ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Դոնալդ Թրամփի հաղթանակի համար զգալի ազդեցություն ունեին ԱՄՆ-ում տարբեր կրոնական խմբերի հարող ընտրողները, հատկապես՝ քրիստոնյաները։ Նման պատկեր էր նաև 2020-ի ընտրությունների պարագայում։ 2024թ. ընտրություններին ընդառաջ, ԱՄՆ «Pew Research Center» ընկերությունը իրականացրել էր հետազոտություն՝ պարզելով, որ Թրամփի աջակցությունը հիմնական կրոններին հարող անձանց շրջանում զգալիորեն մեծ է, մասնավորապես՝ սպիտակ ավետարանական բողոքականների 82%-ն էր այդ կարծիքին, սպիտակ կաթոլիկների՝ 61%-ը և ոչ ավետարանական բողոքականների՝ 58%-ը։ Միևնույն ժամանակ, անգամ ավետարանականների շրջանում Թրամփը առավել մեծ աջակցություն է վայելում այն անձանց շրջանում, որոնք առավել շատ են այցելում եկեղեցի՝ առնվազն ամիսը մեկ կամ երկու անգամ։ Ընտրությունների արդյունքները հաստատեցին այս տվյալները, քանզի քրիստոնյաների ընտրողների քվեները դարձան վճռորոշ Թրամփի հաղթանակի համար։ Թրամփի ընտրազանգվածի մոտ 72%-ը քրիստոնյաներ են, և քրիստոնյաների 56%-ը իրենց ձայնը տվեցին նախագահ Թրամփին։
ԱՄՆ-ում կրոնական մեծամասնություն են կազմում հենց քրիստոնյաները, և, բնականաբար, նրանք մեծ ազդեցության լծակների են տիրապետում։ Ավանդաբար հանրապետականները առավել մեծ աջակցություն են վայելել քրիստոնյաների շրջանում, և նախագահ Թրամփը շարունակում է ստանալ ու առավել ամրապնդել այդ աջակցությունը։ Պատահական չէ, որ Թրամփի քաղաքական թիմի գրեթե բոլոր անդամները ընդգծված հավատի տեր քրիստոնյաներ են։ Սակայն առաջին հերթին անդրադառնանք հենց նախագահ Թրամփի կրոնական հայացքներին։
Նախագահ Թրամփը տարիներ շարունակ նշել է, որ Պրեսբիտերական եկեղեցու հետևորդ է, որը Բողոքականության առանձին ճյուղ է, սակայն 2020թ. նախագահ Թրամփը պաշտոնապես հայտարարեց իր կրոնական ուղղության փոփոխության մասին՝ դառնալով ոչ դավանական քրիստոնեության հետևորդ (“non-denominational Christian”)։ Նախագահ Թրամփի համար կրոնական գաղափարներն այնքան կարևոր են, որ նա անգամ նշել է, թե Քովիդ-19-ի համավարակի ժամանակ, երբ ինքն ու իր կինը՝ Մելանյա Թրամփը, չէին կարողանում այցելել եկեղեցիներ՝ ինչպես նախկինում, առցանց էին միանում եկեղեցական ծեսերին, ինչպես միլիոնավոր ամերիկացիներ։ 2024-ին նախագահ ընտրվելու ընթացքում կրոնը նույնպես կենտրոնական թեմաներից մեկն էր Թրամփի համար։ Անգամ իր դեմ իրականացված մահափորձից հետո Թրամփը նշեց, որ իրեն շատերն են ասել, որ «Աստված իմ կյանքը խնայեց մի պատճառով՝ երկիրը փրկելու և ԱՄՆ-ին իր նախկին հզորությանը վերադարձնելու համար»։ Ըստ էության, Թրամփի ընտրարշավի կենտրոնական թեմաներից մեկը դարձավ այն գաղափարը, որ ինքը Աստծու ընտրյալն է, ինչը նաև վերահաստատում էին Թրամփի աջակից և ազդեցիկ ավետարանականները։ Նախագահ դառնալուց հետո Թրամփը նշեց, որ «պետք է վերականգնենք կրոնի կարևորությունը. մենք պետք է այն ավելի հզորացնենք»։ Իր նախագահական հրամանագրերից մեկով էլ Թրամփը ստեղծեց Սպիտակ տան «Հավատի գրասենյակը», որը, ըստ հրամանագրի, պետք է վերացնի «հակաքրիստոնեական կողմնակալությունը», որն ըստ որոշ քրիստոնյա աջակիցների՝ առկա էր Բայդենի վարչակազմի օրոք։
