Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից աջակցության արգելքինախապատմությունը
Սառը պատերազմի ավարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո, տեղի ունեցավ աշխարհակարգի փոփոխություն, որտեղ ԱՄՆ-ը ստանձնեց միակ գերտերության դերը։ Աշխարհում սեփական դիրքերը ամրապնդելու և պահպանելու հարցում ԱՄՆ-ը բախվեց մի շարք մարտահրավերների, որոնց մեջ ամենագլխավորը դարձավ ԽՍՀՄ փլուզման արդյունքում 15 նորանկախ պետությունների ի հայտ գալը։ Եթե Խորհրդային Միության գոյության տարիներին Միացյալ Նահանգները ցանկացած արտաքին քաղաքական հարց կարգավորում էր անմիջականորեն Մոսկվայի հետ, ապա այժմ Միացյալ Նահանգները այս երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ցանկացած հարց նրանց հետ անմիջականորեն քննարկելու և լուծելու հնարավորություն ստացավ։ Այս համատեքստում, Միացյալ Նահանգների շահերից էր բխում կանխել այս երկրներում ավտորիտարիզմի հաստատումը՝ խթանելով այդ պետություններում ժողովրդավարական կառավարման մոդելի որդեգրումն և ազատականացված տնտեսության հաստատումը։ Այս նպատակներին հասնելու համար ԱՄՆ Սենատը 1992թ. հուլիսին, իսկ Ներկայացուցիչների պալատը նույն թվականի օգոստոսին ընդունեցին «Ազատության աջակցության ակտը», որը 1992թ. հոկտեմբերի 24-ին ստորագրվեց և օրենքի ուժ ստացավ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից։[1]
Այս ակտը հատկապես կարևոր նշանակություն ստացավ Հայաստանի համար, քանզի ակտում ներառվեց այսպես կոչված 907-րդ բանաձևը, որով փաստացիորեն արգելվեց Ադրբեջանին ցանկացած տեսակի օգնության տրամադրումը. «Միացյալ Նահանգները չի կարող այս կամ ցանկացած այլ ակտի շրջանակում օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ [ԱՄՆ] նախագահը չի պարզել և զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում դադարեցնելու բոլոր շրջափակումները և ուժի կիրառման այլ ագրեսիվ ձևերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»։[2]
907-րդ բանաձևի ընդունումը դարձավ ԱՄՆ-ում հայ լոբբիստների և հայկական համայնքի մեծագույն ձեռքբերումը, որի շնորհիվ շուրջ 10 տարի Ադրբեջանը 15 նորանկախ պետություններից միակն էր, որը զրկված էր օգնություն ստանալու հնարավորությունից։
2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ԱՄՆ-ում, փոխեց Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական առաջնահերթությունները, երբ ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշը հայտարարեց գլոբալ պայքար ահաբեկչության դեմ և միջազգային կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ գլխավորությամբ ներխուժեցին Աֆղանստան։ Հակաահաբեկչական ջանքերին սատարելու նպատակով Միացյալ Նահանգները սկսեց առանձին աջակցություն տրամադրել Աֆղանստանի անմիջական հարևան ու մոտ երկրներին, որոնց թվում էր Ադրբեջանը։ Քանի որ 907 բանաձևը խոչընդոտում էր Ադրբեջանին օգնության տրամադրմանը, որոշում կայացվեց շրջանցել այն։ 2001թ. հոկտեմբերի 24-ին Սենատն ընդունեց Օտարերկրյա հատկացումների 2002թ. ակտը՝ հնարավորություն տալով ԱՄՆ նախագահին յուրաքանչյուր բյուջետային տարի շրջանցել 907-րդ բանաձևը՝ ռազմական օգնություն տրամադրելով Ադրբեջանին ազգային անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով, այն դեպքում, երբ
«1) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ-ի ջանքերին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար
2) անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ զինված ուժերին, կամ կոալիցիոն գործընկերների գործնական պատրաստվածությանը` միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար
3) կարևոր է Ադրբեջանի սահմանային անվտանգության համար
4) չի խաթարի, կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին և դրանց շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։[3]
Առաջին անգամ, 907-րդ բանաձևի շրջանցումն իրականացվեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կողմից 2002թ. հունվարի 25-ին, այսպիսով վերացնելով ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի կառավարությանը տրամադրման աջակցության արգելքը։[4]
Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունն ու դրա հնարավոր կիրառումը Հայաստանի դեմ
907-րդ բանաձևի շրջանցումը Միացյալ Նահանգներին վերջապես հնարավորություն տվեց անարգելք օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Բանաձևի շրջանցումից ի վեր՝ սկսած 2002թ.-ից Ադրբեջանը Միացյալ Նահանգներից ստացել է ավելի քան 395 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն անվտանգային ոլորտում, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանին տրված անվտանգային օգնությունը նույն ժամանակահատվածի համար՝ կազմելով մոտ 218 միլիոն ԱՄՆ դոլար։[5]
Ընդհանրապես Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրվող անվտանգային օգնությունը ուղղված է 3 հիմնական նպատակների։ Նախ, շուրջ 20 տարի Միացյալ Նահանգները ներգրավված է եղել Աֆղանստանում, որը համարվում է ԱՄՆ պատմության ամենաերկարատև պատերազմը։ Աֆղանստանում ԱՄՆ ներգրավվածության առումով Ադրբեջանն ուներ իր կարևորությունը, քանզի այն ռազմավարական հաբ էր ԱՄՆ-ի համար դեպի Աֆղանստան զենքի, զինամթերքի և այլ մատակարարումներ իրականացնելու տեսանկյունից։ Երկրորդ, ԱՄՆ-ն անվտանգային աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին՝ որպես Իրանին սահմանակից երկիր։ Այս օգնությունն առավելապես ուղղված է Ադրբեջանի և Իրանի միջև սահմանի ամրացմանը։ Եվ երրորդ, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրված անվտանգային օգնությունը ուղղված է Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը։
Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրվող անվտանգային ոլորտի աջակցությունը, մասնավորապես, մեծ անհանգստություն առաջացրեց 2018-2019թթ., քանի որ միայն այդ տարիների ընթացքում Ադրբեջանը ստացավ ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար։ Համեմատության համար, վերոնշյալ երկու տարիների ընթացքում Հայաստանը ստացել է 8 միլիոն ԱՄՆ դոլար անվտանգային աջակցություն։ 2018-2019թթ. Ադրբեջանի կողմից ստացված անվտանգային աջակցության 98%-ը ուղղված է եղել «Բանաձև 333՝ գործընկեր պետության հզորությունների զարգացման» ծրագրին։ Այս ծրագիրը ուղղված է հակաահաբեկչական, ծովային և սահմանային անվտանգության, ռազմահետախուզական օպերացիաների և համաշխարհային կոալիցիոն օպերացիաներին աջակցող գործունեության իրականացմանը։ Այս ծրագրի շրջանակում 2018-2019թթ. Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է 59 մոտորային նավ և այլ ռազմածովային սարքավորումներ, 60 կվադրոցիկլներ և այլ փոխադրամիջոցներ, 401 տեսահսկման ռադիոտեղորոշիչ և այլ սարքավորումներ և 450,516 զրահաբաճկոն կամ այլ անհատական սարքավորումներ։[6]
Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրվող անվտանգային օգնությունը միտված չէ Հայաստանի դեմ օգտագործման համար, ինչը նաև ամրագրված է 907-րդ բանաձևը շրջանցող փաստաթղթում։ Այս օգնությունն առավելապես ուղղված է վերոնշյալ նպատակների իրագործմանը, ինչի մասին նաև հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Վերջինս խոսքերով. «Ադրբեջանին տրամադրվող օգնությունը ռազմական օգնություն չէ, այլ հակաահաբեկչական օգնություն է, որը կոչված է օգնելու Ադրբեջանին Իրանի հետ սահմանի ապահովման գործում, և լուծելու հակաահաբեկչական խնդիրները, որոնց շուրջ ԱՄՆ և Ադրբեջանը մտավախություններ են կիսում»։[7] Բացի այդ Ադրբեջանին հատկացվող օգնության մեծ մասը ուղղվում է Ադրբեջանի ռազմածովային ուժերին և Կասպից ծովի էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությանը, որն ինքնին նվազեցնում է այն ռիսկը, որ այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ, որը չունի ելք դեպի ծով։[8]
Այնուամենայնիվ, նկատելի է, որ 2020թ.-ից հետո Ադրբեջանին տրամադրվող անվտանգային օգնության ծավալները զգալիորեն նվազել են, ինչը հավանաբար պայմանավորված է նաև Միացյալ Նահանգների կողմից Աֆղանստանից զորքի դուրսբերման հանգամանքով, ինչն ինքին նվազեցնում է տարածաշրջանում Ադրբեջանի կաևորությունը Միացյալ Նահանգների համար։
Չնայած նրան, որ վերոնշյալ օգնության տրամադրման համար կարևոր բաղադրիչ է, որ այդ օգնությունը «չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով», եղել են դեպքեր, երբ անուղղակիորեն այդ օգնությունը վնասել է Հայաստանին։ Խոսքը այն այն ծրագրերի մասին է, որոնց շրջանակներում ադրբեջանցի ռազմական ոլորտի մասնագետները հնարավորություն են ստանում վերապատրաստում կամ կրթություն ստանալ ԱՄՆ-ի առաջատար ռազմական կրթական հաստատություններում։ Երկու խոշորագույն ծրագրերն են «Միջազգային ռազմական կրթություն և վերապատրաստում ծրագիրը» և «Ահաբեկչության դեմ պայքարի կրթաթոշակային ծրագիրը»։ 2002-2019թթ. ընթացքում մոտ 5100 ադրբեջանցի զինվորական վերապատրաստում կամ կրթություն է ստացել ԱՄՆ-ում։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում մոտ 2680 հայ զինվորական է վերապատրաստվել ԱՄՆ-ում, ինչը զգալիորեն քիչ է վերապատրաստում ստացած ադրբեջանցի զինվորականների համեմատ։[9]
Այս ծրագրի խնդիրը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ում վերապատրաստված ադրբեջանցի զինվորականները հետագայում մասնակցում են ռազմական գործողություններին Հայաստանի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ռազմական հանցագործություններ խաղաղ հայ բնակչության և զինվորականների նկատմամբ։ Սրա մասին հստակ ապացույցներ ձեռք բերվեցին 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ բացահայտվեց, որ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած հարձակման ժամանակ սպանված ադրբեջանական բանակի երկու բարձրաստիճան սպաներ ուսանել էին ԱՄՆ-ում՝ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնության շրջանակներում։ Մեկը՝ փոխգնդապետ Մուրադ Միրզաևն էր, ով ուսանել էր Տեխասի նահանգի Սան Անտոնիոյի ռազմական լեզվաբանական ինստիտուտում և մասնակցել Վիրջինիայի ռազմածովային ուժերի սպայական հատուկ դասընթացներին։ Մյուսը փոխգնդապետ Վուգար Յուսիֆովն էր, ով ուսանել էր Արիզոնա նահանգի ռազմական հետախուզության կենտրոնում։[10] Սա, ըստ էության, 907-րդ բանաձևի կոպիտ խախտում է ադրբեջանական իշխանությունների կողմից:
Կառավարության հաշվետվողականության գրասենյակը, որը ԱՄՆ կառավարական մարմին է, իր 2022թ. զեկույցում անդրադարձել է 907-րդ բանաձևի շրջանցման խախտումներին։ Ըստ զեկույցի` 2014-2021 ֆիսկալ տարիների ընթացքում Կոնգրեսին տրամադրվող զեկույցում Պետքարտուղարությունը չի անդրադարձել շատ կարևոր հարցի, այն է՝ առաջարկվող ռազմական աջակցության ազդեցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա։ 907-րդ բանաձևի շրջացմամբ օգնություն տրամադրելիս չի արձանագրվել այն, ինչ պահանջվում էր շրջանցման փաստաթղթով։ Օրինակ, գործակալությունները չեն արձանագրել, թե ինչպես