Ի՞նչ սպասել ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից

Ի՞նչ սպասել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմից արտաքին քաղաքականության ոլորտում հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել վերջինիս դիրքորոշումներն ու հայտարարություններն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, որոնք Բայդենն արել է սենատոր (արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ), ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու եղած ժամանակահատվածում։

Բայդենի մտադրությունների և արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին կարելի է հիմնական դատողություններն անել՝ ուսումնասիրելով նրա կողմից հեղինակած «Ինչու՞ Ամերիկան պետք է նորից առաջնորդի․ փրկելով ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Թրամփից հետո» հոդվածը։ Հոդվածում Ջո Բայդենը կարևորում է այն, որ ԱՄՆ-ը պետք է ապացուցի, որ կարող է նորից առաջնորդի դիրքերը ստանձնել ոչ միայն իրենց ուժի օրինակով, այլև իրենց օրինակի ուժով։ Բայդենը, ի տարբերություն Թրամփի, առաջնահերթություն է տալիս ժողովրդավարական արժեքներին և ծրագրել է իր նախագահության առաջին տարում կազմակերպել «Ժողովրդավարության համաշխարհային գագաթնաժողով», որտեղ կմիավորվեն աշխարհի ժողովրդավարությունները ամրացնելու ժողովրդավարական ինստիտուտները։ Բայդենը նպատակ ունի իր արտաքին քաղաքական օրակարգով ԱՄՆ-ին վերադարձնել «սեղանի գլուխը»՝ մի դիրք, որտեղից վերջինս կաշխատի իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ համախմբելու միացյալ ջանքերը գլոբալ մարտահրավերների շուրջ։ Բայդենի կարծիքով, եթե ԱՄՆ-ը շարունակի Թրամփի՝ պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությունը, ապա կա՛մ ինչ-որ մեկը կզբաղեցնի ԱՄՆ-ի դիրքերը, կա՛մ ոչ ոք չի զբաղեցնի, ինչի հետևանքով քաոս կստեղծվի։ Երկու սցենարն էլ, ըստ նրա, ձեռնտու չէ Ամերիկային։

Բայդենի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին դատողություններ նաև կարելի է անել իր վարչակազմի արդեն իսկ հայտնի նշանակված անդամներից (որոնք դեռևս պետք է հաստատվեն Սենատի կողմից), նրանց թվում հատկապես կարևոր է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Վերջինս աշխատել է Բիլ Քլինթոնի վարչակազմում, այնուհետև երկար տարիներ եղել է Բայդենի գլխավոր խորհրդականներից մեկը, երբ Բայդենը դեռ սենատոր էր։ 2013թ․- ից սկսած Բլինկենը եղել է Օբամայի վարչակազմում` 2013-2015թթ․՝ Ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ, իսկ 2015-2017թթ․՝ պետքարտուղարի տեղակալ։ Բլինկենը առանցքային դերակատարում է ունեցել Իրանի հետ միջուկային պայմանագրի շուրջ բանակցություններում։

Օբամայի վարչակազմում իր աշխատանքի տարիներին Բլինկենը կողմ է եղել Սիրիայում առավել մեծ ներգրավվածությանը և հավատացած է, որ դիվանագիտությունը պետք է «լրացնել զսպմամբ» և «ուժը կարող է կիրառվել որպես անհրաժեշտ հավելյալ միջոց արդյունավետ դիվանագիտության համար»։ Ըստ Բլինկենի՝ «Սիրիայում ԱՄՆ-ը խելամտորեն ձգտեց խուսափել մեկ այլ Իրաքից՝ չափից շատ չգործելով, բայց տեղի ունեցավ հակառակ սխալը՝ շատ քիչ գործելը։» Բլինկենը Եվրոպան դիտարկում է որպես կարևորագույն գործընկեր, իսկ Գերմանիայից զորքերը դուրս հանելու Թրամփի ծրագրերը՝ որպես «հիմար քայլ․․․ որը կթուլացնի ՆԱՏՕ-ն, կօգնի Վլադիմիր Պուտինին և կվնասի Գերմանիային՝ Եվրոպայում ԱՄՆ ամենակարևոր գործընկերոջը»։

