Թրամփի ներգաղթի քաղաքականությունը և դրա հնարավոր ազդեցությունը հայ ապօրինի ներգաղթյալների վրա

2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ նախագահի պաշտոնը և պաշտոնավարման հենց առաջին իսկ օրը ստորագրեց մի շարք նախագահական հրամանագրեր։ Այդ հրամանագրերի մի մասը վերաբերում էր ապօրինի ներգաղթի դադարեցմանը և երկրում գտնվող ապօրինի ներգաղթյալների արտաքսմանը։ Ի տարբերություն նախկին նախագահ Ջո Բայդենի՝ Թրամփն այս հարցում ունի առավել խիստ դիրքորոշում և մտադիր է վերջ տալ «ապօրինի ներխուժմանը» իր երկիր։ Այս քաղաքականությունն իր ազդեցությունն է ունենալու բազմաթիվ մարդկանց վրա, ներառյալ ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթած և օրինական կարգավիճակ չունեցող միլիոնավոր օտարերկրացիների, այդ թվում՝ հայերի։ Սույն հոդվածում կուսումնասիրենք Թրամփի ներգաղթի քաղաքականության առանձնահատկությունները, դրա ունեցած հիմնական տարբերությունները Բայդենի վարած քաղաքականության հետ, ինչպես նաև Թրամփի քաղաքականության ազդեցությունը ԱՄՆ-ում ապօրինի գտնվող հայերի վրա։

🔹Թրամփի ներգաղթի քաղաքականության առանձնահատկությունները

2024թ. նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում ընտրվեց 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնը ստանձնեց 2025թ. հունվարի 20-ին՝ պաշտոնական երդմնակալությամբ։ Դեռ իր նախագահական քարոզարշավի ողջ ընթացքում Թրամփը, ի թիվս այլ խնդիրների, առաջնային հարցերից մեկն էր դարձրել ապօրինի ներգաղթի խնդիրը, որը, իր համոզմամբ, ազգային անվտանգության առաջնահերթություն է ԱՄՆ-ի համար։ Ըստ էության, Թրամփի քարոզարշավի գլխավոր թեման՝ եթե ոչ ամենագլխավորը, հենց ապօրինի ներգաղթի կանխարգելումն էր։ Դեռևս 2016թ. իր առաջին նախագահության ընթացքում Թրամփը հանդես էր գալիս իր հայտնի «Կառուցենք պատը» («Build the Wall») կարգախոսով՝ նպատակ ունենալով կանգնեցնել Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների ներհոսքը։ Ընդհանուր առմամբ, նա այս հարցում վարում էր բավական կոշտ քաղաքականություն։ Իր երկրորդ նախագահության ընթացքում Թրամփը մտադիր է շարունակել այս գիծը՝ կիրառելով ավելի կոշտ մեթոդներ։

Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը Թրամփը արտակարգ դրություն հայտարարեց Մեքսիկայի հետ սահմանին։ Նույն օրը արված հայտարարության մեջ նա հարավային սահմանին տիրող իրավիճակը որակեց որպես «ներխուժում»՝ կարգադրելով իր վարչակազմի անդամներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ներխուժման մեջ ներգրավված օտարերկրացիներին հայրենադարձելու կամ երկրից վտարելու համար։ Այդ թվում նա չեղարկեց ներգաղթյալների՝ ապաստանի հայց ներկայացնելու իրավունքը։ Նախագահ Թրամփը, Միացյալ Նահանգների հարավային սահմանին անվտանգության աճող սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով, ներգրավեց ԱՄՆ զինված ուժերի կարողությունները՝ անօրինական ներգաղթը կանխելու և ազգային անվտանգությունն ամրապնդելու նպատակով։

Նրա կողմից հաստատված պլանը ներառում էր.

