Հայ-ամերիկյան շփումները 2023 թվականին. ակտիվ շփումներ և ռեալպոլիտիկ

2023 թվականի ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները ամբողջացնելու համար անհրաժեշտ է առանձնացնել ամերիկյան դիվանագիտության ակտիվության մի քանի կարեւոր փուլեր, որոնց շրջանակում տեղի են ունեցել ինտենսիվ շփումներ հայաստանցի եւ ամերիկացի պաշտոնյաների միջեւ: Դրանք եղել են հեռախոսազրույցներ, աշխատանքային հանդիպումներ եւ բանակցություններ։ ԱՄՆ-ը առավել ինտենսիվ ներգրավվածություն է ստանձնել տարածաշրջանային գործընթացներում, ինչը ՀՀ-ի դեպքում առավելապես կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, ՀՀ-Ադրբեջան եւ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ամերիկյան փորձերի հետ։ ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի ազդեցության նվազեցումը Հարավային Կովկասում եւ Հայաստանում, հետեւաբար, 2023թ. ընթացքում ամերիկյան քաղաքականության ակտիվությունը կարելի է տեղավորել Վաշինգտոնի աշխարհաքաղաքական շահերի տրամաբանության շրջանակներում։ Ստորեւ ներկայացված են ԱՄՆ-ՀՀ շփումների ակտիվացման հիմնական շրջափուլերը 2023- ին՝ առանձնացված ըստ իրադարձությունների։

Լաչինի  միջանցքի փակումը և ամերիկյան ակտիվությունը 

    2023թ. ԱՄՆ-ՀՀ շփումների ակտիվության առաջին փուլը պայմանավորված էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցի փակմամբ, որը սկսվել էր դեռ 2022թ. դեկտեմբերին։ ԱՄՆ-ն շրջափակման երկրորդ օրվանից հանդես էր եկել ապաշրջափակման մասին հայտարարություններով, սակայն սկզբնական փուլում դրանք դեռ հասցեական չէին և ընդհանուր առմամբ առարկայական քայլեր այս հայտարարություններին չհետևեցին։ 

    Մեկ ամիս անց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց ունեցավ ինչպես ՀՀ վարչապետի[1], այնպես էլ Ադրբեջանի նախագահի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Բլինկենը Ադրբեջանի նախագահին հորդորեց անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ 

    Հաջորդող ամիսների ընթացքում այլ հայտարարություններ և կոչեր եղան ԱՄՆ Պետդեպարտամենտի մակարդակով, որոնցում նշվում էր ԱՄՆ-ը պատրաստակամությունը օժանդակել Հայաստանին և Ադրբեջանին բանակցային գործընթացը շարունակելու հարցում՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու նպատակով։ Լաչինի միջանցքի փակման մասով ակտիվություն ցուցաբերեցին նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները, հատկապես Հայակական հանձնախմբի ներկայացուցիչները։ Վերջիններս իրենց հայտարարություններով դատապարտում էին Ադրբեջանի ագրեսիվ և անմարդկային գործողությունները և նամակներ հղում Բայդենի վարչակազմին` կոչ անելով աջակցել հայ ժողովրդին և դադարեցնել Ադրբեջանին օգնության տրամադրումը։ 

    ԱՄՆ ներգրավվածությունը  Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցություններում 

    Հաշվի առնելով 2020թ.-ից հետո Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը՝ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ միակողմանիորեն բավարարելով բոլոր առաջ քաշված նախապայմանները, ԱՄՆ-ը զգալիորեն ակտիվացել է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Մի շարք հայտարարություններում Բայդենի վարչակազմը հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանին և Հայաստանին բանակցությունների իրականացման հարցում։ 

    2023թ. առաջին եռակողմ հանդիպումը Էնթոնի Բլինքենի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, որի ընթացքում Բլինկենը նշել էր, որ վերջին երկու ամիսներին զգալի առաջընթաց է գրանցվել։[2]

     Մայիսի 1-4-ի ընթացքում ամերիկյան կողմը Վաշինգտոնում անցկացրեց բանակցությունների հերթական փուլը՝ այս անգամ ԱԳ նախարարների մակարդակով։ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցությունները անցկացվել էին Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Նախարարները հանդիպել էին ինչպես Բլինքենին, այնպես ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։[3]