Հետաքրքրական է նաև Թրամփի ընտանիքի անդամների կրոնական կողմնորոշումները։ Թրամփի ընտանիքի անդամների մեծամասնությունը քրիստոնյա է, բացառությամբ ավագ դուստր Իվանկա Թրամփի, որը, թերևս, այսօր Ամերիկայի ամենահզոր հրեա կինն է համարվում՝ ամուսնացած լինելով ուղղափառ հրեա Ջարեդ Քուշների հետ։ Նախագահ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը կաթոլիկ եկեղեցու հետևորդ է, որը նշանակում է, որ նա երկրորդ կաթոլիկ առաջին տիկինն է Սպիտակ տանը Ժակլին Քենեդուց հետո (կաթոլիկ Ջո Բայդենի կին Ջիլ Բայդենը կաթոլիկ եկեղեցու հետևորդ չէր):
Դոնալդ Թրամփի և Մելանյա Թրամփի միակ որդին՝ Բարոն Թրամփը, մկրտվել է կաթոլիկ եկեղեցում, ինչը ենթադրում է, որ կաթոլիկությունը եղել է նրա վաղ հոգևոր ձևավորման մի մասը: Թրամփի մյուս երկու որդիները՝ Դոնալդ Թրամփ կրտսերը և Էրիկ Թրամփը, ինչպես նաև կրտսեր դուստր Թիֆանի Թրամփը ամենայն հավանականությամբ քրիստոնեական հավատի հետևորդներ են, բայց չկա որևէ տեղեկատվություն առ այն, թե քրիստոնեական որ եկեղեցուն են նրանք հարում։
Թրամփի վարչակազմի կրոնական կազմը. վարչակազմի կաթոլիկ անդամները
Հաշվի առնելով նախագահ Թրամփի համար կրոնի կարևորության հարցը՝ նրա վարչակազմի անդամները ևս խոր հավատացյալներ են։ Վարչակազմի անդամների մեծ մասը քրիստոնեության կաթոլիկ և բողոքական եկեղեցիների հետևորներդ են, սակայն կան նաև հինդուիզմի, հուդայականության և այլ կրոնների հետևորդներ։ Թրամփի ներկայիս վարչակազմում նկատելի է հետաքրքրական պատկեր. եթե Թրամփի նախկին վարչակազմում կարևոր պաշտոնները զբաղեցնում էին քրիստոնեության ավետարանական ուղղության հետևորդները, ինչպիսիք էին փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն, ապա ներկայիս վարչակազմում պաշտոնյաների մեծամասնությունը կազմում են կաթոլիկները։ Այնպիսի կարևորագույն պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաները, ինչպիսիք են փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ջոն Ռաթքլիֆը, առողջապահության և մարդկային ծառայությունների քարտուղար Ռոբերտ Քենեդի կրտսերը, տրանսպորտի քարտուղար Շոն Դաֆին, կրթության քարտուղար Լինդա Մակմենը, աշխատանքի քարտուղար Լորի Չավեսդե Ռեմերը, փոքր բիզնեսի կառավարման ադմինիստրատոր Քելլի Լոֆլերը կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են։ Անդրադառնանք ոմանց առավել մանրամասնորեն։
Փոխնախագահ Վենսը նախկինում քրիստոնեական որևէ ուղղության հետևորդ չի եղել, թեև քրիստոնյա է։ Այնուամենայնիվ, 2019թ. կնքվել է որպես կաթոլիկ՝ իր հարցազրույցներից մեկում նշելով. «Երբ ես սկսեցի ավելի շատ հետաքրքրվել հավատով, սկսեցի մաքուր էջից և նայեցի եկեղեցուն, որն ինձ ամենաշատը գրավեց ինտելեկտուալ առումով»։ Թեև փոխնախագահ Վենսի կինը՝ Ուշան, հինդուիզմի հետևորդ է, այնուամենայնիվ, վերջինս աջակցում է ամուսնու որոշմանը՝ նշելով որ կաթոլիկություն ընդունելու Վենսի որոշումը ճիշտ էր նրա համար։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կրոնական պատկանելության պատմությունը մի փոքր ավելի խճճված է. մանուկ հասակում մկրտված լինելով հռոմեական կաթոլիկ եկեղեցում՝ Ռուբիոյի մայրը դարձել է Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու անդամ (մորմոն) Նևադայում, որտեղ Ռուբիոն կրկին մկրտվել է 8 տարեկանում: Այնուամենայնիվ, կարճ ժամանակ անց՝ 13 տարեկանում, Ռուբիոն, վերադառնալով Մայամի, նորից սկսում է հաճախել կաթոլիկ եկեղեցի: Հայտնի է նաև, որ Ռուբիոն հաճախել է բողոքական ավետարանական ծառայությունների: Սակայն այժմ Ռուբիոն ընդգծված կաթոլիկ է:
Առողջապահության և մարդկային ծառայությունների քարտուղար Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը հրաժարվեց նախագահական արշավից՝ աջակցելու Թրամփի վերընտրմանը, կաթոլիկ եկեղեցու հետևորդ է։ Վերջինս, խոսելով այդ մասին իր հարցազրույցներից մեկում, նշել է, որ հավատը իր մանկության մեծ մասն է կազմել. «Մենք ասում էինք «տեր ողորմյա» առնվազն օրը մեկ անգամ, հաճախ օրը երեք անգամ… Մենք աղոթում էինք ամեն ճաշից առաջ և հետո: Ամեն գիշեր կարդում էինք Աստվածաշունչը, կարդում էինք սրբերի կյանքի մասին: Մենք գնում էինք եկեղեցի, երբեմն օրը երկու անգամ»: Քենեդի կրտսերը 20 տարեկանում վերադարձել է իր հավատին, երբ նա պայքարում էր թմրամոլության դեմ:
Կրթության քարտուղար Լինդա Մակմենը շատ չի խոսում իր դավանանքից, այնուամենայնիվ, պարզ է դարձել, որ նա կաթոլիկություն է ընդունել բապտիստական դաստիարակություն ստանալուց հետո։ Փոքր բիզնեսի կառավարման ադմինիստրատոր Քելլի Լոֆլերը նույնպես կաթոլիկ եկեղեցու հետևորդ է, որը իրեն անվանել է «կյանքի կողմնակից, քրիստոնյա պահպանողական», բարեպաշտ կաթոլիկ է։
Թրամփի վարչակազմի բողոքական անդամները
Թրամփի վարչակազմի անդամներից շատերը բողոքականության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ են։ Մասնավորապես, գանձապետարանի քարտուղար Սքոթ Բեսենթը ԱՄՆ վարչակազմի պատմության վերջին մի քանի հարյուրամյակներում առաջին ակտիվ ֆրանսիացի հուգենոտն է։ Բեսենթը, որը Հարավային Կառոլինա նահանգից է, այցելում է այնտեղի Չառլսթոնի ֆրանսիական բողոքական (հուգենոտ) եկեղեցին։ Ներքին գործերի քարտուղար Դագ Բըրգըմը իր կրոնական պատկանելության մասին խոսելիս նշել է, որ մեծացել է որպես մեթոդիստ, և որ հավատը շատ կարևոր է եղել իր համար կյանքի դժվար փուլերին, երբ մահացել են իր հայրը, մայրը, ավագ եղբայրը, հավատը իրեն օգնել է առաջ շարժվել։
Թրամփի վարչակազմի մյուս անդամը, որին կարելի է դասել բողոքականների թվին, պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթն է։ Վերջինս նշել է, որ քրիստոնեական հավատը իր համար շատ կարևոր նշանակություն է ստացել 2018թ.՝ Իրաքում և Աֆղանստանում իր ծառայությունից հետո։ Ինչ վերաբերում է կոնկրետ կրոնական ուղղությանը, ապա հայտնի է հետևյալը. Հեգսեթը տեղափոխվել է Նյու Ջերսի 2023թ. և դարձել մի եկեղեցու անդամ, որը ծագում է 20-րդ դարի քրիստոնեական վերակառուցման շարժումից։ Այս ուղղությունը համարվում է Ավետարանականության ճյուղ։ Երբ հայտնի դարձավ Հեգսեթի՝ պաշտպանության քարտուղար դառնալու մասին, վերջինիս կրոնական հովիվը հրապարակում էր արել՝ նշելով, որ Հեգսեթն ու իր ընտանիքը «Pilgrim Hill Reformed Fellowship» եկեղեցու անդամներն են, իսկ այս եկեղեցին կապված է քրիստոնեական վերակառուցման շարժման հետ։
