Հայկական լոբբինգի գործունեությունը Բայդենի վարչակազմի օրոք

Լոբբինգի էությունն ու դրա ազդեցությունն ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման վրա

ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության ձևավորումը բավական բարդ գործընթաց է։ Իհարկե, այն հիմնավորապես իրականացվում է հաշվի առնելով ամերիկյան շահը, սակայն, շատ հաճախ, հաշվի առնելով ամերիկյան շահի վերաբերյալ տարբեր ընկալումները, քաղաքականության ձևավորման և որոշումների ազդեցության վրա մեծապես ազդում են տարբեր խմբեր, հոսանքներ, շարժումներ և անձինք։ Քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցության ձեռքբերման գործընթացն իրականացվում է լոբբիստական գործունեության միջոցով։ Լոբբինգը մշտապես եղել է ԱՄՆ քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից։ Ամենահայտնի և հաջողակ “լոբբիստների” թվին են դասվում այնպիսի անհատներ, ինչպիսիք են Պատրիկ Հենրին, Սյուզան Բ. Էնթոնին և Մարտին Լյութեր Քինգը։ 

Գործադիրի գործողությունների վրա ազդելու մի քանի տարբերակներ կան, ինչպես օրինակ դատական հայցի ներկայացում գործադիրի տարբեր մարմինների դեմ, գործադիր ճյուղի ընդունած օրենքների քննադատություն, ինչպես նաև օրենսդիրներին հարդորում, որ առաջարկեն կամ փոխեն օրենքները։[1]

Լոբբինգի էությունը բացատրող երեք հիմնական տեսություն կա՝

  • Լոբբինգը որպես «quid pro quo» գործընթաց։ Այստեղ լոբբինգն իրականացվում է ընտրական գործընթացներին աջակցելու միջոցով (հիմնականում քարոզարշավին գումարի տեսքով աջակցությամբ)՝ դրա փոխարենը կոնգրեսականներից ստանալով աջակցություն կոնկրետ օրենսդրություն ընդունելու կամ փոփոխելու հարցում, որոնք շահավետ են կոնկրետ խմբի համար։
  • Լոբբինգը որպես դաշնակիցների հետ աշխատանք։ Այստեղ լոբբիստները աշխատում են նրանց հետ, ովքեր արդեն իսկ դրական են տրամադրված կոնկրետ դիրքորոշման հարցում։
  • Լոբբինգը, որպես համոզման միջոց տեղեկատվության փոխանցման շնորհիվ։ Այստեղ, շահերի խմբերը համոզում են օրենսդիրներին ընդունել որոշակի օրենքներ տրամադրելով այդ հարցի շուրջ իրենց ընտրողների կարծիքը։[2]

«Լոբբինգ» եզրը հաճախ բացասական իմաստով է ընկալվում, որպես մի երևույթ, որը կապված է ապօրինի ազդեցություն գործելու և կոռուպցիոն գործընթացների հետ։ Այնուամենայնիվ, այն ժողովրդավարական համակարգի կարևոր և լեգիտիմ բաղադրիչ է, որի միջոցով ժողովրդավարական հասարակությունը կարողանում է իր ազդեցությունն ու ասելիքն ունենալ քաղաքական գործընթացների վրա։[3] Այս գործընթացի օրինականությունն ու թափանցիկությունն ապահովելու համար, լոբբիստական գործունեությունը խիստ վերահսկվում է ԱՄՆ օրենսդրությամբ։ Գոյություն ունեն չորս հիմնական դաշնային օրենքներ, որոնք կանոնակարգում են լոբբիստական գործընթացը՝ «1938թ. Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը» (FARA), «1946թ. Լոբբիստական գործունեության կանոնակարգման մասին ակտը»  (RLA), «1995թ. Լոբբիստական գործունեության բացահայտման ակտը» (LDA) և «2007թ. Ազնիվ առաջնորդության և բաց կառավարման ակտը» (HLOGA)։[4]

«1995թ. Լոբբիստական գործունեության բացահայտման ակտը», որը լրացվել է «Ազնիվ առաջնորդության և բաց կառավարման ակտով» պահանջում է լոբբիստներից հայտարարագրել իրենց գործունեության հետ կապված որոշ տեղեկություններ, այդ թվում ֆինանսավորման տվյալները։ «Օտարերկրյա գործակալների գրանցման ակտը» վերաբերում է նրանց, ովքեր գործում են, որպես օտար կառավարությունների գործակալներ, և որոնք պարտավորվում են զեկուցել իրենց գործունեության մասին։ Դեռ ավելին, Ներկայացուցիչների պալատը և Սենատը ունեն իրենց օրենքները, որոնք կարգավորում են Կոնգրեսի երկու պալատների անդամների և աշխատակիցների կողմից գրանցված լոբբիստներից կամ օտարերկրյա կառավարությունների գործակալներից նվերների ընդունումը։ Մասնավորապես, վերոնշյալ պաշտոնյաները չեն կարող ընդունել նվերներ, եթե դա նախատեսված չէ համապատասխան պալատի օրենքներով։[5]

ԱՄՆ-ում կարելի է առանձնացնել լոբբինգի երկու տեսակ՝ պրոֆեսիոնալ և էթնիկ։ Պրոֆեսիոնալն իրականացվում է հատուկ լոբբինգով զբաղվող կազմակերպությունների կողմից։ Պատվիրատու կողմի հետ կազմակերպությունը կամ անհատ լոբբիստը սովորաբար կնքում է պայմանագիր, և պատվիրատուն վճարում է պայմանագրով սահմանված գումարը իրականացված ծառայությունների դիմաց։ Սովորաբար լոբբիստները կամ նախկին օրենսդիրներ են, կամ վերջիններիս աշխատակազմի անդամներ, ովքեր ունեն որոշակի ազդեցություն և կապեր կոնգրեսականների, սենատորների և գործադիր ճյուղի պաշտոնյաների կամ իրավաբանների և պաշտպանների հետ։ ԱՄՆ-ում այժմ  լայնորեն տարածված պրակտիկա է այլ երկրի կառավարության համար վարձել լոբբիստներ՝ ազդելու ԱՄՆ օրենսդիր և գործադիր ճյուղերի որոշումների վրա։ Սկսած 2016թ.-ից ԱՄՆ-ում օտար պետությունները լոբբինգի վրա ծախսել են ավելի քան 3 միլիարդ ԱՄՆ դոլար։ 2016-2021թթ. ԱՄՆ-ում լոբբինգի վրա ամենաշատ գումար ծախսած երկրներն են՝ Չինաստանը (266,2 միլիոն ԱՄՆ դոլար), Ճապոնիան (239,8 միլիոն ԱՄՆ դոլար), Հարավային Կորեան (206 միլիոն ԱՄՆ դոլար), Քաթարը (193,9 միլիոն ԱՄՆ դոլար), Մարշալյան կղզիները (167,6 միլիոն ԱՄՆ դոլար), Ռուսաստանը (165,2 միլիոն ԱՄՆ դոլար) և Իսրայելը (148,2 միլիոն ԱՄՆ դոլար)։[6] 