Բլինկենը գտնում է, որ ԱՄՆ-ը պետք է աշխատի իր գործընկերների հետ միջազգային պայմանագրերի և կազմակերպությունների շրջանակներում այնպիսի արտաքին քաղաքական կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են ահաբեկչությունը, կլիմայի փոփոխության հարցի շուրջ համագործակցությունը, համավարակի դեմ պայքարը, միջազգային առևտուրը, Չինաստանը, Իրանի միջուկային պայմանագիրը։

Իրան

Իրանի հետ հարաբերություններում առանցքային հարցերից մեկը Բայդենի վարչակազմի համար լինելու է 2015թ․ Օբամա-Բայդեն վարչակազմի օրոք ստորագրված «Գործողությունների համատեղ համապարփակ պլանը»՝ հայտնի որպես Իրանի միջուկային պայմանագիր, որից 2018թ․ նախագահ Թրամփը դուրս եկավ։ Այս քայլին Բայդենն արձագանքեց՝ նշելով, որ դա լիովին սխալ քայլ է, որի պատճառով ԱՄՆ-ը կմեկուսացվի բոլոր խոշոր դերակատարներից։ Ըստ Բայդենի՝ դա կթուլացնի ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունն ու ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունը՝ թույլ տալով Իրանին ստանալ ավելի շատ համաշխարհային աջակցություն՝ չանելով ոչինչ վերջինիս վտանգավոր գործողությունները Մերձավոր Արևելքում նվազեցնելու համար։

2019թ. Բայդենը հայտնել էր, որ Թրամփի քայլերի պատճառով խոր ճգնաժամ է առաջացել Տրանսատլանտյան հարաբերություններում՝ Իրանին ավելի մերձեցնելով Չինաստանի և Ռուսաստանի հետ։ Արդյունքում, ոչ թե Իրանն է դարձել առավել մեկուսացած, այլ ԱՄՆ-ը: Ըստ Բայդենի՝ ինչպես և կանխատեսվում էր, Իրանը վերսկսել է իր միջուկային ծրագիրը և դարձել առավել ագրեսիվ՝ տարածաշրջանը մոտեցնելով մեկ այլ կործանարար պատերազմի։ 2020թ. փետրվարին Բայդենը հայտարարեց, որ Թեհրանը պետք է վերադառնա պայմանագրի խստորեն կատարմանը։ Այդ պարագայում Բայդենը նշել էր, որ նախագահ դառնալուց հետո նորից է ցանկանում միանալ պայմանագրին և կաշխատի դաշնակիցների հետ ամրապնդելու և ընդլայնելու այն, եթե Իրանն ընդունի պայմանագրի իր խախտումները։

խտումները։ Այնուամենայնիվ, Բայդենի վարչակազմին այդքան էլ հեշտ չի լինի վերադառնալ պայմանագրին՝ չնայած Եվրոպայի աջակցելու պատրաստակամությանը։ Նախ, Կոնգրեսի շատ անդամներ ժամանակին հավանություն չեն տվել Իրանի հետ պայմանագիր կնքելու գաղափարին։ Նույնիսկ այն ժամանակ, երբ 2013թ․ միջանկյալ պայմանագիր կնքվեց, շատերը կողմ էին Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուն, որը, իհարկե, կոչնչացներ դեռ չկնքած պայմանագիրը։ Բայդենն ունի փորձառու թիմ՝ ծրագրելու հետագա անելիքները, և կարող է դիմել շատերի փորձին, ովքեր ներգրավված են եղել միջուկային պայմանագրի բանակցություններում։ Այնուամենայնիվ, դա հեշտ չի լինի։ Կոնգրեսում աջակցություն ձեռք բերելը հատկապես դժվար կլինի, երբ դեմոկրատները մեծամասնություն չկազմեն Սենատում։ Որպեսզի միջուկային պայմանագիրը ամուր հիմքերի վրա դրվի, անհրաժեշտ են երաշխիքներ, որ եթե Իրանը պայմանագրին հավատարիմ մնա, ապա ԱՄՆ-ը նույնպես դա կանի։