● Զինվորական անձնակազմի և ռեսուրսների տեղակայում. Պաշտպանության դեպարտամենտին հանձնարարված է տեղակայել զինված ուժեր սահմանի երկայնքով՝ անօրինական ներգաղթը կասեցնելու համար։

● Լրացուցիչ պատնեշների կառուցում. Պաշտպանության և Ներքին անվտանգության դեպարտամենտներին հանձնարարված է անհապաղ կառուցել լրացուցիչ ֆիզիկական պատնեշներ սահմանային անվտանգությունն ամրապնդելու համար։

● Անօդաչու թռչող սարքերի կիրառում. Նախատեսվում է շրջանցել բոլոր այն կարգավորումները, որոնք սահմանափակում են Ներքին անվտանգության դեպարտամենտի կարողությունը՝ անօդաչու թռչող սարքերի կիրառման տեսանկյունից։

● Ուժի կիրառմամբ սահմանի պաշտպանություն. Պաշտպանության քարտուղարը և Ներքին անվտանգության քարտուղարը գլխավոր դատախազի հետ պետք է կանխեն սահմանների անօրինական հատումները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ, որպեսզի պաշտպանեն պետական սահմանն ու զինվորական անձնակազմի անվտանգությունը։

Թրամփի ներկայիս ներգաղթի քաղաքականությունն առանձնապես չի տարբերվում իր առաջին նախագահության ընթացքում վարած ներգաղթի քաղաքականությունից։ Երկուսն էլ արտահայտում են Թրամփի խիստ մոտեցումները ներգաղթի կասեցման վերաբերյալ։ Սակայն իրավիճակն այժմ տարբերվում է նրանով, որ Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ ապօրինաբար ներթափանցել է առնվազն 8 միլիոն միգրանտ: Թրամփի մոտեցումը հետևյալն է՝ «արագացված ռեժիմով վտարում», ինչը թույլ է տալիս միգրացիոն ծառայությանը՝ առանց դատական գործընթացների, երկրից արտաքսել ապօրինի ներգաղթյալներին։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող բոլոր անձինք պարտավորվում են գրանցվել և իրենց մատնահետքերն ու մյուս կենսաչափական տվյալները տրամադրել ԱՄՆ համապատասխան մարմիններին։ Նրանք, ովքեր չեն գրանցվի, կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այսպիսով, այս դրույթի կիրառմամբ Թրամփի վարչակազմը սպառնում է բոլոր ներգաղթյալներին որակել որպես հանցագործներ՝ չգրանցված լինելու համար։ Իսկ նման կարգավիճակ ունեցող անձանց երկրից վտարելը ոչ միայն հեշտանում է, այլև դառնում է ավելի արդարացված։

Ապօրինի ներգաղթի դեմ Թրամփի ոչ պակաս վիճահարույց քայլերից մեկը՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին անմիջապես ԱՄՆ քաղաքացիության շնորհման դադարեցումն է։ Ըստ նախագահ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրի՝ այսուհետ Միացյալ նահանգներում ծնված ամեն երեխա չիկարող հողի սկզբունքով դառնալ ԱՄՆ քաղաքացի։ Այս բացառությունը կիրառվելու է, երբ՝ 1) երեխայի մայրը անօրինական է գտնվում ԱՄՆ-ում, իսկ հայրը ԱՄՆ քաղաքացի կամ օրինական մշտական բնակության իրավունք ունեցող անձ չէ, 2) երեխայի մայրը օրինական, ժամանակավոր կացություն ունի ԱՄՆ-ում, և հայրը ԱՄՆ քաղաքացի կամ օրինական մշտական բնակության իրավունք ունեցող անձ չէ։

Իհարկե, Թրամփի կողմից նման կարգադրության ստորագրումը դիտարկվում է որպես ուղիղ հակասություն ԱՄՆ Սահմանադրության հետ և ամենայն հավանականությամբ կվիճարկվի ԱՄՆ Գերագույն դատարանում, սակայն փաստ է, որ քաղաքացիության տրամադրման գործընթացն այս պահին դադարեցված է:

🔹Թրամփի և Բայդենի վարչակազմերի ներգաղթի քաղաքականության հիմնական տարբերությունները գործնական կիրառության մեջ

