Եմենի ճգնաժամը. ԱՄՆ ներգրավվածության հիմքերն ու ներկայիս զարգացումները

Պատմական ակնարկ. ԱՄՆ նախագահների քաղաքականությունը Եմենի հարցում

Եմենի ճգնաժամը աշխարհի ամենաուշագրավ ճգնաժամերից մեկն է, որի հետևանքով տեղի բնակչությունը տարիներ շարունակ բախվում է պատմության խոշորագույն մարդասիրական աղետի հետ։ Թեև մարդասիրական ճգնաժամը 2015- ին սկսված հակամարտության արդյունքն է, այս ամենն ունի առավել խոր պատմական արմատներ, որոնց անհրաժեշտ է անդրադառնալ՝ հասկանալու համար նաև հակամարտության մեջ ներգրավված աշխարհաքաղաքական բոլոր դերակատարների, ներառյալ Միացյալ Նահանգների տարբեր վարչակազմերի շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանում։

Եմենի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության մասին խոսելիս հարկ է սկսել նախագահ Հարի Թրումանից, որը Բիլ Էդդիի գլխավորությամբ դիվանագիտական առաքելություն էր ուղարկել Եմենի թագավորություն 1946թ.՝ բանակցելու բարի կամքի և առևտրի համաձայնագրի շուրջ։ Չնայած դրան, Եմենի միապետը օտարերկրացիներ չէր ուզում տեսնել իր երկրում, ինչի պատճառով ԱՄՆ-ը Եմենում չուներ մշտական ներկայացուցչություն։ Փոխարենը՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանը գործում էր նաև որպես Եմենում ԱՄՆ ոչ ռեզիդենտ դեսպան։ Իսկ 1947թ. Թրումանը նաև աջակցեց ՄԱԿ-ում Եմենի անդամակցությանը։1

15 տարի անց Եմենի միապետի դեմ բանակը իրականացրեց հեղաշրջում` երկրում հաստատելով հանրապետական կառավարություն։ Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որում Եգիպտոսը աջակցեց հանրապետականներին, իսկ Սաուդյան Արաբիան Իսրայելի և Հորդանանի հետ միասին՝ ռոյալիստներին։ Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ճանաչեց հանրապետական կառավարությունը՝ հրաժարվելով օժանդակել Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ապստամբներին, թեև չի կարելի ասել, որ Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի դեմ էր գործում, քանի որ հենց ԱՄՆ-ն կործանիչներ ուղարկեց Սաուդյան Արաբիա՝ կանխելու Եգիպտոսի կողմից ներխուժումը երկիր։ 1967թ. Եգիպտոսը պարտվեց Իսրայելի հետ պատերազմում և դուրս հանեց իր զորքերը Եմենից, իսկ հանրապետական կառավարությունը պահպանեց իր գոյությունը՝ հաշտվելով Սաուդյան Արաբիայի հետ։2

Ըստ էության, Եմենի քաղաքացիական պատերազմը Հյուսիսային և Հարավային Եմենների միջև էր, որոնք դարձել էին երկու առանձին հանրապետություններ՝ զինված ապստամբությունների հետևանքով։ Սակայն հյուսիսհարավ այս բաժանումը ոչ թե արտահայտվում էր միայն ներքաղաքական բաժանմամբ, այլև որպես Սառը պատերազմի նոր թատերաբեմ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի համար, քանզի 1978թ. Կապիտալիստական կուսակցությունը իշխանության եկավ հյուսիսում, իսկ Սոցիալիստական կուսակցությունը՝ հարավում։ Բնականաբար ԱՄՆն աջակցեց հյուսիսին (Եմենի Արաբական Հանրապետություն (ԵԱՀ), իսկ ԽՍՀՄ-ը՝ հարավին (Եմենի Ազգային Ժողովրդավարական Հանրապետություն (ԵԱԺՀ)։3

Հաշվի առնելով տարիների պայքարն ու բռնությունը երկու հանրապետությունների միջև և նավթի բացահայտումը սահմանային հատվածներում՝ 1990թ. երկու հանրապետությունները միավորվեցին՝ որպես միասնական Եմենի Հանրապետություն։ Երկու հանրապետությունների միջև համաձայնագիրը կնքվեց բավական արագ՝ առանց շատ մանրամասների քննարկման՝ հաշվի առնելով ԵԱԺՀի քաղաքական և ֆինանսական աջակցի՝ ԽՍՀՄ-ի փլուզումը։ ԵԱՀ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը դարձավ Եմենի Հանրապետության առաջին նախագահը։ Բայց, հաշվի առնելով տարիների պառակտվածությունը հյուսիսի և հարավի միջև, միավորումը չվերացրեց բոլոր տարաձայնությունները։4 Նախագահ Սալեհը նաև սկսեց խնդիրներ առաջացնել աշխարհաքաղաքական դերակատարների համար։ Մասնավորապես, Սալեհը աջակցեց 1990թ. Սադդամ Հուսեյնի ներխուժմանը Քուվեյթ։ Սաուդյան Արաբիան էլ համոզված էր, որ Եմենը Բաղդադի հետ գաղտնի դավադրություն է նախապատրաստում՝ մասնատելու երկիրը և վերականգնելու 1934թ. Եմենի հետ պատերազմում Սաուդյան Արաբիայի գրաված տարածքները։ Այս հարցում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն աջակցեց Սաուդյան Արաբիային՝ Եմենին տրամադրվող օգնությունը դադարեցվեց և Եմենը մեկուսացվեց։ Սալեհին պատժելու համար Սաուդյան Արաբիան վտարեց երկրից մեկ միլիոն եմենցիների, ովքեր աշխատում էին Սաուդյան Արաբիայում։ Նախագահ Բիլ Քլինթոնը Սալեհին որոշ հեռավորության վրա էր պահում, բայց միևնույն ժամանակ 1995-ին չէր աջակցում Սաուդյան Արաբիայից ֆինանսավորվող անջատողական շարժմանը, որը Սալեհը տապալեց շատ արագ՝ քաղաքացիական պատերազմում։5

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների կողմից Եմենում ուղիղ ներգրավվածությանը, ապա այն պայմանավորված էր Ալ Քաիդայի դեմ իրականացրած պայքարով՝ սկսած 2000 թվականի հոկտեմբերից Եմենի ափերի մոտ «USS Cole» նավի ռմբակոծությունից ի վեր, որն այն ժամանակ Ալ Քաիդայի ամենանշանակալի հարձակումներից մեկն էր համարվում: Այնուամենայնիվ, Եմենը չդարձավ ԱՄՆ-ի հակաահաբեկչական արշավում առաջնային ճակատը մինչև 2009 թվականը: Եմենի երկարամյա նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը պարզվեց շատ անկայուն գործընկեր է Միացյալ Նահանգների հակաահաբեկչական պայքարում: Սակայն 2012-ին Եմենում Արաբական գարունը տապալեց ղեկավար Սալեհին՝ նրան փոխարինելով ահաբեկչության դեմ պայքարում շատ ավելի կայուն գործընկեր ԱբդՌաբու Մանսուր Հադիով: Հադին ընդունեց Միացյալ Նահանգների հետ համագործակցելու առաջարկը, և հաջորդ երկուսուկես տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն իրականացրեց իր ամենաինտենսիվ հակաահաբեկչական արշավներից մեկը Եմենում: Միացյալ Նահանգները սպառազինեց Եմենի կառավարությանը և վարժեցրեց նրա հրամանատարական ուժերին: Բայց Հադին շուտով տապալեց Եմենի ներքին քաղաքականությունը, և 2014-ի վերջին հութիները՝ հիմնականում շիա իսլամական կրոնական-քաղաքական զինված շարժումը, Հյուսիսային Եմենից Սալեհի հետ միասին ներխուժեցին Սանա և տապալեցին Եմենի կառավարությունը: Միացյալ Նահանգները փակեց իր դեսպանատունը Սանայում և պահպանեց միայն փոքր, էպիզոդիկ ներկայությունը Ադենում:6 Սալեհը և հութիները միասին Սանայից վտարեցին Հադիին 2015 թվականին: Հադին, փախչելով Սաուդյան Արաբիա, դիմեց նրանց օգնությանը՝ խնդրելով միջազգային միջամտություն իրականացնել։ Սաուդցիները միջամտեցին 2015 թվականի մարտին՝ աջակցելով Հադիին։ Միջամտության հիմնական շարժիչ ուժն արքայազն Մուհամմեդ բեն Սալմանն էր, որը խոստացավ կարճ, վճռական պատերազմ: Փոխարենը այն դարձավ փակուղիաղետալի հետևանքներով Եմենի ժողովրդի համար:7 2015-ին Սաուդյան Արաբիան նախաձեռնեց աղետալի և դաժան արշավ հութիների դեմ։ Այս արշավը ստացավ ԱՄՆ աջակցությունը, այդ թվում՝ զենքի մատակարարմամբ, օդում ինքնաթիռները վառելանյութով լիցքավորելով և թիրախային հարվածներ առաջարկելով: Իրանը, միևնույն ժամանակ, աջակցություն էր ցուցաբերում հութիներին՝ Եմենը վերածելով տարածաշրջանային և համաշխարհային հակառակորդների միջև փոխադարձ պատերազմի թատերաբեմի:8 Սաուդյան Արաբիայի համար հութիները մարմնավորում են Իրանի ձգտումը արաբական աշխարհում զարգացնել զինված ոչ պետական, ոչ սուննի մի դերակատար, որը կարող է ճնշում գործադրել Իրանի հակառակորդների վրա թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումներով (ինչպես Լիբանանում Հեզբոլլահն է):9 Ուստի Եմենում ընթացող հակամարտությունը մինչև օրս պարզապես երկրի ներքաղաքական խնդիրը չէ, այլ ունի ավելի խոր հիմքեր և օգտագործվում է տարբեր դերակատարների կողմից՝ որպես սեփական աշխարհաքաղաքական շահերի սպասարկման թատերաբեմ։

Բայդենի վարչակազմի կողմից Եմենի նկատմամբ քաղաքականության փոփոխությունն ու դրա տապալումը

Ներկայիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իշխանությունը ստանձնելուց հետո հայտարարեց արտաքին քաղաքականության որոշակի փոփոխությունների մասին՝ հակադրվելով իր նախորդի՝ Թրամփի վարած քաղաքականությանը։ Թրամփն աջակցում էր Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին, անգամ օգտագործել էր նախագահի վետոյի իրավունքը՝ խոչընդոտելու պատերազմում ԱՄՆ ներգրավվածությանը վերջ տալու կոնգրեսականների փորձին։ Իսկ Բայդենը ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ իր առաջին ելույթում նշմարեց Եմենի նկատմամբ իր վարչակազմի քաղաքականությունը։ Վերջինս նշեց, որ իր վարչակազմը գործի է դնելու դիվանագիտական լծակները՝ Եմենում պատերազմին վերջ տալու համար, ինչին որպես ապացույց ԱՄՆ-ը դադարեցնում է աջակցությունը հարձակողական գործողություններին, ներառյալ համապատասխան զենքերի վաճառքը։ Սակայն Բայդենը մտադիր էր շարունակել աջակցել Սաուդյան Արաբիային «Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերի» դեմ։10 Եմենը ԱՄՆ-ի համար առաջնահերթություն դարձնելու քայլերից էր նաև հատուկ բանագնացի նշանակումը, ինչպես նաև Թրամփի կողմից հութիներին որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշման չեղարկումը։ Այս քայլերը որոշակի հույս արթնացրին, որ Միացյալ Նահանգների դիվանագիտական առավել մեծ ներգրավվածությունը կարող է մոտեցնել հակամարտության կարգավորումը։ Այդուհանդերձ, դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ իրականում առանձնապես մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ ԱՄՆ-ն շարունակում էր զենք վաճառել տարածաշրջանին, իսկ վերջին շրջանում իրավիճակն ու բախումներն առավել ակտիվացան՝ հանգեցնելով հութիների դեմ ԱՄՆ ռազմական միջամտության։11

Հութի խմբավորումը, ի հայտ գալով 1990-ականներին՝ մասամբ որպես արձագանք Եմենում Սաուդյան Արաբիայի ֆինանսական և կրոնական ազդեցության աճին, առավել մեծ տարածում ստացավ սկսած 2004 թվականից, երբ խմբավորումը ապստամբեց Եմենի սուննի մեծամասնություն ունեցող Սալեհի կառավարության դեմ՝ ստիպելով վերջինիս թողնել իշխանությունը և երկիրը հասցնելով հումանիտար ճգնաժամի: Խմբավորումը, որը շիա իսլամիստական քաղաքական և ռազմական կազմակերպություն է և աջակցություն է ստանում Իրանից, տարիներ շարունակ պայքարել է Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիայի դեմ՝ ընդդիմանալով Եմենում Սաուդյան Արաբիայի կրոնական ազդեցությանը: Եմենում տեղի ունեցած վերջին սրացումը սկսվեց դեռևս 2023թ. հոկտեմբերից։ Այս հարձակումները զարգացել են երեք աստիճանական փուլով: Առաջինը համեմատաբար անարդյունավետ հարվածներն էին հեռահար անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների միջոցով, որոնք հիմնականում կանխվեցին Միացյալ Նահանգների կամ Իսրայելի կողմից: Այնուհետև, նոյեմբերի կեսերից հետո, երբ հութիները հայտարարեցին, որ իրենք կսկսեն թիրախավորել Իսրայելի հետ կապ ունեցող նավերը, հարձակումներն ավելի մոտեցան Եմենին և Կարմիր ծովի հարավային շրջանին: Երրորդ փուլը սկսվեց դեկտեմբերի 9-ից հետո, երբ հութիներն ասացին, որ թիրախավորելու են բոլոր նավերը, որոնք կապված են Իսրայելի նավահանգիստների հետ: Դրանից հետո արձանագրվեց հարձակումների ամենաբարձր ցուցանիշը, որոնք հիմնականում կենտրոնացած էին Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում։ Հունվարի 9-ին հութիները հարձակումներ իրականացրին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքերի, թևավոր հրթիռների և բալիստիկ հրթիռների համակցություն՝ թիրախավորելով ԱՄՆ ռազմանավերը Բաբ էլ Մանդեբի մերձակայքում, պնդելով, որ դա Գազայի իրենց շարունակական աջակցության արտահայտումն էր, ինչպես նաև վրեժ էր լուծվում ԱՄՆ-ից՝ հութիների երեք նավ խորտակելու համար:12 Ըստ էության, սա հութիների կողմից խոշորագույն հարձակումն էր, որն ուղղակիորեն թիրախավորում էր ամերիկյան նավերը, ինչի արդյունքում ԱՄՆ-ին պատկանող բեռնատար նավ հարվածի ենթարկվեց։ Բնականաբար, ԱՄՆ-ն չէր կարող սա թողնել անպատասխան։ Միացյալ Նահանգները, կոալիցիա կազմելով Միացյալ Թագավորության, Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի և Նիդեռլանդների հետ, հարվածներ իրականացրեց հութիների դեմ։ Նախագահ Բայդենն իր հայտարարության մեջ շեշտեց, որ Միացյալ Նահանգները «առանց երկմտելու կձեռնարկի հավելյալ միջոցներ՝ պաշտպանելու իր քաղաքացիներին և միջազգային առևտրի ազատ հոսքի համար»։13

Պատահական չէ Բայդենի կողմից ազատ առևտրի կարևորության շեշտադրումը, քանզի այն հատվածը, որտեղ իրականացվում էին հարվածները, Կարմիր ծովի ամենակարճ, ամենաէժան և ամենաարդյունավետ միջոցն է Միջերկրական ծովով Ասիան Աֆրիկայի մասերի միջոցով Եվրոպային միացնելու համար: Հացահատիկի համաշխարհային առևտրի 8%-ը, ծովային ճանապարհով վաճառվող նավթի 12%-ը և հեղուկ բնական գազի համաշխարհային առևտրի 8%-ն անցնում է Կարմիր ծովի այս ճանապարհով։ Ահա թե ինչու ցանկացած տեսակի հարձակում կամ հարձակման սպառնալիք միանշանակ մեծ ազդեցություն կունենա միջազգային առևտրի վրա:14

