ԱՄՆ դերը ներկայիս աշխարհակարգում. ի՞նչն է սպառնում ԱՄՆ գերակայությանը, և ի՞նչ է հայտարարում ամերիկյան հետախուզությունը

Աշխարհակարգերի հերթագայությունը միջազգային հարաբերությունների համակարգում. Միացյալ Նահանգների դերն այդ գործընթացում

Աշխարհակարգի և աշխարհաքաղաքական գերակայության խնդիրները մշտապես եղել են քաղաքագիտական հետազոտությունների կիզակետում։ Օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների փոփոխության արդյունքում ժամանակի ընթացքում մշտապես փոփոխվել են աշխարհաքաղաքական առանցքները։ Յուրաքանչյուր նոր աշխարհակարգ թելադրել է խաղի նոր կանոններ, որը մշտապես տարբերվել է իր նախորդից։ Համաշխարհային պատմության ընթացքում աշխարհակարգի ձևավորման, զարգացման և փոփոխման գործընթացները հասկանալու և վերլուծելու համար անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել միջազգային հարաբերությունների համակարգերի վրա։ Այդ համակարգերի հերթագայությունը կարելի է դասակարգել հետևյալ փուլերով. բազմաբևեռ աշխարհից անցումը երկբևեռի, երկբևեռից՝ միաբևեռ աշխարհի և միաբևեռից անցումը նոր աշխարհակարգի։ Ընդ որում, միջազգային հարաբերությունների հետևյալ երեք համակարգերը՝ Վեստֆալյան, Վիեննայի և Վերսալ-վաշինգտոնյան, կազմում էին բազմաբևեռ աշխարհակարգ, որոնցից առաջին երկուսն ունեին եվրոպակենտրոն բնույթ։ Երկբևեռ աշխարհակարգի հիմքերը դրվեցին միջազգային հարաբերությունների Յալթա-պոտսդամյան համակարգի ժամանակ։ Իսկ միաբևեռ և նոր աշխարհակարգերը ձևավորվեցին և միմյանց հաջորդեցին «Սառը պատերազմի» ավարտից հետո։

Հասկանալու համար ներկայիս աշխարհակարգի առանձնահատկությունները, նախ անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային հարաբերություններում աշխարհակարգերի փուլային հերթագայությունը։ Ընդհանրապես, աշխարհակարգը հարաբերությունների որոշակի համակարգ է, որը տալիս է պատկերացում այն մասին, թե ինչպես պետք է դասավորվեն երկրների միջև հարաբերությունները։

Աշխարհակարգերը սկսել են ձևավորվել 16-րդ դարում, երբ Եվրոպայում աստիճանաբար զարգանում էին «գերտերությունների» և գաղութատիրական երկրների համակարգերը։1 Այդ շրջանը համընկնում է Եվրոպական աշխարհակարգի կամ միջազգային հարաբերությունների Վեստֆալյան համակարգի հետ, որը ձևավորվել է Համաեվրոպական 30-ամյա պատերազմի հետևանքով 1648թ. Վեստֆալյան հաշտությամբ և ընդգրկում է մինչև 1815թ. ընկած ժամանակահատվածը։ Այս աշխարհակարգի շրջանակներում եվրոպական տերությունների միջև խաղաղություն հաստատվեց՝ վերջ դրվելով երեք տասնամյակ տևած արյունալի պատերազմներին։

Միջազգային հարաբերությունների հաջորդ Եվրոպակենտրոն աշխարհակարգը ծնունդ առավ Ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած Նապոլեոնյան պատերազմներից հետո, որոնք ավարտվեցին Ֆրանսիայի պարտությամբ։ Վիեննայի վեհաժողովը 1814թ. ամփոփեց արդյունքները և վերականգնեց Նապոլեոնի կողմից խախտված ազգային ինքնիշխանության սկզբունքը։ Ձևավորվեց միջազգային հարաբերությունների նոր համակարգ՝ հայտնի որպես «Վիեննայի համակարգ» կամ «Եվրոպական համերգ»։2 Ի տարբերություն Վեստֆալյանի՝ այս համակարգի շրջանակներում հաստատվեցին այն գերտերությունները, որոնք ամբողջ համակարգի վերահսկողությունը վերցնում էին իրենց վրա։ Այդ պետություններն էին՝ Անգլիան, Պրուսիան, Ավստրիան և Ռուսաստանը։ Հենց այս գերտերությունների փոխհամաձայնությամբ էր իրականացվելու տարածաշրջանում հավասարակշռության պահպանումը։ Այս համակարգերի շրջանակներում Անգլիան, լինելով հզոր ծովային ուժ, իր վրա էր վերցրել եվրոպական հավասարակշռության պահապանի դերը։3

