Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի իշխանությունների և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության գործունեությունը՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նրանց կողմից իրականացվել է որոշակի կողմնապահություն՝ այս կամ այն թեկնածուի օգտին: Առավել համակողմանի և օբյեկտիվ վերլուծություն անելու համար սույն ուսումնասիրության համար ընտրված ժամանակահատվածը համընկնում է ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփի 2022թ. նոյեմբերի 16-ին արած հայտարարության հետ, որով նա պաշտոնական հայտ ներկայացրեց մասնակցելու 2024թ. նախագահական ընտրություններին՝ դառնալով գործող նախագահ Ջո Բայդենի հիմնական հակառակորդը: Սույն աշխատանքում ուսումնասիրվում են նաև այն գործիքները, որոնց կիրառմամբ Հայաստանի իշխանություններն ու դեսպանությունը կարող էր ուղղորդել ամերիկահայ ընտրողներին քվեարկելու այս կամ այն թեկնածուի օգտին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շահերը դեմոկրատ կամ հանրապետական վարչակազմի հաղթանակի պարագայում:
Նախաբան
Միջազգային իրավունքի սուբյեկտները՝ ինքնիշխան պետությունները, հաշվի առնելով իրենց ազգային շահերն ու առաջնահերթությունները, գերտերություններում, բարեկամ կամ մրցակից պետություններում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներին չափազանց մեծ կարևորություն են տալիս: Բնական է, որ ուսումնասիրելով այդ պետությունների ներքաղաքական կյանքը, նրանք ձևավորում են իրենց առաջնահերթությունները, այդ թվում՝ տեղի ունեցող նախընտրական գործընթացների տեսանկյունից: Սովորաբար այլ պետությունում տեղի ունեցող ընտրությունները կարող են կարևոր նշանակություն ունենալ երկկողմ հարաբերությունների, գլոբալ քաղաքականության կամ աշխարհաքաղաքական զարգացումների վրա: Բնական է, որ այս համատեքստում առավել հետաքրքրական է ԱՄՆ դեպքը, քանի որ այստեղ տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողնում ամբողջ աշխարհի վրա:
Մի պետության կողմից մյուսում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ հստակ քաղաքականության լավագույն օրինակներից է Իսրայելը, որը բնականաբար ԱՄՆ 2024թ. ընտրություններում ուներ իր համար առավել նախընտրելի թեկնածու, սակայն բավական նուրբ և գրագետ էր խաղում դիվանագիտական ճակատում՝ կողմերի միջև հավասարակշռությունը չխախտելու տեսանկյունից, թույլ չտալով, որ իր որևէ քայլ մեկնաբանվեր այս կամ այն թենածուի օգտին: Նեթանյահուն ճամփորդում էր Վաշինգտոն և հանդիպումներ ունենում ինչպես դեմոկրատ Հարիսի, այնպես էլ հանրապետական Թրամփի հետ՝ պահելով քաղաքական զգայուն հավասարակշռությունը: Նույն կերպ վարվում էր նաև Վաշինգտոնում հավատարմագրված Իսրայելի դեսպանն իր ամենօրյա գործունեության ընթացքում: Իր հերթին՝ 2024թ. Վաշինգտոն այցելած Ուկրաինայի նախագահ Զելենսկին հանդիպեց և՛ Հարիսի, և՛ Թրամփի հետ՝ քննարկելու Ուկրաինայի ապագան և ակնհայտորեն ունենալով ընտրություններում ֆավորիտ, նա չխախտեց պարիտետը:
Վստահաբար, ԱՄՆ ընտրությունների այս կամ այն ելքով հետաքրքրված էին շատ պետություններ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրները, նույն Ուկրաինան, Իրանը և այլք, սակայն նրանցից ոչ ոք չխախտեց ընդունված խաղի կանոնները և ներքաղաքական գործընթացներում ակնհայտ կողմնապահություն չարեց՝ ունենալով ԱՄՆ-ում զգալի համայնք, կշիռ և ազդեցություն: Սա նշանակում էր, որ աշխարհը պատրաստ է և առանձնապես այլընտրանք էլ չունի, ուստի պարտավոր է աշխատել ցանկացած թեկնածուի հետ, ում կընտրի ԱՄՆ ժողովուրդը:
Բացի պետությունների ղեկավարներից և քաղաքական առաջնորդներից, կարևոր են նաև ԱՄՆ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, որոնք ներկայացնում են ուղարկող պետության շահերը:
Պատահական չէ, որ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ դիվանագիտական ներկայացուցիչը պաշտպանում է ուղարկող պետության և նրա քաղաքացիների շահերը ընդունող պետությունում՝ միջազգային իրավունքի շրջանակներում, բոլոր օրինական միջոցներով ուսումնասիրում է ընդունող պետությունում առկա իրավիճակն ու զարգացումները և դրանց վերաբերյալ զեկուցում ուղարկող պետության կառավարությանը:
Այս տեսանկյունից հետաքրքրական է ուսումնասիրել այն ուղերձները, որ ԱՄՆ ընտրությունների ընթացքում հայ համայնքին է փոխանցել Հայաստանի իշխանությունը տեղեկատվական և քարոզչական գործիքներից մեկի՝ Հանրային հեռուստաընկերության միջոցով, որը հեռարձակվում է սփյուռքում և հանդիսանում է ամերիկահայերի համար Հայաստանին վերաբերող տեղեկատվական թիվ մեկ հարթակը: Առանձին ուշադրության է արժանի նաև դեսպան Լիլիթ Մակունցի ամենօրյա գործունեությունը ամերիկյան նախընտրական ողջ փուլում, ինչը, ըստ հետազոտության արդյունքների, իր մեջ պարունակում է համապատասխան ուղերձներ:
Սույն ուսումնասիրության համակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է նաև ճիշտ ընտրել թեմայի ուսումնասիրության ժամանակահատվածը: Այս տեսանկյունից, որպես թեմայի ուսումնասիրության ժամանակահատվածի սկիզբ ենք ընտրել 2022թ. նոյեմբերի 16-ը, այսինքն՝ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի 2024թ. նախագահական ընտրություններին մասնակցելու պաշտոնական հայտարարությանը հաջորդող օրվանից մինչև 2024թ. նոյեմբերի 6-ը, այսինքն՝ ԱՄՆ ընտրություններին հաջորդող օրը, երբ հայտնի դարձան ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի գործունեությունը նախընտրական փուլում
ԱՄՆ 50 նահանգները ըստ քաղաքական/ընտրական նախասիրությունների ընդունված է բաժանել հանրապետական, դեմոկրատական և տատանվող նահանգների: Հանրապետական և դեմոկրատական նահանգները նրանք են, որոնք հիմնականում նախապատվություն են տալիս համապատասխանաբար հանրապետական և դեմոկրատական կուսակցություններին, իսկ տատանվող նահանգները նրանք են, որոնց բնակչությունը կարող է ընտրել և՛ հանրապետականներին, և՛ դեմոկրատներին, քանի որ բնակչության նախասիրությունները գրեթե հավասարաչափ են բաշխված: Օրինակ՝ Կալիֆոռնիան, Կոլորադոն, Իլինոյսը դեմոկրատական նահանգներ են, Յուտան, Կանզասը՝ հանրապետական, իսկ Միչիգանն ու Փենսիլվանիան՝ տատանվող:
Ընտրված ժամանակահատվածում դեսպան Մակունցը այցելել է մի շարք նահանգներ, հանդիպումներ ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև նահանգների պաշտոնյաների հետ: Այցերի աշխարհագրությունը եղել է հետևյալը.