ԱՄՆ-ում լոբբիստական գործունեության մեկ այլ տեսակ է էթնիկ լոբբինգը։ Ամերիկյան գրականության մեջ հակասություններ կան ԱՄՆ արտաքին քաղաքականության իրականացման գործընթացի վրա էթնիկ խմբերի ազդեցության հետ կապված։ Օրինակ, Սմիթը իր գրքում շեշտում է, որ «էթնիկ միջամտության բացասական հետևանքները կարող են հաճախ գերազանցել, անկասկած, այն օգուտները, որոնք երբեմն այս գործունեությունը տալիս է Ամերիկային համաշխարհային գործընթացներում»։ Հեղինակի կարծիքով՝ այս էթնիկ խմբերը շատ ավելի մեծ ազդեցություն ունեն ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման վրա, քան ակնկալվում էր։[7]

Սմիթը առանձնացնում է երեք եղանակ, որով էթնիկ խմբերն ազդում են ԱՄՆ քաղաքականության մշակման վրա.

  • Քվեարկության միջոցով. էթնիկ լոբբիների համար քվեարկությունը ազդեցության կարևոր գործիք է «Կոնգրեսի ընտրություններում փրայմերիզների դերի, հենց Կոնգրեսի ապակենտրոնացված բնույթի և ազգային կուսակցական կարգապահության ուժեղ մեխանիզմների բացակայության պատճառով»:
  • Քարոզարշավի ֆինանսավորման միջոցով. այս դեպքում վճռորոշ գործոնն այն է, որ «ընտրական շրջաններից դուրս գտնվող անհատները կարող են ներդրումներ կատարել քարոզարշավի համար, որտեղ նրանք իրավունք չունեն քվեարկելու»:
  • Կազմակերպչական մարմնի միջոցով. Քվեարկությունը և գումարը բավարար չեն։ Կազմակերպված մարմին է անհրաժեշտ հստակ պահանջներով, որն ապահովում է էթնիկ համայնքի միասնությունը և այլ խմբերի հետ դաշինքի մեջ է մտնում։[8] 

Այդուհանդերձ, Սամուել Հանթինգտոնը բավական քննադական վերաբերմունք ունի առ այն, թե ինչ ազդեցություն են ունենում էթնիկ խմբերը ԱՄՆ քաղաքական կյանքի վրա։ Ըստ նրա, Սառը պատերազմի ընթացքում կոմունիստական երկրներից ներգաղթյալներն ու փախստականները քաղաքական և գաղափարական պատճառներով դեմ էին իրենց հայրենի երկրների կառավարություններին և ակտիվորեն աջակցում էին Ամերիկյան հակակոմունիստական քաղաքականությունը։ Այդուհանդերձ, Սառը պատերազմի ավարտից ու ԽՍՀՄ փլուզումից հետո սփյուռքները սկսեցին աջակցել իրենց նախնիների երկրների կառավարություններին։ Այսիպիսով, ԱՄՆ քաղաքական, տնտեսական, ռազմական, հետախուզական ինստիտուտներն ու հնարավորությունները, որ ստեղծվել էին ծառայելու ԱՄՆ ազգային շահերին, Սառը պատերազմից հետո սկսեցին ծառայել ենթազգային, վերազգային, և անգամ ոչ ազգային շահերին։[9] 

Մեկ այլ, առավել զուսպ դիրքորոշում է ստանձնել Շեյնը, ով իր հոդվածում պնդում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա էթնիկ փոքրամասնությունների աճող ազդեցությունը կապված է այն խնդրի հետ, որ պետք է տարանջատել ԱՄՆ դաշնակիցներին և թշնամիներին Սառը պատերազմի ավարտից հետո։ Այնուամենայնիվ, հեղինակը նաև շեշտում է, որ այս էթնիկ խմբերը դրական ազդեցություն են ունենում իրենց հայրենի երկրներում ժողովրդավարական փոփոխությունների իրականացման վրա։ Եվ նրանց ներդրումը իրենց հայրենի երկրներում ժողովրդավարության զարգացման համար նաև ամրապնդում է այս արժեքները ԱՄՆ-ի ներսում։[10]

Քլաֆն իր հերթին մեկնաբանում է էթնիկ խմբերի ազդեցությունը ԱՄՆ-ի վրա վերջիններիս հայրենի երկրների հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու տեսանկյունից։ Այդ օտար երկրներն էլ իրենց հերթին Միացյալ Նահանգներում իրենց էթնիկ եղբայրներին տեսնում են որպես բնական դաշնակիցներ, որոնք կարող են դրական դինամիկա ունենալ երկկողմ հարաբերությունների վրա։[11]

Ինչպես նշել է Զբիգնև Բժեզինսկին. «Միացյալ Նահանգներում ամենից ազդեցիկ և արդյունավետ կազմակերպված լոբբիները, որոնք ազդեցություն են ունենում ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա հրեական, հունական և հայկական լոբբիներն են»։[12]Հայերը Միացյալ Նահանգներում մեծ համայնք ունեն։ Առաջին հայերը ԱՄՆ են եկել 17-րդ դարի սկզբին, իսկ կազմակերպված հայկական համայնքը Միացյալ Նահանգներում ձևավորվել է արդեն 1870-ականներին։[13]  Հայկական համայնքի դերն ավելի ազդեցիկ դարձնող կարևոր գործոն է հատկապես բնակության հաստատման հատուկ ձևը։ Հայերը զգալիորեն կենտրոնացած են մի շարք նահանգներում, ինչպիսիք են Կալիֆորնիան (հատկապես Լոս Անջելեսում և Ֆրեզնոյում), Նյու Ջերսիում, Նյու Յորքում, Մասաչուսեթսում (հատկապես Բոսթոնում), Ֆլորիդայում, Իլինոյսում և Միչիգանում։ Այս նահանգներում ապրող հայերը խորապես ինտեգրված են վերջիններիս տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային ցանցում։ Հետևաբար, նրանք չեն կարող արհամարհվել, հատկապես այն շրջաններում, որտեղ նրանց կենտրոնացումը մեծ է։ Հայկական համայնքի դերը հատկապես առանցքային է դառնում ընտրությունների ժամանակ։ Երբ ընտրապայքարը թեժ է, յուրքանչյուր քվե նշանակություն ունի։ Այս ամենի վառ ապացույցը կարող է լինել 2000թ. Ջորջ Բուշի ընտրությունների ժամանակ 18,000 ֆլորիդահայերի կարևոր դերը։ Բուշը հաղթեց մի քանի հարյուր ավել ձայն ստանալով,, քան դեմոկրատ թեկնածու Ալ Գորը։ Նահանգի ամերիկահայերի 80 տոկոսը քվեարկել էր Ջորջ Բուշին օգտին ակնհայտորեն նրա համար, որ Բիլ Քլինթոնի վարչակազմը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը։[14]

