Ի՞նչ է անում Թրամփը ամերիկյան փափուկ ուժի հետ

Պետություններն իրենց արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի ընթացքում կիրառում են մի շարք գործիքներ։ Այդ գործիքները կարելի է պայմանականորեն բաժանել կոշտ և փափուկ ուժի գործիքների։ Կոշտ ուժի գործիքների թվին են պատկանում, օրինակ, ռազմական ուժը և տնտեսական պատժամիջոցները։ Փափուկ ուժի գործիքները նպատակ ունեն երկիրը և իր արժեքները դարձնել գրավիչ մյուսների համար, և դրա համար կարող են կիրառվել սեփական արվեստի ճյուղերը, խոհանոցը, սպորտը և այլ մշակութային արժեքներ։ Փափուկ ուժը կիրառվում էր «Սառը պատերազմի» ընթացքում, երբ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը տարածում էին իրենց մշակութային, տնտեսական և քաղաքական արժեքները։ ԽՍՀՄ-ը, օրինակ, մեծ ներդրումներ էր անում քարոզչության արշավներում և ամենատարբեր երկրների սոցիալիստական երիտասարդական շարժումներում։ Արդյունավետ գործիք էր դարձել նույնիսկ մրցակցությունը տիեզերքը ուսումնասիրելու գործում: Գագարինի՝ դեպի տիեզերք թռիչքի շռնդալից քարոզչությանն ի պատասխան՝ ԱՄՆ կառավարությունը ազգային տիեզերական ծրագրի շրջանակներում վայրէջք իրականացրեց Լուսնի վրա:

Պաշտոնական Վաշինգտոնը նույնիսկ աջակցում էր հոլիվուդյան այն ֆիլմերի արտադրությանը, որոնք պատկերում էին ամերիկյան զինվորականներին, ֆինանսավորում էր սպորտային այնպիսի նախաձեռնություններ, որոնք միտված էին հենց խորհրդային չեմպիոններին հաղթելուն։ Կառավարությունների համար տրամաբանությունը պարզ էր՝ ավելի հեշտ է աշխատել նրանց հետ, ովքեր քեզնով հիանում և հարգում են:

Փափուկ ուժ եզրույթի հեղինակը ԱՄՆ քաղաքագետ և Պաշտպանության քարտուղարի միջազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոզեֆ Նայն է։ 1990-ին տպագրված իր հոդվածում Նայը առանձնացրեց կոշտ, փափուկ և այսպես կոչված համաներգրավող ուժ հասկացությունները։ Նայը դա բնութագրում էր որպես երկրի ունակությունը՝ ստեղծելու մի իրավիճակ, որտեղ այլ երկրներ կձևավորեն իրենց նախապատվությունները կամ կսահմանեն իրենց շահերը՝ այդ երկրի շահերին համապատասխան։ Համաներգրավող ուժը ենթադրում էր հասնել նրան, որ մյուսները ցանկանան այն, ինչ դու ես ուզում, իսկ փափուկ ուժը իր մեջ ներառում է մշակութային գրավչություն, գաղափարախոսություն և միջազգային կառույցներ։

Արդեն 2003թ. Նայը խոսում էր այսպես կոչված խելացի ուժի մասին, որը ենթադրում էր կոշտ և փափուկ ուժի միաժամանակ կիրառում։ Նա առաջ քաշեց այս եզրույթը, քանի որ ձևավորվել էր սխալ պատկերացում, թե միայն փափուկ ուժը բավական է արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացման համար։ Ըստ Նայի՝ այլ դերակատարների վրա ազդեցությունը տարածելու երեք եղանակ կա՝ հարկադրանք, վճարում և գրավչություն։ Կոշտ ուժը հարկադրանքի և վճարման կիրառումն է։ Եվ պետություններին անհրաժեշտ են այնպիսի «խելացի» ռազմավարություններ, որոնք համատեղում են և՛ կոշտ, և՛ մեղմ ուժի գործիքները։

Փափուկ ուժի կիրառումը նախագահ Թրամփի կողմից. արտաքին օգնության տրամադրման նոր տեսլականը