Այստեղ մեկ այլ կարևոր հարց էլ է բաց մնում՝ կապված «P5+1» միջուկային պայմանագրի մյուս անդամների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հարցով։ Միջուկային պայմանագրում ներառված են նաև այդ երկրները և ցանկացած բանակցություն Իրանի հետ պետք է ներառի նաև այդ պետություններին։ Այնուամենայնիվ, նրանց միջև հարաբերությունները այս չորս տարիների ընթացքում փոփոխվել են։ Մեծ Բրիտանիան լքել է ԵՄ-ն, Չինաստանի ազդեցությունն ավելի է մեծացել, իսկ Ռուսաստանն ավելի հաստատողական մոտեցում է ստանձնել։ Իրանի հետ էլ կարող են խնդիրներ առաջանալ, եթե ԱՄՆ-ն ավելին չառաջարկի փոխարենը։ Իհարկե, Իրանն այս առումով նաև առավելություն ունի, քանի որ հենց ԱՄՆ-ն է միակողմանիորեն դուրս եկել համաձայնագրից, և այս առումով Իրանն ավելի լավ բանակցային դիրքեր կարող է ունենալ, եթե ընդհանրապես համաձայնի բանակցել։ Իրանը, իր հերթին, պնդում է, որ ԱՄՆ-ը նախ և առաջ պետք է վերադառնա միջազգային իրավունքին և միջազգային պարտավորություններին՝ մինչև այլ քայլեր ձեռնարկելը։ Իրանը կվերադառնա պայմանագրին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը կանի նույնը։ Ավելին, ըստ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի՝ Իրանը ոչ մի դեպքում չի վերաբանակցի միջուկային պայմանագրի պայմանները․ «Եթե մենք ցանկանայինք դա անել, մենք կանեինք նախագահ Թրամփի հետ»,– նշել է նա։

Ռուսաստան

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցման Բայդենի տեսլականին, ապա պետք է նշել, որ այստեղ Բայդենի և Օբամայի տեսակետներում զգալի տարբերություն կա։ Բայդենի համար Մոսկվայի հետ ներկայիս հակամարտությունը Սառը պատերազմի հետգրությունն է, և ինչպես Սառը պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա, ըստ Բայդենի, այն պետք է ավարտվի Միացյալ Նահանգների հաղթանակով։ Իհարկե, Բայդենը ամբողջությամբ չի նույնականացնում Ռուսաստանը Խորհրդային Միության հետ: Որպես ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկարամյա նախագահ և ԱՄՆ-ի երկու ժամկետով ընտրված փոխնախագահ՝ նա գրեթե կես դար ներգրավված է եղել համաշխարհային գործերընթացներում: Բայդենը Մոսկվայի քաղաքականության նպատակը համարում է Արևմտյան երկրներին ներսից թուլացնելը՝ այնպիսի ինստիտուտների քայքայման միջոցով, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն։