Սփյուռքի քաղաքական գործունեության հաջողության արտացոլումն է Կոնգրեսում բարեկամական հանձնախմբի ձևավորումը, որոնք ոչ պաշտոնական օրենսդիր հանձնաժողովներ են։ Այդուհանդերձ, նրանք օժանդակող դեր են խաղում սփյուռքի շահերից բխող քաղաքականությունների ձևավորման հարցում։ Հայկական հարցերով հանձնախումբը ձևավորվել է 1995թ.։ Ամերիկահայերի մեծ մասն ապրում է Կալիֆորնիայում և դրա համար զարմանալի չէ, որ որ Հայկական հանձնախմբում Կալիֆորնիայից շատ կոնգրեսականներ կան։ Ի հակադրություն՝ մինչ ԱՄՆ նավթային ընկերությունները չսկսեցին գործել Կասպիան տարածաշրջանում՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, չկային արդյունավետ խմբեր, որ լոբբինգ կիրականացնեին Կոնգրեսում, բացառությամբ հայերի։[15]

Միացյալ Նահանգներում երկու հիմնական հայկական էթնիկ լոբբիստական կազմակերպություններ են գործում՝ Հայ դատի հանձնախումբը («ANCA», այսուհետ՝ Հայ դատ) և Ամերիկայի հայկական համագումարը («AAA», այսուհետ՝ Համագումար)։ Թեև կազմակերպությունների պատմությունները, կառուցվածքը, մոբիլիզացման մոտեցումները և դաշինքները տարբերվում են, այնուամենայնիվ նրանք կարողացան հասնել հայ համայնքի «հիպերմոբիլիզացիայի» այն աստիճանի, որին մեկ կազմակերպությունը չէր կարող հասնել՝ դրանով իսկ կրկնապատկելով հայկական հարցերի շուրջ իրենց նախագծերի տարածման սահմանները և ռեսուրսները։ Երկու կազմակերպություններն էլ զուգահեռ ստեղծել են հրապարակումներ, հետազոտական ինստիտուտներ, երիտասարդական ծրագրեր՝ այսպիսով կրկնապատկելով հայերի ռեսուրսները և դարձնելով հայկական հարցերը ավելի ակնառու։ Հայ դատի և Համագումարի լոբբիստական ջանքերը Վաշինգտոնում համախմբված են երկու կարևոր գործոնների շուրջ՝ երկկուսակցական Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը և նմանատիպ քաղաքական առաջնահերթությունները։[16]

ԱՄՆ-ում գործող հայ լոբբիստական կազմակերպությունների ջանքերի արդյունքում է, որ Հայաստանը 1990-ական թթ. ստանում էր զգալի օգնություն։ Ի հակադրություն, Ադրբեջանին նկատմամբ ուշադրությունը գրեթե միշտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում էր։ Օգնություն ստացող 151 երկրների թվում, Ադրբեջանը 104-րդն էր։ Տասնամյակի համար Հայաստանը 18-րդն էր, չնայած, որ մինչ 1992թ. ոչինչ չէր ստացել։[17]Ամերիկահայերի ջանքերով Հայաստանին ուղարկվող մեծաքանակ օգնության պատճառով, Հայաստանը երբեմն կոչում էին «Կովկասի Իսրայել»։[18] Իսկ ամերիկյան մամուլում հայկական լոբբին ներկայացվում է որպես «Հզոր և լավ կազմակերպված լոբբիստական ուժ ամբողջ երկրով մեկ»։[19]

ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների առաջնահերթությունները Բայդենի վարչակազմի օրոք

ԱՄՆ-ում Հայ դատը իր գործունեության համար առանձնացնում է մի քանի առաջնահերթություններ։ Դրանք են՝ անկախ Հայաստանի և Արցախի պաշտպանությունը, ԱՄՆ-Հայաստան, ԱՄՆ-Արցախ համագործակցության ընդլայնումը, Հայոց ցեղասպանության համար արդարության ապահովումը, կոնստրուկտիվ օտարերկրյա օգնության քաղաքականությունների առաջխաղացումը և Հայաստանի անվտանգությանը, Արցախի ինքնիշխանությանը և ողջ աշխարհում վտանգի տակ հայկական համայնքների բարեկեցության սպառնալիքների հակազդումը։[20] ԱՄն-ում երկրորդ խոշորագույն հայկական լոբբիստական կազմակերպությունը՝ Հայկական համագումարը, ևս առանձնացնում է համանման առաջնահերություններ։ Այդուհանդերձ, հստակ քայլերի իրականացման տեսանկյունից Համագումարը առանձնացնում նաև մի քանի այլ քայլեր։ Մասնավորապես, Համագումարի համար առաջնահերթություն է նոր անդամների համալրումը Կոնգրեսի հայկական հանձնախմբում, Կոնգրեսի անդամների կողմից Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերի մասին հայտարարության տարածումը, ինչպես նաև ձգտումը նրան, որ «Facebook»-ը Հայոց ցեղասպանության ժխտման հարցում ստանձնի նույն քաղաքականությունը, ինչ Հոլոքոստի։[21]

ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմի կողմից իշխանության ղեկը ստանձնելուց հետո հայկական լոբբիստական կազմակերպությունները շարունակում են աշխատել իրենց քաղաքական առաջնահերթությունների շրջանակում՝ առաջ տանելով հայկական շահերն ԱՄՆ-ում։ Հայ դատի պնդմամբ՝ Բայդենից պաշտոնավարման առաջին օրերից սկսված պահանջվում է վերականգնել կայունությունը, նպաստել խաղաղությանը և զսպել Ալիևի ու Էրդողանի ցեղասպանական պանթուրքական ծրագրերը։[22]

ԱՄՆ օգնության տրամադրումը Հայաստանին և Արցախին

Հայաստանին և Արցախին օգնության տրամադրումը լոբբիստական կազմակերպությունների առաջնահերթությունների թվում է, ուստի վերջիններս նաև Բայդենի վարչակազմի շրջանում փորձում են ազդեցություն ունենալ Հայաստանին և Արցախին ֆինանսական աջակցության հատկացումների վրա։ 2022 ֆիսկալ տարվա համար Ներկայացուցիչների պալատը և Սենատը 45 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն են հատկացրել Հայաստանին և 2 միլիոն ԱՄՆ դոլար՝ Արցախին ականազերծման համար, որպես արտաքին օգնության օրինագծի մաս։[23] Այնուամենայնիվ, համաձայն Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի՝ «2022 ֆիսկալ տարվա համար արտաքին օգնության օրինագիծը ևս մեկ բաց թողնված հնարավորություն է ԱՄՆ-ի բազմակողմանի օգնության փաթեթի համար՝ առնվազն 50 միլիոն դոլար, որպես ուղիղ մարդասիրական օգնություն՝ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների ենթարկված ավելի քան 100,000 հայերին»։[24] Նախկինում, Համագումարը ևս հանդես էր եկել Արցախին 50 միլիոն ԱՄՆ դոլար հումանիտար աջակցություն տրամադրելու պահանջով։[25] Այնուամենայնիվ, «Omnibus» օրինագծով նախատեսվեց Հայաստանին տրամադրել «ոչ պակաս, քան» 45 ԱՄՆ միլիոն դոլար աջակցություն, իսկ Արցախին՝ 2 միլիոն ԱՄՆ դոլար՝ մարդասիրական ականազերծման համար։[26]

