ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակի ընտրությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի դերն ու ընտրության առանձնահատկությունները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Կոնգրեսի ստորին պալատի քաղաքական առաջնորդն է՝ հանդիսանալով մեծամասնություն կազմող կուսակցության փաստացի ղեկավարը: Միացյալ Նահանգներում իր քաղաքական կշռով Ներկայացուցիչների պալատի առաջնորդը, ըստ օրենքի, փոխնախագահից հետո երկրորդ անձն է, ով կարող է փոխարինել ԱՄՆ նախագահին: Մինչ օրս որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ  ընտրվել  է թվով ընդհանուր առմամբ 55 ներկայացուցիչ՝ այդ թվում  նորընտիր խոսնակ Քևին ՄքՔարթին։[1] 

Ներկայացուցիչների պալատում խոսնակի ընտրություններ իրականացվում են երկու տարին մեկ անգամ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Խոսնակի ընտրություն կարող է նաև իրականացվել վերջինիս պաշտոնավարման ժամկետում նրա մահվան կամ հրաժարականի պարագայում։[2]

Ներկայումս խոսնակն ընտրվում է նոր Կոնգրեսի ձևավորվելուց անմիջապես հետո Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնության կողմից։ Թեկնածուներին առաջադրում են Կոնգրեսի մեծամասնություն և փոքրամասնություն կազմող կուսակցությունները: 1789 թվականից ի վեր Ներկայացուցիչների պալատը խոսնակ է ընտրել 128 անգամ: Այդ ընթացքում գրանցվել է 15 դեպք, երբ խոսնակի ընտրությունը իրականացվել է մի քանի քվեարկությամբ, քանի որ այդ ընտրությունների ընթացքում ոչ մի թեկնածուի չի հաջողվել ձայների մեծամասնությունը ստանալ։ Այսպիսի ընտրություններից 13-ը տեղի են ունեցել մինչև ԱՄՆ քաղաքացիական պատերազմը, երբ կուսակցական բաժանումները դեռ այդքան հստակ չէին, որքան այժմ: Վերջին դեպքը, երբ խոսնակի ընտրությունը պահանջել է երկուսից ավելի քվեարկություն տեղի է ունեցել ուղիղ հարյուր տարի առաջ՝ 1923 թվականին։[3] 

Երբ Ներկայացուցիչների պալատում ապահովվում է քվորումը, այսինքն ներկա են այնքան ներկայացուցիչներ, որքան անհրաժեշտ է գործընթացը մեկնարկելու համար, յուրաքանչյուր կուսակցությունից խոսնակի թեկնածուի անունը բարձրաձայն հնչեցվում է համապատասխան առաջնորդների կողմից՝ մինչև նոր խոսնակ ընտրելու քվեարկությունը: Խոսնակ դառնալու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ քվեարկող և ներկա ներկայացուցիչների ձայների մեծամասնությունը։ Ընդհանրապես, թեկնածուին անհրաժեշտ է ստանալ պալատի 435 ձայներից 218-ը։ Բայց շատ նախկին խոսնակներ, այդ թվում՝ Նենսի Փելոսին, ստանձնել են պաշտոնը ավելի քիչ ձայներով, քանի որ որոշ անդամներ քվեարկել են  պարզապես «ներկա»՝ որևէ թեկնածուին քվեարկելու փոխարեն: Յուրաքանչյուր «ներկա» քվեարկող օրենսդիր նվազեցնում է ձայների մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ շեմը:[4]

Ինչպես արդեն նշվեց, նախկինում երկուսից ավել քվեարկություն պահանջող խոսնակի վերջին ընտրությունը մինչև 2023թ. տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, սակայն 1800-ական թթ. ևս տեղի են ունեցել մի քանի ընտրություններ, որոնք պահանջել են ավելի քան 10 փուլով քվեարկություն, ներառյալ 1856թ. ամենահայտնի դեպքը, երբ 34-րդ Կոնգրեսի խոսնակի ընտրությունը տևել է շուրջ երկու ամիս՝ պահանջելով 133 քվեարկություն, երբ ի սկզբանե առաջադրված էին 21 թեկնածուներ։ Այս ընտրությունը տեղի էր ունենում բավական մասնատված Կոնգրեսում, որտեղ ոչ մի կուսակցություն չուներ մեծամասնություն, քանզի Վիգերի կուսակցությունը մասնատվում էր, ժամանակակից երկուսակցական համակարգը դեռ ամբողջովին չէր ձևավորվել, իսկ քաղաքական միջավայրը լրջորեն բաժանված էր այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք էին ստրկությունն ու ներգաղթը։ Այս պայմաններում, Նատանիել Բենքսը՝ Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչը Ամերիկյան կուսակցությունից, ի վերջո ընտրվեց խոսնակի պաշտոնում 1856թ. փետրվարի 2-ին։[5]

