Հայաստանի անկախությունից ի վեր հայկական համայնքն ԱՄՆ-ում մեծ ջանքեր է գործադրել նորանկախ Հայաստանին աջակցելու հարցում։ Հենց ԱՄՆ հայ համայնքի ջանքերով է, որ անկախության առաջին իսկ տարիներից ԱՄՆ կառավարության կողմից հսկայական օգնություն է տրամադրվել Հայաստանին՝ դարձնելով այն մեկ շնչին ընկնող օգնության հաշվով առաջատար երկրներից նախկին ԽՍՀՄ երկրների շարքում։ Հայաստանին աջակցության ապահովման ուղղված աշխատանքները ԱՄՆ-ում հայկական համայնքի կողմից շարունակվում են մինչ օրս։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների ու հայկական համայնքի ծավալած գործունեությունը միշտ չէ, որ լիապես համընկնում է ՀՀ իշխանությունների առաջնահերթությունների և շահերի հետ։ Որոշ դեպքերում անգամ երկու կողմերի շահերն ու առաջնահերթությունները ուղղակիորեն միմյանց հակասում են։ Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ՀՀ կառավարության և ԱՄՆ հայկական կազմակերպությունների համընկնող և հակասող առաջնահերթությունները ՀՀ անկախությունից ի վեր, հակասությունների պատճառները, հայ համայնքի հայանպաստ գործունեության իրականացման ձևերն ԱՄՆ-ում ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վիճակը ներկայումս։
ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպություններն ու նրանց գործունեության տարբերությունները
Ընդհանրապես հարկ է նշել, որ տարաձայնություններ կան ոչ միայն Հայաստանի և Սփյուռքի միջև, այլ նաև հենց Սփյուռքում գործող տարբեր կառույցների և համայնքների միջև։ Այս տարաձայնությունների նախահիմքերը պատմական են։
Նախ, հայ-ամերիկյան համայնքն ի սկզբանե համախմբվել է հայկական կուսակցությունների շուրջ, որոնք էլ իրենց հերթին ձևավորել են կրոնական և հասարակակական կազմակերպություններ։ ԱՄՆ-ում հայկական համայնքի շրջանում գործում էին չորս հիմնական կուսակցություններ։ Առաջինը՝ Հնչակյան կուսակցությունը ձևավորված 1887թ. Ժնևում։ Երկրորդ շարժումը՝ Դաշնակցությունը կամ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ հիմնված 1890թ.-ին Թիֆլիսում։ Երրորդ շարժումը՝ Ռամկավար Ազատական կուսակցությունը, ձևավորվել է Եգիպտոսում՝ 1921թ.-ին։ Եվ վերջապես չորրորդ կուսակցությունը, Հայ Առաջադեմ Լիգան, ձևավորված ԱՄՆ-ում, կոմունիստամետ գաղափարախոսություն ուներ և պնդում էր, որ սովետական իշխանությունը Հայաստանի նկատմամբ առավել լավ կլինի տարածաշրջանի համար, քան Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից կառավարվող անկախ Հայաստանը։[1]
Հետագայում այս կուսակցություններից որոշների հիմքի վրա էլ ձևավորվել են և այժմ էլ գործում են ԱՄՆ-ում հայ լոբբիստական կառույցները։ Ներկայումս Միացյալ Նահանգներում իրենց քաղաքական կշռով և ազդեցությամբ առանձնացող հայկական էթնիկ խոշոր լոբբիստական կազմակերպությունները երկուսն են՝ Հայ դատի հանձնախումբը («ANCA», այսուհետ՝ Հայ դատ) և Ամերիկայի հայկական համագումարը («AAA», այսուհետ՝ Համագումար)։ Այս երկու կազմակերպությունները կարողացել են հասնել հայ համայնքի «հիպերմոբիլիզացիայի» այն աստիճանի, որին մեկ կազմակերպությունը չէր կարող հասնել՝ դրանով իսկ կրկնապատկելով հայկական հարցերի շուրջ իրենց նախագծերի տարածման սահմանները և ռեսուրսները։ Օրինակ, հենց այս երկու կազմակերպությունների ջանքերով է 1995թ. ԱՄՆ Կոնգրեսում ստեղծվել Հայկական հարցերի հանձնախումբը, որի շնորհիվ հայկական լոբբիի պահանջները լեգիտիմություն և ուժ են ձեռք բերում ԱՄՆ Կոնգրեսում։ Այնուամենայնիվ, կազմակերպությունների պատմությունները, կառուցվածքը, մոբիլիզացման մոտեցումները և դաշինքները տարբերվում են։[2]
