Նախաբան
Վաշինգտոնը, ինչպես և ցանկացած այլ դեսպանընկալ երկրի մայրաքաղաք, ունի իր առանձնահատկությունները, ավանդույթներն ու բնորոշ հատկանիշները։ Ի տարբերություն շատ ու շատ այլ մայրաքաղաքների, Վաշինգտոնն ավելի բաց ու թափանցիկ է, պետական ապարատն առավել հասանելի է, իսկ քաղաքական որոշումներ կայացնողների վրա ազդեցության հնարավորություններն ու շրջանակներն՝ առավել լայն։ Վաշինգտոնում հավատարմագրված ցանկացած դեսպանի համար այս երկրում որոշումների կայացման մեխանիզմներն աննախադեպ թափանցիկ են, ամեն ինչի շուրջ կարելի է իրականացնել քննարկումներ, առաջարկել այլընտրանքային լուծումներ, ազդեցություն ունենալ քաղաքական վերջնական որոշումների կայացման վրա՝ կիրառելով տարաբնույթ գործիքներ և միանգամայն օրինական միջոցներ։
Այս առումով, ԱՄՆ-ում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպան, նշանակման պահից ի վեր պետք է առաջնահերթություն տա և աշխատի ներքոշարադրյալ հիմնական և առաջնային ուղղություններով։
• Աշխատանք համայնքի հետ
• Աշխատանք եկեղեցու հետ
• Աշխատանք գործադիր մարմնի հետ
• Աշխատանք գիտական կենտրոնների հետ
• Աշխատանք էթնիկ և պրոֆեսիոնալ լոբբիստական կառույցների հետ
• Աշխատանք Կոնգրեսի «հանրապետականներ vs դեմոկրատներ»
• Հանրային դիվանագիտություն
• Աշխատանք ԱՄՆ-ում հավատարմագրված այլ դեսպանների հետ
• Աշխատանք մամուլի հետ
• Աշխատանք ԱՄՆ ազգային կառույցների և կրոնական կազմակերպությունների հետ
• Այլ ուղղություններ
Սույն աշխատության նպատակն է ուսումնասիրել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության 7-րդ դեսպան տիկին Լիլիթ Մակունցի կողմից պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում իրականացված գործունեւությունը՝ վերոշարադրյալ, ինչպես նաև այլ ուղղություններով։
Ընտրված ժամանակահատվածը կներառի դեսպանի կողմից առաջին պաշտոնական տեղեկատվության հրապարակման պահը` օգոստոսի 17-ը (համաձայն դեսպանության ֆեյսբուքյան էջի)1 հաջորդող հարյուր օրերի հաշվարկով։
Սույն աշխատության մեջ օգտագործվել են բացառապես բաց աղբյուրներից և պաշտոնական հաղորդագրություններից ստացված տեղեկություններ։
Առաջին 100 օրերը
Տիկին Լիլիթ Մակունցը նշանակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՀՀ նախագահի օգոստոսի 2-ի հրամանագրով։2 Սեպտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընդունեց տիկին Մակունցի հավատարմագրերը, որով վերջինս պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները: Սակայն, պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի դեսպանը ընդունելության չարժանացավ Սպիտակ Տան Օվալաևձ աշխատասենյակում՝ հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ, պայմանավորված կորոնավիրուսային համաճարակով։3 ԱՄՆ-ում դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողակարգի փոփոխման արդյունքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Լիլիթ Մակունցը անձամբ չփոխանակեցին ուղերձները, այլ դա տեղի ունեցավ գրավոր հեռավար ընթացակարգով։4 Միաժամանակ պետք է նշել, որ նույն օրերին նախագահ Բայդենը Սպիտակ Տանը շարունակում էր ընդունել հարյուրավոր հյուրերի և պատվիրակությունների և սահամանափակումները չէին տարածվում բոլորի վրա։
Աշխատանքը հայ համայնքի հետ
Վաշինգտոնում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Այս աշխատանքի արդյունքում հնարավոր է լինում հայկական համայնքի միջոցով ազդեցություն ունենալ Կոնգրեսի, իսկ Կոնգրեսի միջոցով նաև վարչակազմի քաղաքական որոշումների վրա։