Յուրաքանչյուր նախագահ ինչ-որ պահի պետք է օգտագործի կոշտ ուժ։ Սակայն հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք սա զուգակցվում է փափուկ ուժի գործիքների կիրառմամբ և հանգում «խելացի ուժին»։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը մեծ շեշտադրում էր կատարում կոշտ ուժի վրա, բայց նա նաև կարևորում էր փափուկ ուժի դերը։ Նույնը կարելի է ասել նաև Դուայթ Էյզենհաուերի՝ մեկ այլ հանրապետական նախագահի մասին։ Բայց նա նույնպես մեծ շեշտադրում էր կատարում փափուկ ուժի վրա. «Դուք կարող եք մարդկանց գլխին խփել,– ասում էր նա,– բայց դա արդյունավետ չի լինի։ Դուք պետք է նրանց ստիպեք հետևել ձեզ»։ Այսպիսով, ԱՄՆ-ը ունեցել է նախագահներ, որոնք հմտորեն կիրառում էին կոշտ ուժը, բայց միաժամանակ դա համադրում էին փափուկ ուժի գործիքակազմի հետ։ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, հատկապես երկրորդ նախագահության շրջանում, այնքան էլ մեծ կարևորություն չի տալիս փափուկ ուժին և կենտրոնանում է առավելապես շատ կոշտ ուժի քաղաքականության վրա։

Հարցումները և «Portland Soft Power 30» ինդեքսը ցույց են տալիս, որ ամերիկյան փափուկ ուժը առավել պասիվ է դարձել սկսած Թրամփի նախագահության առաջին ժամկետից։ Թրամփի աջակիցները գտնում են, որ փափուկ ուժը այնքան էլ արդյունավետ չէ, մինչդեռ կոշտ ուժը իր ռազմական և տնտեսական գործիքներով կարող է բերել տեսանելի արդյունքներ։ Օրինակ՝ 2017թ. մարտին Բյուջեի և կառավարման գրասենյակի ղեկավար Միք Մալվանին հայտարարել էր այսպես կոչված «կոշտ ուժի բյուջեի» մասին, որը գրեթե 30%-ով կկրճատեր Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորումը, փոխարենը լրացուցիչ 54 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացվելու էր ռազմական ոլորտին։ Թեև առաջարկված կրճատումները հիմնականում մերժվեցին, Կոնգրեսը ռազմական ծախսերի համար հաստատեց անգամ առավել շատ գումար, քան Թրամփն էր առաջարկում՝ հասնելով 700 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ մոտ 60 միլիարդով ավելի նախորդ տարվա համեմատ։

Հետաքրքրական է, բայց ռազմական առաջնորդների շրջանում կային մարդիկ, ովքեր համաձայն չէին նման քաղաքականության հետ։ 2013թ. գեներալ Ջեյմս Մեթիսը (հետագայում՝ Թրամփի առաջին պաշտպանության քարտուղարը) Սենատի զինված ուժերի կոմիտեում նշել էր. «Եթե դուք լիակատար ֆինանսավորում չապահովեք Պետդեպարտամենտին, ապա, վերջիվերջո, ես պետք է ավելի շատ զինամթերք գնեմ»։ Ըստ Մեթիսի՝ «որքան շատ գումար ներդրվի Պետդեպարտամենտի և դիվանագիտության մեջ, այնքան քիչ անհրաժեշտություն կլինի գումար ներդնել ռազմական բյուջեի մեջ, քանի որ մենք գործ ունենք միջազգային ասպարեզից Ամերիկայի դուրս գալու հետևանքների հետ»։

Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ շրջանն աչքի ընկավ կոշտ քաղաքականության առավել սուր դրսևորմամբ։ Սկզբում Թրամփի վարչակազմը թիրախավորեց ԱՄՆ ՄԶԳ-ն։ Այն պաշտոնապես դադարեցրեց իր գործունեությունը հուլիսի 1-ից, երբ նախագահ Դոնալդ Թրամփը աստիճանաբար լուծարեց գործակալությունը՝ ենթադրաբար անարդյունավետ ծախսերի պատճառով։ Հունվարի 20-ի հրամանագրով սկզբում սառեցվեց գրեթե բոլոր օտարերկրյա օգնությունների տրամադրումը, իսկ ավելի ուշ ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատակիցների մեծ մասը ամբողջ աշխարհում վճարովի արձակուրդի ուղարկվեցին։ Մարտի դրությամբ ՄԶԳ-ի ծրագրերի ավելի քան 80 տոկոսը՝ մոտ 5000 պայմանագիր և դրամաշնորհներ արդեն չեղարկվել էին։ Ավելին, ԱՄՆ ՄԶԳ-ի շենքը փոխանցվեց Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ որպես նոր գլխամասային գրասենյակ: Այսպիսով, Թրամփը ստանձնում է հնարավոր բոլոր քայլերը՝ անգամ հետագայում ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության վերականգնումը կանխելու համար։

