ԱՄՆ քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում

Հայաստանի հետ սահմանը Թուրքիան փակել է դեռ 1993 թ.՝ որպես աջակցություն Ադրբեջանին Արցախյան առաջին պատերազմում։ Այդ պահից ի վեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանների բացումը դարձել
են տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքակա- նության առաջնահերթություններից մեկը։ Սկսած նախագահ Բուշից՝ այդ առաջնահերթությունը պահ- պանվել է ԱՄՆ բոլոր նախագահների համար, որոնք փորձել են ներգրավվել եւ խթանել գործընթացը համապատասխան պայմաններ տեսնելու դեպքում: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայ-ամերիկյան հարաբերություններում մշտապես կարեւոր հարցերից է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Այդ է վկայում հատկապես այն փաստը, որ հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջին իսկ պաշտոնական հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը միանգամից առաջ է քաշել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը։ Մասնավորապես, 1992 թ. Ջեյմս Բեյքեր-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ժամանակ Բեյքերն առաջարկել է կարգավորել հայ-թուրքական հարաբերություն- ները` տեղեկացնելով, որ Անկարայի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնելը եւ սահմանների ճանաչման վերաբերյալ համապատասխան հայտարարություն անելը լուրջ քայլ կլինեն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից։ Այս հարցի շուրջ ԱՄՆ նախաձեռնողականությունը չի սահմանափակվել մեկ վարչակազմով, այլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մշտապես եղել է ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության օրա- կարգում ԱՄՆ բոլոր վարչակազմերի համար։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ ԱՄՆ-ն ձգտում է մեծացնելու իր դերն ու ազդեցությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի միջոցով՝ նվազեցնելով Ռուսաստանի դերն ու ազդեցությունը տարածաշրջանում։ Քանզի այդ հարաբերությունների կարգավորմամբ կբացվեն սահմանները, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանի կախվածության նվազեցմանը Ռուսաստանից եւ Իրանից, կհեշտացնի Հայաստանի արտաքին հաղորդակցությունը Եվրոպական միության երկրների հետ եւ անարգել ելք կապահովի դեպի ծով1։

Այստեղ, իհարկե, պետք է նշել, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն այնքան էլ հարթ չեն, եւ մի շարք հարցերում նրանց շահերն անգամ հակասում են իրար։ Այս մասին խոսվում է նաեւ բարձր մակարդակով, մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը նշում էր, թե գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ կան տարբերություններ, բայց Թուրքիան