Նախագահ Թրամփը ներգաղթի նկատմամբ իր կոշտ մոտեցումները որդեգրել էր դեռևս իր առաջին նախագահության տարիներին՝ 2017-2021թթ., սակայն նրա ծրագրերը մնացին անավարտ 2020թ. նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի հետևանքով։ Բայդենը ներգաղթի հարցում որդեգրեց ավելի մեղմ մոտեցում և պաշտոնը ստանձնելուց հետո զգալի փոփոխություններ կատարեց ԱՄՆ ներգաղթի քաղաքականության մեջ՝ չեղարկելով Թրամփի վարչակազմի օրոք ընդունված բազմաթիվ միջոցառումներ։ Բնականաբար, պատմական «Comeback»-ի («Վերադարձի») արդյունքում նախագահի պաշտոնում վերընտրվելով՝ Թրամփը մտադիր է վերադառնալ 2016թ. սկսած և կիսատ թողած իր քաղաքականությանը՝ այս անգամ չեղարկելով Բայդենի մի շարք նախաձեռնություններն ու որոշումները։

«Մնացե՛ք Մեքսիկայում» քաղաքականությունը

Բայդենի վարչակազմի առաջին քայլերից մեկը Թրամփի օրոք ընդունված «Մնացե՛ք Մեքսիկայում» քաղաքականության ամբողջական դադարեցումն էր։ Այս քաղաքականության համաձայն՝ ԱՄՆ-ից ապաստան հայցողները պետք է սպասեին Մեքսիկայում՝ մինչև իրենց կարգավիճակի վերաբերյալ դատական նիստի օրը։ Այդ քաղաքականության շրջանակում Մեքսիկա էր վերադարձվել մոտ 70 հազար մարդ, որոնցից շատերը ենթարկվել էին բռնությունների հանցավոր խմբավորումների կողմից։ «Human Rights First» բարեգործական կազմակերպության տվյալներով՝ ավելի քան 1,500 ներգաղթյալ առևանգվել կամ ենթարկվել է բռնությունների Մեքսիկա վերադարձվելուց անմիջապես հետո։ Բայդենը, այդ քաղաքականությունը «անմարդկային» որակելով, արագորեն ստորագրեց համապատասխան կարգադրությունը պաշտոնավարման առաջին իսկ օրը, և այն ուժի մեջ մտավ 2021թ. հունիսին։ Նրա նպատակն էր թույլ տալ ապաստան հայցողներին սպասել ԱՄՆ-ում՝ ավելի լավ պաշտպանվածություն և կենսապայմաններ ապահովելով նրանց համար։

Ընտանիքների բաժանումը

Թրամփի օրոք սահմանին երեխաներին ընտանիքներից բաժանելու վիճահարույց պրակտիկան կիրառվեց «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության շրջանակներում։ Այս որոշումը արժանացավ լայն քննադատության իրավապաշտպան կազմակերպությունների և հասարակության լայն շրջանակների կողմից։ Հակառակ դրան՝ Բայդենը դադարեցրեց այս քաղաքականության կիրառումը և ձեռնարկեց միջոցներ՝ բաժանված ընտանիքների վերամիավորման համար։ Նրա վարչակազմը նաև խոստացավ երեխաների և ընտանիքների նկատմամբ սահմանին ապահովել ավելի մեղմ և մարդասիրական վերաբերմունք։ Սրանից զատ, COVID-19-ի համաճարակի ժամանակ Թրամփը կիրառեց օրենսդրական սահմանափակումներ ներգաղթյալներին սահմանից հետ ուղարկելու համար՝ թույլ չտալով նրանց նույնիսկ ապաստան հայցել: Այս օրենքի համաձայն 2021-2023թթ. ընկած ժամանակահատվածում ավելի քան երկու միլիոն մարդ է վտարվել ԱՄՆ-ից: Այս պրակտիկան դադարեց գործել միայն 2023թ. մայիսին՝ ԱՄՆ-ի կորոնավիրուսային հանրային առողջության արտակարգ դրության ավարտի արդյունքում: Բայդենն իր հերթին ցուցաբերեց նոր մոտեցում՝ նպատակ ունենալով օրինական ուղիներ ստեղծել ներգաղթյալների համար՝ միաժամանակ սահմանը ապօրինի հատողների համար պատժամիջոցներ սահմանելով: Բայդենի թիմը տարածաշրջանային կենտրոններ բացեց Լատինական Ամերիկայում, որպեսզի օգնի ներգաղթյալներին նախապես դիմել ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար, որոնք, բնականաբար, Թրամփի գործադիր կարգադրություններով արդեն իսկ փակվում են։