Պաշտոնավարման առաջին իսկ օրերից դեսպան Մակունցը ակնհայտորեն խուսափում է Վաշինգտոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Բոստոնի (առավել խիտ բնակվող) հայկական համայնքների հետ բաց հանդիպումներից և առաջնահերթություն է տալիս ոչ թե խոշոր համայնքային կենտրոններին, այլ այն քաղաքներին, որտեղ ձևավորված հայկական համայնքը առավել հին (երրորդ, չորրորդ սերնդի) և փոքր է։5 Ըստ հայկական մամուլի տեղեկությունների, Մակունցը բավականին մանրակրկիտ էր ուսոմնասիրել Հայաստանի դեսպանության հյուրերի ցանկը անկախության տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ, խուսափելու համար հնարավոր բողոքի ակցիաներից և այլ տհաճ միջադեպերից։6 Օրինակ, նման ակցիա տեղի էր ունեցել Վաշինգտոնի հայկական եկեղեցու բակում, երբ այնտեղ տեղակայվել էր «Go Home Lilit Makunts» պաստառը։7 Մեկ այլ օրինակ էր դեսպանության դիմաց ՀՅԴ երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ակցիան՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ի տոնական ընդունելության կազմակերպման Հայաստանի դեսպանությունում, սակայն դեսպանությունը ոստիկանություն էր կանչել՝ երիտասարդ դաշնակցականների բողոքի լուռ ակցիան ցրելու համար։8 Մասշատաբյին միջոցառումներից խուսափելո մեկ այլ օրինակ էր հայ համայնքի ջանքերով կազմակերպված հայկական ուտեստների և արվեստի փառատոնը, որին դեսպանը հրաժարվել էր մասնակցելուց չնայած այն բավականին մոտ էր գտնվում Հայաստանի դեսպանատանը։9
Լինելով Նյու Յորքում, Լիլիթ Մակունցը հանդիպում էր կազմակերպել Ամերիկայի հայ իրավաբանների ասոցիացիայի հետ, որի հարյուրավոր անդամներից եկել էին մասնացկցելու միայն 10 իրավաբան (կազմակերության ղեկավարությունը նույնպես բացակայում էր)։ Ինպես նկատել էին հայկական մամուլում «Մակունցն իր թվիթերյան էջում նշել է, որ հանդիպել է ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, սակայն իրականում անգամ խորհրդի նախագահ Լուսի Վարպետյանը ներկա չի եղել: Ավելին, կազմակերպության թե՛ թվիթերյան, թե՛ ֆեյսբուքյան եւ թե՛ պաշտոնական կայքում միջոցառումը որոշել են չլուսաբանել: Մակունցը միայն իր թվիթերում է գրառում արել, սակայն փակել է մեկնաբանությունների հնարավորությունը»։10
Գրառմանը անդրադարձել էր նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, գրելով «Նոր նկատեցի, որ ԱՄՆ Հայաստանի վայ-դեսպան Լիլիթ Մակունցը թվիթերում հրապարակել է լուսանկար՝ իբրև Ամերիկայի հայ փաստաբանների միության ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման մասին։ Նախ, տարակուսած եմ, քանի որ շատ լավ եմ ճանաչում ՀՓՄ (ArmenBar) ղեկավար կազմին, նրանց հետ կազմակերպել եմ ՀՓՄ տարեկան համաժողովը Շուշիում 2018 թվականին, և այս լուսանկարում ՀՓՄ ոչ մի ծանոթ անդամ չնկատեցի։ Ու՞մ հետ է, ի վերջո, հանդիպել Մակունցը։ ՀԳ. Ասեմ շատ ուղիղ. հույս ունեմ, որ ԱՄՆ հայ համայնքը նիկոլի դեսպան Մակունցին կվերաբերվի որպես բարևազուրկի»։11 Այս հանդիպումից անմիջապես հետո Նյու Յորքում գտնվող Լիլիթ Մակունցը թվիթերյան գրառում էր արել առ այն որ, անհամբեր սպասում է սերտ համագործակցությանը Նյու Յորքում գործող հայկական ասոցիացիաների և ընկերությունների հետ՝ Ամերիկայի հայ գիտնականներ և ճարտարագետների, բանկային և ֆինանսական ոլորտի մասնագետների հետ։12 Սակայն դատելով հետագա զարգացումներից կարելի է եզրակացնել, որ Մակունցի հետ այդպես էլ որևէ մեկը հանդիպելու ցանկություն չի հայտնել, քանի որ դրանից հետո որևէ հանդիպման վերաբերյալ գրառում չի արվել։