2023 ֆիսկալ տարվա համար Հայ դատը առցանց արշավ է սկսել՝ ապահովելու, որ 2023 ֆիսկալ տարվա արտաքին օգնության օրինագծում հատկացվի ոչ պակաս քան 100 միլիոն ԱՄՆ դոլար ուղիղ մարդասիրական օգնություն այն ավելի քան 100 հազար հայերին, որոնց նկատմամբ Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել և զրկել իրենց հայրենիքից՝ Արցախից։ Բացի այդ, Հայ դատը պահանջում է 100 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանին «ադրբեջանական շարունակական ագրեսիայի, ներխուժումների և օկուպացիայի դեմ Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու համար»։[27]  Մինչդեռ, Բայդենի վարչակազմը Սպիտակ տան 2023 ֆիսկալ տարվա բյուջեի իրենց նախագծով աառաջարկել է ընդամենը 24 միլիոն ԱՄՆ դոլարի  օգնություն տրամադրել Հայաստանին, ինչը 21 միլիոն դոլարով պակաս է Կոնգրեսի կողմից հատկացված և Նախագահի կողմից հաստատված 2022թ. Ֆիսկալ տարվա համար։[28] 

ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին/Թուրքիային ռազմական օգնության տրամադրման ու ռազմական տեխնիկայի վաճառքի կասեցումը

Հայ լոբբիստական կազմակերպությունների համար գլխավոր առաջնահերթությունների թվում միշտ եղել է և հատկապես 44-օրյա պատերազմից հետո հանդիսանում է Ադրբեջանին և Թուրքիային ռազմական օգնության կամ ռազմական տեխնիկայի վաճառքի արգելքը և 907-րդ բանաձևի իրագործումը։ Այս ուղղությամբ հայ լոբբիստները Հայկական հանձնախմբի անդամների օգնությամբ ակտիվորեն շարունակել են պայքարել նաև Բայդենի պաշտոնավարումից ի վեր։ Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենի՝ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Սենատում հայկական շահերն առաջ տանող սենատոր Մենենդեզը ի թիվս այլ հարցերի բարձրաձայնեց նաև 907-րդ բանաձևի խնդիրը։ Ի պատասխան Բլինկենը նշեց, որ «եթե հանգամանքները թույլ տան, Բայդեն-Հարիս վարչակազմը պատրաստ կլինի այլևս չշրջանցել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը»։[29] Այսպիսով, սա դարձավ բավական դրական ազդակ այս ուղղությամբ ջանքերը ակտիվ օգտագործելու համար։ Ցավոք, 907-րդ բանաձևը 2021թ.-ի համար ևս շրջանցվեց, ինչի առումով Հայ դատը իր հայտարարության մեջ նշեց, որ դրանով  «նավթով հարուստ և հակահայկական Ալիևի ռեժիմին Բայդեն-Հարիս վարչակազմի օգնության տրամադրման համար ճանապարհը բացվում է»։[30]

Այս քայլի շուրջ անհանգստությունը բարձրաձայնվեց նաև Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ 2021թ. հունիսի 8-ի լսումների ժամանակ Մենենդեզի կողմից։ Բլինկենի պատասխանը կապված 907-րդ բանաձևի շրջանցման հետ hետևյալն էր՝ «ԱՄՆ-ը պետք է շարունակի նայել և ապագայում վերանայել դա»։[31] Օրեր անց, Օտարերկրյա գործունեության հատկացումների ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովի կողմից ընդունված 2022թ. ֆիսկալ տարվա օգնության ակտին ուղեկցող զեկույցում անդրադարձ եղավ 907-րդ բանաձևի շրջանցմանն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև օգնության անհավասար բաշխմանը։[32] Զեկույցում մասնավորապես նշվում էր, որ «Հանձնաժողովն անհանգստացած է Ադրբեջանին տրամադրվող օգնության անհամաչափության՝ ի հակադրություն Հայաստանի, որը իրականացվում է ամեն տարի Պետքատուղարի կողմից Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի շրջանցման միջոցով, ներառյալ վերջին շրջանցումը պետքարտուղարի կողմից 2021թ. ապրիլի 23-ին»։ Բացի այդ Հանձնաժողովը նշում է, որ 2022 ֆիսկալ տարվա համար 907-րդ բանաձևի շրջանցման հարցում պետքարտուղարը պետք է հաշվի առնի «Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բալանսը և ռազմական օգնության նման անհավասարության դիվանագիտական հետևանքները»։[33]

Ադրբեջանին տրվող օգնության վերացման և 907-րդ բանաձևի կիրառման համար Հայկական հանձնախմբի կողմից առաջարկվել էին որոշակի փոփոխություններ և Ներկայացուցիչների պալատի կողմից 2022 ֆիսկալ տարվա օգնության ակտում ընդունվեց Փալոունի առաջարկած փոփոխությունը։ Այսպիսով, ըստ Ակտի 7074 բանաձևի՝ «Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման» և «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում սույն ակտով հատկացված կամ այլ կերպ հասանելի միջոցներից ոչ մեկը չի կարող տրամադրվել Ադրբեջանին օգնության համար»։ Ցավոք այդ արգելքը չէր վերաբերում այսպես կոչված «Section 333»-ին, որի շրջանակում Ադրբեջանը միլիոնավոր դոլարների ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից։[34]

Ադրբեջանին տրվող օգնության վերացման համար հայ լոբբիստական կազմակերպությունները շարունակեցին պայքարը նաև 2022թ., հատկապես Կառավարության հաշվետվողականության գրասենյակի զեկույցի հրապարակումից հետո։[35] Զեկույցում նշվում էր, որ 2002-ից 2020 ֆիսկալ տարիների ընթացքում Պետքարտուղարության, Պաշտպանության քարտուղարության, Էներգետիկայի քարտուղարության, ինչպես նաև ԱՄՆՄԶԳ կողմից տրամադրվել է մոտ 808 միլիոն ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն Ադրբեջանին, որի 20%-ը՝ 164 միլիոնը, ըստ Պետքարտուղարության և Պաշտպանության քարտուղարության, տրամադրվել է 907-րդ բանաձևի շրջանցման արդյունքում։ Այդուհանդերձ, 2014-2021 ֆիսկալ տարիների ընթացքում Կոնգրեսին տրամադրվող զեկույցում Պետքարտուղարությունը չի անդրադարձել շատ կարևոր հարցերի, ինչպիսին է առաջարկվող ռազմական աջակցության ազդեցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա։ 907-րդ բանաձևի շրջացմամբ օգնություն տրամադրելիս չի արձանագրվել այն, ինչ պահանջվում էր շրջանցման փաստաթղթով։ Օրինակ, գործակալությունները չեն արձանագրել, թե ինչպես են որոշել, որ իրենց օգնության ծրագրերը չեն օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։[36]