Սակայն եվրոպակենտրոնությունը խախտվեց հաջորդ երկու աշխարհակարգերի շրջանակում, երբ ուժերի հավասարակշռությունը խախտվեց և «Եվրոպական համերգում» ի հայտ եկավ նոր առաջնորդ, որը ստիպեց մյուսներին միավորվել ինքնապաշտպանության նպատակով։ Գերմանիան հավակնում էր ոչ միայն իր տնտեսական ազդեցությունը տարածելու, այլ նաև քաղաքականը, ինչը ստիպեց Ֆրանսիային, Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային դաշինք կազմելու Գերմանիայի դեմ՝ նույնիսկ հրավիրելով օվկիանոսի այն կողմում գտնվող «հսկային»՝ ԱՄՆ-ին։ Ուժերի հավասարակշռության խախտումն էլ հանգեցրեց համակարգի փլուզման։4

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը պաշտոնապես ազդարարվեց Վերսալ-վաշինգտոնյան պայմանագրերի կնքմամբ, որոնց հիմքի վրա էլ ձևավորվեց միջազգային հարաբերությունների նոր՝ Վերսալվաշինգտոնյան համակարգը։ Վերսալյան պայմանագիրը ստորագրվել է Փարիզում 1919-1920թթ.։ Պայմանագիրը վավերացրել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, սակայն ԱՄՆ-ն այդպես էլ այն չվավերացրեց։

Վերսալյան խաղաղության պայմանագիրը կնքվեց հօգուտ հաղթած պետությունների։5 ԱՄՆ-ը չցանկացավ վավերացնել Վերսալյան պայմանագիրը, որի արդյունքում հրաժարվեց Ազգերի լիգայում իր մասնակցությունից։ Պատճառը բոլշևիկների կողմից հրապարակված՝ Անտանտի երկրների միջև ստորագրված գաղտնի փաստաթղթերն էին, որոնց գոյության մասին ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնը ոչինչ չգիտեր։ Սրա հետևանքով ԱՄՆ-ը նոր համաժողով հրավիրեց՝ Վաշինգտոնյան համաժողովը։ Այսպիսով, ստեղծվեց նոր միջազգային հարաբերությունների համակարգ՝ Վերսալ-վաշինգտոնյան համակարգը։ Անցումը բազմաբևեռ աշխարհակարգից երկբևեռի տեղի է ունեցել Յալթայում և Պոտսդամում 1945թ. տեղի ունեցած համաժողովների ընթացքում, որոնք էլ հայտնի են միջազգային հարաբերությունների Յալթա-պոտսդամյան համակարգ անվանումով։ Այդ համաժողովներից հետո պարզ դարձավ, որ բազմաբևեռ աշխարհի ռազմական ուժի, տնտեսական, քաղաքական, գաղափարախոսական համադրելիությունը դադարել էր գոյություն ունենալուց։

Ի տարբերություն Եվրոպայի՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո տնտեսապես համեմատաբար հզոր դուրս եկան։6 «Սառը պատերազմի» շրջանում պարբերաբար մեծանում էր երկու գերտերությունների միջև լարվածությունը, սակայն հաջողվում էր խուսափել ռազմական բախումից, քանի որ լուռ համաձայնությամբ աշխարհը գրեթե ամբողջությամբ բաժանվել էր ԽՍՀՄ և ԱՄՆ ազդեցության գոտիների, և այդ բաժանման սահմանները որևէ մեկը չէր խախտում։ ԽՍՀՄ փլուզմամբ մեկնարկեց ազդեցության գոտիների վերաբաժանման մի նոր գործընթաց, ինչը ստեղծեց միանգամայն նոր աշխարհաքաղաքական իրավիճակ մի շարք տարածաշրջաններում։ Այս շրջանում շատ ամերիկյան քաղաքագետներ հետևողականորեն փորձում էին ձևավորել միաբևեռ աշխարհակարգի հայեցակարգը՝ հիմնավորելով Միացյալ Նահանգների նոր դերակատարությունը միջազգային հարաբերություններում։