Քննադատության թիրախում է նաև Պետդեպարտամենտը։ Ըստ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Պետդեպարտամենտը «ուռճացված» և չափազանց բյուրոկրատական կառույց է, և նախատեսվում է դադարեցնել ավելի քան 100 բյուրոների աշխատանքը, կրճատել աշխատակիցների մոտ 15 տոկոսը։ Միևնույն ժամանակ, վարչակազմը մեկնարկեց «հետաձգված հրաժարական» կոչվող ծրագիրը, որի նպատակն էր կրճատել աշխատակիցներին։

Այլ պետական ​​​​մարմիններ նույնպես լուծարվել են: 2025թ. մարտին լուծարվել է Պենտագոնի ցանցային գնահատման գրասենյակը, իսկ ապրիլին Վուդրո Վիլսոնի կենտրոնը փաստացի փակվել է. գրեթե բոլոր աշխատակիցները ուղարկվել են արձակուրդի, զրկվել էլեկտրոնային փոստից և ասվել է, որ նրանք շուտով կազատվեն աշխատանքից։ Նմանապես, մարտ ամսին լուծարվեց ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը, սակայն այդ գործընթացը այժմ վիճարկվում է դատական կարգով։

Փափուկ ուժի մեկ այլ ոլորտ, որը զգալիորեն տուժել է Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում, ուսանողների փոխանակման ծրագրերն են։ Մասնավորապես, ԱՄՆ դեսպանատներին հրահանգվել է դադարեցնել «F-1» ուսանողական վիզաների և «J-1» փոխանակման ծրագրերով այցելուի վիզաների նոր հարցազրույցները՝ լրատվամիջոցների գաղափարախոսական և սոցիալական ընդլայնված ստուգումներ իրականացնելու համար: Պետքարտուղար Ռուբիոն նաև սպառնացել է «ագրեսիվորեն չեղարկել վիզաները» չինացի ուսանողների համար: Մեկ այլ գործադիր հրամանագրով Հարվարդի համալսարանը զրկվել է օտարերկրյա ուսանողներին ընդունելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, Ֆուլբրայթի ծրագիրը, որը ամերիկյան փափուկ ուժի գլխավոր բաղկացուցիչներից էր, լուծարվել է։ 2025թ. փետրվարին վարչակազմը սառեցրեց Պետդեպարտամենտի բոլոր կրթաթոշակները՝ կրճատելով հազարավոր ամերիկացի և միջազգային Ֆուլբրայթի ծրագրով սովորող ուսանողների կրթաթոշակները։ Շատերին տեղեկացրել էին անսպասելի էլեկտրոնային նամակներով։ Թրամփի 2026թ. ֆինանսական բյուջեն նախատեսում է կրթական փոխանակման ծրագրերի ապշեցուցիչ 93 տոկոս կրճատում:

Բացի այդ, Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց դադարացնել «Ամերիկայի ձայնի» (VOA) և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի (RFE/RL) ֆինանսավորումը. լրատվամիջոցներ, որոնք տասնամյակներ շարունակ նպաստել են ամերիկյան և արևմտյան արժեքների տարածմանը աշխարհի տարբեր անկյուններում։ «Ամերիկայի ձայնի», «Ազատություն» ռադիոկայանի և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող այլ լրատվամիջոցների լրագրողներն արձակուրդ են ուղարկվել կամ հրահանգվել են դադարեցնել աշխատանքը։ Ընդհանուր առմամբ, մարտից ի վեր «Ամերիկայի ձայնի» աշխատակիցների ավելի քան 85%-ը՝ մոտ 1400 աշխատակից, կորցրել է աշխատանքը։ Սա փափուկ ուժի կիրառման գործիքակազմը ներկայիս վարչակազմի կողմից կրճատելու ևս մեկ քայլ էր։