Հայ համայնքի առաջնահերթությունների մղման շրջանակներում Հայկական հանձնախմբի անդամները պարբերաբար նամակներ են ուղարկում Պետքարտուղարի կամ Պաշտպանության քարտուղարին։ Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց մոտ մեկ ամիս անց՝ փետրվարի 19-ին 101 կոնգրեսականի կողմից նամակ ուղարկվել Էնթոնի Բլինկենին և Լյոյդ Օսթինին, որում ամրագրված էին հայ-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթությունները, մասնավորապես ըստ կոնգրեսականների ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ միայն Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը թելադրեն և գերակայեն Լեռնային Ղարաբաղում. սա ներառում է Արցախին մարդասիրական օգնության տրամադրում և Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի ճանաչում։ Մյուս կարևոր կետը վերաբերում էր 907-րդ բանաձևի շրջանցման և «Section 333» ծրագրի շրջանակենրում Ադրբեջանին տրամադրվող օգնության դադարեցմանը, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վերանայմանը։ Վերջին կետով ըստ կոնգրեսականների պետք է ամրապնդվեն Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները։[37]

Մի քանի ամիս անց մեկ այլ նամակով էլ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն մի շարք այլ կոնգրեսականների հետ միասին կոչ են անում Բայդենի վարչակազմին «դադարեցնել ցանկացած առկա ռազմական կամ անվտանգության աջակցությունը Ադրբեջանին»։ Վալադաոն իր հայտարարության մեջ նշում է, որ «Ամերիկյան հարկերից ոչ մի լումա չպետք է ուղարկվի նավթով հարուստ Ադրբեջանի զինված ուժերին՝ մի երկրի, որը էթնիկ զտումներ է իրականացրել Արցախում, շարունակում է պահել հայ ռազմագերիներին և այժմ օկուպացրել է Հայաստանի Հանրապետության տարածքներ»։[38]

Մեկ այլ նամակ՝ 2021թ. նոյեմբերի 1-ին, որին միացել էին ավելի քան 40 կոնգրեսական՝ կոնգրեսական Քրիս Պապասի և Կոնգրեսի Հելլենիկյան հանձնաժողովի համանախագահ Քարոլին Մալոնիի և Գաս Բիլիրակիսի (ովքեր նաև Հայկական հանձնախմբի անդամներ են, իսկ Բիլիրակիսը՝ համանախագահ) կողմից կոչ էր արվում չվաճառել Թուրքիային F-16-երը։ Այս նախաձեռնությանն իր աջակցությունն էր հայտնել Հայ դատի հանձնախումբը։[39]Պետքարտուղարության կողմից եղավ պատասխան այս նամակին, որի ընդհանուր միտքը կարելի է ամփոփել նամակից հետևյալ նախադասությամբ՝ «Չնայած ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա շատ իրական մարտահրավերների՝ Թուրքիան շարունակում է մնալ կարևոր դաշնակից ԱՄՆ-ի համար»։[40]

         Վերջին նամակն ուղարկվել է արդեն 2022թ. ավելի քան 50 կոնգրեսականների կողմից՝ Հայկական հանձնախմբի փոխնախագահ Փալոունի և Հելլենիկյան հանձնաժողովի համանախագահ Բիլիրակիսի գլխավորությամբ, որը ևս վերաբերում էր Թուրքիային F-16-եր չվաճառելուն։ Այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ինչպես Հայ դատի հանձնախումբը,[41] այնպես էլ Հայկական համագումարը։[42]

Ալիևի և Էրդողանի ռեժիմների դեմ պատժամիջոցների կիրառումը՝ Արցախյան պատերազմում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։ 

Հայ լոբբիստական կազմակերպությունների առաջնահերթությունների թվում է նաև Ալիևի և Էրդողանի ռեժիմների դեմ պատժամիջոցների կիրառումը Արցախյան պատերազմում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։[43] Այս առաջնահերթության առումով, հայկական լոբբիստների ջանքերի շնորհիվ 2021 ֆիսկալ տարվա օտարերկրյա աջակցության ակտում ներառվել էր զեկույցի ներկայացման պահանջ, որում, ի թիվս այլ նկատառումների, պետք է նշվեր «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին 2020 օրացույցային տարվա ընթացքում ուժի  կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը և գնահատականը առ այն, թե ով է նախաձեռնել նման ուժի կիրառումը»։[44]

Նույն ակտի 2022 ֆիսկալ տարվա տարբերակում արդեն իսկ պահանջվող զեկույցը պետք է ներառեր միայն այն, թե ինչպիսին է հավանականությունը, որ «Հարավային Կովկասում մի երկիր մյուսի նկատմամբ ռազմական գործողություններ կձեռնարկի (ներառյլալ Լեռնային Ղարաբաղում կամ ցանկացած այլ վիճելի տարածքում)»։ Այդ զեկույցը նաև պետք է ներառի «տարածաշրջանում ռազամավարական հավասարակշռության նշում, ներառյալ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի հարձակողական ռազմական կարողությունների մասին»։[45]

Ադրբեջանական ԱԹՍ-ներում ամերիկյան ռազմական պահեստամասերի առկայության վերաբերյալ հետաքննության իրականացում

Հատկապես 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Հայ լոբբիստների առաջնահերթությունների թվում ներառվեց նաև հետաքննության իրականացումը պարզելու ամերիկյան ռազմական պահեստամասերի առկայությունը ադրբեջանական ԱԹՍ-ներում։ Այս առումով հաջողվել է հասնել նրան, որ 2020 ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության հաստատման ակտում ներառվել է Հայաստանի և Արդբեջանի միջև 2020թ. պատերազմի մասին զեկույց, որն ի թիվս այլ կետերի պետք է ներառի «Միացյալ Նահանգների սպառազինության համակարգերի կամ վերահսկվող տեխնոլոգիաների օգտագործման գնահատում, որոնք կիրառվել են 2020 թվականի հակամարտությունում, ներառյալ այդպիսի իրերի ծագման ցուցակը, եթե հայտնի է»։[46] Իսկ 2021թ.-ին 25 կոնգրեսականների կողմից նամակ է ուղղվել Պետքարտուղարություն, որպեսզի կարճվի Թուրքիային ԱՄՆ ԱԹՍ-ների տեխնոլոգիաների լիցենզիաների արտահանումը, քանի դեռ չի իրականացվել պաշտոնական հետաքննություն Հարավային Կովկասում, Հարավային Ասիայում, Արևելյան Միջերկրականում և ողջ աշխարհում Թուրքիայի ապակայունացնող դերի մասին։[47]