Ըստ Բայդենի՝ Կրեմլը վախենում է ուժեղ ՆԱՏՕ-ից, իսկ ռուսական ագրեսիային հակազդելու համար նա կարծում է, որ անհրաժեշտ է ամուր պահել դաշինքի ռազմական կարողությունները՝ միաժամանակ ընդլայնելով նրա հնարավորությունները՝ հակազդելու ոչ ավանդական սպառնալիքներին, ինչպիսիք են կոռուպցիան զենք դարձնելու պրակտիկան (weaponization of corruption), ապատեղեկատվությունը և կիբեռհանցագործությունները: Բայդենի համոզմամբ՝ ԱՄՆ-ը պետք է կիրառի խիստ միջոցներ Ռուսաստանի նկատմամբ միջազգային նորմեր խախտելու համար և աջակցի Ռուաստանի քաղաքացիական հասարակությանը, որը շարունակաբար պայքարում է նախագահ Վլադիմիր Պուտինի «կլեպտոկրատական ավտորիտար համակարգի» դեմ։ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մեկ այլ կարևոր ոլորտ է սպառազինությունների վերահսկման հարցը։ «Ինչու՞ Ամերիկան պետք է նորից առաջնորդի» իր հոդվածում Բայդենը նշել է, որ կերկարաձգի «New START» պայմանագիրը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական կայունության խարիսխը, որն ինքը օգտագործելու է որպես սպառազինության վերահսկման պայմանավորվածությունների հիմք։ «New START»-ը Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի վերջին միջուկային զենքի պայմանագիրն է, որի երկարաձգմանը զուգահեռ՝ Բայդենը մտադիր է բանակցություններ սկսել նոր պայմանագրի շուրջ։ «New START»-ը, որը սահմանափակում է երկու երկրների ռազմավարական միջուկային զինանոցները, սպառվում է փետրվարին, բայց կարող է երկարաձգվել մինչև 5 տարի ժամկետով երկու երկրների համաձայնության պարագայում։ Թեև Թրամփի վարչակազմը մերժել է պայմանագիրը երկարաձգելու Մոսկվայի առաջարկը՝ առանց լրացուցիչ պայմանների, և համաձայնության չի եկել երկարացման շուրջ, Բայդենը պնդում է, որ պայմանագիրը շահավետ է ԱՄՆ-ի անվտանգության համար և պետք է երկարաձգվի, մինչ նոր պայմանագիր ձեռք բերվի։ Հաշվի առնելով Բայդենի դիրքորոշումը Պուտինի և Ռուսաստանի գործողությունների նկատմամբ՝ ամենայն հավանականությամբ, ՎաշինգտոնՄոսկվա հարաբերությունները կշարունակեն մնալ լարված, և սպառազինությունների վերահսկումը կարող է ԱՄՆ-ի և Կրեմլի միջև դառնալ արդյունավետ բանակցությունների հարթակներից մեկը։

Թուրքիա

Թուրքիայի հետ հարաբերությունները Բայդենի, ինչպես ԱՄՆ մյուս նախագահների համար կարող է գլխացավանք դառնալ, հաշվի առնելով հարաբերություններում առկա այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Անկարայի կողմից թուրք-իրաքյան սահմանով ամերիկյան զորքերի անցնելը թույլ չտալը 2003թ․, Օբամայի վարչակազմի օրոք երկկողմ սուր անհամաձայնությունները Սիրիայի հարցում, Թուրքիայի կողմից ռուսական օդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելը՝ չնայած ՆԱՏՕ-ին անդամակցությանը և բազմաթիվ այլ հարցեր։

Որպես փոխնախագահ՝ Բայդենը 4 պաշտոնական այց է կատարել Թուրքիա 2011-2016թթ․ ընթացքում։ Էրդողանի հետ հարաբերություններում հատկապես խնդրահարույց հարցերից, որոնց առնչվել է Բայդենը, եղել են Հյուսիսային Սիրիան, պայքարն Իսլամական պետության (ԻՊ) դեմ և ԱՄՆ-ի ռազմական ու լոգիստիկ աջակցությունը քուրդ զինյալներին։ Սակայն, Թրամփի օրոք Էրդողանը ստացավ կանաչ լույս Հյուսիսային Սիրիա ներխուժելու համար 2019թ․ հոկտեմբերին։ Թուրքական զորքերը տեղաբաշխվեցին այնտեղ՝ սահմանակցելով քրդական ուժերին, որոնց Անկարան դիտարկում է որպես ահաբեկչական ուժեր, իսկ Վաշինգտոնը՝ դաշնակիցներ։ Էրդողանը հաճախ մեղադրում էր Օբամայի վարչակազմին մի ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու մեջ՝ մեկ այլ ահաբեկչական կազմակերպությանը պարտության մատնելու համար՝ հայտնելով, որ ԱՄՆ վարչակազմը զենքով է ապահովում քուրդ զինյալներին ԻՊ-ի հետ կռվելու նպատակով։ Բայդենի նախագահության ընթացքում Էրդողանը անհանգստանալու առիթ կունենա Վաշինգտոնի և Սիրիայի քրդերի միջև առավել սերտ կապերի առնչությամբ։ Բայդենի քաղաքական կարիերան նշմարում է աջակցություն այն խմբերին և երկրներին, որոնց Թուրքիան ավանդաբար վերաբերվում է թշնամանքով։ Հոկտեմբերին Բայդենի նախընտրական շտաբը հրապարակեց «Ջո Բայդենի տեսլականը Ամերիկայի հույների և ԱՄՆ-Հունաստան հարաբերությունների մասին» պաշտոնական հայտարարությունը, որտեղ արվել են հետևյալ դիտարկումները․ «Բայդենը երկար ժամանակ հակառակվել է Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի օկուպացմանը և աջակցել համընդգրկուն կարգավորմանը՝ միավորելու կղզին որպես երկգոտի, երկու համայնքներով դաշնություն քաղաքական հավասարությամբ․․․ Ջո Բայդենը կաշխատի ԱՄՆ-ին մոտ կանգնած դաշնակից Հունաստանի հետ՝ Միջերկրականում կայունության խթանման համար։ Ի տարբերություն նախագահ Թրամփի՝ Ջո Բայդենը ուշադրության կենտրոնում կպահի Թուրքիայի պահվածքը, որը խախտում է միջազգային իրավունքը կամ հակասում է որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի իր հանձնառություններին»։

