ՀՀ երբևէ այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցի մանրամասները
Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր որոշ փուլերով նկատելի են եղել հարաբերությունների ակտիվացում, որոնք նաև դրսևորվել են շփումների ինտենսիվացմամբ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան կատարած այցերով։ Տարբեր շրջաններում Հայաստանի Հանրապետություն են այցելել ԱՄՆ տարբեր քարտուղարներ։ Մասնավորապես, առաջին այցը եղել է 1992թ. ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Բեյքերի կողմից Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և դեսպանության բացման նպատակով։ Երկրորդ պետքարտուղարը, ով այց է կատարել Հայաստան Հիլարի Քլինթոնն է։ Վերջինս երկու անգամ է Հայաստան այց կատարել՝ 2010 և 2012թթ.։ Հայ-ամերիկյան հարաբերությունների ամբողջ պատմության ընթացքում միայն մեկ պաշտպանության քարտուղար (Դոնալդ Ռամսֆելդը՝ 2001թ.), մեկ գանձապետարանի քարտուղար (Ջեյքոբ Լյուն՝ 2015թ.) և ԱՄՆ ռազմածովային ուժերի մեկ քարտուղար է (Ռեյ Մաբուսը՝ 2012թ.) այցելել Հայաստան։
Այս համատեքստում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի 2022թ. սեպտեմբերի 17-19 Հայաստան կատարած այցը կարելի է պատմական համարել, քանի որ վերջինս ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, ով երբևէ այցելել է Հայաստան։ Ընդհանրապես պետք է հաշվի առնել, որ Փելոսին մեծ ազդեցություն ունի ամբողջ Միացյալ նահանգներում ինչպես ներքին այնպես էլ արտաքին հարցերում և բավական ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնող գործիչ է։ Լինելով նախաագահ Բայդենի թիմի անդամ (երկուսն էլ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են)՝ Նենսին, որպես առանձին քաղաքական գործին, ծանր կշիռ ունի հենց Դեմոկրատական կուսակցության համար, ով հաճախ ընդունում է ինքնուրույն քաղաքական որոշումներ։
Նենսի Փելոսին իրենով պատմական կերպար է Միացյալ Նահանգների համար։ 2007թ. ստանձնելով Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը՝ նա դարձավ Ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակը։ Փելոսին կրկին պատմություն կերտեց 2019թ.-ին, երբ վերընտրվեց իր պաշտոնում՝ դառնալով վերջին վեց տասնամյակների ընթացքում առաջին մարդը, ով վերընտրվեց խոսնակի պաշտոնում:[1]
Ինչ վերաբերում է Նենսի Փելոսիի սեպտեմբերի 17-19 Հայաստան կատարած այցին, ապա կան հարցեր, որոնց հարկ է անդրադառնալ։ Մասնավորապես, ինչո՞ւ չչեղարկվեց ԱՄՆ նախագահից հետո երկրորդ պաշտոնը զբաղեցնող անձի այցը Հայաստան՝ չնայած ադրբեջանական ագրեսիային։ Ինչո՞վ էր պայմանավորված վերջինիս այցը Հայաստան։ Որո՞նք էին այն ուղերձները, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցից կարելի է վեր հանել։
Նենսի Փելոսիի այցի մասին փակ տեղեկատվությունը հասանելի դարձավ օգոստոսի վերջին, այն ժամանակ, երբ դեռ ադրբեջանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ տեղի չէր ունեցել։ Ադրբեջանական հարձակումը մի քանի ուղղություններով սկսվեց սեպտեմբերի 13-ին։ Միացյալ Նահանգների ջանքերով զինադադար հաստատվեց սեպտեմբերի 14-ի երեկոյան։ Իսկ Նենսի Փելոսիի այցի մասին լայն զանգվածներին հայտի դարձավ արդեն սեպտեմբերի 15-ին։ Այսինքն, նախօրոք ծրագրված այցին չխանգարեց ադրբեջանական ագրեսիան։ Թեև Նենսի Փելոսին կարող էր այցը չեղարկել ագրեսիայից հետո, այնուամենայնիվ նա նախընտրեց չչեղարկել այն և սեպտեմբերի 17-ին կատարեց իր պատմական այցը Հայաստան։ Հարկ է նաև նշել, որ Նենցի Փելոսիի այցը չի եղել տարածաշրջանային, այսինքն, նա այդպես էլ Թբիլիսի և Բաքու չի ժամանել՝ չնայած Բաքվի լոբբիստական ջանքերին այնտեղ նմանատիպ այց կազմակերպելու համար։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պատվիրակության կազմի մեջ էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիերը և հանձնախմբի անդամ Աննա Էշուն: Ուշադրության արժանի է այն փաստը, որ կոնգրեսականներ Ջեքի Սփիերը և Աննա Էշուն ԱՄՆ Կոնգրեսի միակ ներկայացուցիչներն են, որոնք հայկական արմատներ ունեն։[2]
Սեպտեմբերի 17-19 այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։ Այցի շրջանակում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես եկավ մամլո ասուլիսով, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ ունեցավ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում»։
Նենսի Փելոսիի Հայաստան այցի հիմնական դրդապատճառները
Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը Հայաստան կարելի պայամանավորել մի քանի հանգամանքներով։
Թերևս առաջին դրդապատճառը, որը նաև շատերը մատնանշում են, նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններն են, որի ժամանակ ընտրվելու են ԱՄՆ երկու պալատների ադամները։ Վերջերս կատարված հարցումները ցույց են տալիս, որ հանրապետականները ավելի մեծ հնարավորություն ունեն հաղթելու ԱՄՆ միջանկյալ ընտրություններում և մեծամասնություն կազմելու Ներկայացուցիչների պալատում։ Սենատում հանրապետականները նույնպես ունեն հաղթելու մեծ հնարավորություն, այնուամենայնիվ, Սենատի պարագայում հարցումների արդյունքներն առավել վիճահարույց են, քան Ներկայացուցիչների պալատի դեպքում է։
Այս առումով ԱՄՆ-ում հայ համայնքի ձայները կարևոր են դեմոկրատ ներկայացուցիչների համար։ Նենսի Փելոսին ներկայացնում է Կալիֆորնիայի նահանգը, որտեղ բավական մեծ թվով հայեր կան։ Այնուամենայնիվ սա միակ և հիմնական պատճառը չէ խոսնակի՝ Հայաստան կատարած այցի համար։
Թեև ընտրությունները ներքաղաքական կարևոր նշանակություն ունեն, այնուամենայնիվ խոսնակի այցի դրդապատճառների թվում առանցքային կարևորություն ունի Նենսի Փելոսիի անձնական մոտեցումը հայերի նկատմամբ։ Փելոսին մշտապես եղել է հայերի լավագույն բարեկամներից Վաշինգտոնում նաև Կալիֆորնիայում, մշտապես աջակցել է հայամետ նախաձեռնություններին։ Պատահական չէ, որ Փելոսիի պատվիրակության կազմում էին արմատներով հայ միակ երկու կոնգրեսականները, ովքեր Ֆրանկ Փալոնի հետ ԱՄՆ-ում հայ համայնքի և հայկական շահերի առաջամարտիկներն են։ Իսկ այցի չչեղարկելու հանգամանքը Հայաստանի համար նման ծանր ժամանակահատվածում պայմանավորված էր Նենսի Փելոսիի՝ հայերին աջակցություն ցուցաբերելու իր ցանկության հետ։ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ի ագրեսիայի մասին խոսելիս Նենսի Փելոսիի հայտարարությունները շատ ավելի կոշտ, հասցեական և թիրախավորված էին Ադրբեջանի դեմ, ի տարբերություն ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական հայտարարությունների։ Սա մի կողմից պայմանավորված է նրանով, որ խոսնակի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և Նենսի Փելոսին կարող էր իրեն թույլ տալ քաղաքական լեզվով ներկայացնել իրավիճակը, այլ ոչ դիվանագիտական։ Եվ երկրորդը, դա անձամբ Նենսի Փելոսիի ցանկությունն էր «ապօրինի և սարսափելի հարձակումներ»-ով նկարագրել ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ՝ դրանով արտահայտելով իր կարեկցանքը հայերի նկատմամբ։ Բնականաբար, Նենսի Փելոսիի այցը և հայամետ հայտարարությունները արժանացան Ադրբեջանի ԱԳՆ-ի կոշտ քննադատությանը այն պատճառով, որ հասցեական էին և հստակ մեղադրանք էին պարունակում Ադրբեջանի դեմ։ Մյուս կողմից էլ Ադրբեջանը բարկացած էր, որ իրենց ջանքերը՝ Նենսի Փելոսիին Բաքու բերելու հետ կապված չպսակցվեցին հաջողությամբ։[3]
Նենսի Փելոսիի այցի հիմնական ուղերձները
Հայաստան կատարած իր այս այցով Նենսի Փելոսին իր անձնական աջակցությունը հայտնեց հայերին և Հայաստանին, միևնույն ժամանակ մի քանի ուղերձ հղելով՝ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին։
Չպարտադրելով Հայաստանին արտաքին քաղաքական կողմնորոշումը փոխել, մասնավորապես դուրս գալ ՀԱՊԿ-ից կամ ԵԱՏՄ-ից, Փելոսին շեշտեց, որ հայկական կողմը, նախ ինքը պետք է հասկանա, թե ինչ է ուզում և այնուհետև դա քննարկի ԱՄՆ իշխանությունների հետ։ Սա այցի ամենագլխավոր ուղերձն էր, որը փորձեց Նենսի Փելոսին հասցնել ՀՀ իշխանություններին, քանի որ ԱՄՆ կողմը ակնկալում է հստակ առաջարկների ներկայացում ՀՀ իշխանությունների կողմից, որոնց շրջանակներում կարելի է առավել խորը համագործակցություն իրականացնել երկու երկրների միջև։ Իրականում, այս այցը մեծ հնարավորություն էր հայկական կողմի համար՝ հանդես գալու հստակ առաջարկներով, անգամ եթե ՀՀ-ն պատրաստ չէ քաղաքական խորը համագործակցություն առաջարկել ԱՄՆ-ին, տնտեսական առումով հնարավորությունները շատ ավելի բաց են և այդ ուղղությամբ հարաբերությունները զարգացնելու զգալի ներուժ կա։
Նենսի Փելոսիի ուղերձներում նաև շատ կարևորվում էր Հայաստանում ժողովրդավարության պահպանման անհրաժեշտությունը։ Փելոսիի խոսքերով՝ «ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի անվտանգությանը, ժողովրդավարությանը, և (Միացյալ Նահանգները) Հայաստանի կողքին է դժվար պահին։ Աշխարհում դժվար ժամանակներ են։ Մենք գտնվում ենք ժողովրդավարություն և ավտոկրատիա պայքարի մեջտեղում…Հայաստանը գտնվում է ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև այս բանավեճի կենտրոնում՝ Ռուսաստանին իր մտերմությամբ…»[4]։ Հայաստանում ժողովրդավարության պահպանման նման շեշտադրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անգամ Միացյալ Նահանգները բախվում է ժողովրդավարության ճգնաժամի երկրի ներսում։ Ուստի, ժողովրդավարությունը դառնում է ԱՄՆ-ի համար կարևոր ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական կարևոր խնդիր։
Այնուամենայնիվ, ժողովրդավարական երկիր լինելը դեռ չի նշանակում ԱՄՆ-ի հետ սերտ դաշնակցային հարաբերություններ։ Այս առումով Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պրագմատիզմի սահմաններում է։ Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը միշտ գերակայում են։ Սրա վառ օրինակն է Սաուդյան Արաբիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները, չնայած որ Սաուդյան Արաբիայում բոլոր քաղաքական և քաղաքացիական իրավուքներն ու ազատությունները սահմանափակված են և ժողովրդավարության մասին խոսելը անիմաստ է։ Ստացվում է, որ ԱՄՆ շահերի առկայությունը միայն բավարար է խորը ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու համար։
Բացի այդ, Նենսի Փելոսին շեշտադրեց ժողովրդավարության պահպանման հարցը, քանի որ սա Բայդենի վարչակազմի կարեւորագույն ուղղություններից մեկն է՝ ի տարբերություն նախորդ նախագահ Թրամփի։ 2021թ. դեկտեմբերին նախագահ Բայդենի նախաձեռնությամբ անցկացվել էր Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովը՝ հեռավար ձեւաչափով, որին մասնակցել էին ավելի քան 100 երկրների ղեկավարներ, ներառյալ՝ Հայաստանի վարչապետը։ Այս տարի դեկտեմբերին կայանալու է Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովը, սակայն այս անգամ բոլոր ներկայացուցիչները հրավիրվելու են ԱՄՆ։ Հրավեր ամենայն հավանականությամբ կստանա նաեւ Հայաստանը, որի շրջանակներում չի կարելի բացառել նախագահ Բայդենի եւ ՀՀ վարչապետ Փաշինյանի հանդիպումը։
Նենսի Փելոսիի այցի հետ կապված՝ շատերի մոտ կային սպասելիքներ առ այն, որ ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի ռազմական օգնություն, ինչպես Ադրբեջանին, որը միլիոնավոր դոլարների օգնություն է ստանում ԱՄՆ-ից։ Այստեղ, սակայն, կա երկու կարեւոր հանգամանք։ Նախ, Հայաստանը՝ Ռուսաստանի հովանու ներքո գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է։ Երկրորդ, Ադրբեջանը ստանում է ռազմական օգնություն՝ ԱՄՆ ռազմավարական շահերը սպասարկելու համար։ Մասնավորապես, ստանում է ռազմական օգնություն, որն ուղղված է Իրանի հետ սահմանի պաշտպանությունը ապահովելու համար. խոսքը Ադրբեջանի եւ Իրանի ծովային սահմանի՝ Կասպից ծովի մասին է։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը ուղղված չէ Հայաստանի դեմ, այլ ուղղված է Իրանի դեմ, ինչի մասին Միացյալ Նահանգների դեսպանը Հայաստանում հայտարարել է։ Ինչ վերաբերում է զենքի եւ զինամթերքի վաճառքին, ապա այս առումով պետք է շեշտել, որ Միացյալ Նահանգները հակամարտող կողմերի զենք եւ զինամթերք չի վաճառում։ Նենսի Փելոսիի այցից օրեր անց Հայ դատի հանձնախմբի կողմից հայտարարություն տարածվեց, որտեղ ասվում էր, որ 1991-ից ի վեր Կոնգրեսն առաջին անգամ քննարկում է Հայաստանին զենքի վաճառքի հարցը։ Այնուամենայնիվ, անհայտ է՝ արդյո՞ք կհաջողվի իրականացնել այս նախաձեռնությունը, ի՞նչ հետեւանքեր այն կունենա Հայաստանի համար եւ ընդհանրապես ի՞նչ աջակցության մասին է խոսքը։
Այսպիսով, սեպտեմբերի 17-19-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցը պատմական էր այն առումով, որ վերջինս դարձավ մինչեւ օրս Հայաստան այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Չնայած այցից մի քանի օր առաջ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ագրեսիային՝ Նենսի Փելոսիի այցը Հայաստան չչեղարկվեց, քանի որ վերջինս նախօրոք ծրագրված էր, եւ այդ քայլով ԱՄՆ խոսնակը փորձեց արտահայտել անձնական համակրանքը հայերի եւ Հայաստանի նկատմամբ, ուր նախկինում նա չէր եղել։ Այցի ընթացքում խոսնակ Փելոսին հստակ ուղերձներ հնչեցրեց ՀՀ կառավարությանը հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու համատեքստում, որոնցից ամենակարեւորը, թերեւս, այն էր, որ հայկական կողմը նախ ինքը պետք է հասկանա, թե ինչ է ուզում եւ այնուհետեւ դա քննարկի ԱՄՆ իշխանությունների հետ։ Այսինքն՝ հստակ առաջարկներ պետք է փոխանցվեն ՀՀ կառավարության կողմից ԱՄՆ իշխանություններին, եթե նման ցանկություն կա։
Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=323
[1] Nancy Pelosi, full bibliography, https://pelosi.house.gov/biography-0, (26.09.2022).
[2] Eshoo Statement on Congressional Delegation to Armenia, https://eshoo.house.gov/media/press-releases/eshoo-statement-congressional-delegation-armenia, (26.09.2022).
[3] Nancy Pelosi Condemns Azerbaijan Over Armenia Attack, https://time.com/6214465/pelosi-condemns-azerbaijan-over-armenia-attack/, (26.09.2022).
[4] Speaker Pelosi Remarks at Address on U.S. Commitment to Armenia’s Security and Democracy, https://am.usembassy.gov/speaker-pelosi-cafesjian/, (26.09.2022).