ԱՄՆ 118-րդ գումարման Կոնգրեսի խոսնակի ընտրության դժվարություններն ու Դոնալդ Թրամփի դերակատարումը

Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցության առաջնորդ Քևին ՄքՔարթիին, ապա վերջինս ընտրվեց իր պաշտոնում  միայն 15-րդ քվեարկության արդյունքում՝ չորս օր և 14 ձախողված քվեարկությունից հետո։ 14-րդ տապալված քվեարկությունից հետո ՄքՔարթին մոտեցավ և անձամբ առերեսվեց ներկայացուցիչներ Մեթ Գեյթցի և Լորեն Բոբերտի հետ, որոնց ձայները ծայրահեղ անհրաժեշտ էին ՄքՔարթիի ընտրվելու համար։ Այս ընթացքում տեղի ունեցավ փոքրիկ բախում այդ ներկայացուցիչների և ՄքՔարթիի աջակիցների միջև։ Ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակից ակնհայտ էր դառնում Հանրապետական կուսակցության ներսում առկա ճգնաժամը։ Նման ծայրահեղական հանրապետական ներկայացուցիչներ այդ ողջ ընթացքում ՄքՔարթիից պահանջել էին մի շարք զիջումներ և չնայած զիջումներին՝ նրանք հրաժարվում էին քվեարկել ՄքՔարթիի օգտին։ Միայն 15-րդ քվեարկության ժամանակ վերջիններս չորս այլ հանրապետականների հետ միասին քվեարկեցին «ներկա»՝ նվազեցնելով մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ ձայների քանակը: Այսպիսով, ՄքՔարթին հաղթեց՝ ստանալով 428 հնարավոր ձայներից 216-ը։ Ընդհանուր առմամբ քվեարկության երեք օրերի ընթացքում ՄքՔարթիի ստացած ձայների թիվը նվազել էր։ Եթե հունվարի 3-ին նա ստացել էր 203 ձայն, ապա հունվարի 5-ին այդ ձայներն արդեն 200 էին, այդ օրը կայացած 11-րդ քվեարկության արդյունքում, ինչը բավական քիչ էր ընտրվելու համար անհրաժեշտ ձայների թվից։ Իսկ հաշվի առնելով, որ Ներկայացուցիչների պալատում կան 222 հանրապետականներ, ՄքՔարթին չէր կարող իրել թույլ տալ կորցնել հանրապետականների ձայները։ Մինչ այդ, Դեմոկրատական կուսակցության 212 ներկայացուցիչները միաձայն աջակցել էին Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսին յուրաքանչյուր քվեարկության ընթացքում, բացառությամբ 12-րդ քվեարկության, երբ անդամներից մեկը ներկա չէր առողջական խնդիրների պատճառով:[6]

Խոսնակի ընտրության հարցի նման երկարաձգումը բավական խնդրահարույց էր, քանզի առանց վերջինիս ընտրության Ներկայացուցիչների պալատը չէր կարողանա լիարժեք գործել։ Խոսնակի ընտրության հարցում հանրապետականների և դեմոկրատների միջև փոխզիջման մասին խոսելն անիմաստ էր, քանզի Պալատում առկա է լրջագույն բաժանում երկու կուսակցությունների միջև։ Դա վառ դրսևորվեց խոսնակի քվեարկության ընթացքում, երբ չկար որևէ դեմոկրատ ներկայացուցիչ, ով կքվեարկեր այլ թեկնածուի օգտին։ Հանրապետական կուսակցության պարագայում հստակորեն երևաց կուսակցության ներքին պառակտումը ծայրահեղական և չափավոր հանրապետականների միջև։ Այս պառակտումը մեծ լուսաբանում ստացավ մամուլի կողմից և բոլորն էլ համակարծիք են, որ սա լավագույն լույսի ներքո չներկայացրեց հանրապետականներին։[7] 