Աշխարհակարգի պահպանումը, այնուամենայնիվ, ծախսատար գործ է: Ինչպես Փոլ Քենեդին է նկարագրել իր «Մեծ տերությունների վերելքն ու անկումը» գրքում, գերտերությունները անկում են ապրում ոչ այն պատճառով, որ ի հայտ եկող նոր գերտերությունները նրանց պարտության են մատնում, այլ այն պատճառով, որ աշխարհակարգի պահպանման ծախսերը սպառում են նրանց ռեսուրսները: Սրանից խուսափելու կամ այդ պահին հասնելը հետաձգելու համար Միացյալ Նահանգները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երեք քայլ ձեռնարկեց. դրանք էին՝ պահպանել և ընդլայնել պատերազմի տարիներին ձևավորած իր դաշինքը՝ դարձնելով այն ռազմական համակարգ, ստեղծել ՄԱԿ-ի շուրջ կենտրոնացած միջազգային ինստիտուտների և մեխանիզմների խումբ և զարգացնել գործընկերային հարաբերություններ այլ երկրների հետ: Երբեմն ԱՄՆ ծախսերի ծավալը չափազանց շատ էր թվում ամերիկացի ընտրողների համար, ինչը հանգեցնում էր այլ միջազգային խաղացողներից ավելի շատ ներդրումներ կատարելու պահանջների:7 Եվ դա տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին, ով առաջնորդվում էր «Նախևառաջ Ամերիկան» («America first») քաղաքականությամբ՝ կասկածի տակ դնելով ԱՄՆ որոշ դաշինքների կարևորությունը Միացյալ Նահանգների համար, առևտրային մաքսատուրքեր սահմանելով թե՛ դաշնակից և թե՛ ախոյան պետությունների նկատմամբ, հրաժարվելով սեփական երկրից դուրս աջակցել մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը և ամենակարևորը՝ դուրս գալով «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից» (ԳՀՀԾ) (Իրանի միջուկային համաձայնագիր), «Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից» (Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերություն), «Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագրից» և Փարիզի «Կլիմայի փոփոխության համաձայնագրից»։ Վերջինս առաջնահերթություն էր համարում այդ բոլոր ծրագրերի վրա ծախսվող ռեսուրսները ներդնել սեփական երկրում։8 Ուստի, եթե մինչև մոտ 2008 թվականը միջազգային քաղաքականության մասին արևմտյան խոսույթի մանտրան Միացյալ Նահանգները և ԵՄ-ի առաջնորդությամբ լիբերալ կանոնների վրա հիմնված աշխարհակարգն էր՝ հիմնված շուկայական տնտեսության, ժողովրդավարության և բազմակողմ դիվանագիտության վրա, որ ի վերջո, արևմտյան պատկերացմամբ, ներառելու էր աշխարհի մեծ մասը, ապա այժմ այդ տեսլականը զգալիորեն փոխվել է։ Համաշխարհային առաջնորդության նկատմամբ ԱՄՆ-ի ախորժակը թուլացել է՝ մասամբ ներքաղաքական պատճառներով և մասամբ՝ ի պատասխան Աֆղանստանի և Իրաքի պատերազմների:9

Ուստի ակնհայտ է դառնում, որ ներկայումս ժամանակակից աշխարհը փոխակերպման շրջան է ապրում։ Համաշխարհային տնտեսական և քաղաքական զարգացման կենտրոնների քանակն ավելանում է, գլոբալ և տարածաշրջանային նոր առաջատար երկրների դիրքերը ամրապնդվում են, ինչն էլ իր հերթին հանգեցնում է աշխարհակարգի կառուցվածքի փոփոխության, նոր աշխարհակարգի կանոնների և սկզբունքների ձևավորման։10

Ներկայումս Չինաստանը շարունակում է իր տնտեսական և քաղաքական վերելքը և դառնում առաջատար տեխնոլոգիական և առևտրային գերտերություն: Չինական հավակնոտ արտաքին քաղաքականությունը, ազգայնական քարոզչության և ռազմական ուժի կայուն համալրման հետ մեկտեղ, այժմ ընդգծում են Չինաստանի հավակնությունը՝ դառնալու գերիշխող ուժ ոչ միայն Ասիայում, այլև ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից՝ շրջադարձային եղավ միջազգային ասպարեզում Ռուսաստանի ներկայիս հավակնոտ արտաքին քաղաքական («Պուտինյան») ուղղության ազդարարման սկզիբը 2007թ. փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի տեսքով, որով նա ազդարարեց Ռուսաստանի՝ գերտերության կարգավիճակի հավակնությունը և միաբեևեռ աշխարհակարգին հակազդեցությունը։ Մինչ այդ՝ սառը պատերազմի ավարտից հետո, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կորցրել էր իր հավակնոտ գիծը, որը առկա էր Խորհրդային Միության տարիներին։ Ռուսաստանը չուներ նախկին հզորությունը բացեիբաց հակամարտելու Արմուտքի հետ։ Հենց մյունխենյան ելույթի ժամանակ էլ նախագահ Պուտինը դեմ արտահայտվեց ՆԱՏՕ-ի ընդլայնմանը՝ հայտարարելով «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մի կապ չունի բուն դաշինքի արդիականացման կամ Եվրոպայում անվտանգության ապահովման հետ։ Ընդհակառակը, դա լուրջ սադրանք է, որը նվազեցնում է փոխվստահության մակարդակը։ Եվ մենք իրավունք ունենք հարցնելու՝ ո՞ւմ դեմ է ուղղված այդ ընդլայնումը»։11 Ներկայումս Ռուսաստանի հավակնոտ ձգտումները նկատելի են դառնում 2008թ. ռուս-վրացական պատերազմով, Ղրիմի իրադարձություններով և մինչև այսօր ընթացող ռուս-ուկրաինական պատերազմով։ Մոսկվայի ղեկավարությունը վճռական է վերադարձնելու 1990- ականների որոշ կորուստները, մեծացնել Ռուսաստանի տարածքը, և սահմանել սեփական ազդեցության ուժեղ գոտիներ: Իսկ Վաշինգտոնի միջազգային ներգրավվածության թուլացումը ավելի լայն հնարավորություն է ընձեռում գլոբալ հարավի ավելի ուժեղ պետություններին մանևրելու, այդ թվում՝ Եգիպտոսին, Հնդկաստանին, Իրանին, Պակիստանին, Սաուդյան Արաբիային և Թուրքիային, որոնք միջազգային քաղաքականության մեջ դառնում են ավելի հավակնոտ խաղացողներ:12

ԱՄՆ-ի հետախուզական համայնքի 2024 թվականի սպառնալիքների գնահատումը. ԱՄՆ գերակայությանը խոչընդոտող երկրներն աշխարհում

Փոփոխվող աշխարհակարգի պայմաններում անհրաժեշտ է հասկանալ, թե Միացյալ Նահանգները սեփական գերակայությանը խոչընդոտող ինչ աշխարհաքաղաքական գործոններ է տեսնում աշխարհում։ Այդ իսկ նպատակով անհրաժեշտ է անդրադարձ կատարել ԱՄՆ պետական գործակալությունների կողմից 2024 թվականի փետրվարի 5-ին հրապարակված ԱՄՆ հետախուզական համայնքի տարեկան սպառնալիքների գնահատման զեկույցին։13 Զեկույցը հստակ պատկերացում է տալիս, թե Միացյալ Նահանգների հետախուզական համայնքը ներկայումս ԱՄՆ-ին սպառնացող ինչպիսի վտանգներ է տեսնում աշխարհում։ Մասնավորապես, զեկույցում առանձնացված են այն երկրները, որոնք դիտարկվում են ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական մրցակիցները, ինչպես նաև նկարագրվում են տարածաշրջանային խնդիրները, որոնք կարող են ազդեցություն ունենալ համաշխարհային մասշտաբով, ներառյալ՝ ԱՄՆ-ին սպառնացող այնպիսի ֆունկցիոնալ և անդրազգային մարտահրավերներ, ինչպիսիք են միջուկային զենքի հնարավոր տարածումը, զարգացող տեխնոլոգիաները, կլիմայի փոփոխությունը, ահաբեկչությունը և այլն: Այնուամենայնիվ, սույն հոդվածում հղումներ կկատարվեն ԱՄՆ աշխարհաքաղաքական մրցակիցներին և միջազգային հարաբերությունների ներկա վիճակին անդրադարձող զեկույցի հատվածներին։

Զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները ներկայումս առնչվում է «շատ ավելի զգայուն աշխարհակարգի» հետ։ Սա, իհարկե, զարմանալի չէ, քանի որ «Սառը պատերազմի» ավարտից հետո (որը հանգեցրեց Միացյալ Նահանգների՝ աշխարհում միակ գերտերությանը վերաճելուն) շատ բան է փոխվել, և գնալով ավելի շատ երկրներ են մարտահրավեր նետում Միացյալ Նահանգներին: ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հիմնական մրցակիցներն այսօր մնում են Չինաստանն ու Ռուսաստանը մի շարք այլ երկրների հետ միասին, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան։ Որոշ ոչ պետական դերակատարներ նույնպես շարունակում են սպառնալիք լինել ԱՄՆ գերակայությանը միջազգային համակարգում։ Աշխարհաքաղաքական այս դիմակայությունը զեկույցում ներկայացվում է որպես «ժողովրդավարական և ավտորիտար կառավարման ձևերի միջև ավելի մեծ մրցակցություն», որտեղ Միացյալ Նահանգները ժողովրդավարության բաստիոնն է:

Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական հիմնական հակառակորդները Ռուսաստանն ու Չինաստանն են։ Զեկույցում մանրամասն ներկայացված են այն ոլորտները և գործողությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում ԱՄՆ անվտանգության համար։ Առաջին սպառնալիքը Չինաստանն է, որը թուլացնում է ԱՄՆ-ի ազդեցությունը և սեպ խրում Վաշինգտոնի և վերջինիս գործընկերների միջև։ Չինաստանի ավտորիտար համակարգի և այդ համակարգին նպաստող Չինաստանի կառավարության կողմից խթանվող ցանկացած նորմ նույնպես դիտարկվում է որպես սպառնալիք:

Կան Չինաստանի նախաձեռնած աշխարհաքաղաքական նշանակության մի շարք նախագծեր, որոնք նպատակ ունեն մեծացնելու Չինաստանի ազդեցությունը՝ թուլացնելով ԱՄՆ դիրքերը միջազգային հարթակում, մասնավորապես, դրանք են «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը, Գլոբալ զարգացման նախաձեռնությունը և Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը: Սրանք նախագծեր են, որոնց ուղղությամբ Չինաստանը աշխատել է տարիներ շարունակ։ Այնուամենայնիվ, տնտեսական զարգացման առումով Չինաստանի տնտեսական աճը մոտակա տարիներին կդանդաղի կառուցվածքային խոչընդոտների պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ Պեկինը տնտեսական աճը խթանող ագրեսիվ խթանիչ միջոցներ չի ցանկանում ձեռնարկել։ Բացի այդ, Չինաստանը ձգտում է դառնալ գիտատեխնոլոգիական գերտերություն և դա օգտագործում է տնտեսական, քաղաքական և ռազմական իր շահերը սպասարկելու համար:

Գիտատեխնոլոգիական ոլորտը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առճակատման թեժ ոլորտներից է։ Ինչ վերաբերում է ռազմական ազդեցությանը, ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում է, որ Պեկինը կաշխատի, որպեսզի Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը դառնա աշխարհի ամենաբարձրակարգ բանակներից մեկը մինչև 2049 թվականը։ Այնուամենայնիվ, դրա արդյունավետությունը կասկածի տակ է դրվում, քանի որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը չունի պատերազմներին մասնակցելու փորձ: Այս ամենի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ Չինաստանը պատրաստ է աշխատել Վաշինգտոնի հետ լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, երբ դա ձեռնտու լինի իրեն:

Աշխարհում ԱՄՆ-ի գերակայությանը սպառնացող երկրորդ աշխարհաքաղաքական հակառակորդը Ռուսաստանն է։ ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում է, որ այն լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար մի շարք ոլորտներում՝ չհաշված ուկրաինական պատերազմի պատճառած հսկայական վնասները։ ԱՄՆ-ի և նրա գործընկերների համար գլխավոր մարտահրավերը Ռուսաստանի կապերի ամրապնդումն է Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի հետ, ներառյալ Ռուսաստանի տնտեսական ներգրավվածությունը Պեկինի հետ, որի միջոցով Մոսկվան կարող է պաշտպանվել հնարավոր պատժամիջոցներից:

ԱՄՆ հետախուզական համայնքը գտնում է, որ թեև Ռուսաստանը չի ցանկանում ուղիղ հակամարտության մեջ մտնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, նա կշարունակի ասիմետրիկ գործունեությունը տարածաշրջանային տարբեր հակամարտություններում։ Ռուսաստանը կարդիականացնի միջուկային զենքի իր հնարավորությունները, քանի որ դա դիտվում է որպես զսպման մեխանիզմ և անվտանգության վերջնական երաշխիք: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներն անհանգստացած է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հավանական միջամտությամբ, քանի որ ընտրությունները դիտվում են որպես ազդեցության ձեռքբերման հնարավորություն: Ուստի, ԱՄՆ հետախուզությունը ուսումնասիրում է ԱՄՆ ընտրությունները` հաշվի առնելով, որ Ռուսաստանը հավանաբար կփորձի ազդել մոտալուտ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա։

Իսկ տարածաշրջանային մակարդակով Միացյալ Նահանգների գլխավոր հակառակորդներից է դիտարկվում Իրանը, որը մի շարք ուղղություններով սպառնում է ԱՄՆ-ի շահերին։ Առաջին հերթին, ԱՄՆ-ի և Իրանի միջև ներկայիս արդիական հարցերից մեկը Գազայի հատվածն է և վերջինիս հետ կապված բոլոր վտանգները։ Ուստի, պատահական չէ, որ զեկույցում Իրանը ներկայացված է որպես սպառնալիք Իսրայելի և ԱՄՆ-ի, ինչպես նաև նրանց դաշնակիցների համար։

Միացյալ Նահանգները հատկապես մտահոգված է, որ Իրանը կշարունակի զինել և օգնել իր դաշնակիցներին, այդ թվում՝ նաև ՀԱՄԱՍ-ին՝ այն Միացյալ Նահանգների դեմ օգտագործելու համար: Այնուամենայնիվ, հետախուզական համայնքը վստահ է, որ Իրանը խուսափելու է Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ ուղիղ հակամարտության մեջ ներգրավվելուց։

Իրանի հետ կապված մեկ այլ լուրջ մտահոգություն կապված է նրա միջուկային զինանոցի հետ: Թեև Իրանը ներկայումս չի իրականացնում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ տարվող հիմնական գործողությունները, որոնք անհրաժեշտ են փորձարկվող միջուկային սարքեր արտադրելու համար, 2020 թվականից ի վեր Թեհրանը վերահաստատել է, որ այլևս պարտավորված չէ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» սահմանափակումներով և սկսել է գործողություններ, որոնք զգալիորեն կընդլայնեն իր միջուկային ծրագիրը և հնարավորություն կտան արտադրել միջուկային սարքեր: Ռուսաստանի հետ Իրանի մերձեցումը մտահոգության ևս մեկ առիթ է։ ԱՄՆ-ը կարծում է, որ Իրանը կշարունակի առաջ մղել իր հավակնությունները՝ փորձելով ամրապնդել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ավելին, 2023թ. ընթացքում նա արդեն ընդլայնել է իր դիվանագիտական ազդեցությունը՝ խթանելով իր հարաբերությունները Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի հետ։