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ազատ արձակումը

Հայկական լոբբիստների առաջնահերթությունների թվում է նաև Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը։ 2021թ. ԱՄՆ կոնգրեսականները Ադամ Շիֆի գլխավորությամբ ներկայացրել էին բանաձև, որը կոչ էր անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 ռազմագերիների և քաղաքացիականների։ Ակտը ներկայացվել էր Ներկայացուցիչների պալատում, սակայն ցավոք ընթացք դեռևս չի ստացել, չնայած, որ աջակիցների թիվը հասել է 68-ի։[48] Այնուամենայնիվ, 2020 ֆիսկալ տարվա Ազգային պաշտպանության ակտում Շիֆը առաջարկեց համանման փոփոխություն, որն ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից։[49] Ակտի վերջնական և ուժի մեջ մտած տարբերակը, այնուամենայնիվ, կոչ էր անում ոչ թե Ադրբեջանին, այլ «հակամարտության կողմերին հետևել 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրով իրենց ստանձնած պարտականություններին և միջազգային իրավունքին, ներառյալ բոլոր ռազմագերիների և գերեվարված քաղաքացիականների անհապաղ ազատում»։[50]

Հայ-ամերիկյան հարաբերությունների վերաիմաստավորումը

Հայ-ամերիկյան հարաբերությունները վերաիմաստավորելու և դրանց նոր թափ հաղորդելու շրջանակներում հայ լոբբիստական կազմակերպությունների ջանքերով Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները պարբերաբար նամակներ են հղում Բայդենի վարչակազմին շեշտադրելով հայ-ամերիկյան հարաբերությունների համար կարևոր առաջնահերթությունները։ Այսպես, 2021թ. փետրվարի 19-ին կոնգրեսական Ֆրենկ Փալոնի նախաձեռնությամբ նամակ[51] է ուղղվում պետքարտուղար Բլինքենին և պաշտպանության քարտուղար Օսթինին շեշտադրելով չլուծված վեց հատուկ քաղաքական առաջնահերթություններ, որը ստորագրել են ավելի քան 100 կոնգրեսականներ։[52]  Այնուամենայնիվ, նամակի առաջնահերթությունները անարձագանք են մնում մայիսի 6-ի Պետդեպարտամենտի պատասխան նամակում։ Հատկանշական է այն փաստը, որ պատասպան նամակը գրվել է ազգությամբ թուրք Նազ Դուրակօղլու կողմից, ով ԱՄՆ պետքարտուղարի օրենսդրական հարցերով օգնականի պաշտոնակատարն է։ Նամակի մեջ նույնիսկ անդրադարձ չի կատարվում ավելի քան 200 հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վիճակին, որոնք դեռևս պահվում և  բռնության են ենթարկվում և սպանվում Ադրբեջանի կառավարության կողմից։[53]

Հայոց ցեղասպանության համար արդարության ապահովումը

Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի հայ լոբբիստական կառույցները մեծ հաղթանակ գրանցեցին ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։ Մինչդեռ Ներկայացուցիչների պալատը և Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող օրենսդրություն (H.Res.220 / S.Res.150) ընդունել էին դեռ 2019թ.։[54]

Իսկ ներկայումս լոբբիստական կազմակերպությունների աջակցությամբ կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գաս Բիլիրակիսը ներկայացրել են «Հայոց ցեղասպանության կրթական ակտը»[55] որի նպատակն է ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հետևանքների վերաբերյալ։ Օրինագիծը, որն արդեն 50 աջակից ունի Ներկայացուցիչների պալատում նախատեսում է հինգ տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին ուսուցանելու Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված, կանխամտածված և հովանավորվող զանգվածային սպանությունների մասին։ ԱՄՆ-ում հայկական լոբբիի հերթական ձեռքբերումն եղավ Միսիսիպի  նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Վերջինիս նահանգապետը ապրիլը ճանաչել է ցեղասպանությունների կանխարգելման և իրազեկման ամիս։ Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Այս պահից Հայոց Ցեղասպանությունը ճանաչված է բոլոր 50 նահանգների, Միացյալ Նահանգների Կոնգրեսի 2 պալատների և ԱՄՆ նախագահի կողմից[56]:

Եզրակացություն

Լոբբինգը ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության կարևոր մասն է և այն կարգավորվում է  ԱՄՆ բազմաթիվ օրենքներով և ակտերով՝ դառնալով ԱՄՆ քաղաքականության լեգիտիմ մաս։ Լոբբինգն ունի և´ դրական, և´ բացասական ընկալում. բացասական ընկալման համաձայն՝ այն օրինական կոռուպցիայի ձև է, իսկ դրականի համաձայն՝ ժողովրդավարական համակարգի լեգիտիմ բաղադրիչ։ ԱՄՆ-ում լոբբինգն իրականացվում է երկու ձևով՝ էթնիկ և պրոֆեսիոնալ լոբբիների միջոցով։ Վերջինս իրականացնում են պրոֆեսիոնալ լոբբիստական կազմակերպությունները՝ իրենց ծառայությունների մատուցման դիմաց ստանալով մեծ վճարներ։ Նման կազմակերպություններում լոբբիստները ԱՄՆ նախկին պաշտոնյաներ են կամ կառավորությանը կամ օրենսդիրին մոտ կանգնած մարդիկ։ Ի տարբերություն պրոֆեսիոնալի՝ էթնիկ լոբբինգն իրականացվում է ԱՄՆ-ում բնակվող էթնիկ խմբերի կողմից։ Առավել ազդեցիկ էթնիկ լոբբիստական խմբերի թվում են հրեական, հունական, և հայկական լոբբիները։ Հայկական շահերը ԱՄՆ-ում առաջ են տանում երկու հայկական ազդեցիկ կառույցներ՝ Հայ դատի հանձնախումը և Ամերիկայի հայկական համագումարը։ Այս կազմակերպությունները Բայդենի վարչակազմի օրոք էլ շարունակում են իրենց գործունեությունը՝ հիմնական առաջնահերթությունների շրջանակում։ Մասնավորապես՝ ԱՄՆ օգնության տրամադրումը Հայաստանին և Արցախին, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին/Թուրքիային ռազմական օգնության տրամադրման ու ռազմական տեխնիկայի վաճառքի կասեցումը, Ալիևի և Էրդողանի ռեժիմների դեմ պատժամիջոցների կիրառումը՝ Արցախյան պատերազմում մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար, ադրբեջանական ԱԹՍ-ներում ամերիկյան ռազմական պահեստամասերի առկայության վերաբերյալ հետաքննության իրականացումը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ազատ արձակումը,  Հայ-ամերիկյան հարաբերությունների վերաիմաստավորումը, Հայոց ցեղասպանության համար արդարության ապահովումը։ Իսկ հայ լոբբիստական կազմակերպությունների մեծագույն հաղթանակը եղավ հենց Բայդենի վարչակազմի օրոք՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ նախագահի կողմից։ Այժմ հայ լոբբիստական կառույցների ջանքները մեծապես ուղղված են Հայաստանին և Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության մեծացմանը, Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի իրագործմանը և Կոնգրեսում 2022թ. Ապրիլի վերջ ներկայացված «Հայոց ցեղասպանության կրթական» ակտի ընդունմանը։ 

Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=301


[1] Mayer, Lloyd Hitoshi, “What Is This ‘Lobbying’ That We Are So Worried About?” Yale Law & Policy Review, vol. 26, no. 2, 2008, pp. 485–566.

[2] Drutman, Lee, “CONGRESSIONAL FELLOWSHIP PROGRAM: The Complexities of Lobbying: Toward a Deeper Understanding of the Profession.” PS: Political Science & Politics, vol. 43, no. 4, 2010, pp. 834–837.

[3] Gerti Sqapi, Lobbying in the United States of America and European Union: A Comparative Approach,  Mediterranean Journal of Social Sciences MCSER Publishing, Rome-Italy, Vol.6 No.2 March 2015, pp. 72- 77.

[4] Jacob R. Straus, The Lobbying Disclosure Act at 20: Analysis and Issues for Congress, Congressional Research service, 2015, 38 p.

[5] Jack Maskell, Lobbying Congress: An Overview of Legal Provisions and Congressional Ethics Rules, CRS Report for Congress, 2007, 35 p.

[6] Foreign Lobby Watch, Top 10 Countries, 2016-2021, https://www.opensecrets.org/fara (27.04.2022).

[7] Tony Smith, Foreign Attachments, The Power of Ethnic Groups in the Making of American Foreign Policy, Cambridge, Harvard University Press,  2000, p. 1-2.

[8] Herner-Kovács, Eszter, “Challenging the Conventional Wisdom on Ethnic Lobby Success in the United States: The Case of Hhrf”, Minority Studies 15, no. 1 (2013): 199-223.

[9] Samuel P. Huntington, The Erosion of American National Interests, Source: Foreign Affairs, Sep. – Oct., 1997, Vol. 76, No. 5, pp. 28-49․  

[10] Yossi Shain, Ethnic Diasporas and U.S. Foreign Policy, Political Science Quarterly, Winter, 1994-1995, Vol. 109, No. 5, pp. 811-841․

[11] Michael Clough, Grass-Roots Policymaking: Say Good-Bye to the ‘Wise Men’ , Foreign Affairs , Jan. – Feb., 1994, Vol. 73, No. 1, pp. 2-7․

[12] Zbigniew Brzezinski, The Grand Chessboard: American primacy and its geostrategic imperatives, Basic Books, New York, 1997, p. 28.

[13] Հայ համայնքն ԱՄՆ-ում, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2010, էջ 7:

[14] Julien Zarifian,The Armenian-American Lobby and Its Impact on U.S. Foreign Policy. Soc 51, 503–512 (2014).

[15] David King and Miles Pomper, The U.S. Congress and the Contingent Influence of Diaspora Lobbies: Lessons from U.S. Policy Toward Armenia and Azerbaijan, JOURNAL OF ARMENIAN STUDIES (VIII, 1), SUMMER 2004. 

[16] Heather S. Gregg, Working paper #13, Divided They Conquer: The Success of Armenian Ethnic Lobbies in the United States,  August 2002, p.2, 10, 13, 18.

[17] David King and Miles Pomper, նշվ. աշխ.։

[18] Samuel P. Huntington, նշվ. աշխ.։

[19] “A powerful and well organized lobbying force across the country. – Wall Street Journal, https://twitter.com/ANCA_DC/status/1498283869132529666?t=EviK9NAhoMvGMoBVWn56Ew&s=19, (13.05.2022).

[20] ANCA Policy, Priorities & Results, https://anca.org/issue/, (25.04.2022).

[21] Armenian Assembly of America Action Center, https://www.armenian-assembly.org/advocacy,(25.04.2022).   

[22] ANCA Congratulates President Biden, https://anca.org/press-release/anca-congratulates-president-biden/, (25.04.2022).

[23] Department of State, Foerign Operation, and Related Programs Appropriations Act, 2022, https://docs.house.gov/billsthisweek/20220307/BILLS-117RCP35-JES-DIVISION-K.pdf, (25.04.2022).

[24] Congress Calling for $45 Million in FY22 U.S. Aid to Armenia; Additional Oversight on U.S. Aid to Azerbaijan, ANCA, https://anca.org/press-release/congress-calling-for-45-million-in-fy22-u-s-aid-to-armenia-additional-oversight-on-u-s-aid-to-azerbaijan/, (25.04.2022).

[25] Armenian Caucus Leaders Urge $50 Million in Humanitarian Assistance to Artsakh, AAA, https://www.armenian-assembly.org/post/armenian-caucus-co-chairs-urge-50-million-in-humanitarian-assistance-to-artsakh,  (26.04.2022).

[26] FY2022 Omnibus Bill Calls for Aid to Armenia & Artsakh, AAA, https://www.armenian-assembly.org/post/fy2022-omnibus-bill-calls-for-aid-to-armenia-artsakh, (26.04.2022).

[27] ANCA: “Artsakh Is a U.S. Humanitarian Aid Desert”, 

https://anca.org/press-release/anca-artsakh-is-a-u-s-humanitarian-aid-desert/  (26.04.2022).

[28] President Biden Proposes Just $24 Million for Armenia; No Figure for Artsakh Aid, https://anca.org/press-release/president-biden-proposes-just-24-million-for-armenia-no-figure-for-artsakh-aid/, (26.04.2022).

[29] Secretary of State-Designate Blinken Testifies in Support of Renewed U.S. Leadership to Strengthen Armenia’s Security and Resilience, https://anca.org/press-release/secretary-of-state-designate-blinken-testifies-in-support-of-renewed-u-s-leadership-to-strengthen-armenias-security-and-resilience/, (27.04.2022).

[30] ANCA Disappointed Over Biden Waiver of Congressional Sanctions on Azerbaijan, https://anca.org/press-release/anca-disappointed-by-reports-that-biden-will-waive-congressional-sanctions-on-azerbaijan/, (27.04.2022).  

[31] Top Foreign Relations Committee Members and Appropriators Demand Answers from Biden Administration on Section 907 Waiver of Restrictions on U.S. Aid to Azerbaijan; Armenian POWs, https://anca.org/press-release/top-foreign-relations-committee-members-and-appropriators-demand-answers-from-biden-administration-on-section-907-waiver-of-restrictions-on-u-s-aid-to-azerbaijan-armenian-pows/, (27.04.2022).  