Հետաքրքրական է նաև վետերանների քարտուղար Դուգ Քոլինզը, որը հարավային բապտիզմի հետևորդ է։ Վերջինս անգամ ծառայել է որպես ավագ հովվապետ բապտիստական եկեղեցում և կրթություն ստացել Նյու Օռլեանի Աստվածաբանական սեմինարիայում։
ԱՄՆ բնակարանաշինության և քաղաքաշինության քարտուղար Սքոթ Թըրները նույնպես քահանա է Փրեսթոնվուդ բապտիստական եկեղեցում։ Թըրները առաջին սևամորթ և երրորդ հարավային բապտիստ թեկնածուն է՝ նշանակված նախագահ Թրամփի կողմից։
Բողոքականների թվում են նաև ներքին անվտանգության քարտուղար Քրիսթի Նոեմը, որը շատ հաճախ է խոսում իր կյանքում հավատի դերի մասին, և Սպիտակ տան առաջին կին աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսը, որը շատ քիչ է խոսում իր հավատի մասին և միայն «Politico»-ում տպագրված հոդվածից հայտնի է դառնում, որ վերջինս եպիսկոպոսական եկեղեցու հետևորդ է, որը թեև նման է և՛ կաթոլիկությանը, և՛ բողոքականությանը, բայց վերջինիս հետ ընդհանրություններն առավել շատ են, այդ իսկ պատճառով Ուայլսին ևս կդասակարգենք բողոքականների թվին։
Թրամփի վարչակազմի հուդայական անդամները
Թրամփի վարչակազմից երկուսը առանձին ներկայացուցիչներով ազգությամբ հրեա են և հուդայականության հետևորդ։ Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ադմինիստրատոր Լի Զելդին, որը ազգությամբ հրեա է, ինչպես նաև առևտրի քարտուղար Հովարդ Լութնիկը, որը հրեական արմատներ ունեցող միլիարդատեր է։ Լութնիկը հրեական և իսրայելական խնդրի ծանրքաշային նվիրատու է։ Վերջինս հայտնի է նրանով, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում նա 75 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքել Թրամփի նախընտրական արշավի համար՝ չհաշված 10 միլիոն դոլարը, որը նա անձամբ է նվիրաբերել: Մի հետաքրքրական փաստ ևս նրա մասին. օգոստոսին նա 130 ընկերների է հրավիրել Հեմփթոնսի իր տուն և այդ գիշերվա ընթացքում հավաքել 15 միլիոն ԱՄՆ դոլար՝ Թրամփի նախընտրական քարոզարշավի համար:
Թրամփի վարչակազմի հինդու հավատացյալները
Հինդուիզմի հետևորդները ԱՄՆ վարչակազմում երկուսն են՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Կաշ Պատելը և Ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբբարդը։ Սակայն երկուսի կրոնական ուղիները տարբերվում են։ Պատելը ծնվել է հինդուիզմ դավանող ընտանիքում, իսկ Գաբբարդը ընդունել է կրոնը դեռահաս տարիքում և դարձրել իր ինքնության կենտրոնական մաս։ Ինքը՝ Գաբբարդը, նշում է, որ Աստծու հետ հարաբերությունները իր կյանքի կենտրոնական մասն են։
Թրամփի վարչակազմի մորմոն հավատացյալը
Թրամփի վարչակազմում նշանակվել է վերջին մի քանի տարիներում նաև առաջին մորմոն վարչակազմի անդամը՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։ Մինչ նրա նշանակումը, վերջին մորմոն պաշտոնյան նշանակվել էր 2009-ին՝ առողջապահության և մարդկային ծառայությունների քարտուղարի պաշտոնում։ Գրիրը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցուն պատկանող միակ անդամն է, որը պաշտոնի է նշանակվել Թրամփի կողմից իր վարչակազմում։
Կրոնական պատկանելությունը կամ քրիստոնեական ուղղությունը չհստակեցրած ԱՄՆ վարչակազմի անդամները