ՆԱՏՕ-ի անդամ է, եւ նրանք միասին աշխատում են հարթել այդ տարբերությունները՝ ամրապնդելու համար դաշինքը2։ Թեեւ ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենի համար ժողովրդավարությունն արտաքին քաղաքականության կարեւոր բաղկացուցիչ է, Թուրքիայում ժողովրդավարության մակարդակի առումով ԱՄՆ ազգային անվտանգության հարցե- րով խորհրդական Ջեյք Սալիվանը նշում է, որ ԱՄՆ-ն այդ հարցերի մասին բարձրաձայնելու է, բայց իրենք այդ ուղղությամբ աշխատելու են Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի իրենց այլ դաշնակիցների հետ3։ Այսպիսով՝ պետք է շեշտել, որ, չնայած ԱՄՆ- Թուրքիա հարաբերությունների լարվածությանն ու առկա խնդիրներին, Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է ու ՆԱՏՕ-ի անդամ, եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միանշանակ հանգեցնելու է ԱՄՆ շահերի առաջմղմանը տարածաշրջանում Թուրքիայի միջոցով։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ արդեն իսկ եղել է 2008 թ., այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում, որին ԱՄՆ-ն մեծապես աջակցում էր։ Հենց սրա շրջանակներում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2 անգամ այցելեց Հայաստան՝ 2010 եւ 2012 թթ.։ Այդ շրջանում Թուրքիան վարում էր «զրո խնդիր հարեւանների հետ» արտաքին քաղաքականությունը, որի շրջանակներում էլ սկսվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կողմերի միջեւ սկսված բանակցությունների հետեւանքով 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվում են հայ-թուրքական արձանագրությունները, որոնցով նախատեսվում էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել ցամաքային սահմանները։ Այնուհանդերձ, արձանագրությունների ստորագրման օրը գործընթացը հետաձգվեց երեք ժամով, քանզի անհամաձայնություն կար ԱԳ նախարարների հայտարարության տեքստի հարցում, եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր հարթել իրավիճակը, այսպես կոչված, հեռախոսային դիվանագիտությամբ։ Թեեւ, ըստ այլ վարկածի, արձանագրություններն ի վերջո ստորագրվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շնորհիվ4։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան մշտապես առաջ է քաշել նախապայմաններ։ Դեռ 1990- ական թթ. սկզբին Թուրքիայի նախապայմանների թվում էին, բացի Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումից, նաեւ Հայաստանի անկախության հռչակագրի վերախմբագրումը, ՀՀ զինանշանից Արարատ լեռան հեռացումը, որեւէ հայտարարության կամ օրենքի ընդունումը Հայաստանի օրենսդրի կողմից այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է Թուրքիային որեւէ տարածքային պահանջ ներկայացնելուց։ Գաղտնազերծված փաստաթղթերը նույնպես պարունակում են տեղեկատվություն այդ նախապայմանների մասին, որոնք Թուրքիայի արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի արտգործնախարարին5։ Այդ իսկ պատճառով պատահական չէ, որ Թուրքիան 2008 թ. արձանագրությունների ստորագրումից հետո սկսում է առաջ քաշել նախապայմաններ՝ մասնավորապես կապելով Արցախյան խնդիրն արձանագրությունների վավերացման հետ։ Պահանջվում էր նաեւ ընդունել 1921 թ. Կարսի պայմանագիրը եւ դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերը6։

Թուրքիայի կողմից նախապայմանների առաջքաշման հետեւանքով ՀՀ նախագահի 2018 թ. մարտի 1-ի հրամանագրով դադարեցվում է հայ-թուրքական արձանագրությունների կնքման գործընթացը7։ Այդպիսով հայկական կողմը ցույց է տալիս, որ, ի տարբերություն Թուրքիայի, պատրաստակամ է հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների։

Հետադարձ հայացք նետելով փակուղի մտած «ֆուտբոլային դիվանագիտությանը»՝ պարզ է դառնում, որ Թուրքիան պատրաստ չէր գնալու զիջումների եւ հարաբերություններ հաստատելու առանց նախապայմանների` առանց առաջ քաշելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարման հարցը։ Այստեղ հայկական կողմը փաստացի հայտնվեց փակուղու առջեւ։ Այդ ժամանակ քննարկվում էր մի շատ հետաքրքիր տարբերակ, պատմական մի լուծում, որը Միացյալ Նահանգների նախագահ Քլինթոնի վարչակազմը կիրառեց սկզբում Իսրայելի եւ Հորդանանի, այնուհետեւ՝ նաեւ Իսրայելի եւ Եգիպտոսի միջեւ։ Խոսքը որակավորված արդյունաբերական գոտիների (Qualified Industrial Zones) մասին է։ Այն ենթադրում էր 50%-50% ներդրումով սահմանի վրա գործարանի կառուցում, օրինակ՝ տեքստիլի գործարանի։ 50% ներդրում կատարելու էր Իսրայելը, 50%՝ Հորդանանը (նույն կերպ՝ նաեւ Եգիպտոսը Իսրայելի հետ), իսկ աշխատակիցները հավասարապես լինելու էին երկու կողմից. 50%` իսրայելցիներ, 50%՝ հորդանանցիներ։ Այն արտադրանքը, որն արտադրվում էր այդ գործարաններում, Միացյալ Նահանգները հնարավորություն էր տալու առանց հարկերի եւ տուրքերի ներմուծելու ամերիկյան շուկա։ Սա Քլինթոնի վարչակազմի բացառիկ մի գաղափար էր, որով նա փորձեց կողմերին հաշտեցնել կամ հարաբերությունները կարգավորել տնտեսական գործընթացի միջոցով։ Սա հետաքրքիր լուծում էր, եւ հատկանշական է, որ Եգիպտոսի եւ Իսրայելի, ինչպես նաեւ Հորդանանի եւ Իսրայելի հարաբերությունները էապես տարբերվում են Իսրայելի եւ արաբական աշխարհի այլ երկրների հարաբերություններից։ Սա հաջողված տարբերակներից էր։ Երբ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ձախողվեց, որակավորված արդյունաբերական գոտիների գաղափարը եւս առաջ քաշվեց քաղաքագիտական շրջանակների կողմից որպես լուծման այնպիսի տարբերակ, որը միգուցե կիրառելի լինի Հայաստանի եւ Թուրքիայի դեպքում8։