Վաշինգտոն-Անկարա առանցքում կա մեկ այլ ավանդական խնդրահարույց հարց՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ 2020թ․ ապրիլին Բայդենը խոստացավ ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մի քայլ, որը նախորդ նախագահները տարիներով խուսափել են անել։ 2020թ․ ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ Բայդենը նշել էր․ «Ընտրվելու դեպքում ես խոստանում եմ աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը, և համընդհանուր մարդու իրավունքները առաջնահերթություն կդառնան իմ վարչակազմի համար»։ Ցեղասպանության հարցը գուցե դառնա Բայդենի օրոք ԱՄՆԹուրքիա հարաբերությունների առաջին ցնցման փորձը, քանի որ 2021թ․ ապրիլին հայկական սփյուռքը կհիշեցնի նրան իր խոստման մասին։

Բայդենի քննադատական մոտեցումը Էրդողանի նկատմամբ ակնհայտ է, և պաշտոնը ստաձնելիս նա նաև կառերեսվի Կոնգրեսի կողմից ճնշմանը Թուրքիայի նկատմամբ պատժամիցոցներ կիրառելու խնդրին՝ վերջինիս կողմից S400 հրթիռային համակարգերը ձեռք բերելու և փորձարկելու համար։ Այսպիսով, մինչ Բայդենը քայլեր կձեռնարկի Թուրքիային ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ից չհեռացնելու հարցում, Թուրքիան պետք է ակնկալի Արևելյան Միջերկրականի իր օրակարգի նկատմամբ Վաշինգտոնի մարտահրավերին։

Հարավային Կովկաս

ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ Բայդենի վարչակազմի օրոք լուրջ փոփոխությունների չի ենթարկվի։ Ստատուս քվոյի պահպանումը կլինի այս տարածաշրջանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության ամենահավանական ընթացքը։ Չնայած Ղարաբաղյան պատերազմը որոշ ուշադրություն սևեռեց Հարավային Կովկասի վրա, այնուամենայնիվ սա այն տարածաշրջանն է, որտեղ ԱՄՆ-ն արտաքին քաղաքական առումով լուրջ ներգրավվածություն չունի։ ԱՄՆ-ի վարչակազմերի համար Հարավային Կովկասում անկյունաքար է հանդիսանում Վրաստանը, որով Թբիլիսին դարձել է ԱՄՆ-ի կարևոր դիվանագիտական և անվտանգային գործընկեր տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, ամերիկյան կողմում չի նկատվում ձգտում մոտակա ժամանակները Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ վերջնական որոշում կայացնելու հարցում։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը նույնպես այնքան էլ հավանական չէ այս փուլում։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Բայդենի քաղաքականությանը՝ այն կբնորոշվի հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Բայդենի նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարություններով։ Իր առաջին հայտարարության մեջ Բայդենը նշել էր, որ Թրամփի վարչակազմը պետք է ներգրավվի խնդրի խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահերի հետ, ինչպես նաև շեշտել, որ երրորդ երկրները պետք է զերծ մնան ներգրավվելուց, որպեսզի այն չվերաճի առավել մեծ տարածաշրջանային հակամարտության։ Իր հաջորդ հայտարարության մեջ Ջո Բայդենը կոչ է արել ԱՄՆին «դադարեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը Լեռնային Ղարաբաղում, կիրառել 907-րդ բանաձևը՝ Բաքվին օգնության տրամադրման արգելքը և դադարեցնել ռազմամթերքի հոսքը Ադրբեջան»։ Չնայած այն ակնկալիքներին, որ Բայդենի օրոք Հայաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը ավելի բարենպաստ կլինի, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Փոփոխությունը կարող է լինել վերաբերմունքային, սակայն, ընդհանուր առմամբ, շարունակելու է Հայաստանը դիտարկել բարձր առաջնահերթություն ունեցող պետություն, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը՝ որպես ռազմավարական դաշնակից։

Ելնելով վերոգրյալից՝ կարելի է հանգել մի քանի կարևոր եզրահանգումների.

Նախ, Բայդենի արտաքին քաղաքականությունը լինելու է առավել նախաձեռնողական, ագրեսիվ և ակտիվ։ Առաջնահերթություն է տրվելու մարդու իրավունքների պաշտպանությանը աշխարհի տարբեր պետություններում, ինչը ԱՄՆ-ը կարող է օգտագործել որպես լծակ՝ ցանկացած պետության հետ փոխհարաբերություններ կառուցելիս։ Բայդենի արտաքին քաղաքականությունը լինելու է նրա վարչակազմի համար ամենակարևոր առաջնահերթություններից մեկը՝ նպատակ ունենալով վերականգնել ԱՄՆ ազդեցությունը միջազգային օրակարգում։ Արտաքին քաղաքականության իմպլեմենտացիան իրականացվելու է՝ հաշվի առնելով այնպիսի կարևոր սկզբունքներ, ինչպիսիք են ԱՄՆ գլոբալ առաջնորդությունը և միակ գլոբալ գերտերության կարգավիճակի պահպանումը (համաշխարհային առաջնորդության դերակատարման վերականգնումը)։ Այս առումով Բայդենի PR թիմի կողմից կրկին կսկսվի առավել ակտիվ օգտագործվել և շրջանառվել «The leader of the free world» («Ազատ աշխարհի առաջնորդ») եզրույթը, ինչը Թրամփի քաղաքականության նկարագրությանը չէր համապատասխանում, հետևաբար չէր կիրառվում վերջին 4 տարիների ընթացքում։

ԱՄՆ-ը Բայդենի օրոք Իրանի և Ռուսաստանի նկատմամբ մեծ հավանականությամբ շարունակելու է զսպման քաղաքականությունը, որքան էլ որ փորձեր կատարվեն երկու պետությունների հետ էլ կառուցել նոր բովանդակության հարաբերություններ։ Ցանկացած պարագայում Վաշինգտոնը Ռուսաստանին դիտարկելու է որպես իր հիմնական մրցակիցներից, իսկ Իրանին՝ հիմնական ախոյաններից մեկը։ Թուրքիայի նկատմամբ թեև հնարավոր է առավել կոշտ հռետորաբանության կիրառում, սակայն մակերեսային սանկցիաներից զատ լուրջ ճնշումներ հազիվ թե կիրառվեն։ Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ պահպանվելու են հիմնական քաղաքական առաջնահերթությունները։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա ԱՄՆ քաղաքականության փոփոխություն դժվար թե տեղի ունենա, գուցե դիրքորոշման վերաբերյալ լինեն որոշ հստակեցումներ և շտկումներ՝ հաշվի առնելով նոր իրողությունները, այդ թվում՝ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ներկայությունը Արցախի տարածքում, ինչպես նաև Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը և ուղղակի ներգրավվածությունը պատերազմական գործողություններում։ Սակայն ԱՄՆ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում այնքան էլ մեծ չէ, որպեսզի ակտիվ քաղաքականության կիրառմամբ ԱՄՆ-ը կարողանա լուրջ փոփոխություններ իրականացնել «գետնի վրա» ձևավորված իրավիճակում։

Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=199

Կիսվել՝