    Հանդիպման արդյունքներով Բլինկենի կողմից արվել էր մի հետաքրքրական հայտարարություն։ Պետքարտուղարը նշել էր, որ վերջինս հավատացած է, որ համաձայնագիրը արդեն տեսանելի է և հասանելիության սահմաններում է։ Սա առաջացրեց բուռն քննարկումներ առ այն, որ շատ շուտով արդեն կկնքվի խաղաղության պայմանագիրը, սակայն մինչ օրս, առվազն հասարակությանը հայտնի կնքված պայմանագիր կամ որևէ պայմանավորվածություն դեռևս չկա։[4]

                Այս տարվա վերջին բանակցությունները ԱՄՆ միջնորդությամբ տեղի ունեցան հունիսի 27-29-ը։ Միրզոյանի և Բայրամովի միջև այս բանակցությունները կրկին տեղի ունեցան Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Հերթական հանդիպումը տեղի ունեցավ նաև Ջեյք Սալիվանի հետ։[5] Այս հանդիպումից հետո Բլինկենի հայտարարությունները[6] ևս բավական հետաքրքրական էին։ Վերջինս խոսում էր մոտ շաբաթների կամ ամիսների ընթացքում վերջնական համաձայնության հասնելու մասին՝ նշելով, որ որքան մոտ է պայմանագրի կնքումը, այնքան ավելի է բարդանում գործընթացը, քանզի ամենաբարդ հարցերը թողնվում են վերջում։ Տպավորություն էր ստեղծվում, որ պայմանագրի վերջնական տարբերակը շուտով պատրաստ կլինի։ 

    ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունների ևս մեկ փուլ էլ նախատեսվում էր այս տարվա ավարտին՝ նոյեմբերի 20-ին, սակայն Ադրբեջանը հրաժարվել էր մասնակցությունից՝ պայմանավորելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի Ներկայացուցիչների պալատում արված հայտարարությունների հետ։ Հայտարարությամ մեջ Օ’Բրայենը նշել էր, որ «Մենք հստակ հասկացրել ենք, որ սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո Ադրբեջանի հետ ոչինչ նորմալ չի լինի, քանի դեռ մենք առաջընթաց չենք տեսնում խաղաղության հաստատելու ուղղությամբ»՝ հավելելով, որ Վաշինգտոնը չեղարկել է ադրբեջանցի պաշտոնյաների «բարձր մակարդակի այցերը» և դադարեցրել է ռազմական ու այլ օգնությունը Ադրբեջանին։[7] Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը վերջերս հայտարարել էր, որ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ հունվարին ԱՄՆ-ում ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու վերաբերյալ՝ հույս հայտնելովոր, որ Միրզոյանն ու Բայրամովը ի վերջո կվերջնականացնեն հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը։ Հայաստանի ԱԳՆ-ն փաստացի հերքել է Մարուքյանի հայտարարությունը՝ նշելով, որ «եթե հանդիպման պայմանավորվածություն լինի, մենք դա կհրապարակենք»։ Բաքուն էլ իր հերթին պնդում է, որ երկու կողմերը դեռևս համաձայնության չեն եկել իրենց արտգործնախարարների հաջորդ հանդիպման օրվա և վայրի հետ կապված։[8]

    Հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ը ակտիվ համագործակցում է նաև ԵՄ գործընկերների հետ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը, ըստ պաշտոնական տեղեկատվության, Բլինկենը քննարկել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Քոլոնայի հետ։ Իսկ հոկտեմբերի 20-ին ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի համատեղ հայտարարության մեջ հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. «Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այն մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր մնում են Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և ուժի կիրառման սպառնալիքի սկզբունքին»։[9]

    Թեև ԱՄՆ-ը առավել ակտիվ ներգրավված էր և շեշտում էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, ոչ պակաս կարևոր և արդիական է մնում ԱՄՆ-ի համար Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, որի շնորհիվ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ հակակշռելով Ռուսաստանին իր ռազմավարական դաշնակից Թուրքիայով: Այդուհանդերձ, ԱՄՆ ներգրավման առումով հասանելի տեղակատվությունը այդքան էլ շատ չէ։ Հայտնի է, որ օրինակ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինի հետ իր հեռախոսազրույցներից մեկում բարձրաձայնել է ՀՀ-Թուրքիա բանակցային գործընթացը։[10]

    Բացի այդ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ՀՀ իր այցի ժամանակ հանդիպել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ և ըստ պաշտոնական տեղեկատվության. «Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները»։[11] Դրանից զատ, Ռուբեն Ռուբինյանը ներկա էր Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպմանը, ինչը նշանակում էր, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Վաշինգտոնում փոխկապակցված խնդիրներ են համարում: Սա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը շարունակում է հետաքրքրված լինել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարով։

    Ի հավելումն այս ամենի, ողջ տարվա ընթացքում ՀՀ տարբեր պաշտոնյաներ մի շարք հանդիպումներ են ունեցել Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի, հետ, ով այս պաշտոնում նշանակվել էր 2023թ. փետրվարի 1-ին։[12] Այդ պահից ի վեր Բոնոն պարբերաբար հանդիպել է այնպիսի պաշտոնյաների հետ, ինչպիսիք են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի (վերջինիս հետ տեղի են ունեցել թվով ամենաշատ հանդիպումները) և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Սա ևս կարևոր ցուցիչ է, որն արտահայտում է ԱՄՆ շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ 

    ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի այցը Հայաստան

    Չնայած Բլինքենի կողմից արված այն հայտարարություններին, որ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի կնքումը մոտ է, սեպտեմբերին Ադրբեջանը դիմեց ագրեսիայի Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով էթնիկ զտում տեղի հայ ժողովրդի նկատմամբ։ Այս փուլում նաև շրջանառվեց տեղեկատվություն առ այն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Այդ իսկ պատճառով կազմակերպվեց Սամանթա Փաուերի այցը Հայաստան և Ադրբեջան՝ արտահայտելու ԱՄՆ աջակցությունը խնդիրների խաղաղ լուծմանը։

    ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը այցելեց Հայաստան և Ադրբեջան Արցախից հայերի բռնի տեղահանման ժամանակ։ Սեպտեմբերի 25-ին վերջինս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի ուղեկցությամբ ժամանեց Հայաստան։[13]

    Այցը ընթանում էր Ադրբեջանի կողմից Արցախի հայության նկատմամբ իրականացվող վայրագությունների և էթնիկ զտման ֆոնին։ Իր այցի ընթացքում Փաուերը հայտարարեց Հայաստանին 11,5 միլիոն ԱՄՆ դոլարի հրատապ մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար ՄԶԳ-ի և 10,5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Պետքարտուղարության միջոցներից: Բացի այդ Սամանթա Փաուերը վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որում նախագահը հայտնում է Միացյալ Նահանգների և իր վարչակազմի «ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ՀՀ սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը»:[14]

    Ադրբեջան իր ուղևորության ընթացքում Փաուերին ուղեկցել է Պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը և Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որտեղ նրանք հանդիպել են Իլհամ Ալիևի հետ։ Այս այցի ընթացքում Փաուերը վերահաստատել է «Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը»։[15] Ըստ էության այս հայտարարությամբ ԱՄՆ-ը փորձում էր կանխել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան։

    ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը

    2023թ.-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնել է Քրիստինա Քվինը՝ հաջորդելով Լին Թրեյսիին և դառնալով Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանը Հայաստանում։ Հատկանշական է դեսպանի նշանակման ժամանակահատվածը և վերջինիս գաղափարաքաղաքական ուղղվածությունը։ 2023թ.-ը Հայաստանի համար նշանավորվեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առավել ակտիվ նախաձեռնողականությամբ: Միաժամանակ հայ-ռուսական հարաբերությունները 2023թ. չէին ապրում իրենց լավագույն օրերը (այդ թվում ՀԱՊԿ-ի շուրջ ծավալված խորը ճգնաժամով)։ Եվ հենց այս շրջանում էր, որ ԱՄՆ-ն ՀՀ-ում դեսպան է նշանակում Միացյալ Նահանգների ու Եվրոպայի միջև հարաբերությունների խորացման և ամբողջական, ազատ ու խաղաղ Եվրոպայի տեսլականը կրող, փորձառու դիվանագետ Քրիստինա Քվինին։ Ի դեպ, վերջինս 2020-2022թթ. եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։[16]

    Նորանշանակ դեսպան Քվինը Հայաստան ժամանեց 2023թ․ փետրվարի 16-ին, որից հետո ակտիվ հանդիպումներ է ունեցել ՀՀ կառավարության բազմաթիվ ներկայացուցիչների հետ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գևորգյանի և Վահան Կոստանյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և այլոց հետ: 

    ՀՀ մասնակցությունը ԱՄՆ Ժողովրդավարության գագաթնաժողովին

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իշխանության գալուց ի վեր իրականացնում է Ժողովրդավարության ամենամյա գագաթնաժողովներ՝ հրավիրելով ավելի քան հարյուր երկրների առաջնորդների մասնակցել գագաթնաժողովին: Ակնկալվում է, որ մասնակից պետությունները կստանձնեն հստակ հանձնառություններ ներքին բարեփոխումների և միջազգային նախաձեռնությունների շրջանակներում: Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի էր ունեցել 2021թ. դեկտեմբերին, արդեն իսկ ակնհայտ դարձավ, որ այն յուրահատուկ ճնշման գործիք է ԱՄՆ մրցակից երկրների նկատմամբ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը, որոնք դուրս էին մնացել ժողովրդավարություն կառուցելու հանձնառություն ունեցող երկրների ամերիկյան ցանկից։ Հայաստանը հրավիրյալ երկրների թվում էր։ Այս տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովին, որը ընթացել է առցանց ձևաչափով։[17]  

    Գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր, որում ի թիվս այլ հարցերի դատապարտվում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ և պահանջվում է, որ Մոսկվան «անհապաղ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայից»։ Հայաստանի Հանրապետությունը միացել է Հռչակագրին, սակայն վերապահումով, «քանի որ սույն պարբերությունը համապարփակ և ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը և չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների օկուպացման փաստին» նշված էր Հայաստանի հայտարարության մեջ:[18]

    ՀՀ-ԱՄՆ համատեղ զորավարժության անցկացումը

    2023թ. լուրջ և խորքային քննարկումների առարկա դարձավ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը։ Սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում անցկացվեցին «EAGLE PARTNER 2023» համատեղ զորավարժությունները Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Զորավարժություններին մասնակցել է մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայող։[19] Այս նախաձեռնությունը հետապնդում էր մի քանի նպատակներ, որոնցից են՝ ամրապնդել Հայաստանի հետ ԱՄՆ դաշինքը, խթանել փոխգործունակությունը, նախապատրաստել հայկական 12-րդ խաղաղապահ բրիգադին ՆԱՏՕ-ի գործառնական հնարավորությունների հայեցակարգի («OCC») գնահատմանը ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում:[20] Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացումը քննադատության ալիք առաջացրեց ռուս պաշտոնյաների շրջանում։ ԱՄՆ-Ռուսաստան լարված հարաբերությունների այս ժամանակահատվածում Հայաստանի համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ընդունվել էր որպես ոչ բարեկամական քայլ։

    Իհարկե չի կարելի ասել, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան ջանքերն ամբողջությամբ արդյունավետ էին, սակայն փաստ է, որ ամբողջ 2023թ. ընթացքում ԱՄՆ-ն Հարավային Կովկասի հիմնական միջնորդը, նախաձեռնողն ու խաղացողն էր: Սա իհարկե պայմանավորված էր Ռուսաստանի դերի և նշանակության անկմամբ ամբողջ Հարավային Կովկասում՝ պայմանավորված Արցախյան պատերազմի արդյունքներով, ինչպես նաև Ուկրաինական պատերազմում Մոսկվայի հիմնական ռեսուրսների կենտրոնացմամբ: Դեռևս նախորդ տասնամյակներում ԱՄՆ-ն բավականին ամուր հիմքեր էր դրել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար և սպասում էր պատմական պահին առավել ակտիվ և նախաձեռնող լինելու համար: Միանշանակորեն կարելի է պնդել, որ ԱՄՆ-ն՝ սկսած 1992թ. այսքան ակտիվ ներգրավվածություն չի ունեցել Հարավային Կովկասում, որքան 2023 թվականին:  

    Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=389


    [1] Secretary Blinken’s Call with Armenian Prime Minister Pashinyan,https://www.state.gov/secretary-blinkens-call-with-armenian-prime-minister-pashinyan-11/, (01.12.2023).