1. 2024թ. նոյեմբեր, այց Կալիֆոռնիա, դեմոկրատական նահանգ:
2. 2024թ. նոյեմբեր, այց Փենսիլվանիա, տատանվող նահանգ:
3. 2024թ. հոկտեմբեր, այց Կանզաս, հանրապետական նահանգ (Կանզասի և ՀՀ զինված ուժերի միջև համագործակցության ծրագիրը ստորագրվել է 2003թ. և այցը եղել է այս ծրագրի շրջանակներում):
4. 2024թ. սեպտեմբեր, այց Միչիգան, տատանվող նահանգ:
5. 2024թ. օգոստոս, այց Իլինոյս, դեմոկրատական նահանգ:
6. 2024թ. ապրիլ, այց Կոլորադո, դեմոկրատական նահանգ:
7. 2024թ. մարտ, այց Կալիֆոռնիա, դեմոկրատական նահանգ:
8. 2023թ. ապրիլ, այց Յուտա, հանրապետական նահանգ (Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով նման այցեր կազմակերպվում են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանների համար)։
9. 2023թ. ապրիլ, այց Կանզաս, հանրապետական նահանգ (Կանզասի և ՀՀ զինված ուժերի միջև համագործակցության ծրագիրը ստորագրվել է 2003թ. և այցը եղել է այս ծրագրի շրջանակներում):
10. 2023թ. փետրվար, այց Կալիֆոռնիա, դեմոկրատական նահանգ։
11. 2023թ. հոկտեմբեր, այց Կալիֆոռնիա, դեմոկրատական նահանգ:
Հետևաբար, դեսպանն ընտրված ժամանակահատվածում 6 անգամ այցելել է դեմոկրատական նահանգ, 3 անգամ՝ հանրապետական նահանգ և 2 անգամ՝ տատանվող նահանգ: Այստեղ գուցե դեսպանն առանձնացրել է այն նահանգները, որոնցում խիտ բնակեցված հայկական համայնք կա, հաշվի առնելով Կալիֆոռնիա կատարած այցերի պարբերականությունը, սակայն դա այդպես չէ: Օրինակ՝ Տեխաս նահանգում, ինչպես նաև Ֆլորիդա նահանգում նույնպես մեծ հայկական համայնք է ձևավորվել՝ մանավանդ վերջին տարիներին, սակայն դեսպանը այս հանրապետական նահանգներ չի այցելել:
Ինչ վերաբերում է դեսպան Մակունցի հանդիպումներին և շփումներին տարբեր նահանգներից ընտրված կոնգրեսականների և սենատորների հետ, ապա ունենք հետևյալ պատկերը.
1. 2024թ. մայիսի 16-ին հանդիպում կոնգրեսական Մարկ Գրինի հետ (hանրապետական, Թենեսի):
2. 2024թ. ապրիլի 16-ին հանդիպում կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ (դեմոկրատ, Ռոդ Այլընդ):
3. 2024թ. ապրիլի 12-ին հանդիպում կոնգրեսական Ռոբերտ Ադերհոլթի հետ (հանրապետական, Ալաբամա):
4. 2024թ. մարտի 12-ին հանդիպում կոնգրեսական Սեթ Մոուլթոնի հետ (դեմոկրատ, Մասաչուսեթս)։
5. 2024թ. մարտի 3-ին հանդիպում կոնգրեսական Ջուդի Չուի հետ (դեմոկրատ, Կալիֆոռնիա):
6. 2024թ. փետրվարի 29-ին հանդիպում կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ (դեմոկրատ, Նյու Ջերսի)։
7. 2024թ. փետրվարի 28-ին հանդիպում ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդի հետ (դեմոկրատ, Ռոդ Այլընդ)։
8. 2024թ. փետրվարի 15-ին հանդիպում կոնգրեսական Մարիո Դիազ-Բալարտի հետ (հանրապետական, Ֆլորիդա)։
9. 2023թ. դեկտեմբերի 12-ին հանդիպում կոնգրեսական Լուիզ Ֆրենկելի հետ (դեմոկրատ, Ֆլորիդա)։
10. 2023թ. դեկտեմբերի 5-ին հանդիպում սենատոր Շելդոն Ուայթհաուսի հետ (դեմոկրատ, Ռոդ Այլընդ)։
11. 2023թ նոյեմբերի 15-ին հանդիպում կոնգրեսական Գրեյս Մենգի հետ (դեմոկրատ, Նյու Յորք)։
12. 2023թ. նոյեմբերի 2-ին հանդիպում սենատոր Ջոն Ֆեթերմանի հետ (դեմոկրատ, Փենսիլվանիա)։
13. 2023թ. նոյեմբերի 1-ին հանդիպում կոնգրեսական Թոմ Քինի հետ (հանրապետական, Նյու Ջերսի)։
14. 2023թ. հոկտեմբերի 26-ին հանդիպում կոնգրեսական Սյուզան Ուայլդի հետ (դեմոկրատ, Փենսիլվանիա)։
15. 2023թ. հոկտեմբերի 25-ին հանդիպում սենատոր Էդ Մարքիի հետ (դեմոկրատ, Մասաչուսեթս)։
16. 2023թ. հոկտեմբերի 24-ին հանդիպում կոնգրեսական Ամի Բերայի հետ (դեմոկրատ, Կալիֆոռնիա)։
17. 2023թ. սեպտեմբերի 20-ին հանդիպում սենատոր Գարի Փիթերսի հետ (դեմոկրատ, Միչիգան)։
18. 2023թ. սեպտեմբերի 13-ին հանդիպում կոնգրեսական Ֆրենչ Հիլի հետ (հանրապետական, Արկանզաս)։
19. 2023թ. սեպտեմբերի 6-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի 2024թ․ ընտրություններում Կալիֆոռնիայի 30-րդ ընտրատարածքից ներկայացուցչի թեկնածու Ժիրայր Ռաթևոսյանին։
20. 2023թ. հուլիսի 31-ին հեռախոսազրույց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ:
21. 2023թ. հուլիսի 14-ին հանդիպում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ռիչ ՄքՔորմիքի հետ (հանրապետական, Ջորջիա) ։
22. 2023թ. հուլիսի 13-ին հանդիպում սենատոր Բեն Քարդենի հետ (դեմոկրատ, Մերիլենդ):
23. 2023թ. հունիսի 8-ին հանդիպում սենատոր Մարշա Բլեքբըրնի (հանրապետական, Թենեսի) և նրա աշխատակազմի հետ։
24. 2023թ հունիսի 5-ին հանդիպում կոնգրեսական Ուիլյամ Քիթինգի հետ (դեմոկրատ, Մասաչուսեթս)։
25. 2023թ. մայիսի 23-ին հանդիպում կոնգրեսական Սառա Ջեյքոբսի հետ (դեմոկրատ, Կալիֆոռնիա)։
26. 2023թ. մարտի 14-ին առցանց հանդիպում ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ։
27. 2023թ մարտի 1-ին հանդիպում նորընտիր կոնգրեսական Սեթ Մեգըզայների հետ (դեմոկրատ, Ռոդ Այլընդ,)։
28. 2023թ. փետրվարի 15-ին առցանց հանդիպում կոնգրեսական Ադամ Շիֆի հետ (դեմոկրատ, Կալիֆոռնիա):
29. 2023թ. փետրվարի 3-ին դեսպան Մակունցն առցանց հանդիպում կոնգրեսական դեմոկրատ Ջուդի Չուի հետ։
30. 2023թ. փետրվարի 2-ին հանդիպում կոնգրեսական Յանգ Քիմի հետ (հանրապետական, Կալիֆոռնիա)։
31. 2023թ. հունվարի 31-ին հանդիպում կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթիի հետ (դեմոկրատ, Իլինոյս)։
32. 2023թ. հունվարի 30-ին հանդիպում կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ (հանրապետական, Կալիֆոռնիա)։
33. 2022թ. նոյեմբերի 29-ին հանդիպում սենատոր Բիլ Քեսըդիի հետ (հանրապետական, Լուիզիանա)։
Պաշտոնական Երևանի կողմից ԱՄՆ հայ համայնքին ուղարկվող մեսիջները և Հանրային հեռուստաընկերությունը
ԱՄՆ ընտրություններում, մասնավորապես տատանվող նահանգներում, էական է յուրաքանչյուր քաղաքացու ձայնը, քանի որ այդ նահանգներում թեկնածուների ձայները գրեթե հավասարապես են բաշխված: Տատանվող նահանգներում հայ համայնքն ունի հետևյալ բաշխվածությունը.
1. Նևադա՝ 35.000
2. Փենսիլվանիա՝ 48.000
3. Միչիգան՝ 72.000
4. Ջորջիա՝ 12.000
5. Արիզոնա՝ 22.000
6. Հյուսիսային Կառոլինա՝ 12.000
7. Վիսկոնսին՝ 17.000։
Եթե անգամ այս նահանգներից յուրաքանչյուրում լինեին ընդամենը 10.000 հայ ընտրողներ, ապա նրանց կատարած ընտրության արդյունքը կարող էր լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա:
Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասկանալ, թե Հանրային հեռուստաընկերությունն ինչ դիրքավորում է ունեցել կապված ԱՄՆ ընտրությունների և դրանց արդյունքների հետ և ինչ սկզբունքով է ներկայացրել այս կամ այն թեկնածուին՝ հայկական շահերի տեսանկյունից:
Առավել ամբողջական պատկեր ստանալու համար առանձնացրել ենք մի քանի հարցազրույցներ։
Մասնավորապես, նոյեմբերի 5-ին Հանրայինը հյուրընկալել է Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Առնոլդ Բլեյանին, որը խոսել է ԱՄՆ նախագահի ընտրության, մեր տարածաշրջանի համար դրա կարևորության և նախագահի թեկնածուների հայտարարությունների մասին: Հանրայինը հարցազրույցը անվանել է «Բաց հարթակ․ Ամերիկահայերն ընտրություն կատարելիս ճիշտ կլինի հաշվի առնեն ՀՀ պետական շահը»:
Հյուրը, մասնավորապես, նշել է հետևյալ դրույթները.
«Վճռորոշ փուլում ենք ապրում և դա պետք է հասկանան նաև ամերկահայերը։ Ես հույս ունեմ, որ նրանք ողջախոհ կլինեն և կքվեարկեն հանուն Հայաստանի Հանրապետության (հօգուտ Քամալա Հարիսի), իրենք թող այսուհետ չմեղադրեն Հայաստանին, եթե Հայաստանում լինեն ինչ-ինչ խնդիրներ թե՛ ռազմական ագրեսիայի տեսքով, թե՛ տնտեսական կոլապսի»։
«Թրամփը պատերազմը Ուկրաինայում կդադարեցնի ուժի կիրառման սկզբունքը հարգելով։ Սա կազատի բոլորի ձեռքերը, այդ թվում՝ Ադրբեջանի»։
«Թրամփի համար օտար են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները»։
«Թրամփի վարչակազմի ժամանակ մենք ստացանք քառասունչորսօրյա պատերազմ, և որևէ առաջխաղացում հայ-ամերիկյան հարաբերություններում մենք չենք տեսել։ Բայդեն-Հարիս վարչակազմի ժամանակ մեր հարաբերությունները ռազմավարական երկխոսությունների մի մակարդակ բարձրացել են և դարձել ռազմավարական-գործընկերային»։
«Այսօր Հայաստանի պետականությունը կա՝ շնորհիվ Միացյալ Նահանգների, դա փաստ է, դա անհերքելի փաստ է»։
«ԱՄՆ-ը (Բայդենի օրոք) այս կամ այն կերպ կանգնեցրել է ադրբեջանական զինուժի առաջխաղացումը, չի թույլատրել այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքի գրավումը»։
«Հայերը պետք է ընտրություն կատարեն նաև իրենց խղճի հիման վրա, որ եթե Թրամփը, Աստված չարասցե, վերընտրվի, գոնե իրենք իմանան՝ իրենց խղճի առաջ իրենք հանգիստ են»։
Իր հերթին՝ ԱՄՆ-ում մեծ հարգանք վայելով ազգային-հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը Հանրայինի եթերում հյուրընկալվելով Պետրոս Ղազարյանին, մասնավորապես նշել է.
«Ո՞վ կարող է ասել, որ եթե ես ուզում եմ լինի Հայաստանին ի նպաստ Միացյալ Նահանգների քաղաքականություն, ուրեմն պետք է քվեարկեմ Թրամփի օգտին: Դա աբսուրդի ժանրից է»:
«Հարիսի թեկնածությունը ավելի օգտակար կլինի Հայաստանի շահերին»:
«Բայդեն-Հարիս վարչակազմը որոշ ընտրություն է կատարել: Որոշել է՝ որ տարածաշրջանում պետք է իր ազդեցությունը ավելացնի, ինչը վերջին 30 տարվա ընթացքում չկար»։
«Առնվազն այլ նկատառումներ պետք է գոյություն ունենան: Նախևառաջ, Թրամփը իր բիզնես ուղիով շատ ավելի մոտ է Ադրբեջանի ընդհուպ մինչև միջնորդված Թուրքիայի որոշ շրջանակների հետ, ավելին, Ռուսաստանում գործունեություն է ծավալել ադրբեջանցի բիզնեսմենների հետ: Դրան հավասարակշռող հայկական լուրջ այդպիսի հարաբերություններ գոյություն չունեն Թրամփի հետ»:
«Թրամփի ուղերձը՝ այդ խայտառակությունը կամ գրառումը, ավելի շուտ Հարիսի դեմ գրառում էր, կարծում եմ, քան հայությանն ի նպաստ, որովհետև եթե այդպիսին էին նրա հայացքները, ապա ո՞ւր էր նա 2020 թվականին։ 44-օրյա պատերազմ տեղի ունեցավ, հազարավոր քրիստոնյա հայեր զոհվեցին, և ո՞ւր էին իրենք»:
Իր հերթին՝ կողմնակալությամբ աչքի է ընկել նաև Հանրային ռադիոն: Հանրային ռադիոյի հետ զրույցում «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը նշել է. «Թրամփը շատ անկանխատեսելի թեկնածու է։ Ոչ ոք չգիտի թե նա ինչ կանի, հաճախ անգամ ինքը չգիտի իր անելիքը, այդ րոպեին ինչ մտքին գալիս է, որոշում է»։
Այստեղ բնականաբար պետք է հասկանալ, որ, այո՛, իհարկե Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը առավել ակտիվ և նախաձեռնողական քաղաքականություն հանձն առավ տարածաշրջանում և՛ ՀՀ հետ հարաբերություններում, և՛, այո՛, Քամալա Հարիսի քաղաքականությունը ամենայն հավանականությամբ կլիներ այս քաղաքականության շարունակությունը։ Սակայն բացահայտ և Հանրային հեռուստաընկերության մակարդակով ընտրողական մոտեցումը, կոնկրետ մեկ թեկնածուին նման աջակցությունը և հայ համայնքին ուղղակիորեն ուղղորդումը չէր բխում ՀՀ շահերից։
Բնականաբար, այս հարցազրույցներին հրավիրված բոլոր գործիչներն առաջնորդվել են իրենց պատկերացումներով ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների և Հայաստանի վրա դրանց ազդեցության տեսանկյունից, և տրամաբանական են նաև նրանց հիմնավորումներն ու գնահատականները խնդրո առարկայի վերաբերյալ: Այստեղ խնդիրը բացարձակապես հյուրերի կարծիքների մեջ չէ: Խնդիրը կայանում է նրանում, որ Հանրայինը չի էլ փորձել հրավիրել այնպիսի գործիչների, որոնք հակառակ կարծիքներ կհայտնեին՝ գոնե թվացյալ հավասարակշռությունն ու պարիտետը պահելու համար: Նման մոտեցումը կարող է ընկալվել որպես ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձ՝ ԱՄՆ հայ համայնքին թեկնածուներից մեկի օգտին քարոզելու տեսանկյունից:
Հանրապետականների և դեմոկրատների նախընտրական համաժողովները