Երկու կազմակերպություններն ունեն տարբեր ստեղծման պատմություններ։ Հայ դատի հանձնախմբի ստեղծման հիմքերը գալիս են Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեից, որը լոբբինգ էր իրականացնում ՀՅԴ-ի կողմից ղեկավարվող Հայաստանի Առաջին Հանրապետության անունից դեռ 1918թ.։ Մինչև 1972թ. Միացյալ Նահանգներում Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեն՝ ներկայիս Հայ դատի հանձնախումբը, Հայաստանի անունից լոբբիստական գործունեություն ծավալող միակ կազմակերպությունն էր։
1972թ. երկու նշանավոր ամերիկահայ գործարարների՝ Սթիվեն Մուգարի և Հրայր Հովնանյանի ջանքերով իր գործունեությունը սկսեց ծավալել ԱՄՆ-ում երկրորդ խոշորագույն լոբբիստական կազմակերպությունը՝ Ամերիկայում հայկական համագումարը: Երկու բարերարների միլիոն դոլար արժողությամբ նվիրատվություններին հետևեցին բազմաթիվ ներդրումներ մի շարք այլ ամերիկահայերից։[3]
Հայ դատն ու Համագումարը տարբերվում են նաև իրենց իրավական կարգավիճակով։ Մասնավորապես, Համագումարը գործում է 501(c)(3) կարգավիճակով, և տեսականորեն այս դեպքում լոբբինգը չի թույլատրվում դարձնել որպես հիմնական գործունեություն: Մյուս կողմից, Հայ դատը գործում է 501(c)(4) կարգավիճակով: Սա նշանակում է, որ այն շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը կարող է լայնածավալ լոբբիստական գործունեություն իրականացնել: Հայ դատի կարգավիճակը նաև թույլ է տալիս լոբբինգ իրականացնել կոնգրեսականների շրջանում, ինչը և իրականացվում է։ Ավելին, երկու տարին մեկ Հայ դատը գնահատականներ է տալիս բոլոր կոնգրեսականներին՝ սկսած F-ից մինչև A+՝ կախված ամերիկահայերի համար կարևոր հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումից:[4]
Պայմանավորված նաև այս հանգամանքով երկու լոբբիստական խմբերի մոբիլիզացման մոտեցումները նույնպես տարբերվում են: Հայ դատի հանձնախումբը գործում է «ներքևից վեր» («bottom-up») մոտեցմամբ։ Այն ներկայանում է որպես «ամերիկյան ամենախոշոր և ԱՄՆ-ում հայկական համայնքի ներուժը կիրառող (grassroot) ամենաազդեցիկ հայ-ամերիկյան քաղաքական կազմակերպություն»: Իսկ Համագումարը հիմնականում ներգրավում և թիրախավորում է ամերիկահայ հայտնի մասնագետներին և գործարարներին, ովքեր ֆինանսապես աջակցում են լոբբիստական խմբին:[5]
Հիմնադրման և կարգավիճակների տարբերություններից զատ ԱՄՆ-ի հայկական այս երկու խոշոր լոբբիստական կազմակերպությունները նաև տարբերվում են իրենց նպատականերով, մասնավորապես Հայ դատի հանձնախումբը իր գերնպատակը սահմանում է որպես «միասնական, ազատ և անկախ Հայաստան»-ի կայացման գաղափարը: Նրանք նաև ընդգծում են «Հայկական հարցի արդար լուծման» կարևորությունը՝ քաղաքական և իրավական իր բոլոր հետևանքներով։ Հայ դատը առանձնացնում է նաև իր առաջնահերթությունները, որոնք են՝ պաշտպանել Հայաստանի և Արցախի անկախ հանրապետությունները, ընդլայնել ԱՄՆ-Հայաստան/ԱՄՆ-Արցախ գործակցությունը, ապահովել Հայոց ցեղասպանության արդարացի լուծումը, առաջ մղել արտաքին օգնության կառուցողական քաղաքականություն և հակազդել Հայաստանի անվտանգության սպառնալիքներին և Արցախի ինքնիշխանությանը սպառնացող վտանգներին, ինչպես նաև ապահովել վտանգի տակ գտնվող հայկական համայնքների բարօրությունն ամբողջ աշխարհում:[6]
Սրան զուգահեռ Համագումարի նպատակները, թեև ավելի քիչ հստակ են նշված, քան Հայ դատինը, այն ավելի շատ միտված է գործել ԱՄՆ արտաքին քաղաքականության շահերին և արժեքներին համահունչ: Համագումարի նպատակների թվում են նպաստել հայկական հարցերի մասին հանրային իրազեկմանը, խրախուսել ԱՄՆ-ում հայ համայնքի ավելի մեծ մասնակցությունը ամերիկյան ժողովրդավարական գործընթացներին և աջակցել Հայաստանում և Արցախում մարդասիրական և զարգացման ծրագրերին` միաժամանակ ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան և ԱՄՆ-Արցախ հարաբերությունները:[7]