Հութիների վերջին հարձակման պատճառները և խաղաղության հաստատման հնարավոր հեռանկարները Հութիների կողմից Կարմիր ծովի ավազանով անցնող նավերի թիրախավորման մի քանի հիմնական պատճառ կարելի է առանձնացնել։ Նախ, նրանք հայտարարել էին, որ այդ քայլով փորձում են հակազդել պաղեստինցիների վրա իսրայելական ավերիչ հարձակումներին։ Հութիների կողմից առաջին անօդաչու թռչող սարքով և հրթիռային հարձակումները Կարմիր ծովում տեղի էին ունեցել հոկտեմբերի 19-ին՝ Գազայի «Ալ Ահլի» հիվանդանոցի պայթյունից հետո։ Հութիների ինքնահռչակ առաջնորդ Աբդուլ Մալիք ալ Հութին նույնիսկ նշեց, որ ուղղակիորեն կմիջամտի Գազայի հակամարտությանը անօդաչու սարքերով և հրթիռներով, եթե ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվի:15 Հութիների միջամտության մեկ այլ պատճառ կարող է լինել Գազայի հակամարտության բռնկմանը նախորդող շաբաթների և ամիսների ընթացքում հութիների կողմից վերահսկվող տարածքներում սկսված անկարգությունները։ Ցուցարարները պահանջում էին վճարել աշխատավարձերը՝ արտահայտելով հանրային դժգոհությունը վատ կառավարման դեմ: Ուսուցիչները գործադուլ էին հայտարարել, հարյուր հազարավոր եմենցիներ դուրս էին եկել փողոցները՝ նշելու Եմենի 1962 թվականի սեպտեմբերի 26-ի «Հեղափոխության օրը», որը սուրբ է հութիներին նախորդած ռեժիմի համար: Հութիները ճնշեցին ցույցերը՝ հարյուրավոր մարդկանց ձերբակալելով։ Այսպիսով, միանգամայն հնարավոր է, որ հութիների կողմից Կարմիր ծովի էսկալացիայի մեկ այլ պատճառ էլ եղել է եմենցիների կողմից սեփական կառավարությունից հիասթափությունը շեղելու փորձը:16

Անկասկած, կան նաև այլ պատճառներ: Սաուդյան Արաբիայի հետ երկկողմ բանակցությունների ժամանակ հութիները ծովային էսկալացիան կարող էին դիտարկել որպես Էր Ռիադի դեմ լծակներ ձեռք բերելու միջոց: Մյուս պատճառը գաղափարախոսական է. Մերձավոր Արևելքում Իսրայելի և ԱՄՆ ինտերվենցիոնիզմի դեմ ուղղված դիրքորոշումները հութիների գաղափարախոսության հիմքում են: Ի վերջո, այդ գաղափարախոսությունը կապված է քաղաքական պատկանելության հետ. հութիները «Դիմադրության առանցքի» ինքնահռչակ անդամներ են, որի անդամներ են նաև Սիրիան, Լիբանանի Հեզբոլլահը, Իրաքի աշխարհազորայինները և, իհարկե, նրա ամենահզոր անդամը՝ Իրանը:17

