ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները

2022թ. նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցան ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։  Թեև որոշ նահանգներում դեռ ձայները վերջնական հաշվարկված չեն, իսկ որոշ դեպքերում լինելու են երկրորդ փուլով ընտրություններ, ընդհանուր պատկերն արդեն իսկ առկա է, որը լուրջ փոփոխության չի ենթարկվի։ 118-րդ գումարման ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմելու հանրապետականները, իսկ Սենատում դեմոկրատները։ Այսպիսով, դեմոկրատներն, ովքեր նախկինում վերահսկում էին երկու պալատները, կարողացան պահպանել միայն Սենատի վերահսկողությունը, ինչն իրականում կարելի է համարել լավ արդյունք։ 

Ընդհանրապես, Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրությունների ժամանակ գործում է հետևյալ օրինաչափությունը. Եթե նախագահը ընտրվում է Դեմոկրատական կուսակցությունից, ապա Կոնգրեսի ընտրություններում մեծամասամբ հաղթում են հանրապետականները և հակառակը։ Նման կերպ ԱՄՆ քաղաքացիները փորձում են հավասարակշռություն պահպանել երկու կուսակցությունների միջև` կանխելով ողջ իշխանության կենտրոնացումը մեկ կուսակցության ձեռքում։ Այսպիսով, հաշվի առնելով, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Բայդենը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է, և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում էլ մեծամասնություն էին կազմում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, կանխատեսվում էր Հանրապետական կուսաակցության հաղթանակ նոյեմբերի 8-ի ընտրություններում։

Այդուհանդերձ, այս կանխատեսումները ճիշտ էին միայն մասամբ, քանզի Սենատում, դեմոկրատները պահպանեցին մեծամասնությունը։ Այս մասով իր մեկնաբանությունն է տվել նաև ԱՄՆ նախագահ Բայդենը։ Ընտրություններից հետո իր առաջին ասուլիսում, երբ առկա էին նախնական տվյալները Բայդենը նշել է, որ չնայած մամուլի և մասնագետների գնահատականներին հանրապետականները ամբողջական հաղթանակ չեն գրանցել։ Նախագահի խոսքերով՝ ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը «կորցրել է ավելի քիչ տեղեր, քան վերջին 40 տարվա ընթացքում դեմոկրատ այլ նախագահների օրոք առաջին միջանկյալ ընտրություններում: Իսկ նահանգապետերի ընտրություններում մենք ունեցել ենք լավագույն միջանկյալ ընտրությունները 1986 թվականից ի վեր»։[1]

ԱՄՆ Սենատի միջանկյալ ընտրությունները

Մինչ նոյեմբերի 8-ի ընտրությունները ԱՄՆ 117-րդ գումարման Սենատը նույնպես վերահսկվում էր դեմոկրատների կողմից՝ 51-50 հարբերակցությամբ (փոխնախագահ Քամալա Հարիսի ձայնը ներառյալ)։ Չնայած նրան, որ դեմոկրատ սենատորները 48-ն էին, իսկ հանրապետականները` 50, Դեմոկրատական կուսակցությունը ձևավորել էր մեծամասնություն պայմանավորված հետևյալ պատճառներով։ Նախ, կային 2 անկախ սենատորներ, ովքեր խմբակցում էին Դեմոկրատական կուսակցությանը՝ հավասարեցնելով դեմոկրատ և հանրապետական սենատորների թիվը։ Այս պարագայում դեմոկրատ փոխնախագահ Քամալա Հարիսը ապահովում էր դեմոկրատների գերակայությունը, քանզի ըստ ԱՄՆ Սահմանադրության,  նա հանդիսանում է Սենատի ղեկավար, և կարող է քվեարկել այն դեպքում, երբ քվեարկության ժամանակ ձայները հավասար են բաշխվում։[2] 

Նոյեմբերի 8-ին ԱՄՆ Սենատի 100 տեղերից ընտրությունների էին դրված 35-ը, որոնցից 14-ը զբաղեցնում էին դեմոկրատ սենատորները, իսկ 21-ը՝ հանրապետական։[3] 

Այժ արդեն կարելի է նշել, որ դեմոկրատներին հաջողվել է պահպանել մեծամասնությունը Սենատում։ Նոյեմբերի 24-ի տվյալներով դեմոկրատ թեկնածուների թիվը հասել է 50-ի (2-ը անկախ թեկնածուներ, ովքեր խմբակցում են դեմոկրատներին), իսկ հանրապետականներն ունեն 49 սենատոր։[4]

            Կային մի քանի նահանգներ, որոնք առավել խոցելի էին Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների համար, և որոնց դեպքում երկու կուսակցությունների ներկայացուցիչները թեժ պայքարի մեջ էին։ Այդ նահանգներն են՝ Վիսկոնսին, Փենսիլվանիա, Արիզոնա, Նևադա և Ջորջիա։ Վիսկոնսին և Փենսիլվանիա նահանգները հատկապես խոցելի էին հանրապետականների համար, իսկ վերջին երեք նահանգները՝ դեմոկրատների։

Վիսկոնսին նահանգը ներկայացնում էր հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը, ով սակայն առերեսվել էր  դեմոկրատ թեկնածու Մարնելա Բարնսի հետ։ Ըստ հարցումների՝ վերջինս մեծ շանսեր ուներ հաղթելու այս նահանգում։ Հանրապետականները պնդում էին, որ Ջոնսոնը թերագնահատված է և Ջոնսոնին նախկինում էլ են թերագնահատել, բայց միևնույնն է նա հաղթել է։ Ի վերջո հանրապետականները ճիշտ էին, և թեկուզև փոքր տարբերությամբ՝ 50.5%-49.5% Ջոնսոնը հաղթանակ տարավ։[5]

Հանրապետականների համար երկրորդ խոցելի նահանգը Փենսիլվանիան էր։ Խնդիրը կայանում էր նրանում, որ այդ նահանգը ներկայացնող հանրապետական սենատոր Փեթ Թումին դեռևս 2020թ. հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից և մտադրություն չունի առաջադրվելու որևէ պաշտոնում։ Այդ որոշումը ծանր իրադրության մեջ դրեց հանրապետականներին՝ պայքարի բաց դաշտ թողնելով դեմոկրատների և հանրապետականների համար։[6] Նման պայմաններում  այս նահանգում հանրապետականների կողմից իր թեկնածությամբ հանդես եկավ ազգությամբ թուրք Մեհմեդ Օզը։ Վերջինս մասնագիտությամբ վիրաբույժ, իսկ այժմ հայտնի հեռուստաաստղ է, ում հաջողվել էր ստանալ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփի աջակցությունը դեռևս գարնանը տեղի ունեցած փրայմերիզի ընթացքում։[7] Օզի մրցակիցն այս նահանգում դեմոկրատ թեկնածու Ջոն Ֆեթթերմանն էր։ Երկուսի միջև հիրավի լուրջ պայքար էր ծավալվել, որի շրջանակներում գովազդների համար միլիոնավոր դոլարներ էին ծախսվում Օզի կողմից։ Չնայած գործադրված մեծ ջանքերին՝ Օզը պարտվեց դեմոկրատ թեկնածուին՝ ձայների 51.2%-46.4% հարաբերակցությամբ։[8] Հաշվի առնելով, որ Օզը նաև Թուրքիայի քաղաքացի է և ունի խորը կապեր թուրքական բիզնես էլիտայի և քաղաքական շրջանակների հետ, որոնք էլ իրենց հերթին կապված են Էրդողանի հետ,[9] Օզի պարտությունը հատկապես կարևոր էր հայկական համայնքի և լոբբիստների համար, ովքեր համակարգված աշխատանք էին իրականացրել՝ կանխելու Օզի՝ Սենատում հայտնվելը։ 

Ինչ վերաբերում է դեմոկրատական կուսակցության համար խոցելի նահագներին, ապա դրանց շրջանակներում հարկ է հատկապես առանձնանել Արիզոնան, Նևադան և Ջորջիան։ Այս նահանգները ներկայացնում էին դեմոկրատ սենատորներ, այնուամենայնիվ այս միջանկյալ ընտրություններում իրենց հետագա պաշտոնավարումը վտանգված էր՝ պայմանավորված  հանրապետականների կողմից ակնառու թեկնածուների ներկայացմամբ, դեմոկրատների օրոք տնտեսական իրավիճակի վատթարացմամբ և ժողովրդագրական իրավիճակի փոփոխություններով։[10]

Այդուհանդերձ, նոյեմբերի 24-ի տվյալներով դեմոկրատ թեկնածուները հաղթել են Արիզոնա և Նևադա նահանգներում։ Արիզոնա նահանգում հաղթանակից հետո դեմոկրատների և հանրապետականների ձայները հավասարվեցին, ինչը նշանակում էր, որ Նևադայում կամ Ջորջիա նահանգում հաղթելու պարագայում դեմոկրատները կպահպանեն իրենց մեծամասնությունը։[11]Նևադա նահանգում ընդամենը 0.9% ավել ձայների միջոցով հաղթեց դեմոկրատ թեկնածուն։ Սա նշանակում է, որ անկախ դեկտեմբերի 6-ին Ջորջիայում կայանալիք երկրորդ փուլի ընտրությունների արդյունքների՝ դեմոկրատները կպահպանեն մեծամասնությունը Սենատում։[12] 

Այսպիսով, հակառակ այն կանխատեսումներին, որ Սենատում ևս հանրապետականները կկարողանան առավել շատ տեղեր ձեռք բերել[13]՝ վերահսկելով Կոնգրեսի երկու պալատներն էլ, դեմոկրատ թեկնածուները, թեև փոքր տարբերություններով, բայց կարողացան պահպանել իրենց դիրքերը առավել խոցելի նահանգներում՝ ապահովելով Դեմոկրատական կուսակցության մեծամասնությունը Սենատում մինչ հաջորդ միջանկյալ ընտրությունները 2024թ.-ին։ 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրությունները և Հայկական հարցերով հանձնախմբի անդամների գրանցած արդյունքներն ընտրություններում

Մինչ 2020թ. նոյեմբերի 8-ի միջանկյալ ընտրությունները ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն էին կազմում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները՝ 435 տեղից զբաղեցնելով 222-ը, իսկ հանրապետականները՝ 213: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ձեռք բերեցին Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ՝ ապահովելով հանրապետական վարչակազմի և դեմոկրատ օրենսդիրի հավասարակշռությունը։ Հաշվի առնելով, որ հանրապետական և դեմոկրատ կուսակցության որոշ  ներկայացուցիչ պաշտոնաթող էին եղել, 2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ, դեմոկրատները շարունակում էին պահել  220-212 առավելություն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ Ստացվում է այս նոյեմբերին կայանալիք ընտրություններում հանրապետականներին պետք էր հավաքել ևս 5 մանդատ՝ պալատում մեծամասնություն կազմելու համար:

Ի տարբերություն Սենատի՝ Ներկայացուցիչների պալատում ընտրության են դրված բոլոր 435 ներկայացուցիչների տեղերը:[14] Նոյեմբերի 24-ի դրությամբ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում Ներկայացուցիչների պալատում՝ ստանալով 220 մանդատ, իսկ դեմոկրատները՝ 213։[15]

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 49 անդամներ նախօրոք հայտարարել էին, որ չեն պատրաստվում վերընտրվել 2022 թվականին: 49 կոնգրեսականներից 32-ը հայտարարեցին իրենց պաշտոնաթողության մասին մասին: Նրանցից 22-ը դեմոկրատ էին, իսկ 10-ը՝ հանրապետական:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյոթ անդամներ առաջադրվել են այլ պաշտոնների համար.