Չնայած այս բոլոր տարբերություններին հայ լոբբիստական կազմակերպությունները համակարծիք են մի քանի առաջնահերթ ուղղությունների առումով[8], մասնավորապես՝
1) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և դատապարտում։ Սա թերևս տարիների ընթացքում եղել է հայկական համայնքի համար մեկ առաջնահերթությունը և ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչող ակտերի ընդունման ուղղությամբ զգալի աշխատանք էր իրականացվում։ Տարիների աշխատանքն ի վերջո տվեց իր արդյունքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց ԱՄՆ Կոնգրեսի, նախագահի և բոլոր նահանգների կողմից` համապատասխանաբար 2019, 2021 և 2022թթ.։
2) Արցախյան հիմնահարցը հայկական համայնքի հաջորդ կարևոր առաջնահերթությունն է։ Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո այս ուղղությամբ առավել մեծ ջանքեր ուղղելու հնարավորություն ստեղծվեց։ Այս առումով հիմնական ուղղություններն են՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, ականազերծման, սոցիալական ծրագրերի իրականացում, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակում։
3) Հայաստանին և Արցախին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող օգնությունը հայ համայնքի հաջորդ կարևորագույն առաջնահերթությունն է, որը ենթադրում է ոչ միայն ամենամյա բյուջեով ՀՀ-ին և ԼՂՀ-ին հատկացվող, այլև տարատեսակ խնդիրների իրականացման համար տրամադրվող գումարների մեծացում։ Այս ուղղությունը մշտապես ակտիվ է եղել հայ համայնքի համար, ինչի շնորհիվ անկախությունից ի վեր Հայաստանը և Արցախը զգալի օգնություն են ստացել ԱՄՆ կողմից։ Ավելին, հայ համայնքի շնորհիվ է ԱՄՆ-ը դարձել ՀՀ-ից հետո Արցախի Հանրապետությանը երկրորդ ամենամեծ ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրող երկիրը։
4) Վերջին կարևոր ուղղությունն է ընդհանուր առմամբ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը տարբեր հստակ առաջարկների միջոցով, որոնց թվում են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկման վերացման պայմանագրի կնքումը, Երևան-Լոս Անջելես ուղղակի չվերթների իրականացումը, տարատեսակ կրթական և այլ ծրագրերի իրականացումը և այլն։
Հայաստանի և ԱՄՆ-ում հայ լոբբիստների առաջնահերթությունների տարբերությունները
ԱՄՆ-ում հայ համայնքի և ընդհանրապես Սփյուռքի մասին խոսելիս հարկ է նշել մի փաստ, որ հայկական լոբբիի շահերն ու նպատակները միշտ չէ, որ ուղիղ կերպով համընկնում են Հայաստանի Հանրապետության իշխանության դիրքորոշման հետ։ Հայաստանի և Սփյուռքի միջև չկա հաստատված մեկ միասնական օրակարգ և յուրաքանչյուր կողմն առաջնորդվում է սեփական օրակարգով։ Սա ունի իր պատճառները, որոնցից մեկը պատմական է։
Նախ, չնայած, որ Հայաստանի հետ կապի պահպանումը կենսական նշանակություն ունի հայ սփյուռքի համար իրենց ազգային ինքնությունը պահպանելու տեսանկյունից, այս կապի պահպանումը միշտ չէ որ հեշտ է եղել։ Մասնավորապես, խորհրդային տարիներին Սփյուռքի հայերն ու Խորհրդային Հայաստանում ապրող հայերը միմյանցից մեկուսացած էին, քանզի նրանց միջև բոլոր տեսակի շփումները վերահսկվում էին սովետական իշխանությունների կողմից։ Ըստ որոշ դիտարկումների «…Սփյուռքահայերը մնացին մենակ, թեև ստիպված էին դիմակայել իրենց հասարակություններում ինտեգրվելու ճնշմանը… Սառը պատերազմի տարիներին հայ ժողովրդի երկու հատվածների առանձին գոյությունը էլ ավելի մեծացրեց և խորացրեց արևմտյան և արևելյան հայերի միջև պատմական տարբերությունները…»։