Աշխատանքը եկեղեցու հետ
Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ երբ խոսքը գնում է Հայաստանի արտաքին քաղաքականության մասին։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ նաև քաղաքական կյանքում։ ԱՄՆ-ում եկեղեցու դերն ընդհանրապես և հայկական եկեղեցու դերը մասնավորապես բավականին մեծ է։ ԱՄՆ-ում գործում են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, որոնց հիմնական ֆունկցիաներից է նաև համայնքի համախմբումը։ Բազմաթիվ խնդրիներ կարելի է լուծել հենց եկեղեցու և եկեղեցու առաջնորդների միջոցով, ովքեր ազդեցիկ և հեղինակավոր հոգևորականներ են։ Այս առումով Հայ առաքելական, հայկական ավետարանչական, կաթոլիկ և այլ եկեղեցիները բավականին ծանրակշիռ գործոններ են ԱՄՆ-ում։ Ուսումնասիրվող ժամանակահատվածում դեսպան Մակունցը որևէ հանդիպում չի ունեցել ԱՄՆ-ում գործող որևէ հայկական եկեղեցու առաջնորդի, այդ թվում արևելյան և արևմտյան թեմերի առաջնորդների հետ։ Միակ բացառությունը եղել է Քլիվլենդում կազմակերպված մշակութային միջոցառմանը մասնակցելու շրջանակներում եկեղեցի այցելությունը։13
Աշխատանք գործադիր մարմնի հետ
Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ ԱՄՆ պարագայում խոսքը կարող է գնալ Սպիտակ Տան, Անվտանգության խորհրդի, Պետդեպարտամենտի, Պենտագոնի և այլ կառույցների հետ։ Այս առումով ևս առաջին հարյուր օրերը առանձնապես աչքի չեն ընկել բարձր մակարդակի հանդիպումներով և շփումներով։
Պաշտոնը ստանձնելուց հետո տիկին Մակունցի առաջին հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենի պարտականությունները ստանձնած Ջոն Ալելոյի երդմնակալության արարողության մասնակցելը14 և օգոստոսի 19-ին վերջինիս հետ իրականացված հանդիպումը՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։15
Սեպտեմբերի 20-ին Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Միջազգային անվտանգության հարցերով օգնականի պարտականությունները իրականացնող Լորա Քուփերի հետ:16
Հատկանշական է, որ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության սեպտեմբերի 21-ի միջոցառմանը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան, այլ ոչ թե Քերըն Դոնֆրիդը, ով պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականն է և համակարգում է նաև հայաստանյան ուղղությունը։ Այսինքն, կամ Հայաստանը Վաշինգտոնում դիտարկվում է ոչ թե երկկողմ հարաբերույունների առաջնահերթությամբ այլ միջազգային անվտանգության առաջնահերթությամբ, կամ նման շփումները կրում են արարողակարգային բնույթ։ Առավել հավանական է երկրորդ տարբերակը։17 Լիլիթ Մակունցը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ հեռախոսազրույց է ունեցել հոկտեմբերի 1-ին։18
Հանրային դիվանագիտության