Բայդենի օրոք լայն տարածում էր ստացել «CBP One» հավելվածը, որը թույլ էր տալիս ներգաղթյալներին նախքան կենտրոններ հասնելը ապաստանի դիմելու համար հերթագրվել: Հավելվածն իրականում ԱՄՆ սահմանին ներգաղթային գործընթացների արդիականացմանն ուղղված ծավալուն ծրագրի մի մասն էր միայն: Օրինակ, եթե ներգաղթյալները փորձում էին ապաստան խնդրել կամ օրինական կերպով մուտք գործել ԱՄՆ, կարելի էր օգտագործել հավելվածը՝ սահմանն անցնելիս հերթագրվելու կամ դիմումի կարգավիճակը ստուգելու համար: Դա ներգաղթի գործընթացն ավելի կազմակերպված և պակաս վտանգավոր դարձնելու նպատակ ուներ: Թրամփն իր հերթին 2025թ. հունվարի 20-ից «CBP One» բջջային հավելվածով հերթագրման հնարավորությունը չեղարկեց: Այս փոփոխությունով ներգաղթյալները այլևս չեն կարողանա օգտագործել հավելվածը՝ ապաստանի խնդրանքով հարցազրույցներ նշանակելու համար:

🔹Ինչպե՞ս է կազմակերպվում ապօրինի ներգաղթը Մեքսիկայի սահմանով, և ինչ է տեղի ունենալու հայ ապօրինի միգրանտների հետ

Ապօրինի ներգաղթյալների արտաքսման Թրամփի քաղաքականությունը նաև անդրադառնալու է ԱՄՆ-ում ապօրինի գտնվող բազմաթիվ մեր հայրենակիցների վրա։ Ըստ ԱՄՆ միգրացիոն ծառայության 2024-ի նոյեմբերի 24-ի տվյալներով՝ ԱՄՆ-ից արտաքսման է ենթակա 2808 հայ։ Այս թիվը զգալիորեն աճել է՝ համեմատած 2019-ի 362-ի հետ։ Նախկին ԽՍՀՄ երկրների թվում ՀՀ-ն զիջում է միայն ՌԴ-ին, որի 3518 քաղաքացի է ենթակա արտաքսման, իսկ հարևան երկրների շարքում ՀՀ-ն զիջում է միայն Թուրքիային և առկա է հետևյալ պատկերը. Թուրքիա՝ 3,103, Իրան՝ 2,618, Վրաստան՝ 833 և Ադրբեջան 709 ապօրինի ներգաղթյալ, որոնք ենթակա են արտաքսման։ Սակայն այստեղ խոսքը այն միգրանտների մասին է, որոնց քաղաքական ապաստանի հայցերը մերժվել են, կամ արդեն իսկ առկա է արտաքսման որոշում:

Ընդհանրապես, Մեքսիկայի սահմանով ԱՄՆ ներգաղթած հայերի թիվն էապես աճել է վերջին տարիներին: Սակայն այս գործընթացը նույնպես հեշտ չէ և լի է բազմաթիվ դժվարություններով և վտանգներով։ Նախևառաջ, ներգաղթել ցանկացողները փորձում են գտնել միջնորդներ, ովքեր կօգնեն նրանց հատել Մեքսիկա-ԱՄՆ սահմանը, և այդ ծառայության արժեքը տատանվում է 20,000-25,000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Շատերը ստիպված են լինում վաճառել իրենց անշարժ և շարժական գույքը Հայաստանում այդ գումարը վճարելու և սահմանն ապօրինի հատելու համար։

Բացի այդ, Մեքսիկայում և արդեն սահմանը հատելիս ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալները հայտնվում են բանտերում, որտեղ պայմանները հաճախ անմարդկային են՝ հիգիենայի տարրական պայմանների բացակայություն, սննդի և ջրի բացակայություն կամ սարսափելի որակ։ Միաժամանակ նրանց բանտում մնալու ժամկետներն անորոշ են։