  • Հինգ հանրապետականներ և չորս դեմոկրատներ հավակնում էին մանդատ ստանալ ԱՄՆ Սենատում:
  • Նահանգապետի պաշտոնի համար առաջադրվել էր մեկ հանրապետական և երեք դեմոկրատ:
  • Մեկ հանրապետական առաջադրվել է Ջորջիա նահանգի պետքարտուղարի պաշտոնի համար:
  • Մեկ դեմոկրատ առաջադրվել է քաղաքապետի պաշտոնում:
  • Գլխավոր դատախազի պաշտոնի համար առաջադրվել են մեկ դեմոկրատ և մեկ հանրապետական:[16]

Հարկ է նշել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի անդամներից որոշները այլևս չեն շարունակի պաշտոնավարել որպես կոնգրեսական։ Նրանց կարելի է բաժանել երեք խմբի. նրանք, ովքեր նախապես հայտարարել են այլևս չառաջադրվելու մասին, հանձնախմբի անդամներ, ովքեր պարտվել են ընտրություններում, և նրանք, ովքեր առաջադրվել են այլ պաշտոններում։ Հանձնախմբի 13 անդամներ հայտարարել էին, որ գալիք միջանկյալ ընտրություններում այլև չեն առաջադրվելու որպես կոնգրեսական։ Նրանց թվում է նաև հայկական արմատներ ունեցող և ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համախագահ Ջեքի Սփիերը, ով 2021թ. հայտարարել էր, որ այլևս չի առաջադրվի կոնգրեսականի պաշտոնում։[17] Այս մասին հայտարարելիս, Սփիերն ասել էր, որ «ժամանակն է, որ ես տուն վերադառնամ։ Ժամանակն է, որ ես լինեմ կին, մայր և ընկեր ոչ միայն շաբաթվա վերջին…Արտասովոր արտոնություն և պատիվ էր ներկայացնել Սան Մատեո շրջանի և Սան Ֆրանցիսկոյի ժողովրդին կառավարման գրեթե բոլոր մակարդակներում մոտ չորս տասնամյակ»:[18] Սփիերի հեռացումը մեծ կորուստ կլինի, քանզի վերջինս մշտապես ակտիվորեն պայքարել է ԱՄՆ կոնգրեսում հայերի շահերի առաջ մղման համար՝ առաջադրելով և աջակցելով բազմաթիվ հայամետ բանաձևերի, միանալով հայամետ նախաձեռնություններին։ Բացի այդ 2019թ. Ջեքի Սփիերը եղել է այն կոնգրեսականների թվում, ովքեր այց կատարեցին Արցախ։ Սփիերը աջակցել է նաև Արցախին օգնության տրամադրմանը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության սահմանափակմանը և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիականների՝ Հայաստան վերադարձնելուն։ Ջեքի Սիիերը նաև այս տարի Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի պատվիրակության կազմում էր։ Այնուամենայնիվ, Հայկական հանձնախմբի մյուս համանախագահներ Գուս Բիլիրակիսը և Ֆրանկ Փալոնը կշարունակեն պաշտոնավարել։ Հետաքրքրական է, որ ոչ միայն Հայկական հարցերով հանձնախմբի նախագահն է հեռանում պաշտոնից, այլ նաև Թուրքիայի և Ադրբեջանի հարցերով հանձնախմբի նախագահ Սթիվ Չաբոթը, ով Օհայո նահագում պարտվել է դեմոկրատ թեկնածուի։ 

Հայերի համար կարևոր է նաև, որ Նյու Ջերսիի նահանգից կոնգրեսական է ընտրվել հայերի լավ բարեկամ և հայկական հարցերը Սենատում մշտապես բարձրաձայնող սենատոր Բոբ Մենենդեզի որդին՝ Բոբ Մենենդեզ կրտսերը,[19] ով ըստ էության 118-րդ գումարման Կոնգրեսում կհամալրի Հայկական հարցերով հանձնախմբի անդամների շարքերը։ 

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ և հայերի մեծ բարեկամ Նենսի Փելոսին կշարունակի պաշտոնավարել որպես կոնգրեսական՝ կորցնելով խոսնակի պաշտոնը հանրապետականների հաղթանակից հետո։ Չնայած կոնգրեսականի պաշտոնը թողնելու իր նախկին հայտարարություններին և դեսպանի պաշտոնը ստանձնելու խոսակցություններին՝ Նենսի Փելոսին հայտարարել է, որ կշարունակի լինել Ներկայացուցիչների պալատում՝ մնալով Հայկական հանձնախմբի ներկայացուցիչ։[20] 

