Հարավային Կովկասի հիմնական խաղացողների շահերն ու «անկեղծության շաբաթը»

Վերջին ամիսները, իհարկե, բացառիկ էին Հարավային Կովկասի նկատմամբ միջազգային քաղաքականության ակտիվության տեսանկյունից, սակայն, ի տարբերություն վերջին ամիսների, վերջին շաբաթն աչքի ընկավ հիմնական խաղացողների անկեղծությամբ և «խաղաքարտերը» բացելու տեսանկյունով: Իրադարձություններն այնքան արագ էին զարգանում, որ քաղաքական, քաղաքագիտական և լրատվական դաշտը չէր հասցնում ադապտացվել մշտապես թարմացվող լրատվական հոսքերին և դրանց ճիշտ և օբյեկտիվ գնահատմանը: Եթե փորձենք մեկ հարթության վրա հավաքել և վերլուծել Հարավային Կովկասում հիմնական խաղացողների վերջին հայտարարությունները, ապա այս «անկեղծության շաբաթը» կարելի է համարել նոր վերլուծությունների և հետևությունների զրոյական կետ:

Հուլիսի 29-ին առաջին հայտարարությունը, որ անկեղծության դրվագներ էր պարունակում, եկավ Թուրքիայից: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, որ այնպես, ինչպես Թուրքիան մտավ Ղարաբաղ և Լիբիա, կարող է նույն կերպ անել Իսրայելի հետ: Իհարկե, այս հայտարարությունը նմանօրինակ ձևակերպումներով Թուրքիան նախկինում էլ էր արել, սակայն նման անկեղծ ձևակերպմամբ՝ երևի թե երբեք: Այն այնքան անկեղծ էր, որ նույնիսկ Ադրբեջանը շտապեց հայտարարել, թե Ղարաբաղ ինքն է մտել, ոչ թե Թուրքիան: Իրականում այս հայտարարությունն ընդգծում է Թուրքիայի ընդլայնողական քաղաքականությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև այլ ուղղություններով՝ Էրդողանի ծավալապաշտական առաջնորդությամբ: Թուրքիան, որն էական ազդեցություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Վրաստանի վրա, ցանկանում է ընդլայնել իր ազդեցության գոտին նաև Հայաստանի հաշվին, որպեսզի ամրապնդի իր դիրքերը ամբողջ Հարավային Կովկասում: Այս նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել Էրդողանի կողմից բազմիցս հայտարարված «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին:1

Հատկանշական է, որ հուլիսի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի միջև հերթական հանդիպումը, որի ընթացքում կողմերը համաձայնեցին գնահատել տարածաշրջանային զարգացումներին առնչվող տեխնիկական կարիքները: Սա ներառում էր Ախուրիկ/Աքյաքա երկաթուղային սահմանային անցակետի գործարկումը և երկու երկրների դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի համար վիզաների գործընթացի հեշտացումը:2 Այս ամենը ամբողջությամբ տեղավորվում է Էրդողանի կողմից հաճախակի նշված «Զանգեզուրի միջանցքի» բացման տրամաբանության մեջ: Հատկանշական է, որ այս հայտարարությունից ժամեր անց Թուրքիան հայտարարեց, որ առանց Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերջնական կարգավորման հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու հեռանկար չունեն՝ ըստ էության հաստատելով, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ նախապայմաններ է դնում:3

Նույն օրը՝ հուլիսի 30-ին, Հայաստանի վարչապետը Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցելու համար Թեհրանում էր: Հատկանշական է, որ Փաշինյանի և Իրանի հոգևոր առաջնորդի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ալի Խամենեին կրկին ընդգծեց Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշեց, որ «Զանգեզուրի միջանցքը» վնասակար է համարում Հայաստանի համար` ընդգծելով, որ օտար երկրները չպետք է սահմանափակեն հարևան երկրների միջև հարաբերությունները:4 Հատկանշական է, որ ո՛չ իրանական և ո՛չ էլ հայկական կողմի տարածած մամուլի հաղորդագրություններում Հայաստանի վարչապետի պատասխանը որևէ ձևով չկա, ինչը նշանակում է, որ այս հայտարարությանը Փաշինյանը չարձագանքեց:

Նույն օրը՝ հուլիսի 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով էր հրավիրվել ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը՝ խոսելու «Եվրոպայի ապագան» թեմայով լսումների ժամանակ: Իր ելույթի ընթացքում Ջեյմս Օ’Բրայենը բաց տեքստով հայտարարեց Հարավային Կովկասում ամերիկյան հետաքրքրությունների մասին։ Նա, մասնավորապես, նշեց. «Մենք հանդիպել ենք վարչապետի հետ մի քանի ամիս առաջ և ստեղծել նոր հարթակ, որպեսզի օգնենք Հայաստանին նվազեցնելու իր կախվածությունը Ռուսաստանից… Ես պարզապես ցանկանում եմ ասել մեկ բան, թե ինչու է այս ամենն այսքան կարևոր: Նայեք քարտեզին: Կենտրոնական Ասիայի երկրները բացառիկ հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակը հիմնականում անցնում է Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով: Եթե մենք կարողանանք բացել մի ճանապարհ, որն անցնում է Ադրբեջանով և Հայաստանով, ապա նրանք կունենան հասանելիություն գլոբալ շուկաներին և ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից և Չինաստանից»: Այս հայտարարությունը բավական անկեղծ հայտարարությունն էր և ամբողջությամբ արտացոլում է Վաշինգտոնի հետաքրքրությունները Հարավային Կովկասում:

Այս հայտարարությունից ժամեր անց ԱՄՆ կողմից Հարավային Կովկասին վերաբերող ևս մեկ հայտարարություն տարածվեց: Պետքարտուղար Բլինկենը հայտարարեց, որ Բայդենի վարչակազմը դադարեցնում է Վրաստանին տրամադրվող 95 միլիոն դոլարի օգնությունը, այն բանի համար, որ Վրաստանի խորհրդարանը ընդունել է օտարերկրյա գործակալների հետ կապված օրենքը, որը, ըստ քննադատների, ոգեշնչված է Ռուսաստանի համանման օրենքից և օգտագործվում է քաղաքական ճնշումների նպատակով: Պետքարտուղար Բլինկենը նաև հայտարարեց, թե որոշել է դադարեցնել Վրաստանին տրամադրվող օգնությունը, որը, ըստ էության, ուղիղ օգնություն է գործող կառավարությանը, և այդ որոշումը կայացվել է կառավարության հակաժողովրդավարական գործողություններին ի պատասխան: ԱՄՆ-ը նաև վիզայի արգելքներ է սահմանել մի շարք վրացի քաղաքական գործիչների և իրավապահների նկատմամբ, որոնք ճնշում են ազատ խոսքը, հատկապես Արևմուտքի հետ Վրաստանի ինտեգրման կողմնակից ձայները: «Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունները և կեղծ հայտարարությունները անհամատեղելի են ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամակցության նորմերի հետ»,– նշել է Բլինկենը:5

Այս ամենին պետք է հավելել նաև, որ Հարավային Կովկասում ԱրևմուտքՌուսաստան մրցակցության կարևոր տարրերից է այն, որ Հայաստանում աննախադեպ հակառուսական տրամադրությունների աճի ֆոնին ԱՄՆ-ն Հայաստանին պատրաստվում է տրամադրել ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ, միաժամանակ իջեցնելով նախկինում Վրաստանին տրամադրած համանման կարգավիճակը, ինչը դիտարկվում է որպես Վրաստանի նկատմամբ լուրջ ճնշում՝ հոկտեմբերին նախանշված ընտրություններին ընդառաջ: Հետևաբար, ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության գնահատման պարագայում պետք է հստակ գիտակցել, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում ունի առավելապես տարածաշրջանային հետաքրքրություններ, այլ ոչ թե առանձին պետությունների հետ հարաբերություններ խորացնելու առաջնահերթություն, քանի որ տարածաշրջանային ազդեցության ձեռքբերումը կարևոր է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ազդեցությանն ընդլայնմանն առավել արդյունավետ դիմակայելու տեսանկյունից:

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա արդեն հուլիսի 31-ին Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչը հայտարարեց, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն:6 Սրանով իսկ Ռուսաստանը հաստատում է, թե շարունակելու է պնդել, որ բոլոր տարածաշրջանային խնդիրները լուծվեն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, համաձայն որի. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:7

Եթե փորձենք ամփոփել Հարավային Կովկասի հիմնական խաղացողների շահերը՝ հիմնվելով բացառապես վերջին շաբաթվա «անկեղծության» ալիքի վրա, ապա բավական հետաքրքրական պատկեր կստանանք.

  1. ԱՄՆ շահերը. Վաշինգտոնի համար ամբողջական տարածաշրջանում ազդեցություն ունենալն առաջնային է, քանի որ այս կերպ ԱՄՆ-ը կարող է ավելի արդյունավետ կերպով հակազդել Ռուսաստանի և Չինաստանի ազդեցության ընդլայնմանը, այդ թվում՝ տնտեսական ուղիների տեսանկյունից: Միաժամանակ, տարածաշրջանում ազդեցության տարածումը, այդ թվում՝ Հայաստանով անցնող միջանցքի առկայությամբ, կնշանակի Իրանի մեկուսացման հեռանկար, ինչը Վաշինգտոնի հիմնական քաղաքական առաջնահերթություններից է:
  2. Իրանի շահերը. Թեհրանի համար, բնականաբար, նման հեռանկարը լրջագույն մարտահրավեր է: Իրանում կարծում են, որ ցանկացած արտատարածքային միջանցքի բացում կնշանակի արտաքին սահմանի կորստի վտանգ, ինչը Իրանի համար խիստ բացասական ազդեցություն կունենա ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական տեսանկյունից՝ հատկապես հաշվի առնելով Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Այստեղ, իհարկե, տեղին է հիշել Փաշինյանի այն անսպասելի հայտարարությունը, թե չի բացառում, որ Հայաստանի և Իրանի սահմանը կարող է փակվել, ինչն առավել մտահոգիչ է դարձնում իրավիճակը:8
  3. Թուրքիայի և Ադրբեջանի շահերը. Այս երկու պետություններն ունեն ընդհանուր շահեր: Նախ, Հայաստանի թուլացումը և տնտեսապես կախվածության մեջ գցելը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կդադարի գործոն լինել տարածաշրջանում: Փոխարենը, Հայաստանը կարող է դառնալ պարզապես խաչմերուկ (проходной двор), որտեղով յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ անցնել և ցանկացած տեսակի ապրանքներ շրջանառել: Միաժամանակ, այս միջանցքը Թուրքիային դարձնում է Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսների տարանցման կետ դեպի Եվրոպա: Եթե նախկինում Եվրոպան կախված էր Ռուսաստանի տարածքով անցնող էներգակիրներից, ապա հիմա այն կախված կլինի Թուրքիայի տարածքով անցնողներից: Միաժամանակ, Թուրքիան կկարողանա ֆիզիկապես միավորել ամբողջ թյուրքական աշխարհը՝ ունենալով միասնական, ամբողջական և առանց ընդհատումների միջանցք:
  4. Ռուսաստանի շահը. Մոսկվայի համար տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարևոր է, սակայն Մոսկվան պնդում է, որ հենց ռուսական սահմանապահները պետք է տեղակայվեն այս միջանցքի երկայնքով և հսկեն դրա անվտանգությունը: Սրանով Մոսկվան ուղղակի վերահսկողություն է ձեռք բերում ողջ տարածաշրջանում: Այս մոտեցումը բնականաբար հակասում է Վաշինգտոնի, Անկարայի, Բաքվի և Թեհրանի շահերին՝ հաշվի առնելով վերոշարադրյալը: Այս առումով միակ բաց հարցը, որ մնացել է, ոչ թե միջանցքի լինել-չլինելու հարցն է, այլ այն, թե ով կվերահսկի այս միջանցքը և կապահովի դրա անվտանգությունը: Բնականաբար, Ադրբեջանն ու Թուրքիան նախընտրում են, որ որևէ այլ պետություն չլինի ներգրավված, և հիմնավորում, թե միջանցքը կապում է Թուրքիան Ադրբեջանին, ուստի ինչու պետք է այլ երկիր ապահովի դրա անվտանգությունն ու կենսագործունեությունը:
  5. Հայաստանի շահը. Ինչ վերաբերում է Երևանին, ապա միջանցքի հեռանկարն ընդհանրապես պարունակում է կարևորագույն անվտանգային և լոգիստիկ խնդիրներ: Ամենից կարևոր հարցն այն է, թե ով է լինելու միջանցքի ֆիզիկական անվտանգության երաշխավորը: Եթե այն վերահսկվի որևէ այլ պետության սահմանապահների կողմից, դա կնշանակի, որ Հայաստանով անցնում է արտատարածքային միջանցք, որը խնդրահարույց է Իրան-Հայաստան սահմանի ապագայի համար՝ ընդհանրապես, ինչպես նաև Հայաստանի հյուսիսից հարավ անցնող ուղիների համար՝ մասնավորապես: Եթե հայկական զինված ուժերն են վերահսկելու այս միջանցքը, ինչպես պնդում են Հայաստանի իշխանությունները, ապա թուրքական և ադրբեջանական բեռնափոխադրողների կողմից մշտապես կարող են սադրանքներ տեղի ունենալ, ինչն էլ կարող է բերել լուրջ բարդությունների: Այսպիսով, Երևանը առաջին հերթին պետք է գոնե հաշվի առնի իր համար նվազագույն վտանգներ պարունակող սցենարը, քանի որ միայնակ և թույլ Հայաստանն ամենայն հավանականությամբ չի կարողանում սպասարկել իր ամբողջական շահերը և առաջնորդվում է հիմնական խաղացողներին ուղղված հետևյալ ուղերձով. «Դուք որոշեք, պայմանավորվեք և ասեք, թե ես ինչ պետք է անեմ»:

1 Erdogan Insists On Armenian ‘Corridor’ For Azerbaijan, https://www.azatutyun.am/a/33037269.html,
(31.07.2024).
2 «Գնահատել տեխնիկական կարիքները՝ երկաթուղու սահմանային անցակետը գործարկելու
համար»․ կայացավ Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը, https://www.azatutyun.am/a/33056342.html,
(31.07.2024).
3 Turkey FM not ruling out opening of border with Armenia if Yerevan-Baku relations normalize,
https://news.am/eng/news/836590.html, (01.08.2024).
4 Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է վնաս Հայաստանին և շարունակում հաստատուն
մնալ այս դիրքորոշմանը։ Ալի Խամենեի https://armtimes.com/hy/article/292798, (01.08.2024).

5 US to pause $95 million assistance to Georgian government over ‘foreign agent’ law, https://www.reuters.com/world/us-pause-95-million-assistance-georgian-government-blinken-says-2024-07-31/01.08.2024).

6 Արևմուտքի նպատակը Հարավային Կովկասում ստեղծված կապերը ոչնչացնելն է. ՌԴ ԱԳՆ, https://www.1lurer.am/hy/2024/07/31/1/1165753, (01.08.2024):

7 Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի ևՌուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, https://www.primeminister.am/hy/pressrelease/item/2020/11/10/Announcement/, (01.08.2024).

8 Հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է փակվել. Փաշինյան, https://arm.sputniknews.ru/20181101/armenia-iran-sahman-15441453.html, (01.08.2024):

Originally published at https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=419&fbclid=IwY2xjawEgJslleHRuA2FlbQIxMQABHSqqzoIsNVlLNUWb2KCTGDPWbs-6IU1TUtDvs7uC_wm303MCY8xW604GLg_aem_k487TCGNSQXu931tyIltnQ

Կիսվել՝