2020 թ. արցախյան պատերազմից հետո, երբ արդեն բավարարված էր Թուրքիայի գլխավոր նախապայմաններից մեկը, ՀՀ իշխանությունների կողմից սկսեցին հնչել հայտարարություններ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգա- վորման վերաբերյալ։ ՀՀ իշխանությունների՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին է վկայում այն, որ 2021 թ. սեպտեմբերին Էրդողանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպման առաջարկ է արել Վրաստանի վարչապետի միջոցով։ Ի պատասխան՝ Էրդողանն առաջ քաշեց նոր նախապայման, այն է՝ Զանգեզուրի միջանցքի տրամադրումը, պնդելով, որ այդ ուղղությամբ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. «Տարակուսելի է, որ մի կողմից Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմը չի քննարկում այդ (Զանգեզուրի միջանցքի) հարցը, մյուս կողմից՝ ինձ հետ հանդիպելու ցանկություն հայտնում։ Եթե ուզում է հանդիպել Թայիփ Էրդողանի հետ, ապա պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն…. Եթե նրանք անկեղծ են Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության գնալու ցանկության մեջ եւ պատրաստ նոր գործընթաց սկսելու ուղղությամբ քայլերի գնալ, մենք էլ ընդառաջ կգնանք եւ դիվանագիտությանը ընթացք կտանք»9։ Սակայն, ըստ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հայտարարության, «Մենք ամեն հարցում խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ եւ նման քայլերի ենք գնում Ադրբեջանի իմացությամբ: Ոչ ոք թող չկարծի, թե Ադրբեջանից անկախ կարող ենք գործել: Մեկ ազգ, երկու պետություն ենք: Սրանք դրական զարգացումներ են, եւ բոլորս շահելու ենք»10։

Հայաստանի ներկայիս իշխանությունների պնդմամբ՝ իրենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջնորդվում են «առանց նախապայման» մոտեցմամբ։ Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ խոսնակի պնդմամբ, «Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որեւէ նախապայմանի: Այս առումով եւս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որեւէ փոփոխություն չի կրել. նույն դիրքորոշումն արտացոլված է նաեւ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում։ Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը»11։ Այդ «տպավորությունները», սակայն, սխալ են, ինչպես ակնհայտ է դառնում Էրդողանի պնդումներից Սյունիքի միջանցքի ստեղծման մասին։ Ուստի Հայաստանի առջեւ նոր նախապայման է դրված, որը, ըստ էության, նշանակում է, որ եթե Հայաստանը բավարարի այն, ապա կհայտնվեն նորերը։

Տարածաշրջանում իր քաղաքականության առաջնահերթություններին հավատարիմ մնալով՝ այս նոր գործընթացով եւս ԱՄՆ-ն խիստ հետաքրքրված է։ Մասնավորապես, «Bloomberg»-ի կողմից արտահոսված տեղեկատվության համաձայն, հենց Ջո Բայդենն է հորդորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բացել Հայաստանի հետ սահմանը12։ Խոսքը «Մեծ քսանյակի» հանդիպման շրջանակներում 2021 թ. հոկտեմբերի 31-ին Բայդենի եւ Էրդողանի հանդիպման մասին է, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, քննարկվել են նաեւ «դիվանագիտական ջանքերը Հարավային Կովկասում»13։ Այս ամենից անմասն չմնալով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին շրջանում այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում են պահում։ Այդ է վկայում այն փաստը, որ վերջին շրջանում իրենց գործընկերների հետ հանդիպումների ու հեռախոսազրույցների ընթացքում քննարկման առարկա են դարձել նաեւ հայ- թուրքական հարաբերությունները։ Մասնավորապես, Սալիվանի՝ Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալինի հետ սեպտեմբերի 22-ի հանդիպման14, հոկտեմբերի 27-ի15, նոյեմբերի 19-ի16 եւ հունվարի 10-ի17 հեռախոսազրույցների քննարկման թեմաների շարքում էր Հարավային Կովկասը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մասնավորապես նշելով, որ «շատ կարեւոր է դիտարկել եւ Թուրքիայի հետ հաշտեցման հեռանկարը նույնպես մտքում պահել, այդ մասին էլ մտածել։ Մենք պետք է կրկնենք եւ հասկանանք, որ դա չի կարող մեկ օրում տեղի ունենալ, դրա համար դիվանագիտական մեծ ջանքեր կպահանջվեն եւ քննարկումներ։ Սակայն շատ քաջալերող է լսել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք եղել են (Էրդողանի եւ Փաշինյանի հայտարարությունները)։ Տեսնենք՝ կլինե՞ն արդյոք հնարավորություններ՝ գործնականում հետամուտ լինելու եւ այդ բառերից հետո գործողություններ անելու համար»18։

Գործողությունները հետեւեցին մի քանի ամիս անց, երբ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից նշանակվեցին բանագնացներ։ Թուրքիան որպես բանագնաց նշանակեց ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան եւ ցեղասպանությունը ժխտող Սերդար Քըլըչին։ Իսկ հայկական կողմից բանագնաց նշանակվեց Ռուբեն Ռուբինյանը, ով չունի դիվանագիտական անհրաժեշտ փորձ19: Նշանակումներից հետո ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը իր թվիթերյան էջում ողջունել է այդ քայլը եւ իր աջակցությունը հայտնել20։ 2022 թ. հունվարի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա եւս մեկ անգամ ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցչի նշանակումը21։ Իսկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Ջեյմս Սալիվանի՝ դեկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ վերջինս ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը22։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հաջորդ տեղաշարժը եղավ հունվարի 14-ին, երբ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Համաձայն ՀՀ ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության՝ «կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»։ Սպասվում է նաեւ երկրորդ հանդիպումը, որի ժամկետների պլանավորումը տեղի կունենա դիվանագիտական ուղիներով23։ Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության եւ ՀՀ ԱԳՆ հայտարարության տեքստերը ամբողջովին նույնն էին24։

Եզրակացություն

Սկսած 1992 թվականից՝ ԱՄՆ բոլոր նախագահների վարչակազմերի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եղել է առաջնային։ Այս քաղաքական գիծը կարեւորվում է նաեւ նախագահ Բայդենի վարչակազմի կողմից՝ որպես տարածաշրջանային առաջնահերթություն: Այդ քաղաքականության հիմքում այն համոզումն է, որ հայ- թուրքական սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետեւանքով Հայաստանի համար Մոսկվայից առավել անկախ քաղաքական եւ տնտեսական միջավայր կձեւավորվի: Դա էլ իր հերթին կնշանակի ԱՄՆ դաշնակից Թուրքիայի առավել մեծ ազդեցության ձեւավորում Հարավային Կովկասում՝ Մոսկվայի ազդեցության

նվազման հաշվին, ինչն էլ երկարաժամկետ կտրվածքով կարող է հանգեցնել Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերմանը, քանի որ, նման դասավորվածությանն ի հետեւանք, փորձ կարվի հիմնավորելու, որ Թուրքիայի կողմից Հայաստանին այլեւս վտանգ չի սպառնում, հետեւապես Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունն անիմաստ է:

Հատկանշական է, որ Հարավային Կովկասի մյուս երկու երկրները՝ Վրաստանն ու հատկապես Ադրբեջանը, արդեն հսկայական քաղաքական եւ տնտեսական կախվածություն ունեն Թուրքիայից, իսկ այս տարածաշրջանը պատմականորեն եղել է Թուրքիայի կամ Ռուսաստանի ազդեցության ներքո։ Այսպիսով՝ ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասում ազդեցություն ձեռք բերելու եւ տարածաշրջան մուտք գործելու միակ պատնեշը հենց թուրքական դարպասն է, քանի որ իրանական եւ ռուսական դարպասները ԱՄՆ-ի համար փակ են: Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ի համար չի կրում զուտ երկու հարեւան պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորման բնույթ, այլ պայմանավորված է տարածաշրջանում ամերիկյան շահերի սպասարկման տրամաբանությամբ, որի հիմնական նպատակը ռուսական ազդեցության թուլացումն է ամբողջ Հարավային Կովկասում։

Հղումներ

1- Տե՛ս Սարգսյան Ս., Հայ-ամերիկյան հարաբերությունների ձեւավորումը գաղտնազերծված փաստաթղթերում, «Հայկական Քաղաքագիտական Հանդես», 2(9) 2018, No 2 (9), էջ 33-64։
2- Տե՛ս Secretary Antony J. Blinken with Efi Koutsokosta of Euronews, U.S. Department of State, December 2, 2021, https://www.state.gov/ secretary-antony-j-blinken-with-efi-koutsokosta-of-euronews/, (մուտք՝ 27.01.2022)։.

3- Տե՛ս Press Gaggle by Principal Deputy Press Secretary Karine Jean-Pierre and National Security Advisor Jake Sullivan En Route Glasgow, Scotland, The White House, November 1, 2021, https://www. whitehouse.gov/briefing-room/press-briefings/2021/11/01/press-gaggle- by-principal-deputy-press-secretary-karine-jean-pierre-and-national- security-advisor-jake-sullivan-en-route-glasgow-scotland/, (մուտք՝ 27.01.2022)։

4- Տե՛ս Sargsyan S., The Use of Ambiguity in Mediated Agreements: The Armenian-Turkish Protocols, “Armenian Journal of Political Sci- ence”, 2(5) 2016, No 2 (5), էջ 79-106:
5- Տե՛ս Սարգսյան Ս., «Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը», https://usarmenia.am, (մուտք՝ 27.01.2022)։.

6- Տե՛ս Sargsyan S., The Use of Ambiguity in Mediated Agreements: The Armenian-Turkish Protocols, նշվ. աշխ.։
7- Տե՛ս Երկկողմ հարաբերություններ, Թուրքիա, https://www.mfa. am/hy/bilateral-relations/tr, (մուտք՝ 27.01.2022)։.

8- Տե՛ս Ս. Սարգսյան Ս., «Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը»,։ նշվ. աշխ.։
9- Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել, «Ազատություն» ռադիոկայան, https://www.azatutyun. am/a/31467657.html, (մուտք՝ 27.01.2022)։

10- Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիան կներկայացնի երկրի նախկին դեսպանը ԱՄՆ-ում, https://www.azatutyun.am/a/31612518.html, (մուտք՝ 27.01.2022)։.

11- ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, Հունվարի 13, 2022, https://www.mfa.am/hy/interviews- articles-and-comments/2022/01/13/answers_Spox/11263, (մուտք՝ 31.01.2022)։.
12- Տե՛ս Hacaohlu S., Turkey Moves to Normalize Armenia Ties in Bid to Please Biden, Bloomberg, December 13, 2021, https://www.bloom- berg.com/news/articles/2021-12-13/turkey-moves-to-normalize-armenia- ties-in-bid-to-please-biden, (մուտք՝ 31.01.2022)։.
13- Տե՛ս President Joseph R. Biden, Jr. met today with President Recep Tayyip Erdogan of Turkey on the margins of the G20 Summit, https:// www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/10/31/ readout-of-president-bidens-meeting-with-president-recep-tayyip-erdo- gan-of-turkey/, (մուտք՝ 31.01.2022)։.
14- Տե՛ս Statement by NSC Spokesperson Emily Horne on National Se- curity Advisor Jake Sullivan’s Meeting with Ibrahim Kalin, Spokesper- son and Chief Advisor to the President of Turkey, White House, https:// www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/09/22/ statement-by-nsc-spokesperson-emily-horne-on-national-security-advi- sor-jake-sullivans-meeting-with-ibrahim-kalin-spokesperson-and-chief- advisor-to-the-president-of-turkey/, (մուտք՝ 31.01.2022)։.
15- Տե՛ս նույն տեղում։ Statement by NSC Spokesperson Emily Horne on National Security Advisor Jake Sullivan’s Meeting with Ibrahim Ka- lin, Spokesperson and Chief Advisor to the President of Turkey, White House, https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releas- es/2021/10/27/statement-by-nsc-spokesperson-emily-horne-on-national- security-advisor-jake-sullivans-meeting-with-ibrahim-kalin-spokesper- son-and-chief-advisor-to-the-president-of-turkey-2/, (31.01.2022).
16- Տե՛ս Statement by NSC Spokesperson Emily Horne on National Security Advisor Jake Sullivan’s Call with Ibrahim Kalin, Spokesperson and Chief Advisor to the President of Turkey, White House, https:// www.whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/11/19/ statement-by-nsc-spokesperson-emily-horne-on-national-security- advisor-jake-sullivans-call-with-ibrahim-kalin-spokesperson-and-chief- advisor-to-the-president-of-turkey-3/, (մուտք՝ 31.01.2022)։.
17- Տե՛ս նույն տեղում։ Statement by NSC Spokesperson Emily Horne on National Security Advisor Jake Sullivan’s Call with Ibrahim Kalin, Spokesperson and Chief Advisor to the President of Turkey, White House, https://www.whitehouse.gov/briefing-room/statements-releas- es/2022/01/10/statement-by-nsc-spokesperson-emily-horne-on-national- security-advisor-jake-sullivans-call-with-ibrahim-kalin-spokesperson- and-chief-advisor-to-the-president-of-turkey-4/, (01.02.2022).
18- Հարցազրույց Լին Թրեյսիի հետ, https://youtu.be/xHMdUtQrP- tI։
19- Տե՛ս Սասունյան Հ., Թուրքիայի հետ Հայաստանի անհարկի բանակցությունների թակարդները, https://mediamax.am/am/col- umn/121271/, (մուտք՝ 01.02.2022)։.
20- Տե՛ս U.S. Secretary of state Antony Blinken’s tweet, https:// twitter.com/SecBlinken/status/1470999830470311941?s=20, (մուտք՝ 01.02.2022)։.
21- Տե՛ս Secretary Blinken’s Call with Turkish Foreign Minister Cavusoglu, U.S. Department of State, https://www.state.gov/secretary- blinkens-call-with-turkish-foreign-minister-cavusoglu-5/, (մուտք՝ 01.02.2022)։.
22- Տե՛ս Statement by NSC Spokesperson Emily Horne on National Security Advisor Jake Sullivan’s Meeting with National Security Council Secretary Armen Grigoryan of Armenia, White House, https://www. whitehouse.gov/briefing-room/statements-releases/2021/12/15/state- ment-by-nsc-spokesperson-emily-horne-on-national-security-advisor- jake-sullivans-meeting-with-national-security-council-secretary-armen- grigoryan-of-armenia/, (մուտք՝ 01.02.2022)։.
23- Տե՛ս Տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը, ՀՀ ԱԳՆ, https://www.mfa.am/ hy/press-releases/2022/01/14/meeting_armenia_turkey/11267, (մուտք՝ 01.02.2022)։.
24- Տե՛ս No: 18, 14 January 2022, Press Release Regarding the Meeting of the Special Representatives for the Normalization Process Between Türkiye and Armenia, Ambassador Serdar Kılıç and Deputy Speaker
of the Armenian Parliament, Mr. Ruben Rubinyan, RT Ministry of Foreign Affairs, https://www.mfa.gov.tr/no_-18_-turkiye-ile-ermenistan- normallesme-sureci-gorusmeleri-hk.en.mfa, (մուտք՝ 01.02.2022)։.

Բնօրինակը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2022/02/Դրօշակ-թիվ-2-2022թ.pdf

Կիսվել՝