            Հայկական հանձնախմբի մի շարք կոնգրեսականներ իրենց հերթին հրաժարվել են Կոնգրեսի ընտրապայքարից՝ փորձելով առաջադրվել այլ պաշտոններում։ Նրանց թվում է կոնգրեսական Քերեն Բասը, ով հաղթել է Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում՝ դառնալով Լոս Անջելեսի առաջին կին քաղաքապետը։[21] Հայկական հանձնախմբի մեկ այլ կոնգրեսական՝ Էնթոնի Բրաունը իր հերթին կստանձնի Մերիլենդի գլխավոր դատախազի պաշտոնը։[22] Իսկ Կոնգրեսական Թոմ Սուազին առաջադրվել էր Նյու Յորքի նահանգապետի պաշտոնի համար, սակայն ընտրապայքարում հաղթել չհաջողվեց։[23]

Հարկ է նշել նաև, որ Ներկայացուցիչների պալատի Հայկական հանձնախմբի երեք կոնգրեսականների չի հաջողվել հաղթել ընտրապայքարում։ 2023թ. հունվարին նրանք կլքեն իրենց պաշտոնները։

Միջանկյալ ընտրությունների ազդեցությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա

Թեև Սենատում դեմոկրատները կարողացան պահպանել իրենց մեծամասնությունը, այնուամենայնիվ Ներկայացուցիչների պալատում վերջիններս զիջեցին իրենց դիրքերը հանրապետականներին, որը իր հերթին կարող է ազդեցություն ունենալ ԱՄՆ վարած արտաքին քաղաքականության վրա՝ բարդացնելով Բայդենի և իր վարչակազմի որդեգրած քաղաքականության իրացումը։ Հաշվի առնելով ներկայումս աշխարհում տիրող իրավիճակը՝ կդիտարկվեն ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոխոխությունը Ուկրաինայի, Չինաստանի, ինչպես նաև Հայաստանի պարագայում։ 

Նախ, Ուկրաինայի առումով, հարկ է նշել, որ Բայդենի վարչակազմը 18 միլիարդ ԱՄՆ դոլարի անվտանգային օգնություն[24] է տրամադրել Ուկրաինային փետրվարից ի վեր։ Որքան երկար է տևում այս պատերազմը, այնքան ավելանում են դժգոհությունները ԱՄՆ-ում թե շարքային քաղաքացիների և թե իշխանական շրջանակների մոտ։ ԱՄՆ երկու կուսակցությունների ներկայացուցիչները միակարծիք են Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու առումով, այնուամենայնիվ խնդիրը խոշոր ծավալների օգնությունն է, որը երկարաժամկետ կտրվածքով մեծ խոչընդոտ կարող է դառնալ ԱՄՆ տնտեսության համար՝ հաշվի առնելով երկրում տիրող գնաճի բարձր մակարդակը և գործազրկության աճը։  

Այս խնդիրը արդեն իսկ սկսել են բարձրաձայնել հանրապետականները։ Սենատում Ուկրաինայի աջակցության առումով երկու կուսակցությունների միջև ընդհանուր առմամբ փոխհամաձայնություն կա. Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը և Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ ՄքՔոնելը կողմ են՝ Ուկրաինային շարունակական աջակցության Բայդենի քաղաքականությանը։ Այնուամենայնիվ, Ներկայացուցիչների պալատում իրավիճակը փոխվեց հանրապետականների հաղթանակով։[25] Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության ներկայիս ղեկավար և ապագայում ամենայն հավանականությամբ խոսնակ Քևին ՄքՔարթին նշել էր, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստանալու պարագայում հանրապետականներն այլևս չեն պատրաստվում անսահմանափակ օգնություն տրամադրել Ուկրաինային, քանի որ ԱՄՆ քաղաքացիները չեն աջակցի Ուկրաինային հետագա օգնության տրամադրմանը, քանի դեռ առկա են ներքաղաքական լուրջ տնտեսական խնդիրներ։[26] 

Վերջերս արված հարցումները ևս հաստատում են ՄքՔարթնիի խոսքերը։ Մասնավորապես «Wall Street Journal»-ի կողմից անցկացված հարցումների ժամանակ հանրապետական քվեարկողների 48%-ը նշել է, որ ԱՄՆ-ը անում է ավելին քան պետք է, ինչը 6%-ով ավելի է համեմատած նախկին հարցումների հետ։[27] Ըստ այդմ, թեև ԱՄՆ երկու կուսակցություններն ընդհանուր առմամբ համակարծիք են Ուկրաինայի սատարման հարցում, հանրապետականների կողմից Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելուց հետո հնարավոր են Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալների կրճատումներ կամ սահմանափակումներ։ 

Ինչ վերաբերում է Չինաստանի նկատմամբ քաղաքականությանը, ապա պետք է նշել, որ սկսած հատկապես Դոնալդ Թրամփի ղեկավարման տարիներից ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները բավականին վատթարացել են։ Իր հերթին Ջո Բայդենը ստանձնել է ԱՄՆ նախագահի պաշտոնը մի շրջանում, երբ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում գերիշխում են առևտրային պատերազմը, փոխադարձ պատժամիջոցները, և Հոնկոնգի և Թայվանի շուրջ լարվածությունը։ Սա իր հերթին ազդեցություն է ունենում ԱՄՆ-ում Չինաստանի մասին հանրային կարծիքի վրա։ Ըստ այդմ, «Pew Research Center»-ի կողմից իրականացված հարցումների համաձայն` ԱՄՆ 10 քաղաքացիներից 9-ը (չափահաս քաղաքացիների 89%-ը) համարում են Չինաստանը «մրցակից կամ թշնամի»։[28]

Հաշվի առնելով այս հաստատված կոշտ քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ, որը նաև աջակցություն է ստանում հասարակության կողմից, ԱՄՆ 118-րդ գումարման Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնությունը լուրջ փոփոփոխություններ չի մտցնի։  Կան շատ փոքր հնարավորություններ այդ կոշտ քաղաքականությունից շեղվելու առումով։ Մասնավորապես, Չինաստանի նկատմամբ սահմանված տարիֆների որոշակի նվազեցման Բայդենի առաջարկը կարող է ընդունվել առանց լուրջ խնդիրների, քանզի շատ հանրապետականներ աջակցում են այս նախաձեռնությանը։ Սակայն ընդհանուր առմամբ հնարավոր են անհամաձայնություններ հանրապետական մեծամասնության և դեմոկրատ վարչակազմի միջև՝ կապված  առաջարկված նախաձեռնությունների կոնկրետ դրույթների հետ։[29]

Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխությանը, ապա հարկ է նշել, որ այս առումով ևս էական փոփոխություններ չեն լինի։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայկական հարցերով հանձնախմբի անդամների գերակշիռ մասը շարունակելու են պաշտոնավարել գալիք Կոնգրեսում։ Չնայած Հանձնախմբի որոշ կոնգրեսականներ այլևս չեն պաշտոնավարի միջանկյալ ընտրություններից հետո, այնուամենայնիվ ԱՄՆ-ում հայ լոբբիստները կփորձեն հանձնախմբի մեջ ներգրավվել նոր անդամների։ Ավանդաբար հայկական համայնքն ու հայ լոբբիստները  լավ կապեր ունեն և առավել արդյունավետ աշխատում են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այսպիսով, Ներկայացուցիչների պալատում հանրապետականների կողմից մեծամասնություն կազմելը պետք է դիտարկել որպես հնարավորություն, այլ ոչ խոչընդոտ՝ առավել սերտ կապեր հաստատելու այս կուսակցության ներկայացուցիչների հետ։ 