Իրանի հետ կապված մեկ այլ մտահոգության պատճառ էլ հանդիսանում է վերջինիս միջամտությունն ԱՄՆ ընտրություններին։ Մասնավորապես, 2020թ. ԱՄՆ ընտրություններում իրանցի հաքերները ձեռք էին բերել կամ փորձել էին ձեռք բերել տեղեկություններ ԱՄՆ ընտրողների վերաբերյալ։ Ընտրողին ուղարկել էին սպառնալից նամակներ և ապատեղեկատվություն տարածել ընտրությունների վերաբերյալ։ Մտավախություն կա, որ Իրանի հաքերները իրենց նոր տեխնոլոգիական հնարավորությունները կարող են օգտագործվել նաև 2024 թվականի ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի շահերին սպառնացող մյուս տարածաշրջանային սպառնալիքին, ապա դա Հյուսիսային Կորեան է։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կշարունակի զարգացնել իր միջուկային և սովորական ռազմական հնարավորությունները, որը սպառնում է Արևմուտքի և նրա դաշնակիցների անվտանգությանը։ Բացի այդ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը ձգտում է ավելի խոր համագործակցության ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական մրցակիցների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը՝ ամրապնդելու սեփական ֆինանսական օգուտները, դիվանագիտական և պաշտպանական համագործակցությունները:

Այսպիսով, վերոհիշյալ երկրները, ըստ ԱՄՆ հետախուզական համայնքի, գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում սպառնում են Միացյալ Նահանգների շահերին և հետագայում էլ կարող են լուրջ սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակիցների անվտանգությանը՝ թուլացնելով Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական դիրքերը և խոչընդոտելով ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական գերակայությանը։

  1. Гринин Л., Новый Мировой Порядок и Эпоха Глобализации: Американская Гегемония: Апогей и Ослабление. Что Дальше?, Век глобализации, №2(16), 2015, с. 3-18.
  2. Международные отношения и модели международных систем, https://studopedia.su/6_10348_tema–mezhdunarodnie-otnosheniya-i-modeli-mezhdunarodnih-sistem.html, (25.03.2024).
  3. Kissinger H., World Order, Penguin Books, 2015.
  4. Международные отношения…, նշվ. աշխ.:
  5. Версальский договор. Основные положения, http://libraryno.ru/4-1-versal-skiy-dogovor-osnovnyepolozheniya-2013_istoriya_megdunar_otn/, (26.03.2024).
  6. Заключение. Завершение Формирования Глобальной Системы Мирополитических Отношений, http://www.obraforum.ru/lib/book1/conclusion, (26.03.2024).
  7. Stares P., et al. Perspectives on a Changing World Order, Council on Foreign Relations, Discussion Paper Series on Managing Global Disorder No. 1 June 2020.
  8. Blackwill R., Wright T., The End of World Order and American Foreign Policy, Council on Foreign Relations, Council Special Report No. 86 May 2020.
  9. Lehne S., After Russia’s War Against Ukraine: What Kind of World Order?, https://carnegieeurope.eu/2023/02/28/after-russia-s-war-against-ukraine-what-kind-of-world-order-pub-89130, (27.03.2024).
  10. Стратегия национальной безопасности Российской Федерации, www.kremlin.ru/acts/bank/47046, (27.03.2024).
  11. Speech and the Following Discussion at the Munich Conference on Security Policy, en.kremlin.ru/events/president/transcripts/copy/24034, (04.04.2024).
  12. Lehne S., նշվ. աշխ.;
  13. Annual Threat Assessment of the U.S. Intelligence Community, Office of the Director Of National Intelligence, February 5, 2024, https://www.intelligence.senate.gov/sites/default/files/hearings/unclassified_2024_ata_report_0.pdf, (28.03.2024).

Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=400

Կիսվել՝