Հանրային դիվանագիտությունը Լիլիթ Մակունցի ուժեղ կողմերից չէ։ Պաշտոնավարման ամենասկզբից դեսպան Մակունցն արգելափակել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության պաշտոնական էջի մեկնաբանությունների հնարավորությունը, ինչպես նաև ապաակտիվացրել է իր անձնական ֆեյսբուքյան էջը։ Նույնը վերաբերում է թվիթերյան պաշտոնական էջերին, որոնց տարիներ շարունակ հետևել են հազարավոր ամերիկահայեր և իրենց կարծիքներով և գաղափարներով են կիսվել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։ Այս քայլով դեսպանն իրականում նվազեցրել է դեսպանության էջի հասանելիությունն ու դիտումների քանակը՝ վնասելով սոցիալական հարթակներում հայկական դիվանագիտությանը։ Այս ամենը տեղի է ունեցել ԱՄՆ-ում ընթացող քննարկումների ֆոնին առ այն, որ պետական պաշտնյաներն իրավունք չունեն սահմանափակելու պետական միջոցներով ստեղծված պաշտոնական էջերի մեկնաբանությունների հնարավորությունը, քանի որ դա կարող է դիտարկվել, որպես խոսքի ազատության իրավունքի սահմանափակում։
Փակ է նաև դեսպան Մակունցի անձնական, ինչպես նաև դեսպանության թվիթերյան էջերի մեկնաբանությունների հնարավորությունը այն պարագայում, երբ ՀՀ ԱԳՆ-ն տարիներ շարունակ իր թվիթերյան դիվանագիտությունը (twiplomacy) համարում էր իր առաջնահերթ հարթակներից մեկը։19
Ընհդհանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ Լիլիթ Մակունցն առանձնապես չգիտի թե ինչպես օգտվել Թվիթերից։ Մասնավորապես, գրառումներից մեկում դեսպան Մակունցը օգտագործել է @dod օգտատիրոջ անունը, կարծելով թե այն պատկանում է պաշտպանության դեպարտամենտին (պաշտպանության դեպարտամենտի պաշտոնական թվիթերյան հաշիվը @DeptofDefense է), սակայն իրականում այն պատկանում է ոմն David Lee օգտատիրոջը։ Նույն թվիթում նա կիրառել է @LauraCooper օգտատիրոջ անունը, կարծելով թե այն պատկանում է պատշպանության քարտուղարի փոխօգնական Լորա Քուփերին, սակայն իրականում դա նրա օգտահաշիվը չէ։20
Լիլիթ Մակունցը պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում որևէ հարցազրույց չի տվել ամերիկյան որևէ մեդիա հարթակին, որևէ հոդված չի տպագրել ամերիկյան մամուլի էջերում և չի աշխատել ամերիկյան մամուլի հետ, ինչը պատերազմի արդյունքում պարտված երկրի դեսպանի համար պետք է առաջահերթություն լիներ՝ իրողությունները ամերիկյան հանրությանը ներկայացնելու համար։
Աշխատանքը Կոնգրեսի հետ
Սեպտեմբերից Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել որոշ կոնգրեսականների հետ, մասնավորապես՝ Ֆրենկ Փալոնի21, Ջեքի Սփիրի22, Դեյվիդ Փրայսի23, Ջիմ Կոստայի24, Ադամ Շիֆի25, Դեյվիդ Վալադաոյի26, Բրեդ Շերմանի27, Նիկոլ Մալիոտակիսի28 , Քեթրին Քլարկի29 և Աննա Էշուի30 հետ։ Ընդ որում, այս հանդիպումների մի մասը տեղի է ունեցել հեռավար ձևաչափով։ Այս կոնգրեսականների մեծ մասը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են (10 կոնգրեսականից 8-ը): Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են միայն Դեյվիդ Վալադաոն և Նիկոլ Մալիոտակիսը։ Նույն հարաբերակցությամբ՝ 10 կոնգրեսականից 8-ը, հանդիսանում են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ, բացառությամբ Դեյվիդ Փրայսի և Նիկոլ Մալիոտակիսի։ Կոնգրեսականների հետ մեկ այլ հանդիպում տեղի ունեցավ նոյեմբերի 2-ին։ Մասնավորապես, Լիլիթ Մակունցը հանդիպեց՝ Ֆրենկ Փալոնի, Սյուզան Լիի, Խուան Վարգասի, Ջեյք Օքինքլոսի, Դեյվիդ Սիսիլինի, Ջուդի Չուի, Ջեն Շըքաուսկիի, Բրենդա Լորենսի, Մարսի Քափթուրի, Մայք Քուիգլիի, Հեյլի Սթիվենս և Բրեդ Շերմանի հետ։31 Այս բոլոր կոնգրեսականները դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են, ինչպես նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներ։ Բոլոր կոնգրեսականները չափազանց լավ պատկերացում ունեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այդ առումով առավել նպատակահարմար կլիներ, որ Լիլիթ Մակունցը հանդիպումներ ունենար և հետևողական աշխատանք տաներ ոչ միայն հայկական հանձնախմբի և հայամետ կոնգրեսականների հետ, այլ այն կոնգրեսականների հետ, ովքեր նեյտրալ են, կամ ակտիվ աշխատում են Ադրբեջանի և Թուրքիայի լոբբիստների հետ։ Նման աշխատանքի բացակայության արդյունքում ամերիկյան որոշ կոնգրեսականներ շնորհավորում են Ադրբեջանին «տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ»։32