Եզրակացություն

Այսպիսով, ԱՄՆ 118-րդ գումարման Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն է կազմելու Հանրապետական կուսակցությունը, իսկ Սենատում՝ Դեմոկրատական կուսակցությունը։ Նոյեմբերի 24-ի դրությամբ Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցությունն ունի 220 մանդատ, իսկ դեմոկրատները՝ 213։ Սենատում հարաբերակցությունը 49-50 է։ Ուստի, այս անգամ նույնպես պահպանվեց այն հավասարակշռման օրինաչափությունը, որը գործում է Միացյալ Նահանգների ընտրություններում։ Այսինքն, դեմոկրատ Բայդենի վարչակազմի օրոք Ներկայացուցիչների պալատը վերահսկելու են հանրապետականները՝ հավասարակշռելով օրենսդիր ու գործադիր իշխանությունները։   
            Հայկական հարցերով հանձնախմբի որոշ անդամներ այլևս ներկայացված չեն լինի Կոնգրեսում, որոնց թվում է Հանձնախմբի համանախագահ և արմատներով հայ Ջեքի Սփիերը։ Իսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ով 2022թ. սեպտեմբերի 17-19-ը այց էր կատարել Հայաստան, կշարունակի պաշտոնավարել որպես կոնգրեսական՝ կորցնելով խոսնակի պաշտոնը։ Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցության մեծամասնություն կազմելը կարող է հայերի համար հնարավորություն դառնալ՝ փորձելու սերտ հարաբերություններ հաստատել և առավել խորը համագործակցություն ծավալել նաև հանրապետականների հետ, ինչպես ավանդաբար հաջողվել է անել դեմոկրատների հետ։ 
            Ուշագրավ է նաև այն, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարցերով հանձնախմբի նախագահ Սթիվ Չաբոթը այլևս չի պաշտոնավարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ պարտվելով այս ընտրություններում։ Հայ համայնքի և հայ լոբբիստների մեծ ջանքերով այս ընտրություններում պարտվեց նաև ազգությամբ թուրք և Թուրքիայի էլիտայի հետ սերտ կապեր ունեցող Մեհմեդ Օզը, ով առաջադրվել էր սենատորի պաշտոնում։
            ԱՄՆ արտաքին քաղաքականության առումով միջանկյալ ընտրությունները մեծ փոփոխություն չեն առաջացնի։ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ մղվող պատերազմում, այնուամենայնիվ հնարավոր է օգնության ծավալների որոշակի սահմանափակում տեղի ունենա։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այդ առումով էլ ԱՄՆ-ը կշարունակի կոշտ քաղաքականությունը վարել՝ փորձելով որոշ ուղղություններով թեթև մեղմացումներ մտցնել։ 

Բնօրինակ՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=331


[1] Remarks by President Biden in Press Conference on November 9, 2022, https://www.whitehouse.gov/briefing-room/speeches-remarks/2022/11/09/remarks-by-president-biden-in-press-conference-8/, (21.11.2022).

[2] U.S. Constitution, Article I, section 3,  https://www.senate.gov/civics/constitution_item/constitution.htm#a1_sec3, (21.07.2022).

[3] United States Senate elections, 2022, https://ballotpedia.org/United_States_Senate_elections,_2022, (21.07.2022).  

[4] United States Senate elections, 2022 https://ballotpedia.org/United_States_Senate_elections,_2022, (21.11.2022.)  

[5] Mandela Barnes gets open path to take on Wisconsin Sen. Ron Johnson, https://www.politico.com/news/2022/07/27/alex-lasry-dropping-out-of-wisconsin-senate-race-to-unseat-ron-johnson-00048186, (22.07.2022).

[6] Sen. Pat Toomey to retire from politics in blow to GOP, https://www.politico.com/news/2020/10/05/pat-toomey-senate-retirement-426429, (22.07.2022).

[7]  2022 Midterms: A Guide to the Races Worth Watching A cheat sheet for all the crucial races, upsets, and campaign drama from now through Election Day, https://nymag.com/intelligencer/article/2022-midterms-guide.html, (22.07.2022).

[8] In a race marked by trolling and drama, Fetterman defeats Oz for Pennsylvania Senate seat, https://www.latimes.com/politics/story/2022-11-08/fetterman-oz-results-in-pennsylvania-senate-race-marked-by-trolling, (22.07.2022).  

[9] Would Turkey’s president have leverage over ‘Senator Doctor Oz’? https://www.washingtonpost.com/opinions/2022/02/16/doctor-oz-close-ties-to-turkey-raise-concern-about-senate-candidacy/, (23.07.2022).