Ընդհանուր առմամբ, Հայաստանից Մեքսիկայի սահմանով ԱՄՆ մարդկանց տեղափոխման գործընթացը հետևյալն է. գումարը ստանալուց հետո միջնորդները ՀՀ քաղաքացիներին երրորդ երկրների միջոցով (երբեմն նաև պահանջվում է քաղաքացիներին տեղափոխել չորրորդ, հինգերորդ երկիր, դեպի Մեքսիկա մեկնումը կազմակերպելու համար) տեղափոխում են Մեքսիկա։ Մեքսիկայում ապօրինի ներգաղթյալներին սպասում են ապօրինի սահմանանցումը կազմակերպող ապօրինի խմբավորումները։ Մեքսիկայի կոռումպացված պաշտոնյաները կամ հանցավոր խմբերը կարողանում են օգնել կազմակերպել նրանց տեղափոխությունը ԱՄՆ սահման՝ շրջանցելով սահմանային անվտանգությունը և սահմանապահ ծառայությունները։ Սահմանը հատելիս ապօրինի ներգաղթյալները շատ հաճախ բանտարկվում են արդեն ԱՄՆ իշխանությունների կողմից և սպասում դատարանի որոշմանը։

ԱՄՆ-ում հնարավոր է այս ժամանակահատվածում քաղաքական ապաստան խնդրել և դիմել ժամանակավոր պաշտպանության համար՝ մինչև ներգաղթյալների գործերը քննվեն դատարանի կողմից: Սա բավական ծանր և ժամանակատար գործընթաց է, և այս ընթացքում սահմանային իշխանությունները ստիպված են լինում բաց թողնել քաղաքական ապաստան հայցող ապօրինի միգրանտներին՝ մինչև դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռների ստացումը: Այս ընթացքում ապօրինի միգրանտները ԱՄՆ-ում սկսում են աշխատել ցածր վարձատրվող աշխատատեղերում, որոնցում գործատուները օգտվում են վերջիններիս ապօրինի կարգավիճակից և քիչ վճարում: Մյուսները կարող են ուղիներ փնտրել օրինականացնելու իրենց կարգավիճակը ընտանեկան կապերի կամ այլ տարբերակների միջոցով, բայց դա նույնպես բարդ գործընթաց է: Ընդհանուր առմամբ, առանց օրինական կարգավիճակի ԱՄՆ-ում կյանքը ռիսկային է և հղի արտաքսվելու վտանգով՝ մանավանդ նոր վարչակազմի պարագայում:

ԱՄՆ տարբեր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում, որտեղ ինչպես հայտնի է, գտնվում է հայկական խոշորագույն համայնքն ԱՄՆ-ում, իրականացվում են օպերատիվ գործողություններ՝ այսպես կոչված ռեյդերը, որոնք կազմակերպվում են ԱՄՆ ներգաղթի և մաքսային մարմինները (ICE): Դրանք իրենցից ենթադրում են ստուգումների, ռեյդերի և այցելությունների իրականացում՝ առանց նախազգուշացման: Ներքին անվտանգության դեպարտամենտն (DHS) իր հերթին դադարեցրել է իր «զգայուն տեղակայման վայրեր» չմտնելու քաղաքականությունը, որն այժմ թույլ է տալիս ICE-ին ռեյդեր իրականացնել և ձերբակալել մարդկանց ընդհուպ մինչև պաշտամունքի վայրերում (եկեղեցիներում), դպրոցներում և հիվանդանոցներում:

Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Թրամփի վարչակազմը 4 տարիների ընթացքում կկարողանա արտաքսել երկրում գտնով շուրջ 8 միլիոն ապօրինի միգրանտներին (բնականաբար, այս թիվը չի կարող հստակ լինել) սակայն ակնհայտ է, որ Թրամփի այս քաղաքականությունը ամենից խիստ միգրացիոն քաղաքականությունն է ապօրինի միգրանտների նկատմամբ՝ զրո հանդուրժողականության դրսևորմամբ, այդ թվում՝ ապօրինի ներգաղթյալների այն երեխաների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ում ծնվելով արդեն իսկ հասցրել են ԱՄՆ քաղաքացիություն ստանալ:

Originally published by LUYS foundation

Կիսվել՝