    [2] Secretary Blinken’s Meeting with Armenian Prime Minister Pashinyan and Azerbaijani President Aliyev, https://www.state.gov/secretary-blinkens-meeting-with-armenian-prime-minister-pashinyan-and-azerbaijani-president-aliyev/, (01. 12.2023).

    [3] Մամուլի հաղորդագրություն, https://www.mfa.am/hy/press-releases/2023/05/04/pressrelease/11994, (04.12.2023).

    [4] Secretary Antony J. Blinken at the Bilateral Peace Negotiation Closing Session with Armenian Foreign Minister Ararat Mirzoyan and Azerbaijani Foreign Minister Jeyhun Bayramov, https://www.state.gov/secretary-antony-j-blinken-at-the-bilateral-peace-negotiation-closing-session-with-armenian-foreign-minister-ararat-mirzoyan-and-azerbaijani-foreign-minister-jeyhun-bayramov/, (04.12.2023).

    [5] Մամուլի հաղորդագրություն, https://www.mfa.am/hy/press-releases/2023/06/29/arm_aze/12069, (05.12.2023).

    [6] Secretary Antony J. Blinken at a Closing Plenary Session with Armenian Foreign Minister Ararat Mirzoyan and Azerbaijani Foreign Minister Jeyhun Bayramov, https://www.state.gov/secretary-antony-j-blinken-at-a-closing-plenary-session-with-armenian-foreign-minister-ararat-mirzoyan-and-azerbaijani-foreign-minister-jeyhun-bayramov/, (05.12.2023).

    [7] Azerbaijan Signals Conditions For U.S.-Mediated Talks With Armenia, https://www.azatutyun.am/a/32740251.html, (05.12.2023).

    [8] No Agreement Yet On Armenia-Azerbaijan Talks In Washington (UPDATED), https://www.azatutyun.am/a/32730578.html, (05.12.2023).

    [9] U.S.-EU Summit Joint Statement, https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2023/10/20/u-s-eu-summit-joint-statement/, (06.12.2023).

    [10] Readout of National Security Advisor Jake Sullivan’s Meeting with Dr. Ibrahim Kalin, Spokesperson and Chief Advisor to the President of Türkiye, https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2023/03/14/readout-of-national-security-advisor-jake-sullivans-meeting-with-dr-ibrahim-kalin-spokesperson-and-chief-advisor-to-the-president-of-turkiye/, (07.12.2023).

    [11] Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ, http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=18591&year=2023&month=04&day=17&lang=arm, (07.12.2023).

    [12] Introduction of New Senior Advisor for Caucasus Negotiations, https://www.state.gov/introduction-of-new-senior-advisor-for-caucasus-negotiations/, (08.12.2023).

    [13] Administrator Samantha Power Arrives in Armenia, https://www.usaid.gov/news-information/press-releases/sep-25-2023-administrator-samantha-power-arrives-armenia, (12.12.2023).

    [14] ԱՄՆ նախագահ Բայդենի նամակը վարչապետ Փաշինյանին, https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/09/25/Nikol-Pashinyan-Joe-Biden-letter/, (12.12.2023).

    [15] Administrator Samantha Power Meets with President Ilham Aliyev in Baku, Azerbaijan, https://www.usaid.gov/news-information/press-releases/sept-27-2023-administrator-samantha-power-meets-with-president-ilham-aliyev-in-baku-azerbaijan., (12.12.2023).

    [16] Քրիստինա Քվին, ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան, https://am.usembassy.gov/hy/embassy-hy/yerevan-hy/ambassador-hy/, (15.12.2023).

    [17] Վարչապետը մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի բացմանը, https://www.primeminister.am/hy/press-release/item/2023/03/29/Nikol-Pashinyan-Summit-for-Democracy/, (15.12.2023).

    [18] Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում հետեւյալ պարբերությունից., https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Reservation%20-%20Arm.pdf, (2023).

    [19] Armenia-U.S. joint exercise “EAGLE PARTNER 2023” will be held in Armenia, https://mil.am/en/news/11774, (15.12.2023).

    [20] Eagle Partner Exercise Builds Upon Longstanding U.S.-Armenian Security Cooperation, https://am.usembassy.gov/eagle-partner/, (18.12.2023)։

    Կիսվել՝