Անկախացումից հետո Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես թույլ էր և Սփյուռքի աջակցության կարիքն ուներ։ Հենց Սփյուռքի ջանքերով Հայաստանին տրամադրվեց զգալի օգնություն ԱՄՆ կողմից, սակայն կար ընկալում, որ Սփյուռքն առաջնորդվում է սեփական առաջնահերթություններով, այլ ոչ Հայաստանի։ Կային հարցեր, որոնց պարագայում Հայաստանից և Սփյուռքից եկող դիրքորոշումները որոշակիորեն տարբերվում էին։[9]
Այս առումով հարկ է նշել ԱՄՆ-ում Հայկական լոբբիստական կառույցների մեկ կարևոր առանձնահատկություն. վերջիններիս գործունեությունը չի ֆինանսավորվում Հայաստանի կառավարության կողմից, ի տարբերություն ադրբեջանական կամ թուրքական լոբբիստական կազմակերպությունների, որոնք ունեն կայուն դրամական ներհոսք պետությունից և օգտվում են նաև պրոֆեսիոնալ PR ընկերություններից։ ԱՄՆ-ում հայկական լոբբին էթնիկ լոբբի է և ֆինանասավորվում և աջակցվում է էթնիկ հայերի կողմից։ Այսպիսով, առաջնահերթությունները ձևավորվում են հայ համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակներում։[10]
Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ Սփյուռքը հայտնում է իր անհամաձայնությունը Հայաստանի կառավարության վարած ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Թուրքիա-Հայաստան սահմանների բացմանը և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Սփյուռքի համար սրանք զգայուն թեմաները են և բացառապես պայմանավորված են այն հանգամանքով, որ Օսմանյան կայսրության՝ հայերի ցեղասպանության և տեղահանության քաղաքականությունը հայկական սփյուռքի առաջացման հիմնական պատճառն է, իսկ ցեղասպանության թեման հատկապես զգայուն և ցավոտ է համայնքի անդամների համար։ Ուստի, Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը ԱՄՆ կառավարության և ամբողջ աշխարհի կողմից եղել է հայկական լոբբիստական կազմակերպությունների ամենակարևոր առաջնահերթությունը:[11]
Հայաստանի կառավարության և Սփյուռքի առաջնահերթությունների ու շահերի այս տարբերությունները նկատելի դարձան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, երբ Սփյուռքը աշխատում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում, որ Հայաստանը որևէ տարածքային պահանջ չի կարող ունենալ Թուրքիայի նկատմամբ և Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություն։ ՀՀ առաջին նախագահի վարչակազմը ուղիղ հայտարարում էր հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, ինչը՝ ըստ վարչակազմի համապատասխանում էր Հայաստանի պետական շահերին։ Նման մոտեցման, ինչպես նաև այլ քաղաքական հարցերի նկատմամբ տարբերություններով պայմանավորված քաղաքականության արդյունքում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում որոշակի լարվածություն էր ձևավորվել։ Այդ հարաբերությունները լարվածությունը որոշակիորեն թուլացավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Ի տարբերություն առաջին նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանը ձգտում էր հավասարակշռել սփյուռքի ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ Սփյուռքի «գաղափարական մուտքով» երկիր։ Այնուամենայնիվ, Սփյուռքը Հայաստանի կառավարության Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը թույլ էր համարում։ Այն մի հարցը, որի շուրջ թե Սփյուռքը և թե ՀՀ կառավարությունը համակարծիք էին, երկքաղաքացիության հարցն էր։ Սահմանադրությամբ հայազգի յուրաքանչյուր անձի համար նախատեսում էր Հայաստանի քաղաքացիություն՝ հիմնվելով օրենքով սահմանված դրույթների վրա։ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները Քոչարյանի կառավարման տարիներին ստացան «անվտանգության կարգավիճակի», սակայն ՀՀ կառավարության և Սփյուռքի միջև կապերը հեռու էին կայուն լինելուց, երբ Սարգսյանը եկավ իշխանության։ Նոր նախագահը խոստացավ ամրացնել կապերը Սփյուռքի հետ և վերականգնել հավասարակշռությունը պետության և արտերկրում ապրող հայերի հարաբերություններում։ Այնուամենայնիվ, ՀՀ կառավարության՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը խաթարեց այդ ծրագրերը։ Թուրքիայի հետ նոր բանակցություններն ի վերջո հանգեցրին հայ-թուրքական արձանագրություններին, որոնք չընդունվեցին Սփյուռքի կողմից, քանի որ դա կարող էր վտանգի ենթարկել Ցեղասպանության միջազգային ճանաչման արշավը, ինչպես նաև Ղարաբաղի կարգավիճակը: Սփյուռքը արձագանքեց այդ քայլին՝ մեկնարկելով «Դադարեցրեք արձանագրությունները» արշավը Երևանում և արտերկրում։ Սփյուռքի բողոքներն արդյունք տվեցին. Սարգսյանը քայլեր ձեռնարկեց նրանց վախերը մեղմելու և սփյուռքի համայնքների և կառավարության միջև ավելի ամուր հարաբերություններ կառուցելու համար: 2008թ. գարնանը նա նախաձեռնեց բարեփոխումներ՝ համակարգելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ պետական քաղաքականությունը։ Բարեփոխումների շարքում Սփյուռքի նախարարություն ստեղծելու ծրագիրն էր, որը կառավարության կազմում սկսեց գործել 2008թ. հոկտեմբերի 1-ից։[12]
Սփյուռքի շրջանում Թուրքիայի հետ ստորագրվելիք արձանագրություններին աջակցությունը մեծացնելու համար Սարգսյանը մինչ ստորագրումը նաև մեծ շրջայց իրականացրեց հայկական սփյուռքի խոշորագույն համայնքներում։ 2009թ. հոկտեմբերին Սարգսյանն այցելեց Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ և Ռոստով։ Համայնքներում Սարգսյանին ողջունեցին մեծ բողոքի ակցիաներով և իր շրջայցի արդյունքում նախագահը չհաջողեց մեծացնել աջակցությունը հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Սփյուռքի հայ համայնքներն առավել մեծ ընդդիմություն և դժգոհություն ցուցաբերեցին արձանագրությունների նկատմամբ, քան Հայաստանում ապրող հայերը։[13]
ԱՄՆ-ում լոբբիստական կառույցների առաջնահերթությունների թվում կարևոր է, նաև Արցախյան հիմնախնդիրը։ Դա բացատրվում է հետևյալով. «այս հարցը համայնքի համար կարևոր է 1915-1923 թվականներին Արևելյան Անատոլիայում թուրք ազգայնականների պատճառով հողեր և կյանքեր կորցնելու իրենց պատմական հիշողության լույսի ներքո, և համայնքը համար կարևորվում է այլևս որևէ հայկական հողի կորուստ չտալը»։[14] Այնուամենայնիվ, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ Արցախի հիմնախնդիրը հաճախ մղվում էր երկրորդ պլան։ Իսկ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, Արցախը հայ լոբբիստների կարևորագույն առաջնահերթությունն է դարձել։ Բայց ներկայումս էլ Արցախի ճանաչման հարցը կամ Արցախի ժողովդրի ինքնորոշման իրավունքի հարցերը ներառված չեն ՀՀ իշխանությունների առաջնահերթությունների թվում կամ նույնիսկ օրակարգի մեջ։
Ինչ վերաբերում է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին ներկայիս ՀՀ կառավարության օրոք, ապա պետք է նշել, որ սկզբնական շրջանում այդ հարաբերությունների առումով դրական ազդակներ կային. Սփյուռքում կար ոգևորություն 2018թ. տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ Հայաստանում դրական փոփոխությունների ակնկալիքով։ Այնուամենայնիվ, Սփյուռքի ակնկալիքները չարդարացվեցին, որը պայմանավորված էր ներկայիս վարչապետի կողմից իրականացված որոշ քայլերով։ Մասնավորապես, պատերազմում պարտվելուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը հարաբերությունները կարգավորել Թուրքիայի և Ադրբեջանի հետ առաջացրել է Սփյուռքում մեծ վրդովմունք՝ հատկապես ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կառույցների շրջանում։ Վերջիններս դեմ են արտահայտվում բանակցություններին, որ այժմ տարվում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հատկապես այն շրջանում, երբ արցախահայությունը Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է գտնվում։ Դեռ ավելին այս գործընթացները աջակցություն չունեն նաև հենց Հայաստանում։