Հաշվի առնելով տարածաշրջանում անկայունության նման բարձր մակարդակը, բնականաբար փորձեր են արվել խաղաղության հաստատման ուղղությամբ։ Մասնավորապես, 2021 թվականի ընթացքում տարբեր աշխարհաքաղաքական դերակատարներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Միացյալ Նահանգների հատուկ բանագնացները, ինչպես նաև Օմանի պաշտոնյաները, փորձել են համատեղ աշխատել՝ հութիների և Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև հրադադարի հասնելու համար: Սրան զուգահեռ, Իրաքի կառավարությունը հանդես էր գալիս որպես միջնորդ Սաուդյան Արաբիայի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, որոնք, ըստ տեղեկությունների, ուղղված էին տարբեր վայրերում տարածաշրջանային լարվածության թուլացմանը, ներառյալ Եմենը: 2021 թվականի մարտին Սաուդյան Արաբիան առաջարկեց հաստատել համազգային զինադադար, որը ստացավ ԱՄՆ պաշտոնյաների աջակցությունը։ Հութիները անմիջապես մերժեցին Սաուդյան Արաբիայի առաջարկը, որն ըստ իրենց՝ ոչ մի նոր առաջարկ չէր պարունակում, և կրկնեցին իրենց պահանջները սաուդցիներից՝ միակողմանիորեն վերացնել Սանայի օդանավակայանի և Հուդայդա նավահանգստի շրջափակումը։ Հութիների կողմից, այս առաջարկի մերժումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերջիններս, ըստ էության, շատ մոտ են հյուսիսում, եթե ոչ ամբողջ երկրում, պատերազմում հաղթելուն: Այս պարագայում Իրանի կամ հութիների համար զենքերը վայր դնելը չի բխում իրենց շահերից, երբ փոխարենը չեն ստանալու նշանակալի ձեռքբերումներ։18 Այսպիսով, հաշվի առնելով նաև վերջին շրջանում լարվածության կտրուկ մեծացումը և ԱՄՆ ուղիղ ռազմական միջամտությունը այս հակամարտությանը, խաղաղության հաստատումը մոտ ապագայում իրատեսական չէ։

  1. Riedel B., A brief history of America’s troubled relationship with Yemen, htps://www.brookings.edu/artcles/abrief-history-of-americas-troubled-relatonship-with-yemen/, (30.01.2024).
  2. Նույն տեղում։
  3. The Yemen Crisis, U.S. Commitee for Refugees and Immigrants, htps://refugees.org/wpcontent/uploads/2021/05/USCRI-Backgrounder-Yemen.pdf, (30.01.2024).
  4. Նույն տեղում։
  5. Riedel B., նշվ. աշխ։
  6. Hartig L.,Hathaway O., Still at War: The United States in Yemen, htps://www.justsecurity.org/80806/still-at-warthe-united-states-in-yemen/, (31.01.2024).
  7. Riedel B., նշվ. աշխ։
  8. Hartig L., Hathaway O., նշվ. աշխ։
  9. Sharp J., Yemen: Civil War and Regional Intervention, Congressional Research Service, htps://www.everycrsreport.com/files/20190917_R43960_0ae8aef063532aa48081bbedecd442b10277aa42.pdf, (31.02.2024).
  10. Remarks by President Biden on America’s Place in the World, htps://www.whitehouse.gov/briefingroom/speeches-remarks/2021/02/04/remarks-by-president-biden-on-americas-place-in-the-world/, (02.02.2024).
  11. Sheline A., Riedel B., Biden’s broken promise on Yemen, htps://www.brookings.edu/artcles/bidens-brokenpromise-on-yemen/, (02.02.2024)։
  12. What Next After U.S. and UK Strikes on the Houthis? htps://www.crisisgroup.org/middle-east-north-africa/gulfand-arabian-peninsula/yemen/what-next-after-us-and-uk-strikes-houthis, (05.02.2024).
  13. Statement from President Joe Biden on Coalition Strikes in Houthi-Controlled Areas in Yemen, htps://www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2024/01/11/statement-from-president-joebiden-on-coalition-strikes-in-houthi-controlled-areas-in-yemen/, (05.02.2024).
  14. Shah S., How Atacks in the Red Sea Could Increase Costs of Items from Clothing to Coffee, htps://time.com/6553141/red-sea-houthi-atacks-consumer-prices-cost/, (05.02.2024).
  15. Nevola L., Q&A: Why Are Yemen’s Houthis Atacking Ships in the Red Sea htps://acleddata.com/2024/01/05/qa-why-are-yemens-houthis-atacking-ships-in-the-red-sea/, (06.02.2024).
  16. Նույն տեղում։
  17. Նույն տեղում։
  18. Yemen: Civil War and Regional Intervention, htps://sgp.fas.org/crs/mideast/R43960.pd, (06.02.2024).

Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=393

Կիսվել՝