ԱՄՆ-ից արձագանքն Արցախի շրջափակմանը

Ավելի քան 40 օր է Արցախի բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ։ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը արգելափակվել է ադրբեջանցի պսևդոբնապահպանների կողմից բողոքի ակցիա իրականացնելու պատրվակով։ Արցախի այս շրջափակման հետևանքով, այնտեղ բնակվող 120 հազար հայեր կտրվել են ողջ աշխարհից։ Սույն հոդվածում անդրադարձ կկատարվի Ադրբեջանի իշխանություների կողմից Արցախի շրջափակմանը, սույն խնդրին Միացյալ Նահանգների իշխանությունների և միջազգային կազմակերպությունների անդրադարձին, ինչպես նաև ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների և հայ համայնքի՝ այդ ուղղությամբ տարվող ջանքերին։

Իրավիճակը Արցախի շուրջ

2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել են Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ միջանքը։ Արդեն գրեթե երկու ամիս տևող շրջափակումը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ հարձակումն է Արցախի ժողովրդի դեմ։ Արդյունքում, օրեցօր ավելի է սրվում առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղերի, սննդի և վառելիքի պակասը։ Նպատակ ունենալով արցախահայերի իրավիճակը վատթարացնել՝ Ադրբեջանը խոչընդոտում է Արցախ գազամատակարարումը, ինչպես նաև Հայաստանից եկող Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածի վերականգնումը (հունվարի 9-ին այնտեղ վթար էր տեղի ունեցել)։ Ադրբեջանի կողմից արտակարգ և վերականգնողական աշխատանքներին միտումնավոր խոչընդոտումը վկայում է այդ քայլերի միտումնավոր լինելու մասին։ Իսկ Ադրբեջանի կողմից Արցախի  շրջափակումը չդադարեցնելու պարագայում դա անխուսափելիորեն բերելու է հումանիտար ճգնաժամի։[1]

Միջազգային արձագանք

Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի թեև ստացել է պետությունների կառավարությունների և միջազգային կազմակերպությունների կողմից, այնուամենայնիվ այն դեռևս բավարար չէ Արցախի ապաշրջափակումը ապահովելու համար։ Արցախի շրջափակմանն անդրադարձել են այնպիսի միջազգային և տարածաշրջանային կառույցներ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԵՄ-ն, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ՝ «Freedom House», «Amnesty International» և «Human Rights Watch»։ Հստակ արձագանքեր եղել են տարբեր երկրների կառավարությունների կողմից, այդ թվում Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ռուսաստան, Հնդկաստան, Հունաստան և Կիպրոս։

ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խոսնակը առանց որևէ հստակ կոչի ուղղված Ադրբեջանինհորդորել է կողմերին դեէսկալացնել իրավիճակն ու ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը։[2] Մյուս կողմից, դեկտեմբերի 27-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ը անդրադարձել է այս իրավիճակով պայմանավորված երեխաների իրավունքների ոտնահարմանը, քանզի «որքան երկար շարունակվի իրավիճակը, այնքան շատ երեխաներ կզգան տարրական սննդի պակասը…Բացի այդ շատ երեխաներ զրկվել են ծնողական խնամքից, քանի որ բաժանվել են իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից»։[3]  Հունվարի 18-ին իրավիճակին անդրադարձավ նաև ՄԱԿ Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարը՝ կոչ անելով անմիջապես ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով։[4] Այսպիսով չնայած ՄԱԿ-ի կողմից արված մի քանի հայտարարությունների, որոնք նաև ընդգծում էին Արցախում հումանիտար աղետի հավանականությունը, այս հայտարարությունները հստակորեն ուղղված չէին Ադրբեջանի կառավարությանը և որևէ լուրջ ազդեցություն չունեցան Արցախի ապաշրջափակման հարցում։ 

ՄԱԿ-ից բացի արձագանքել է նաև ԵՄ-ն՝ ուղղակիորեն կոչ ուղղելով Ադրբեջանին. «ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության համաձայն»։[5] Այս հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատվել է Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, որտեղ դատապարտվել է «Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումը»։[6]

Ինչ վերաբերում է տարբեր երկրների կողմից Արցախի շրջափակման անդրադաձին, ապա ԱՄՆ-ի, ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի և Կիպրոսի կողմից հայտարարություններ եղել են ԱԳՆ մակարդակով։ Արցախի շրջափակման հարցը բարձրաձայնվել է նաև ԵԱՀԿ-ի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի շրջանակում, որտեղ դատապարտող հայտարարություններ եղել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իռլանդիայի կողմից։ Եղել են հայտարարություններ նաև այլ երկրների կողմից։[7]

