Թուրքիան, իր ռազմավարական դիրքի շնորհիվ ԱՄՆ-ի համար առանցքային աշխարհաքաղաքական կարևորություն ունի՝ սկսած դեռևս Սառը պատերազմի ժամանակաշրջանից, երբ ԱՄՆ հիմնական ախոյանը Խորհրդային Միությունն էր, իսկ Թուրքիան, որ 1952թ. ի վեր ՆԱՏՕ-ի անդամ պետություն, որոշակի առումով հակակշռում էր Խրհրդային հետո նաև ռուսական ազդեցությանը: Միաժամանակ, Թուրքիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների շնորհիվ ԽՍՀՄ տարածքը հասանելի էր դառնում միջուկային հնարավոր հարվածների համար, ինչն էլ իր հերթին Կարիբյան ճգնաժամի պատճառներից մեկն էր դարձել: ՆԱՏՕ-ին անդամակցությունն իր հերթին Թուրքիայի համար երկու հարց էր լուծում՝ պաշտպանություն արևելքից և պաշտպանություն արևմուտքից։ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ Թուրքիան շարունակում է մնալ առանցքային դաշնակից ԱՄՆ-ի համար՝ որպես Ռուսաստանին հակակշռող պետություն՝ նախկին խորհրդային միության տարածքում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում։
Միաժամանակ պետք է ընդունել, որ չնայած ընդհանրական շահերին՝ մասնավորապես անվտանգության ոլորտում, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները շատ ավելի խորն են, բարդ ու բազմաշերտ։ Վերջին տարիներին երկու պետությունների հարաբերությունների մեջ նկատվում է լարվածություն՝ պայմանավորված ամենատարբեր հանգամանքներով, որոնցից են՝
- Թուրքիայի ավելի անկախ քաղաքականություն վարելու ձգտումն ու վճռականությունը,
- Ավտորիտար վարչակարգի առկայությունը՝ չնայած հայտարարված ժողովրդավարական բարեփոխումներին,
- ԱՄՆ և առհասարակ Արևմտյան քաղաքականությունից դժգոհությունների ալիքը,
- Այնպիսի գաղափարախոսություններով առաջնորդվելը, ինչպիսիք են պանթյուրքիզմը, նեոօսմանականությունը և եվրասիականությունը, որի արդյունքում Թուրքիան դառնում է անկանխատեսելի
- և այլ պատճառներ:
Այս ամենի արդյունքում, չնայած ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերություններին և բովանդակությանը, ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերը հաճախ բախվում են ամենատարբեր ուղղություններով:
Վերջին տարիներին լարվածության առարկայական դրսևորումներից կարելի է համարել մի քանի կարևոր իրադարձություններ, որոնք նոր որակ փոխանցեցին ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին:
Դրանցից էին.
- Թուրքիայի կողմից S-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերումը Ռուսաստանից,
- ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Սիրիայի քրդերին թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից,
- 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը, որը չդատապարտվեց ԱՄՆ-ի կողմից, (ավելին Էրդողանը հենց ԱՄՆ-ին էր մեղադրում այն կազմակերպելու մեջ)
- Գյուլենին արտահանձնելուց ԱՄՆ հրաժարումը, և այլ հանգամանքներ, ինչն էլ հանգեցրեց Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցմանը։ Հատկանշական է, որ որ այդ իրադարձությունների արդյունքում թուրքական խոսույթում Արևմուտքը սկսեց ընկալվել որպես Թուրքիայի «ուրիշը»:
Վերջին տարիներին տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներն ու իրադարությունները, որոնք հիմնականում պայմանավորված են «սառեցված հակամարտությունների» և այլ պայթյունավտանգ գոտիներում գործողությունների բռնկմամբ, էական ազդեցություն են ունենում նաև ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա: Այստեղ խնդիրը կարելի է դիտարկել հիմք ընդունելով երկու հակամարտություն, մասնավորապես՝ ռուս-ուկրաինականը և հայ-ադրբեջանականը։