Սրան զուգահեռ, ԱՄՆ-ում այսօր աշխատում է ՀՀ դեսպան, որը չի վայելում հայ համայնքի և հայ լոբբիստական կազմակերպությունների աջակցությունը, ինչն ընդհանուր առմամբ խաթարում է ԱՄՆ-ում հայկական շահերի արդյունավետ առաջ մղումն ու ներկայացումը։ Մեկ այլ փոփոխություն ներկայիս իշխանությունների օրոք, որ սեպ է խրում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ Հայաստանի Սփյուռքի նախարարության վերացումն է, որը պարզապես փոխարինվել է ՀՀ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակով։ Սա նշանակում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մակարդակի իջեցում, որն անթույլատրելի է հատկապես այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես հայտարարում է, որ իրենց «թիվ մեկ թշնամին հայկական համայնքն ու լոբբին են»։
Հետևաբար կարելի է եզրակացնել, որ Հայաստան-սփյուռք հարաբեդրությունների ողջ պատմության ընթացքում Հայաստանն ու սփյուռքը (այդ թվում՝ ԱՄՆ հայկական սփյուռքը՝ որպես ամենակազմակերպված, հարուստ և ակտիվ համայնք) այսօր ունեն այնպիսի սկզբունքային հակասություններ, ինչպիսիք երբևիցե չեն եղել վերջին 30 տարիների ընթացքում՝ չնայած տարբեր հարցերի շուրջ մշտապես ունեցած տարաձայնություններին և անհամաձայնություններին։
Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=348
[1] Heather S. Gregg, Working paper #13, Divided They Conquer: The Success of Armenian Ethnic Lobbies in the United States, August 2002, p.2, 10, 13, 18.
[2] Նույն տեղում։
[3] Philanthropist and Homebuilder Hirair Hovnanian Passes Away, https://mirrorspectator.com/2021/04/09/philanthropist-and-homebuilder-hirair-hovnanian-passes-away/, (01.03.2023).
[4] Zarifian, J. The Armenian-American Lobby and Its Impact on U.S. Foreign Policy. Soc 51, 503–512 (2014).
[5] Heather S. Gregg, նշվ. աշխ.
[6] ANCA Policy, Priorities & Results, https://anca.org/issue/, (02.03.2023).
[7] Armenian Assembly of America, https://www.armenian-assembly.org/about-us, (02.03.2023).
[8] Հովյան Վ., ԱՄՆ Հայ համայնքի քաղաքական ներուժը. դասակարգման փորձ, «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (76), 2017թ., էջ 118-130։
[9] Baser B., Swain A., Diaspora Design versus Homeland Realities: Case Study of Armenian Diaspora, Caucasian Review of International Affairs Vol. 3 (1), winter 2009, pp. 45-62.
[10] Gevorgyan N., The Influence of Ethnic Interest Groups on U.S. Foreign Policy: The Case of Armenian Diaspora, “Banber”,2022, sp1, pp. 98-108։
[11] Նույն տեղում։
[12] Gasparyan A., “Disrupting” or “Complementing”: Diaspora’s Identity Agenda in The Context of Changing Armenian Foreign Policy Priorities,Values and Identity as Sources of Foreign Policy in Armenia and Georgia, Krakow, 2016, pp. 264-281.
[13] Lindenstrauss G., When the Diaspora Becomes an Obstacle: The Armenian Diaspora and the Negotiations between Turkey and Armenia, 2009-2010, Institute for National Security Studies, pp. 63-79.
[14] Baser B., Swain A., նշվ. աշխ.։