Խոսնակի պաշտոնը ստանձնելու համար ՄքՔարթիին անհրաժեշտ էին իր կուսակիցների ձայները և դրա համար մի քանի օրերի ընթացքում ՄքՔարթին բանակցություններ էր վարում ծայրահեղ հանրապետականների հետ, որոնց հաջողվեց հասնել նշանակալի զիջումների։ Չափավոր հանրապետականները անհանգստացած և բարկացած են այս զիջումների համար, քանի որ դրանք էլ ավելի կբարդացնեն հանրապետական մեծամասնության արդյունավետ կառավարումը։ ՄքՔարթին համաձայնել է ավելի քան 10 զիջումների, որոնց թվում են.

  • Կոնգրեսի ցանկացած անդամ կարող է միջնորդություն ներկայացնել, որ խոսնակը ազատի իր պաշտոնը։  Դա հատկապես կարևոր է այն առումով, որ սրանով ավելի կհեշտանա խոսնակին անվստահության քվե ներկայացնելու գործընթացը: Պահպանողական հանրապետականները ջանք չեն խնայում դրա համար, մինչդեռ չափավորները անհանգստացած են, որ դա կթուլացնի ՄքՔարթիի դիրքերը:
  • Ներկայացուցիչների պալատը քվեարկություն կանցկացնի հիմնական պահպանողական օրինագծերի վերաբերյալ, ներառյալ հավասարակշռված բյուջեի փոփոխությունը, Կոնգրեսում պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները և սահմանային անվտանգությունը:
  • Երկրի պարտքի սահմանաչափի բարձրացումը պետք է համատեղվի ծախսերի կրճատման հետ։ Սա կարող է մեծ խնդիր դառնալ, երբ անհրաժեշտ լինի մեծացնել պարտքի սահմանաչափը ՝ աղետալի դեֆոլտից խուսափելու համար, քանի որ դեմոկրատները Սենատում և Սպիտակ տանը ամենայն հավանականությամբ կընդդիմանան ծախսերի կրճատման պահանջներին։
  • Ազատություն հանձնախումբը  (Կոնգրեսի հանձնախումբ է, որը բաղկացած է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի պահպանողական հանրապետական անդամներից: Այն սովորաբար համարվում է ամենապահպանողական և ամենաաջակողմյան դաշինքը Ներկայացուցիչների պալատի Հանրապետական խմբակցությունում) պետք է ունենա ավելի մեծ ներկայացվածություն հանձնաժողովներում։ 
  • Սահմանափակել հայեցողական ծախսերը 2022 ֆինանսական տարվա մակարդակով, ինչը ավելի կնվազեցնի պաշտպանական և ներքին ծրագրերի ծախսերը։
  • Օրինագծերը վերանայելու համար 72 ժամի տրամադրում, նախքան Պալատում դրանց ներկայացումը
  • Հոլմանի կանոնի  վերականգնում, որը կարող է օգտագործվել պետական պաշտոնյաների աշխատավարձերը նվազեցնելու համար։[8]

Հետաքրքրական է խոսնակի ընտրության հարցում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դերակատարումը։ Մասնավորապես, 14-րդ տապալված քվեարկությունից հետո, Թրամփը զանգահարեց Ներկայացուցիչներ Մեթ Գեյթցին և Էնդի Բիգսին, որպեսզի ՄքՔարթին ի վերջո ընտրվի։[9] Այս թեմայի լուսաբանումից հետո Թրամփն իր սոցիալական կայքում նշեց, որ այս քայլով «մեծ լավություն է արել» ԱՄՆ-ին։[10] ՄքՔարթին ևս ընդունել է նախկին նախագահ Թրամփի դերակատարումը իր ընտրության հարցում. «Ես չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է կասկած տակ դնի նրա ազդեցությունը…Նա ի սկզբանե իմ կողքին էր… զանգում էր ինձ, ուրիշների հետ էր կապ հաստատում»։[11]