Հանդիպումներ այլ կազմակերպությունների հետ
Նշված ժամանակաշրջանում Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել ժողովրդավարության խթանմանն աջակցող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի («NDI») տնօրեն Դերեք Միտչելի33 հետ։ Մեկ այլ հանդիպում է եղել Միջազգային հանրապետական ինստիտուտի («IRI») նախագահ Դանիել Թվինինգի և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսի34, ինչպես նաև Ժողովրդավարության ազգային հիմնադրամի («NED») նախագահ Դեյմոն Ուիլսոնի35 հետ։ Սույն կազմակերպությունները ակտիվ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետությունում։
Տիկին Մակունցը հացրել է նաև հեռավար հանիպում ունենալ ԱՄՆ Խաղաղության Կորպուսի տնօրենի պաշտոնակատար Քերոլ Սպանի հետ։36 Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը 2016-2018թթ. Աշխատել է Երևանի Խաղաղության կորպուսում։37
Հոկտեմբերի 22-ին ՀՀ դեսպանությունը ընթրիք էր կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանը աջակցելու նպատակով։38 «Մերիդիան» կազմակերպության հիմնական նպատակներից մեկն է ԱՄՆ ազդեցության տարածումը և դերի հզորացումը ողջ աշխարհի վրա:39 Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում հայ համայնքի հետ կապերին, հարկ է ընդգծել, որ տիկին Մակունցը իր պաշտոնավարման առաջին օրվանից մինչև այսօր ոչ մի հանդիպում չի ունեցել ԱՄՆ-ում հայկական համայնքը ներկայացնող երկու կարևորագույն կազմակերպությունների՝ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի («ANCA») և Ամերիկայի հայկական համագումարի («AAA») ներկայացուցիչների հետ։ Ամերիկայի հայ համայնքի հետ շփումները սահմանափակվել են Իրավաբանների հայկական ասոցիացիայի մի քանի անդամների հետ հանդիպմամբ Նյու Յորքում40 և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության 102-րդ ամենամյա ընթրիք-հանդիպմանը իր մասնակցությամբ։41 Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում պրոֆեսիոնալ լոբբիստների ծառայությունից օգտվելուն, ապա տիկին Մակունցի պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը որևէ պայմանագիր չի կնքել ԱՄՆ որևէ լոբբիստական կազմակերպության հետ։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան և ամերիկյան լոբբիստական կազմակերպության միջև կնքված վերջին պայմանագրի ժամկետը ավարտվել է 2021թ. մարտի 31-ին։42
Հանդիպում գիտական հետազոտական կենտրոնների և ակադեմիական շրջանակների հետ «think tanks»
Վաշինգտոնում հարյուրավոր գիտահետազոտական ինստիտուտներ և վերլուծական կենտրոններ են գործում, որոնց հիմնական նպատակն է պետական մարմիններին որակյալ վերլուծություններ տրամադրել ամենատաբեր ուղղություններով։ Յուրաքանչյուր դեսպանություն մշտապես հետևում է գիտական-հետազոտական կենտրոնների գործունեությանը, հասկանալու համար թե այդ կենտրոնները ինչ են «շշնջում» Պետդեպի, Պենտագոնի, Սպիտակ Տան «ականջներին»։ Աշխատելով այս կենտրոնների հետ հնարավոր է ձեռքը պահել Վաշինգտոնի զարկերակի վրա և ազդեցություն ունենալ որոշումների կայացման գործընթացի վրա։ Տիկին Մակունցը 100 օրերի ընթացքում ընդամենը մեկ անգամ է հանդիպում-քննարկում անցկացրել Atlantic Council-ում, որտեղ միջոցառմանը մասնակցել են 12 հրավիրյալ, ներառյալ Լիլիթ Մակունցը, դեսպանության աշխատակից Վարդուհի Մելիքյանը,մոդերատոր Ջոն Հերբստը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնը։43 Լիլիթ Մակունցը որևէ հանդիպում չի ունեցել այլ գիտահետազոտական կենտրոններում կամ համալսարաններում և ակադեմիական շրջանակներում։
Աշխատանք Վաշինգտոնում հավատարմագրված այլ պետությունների դեսպանների հետ
Ուսումնասիրված ժամանակահատվածում Լիլիթ Մակունցի և այլ դեսպանների հետ հանդիպումների վերաբերյալ որևէ տեղեկություններ չեն եղել։
Աշխատանք ԱՄՆ ազգային կառույցների և կրոնական կազմակերպությունների հետ
Ուսումնասիրված ժամանակահատվածում Լիլիթ Մակունցի հանդիպումներ չի ունեցել ազդեցիկ կրոնական կազմակերպությունների և եկեղեցիների հետ։ Նման կառույցների վառ օրինակներ են ԱՄՆ-ում գործող բողոքական եկեղեցին, ավետարանչական եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին և այլն։ Տիկին Մակունցը հանդիպումներ չի ունեցել նաև ազգային կառույցների հետ, ինչպիսիք են հրեական, հունական, կիպրոսական, ինչպես նաև այլ ազգային և քաղաքական կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես արդեն նշվեց, Լիլիթ Մակունցը հանդիպումների չի ունեցել նաև Հայ Առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդների հետ։
Եզրակացություն
Ուսումնասիրելով Լիլիթ Մակունցի գործունեությանը՝ պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում, կարելի է հանգել մի քանի կարևոր եզրակացությունների։ Մասնավորապես, կարելի է պդնդել, որ Լիլիթ Մակունցը խուսափում է մեծ համայնքային միջոցառումներին մասնակցելուց։ Լիլիթ Մակունցը որևէ ձևով չի դիմել համայնքին, չի փորձել համայնքի հետ ինստիտուցիոլան փոխհարաբերությունների հիմքեր դեն, չի համագործակցում ազգային կառույցների, լոբբիստական կազմակերպությունների և ավանդական կուսակցական կառույցների հետ։ Կոնգրեսի և գործադիր իշխանության մարմինների հետ շփումները հիմնականում կրել են ճանաչողական և արարողակարգային բնույթ։ Կոնգրեսում աշխատանքը տարվել է հիմնականում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, ովքեր հայկական հանձնախմբի անդամներ են։ Այդ կոնգրեսականները շատ ավելի վաղուց են զբաղվում հայ-ամերիկյան հարցերով քան Լիլիթ Մակունցը և քաջատեղյակ են բոլոր խնդիրներին։ Նշված ժամանակահատվածում աշխատանքներ չեն տարվել այն կոնգրեսականների հետ, ում դիրքորոշումներն առավելապես կրում են պրոթուրքական և պրոադրբեջանական բնույթ։
Աշխատանքներ չեն տարվել ամերիկյան կրոնական և ազգային կառույցների հետ, որոնց ազդեցությունը ԱՄՆ-ում չափազանց մեծ է թե՛ քաղաքական և թե՛ հասարակական կյանքում։ Հատկանշական է, որ Տիկին Մակունցը հանրային հայտարարություններ չի արել առաջ քաշվող երկկողմ օրակարգի և դրա առանձնահատկությունների մասին։ Հարկ է շեշտել, որ տիկին Մակունցի պաշտոնավարման 100 օրերի ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող նոր օրակարգային հարցեր չեն ձևավորվել։ Ելնելով վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ Լիլիթ Մակունցի գործունեությունն ԱՄՆ-ում կրում է առավելապես արարողակարգային բնույթ։
- Դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումը, https://bit.ly/3FLqmOr.