Իհարկե, ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից մինչ օրս Թուրքիան հանդես է գալիս Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման դիրքերից և Ուկրաինային շարունակում է ցուցաբերում որոշակի աջակցություն։ Միևնույն ժամանակ, Թուրքիան փորձում է հավասարակշռված հարաբերություններ պահպանել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ` այդպիսով նաև փորձելով ստանձնել հնարավոր միջնորդի դերակատարություն՝ տրամադրելով հարթակ հնարավոր երկխոսության համար։ Միաժամանակ, խոսելով Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին` Թուրքիան դեմ է արտահայտվում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, համարելով որ նման պատժամիջոցները ազդում են նաև Թուրքիայի տնտեսության վրա: Այս ամենը բնականաբար բացասաբար է ընկալվում Վաշինգտոնում, որտեղ, ամենայն հավանականությամբ համարում են, որ Թուրքիան չի անում հնարավորինը՝ Ռուսաստանին զսպելու համար: Իհարկե, Թուրքիան և Ռուսաստանը միմյանց հետ կապված են տնտեսական, ներդրումային և բիզնեսի բազմաթիվ կապերով, որոնց մեջ ծանրակշիռ տեղ ունի էներգակիրների շուրջ համագործակությունը` մասնավորապես «Թուրքական հոսք» նախագիծը, ինչպես նաև Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող ատոմակայանը և այլն։ Իրականում, այս տեսակ տնտեսական սերտ կապերը շատ հաճախ այս երկու պետությունների հարաբերություններում կայունացնող գործոն են դառնում, և հասկանալի է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող աննախադեպ տնտեսական պատժամիջոցները չեն կարող չազդել նաև Թուրքիայի տնտեսության վրա, հաշվի առնելով վերոշարադրյալ գործոնները։
Ուշագրավ է նաև Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը, որը նույնպես կարելի է դիտարկել թուրք-ամերիկյան հարաբերությունների կոնտեսկտում։ Ռուս-ուկրաինական պատերզմից հետո Շվդեիան և Ֆինլանդիան անվտանգային նկատառումներից ելնելով հայտ ներկայացրեցին ՆԱՏՕ-ին միանալու համար։ Թուրքիան սկզբնական շրջանում դեմ էր արտահայտվում այս պետությունների ՆԱՏՕ-ին անդամակցությանը, սակայն մեկ տարի անց՝ 2023թ. մարտին, Թուրքայի խորհրդարանը վավերացրերց Ֆինլանդիայի անդամակցության հայտը և միայն 2024թ. հունվարի 23-ին վավերացրեց Շվեդիայի անդամակցության հայտը։ Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելուց անմիջապես հետո ԱՄՆ-ն հավանություն տվեց Թուրքիային 23 մլրդ. դոլար գնահատվող F-16 կործանիչների մատակարարմանը։
Թուրքիան երկար ժամանակ չէր վավերցնում Շվեդիայի հայտը նաև պատճառաբանելով, որ Շվեդիան ապաստան է տալիս քուրդ զինյալներին, ում Թուրքիան համարում է ահաբեկիչներ: Թուրքիայի պահանջների մեջ էր մտնում նաև Թուրքիա զենքի արտահանման էմբարգոյի վերացումը։ Միայն այս պահանջները բավարարելուց հետո Շվեդիային հաջողվեց հասնել Թուրքիայի կողմից անդամակցութան հայտի վավերացմանը։ Կարելի է հետևություն անել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի նոր անդամներին «ընտանիք» ընդունելու համար առավելապես բանակցում էր ԱՄՆ-ի հետ և երկխոսությունը ծավալվում էր հենց Անկարայի և Վաշինգտոնի միջև:
Վերջին ժամանակահատվածում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առկա լարվածությանը, կարծես որոշակիորեն մեղմանում է: Թուրքիան մնում է կարևոր պետություն ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը նվազեցնելու կամ չեզոքացնելու տեսանկյունից։ Իհարկե կան ուղղություններ, որտեղ պետություններն ունեն սկզբունքային տարաձայնություններ, սակայն աշխարհագրությունը մնում է անփոփոխ, հետաքրքրությունները՝ նույնպես։ Թուրքիան ունի նպաստավոր աշխարհագրական դիրք և կարողանում է դա ճիշտ օգտագործել բոլոր գլոբալ խաղացողների հետ փոխհարաբերություններում։ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերն առավելապես համընկնում են, պայմանավորված Վաշինգտոնի՝ Ռուսաստանին և Իրանին զսպելու ստրատեգիական նպատակով, իսկ 2020թ. պատերազմից հետո Թուրքիան էլ ձգտում է դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում լուրջ խաղացող, որի հնարավորությունը երբևէ չի ունեցել։ Եթե խնդիրը դիտարկենք կոնկրետ օրինակով, ապա ԱՄՆ-Թուրքիա շահերի համընկման օրինակ կարելի է դիտարկել Վրաստանը, որը 2008թ. 5-օրյա պատերզամից հետո պարտվելով Ռուսաստանին և կորցնելով Հարավային Օսիան և Աբխազիան, բռնեց արևմտականացման ուղին։ Դրա ուղիղ հետևանքը եղավ այն, որ Վրաստանը հայտնվեց Թուրքիայի ազդեցության տակ, հատկապես տնտեսական առումով, քանի որ տարածաշրջանում Ռուսաստանի միակ իրատեսական այլընտրանքը շարունակում է մնալ հենց Թուրքիան։
Հարավային Կովկասում ուժերի բաշխման հաջորդ կարևոր իրադարձություններն էին հայ-ադրբեջանական 2020թ. 44-օրյա և 2023թ. սեպտեմբերյան պատերազմները, որոնք ի վերջո հանգեցրին Արցախի ամբողջական հայաթափմանը։ Արդյունքում Ռուսաստանի դիրքերը որոշակիորեն թուլացան և դրան ի հակառակ ամրապնդվեցին Թուրքիայի դիրքերը, որն ինչպես արդեն նշվեց, երբևէ այսքան մեծ ազդեցություն չէր ունեցել Հարավային Կովկասում։ Ինչպես Վրաստանի դեպքում, եթե Հայաստանն էլ բռնի արևմտյան ուղին, և եթե իրականանա վրացական սցենարը, ապա Հայաստանում ևս ուժային վակուումը լրացնելու կշտապի Արևմուտքը, ի դեմս տարածաշրջանում իր միակ դաշնակցի՝ Թուրքիայի։
Իհարկե Վրաստանի հետ համեմատական տանելու հետ մեկտեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը սահմանակցում է Իրանին և հետևաբար կա նաև իրանական գործոնը, որը իրականում ԱՄՆ-ի համար էլ ավելի է մեծացնում տարածաշրջանի կարևորությունը: Մյուս կողմից Հայաստանի և Թուրքիայի միջև դեռևս չեն հաստատվել դիվանագիտական հարաբերություններ և չի բացվել ընդհանուր սահմանը: Որպեսզի Անկարան հասնի այնպիսի ազդեցության ինչպիսին ձեռք է բերել Վրաստանում, Թուրքիան պետք է կա՛մ դիմի կոշտ ուժի, կա՛մ գնա Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհով և խոշորածավալ տնտեսական ինտերվենցիա անի Հայաստանում՝ ներդրումների տեսքով: Կոշտ ուժի դիմել չի նշանակում, որ Անկարան գործելու է ինքնուրույն: Այն կարող է իրականացվել Ադրբեջանի միջոցով: Ցանկացած պարագայում, Ռուսաստանն ամբողջությամբ և վերջնական կարող է կորցնել Հարավային Կովկասում իր ազդեցությունը, եթե կորցնի Հայաստանը, իսկ դրանից խուսափելու համար ստիպված պետք է լինի բավարարել Թուրքիայի ախորժակը գնալով որոշակի զիջումների։
Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կցանկանար տեսնել առավել կառավարելի և կանխատեսելի Թուրքիա, սակայն ստիպված է համակերպվել Թուրքիայի ներկա իշխանությունների վարած ավելի անկախ և հավակնոտ արտաքին քաղաքականության հետ։ Եվ չնայած ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնություններին, Հարավային Կովկասում նրանց շահերը շարունակում են զուգամիտվել և Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ անդամ առանցքային պետություն, շարունակում է պահպանել իր նշանակությունը ԱՄՆ-ի համար՝ որպես զսպաշապիկ Ռուսաստանի և Իրանի դեմ, իսկ Հարավային Կովկասում՝ որպես հիմնական խաղացող:
Ա. Եսայան,Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն