Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները եւ ԱՄՆ դիրքավորումը

Սույն հոդվածը պատրաստ էր տպագրության, դեռեւս Թուքրայում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախօրյակին։ Այնուամենայնիվ մենք նպատակահարմար գտանք նշված ընտրությունների առաջին փուլից հետո հոդվածը հրապարակել այնպես, ինչպես այն նախապես գրված էր, որպեսզի ընթերցողը հնարավորություն ունենա գնահատելու հոդվածում ներկայացված քաղաքական տարբեր կանխատեսումների հիմնավորվածությունը։

«Դրօշակ»

Թուրքիայում կայանալիք ընտրությունների առաջատար թեկնածուները

Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնք համընկնում են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ հանրապետության հիմնադրման 100-ամյակի հետ։ Ենթադրվում է, որ Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական այս ընտրությունները կդառնան Էրդողանի 20-ամյա կառավարման համար ամենաթեժ մրցավազքը, քանի որ երկիրը պայքարում է տարիների տնտեսական խնդիրների եւ ավերիչ երկրաշարժի հետեւանքների դեմ: Այս ընտրությունների արդյունքները նաեւ էական ազդեցություն կունենան Թուրքիա- Արեւմուտք հարաբերությունների հետագա ընթացքի վրա։

Այս ընտրություններում Էրդողանի հիմնական հակառակորդն է «թուրք Գանդի» մականունը կրող Քեմալ Քըլըչդարօղլուն եւ վերջինիս թիկունքում կանգնած ընդդիմությունը, որը մեծ փոփոխություններ է խոստանում։ Հարցումների արդյունքներով Քըլըչդարօղլուն առաջատար դիրքերում է, սակայն Էրդողանը կոշտ ընտրապայքար է տանում՝ իր թիկունքում ունենալով պետական ինստիտուտների ողջ հզորությունը: Ի վերջո, Էրդողանը երկրի ղեկին է դեռ 2003 թ., իսկ նախագահի պաշտոնում՝ 2014 թ. եւ դեռ շարունակում է զգալի աջակցություն վայելել երկրի ներսում։

Թուրքիայում մի զգալի ընտրազանգված կարծում է, թե Էրդողանն ամենալավ թեկնածուն է Թուրքիան ղեկավարելու համար։ Եվ չնայած «Metropoll»-ի կողմից վերջերս անցկացված հարցումը ցույց է տվել, որ 43,5%-ը կարծում է, որ կքվեարկի Էրդողանի օգ- տին, մինչդեռ 51,6%-ը ասում է, թե չի քվեարկի նրա օգտին՝ նեոօսմանիզմի եւ իսլամիզմի յուրահատուկ համադրությամբ Էրդողանը Թուրքիային անկասելի հզորացող տերության իմիջ է հաղորդում: Այս իսկ պատճառով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համար Էրդողանը միակ մարդն է, որը կարող է «Թուրքիան կրկին հզոր դարձնել»1։

Այնուամենայնիվ, սոցհարցումների արդյունքներով Քըլըչդարօղլուն միանիշ թվով առաջ է անցնում Էրդողանից, ինչը նշանակում է, որ հնարավոր է նաեւ ընտրությունների երկրորդ փուլ տեղի ունենա: Այս պարագայում երկրորդ փուլով հաղթելու Էրդողանի շանսերն ավելի բարձր են գնահատվում՝ հաշվի առնելով երրորդ թեկնածուների մասնակցությունը:

Ի տարբերություն սոցհարցումների, փորձագիտական շրջանակները առավել մեծ են գնահատում Էրդողանի շանսերը՝ հաշվի առնելով այն վարչական լծակները, որոնց տիրապետում է ներկայիս նախագահը։

Էրդողանի օրոք Թուրքիան ամրապնդել է իր դիրքերը Արեւելքում եւ ընդհանուր առմամբ դարձել կարեւոր աշխարհաքաղաքական դերակատար՝ ներգրավվելով Սիրիայի հակամարտությունում, հարձակվելով քուրդ զինյալների դեմ Իրաքի տարածքում եւ ռազմական աջակցություն տրամադրելով Լիբիային ու Ադրբեջանին: Թուրքիան Էրդողանի օրոք ունեցել է նաեւ մի շարք դիվանագիտական բախումներ տարածաշրջանային պետությունների՝ Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի հետ, ինչպես նաեւ համառ դիմակայություն՝ Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ Արեւելյան Միջերկրականի ծովային սահմանների շուրջ մինչեւ այն պահը, երբ երկու տարի առաջ նա փոխեց դիրքորոշումը՝ ձգտելով մերձեցման իր որոշ մրցակիցների հետ2:

Սրանց զուգահեռ Էրդողանի դիրքերը սկսել են թուլանալ, եւ քաղաքական դիրքերի թուլացման պատճառը ներկայում երկրի ներսում տիրող ծանր տնտեսական եւ սոցիալական վիճակն է։ Դեռ ավելին՝ զգալի ընտրազանգվածի համար Էրդողանն է պատասխանատու Թուրքիան ավտորիտար տերություն դարձնելու եւ տնտեսական ծանր կացության մեջ դնելու համար: Անցյալ տարվա նոյեմբերին գնաճը հասել էր 24 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 85,5%-ին: Էրդողանի քաղաքական հաշվարկներն ավելի բարդացան այն բանից հետո, երբ երկու ավերիչ երկրաշարժեր տեղի ունեցան երկրի հարավարեւելյան տասը նահանգներում: Աղետի հետեւանքով ավերվեցին խոշոր քաղաքներ՝ անմիջականորեն ազդելով մոտ 10 միլիոն մարդու վրա: Ըստ Թուրքիայի պաշտոնական տեղեկատվության՝ մահերի թիվը գերազանցում է 46.000- ը3, սակայն որոշ գնահատականների համաձայն՝ այդ թիվը կարող է հասնել 100.000-ի եւ շատ ավելի վիրավորների: Հասարակության զայրույթն աճում է: Զայրույթն ուղղված է կառավարության դանդաղ եւ ակնհայտորեն քաղաքականացված արձագանքին, որն առաջնահերթություն է տալիս Էրդողանի հեղինակությանը հասցվող վնասների սահմանափակման հարցին, քան կյանքեր փրկելուն4:

Էրդողանի գլխավոր հակառակորդը Քեմալ Քըլըչդարօղլուն է, որը ժողովրդահանրապետական կուսակցության («CHP») առաջնորդն է։ Վերջինս դաշինք է կազմել 6 ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք միավորել են ուժերը՝ ձգտելով գրավել ավելի մեծ ընտրազանգվածի5: Քըլըչդարօղլուն ունի նաեւ Թուրքիայի քրդամետ ժողովրդական դեմոկրատական կուսակցության (HDP-ի) ոչ պաշտոնական աջակցությունը, որը խորհրդարանում առաջադրվում է մեկ այլ կուսակցության՝ «Կանաչ ձախերի» դրոշի ներքո, քուրդ զինյալների հետ կապերի պատճառով:

Քըլըչդարօղլուի գլխավորած «Ազգի դաշինքը» իր քաղաքական ծրագիրը ներկայացրել է 2023 թ. փոխըմբռնման հուշագրի տեսքով, որում առանձնացվում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական առաջնահերթություններ։ Ներքին փոփոխությունների թվում են վերականգնել Թուրքիայի խորհրդարանական համակարգը՝ վերացնելով պետության ղեկավարի վետոյի իրավունքը օրինագծերի վրա, խզել կուսակցական պատկանելության եւ պաշտոններ ստանալու միջեւ կորելացիան, երկու տարվա ընթացքում գնաճը հասցնել 10%-ից ցածր մակարդակի եւ սիրիացի փախստականներին կամավոր ուղարկել Սիրիա (քանզի Թուրքիան ներկայում ընդունել է մոտ 3,6 միլիոն սիրիացի փախստականների)6։

Արտաքին քաղաքական խոստումները ոչ պակաս հետաքրքրական են։ Մասնավորապես՝ ընտրվելու պարագայում ընդդիմությունը իր նպատակների թվում առանձնացնում է ԵՄ ինտեգրման գործընթացի վերսկսումը՝ ԵՄ անդամ դառնալու նպատա կով։ Ընդդիմությունը նաեւ պատրաստվում է հետեւել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշումներին, որը կենթադրի նաեւ մի շարք քաղբանտարկյալների ազատ արձակումը։ ԱՄՆ հարաբերությունների առումով ընդդիմությունը ցանկանում է կառուցել հարաբերություններ՝ հիմնված այն գաղափարի վրա, որ «երկու կողմերն էլ հավասար են եւ առաջ են մղում փոխադարձ վստահության վրա հիմնված դաշինքային հարաբերություններ»: Ընդդիմությունը նաեւ ցանկանում է Թուրքիային նորից դարձնել ԱՄՆ «F-35» ծրագրի մաս, որից Թուրքիան հեռացվել էր Ռուսաստանի S-400 հրթիռային համակարգերի գնումից հետո7։

ԱՄՆ դիրքավորումը Թուրքիայի ընտրություններում

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մասին խոսելիս պետք է արձանագրել մի փաստ, որ քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակները Թուրքիային այդուհանդերձ համարում են ռազմավարական դաշնակից: Վատ դաշնակից, բայց այնուամենայնիվ դաշնակից: Այս շրջանակներում կարծիք կա, որ Թուրքիան մի յուրօրինակ «անառակ որդի» է, որը հեռացել է, սակայն մի օր, անպայման, վերադառնալու է ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի «մեծ ընտանիք» եւ այդ ուղղությամբ Վաշինգտոնը պետք է ակտիվ աշխատի: Կա նաեւ պնդում առ այն, որ էրդողանական Թուրքիան ձգտում է մինիմալիզացնել արեւմտյան հավաքական ազդեցությունն իր եւ իր տնտեսության վրա, ինչի նպատակը հնարավորինս ազատ գործողությունների հնարավորությունն է Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում, Միջին Ասիայում, Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ այլն: Այս շրջանակների մեջ էլ կա դիրքավորում, որ պետք է աշխատել Թուրքիայի հետ՝ կանխելով հարաբերությունների վերջնական վատթարացումը։ Աներկբա է, որ հավաքական Արեւմուտքի համար առավել նախընտրելի է Թուրքիայում ունենալ արեւմտամետ գործիչ, որի հետ հնարավոր կլիներ աշխատել առանց լրացուցիչ գլխացավանքների:

Այդ քաղաքականության ազդակներից մեկը ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենի հայտարարությունն էր, որը բավական տարածում գտավ Բայդենի

նախագահական քարոզարշավի ժամանակ, թեեւ արվել էր դեռ 2019 թ. դեկտեմբերի 16-ին, մինչ նրա՝ նախագահի դեմոկրատական թեկնածու դառնալը։ Մասնավորապես նա հայտարարել էր. «Կարծում եմ Էրդողանի նկատմամբ պետք է միանգամայն այլ մոտեցում ցուցաբերել՝ պարզ դարձնելով, որ մենք աջակցում ենք ընդդիմությանը»։ Ըստ Բայդենի՝ Էրդողանը պետք է «պատասխան տա», եւ Վաշինգտոնը պետք է քաջալերի թուրքական ընդդիմության առաջնորդներին, որպեսզի «կարողանան պայքարի դուրս գալ եւ տապալել Էրդողանին ոչ թե հեղաշրջմամբ, այլ ընտրական գործընթացի միջոցով»8։

Մեկ այլ ազդակ էր նաեւ այն, որ ԱՄՆ հանրապետական կուսակցության առավել ագրեսիվ եւ ծանրակշիռ թեւը՝ ի դեմս Ջոն Բոլթոնի, Ջեբ Բուշի եւ այլ գործիչների, ձեւավորել է, այսպես կոչված, «թուրքական ժողովրդավարության նախագիծը», որը Թուրքիայում համարում են ընդգծված հակաէրդողանական շարժում: Այսինքն՝ ԱՄՆ քաղաքական դաշտում յուրահատուկ կոնսենսուս կա առ այն, որ Թուրքիան ԱՄՆ-ին հարկավոր է առանց Էրդողանի՝ առավել արեւմտամետ եւ կախյալ քաղաքական ղեկավարությամբ:

Այս ազդակները դարձան ԱՄՆ քաղաքականության մաս, երբ էրդողանական Թուրքիան արդեն երկրորդ անգամ չհրավիրվեց նախագահ Բայդենի առաջնորդությամբ կազմակերպված ժողովրդավարության գագաթնաժողովին, մինչդեռ հրավիրված էին այնպիսի ավտորիտար պետություններ, ինչպիսիք են Իրաքն ու Պակիստանը։ Թուրքիային չհրավիրելը պայմանավորված էր այն փաստով, որ ԱՄՆ վարչակազմը չէր ցանկանում քայլեր ձեռնարկել, որոնք կմեկնաբանվեին որպես աջակ- ցություն Թուրքիայի ներկայիս ղեկավարին, որը դարձել է «ժողովրդավարության համաշխարհային անկման խորհրդանիշներից մեկը»9։ Այդուհանդերձ, գագաթնաժողովներին չհրավիրվելը կապված էր ոչ միայն Թուրքիայի՝ ժողովրդավարության վերաբերյալ խնդիրների, այլեւ, ընդհանուր առմամբ, Էրդողանի օրոք ԱՄՆ-Թուրքիա վատթարացող հարաբերությունների հետ։

Այս եւ մի շարք այլ պատճառներով Միացյալ Նահանգների շահերից է բխում ունենալ դեմո- կրատական Թուրքիա։ Տարածաշրջանային հակառակորդները, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Իրանը, ավելի համարձակ կդառնան, եթե Թուրքիան շարունակի հեռանալ Արեւմուտքից: Թուրքիայի ժողովրդավարական կառավարման եւ ինստիտուտների վերակառուցումը, ի վերջո, կախված կլինի ժողովրդից եւ երկրի ապագա ղեկավարներից: Ուստի այդ է պատճառը, որ այժմ Միացյալ Նահանգները մեծապես աջակցում է Թուրքիայում անցկացվելիք ընտրությունների ազատ եւ արդար լինելուն: Թուրքիան արդեն հեռանում է ՆԱՏՕ-ի ուղեծրից եւ ավելի ու ավելի է մոտենում Վլադիմիր Պուտինի Ռուսաստանին։ Էրդողանը նաեւ սպառնում է Արեւելյան Միջերկրական ծովի կայունությանը եւ անվտանգությանը` ներկայացնելով ստորջրյա գազի հետախուզման լայն պահանջներ եւ թշնամանալով ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: Նա սպառնում է Սիրիայի կայունությանը` սպառնալով նոր ռազմական ներխուժումներ սկսել Սիրիայի քրդերի դեմ: Եթե Թուրքիան կրկին դառնա արեւմտյան դաշինքի համակարգի վստահելի եւ անբաժանելի մասը, ապա պետք է տեղի ունենա ժողովրդավարական փոփոխություն, որը կապահովի Էրդողանի հեռանալը10:Ի հակադրություն Էրդողանի, ելնելով Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների հայտարարություններից՝ կարելի է եզրակացնել, որ վերջիններս առավել քիչ հակված կլինեն անել հայտարարություններ կամ ստանձնել քայլեր, որոնք կվտանգեն ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ հարաբերությունները։ Կան մի քանի ուղղություններ, որոնց դեպքում Թուրքիայի հիմնական քաղաքականությունը լուրջ փոփոխության չի ենթարկվի, ինչպես, օրինակ՝ Սիրիա եւ Իրաք, Հունաստան եւ Կիպրոս, ինչպես նաեւ՝ Ռուսաստան եւ Ուկրաինա։ Այդուհանդերձ Արեւմուտքում կա ակնկալիք, որ անգամ այս ուղղություններով Թուրքիայի նոր ղեկավարությունը պակաս հակված կլինի այնպիսի քաղաքականություն իրականացնել, որը կվատթարացնի Արեւմուտքի հետ հարաբերությունները, ինչպես, օրինակ՝ նոր ռազմական օպերացիաներ հյուսիսային Սիրիայում կամ Արեւելյան Միջերկրականում11։

