձ է արվելու առավել մեծ տարածքներ ներգրավել, քան չինական «BRI» նախագծով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ աշխարհագրական առումով «B3W» նախագիծը սկիզբ է առնելու «Լատինական Ամերիկայից և Կարիբյան ծովից մինչև Աֆրիկա, Հնդկական և Խաղաղ օվկիանոս»։ Սա, իհարկե, չի նշանակում, որ «BRI» նախագիծը չի կարող ընդլայնվել Չինաստանից մինչև Լատինական Ամերիկա և Եվրոպա, սակայն ակնհայտ է, որ որոշ երկրներ խուսափելու են մասնակցել չինական նախագծի կյանքի կոչմանը, քանի որ նրանք արդեն իսկ ունեն իրենց այլընտրանքային նախագիծը։ Սա, իհարկե, ազդելու է նախագծերի աշխարհագրության վրա։ Այս առումով երկու նախագծերի նախաձեռնողները կատաղի պայքար են մղելու Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի, «Երեք ծովերի նախաձեռնության» անդամ երկրների և այլ տարածաշրջաններում և պետություններում անվերապահ ազդեցության ձեռքբերման համար։

Ամփոփիչ դրույթներ

Մինչ այժմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կամ Սենատում դեռևս չեն եղել լսումներ կամ լայնածավալ քննարկումներ այս հարցի շուրջ։ Ըստ երկու պալատների ծրագրի՝ դեռևս «B3W»-ի վերաբերյալ բանաձև չկա օրակարգում։

Նման քննարկումներ կնախատեսվեն մոտ ապագայում և կդառնան գործադիր և օրենսդիր իշխանությունների համագործակցություն այս նախագծի շրջանակներում։ Հաշվի առնելով ԱՄՆ-ում ընդհանուր քաղաքական իրավիճակը՝ կարծում ենք, որ շատ չեն լինի այն ներկայացուցիչները կամ սենատորները, ովքեր կհակառակվեն Չինաստանին հակակշռող բանաձևին։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական վերնախավում համաձայնություն կա առ այն, որ ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի՝ նվազեցնելու աշխարհում Չինաստանի ազդեցությունը։ Ահա թե ինչու, այս նախագծին լուրջ դիմադրություն չի լինի։ Միաժամանակ, հնարավոր է, որ Կոնգրեսում գտնվեն մարդիկ, ովքեր կընդդիմանան նման հսկայածավալ ֆինանսական ռեսուրսներ ծախսելուն, բայց ոչ ինքնին ծրագրին։ Իրավական տեսանկյունից «B3W» նախագծի իրականացումը կարող է հավանության արժանանալ Կոնգրեսի կամ նախագահական հրամանագրի միջոցով։ Բայց եթե կան որևէ բյուջետային ֆինանսական ռեսուրսների ներգրավում նախագծում, ապա Կոնգրեսի դերն առանցքային է՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրության։ Ինչ վերաբերում է այս նախագծի իրականացմանը այլ երկրներում, ապա ծրագրի հիմնական իրականացնողները կլինեն «USAID»-ը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան և այլ գործակալություններ, որոնք արդեն իսկ ունեն հսկայածավալ փորձ այս ոլորտում։ Բացառված չէ, որ ժամանակի ընթացքում նոր կազմակերպություններ կամ գործակալություններ կստեղծվեն առավել նեղ և հատուկ գործունեության ոլորտում։

Մենք հորդորում ենք այս թեման մշտադիտարկման տակ պահել, իսկ այս գործընթացը՝ ուշադրության կենտրոնում, քանի որ շատ ակտիվորեն նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ։

Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=242

Կիսվել՝