Իսկ Արցախի շրջափակմանն անդրադարձած միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների շարքում են «Freedom House», «Amnesty International», «Human Rights Watch» կազմակերպությունները։ Առաջինն ուղղակիորեն կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը և վերականգնել գազամատակարարումը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների իրացումը։[8] «Amnesty International»-ը հանդես է եկել համանման հայտարարությամբ մեկ ամիս անց։[9] Իսկ «Human Rights Watch»-ը շրջափակումից մի քանի օր անց արդեն իսկ ահազանգում էր հնարավոր «սարսափելի հումանիտար հետևանքների մասին» շրջափակման շարունակման պարագայում։[10]

Այսպիսով, ընդհանուր առմամբ միջազգային և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների կողմից հստակորեն արձանագրվել է շրջափակման փաստը, դրա մարդասիրական աղետի վերաճելու մեծ հավանականությունը և շրջափակման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Չնայած այս բոլոր արձագանքներին միջազգային դերակատարների կողմից Ալիևը դեռևս չի դադարեցնում Արցախի շրջափակումը՝ ակնկալելով ստանալ որոշակի զիջումներ։ 

ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման և հնարավոր հումանիտար աղետի մասին ԱՄՆ իշխանությունները սկսեցին անդրադառնալ շրջափակման երկրորդ օրվանից։ 

Արձագանքները սկսել են Պետդեպարտամենտից՝ խոսնակի մակարդակով և Կոնգրեսից՝ հայամետ կոնգրեսականների մակարդակով։ Շրջափակումից ավելի քան մեկ ամիս անց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազանգ է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ վերջինիս հորդորելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը։[11] Սպիտակ տան կողմից դեռևս որևէ անդրադարձ կամ հայտարարություն չի եղել՝ չնայած հայ լոբբիստների և հայ համայնքի ջանքերին։ 

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը դեկտեմբերի 13-ին թե իր թվիթթերյան էջում[12] և թե մամլո ասուլիսի ժամանակ կոչ արեց Ադրբեջանի կառավարությանը «վերականգնել (Լաչինի) միջանցքով ազատ տեղաշարժը»։[13]

Այնուհետև դեկտեմբերի 16-ի մամլո ասուլիսի ժամանակ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գլխավոր տեղակալ Վեդանտ Պատելը, պատասխանելով Արցախի շրջափակման հետ կապված հարցին, հայտարարեց, որ «Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ ծանր հումանիտար հետևանքներ ունի և, ակնհայտորեն, հետ է մղում խաղաղության գործընթացը: Մենք ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարումը վերականգնվել է։ Էներգետիկ ենթակառուցվածքների խափանումները կարող են հումանիտար ճգնաժամ առաջացնել: Եվ մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, և դրան հասնելու ճանապարհը բանակցություններն են»։[14]

Հաջորդող հայտարարություններում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հանդես է եկել համանման հայտարարություններով՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին և Ադրբեջանին բանակցային գործընթացը շարունակելու հարցում՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար։[15]

Արցախի շրջափակմանը նաև անդրադարձ է եղել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի կողմից, ով իր թվիթթերյան էջում տարածել էր հայտարարություն առ այն որ «Ավելի քան մեկ ամիս է, ինչ արգելափակված է Լաչինի միջանցքով տեղաշարժը։ Ամեն օր առևտրային երթևեկությունը և մարդասիրական օգնությունը չեն կարողանում անարգել հասնել Լեռնային Ղարաբաղ, որը մեծացնում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը: Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»։[16] Այս հայտարարությունը մեծապես ԱՄՆ-ում հայ լոբբիստների ու հայկական համայնքի համատեղ ջանքերի արդյունք էր։ Սակայն, հայ լոբբիստները միայն  հայտարարություն չէ, որ ակնկալում էին ստանալ Սամանթա Փաուերից։

Կոնգրեսի երկու պալատների անդամների արձագանքը Արցախի շրջափակմանը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը անմիջապես արձագանքել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները, հատկապես Հայակական հանձնախմբի ներկայացուցիչները։ Կոնգրեսմենները հանդես են եկել հայտարարություններով, որոնք դատապարտում են Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև նամակներ են հղել ԱՄՆ վարչակազմի անդամներին։ 

Նախ և առաջ, շրջափակման մասին անմիջապես հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրանկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալադաոն, ինչպես նաև Ադամ Շիֆը։ Հայատարարությամբ կոնգրեսականները դատապարտում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ նշելով, որ անհանգստացնող է, այն որ ադրբեջանցիներին թույլ են տալիս ազատորեն բողոքել միայն այն դեպքում, երբ դա սպառնում է հայերի կյանքին…»։[17]

Ադամ Շիֆի գլխավորությամբ կոնգրեսականների կողմից նամակ է ուղարկվում ԱՄՆ նախագահ Բայդենին՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, դադարեցնել ԱՄՆ աջակցության տրամադրումն Ադրբեջանին, և Արցախին տրամադրել մարդասիրական օգնությունը։[18] 

Առանձին հայտարարություններով հանդես են եկել մի շարք կոնգրեսականներ այդ թվում Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն, Աննա Էշուն՝ անդրադառնալով շրջափակման դադարեցման անհրաժեշտության և դրա ծանր հումանիտար  հետևանքների մասին։ Կոնգրեսական Ջիմ Կոստան այս հարցը բարձրաձայնել է նաև Կոնգրեսում քննարկումներից մեկի ժամանակ՝ հարց ուղղելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին։ 

ԱՄՆ սենատորները ևս անարձագանք չեն թողել Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականցվող ագրեսիան։ Սենատորներ Բոբ Մենենդեզը և Ջեք Ռիդը համատեղ նամակ են ուղղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, նշելով, որ «Միացյալ Նահանգները չի կարող կողքից նայել, թե ինչպես է Ալիևի ռեժիմը անգթորեն սպառնում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին, փոխարենը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին խաղաղ բնակչության՝ սննդամթերքից և առաջին անհրաժեշտության ապրանքներից զրկելու համար»։[19]

Սենատորները անհատապես ևս հանդես են եկել Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններով, նրանց թվում Բոբ Մենենդեզը, ով նաև Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է, Սենատոր Էդ Մարքլին, Ջեք Ռիդը, Գերի Փեթերսը և այլք։ Բոլորն իրենց հայտարարություններում դատապարտում են Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը և ընդգծում այդ իրավիճակի անընդունելիությունը սենատորների համար։ 

Այսպիսով, Կոնգրեսի մակարդակով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը դատապարտվել է հիմնականում Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամների և հայ համայնքի և լոբբիստների հետ սերտ կապեր ունեցող ներկայացուցիչների և սենատորների կողմից։ Ջնջել

ԱՄՆ-ում հայ լոբբիստների ջանքերն ու ակտիվությունը Արցախի ապաշրջափակումն ապահովելու հարցում

ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունները և հայ համայնքը Արցախի և արցախահայության շրջափակման առաջին օրվանից մեծ ջանքեր են գործադրում՝ փորձելով  ԱՄՆ պետական կառույցների վրա իրենց ազդեցության միջոցով հասնել Արցախի ապաշրջափակմանն ու Արցախին լրացուցիչ աջակցության տրամադրմանը։

Մասնավորապես, ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումը դեկտեմբերի 12-ից սկսած կոչ է անում հայ համայնքին կապ հաստատել Կոնգրեսում իրենց ներկայացուցիչների հետ՝ Արցախին շտապ աջակցություն ցուցաբերելու և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար։ Նրանք այդ թվում պարբերաբար հորդորում են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին անդրադառնալ Արցախի շրջափակման հարցին և  քայլեր ձեռնարկել ապաշրջափակման համար։ Նրանց թիրախում է նաև գտնվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ՄԶԳ) ղեկավար Սամանթա Փաուերը, ումից վերջիններս պահանջում են օգնություն ուղարկել Արցախ՝ հումանիտար աղետը կանխելու նպատակով։[20]

ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով ցանկանում  է հասնել Ստեփանակերտին օդային ճանապարհով օգնության հասցնելուն և Լաչինի միջանցքի հայկական կողմում հումանիտար օգնության նախնական տեղակայմանը՝ շրջափակումից հետո օգնությունը Արցախ անհապաղ հասցնելու համար։ 

Հայ լոբբիստներն իրենց պահանջը պայմանավորում են այն հանգամանքով, որ նման գործողություն արդեն իսկ իրականացվել է Սարաևոյի պաշարման ժամանակ, երբ «Provide Promise» օպերացիայի շրջանակներում 1992թ. և 1996թ. Միացյալ Նահանգները իր գործընկերների հետ միասին հումանիտար օդային փոխադրումներ են իրականացրել պաշարված Սարաևո։ Մարտական պայմաններում ավելի քան 12,886 թռիչքների միջոցով մատակարարվել է 159,000 տոննա սննդամթերք, դեղորայք և այլ պարագաներ։ Այժմ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի պահանջն է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերին տրամարդրել նման օդային օգնություն շրջափակված Արցախի ժողովրդին։[21]

            ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախումբը նաև պարբերաբար հրապարակում է ԱՄՆ պետական մարմինների համապատասխան վարչությունների հանրային աշխատակիցների հեռախոսահամարներ, որպեսզի ԱՄՆ-ի հայ համայնքը, զանգահարելով նրանց, տեղյակ պահի Արցախում տիրող իրավիճակի մասին և պահանջի համապատասխան քայլեր իրականացնել՝ հումանիտար աղետը կանխելու նպատակով։  Ամերիկայի հայկական համագումարը ևս հորդորում է հայկական համայնքի ներկայացուցիչներին կապ հաստատել իրենց կոնգրեսականների և վարչակազմի պաշտոնյաների հետ՝ կոչ անելով բարձրաձայնել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան, պահանջել Հայաստանի և Արցախի միջև անխափան կապ, ինչպես նաև կիրառել 907-րդ բանաձևը։[22]      Լոբբիստական այս արշավի մեջ ներառված է նաև Գլենդելի քաղաքապետ, ազգությամբ հայ Արդաշես (Արդի) Քասախյանը, ով նախաձեռնել է նամակ ուղղված ԱՄՆ նախագահ Բայդենին՝ անհապաղ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող օգնությունը և տրամադրելու շտապ հումանիտար աջակցություն Արցախին։ Նամակը ստորագրել է նաև Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոն։[23] 

Բացի այդ, ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչները նաև կազմակերպել են բողոքի ակցիաներ ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ ի աջակցությունը Արցախի բնակչության։[24] Այս ամենին զուգահեռ, հայկական լոբբիստական կազմակերպությունները շարունակում են իրականացնել հանդիպումներ ԱՄՆ ներկայացուցիչների և սենատորների հետ։[25]

Ամփոփելով վերոշարադրյալը՝ հարկ է նշել, որ Արցախի շրջափակումը ստանում լուսաբանում տարբեր երկրների և միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից։ Այդուհանդերձ, այդ արձագանքը դեռևս որևէ ազդեցություն չի թողնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, ով ակնհայտորեն, իրավիճակից զիջումներ կորզելու նպատակ ունի։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա հասցեական հայտարարություններ եղել են ԱՄՆ Պետդեպարտամենտից և Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների և սենատորների կողմից։ Արցախի շրջափակման հարցում ԱՄՆ կողմից իրականացված գործողությունների թվում կարելի է առանձնացնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ պահանջելով Արցախի անհապաղ ապաշրջափակում։ 

Սրան զուգահեռ ԱՄՆ-ում հայ համայնք ու լոբբիստները ջանքեր են գործադրում, որպեսզի կոնգրեսականներն ու ԱՄՆ վարչակազմը դատապարտեն Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումը, հումանիտար օգնություն տրամադրեն Արցախին և այլևս չշրջանցեն 907-րդ բանաձևը՝ կասեցնելով Ադրբեջանին հետագա օգնության տրամադրումը։ 

Բնօրինակը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2023/02/Դրօշակ-թիվ-2-2023թ-1.pdf


[1] Հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետիմեկնաբանման կապակցությամբ, http://www.nkr.am/hy/news/2023-01-24/Statement, (24.01.2023).

[2] Statement attributable to the Spokesperson for the Secretary-General – on the Lachin corridor [Armenia/Azerbaijan], https://www.un.org/sg/en/content/sg/statement/2022-12-14/statement-attributable-the-spokesperson-for-the-secretary-general-%E2%80%93-the-lachin-corridor-armeniaazerbaijan%C2%A0, (18.01.2023).  

[3] With The Lachin Corridor Blockage, Nagorno-Karabakh Close To A Humanitarian Catastrophe, https://www.forbes.com/sites/ewelinaochab/2022/12/29/with-the-lachin-corridor-blockage-nagorno-karabakh-close-to-a-humanitarian-catastrophe/?sh=53505b9b6c90, (18.01.2023).

[4] The United Nations HumanRights office High Commissioner statement https://twitter.com/UNHumanRights/status/1615740942618615808?s=20&t=WzGqs5ON6K2DT6Guki15WA, (18.01.2023).

[5] Lead spokesperson for the external affairs of the EU statement, https://twitter.com/ExtSpoxEU/status/1602704438816292866?s=20&t=9BU4NmmO2f2gUl6vg2QGkQ, (19.01.2023).