Այսպիսով՝ Արեւմուտքի համար առավել նախընտրելի է ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը, որը կվարի առավելապես Արեւմուտքի շահերից բխող քաղաքականություն՝ ապահովելով մի քանի հնարավոր դրական զարգացումներ։ Նախ՝ Արեւմուտքում կան սպասելիքներ, որ Արեւմուտքի հետ առավել սերտ հարաբերություններ ունեցող Թուրքիան թույլ չի տա Ռուսաստանին շրջանցել արեւմտյան պատժամիջոցները։ Երկրորդ՝ Անկարան կարող է համաձայնել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Երրորդ՝ Անկարան կարող է մեծացնել իր ռազմական ներգրավածությունը ՆԱՏՕ-ի օպերացիաներում։ Չորրորդ՝ նա կարող է որոշել վերջ տալ ռուսական «S-400» համակարգերի օգտագործմանը։ Եվ հինգերորդ՝ հաշվի առնելով նախորդ կետը՝ Թուրքիան կարող է ներգրավվել ՆԱՏՕ-ի հետ համատեղ հրթիռային պաշտպանական համակարգերի ձեռքբերման կամ ստեղծման քննարկումներում։Այսամենիարդյունքում Թուրքիան այլ քաղաքական ընկալում կստանա ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից։ Սակայն անգամ այս լավատեսական կանխատեսումներիպարագայում,կան մի շարք խնդիրներ եւ մարտահրավերներ, որոնք կդժվարացնեն գործընթացի իրականացումը, ինչպես, օրինակ՝ հնարավոր տարաձայնությունները ընդդիմադիր կուսակցությունների ներսում, նոր նախագահի եւ խորհրդարանի փոխհարաբերությունները, կանխատեսելի առարկությունները Մոսկվայի կողմից, հա

կաարեւմտյան եւ հակաեվրոպական տրամադրությունները Թուրքիայի քաղաքական ասպարեզում եւ եվրոպական երկրների շրջանում Թուրքիայի նոր իշխանության նկատմամբ միասնական քաղաքականության բացակայությունը12։

Դեռ ավելին, ընդդիմության հաղթանակի դեպքում բարդ կլինի ասել, թե Քըլըչդարօղլուն ինչպիսի ղեկավար կլինի, քանի որ վերջինիս «Ազգային դաշինքը» կազմված է գաղափարապես իրարից տարբեր վեց կուսակցություններից, որոնց միավորում է Էրդողա- նի նկատմամբ ատելությունը13։

Միեւնույն ժամանակ պետք չէ թերագնահատել Էրդողանի քաղաքական կշիռն ու ազդեցությունը Թուրքիայում։ Վերջինս կարող է հաղթել առանց քվեարկությունը կեղծելու։ Նա կարող է նաեւ երաշխավորել իր հաղթանակը՝ արգելելով ընդդիմադիր ամենահզոր թեկնածուների գործունեությունը եւ օգտագործելով Թուրքիայի ընտրական համակարգի վրա իր զգալի վերահսկողությունը: Եթե Էրդողանը զգա, որ պարտվելու է, չպետք է ակնկալել, որ նա հանգիստ կհեռանա։ Եթե նա կորցնի պաշտոնը, ապա ամենայն հավանականությամբ՝ կոռուպցիայի մեղադրանքներ կառաջադրվեն ոչ միայն վերջինիս, այլ նաեւ իր ընտանիքի բազմաթիվ անդամների եւ մերձավոր շրջապատի նկատմամբ: Եթե պարտությունը անխուսափելի լինի, դատավորները եւ ընտրական գործընթացում ներգրավված Էրդողանին հավատարիմ պաշտոնյաները կարող են տապալել արդյունքները, ինչպես նրանք փորձեցին անել՝ չեղյալ համարելով Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները 2019 թ.։ Նա նաեւ կարող է գործարկել ոստիկանությունը եւ զինված ուժերը։ Ընտրություններում պարտվելուց հետո նա հեշտ չի հրաժարվի իշխանությունից: Դեռ ավելին, արտաքին գործերի նախարարության եւ Թուրքիայի զինված ուժերի ներսում Էրդողանի հավատարիմներն այժմ գերիշխող դիրքեր են զբաղեցնում, եւ նրանք, ամենայն հավանականությամբ, կշարունակեն մնալ համակարգում հետագա տարիների ընթացքում14։

Ինքը՝ նախագահ Էրդողանը, մեծ վստահություն է արտահայտում իր հնարավոր ընտրության հարցում, ինչն էլ պետք է նշան լինի Արեւմուտքի համար, որն ըստ Էրդողանի՝ աջակցում է ընդդիմությանը15։ Ըստ Էրդողանի՝ Արեւմուտքի դիրքորոշումը թիրախավորում է թուրք ժողովրդին, այդ իսկ պատճառով մայիսի 14-ը կդառնա յուրահատուկ բեկման կետ16։