Ինչ վերաբերում է արտաքին օգնության հետագա տրամադրմանը, ապա նախագահ Թրամփն ու իր թիմը ունեն իրենց տեսլականը այս հարցում։ Այդ մասին առավել մանրամասն պատկերացում կարելի է ստանալ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից վերջերս հրապարակված հոդվածից՝ «Դարձնենք ԱՄՆ արտաքին օգնությունը կրկին հզոր» (հղում է արվում Թրամփի հայտնի «Դարձնենք Ամերիկան կրկին հզոր» կարգախոսին)։ Հոդվածը ներկայացնում է այն նոր հայեցակարգը, որի հիման վրա ԱՄՆ-ը շարունակելու է իր արտաքին օգնության տրամադրման քաղաքականությունը։ Ռուբիոն նշում է, որ այսուհետ արտաքին օգնությունը չի լինելու բարեգործական տեսակի օգնության տրամադրում։ Նա մեղադրում է ԱՄՆ ՄԶԳ-ին, որ վերջինս հաճախ իրականացրել է ծրագրեր՝ ռեժիմների փոփոխության նպատակով՝ հեռու մնալով ԱՄՆ շահերը առաջ մղելու իր առաջնային առաքելությունից.

«ԱՄՆ ՄԶԳ-ն տասնամյակներ և հարկատուների գրեթե անսահման բյուջե ուներ՝ ամերիկյան ազդեցությունը խթանելու, համաշխարհային տնտեսական զարգացումը խթանելու և միլիարդավոր մարդկանց ինքնուրույն գործելու հնարավորություն տալու համար։ Սառը պատերազմի ավարտից ի վեր ԱՄՆ ՄԶԳ-ն հարկատուների հաշվին համաշխարհային ՀԿ համալիր ստեղծելուց բացի ուրիշ ոչինչի չի հասել։ Կազմակերպության նպատակները հազվադեպ են իրագործվել, անկայունությունը հաճախ վատթարացել է, իսկ հակաամերիկյան տրամադրությունները միայն աճել են։ Համաշխարհային ասպարեզում մեր առատաձեռնությունից ամենաշատը օգտվող երկրները սովորաբար չեն կարողանում փոխադարձաբար պատասխանել։ Օրինակ՝ 2023թ. Ենթասահարային Աֆրիկայի երկրները ՄԱԿ-ում կարևորագույն բանաձևերի վերաբերյալ ԱՄՆ-ի շահերին համահունչ քվեարկել են միայն 29 տոկոսով՝ չնայած 1991 թվականից ի վեր 165 միլիարդ ԱՄՆ դոլարի գումար ստանալուն»։

Ըստ պետքարտուղարի՝ ԱՄՆ ՄԶԳ-ի օգնություններից միայն մեծապես շահել են անթիվ ՀԿ-ների ղեկավարներ, որոնք հաճախ, ըստ նրա՝ «վայելում էին հինգաստղանի ապրելակերպ՝ ֆինանսավորված ամերիկացի հարկատուների կողմից»։ Նրա ներկայացմամբ՝ ապագայում արտաքին օգնությունը կիրականացվի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ «Առաջին հերթին Ամերիկան» (America First) քաղաքականությանը համապատասխան, և այսուհետ արտաքին օգնությունը չի լինի բարեգործական տեսակի օգնության տրամադրում։ Օգնության տրամադրման նոր մոդելը նաև նպատակ ունի հակազդել Չինաստանի օգնության տրամադրման մոդելին:

Այսպիսով, արտաքին օգնության տրամադրումը կիրականացվի Պետդեպարտամենտի կողմից՝ ապահովելու համար դրա համապատասխանությունը վարչակազմի վարած քաղաքականությանը։

Թեև նախագահ Թրամփի վարչակազմը, այնուամենայնիվ, առաջարկում է արտաքին օգնության տրամադրման այլընտրանք, հարց է մնում, թե արդյո՞ք այն ծառայելու է որպես փափուկ ուժի մեխանիզմ, թե՞ կազմելու է Թրամփի կոշտ ուժի քաղաքականության մեկ այլ գործիք։ Թրամփի վարչակազմը ակնկալում է օգնության դիմաց ստանալ անմիջական արդյունքներ, ներառյալ՝ աշխարհաքաղաքական մրցակիցներին հակազդեցություն։

Թեև օգնության տրամադրման մանրամասները դեռևս հստակ չեն, այս մոտեցումը ցույց է տալիս, թե ինչպես արտաքին օգնությունը, որը բնույթով մեղմ ուժի գործիք է, կարող է կիրառվել կոշտ ուժի վրա հիմնված օրակարգի շրջանակներում:

Բնօրինակը հասանելի է «Լույս հիմնադրամ»-ում

Կիսվել՝