են որոշել, որ իրենց օգնության ծրագրերը չեն օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով։[11] Այս զեկույցով փաստացիորեն հաստատվում է, որ Միացյալ նահանգների կողմից Ադրբեջանին անվտանգային օգնություն տրամադրելու մասին որոշումները ոչ միշտ են իրականացվում 907-րդ բանաձևը շրջանցող փաստաթղթի համաձայն։ Ուստի, Կոնգրեսը Ադրբեջանին տրամադրվելիք օգնություն հաստատելիս շատ ժամանակ չի տիրապետում ամբողջ տեղեկատվությանը, որի արդյունքում տեղի են ունենում 907-րդ բանաձևի շրջանցման փաստաթղթի խախտումներ։
Այսպիսով, Միացյալ Նահանգները Ադրբեջանին անվտանգային ոլորտի օգնություն տրամադրում է երեք հիմնական նպատակներով, որոնք ԱՄՆ-ի համար արտաքին քաղաքական եւ անվտանգային առաջնահերթություններ են։ Մասնավորապես, Իրան-Ադրբեջանի սահմանի ամրացման նպատակով, Կասպից ծովի էներգակիրների ենթակառուցվածքային անվտանգութան ապահովման նպատակով։ Երրորդ նպատակը, որի շրջանակում Ադրբեջանը ստանում էր անվտանգային օգնություն եւ որի պատճառով էլ շրջանցվեց 907-րդ բանաձեւը, Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ-ի համար տրանզիտային հաբի դերում հանդես գալն էր, սակայն, ինչպես արդեն նշվեց, այս ուղղությամբ Ադրբեջանի աջակցությունն ԱՄՆ-ին արդեն անհրաժեշտ չէ: Պետք է փաստել, որ չնայած 907-րդ բանաձեւի եւ դրա շրջանցման փաստաթղթի համաձայն ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի դեմ, սակայն խախտումներ, այնուամենայնիվ, արձանագրվել են, ինչի մասին նաեւ ահազանգել է ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակը։
Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=326
[1] S.2532 – FREEDOM Support Act, https://www.congress.gov/bill/102nd-congress/senate-bill/2532/actions, (24.10.2022).
[2] S.Amdt.2686 to S.2532, https://www.congress.gov/ amendment/102nd-congress/senate-amendment/2686/text, (24.10.2022).
[3] H.R.2506 – Kenneth M. Ludden Foreign Operations, Export Financing and Related Programs Appropriations Act, 2002, https://www.congress.gov/bill/107th-congress/house-bill/2506/text, (24.10.2022).
[4] President Lifts Restrictions on Assistance to Azerbaijan, https://georgewbush-whitehouse.archives.gov/news/releases/2002/01/text/20020130-6.html, (24.10.2022).
[5] Security Assistance Database, https://securityassistance.org/security-sector-assistance/, (25.10.2022).
[6] Security Assistance in Focus: Azerbaijan State Border Service and State Customs Committee, https://securityassistance.org/publications/security-assistance-in-focus-azerbaijan-state-border-service-and-state-customs-committee/, (25.10..2022).
[7] Լին Թրեյսիի հարցազրույցը https://www.azatutyun.am/a/31223938.html, (25.10.2022).
[8] Azerbaijan Has Advantage Over Armenia In U.S. Military Aid, https://eurasianet.org/azerbaijan-has-advantage-over-armenia-us-military-aid, (25.10.2022).
[9] Foreign Military Training, Number of Trainees, https://securityassistance.org/foreign-military-training/, (26.10.2022).
[10] Azerbaijani Aggression Shouldn’t Be Rewarded With U.S. Aid, https://www.forbes.com/sites/realspin/2017/10/30/azerbaijani-aggression-shouldnt-be-rewarded-with-u-s-aid/?sh=7010f7be33f5, (26.10.2022).
[11] Report to the Chairman, Committee on Foreign Relations, U.S. Senate, United States Government Accountability Office, January 2022, https://r26i43wr32r1ccg5d18cllec-wpengine.netdna-ssl.com/assets/pdf/013122_Sec907_GAO.pdf, (26.10.2022).