[32] U.S. House Appropriators Raise Alarm Over Biden Waiver of Section 907 Restrictions on Arms and Aid to Azerbaijan, https://anca.org/press-release/u-s-house-appropriators-raise-alarm-over-biden-waiver-of-section-907-restrictions-on-arms-and-aid-to-azerbaijan/, (27.04.2022).   

[33] Report together with Minority Views [To accompany H.R. 4373], https://www.congress.gov/117/crpt/hrpt84/CRPT-117hrpt84.pdf, (27.04.2022).

[34] U.S. House Votes to Block U.S. Military Financing and Training Aid to Azerbaijan, https://anca.org/press-release/u-s-house-votes-to-block-u-s-military-financing-and-training-aid-to-azerbaijan/,  (27.04.2022).

[35] ANCA Demands Enforcement of Section 907 against Azerbaijan following U.S. Report Confirming Multiple Violations of Presidential Waiver Authority, https://anca.org/press-release/anca-demands-enforcement-of-section-907-against-azerbaijan-following-u-s-report-confirming-multiple-violations-of-presidential-waiver-authority,/, (27.04.2022).    

Report Finds That State Department Failed to Comply with Reporting Requirements of Section 907, https://www.armenian-assembly.org/post/report-finds-that-state-department-failed-to-comply-with-reporting-requirements-of-section-907, (27.04.2022).    

[36] Foreign Assistance Agencies Should Take Steps to Improve Reporting on Assistance to the  Government of Azerbaijan,  Report to the Chairman, Committee on  Foreign Relations, U.S. Senate,  United States Government Accountability Office, January 2022, https://r26i43wr32r1ccg5d18cllec-wpengine.netdna-ssl.com/assets/pdf/013122_Sec907_GAO.pdf, (27.04.2022).

[37] Assembly Welcomes Bipartisan Letter to Administration In Support of Armenia & Artsakh, https://www.armenian-assembly.org/post/assembly-welcomes-bipartisan-letter-to-administration-in-support-of-armenia-artsakh, (28.04.2022).

[38] Members of Congress Sign Letter Urging U.S. to Stop Azerbaijan Funding, AAA, https://www.armenian-assembly.org/post/members-of-congress-sign-letter-urging-u-s-to-stop-azerbaijan-funding, (28.04.2022).

[39] Congressional Pressure Increasing on Biden Administration to Block F-16s Sale to Turkey, https://anca.org/press-release/congressional-pressure-increasing-on-biden-administration-to-block-f-16s-sale-to-turkey/, (28.04.2022).

[40] Letter of January 31, 2022  to U.S. Department of State, https://r26i43wr32r1ccg5d18cllec-wpengine.netdna-ssl.com/assets/pdf/013122_DOS_PappasResponse.pdf, (28.04.2022).

[41] 50+ U.S. Representatives Tell Biden Administration to Stop Sale of F-16s to Turkey, https://anca.org/press-release/50-u-s-representatives-tell-biden-administration-to-stop-sale-of-f-16s-to-turkey/, (28.04.2022).

[42] Members of Congress Sign Bipartisan Letter Opposing F-16 Sale to Turkey, https://www.armenian-assembly.org/post/members-of-congress-sign-bipartisan-letter-opposing-f-16-sale-to-turkey, (28.04.2022).  

[43] Congress Calls for National Intelligence Report on Artsakh Attacks; Scrutinizes Impact of U.S. Military Aid on Caucasus Balance of Power, https://anca.org/press-release/congress-calls-for-national-intelligence-report-on-artsakh-attacks-scrutinizes-impact-of-u-s-military-aid-on-caucasus-balance-of-power/, (29.04.2022).

[44] H.R.133 – Consolidated Appropriations Act, 2021, https://www.congress.gov/bill/116th-congress/house-bill/133/text,  (29.04.2022).

[45] H.R.2471 – Consolidated Appropriations Act, 2022, https://www.congress.gov/bill/117th-congress/house-bill/2471/text,  (29.04.2022).

[46] S.1605 – National Defense Authorization Act for Fiscal Year 2022, https://www.congress.gov/bill/117th-congress/senate-bill/1605/text, (29.04.2022).

[47] Twenty-Seven U.S. Representatives Demand Investigation into Turkish Drone Program, https://anca.org/press-release/twenty-seven-u-s-representatives-demand-investigation-into-turkish-drone-program/, (29.04.2022).  

[48] Schiff, Armenian Caucus Leaders Introduce Legislation Demanding Azerbaijan’s Release of Armenian POWs, ANCA, https://anca.org/press-release/schiff-armenian-caucus-leaders-introduce-legislation-demanding-azerbaijans-release-of-armenian-pows/, (29.04.2022).  

[49] Schiff Amendment Demanding Release of Armenian Prisoners of War Passes in National Defense Funding Legislation, https://schiff.house.gov/news/press-releases/schiff-amendment-demanding-release-of-armenian-prisoners-of-war-passes-in-national-defense-funding-legislation#:~:text=Adam%20Schiff%20(D%2DBurbank),2020%20war%20in%20Nagorno%2DKarabakh, (29.04.2022).   

[50] S.1605 – National Defense Authorization Act for Fiscal Year 2022, Congress.gov, https://www.congress.gov/bill/117th-congress/senate-bill/1605/text, (29.04.2022).

[51] Letter to U.S. Secretary of State and US Secretary of Defence from February 19, https://pallone.house.gov/sites/pallone.house.gov/files/20210201%20Armenian%20Caucus%20Letter%20to%20Administration.pdf), (01.05.2022).

[52] State Department Response Fails to Address Bipartisan Armenian Caucus Demands for Azerbaijan’s Release of Armenian POWs, ANCA, https://anca.org/press-release/state-department-response-fails-to-address-bipartisan-armenian-caucus-demands-for-azerbaijans-release-of-armenian-pows/, (01.05.2022).

[53] Letter from US Department of State from May 6, 2021, https://r26i43wr32r1ccg5d18cllec-wpengine.netdna-ssl.com/assets/pdf/050621_StateDept_Response.pdf, (01.05.2022).

[54] President Biden Rejects Turkey’s Gag-Rule, Recognizes Armenian Genocide, ANCA, https://anca.org/press-release/president-biden-rejects-turkeys-gag-rule-recognizes-armenian-genocide/, (01.05.2022).

[55] H.R.7555 – Armenian Genocide Education Act, Congress.gov, https://www.congress.gov/bill/117th-congress/house-bill/7555/text?r=1&s=1, (01.05.2022).

[56] Mississippi Recognizes Armenian Genocide, Asbarez, https://asbarez.com/mississippi-recognizes-armenian-genocide/, (13.05.2022).

Կիսվել՝