- ՀՀ նախագահի հրամանագիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ, https://www.mfa.am/hy/press-releases/2021/08/02/usa-arm/11021.
- Ջ. Բայդենը ընդունեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լ.Մակունցի հավատարմագրերը, https://bit.ly/3DSlYgc.
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ուղերձները փոխանակեցին գրավոր, https://bit.ly/30XOFtk.
- Տե՛ս, օրինակ, Ֆրեզնոյի և Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի հայ համայնքի հետ հանդիպումները։
- Մակունցը չի կարողանում լեզու գտնել հայ համայնքի հետ, https://hraparak.am/post/cd53d6809599669874a4ae66b23aa76c
- «Գնա տուն, Լիլիթ Մակունց». ԱՄՆ-ում Մակունցին լավ չեն ընդունել, https://hraparak.am/post/b9fecc6a0c1567b3421d9c55a65b2f38
- ՀՅԴ երիտասարդների կողմից կազմակերպված բողոքի ակցիան, https://bit.ly/3oZRnXN.
- Մակունցը հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը չի մասնակցել, https://hraparak.am/post/2b87256d1a4cd53e25332c40ca76dd4a
- Մակունցի հետ հանդիպմանն ընդամենը 10 մարդ է եկել, https://hraparak.am/post/35877e208a0bd5cf519059d5ce8e4f31
- Ո՞ւմ հետ է, ի վերջո, ԱՄՆ-ում հանդիպել Մակունցը, https://www.24news.am/news/200926.
- Հանդիպում Ամերիկայի հայ փաստաբանների միության անդամների հետ, https://twitter.com/LilitMakunts/status/1448827242088439809?s=20
- Լիլիթ Մակունցի հանդիպումը Քլիվլենդի հայ համայնքի հետ, https://bit.ly/32mEwXU.
- Տե՛ս հղում 1։
- Դեսպան Մակունցի հանդիպումը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/08/19/դեսպան-մակունցի-հանդիպումը-ամն-մզգ/9430.
- Դեսպան Մակունցի հանդիպումը ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Միջազգային անվտանգության հարցերով տեղակալի պարտականությունները կատարող Լորա Քուփերի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/09/20/դեսպան-մակունցի-հանդիպումը/9532.
- Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված ընդունելությունը, https://bit.ly/3xkG0xt.
- Դեսպան Մակունցի հեռախոսազրույցը ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/10/01/Դեսպան%20Մակունցի%20հեռախոսազրույցը%20ԱՄՆ%20Ազգային%20անվտանգության%20խորհրդի%20Եվրոպական%20հարցերով%20ավագ%20տնօրեն%20Ամանդա%20Սլոթի%20հետ/9592.
- Հայաստանի ԱԳՆ-ն Twiplomacy-ի 18-րդ հորիզոնականում է, https://mediamax.am/am/news/foreignpolicy/29348/.
- Լիլիթ Մակունցի թվիթերյան գրառումը, https://twitter.com/LilitMakunts/status/1440032712379621385?s=20
- Դեսպան Մակունցի առցանց հանդիպումը կոնգրեսական Փալլոնի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/09/08/դեսպան-մակունցի-առցանց-հանդիպումը-կոնգրեսականփ/9485.
- Դեսպան Մակունցի հեռավար հանդիպումը կոնգրեսական Սփիրի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/09/10/դեսպան-մակունցի-հեռավար-հանդիպումը-կոնգրեսականսփիրի-հետ/9488.
- Դեսպան Մակունցի հեռավար հանդիպումը կոնգրեսական Փրայսի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/09/21/դեսպան-մակունցի-հեռավար-հանդիպումը-կոնգրեսականփրայսի-հետ/9541.
- Դեսպան Մակունցի հանդիպումը Կոնգրեսական Կոստայի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/09/22/դեսպան-մակունցի-հանդիպումը-կոնգրեսական/9553.
- Դեսպան Մակունցի հեռավար հանդիպումը կոնգրեսական Շիֆի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/09/29/դեսպան-մակունցի-հեռավար-հանդիպումը-կոնգրեսականշիֆի-հետ/9581.
- Դեսպան Մակունցի հեռավար հանդիպումը կոնգրեսական Վալադաոյի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/09/30Դեսպան%20Մակունցի%20հեռավար%20հանդիպումը%20կոնգրեսական%20Վալադաոյի%20հետ/9591.
- Լիլիթ Մակունցի հանդիպումը կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ, https://twitter.com/BradSherman/status/1450547705852436484?s=20.
- Դեսպան Մակունցի հանդիպումը կոնգրեսական Մալիոտակիսի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/10/21/դեսպան-մակունցի-հանդիպումը-կոնգրեսական-մալիոտակիսիհետ/9692.
- Դեսպան Մակունցի հանդիպումը կոնգրեսական Քլարկի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/10/26/դեսպան-մակունցի-հանդիպումը-կոնգրեսական-քլարկիհետ/9695.
- Դեսպան Մակունցի հանդիպումը կոնգրեսական Էշուի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/10/28/դեսպան-մակունցի-հանդիպումը-կոնգրեսական-էշուիհետ/9714.
- Դեսպան Մակունցի հանդիպումը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի տասնյակից ավել անդամների հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/11/02/դեսպան-մակունցի-հանդիպումը-կոնգրեսիհայկական-հարցերով-հանձնախմբի-տասնյակից-ավել-անդամների-հետ/9715.
- Տե՛ս, օրինակ, սույն հայտարարությունը՝ https://twitter.com/azembassyus/status/1461054823667744771?s=20
- Հանդիպում Դերեք Միթչելի հետ, https://twitter.com/LilitMakunts/status/1435668759956660224?s=20
- Դեսպան Մակունցի հանդիպումը IRI կազմակերպության նախագահ Դանիել Թվինինգի և Եվրասիատարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/10/07/դեսպանմակունցի-հանդիպումը-iri-կազմակերպության-նախագահ-դանիել-թվինինգի-և-եվրասիատարածաշրջանի-տնօրե/9641.
- Լիլիթ Մակունցի հանդիպումը Ժողովրդավարության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ, https://twitter.com/LilitMakunts/status/1450490315366879233?t=nsM0iD1cnR4t5BAugJLypg&s=19.
- Դեսպան Մակունցի հեռավար հանդիպումը ԱՄՆ Խաղաղության կորպուսի տնօրենի պաշտոնակատար Քերոլ Սպանի հետ, https://usa.mfa.am/hy/news/2021/09/21/դեսպան-մակունցիհեռավար-հանդիպումը/9552.
- Լիլիթ Մակունցի կենսագրությունը, https://usa.mfa.am/hy/ambassador/
- Մերիդիանի գլխավոր հանդիսությանը աջակցող ընթրիք դեսպանությունում, https://usa.mfa.am/hy/news/2021/10/22/մերիդիանի-գլխավոր-հանդիսությանը-աջակցող-ընթրիքդեսպանությունում/9693.
- Մակունցը ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ, https://hraparak.am/post/2c133fe8324f53d67de69c9736fb76a8
- Տես հղում 12։
- Դեսպան Մակունցի՝ Ֆրեզնո այցի վերաբերյալ, https://usa.mfa.am/hy/news/2021/10/23/դեսպանմակունցի՝-ֆրեզնո-այցի-վերաբերյալ/9694.
- Letter of Engagement between Copper Strategies LLC and the Embassy of Armenia to the United States, https://efile.fara.gov/docs/6884-Exhibit-AB-20201210-2.pdf.
- «Ատլանտյան խորհրդում» Մակունցի հանդիպումը, https://twitter.com/LilitMakunts/status/1461411114697244677?s=20
Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=261