[6] European Parliament strongly condemns Azerbaijani blockade of Lachin Corridor, demands immediate restoration of movement, https://www.armenpress.am/eng/news/1102022/, (19.01.2023).

[7] The International Community is Unequivocally United in calling to End the Blockade of Artsakh, https://sites.google.com/view/opentheroad/home?authuser=0, (19.01.2023).

[8] Freedom House statement, https://twitter.com/freedomhouse/status/1603146203293777921?s=20&t=sKWbLf6uvzpG29LzxQhNeA, (19.01.2023)

[9] Amnesty International Statement, https://twitter.com/amnestypress/status/1613202615076020224?s=20&t=61G1AsrAYCKr98BIf9za-Q, (19.01.2023).

[10] Azerbaijan: Nagorno-Karabakh Lifeline Road Blocked, Ensure Access to Essential Goods and Services, https://www.hrw.org/news/2022/12/21/azerbaijan-nagorno-karabakh-lifeline-road-blocked, (20.01.2023).

[11] Secretary Blinken’s Call with Azerbaijani President Aliyev, https://www.state.gov/secretary-blinkens-call-with-azerbaijani-president-aliyev-10/, (24.01.2023).

[12] Ned Price, twitter statement, https://twitter.com/StateDeptSpox/status/1602752717734105089?s=20&t=ILD7j0AIncU6_wOBoxv9Bg, (20.01.2023).

[13] Department Press Briefing – December 13, 2022 , https://www.state.gov/briefings/department-press-briefing-december-13-2022/, (20.01.2023)

[14] Vedant Patel, Principal Deputy Spokesperson,  Department Press Briefing – December 16, 2022, https://www.state.gov/briefings/department-press-briefing-december-16-2022/, (20.01.2023).

[15] Ned Price, Department Spokesperson, Department Press Briefing – January 4, 2023, https://www.state.gov/briefings/department-press-briefing-january-4-2023/, (20.01.2023).

[16] Samantha Power, twitter statement, https://twitter.com/PowerUSAID/status/1614022058781949953?s=20&t=2PyRUL8v-aCyTI1LGxOtSw, (21.01.2023).

[17] Armenia Caucus Co-Chairs Issue Statement on Escalation of Azerbaijani Humanitarian Abuses in Artsakh, https://pallone.house.gov/media/press-releases/armenia-caucus-co-chairs-issue-statement-escalation-azerbaijani-humanitarian, (21.01.2023)

[18] Schiff Asks Biden to Force Azerbaijan to End Blockade, https://mirrorspectator.com/2022/12/22/schiff-asks-biden-to-force-azerbaijan-to-end-blockade/, (21.01.2023).

[19] Letter text,   https://www.foreign.senate.gov/imo/media/doc/01-12-23_rm_reed_letter_to_secretary_blinken_re_blockade_on_nagorno-karabakh.pdf, (22.01.2023).

[20] Azerbaijan Blockades Artsakh: Contact Your Legislators Now to Send Emergency Aid to Artsakh; Sanction Azerbaijan, https://anca.org/blockade-alert/?fbclid=IwAR1CyUt8KuavIyjQeCRflUYO67elHrmcEIYLcEpNBcvpXYq64iPB-grizrg, (22.01.2023).

[21] Armenian Caucus Leaders Urge Biden Administration to Consider Emergency Airlift; Azerbaijan Sanctions to End Artsakh Blockade, https://anca.org/press-release/armenian-caucus-leaders-urge-biden-administration-to-consider-emergency-airlift-azerbaijan-sanctions-to-end-artsakh-blockade/, (22.01.2023).

[22] Armenian Assembly of America Action Center, https://action.aaainc.org/, (23.01.2023).

[23] Letter text, https://anca.org/assets/pdf/122122_MayorKassakhian_ArtsakhBlockade.pdf?fbclid=IwAR1EsXx1vUWNrsF2s6RV8YVJyPT1_IdXGERS5GMJUfkAo-AG8ez71UJWDHw, (23.01.2023).

[24] AYF Washington, DC blocks traffic to Azerbaijani Embassy, demands end to Artsakh blockade, https://armenianweekly.com/2023/01/17/ayf-washington-dc-blocks-traffic-to-azerbaijani-embassy-demands-end-to-artsakh-blockade/, (24.01.2023).

[25] Armenian Community Meets with Senator Peters & Discusses Humanitarian Crisis in Artsakh, https://www.armenian-assembly.org/post/armenian-community-meets-with-senator-peters-discusses-humanitarian-crisis-in-artsakh, (24.01.2023).

Կիսվել՝