Էրդողանին հատկապես զայրացրել էր այն փաստը, որ մարտ ամսին տեղի էր ունեցել հանդիպում Քըլըչդարօղլուի եւ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆֆ Ֆլեյքի միջեւ։ Էրդողանի համար սա ուղղակի միջամտություն էր Թուրքիայի ընտրություններին, եւ այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է «դաս տա ԱՄՆ- ին այս ընտրություններում»17։

Այսպիսով` Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները առավել կարեւորվում են Արեւմուտքի համար։ Ակնհայտորեն վերջիններիս ֆավորիտն այս ընտրություններում թուրքական ընդդիմությունն է, որն ակնկալվում է, որ կվարի առավել արեւմտամետ քաղաքականություն եւ առավել սերտ կապերի մեջ կգտնվի ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ։ Սակայն, մյուս կողմից՝ Էրդողանը շարունակում է մնալ հզոր թեկնածու այս ընտրություններում, որն իր ձեռքի տակ ունի բազմաթիվ իշխանական լծակներ։

Բնօրինակը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2023/05/Դրօշակ-թիվ-5-2023թ..pdf

Ծանոթագրություններ

1 Aydıntaşbaş A., Letter from Istanbul: Turkey has difficult years ahead, https://www.brookings.edu/blog/order-from-chaos/2023/04/04/letter-from- istanbul-turkey-has-difficult-years-ahead/ , (19.04.2023)։

2 Explainer: What’s at stake in Turkey’s upcoming elections? https:// www.reuters.com/world/middle-east/whats-stake-turkeys-upcoming-elec- tions-2023-03-22/, (19.04.2023)։

3 Syria/Turkey Earthquakes Situation Report #7, March 8, 2023, International Medical Corps։

4 Ciddi S., Turkey aſter Erdogan, Foundation of Defense for Democracies, Washington, D.C., March 2023։

5 Explainer: What’s at stake in Turkey’s upcoming elections?, նշվ. աշխ.։

6 Kirby P., Turkish elections: Erdogan kicks off race to hold on to power, https://www.bbc.com/news/world-europe-65239092, (20.04.2023)։

7 Memorandum of Understanding on Common Policies (January 30, 2023)

https://en.chp.org.tr/haberler/memorandum-of-understanding-on-common- policies-january-30-2023, (20.04.2023)։

8 Turkey slams Biden’s past call for U.S. to back Erdogan opponents, https:// www.reuters.com/article/us-usa-election-biden-turkey-idUSKCN25B0XS, (21.04.2023)։

9 Aydıntaşbaş A., Pita A., What’s at stake in Turkey’s elections?https:// www.brookings.edu/podcast-episode/whats-at-stake-in-turkeys-elections/, (21.04.2023)։

10 Ciddi S., Edelman E., In Support of a Democratic Turkey A unique op- portunity exists for the United States to stand behind the Turkish people in their time of need., https://www.fdd.org/analysis/2023/04/14/in-support-of-a- democratic-turkey/, (25.04.2023)։

1 Turkey (Türkiye): Major Issues and U.S. Relations, Congressional Research Service, Updated March 31, 2023, pp. 7-8։

12 Pierini M., Siccardi F., The Strategic Consequences of a Kılıçdaroğlu Victory Over Erdoğan, https://carnegieeurope.eu/strategiceurope/89534, (25.04.2023)։

13 Cook S., What if Kemal Kilicdaroglu Wins Turkey’s Election? https://for- eignpolicy.com/2023/04/14/turkey-election-kemal-kilicdaroglu-chp-platform- erdogan/, (26.04.2023)։

14 Turkey aſter Erdogan, նշվ. աշխ.։

15 Hacaoglu S., Kozok F., Erdogan Says His Election Victory Will Amount
to Message to West, https://www.bloomberg.com/news/articles/2023-04-12/ erdogan-says-his-election-victory-will-amount-to-message-to-west#xj4y7vzkg, (26.04.2023)։

16 Erdoğan confident over victory in first round of presidential race, https:// www.hurriyetdailynews.com/erdogan-confident-over-victory-in-first-round-of- presidential-race-182342, (27.04.2023)։

17 Stamouli N., 2023’s most important election: Turkey https://www.politico. eu/article/turkey-2023-election-erdogan-kilicdaroglu/, (27.04.2023)։

Կիսվել՝