Կուսակցությունների ազգային համաժողովները ամենից կարևոր ներքաղաքական գործընթացներն են, որոնց շրջանակներում կուսակցության պատվիրակներն անում են համապատասխան ընտրություն և պաշտոնապես առաջադրում իրենց թեկնածուներին: 2024թ. հուլիսին տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության համաժողովը, որի ընթացքում պաշտոնապես առաջադրվեց Դոնալդ Թրամփի թեկնածությունը: Նույն թվականի օգոստոսին տեղի ունեցավ Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովը, որի ընթացքում առաջադրվեց Քամալա Հարիսի թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում: Երկու միջոցառումներին էլ հրավիրված էին ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանի դեսպան Մակունցը: Հայաստանի դեսպանը, ի թիվս այլ դեսպանների, երկու միջոցառումներին էլ մասնակցել է և այդ մասին ֆեյսբուքյան էջում մի քանի տող գրառում կատարել:
Սակայն այստեղ կային որոշակի տարբերություններ, մասնավորապես՝ Լիլիթ Մակունցը մասնակցելու վերաբերյալ գրառում անելուց զատ որևէ այլ նշում չէր արել, անգամ այն մասին, թե արդյո՞ք հանդիպել է Հանրապետական կուսակցության առաջնորդներին, թե՞ ոչ: Օրինակ՝ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նույն միջոցառմանը մասնակցելուց զատ Վրաստանի դեսպան Զաքալիանին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ մի շարք սենատորների և կոնգրեսականների հետ, այդ թվում՝ սենատորներ Մարկո Ռուբիոյի (որը Թրամփի կողմից առաջադրվեց պետքարտուղարի թեկնածու), Կորի Գարդների, Դեն Սալիվանի, Բիլ Հեգերթիի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, կոնգրեսական Ջո Վիլսոնի և Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականության առաջատար գործիչների հետ։ Հարց է առաջանում. եթե չի հանդիպել, ապա ի՞նչն է եղել պատճառը և եթե հանդիպել է, ապա ի՞նչն է եղել այդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու պատճառը:
Ինչ վերաբերում է Դեմոկրատական կուսակցության համաժողովին, ապա այստեղ նույնպես իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը, սակայն ձևաչափն ու օրակարգն այլ են եղել: Նա ոչ միայն մասնակցել է միջոցառմանը, այլև աշխատանքային այց է կազմակերպել Չիկագո (Իլինոյս)՝ վառ դեմոկրատական նահանգ, որտեղ տեղի էր ունենում համաժողովը, հանդիպել է տեղի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ, իսկ միջոցառմանն ապահովել է նաև Հայաստանի ԱԺ պատվիրակության մասնակցությունը՝ բաղկացած բացառապես ՔՊ-ական պատգամավորներից:
Իհարկե, դրական է, որ նման մասնակցություն կուսակցական համաժողովին տեղի է ունեցել, սակայն սխալ է, երբ այլ պետության ներկայացուցիչները թմբկահարում են մի կուսակցության միջոցառմանը մասնակցելու մասին, սակայն մյուս կուսակցության համանման միջոցառմանը ոչ միայն չեն մասնակցում, այլև նվազագույն ներգրավվածություն են փորձում ունենալ: Հետևաբար, հաշվի առնելով ամերիկյան ընտրությունների առաձնահատկությունները՝ կա՛մ անհրաժեշտ էր մասնացել երկու կուսակցությունների միջոցառումներին էլ նույն մակարդակով, կա՛մ ընդհանրապես մասնակցելով միայն դեմոկրատների համաժողովին՝ անհրաժեշտ էր այն չմատուցել հանրությանն այնպես, որ դա ընկալվեր որպես կողմնապահություն և մի կուսակցության օգտին քարոզչության փորձ:
Originally published by “Luys“