Խոսնակի պաշտոնում ՄքՔարթիի ընտրվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահ Բայդենը՝ նշելով, որ «Ամերիկացի ժողովուրդն ակնկալում է, որ իր ղեկավարները կառավարեն այնպես, որ իրենց կարիքները վեր դասեն ամեն ինչից, և դա այն է, ինչ մենք հիմա պետք է անենք»։ Չնայած այս պաշտոնական շնորհավորանքին, անդրադառնալով մի քանի օր տապալվող քվեարկություններին՝ Բայդենը նշել էր, որ ամոթալի է, որ գործընթացն այդքան երկար է տևում։ Ակնհայտորեն, հանրապետականների նման պառակտումը չէր կարող չվրիպել և չօգտագործվել դեմոկրատների կողմից։[12] 

Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Քևին ՄքՔարթիի հարաբերությունները ԱՄՆ-ում Հայկական համայնքի հետ

Ինչ վերաբերում է Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ ՄքՔարթիի վերաբերմունքին Հայաստանի նկատմամբ, ապա հարկ է նշել, որ ի տարբերություն նախկին խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսիի, նա չեզոք դիրքերում է գտնվում և առանձնապես նշանակալի աջակցություն չի ցուցաբերել հայամետ բանաձևերին և նախաձեռնություններին, որոնք առաջադրվել են Ներկայացուցիչների պալատում։ Դրա մասին է վկայում Հայ դատի հանձնախմբի կողմից վերջինիս տրված վարկանիշը, որը բավականին ցածր է։[13]

Կան մի քանի հայամետ բանաձևեր, որոնց օգտին քվեարկել է ՄքՔարթին, սակայն դրանք չի կարելի միանշանակորեն մեկնաբանել, որպես վերջինիս հայամետ լինելու ապացույց։ Մասնավորապես, 115-րդ Կոնգրեսում ՄքՔարթին աջակցել է 2017թ. Էրդողանի անվտանգության աշխատակիցների կողմից խաղաղ ցուցարաների նկատմամբ բռնությունը դատապարտող բանաձևին։[14] Սակայն այս բանաձևի աջակցությունը նախ և առաջ պայմանավորված էր այն հանգամանքով, որ Էրդողանի աշխատակիցների թիրախում էին հայտնվել ԱՄՆ քաղաքացիներ, անկախ նրանց ազգային պատկանելությունից։ 

Մեկ այլ հայամետ բանաձևի ՄքՔարթին աջակցել է 116-րդ գումարման Կոնգրեսում, երբ վերջինս Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ էր։ ՄքՔարթին կողմ  քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, որի ընդունման շուրջ դեմոկրատներն ու հանրապետականները փոխհամաձայնության էին եկել։[15] Այնուամենայնիվ, վերջին մի քանի տարիների ընթացքում նորընտիր խոսնակը որևէ աջակցություն չի ցուցաբերել այլ հայամետ բանաձևերին։ Ուստի, չի կարելի ակնկալել միևնույն աջակցությունը հայերի նկատմամբ, որն առկա էր Նենսի Փելոսիի ղեկավարման ժամանակ։

Ուստի պատահական չէ, որ Նենսի Փելոսիի պաշտոնից հեռանալու և ՄքՔարթիի ընտրվելու մասին լուրը հատկապես դրական է ընդունվել Ադրբեջանում։ Նենսի Փելոսին մշտապես եղել է հայերի լավ բարեկամը Ներկայացուցիչների պալատում, և հատկապես 2022թ. Հայաստան կատարված այցը բավական բարկացրել էր Ադրբեջանի իշխանություններին։ Ի տարբերություն Փելոսիի՝ ՄքՔարթին չունի սերտ կապեր հայկական կողմի հետ։ Այդ իսկ պատճառով այս լուրն իր դրական արձագանքն է ստացել հենց Ադրբեջանում։[16] 

Այսպիսով, 2023թ. ԱՄՆ նորընտիր խոսնակի ընտրությունը ի ցույց դրեց Հանրապետական կուսակցությունում առկա պառակտումը, որը ԱՄՆ քաղաքական համակարգում առավել մեծ կուսակցական ճգնաժամի մասին է վկայում ոչ միայն Հանրապետական կուսակցության ներսում, այլ նաև հանրապետականներ-դեմոկրատներ հարաբերություններում։ Եթե անգամ հանրապետականներին չի հաջողվում փոխհամաձայնության հասնել իրենց կուսակցության ներսում, ապա հանրապետական-դեմոկրատ պայքարը բավականին թեժ կարող է լինել այս գումարման Կոնգրեսում և շատ ավելի երկար ժամանակ պահանջել բանաձևերի շուրջ փոխհամաձայնության հասնելու համար, հատկապես երբ պահպանողական հանրապետականներին հաջողվել է զգալի զիջումներ կորզել ներկայիս խոսնակից։ Ինչ վերաբերում է, հայկական համայնքի հետ կապերին, ապա պետք է նշել, որ թեև Քևին ՄքՔարթիի հետ ԱՄՆ-ի հայկական համայնքը չունի սերտ կապեր, չպետք է բացառել նրա հետ կապերի խորացման հեռանկարը, հատկապես հաշվի առնելով, որ ՄքՔարթին ընտրվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից, որն ամենամեծ հայկական համայնքն  ունեցող նահանգն է։  

Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=338


[1] Speakers of the House (1789 to present), https://history.house.gov/People/Office/Speakers-Intro/, (09.01.2023).

[2] Speaker of the House, https://www.heritage.org/constitution/#!/articles/1/essays/10/speaker-of-the-house, (09.01.2023).

[3] Speaker Elections Decided by Multiple Ballots, https://history.house.gov/People/Office/Speakers-Multiple-Ballots/, (09.01.2023).

[4] Explainer: How the House of Representatives Elects a Speaker, https://www.voanews.com/a/explainer-how-the-house-of-representatives-elects-a-speaker/6907009.html, (10.01.2023).

[5] Murray C., This House Speaker Race Is Not Nearly As Chaotic As The Two-Month, 133-Ballot Epic In 1856—When Slavery Was A Core Issue, https://www.forbes.com/sites/conormurray/2023/01/06/this-house-speaker-race-is-not-nearly-as-chaotic-as-the-two-month-133-ballot-epic-in-1856-when-slavery-was-a-core-issue/?sh=37bac8901a64, (10.01.2023).

[6] GOP leader McCarthy elected House Speaker on 15th vote in historic run, https://www.cnbc.com/2023/01/06/live-updates-on-house-speaker-vote-gop-leader-mccarthy-fights-for-his-political-future-in-historic-battle-for-the-gavel.html, (10.01.2023).

[7] Explained: What’s happening with the House speaker election?https://www.newsnationnow.com/politics/live-whats-happening-with-the-house-speaker-election/, (11.01.2023).

[8] Foran C., Raju M., Grayer A., McCarthy elected House speaker after days of painstaking negotiations and failed votes, https://edition.cnn.com/2023/01/06/politics/mccarthy-speaker-fight-friday/index.html, (11.01.2023).

[9] In Speaker Fight’s Final Hours, Arm-Twisting, Flaring Tempers and Calls From Trump, https://www.nytimes.com/2023/01/07/us/politics/kevin-mccarthy-house-speaker-gaetz-trump.html, (11.01.2023).

[10] Trump takes credit for McCarthy Speaker win, https://thehill.com/homenews/3804301-trump-takes-credit-for-mccarthy-speaker-win/, (12.01.2023).

[11] Kevin McCarthy elected US House Speaker after 15 rounds of voting,  https://www.bbc.com/news/world-us-canada-64193932, (12.01.2023).

[12] Wilkie Ch., Cox Ch., Kopecki D., GOP leader McCarthy elected House Speaker on 15th vote in historic run, https://www.cnbc.com/2023/01/06/live-updates-on-house-speaker-vote-gop-leader-mccarthy-fights-for-his-political-future-in-historic-battle-for-the-gavel.html, (12.01.2023).

[13]Kevin McCarthy, 117 Congress, https://anca.org/congress/kevin-mccarthy-153-117/, (13.01.2023).

[14] Kevin McCarthy, 115 Congress, https://anca.org/congress/kevin-mccarthy-153-115/, (13.01.2023).

[15] Kevin McCarthy, 116 Congress, https://anca.org/congress/kevin-mccarthy-153-116/, (13.01.2023).

[16] Neutral Republican to replace pro-Armenian Nancy Pelosi in Congress, https://www.azernews.az/region/204747.html, (13.01.2023).

Կիսվել՝