[10] Senate, Balance of the chamber could come down to four states where Democrats are up for reelection, https://www.washingtonpost.com/politics/interactive/2022/senate-control-midterms-2022/?itid=lk_readmore_elections_enhanced_index, (23.07.2022).

[11] Mark Kelly wins Senate race in Arizona, https://www.pbs.org/newshour/politics/mark-kelly-wins-senate-race-in-arizona, (23.07.2022).  

[12] Catherine Cortez Masto, https://www.theguardian.com/us-news/2022/nov/13/catherine-cortez-masto-wins-nevada-senate-race, (23.07.2022).  

[13] Republicans are slightly favored to win the Senate, https://projects.fivethirtyeight.com/2022-election-forecast/senate/, (23.11.2022).

[14] United States House of Representatives elections, 2022,

https://ballotpedia.org/United_States_House_of_Representatives_elections,_2022, (24.07.2022).

[15] Republican House majority climbs to 220 with win in California, https://thehill.com/homenews/campaign/3748047-republican-house-majority-climbs-to-220-with-win-in-california/, (24.11.2022).

[16] List of U.S. Congress incumbents who did not run for re-election in 2022, https://ballotpedia.org/List_of_U.S._Congress_incumbents_who_did_not_run_for_re-election_in_2022, (24.11.2022).

[17] Rep. Jackie Speier retiring from Congress,

https://www.politico.com/news/2021/11/16/jackie-speier-retiring-congress-522690, (24.07.2022).

[18] Rep. Jackie Speier retiring from Congress, https://www.politico.com/news/2021/11/16/jackie-speier-retiring-congress-522690, (25.11.2022).

[19] Menendez sails to victory in 8th District, winning House seat his father once held, https://www.politico.com/news/2022/11/09/2022-midterms-new-jersey-rob-menendez-00065805, (25.11.2022).

[20] Nancy Pelosi to step down as House Democratic leader after two decades, with GOP set to take narrow majority, https://www.cnbc.com/2022/11/17/nancy-pelosi-to-step-down-as-house-democratic-leader-as-gop-to-take-majority.html, (25.11.2022).

[21] Karen Bass elected mayor, becoming first woman to lead L.A.,https://www.latimes.com/california/story/2022-11-16/2022-california-election-bass-wins-los-angeles-mayor-caruso, (25.11.2022).

[22] Anthony Brown wins historic victory in Maryland attorney general race, https://www.washingtonpost.com/dc-md-va/2022/11/08/maryland-attorney-general-results-brown-peroutka/, (26.11.2022).

[23] Tom Suozzi, https://ballotpedia.org/Tom_Suozzi, (26.11.2022).

[24] $400 Million in Additional Security Assistance for Ukraine, https://www.defense.gov/News/Releases/Release/Article/3210297/400-million-in-additional-security-assistance-for-ukraine/, (28.11.2022).

[25] Opinion – The Midterm Elections and US Support for Ukraine, https://www.e-ir.info/2022/11/15/opinion-the-midterm-elections-and-us-support-for-ukraine/, (28.11.2022).

[26] McCarthy: No ‘blank check’ for Ukraine if GOP wins majority, https://apnews.com/article/russia-ukraine-donald-trump-humanitarian-assistance-congress-c47a255738cd13576aa4d238ec076f4a, (28.11.2022).

[27] Republican Opposition to Helping Ukraine Grows, WSJ Poll Finds, https://www.wsj.com/articles/republican-opposition-to-helping-ukraine-grows-wsj-poll-finds-11667467802, (28.11.2022).

[28] Most Americans Support Tough Stance Toward China on Human Rights, Economic Issues,  https://www.pewresearch.org/global/2021/03/04/most-americans-support-tough-stance-toward-china-on-human-rights-economic-issues/, (29.11.2022).

[29] What the Midterm Elections Mean for U.S. Foreign Policy, https://www.cfr.org/blog/what-midterm-elections-mean-us-foreign-policy, (29.11.2022).

Կիսվել՝