Դոնալդ Թրամփի վարչակազմում կան նաև անդամներ, որոնք քրիստոնյա են, սակայն հստակ չէ, թե քրիստոնեական որ ուղղության հետևորդներ են նրանք։ Նրանց թվում են Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն Ռասել Վութը, որը ինքն իրեն բնորոշում է որպես քրիստոնյա ազգայնական։ Վութը Ամերիկայի նորացման կենտրոնի հիմնադիրն է. կազմակերպություն, որը դեմ է ռասայի քննադատական տեսությանը և պաշտպանում է Ամերիկան՝ որպես «Աստծու հովանու տակ գտնվող ազգի» գաղափարը։ Մանկության տարիներին նա հաճախել է ավետարանական քրիստոնեական դպրոց: Վարչակազմում նա ոչ միայն փորձում է փոխել նախագահության գործելաոճը, այլ նաև փորձել է այնտեղ ներդնել քրիստոնեական ազգայնականությունը:
Անհայտ է նաև գյուղատնտեսության քարտուղար Բրուք Ռոլինսի կրոնական ուղղության պատկանելությունը, թեև նա քրիստոնյա է և հաճախ սոցիալական ցանցերում կիսվում է քաղաքականության մեջ հավատի դերի մասին իր համոզմունքներով:
Սակայն Թրամփի վարչակազմում կան այնպիսի անդամներ, որոնց կրոնական պատկանելության մասին տեղեկատվությունը բացակայում է, ինչպես, օրինակ՝ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին և ԱՄՆ էներգետիկայի քարտուղար Քրիս Ռայթը։ Թեև գլխավոր դատախազի հատուկ կրոնական պատկանելությունը հաստատող վերջնական հրապարակային հայտարարություն չկա, իր կարիերայի ընթացքում նա կապեր է ունեցել Սայենթոլոգիայի եկեղեցու հետ, որը երբեմն բնութագրվում է որպես աղանդ, բիզնես կամ որպես նոր կրոնական շարժում։ Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփի նշանակմամբ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին կգլխավորի հակաքրիստոնեական կողմնակալության աշխատանքային խումբը: Ըստ Թրամփի՝ այս աշխատանքային խումբը «կաշխատի մեր հասարակության մեջ հակաքրիստոնեական բռնության ու վանդալիզմի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար և ամեն անհնարինը կանի՝ պաշտպանելու քրիստոնյաների և կրոնական հավատացյալների իրավունքները ամբողջ երկրում»։
Ամփոփելով կարելի է նկատել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների մեծամասնությունը ունի հստակ արտահայտված կրոնական կողմնորոշում։ Դա պատահական չէ նաև այն առումով, որ Թրամփի ընտրազանգվածի մեծամասնությունը հենց քրիստոնյա հավատացյալներ են։ Նման պատկեր մենք արձանագրել էինք նաև Դոնալդ Թրամփի նախկին վարչակազմի պարագայում՝ նշելով, որ «Հայաստանը՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ և ազգ, որն ունի նման հարուստ քրիստոնեական ժառանգություն, որի պաշտպանության համար այդքան արյուն է թափվել, արդեն իսկ ունի բնական առավելություն», որը կարելի է օգտագործել ի շահ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների։ Այս դիտարկումը շարունակում է ավելի քան արդիական մնալ՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետական վարչակազմերի հետ հարաբերությունների կառուցումն առավել բարդ է տրվում ՀՀ ներկայիս իշխանություններին։
Ուստի, Թրամփի վարչակազմի հետ առավել սերտ և ջերմ հարաբերություններ կառուցելու համար կարելի է նաև օգտագործել կրոնի խաղաքարտը՝ փորձելով, օրինակ, կապ հաստատել ԱՄՆ քրիստոնյա-պահպանողական համայնքի հետ, պետական մակարդակով շեշտելով այս հարաբերությունների և քրիստոնեության կարևորության հանգամանքը։
Originally published by LUYS foundation