ՀՀ-ԱՄՆ ռազմական կապերի ակտիվացումը ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների վատթարացման համատեքստում

Հայաստանի Հանրապետության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հարաբերությունները (այդ թվում՝ անդամ պետությունների հետ) սրվել են՝ հասնելով ընդհուպ մինչև ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ քննարկումների։ ՀԱՊԿ-ի հետ նվազող և այժմ գրեթե բացակայող համագործակցությանը զուգահեռ ՀՀ-ն առավել ակտիվ փորձում է զարգացնել հարաբերությունները արևմտյան գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ։ Ստեղծված իրավիճակը մի շարք հանգամանքների և իրադարձությունների հետևանքն է։ Սույն հոդվածում կքննարկվեն ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների դինամիկան վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչպես նաև ԱՄՆ արձագանքն ու աճող ներգրավվածությունը ՀՀ-ի հետ ռազմական համագործակցության ոլորտում։

ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների վատթարացման պատճառները

ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների վատթարացման սկզբնական շրջանը կապված էր 2018թ. տեղի ունեցած իշխանափոխության հետ, որի հետևանքով եկած նոր իշխանությունները նախկինում հայտնի էին իրենց հակառուսական հայացքներով։ Այդուհանդերձ, իշխանությունը ստանձնելուց հետո ՀՀ անդամակցությունը ինչպես ԵԱՏՄ-ին, այնպես էլ ՀԱՊԿ-ին պահպանվեց, և Ռուսաստանի հետ հարաբերություններն ընդհանուր առմամբ փոփոխությունների չենթարկվեցին: Սակայն հենց այդ շրջանում տեղի ունեցավ առաջին ճգնաժամը ՀՀ-ՀԱՊԿ հարաբերություններում, և այն կապված էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անձի շուրջ ձևավորվող գործընթացների հետ։ Վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը և, իհարկե, բացասաբար ընդունվեց ՀԱՊԿ անդամների և ՌԴ-ի կողմից։ Սա Հայաստանի իշխանությունների կողմից սխալ հաշվարկված քայլ էր, քանի որ Երևանը անգամ հետ չէր կանչել Խաչատուրովին իր պաշտոնից, երբ հարուցվեց քրեական գործը՝ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի դեմ։ Այդուհանդերձ, Հայաստանը շարունակեց իր ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում՝ մասնակցելով համատեղ զորավարժություններին, ինչպես նաև Ղազախստանում տեղի ունեցող համատեղ գործողություններին։

2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմը դարձավ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների հաջորդ ճգնաժամային կետը։ Պատերազմի ընթացքում ՀՀ-ն դիմել էր ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի դեմ պատերազմում ռազմական աջակցություն ստանալու համար։ Սակայն ՀԱՊԿ-ը չմիջամտեց՝ պատճառաբանելով, որ չի կարող օգնել, քանի որ չեն խախտվել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի սահմանները, պատերազմը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, ինչը անդամ պետությունները համարում են Ադրբեջանի տարածք։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Մոսկվան սահմանափակվում էր քաղաքական աջակցությամբ։

2024թ. Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններն առավել սրվեցին, երբ ՀՀ Ազգային ժողովում վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել են ՀՀ դեմ պատերազմի նախապատրաստությանը 2020թ., և «այդ երկրները, հնարավոր է, իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել կամ թե իբր օգնել են»։

2021-2022թթ. Ադրբեջանը հարձակվեց հենց Հայաստանի Հանրապետության վրա, որին չհետևեց ՀԱՊԿ ակնկալվող արձագանքը։ 2021թ. մայիսին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին Սև լճի հարակից տարածք՝ խորանալով մինչեւ 3.5 կմ, օկուպացնելով Իշխանատափ, Գլուխ Ձագեձորի և Փոքր Իշխանասար գագաթների միջև ընկած տարածքը։ Բացի այդ, ադրբեջանական ուժերը խորացել էին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի հատվածում 2կմ: 2022թ. տեղի ունեցավ առավել մեծ էսկալացիա, երբ ադրբեջանական զորքերը սեպտեմբերի 13-ին լայնամասշտաբ հարձակում իրականացրին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Հենց նույն օրը ՀՀ-ն պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին՝ հիմք ընդունելով պայմանագրի 4-րդ հոդվածը, այն է՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ։ Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը»։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նույն օրը հրավիրեց արտակարգ հանդիպում, որի արդյունքում որոշվում կայացվեց ՀԱՊԿ առաքելություն ուղարկել ՀՀ։ Սեպտեմբերի 15-ին Երևան ժամանեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ՝ իրականացնելու մոնիթորինգային առաքելություն։ Իսկ սեպտեմբերի 20-ին Երևան այցելեց ՀԱՊԿ առաքելությունը` գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ և հանդիպեց ՀՀ վարչապետի հետ։ Մոտ մեկ ամիս անց, առաքելության աշխատանքներին նվիրված քննարկման ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինը նշեց, որ բազմաթիվ կապեր ունեն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը անհնարին է։ Ընդհանուր առմամբ ՌԴ նախագահը շեշտը դրեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացների վրա։ Բնականաբար, սա այն արձագանքը չէր, որ ակնկալվում էր ՀՀ-ում, իսկ Ադրբեջանի դեմ ռազմական աջակցություն Երևանին ՀԱՊԿ անդամները պատրաստ չէին տրամադրել։

Իրավիճակն առավել բարդ էր՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ-ն ներգրավվել էր ՀԱՊԿ խաղաղապահ զորքերում, երբ 2022թ. Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները դադարեցնելու համար Ղազախստանի իշխանությունները պաշտոնապես դիմել էին ՀԱՊԿ-ին՝ պայմանագրի նույն 4-րդ հոդվածի շրջանակներում։

Ինչ վերաբերում էր Հայաստանի դիմումին, ապա, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՀՀ առաքելության ուղարկումն առավելագույնն էր ինչին պատրաստ էին ՀԱՊԿ անդամ երկրները։ Իսկ ՌԴ-ի համար Ադրբեջանն արդեն իսկ կարևոր ռազմավարական գործընկեր էր դարձել։ Մյուս կողմից՝ Մոսկվան արդեն իսկ ներգրավված էր պատերազմում և իր սահմաններին երկրորդ ճակատի բացումն անթույլատրելի էր ռուսական ազգային շահերի տեսանկյունից:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ մյուս անդամներին, ապա վերջիններս առավել բարիդրացիական հարաբերություններ ունեն թե՛ Ադրբեջանի և թե՛ նախագահ Ալիևի հետ: Իրենց հերթին Ղազախստանը և Ղրղզստանը հանդիսանում են «Թյուրքական պետութունների կազմակերպության» անդամներ, իսկ Բելառուսը սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ բոլոր ոլորտներում։ Հետևաբար, ստեղծված հանգամանքներում, առաքելություն ուղարկելն առավելագույնն էր ինչ Երևանը կարող էր ակնկալել ՀԱՊԿ-ից։

Այժմ Հայաստանը իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում հասցրել է նվազագույնի։ Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանը բոյկոտում է կազմակերպության հետ կապված միջոցառումները, ներառյալ համատեղ զորավարժություններն ու հանդիպումները կազմակերպության հանձնաժողովներում։ Հայաստանի վարչապետը չի մասնակցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների տարեկան հանդիպմանը 2023թ., քանի որ հանդիպումը կայացել է Բելառուսում (երկրներից մեկը, որն ըստ վարչապետի՝ օգնել էր Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում և այժմ էլ շարունակում է սերտ համագործակցությունը)։ 2023թ. Հայաստանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին։ Երևանը նաև չեղարկել է ՀԱՊԿ բոլոր միջոցառումներն իր տարածքում և չի մասնակցել որոշումների ընդունման գործընթացներին։ Ավելին, Փաշինյանը նաև հայտարարել է, որ չի միանալու 2024թ. նոյեմբերի 23-ի ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի ՀԱՊԿ բյուջեի մասին բանաձևին, ինչը նշանակում է հրաժարում կազմակերպության գործունեության ֆինանսավորումից։

2024թ. փետրվարին «France 24»-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին, քանի որ «ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021-2022թթ.»։ Հատկանշական է, որ անդամակցության «սառեցում» հասկացություն պայմանագրով նախատեսված չէ:

Այս հարցազրույցից ամիսներ անց այս պնդումը վարչապետը վերահաստատեց, բայց այս անգամ խոսքն արդեն կազմակերպությունը լքելու մասին էր. «Եվ հաջորդ տրամաբանական քայլը, նորից եմ ասում, լինելու է կազմակերպությունից դուրս գալը: Ե՞րբ դա տեղի կունենա՝ կորոշենք, հնարավոր է՝ մեկ ամիս, հնարավոր է՝ մեկ տարի, հնարավոր է՝ երեք տարի»։

Այսպիսով, այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ-ն, լինելով ՀԱՊԿ հիմնադիր անդամ, ՀԱՊԿ-ում որևէ ձևաչափով մասնակցություն չունի և պարբերաբար դաշտ է նետում կազմակերպությունը լքելու վերաբերյալ հայտարարություններ։

ԱՄՆ-ի հետ ընդլայնված ռազմական համագործակցությունը ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների վատթարացման համատեքստում

ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասում իր ազդեցության մեծացումը և արդյունքում Ռուսաստանի ազդեցության նվազեցումը միշտ եղել է ԱՄՆ հետաքրքրությունների և տարածաշրջանում նրա կենսական շահերի էպիկենտրոնում։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ը մշտապես աջակցել է, օրինակ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բոլոր փորձերին, քանի որ դա անխուսափելիորեն բերելու էր տարածաշրջանում Ռուսաստանի դերի և նշանակության նվազմանը։ Այժմ էլ, օգտագործելով այս պատմական հնարավորությունը, երբ Հայաստանի իշխանությունները պատրաստ են միակողմանի զիջումներով գնալ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ԱՄՆ-ն առավել ակտիվորեն է ներգրավված այս գործընթացներում՝ որպես հիմնական միջնորդ:

ՀՀ-ՌԴ-ՀԱՊԿ լարված հարաբերությունների ֆոնին էլ ԱՄՆ-ն ընդլայնում է ռազմական համագործակցությունը Հայաստանի հետ։ Մասնավորապես, երբ ՀՀ-ն հրաժարվում է մասնակցել ՀԱՊԿ շրջանակներում համատեղ զորավարժություններին և մասնակցել բարձր մակարդակի հանդիպումներին, ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է Հայաստանի հետ։ Սրա մասին Հայաստանի վարչապետը խոսել է, նշելով, որ Երևանը պետք է անվտանգային ոլորտում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնի, ինչի փորձը այժմ կատարվում է։

ՀԱՊԿ հիմնադիր անդամ լինելուն զուգահեռ, Հայաստանն այժմ փորձում է մեծացնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ նաև պաշտպանության ոլորտում։ 2023 թվականին ԱՄՆ-ը և Հայաստանը 2008 թվականից ի վեր առաջին անգամ անցկացրին համատեղ զորավարժություններ՝ «Արծիվ գործընկեր – 2023»-ը, որն անցկացվեց 2023թ. սեպտեմբերի 11-20-ը։ Այս զորավարժությանը մասնակցեցին շուրջ 85 ամերիկացի և 175 հայ զինվորականներ։

Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի՝ զորավարժությունները «շատ կարևոր ազդակ էին առ այն, որ ԱՄՆ-ը և Հայաստանը կարող են համագործակցել պաշտպանության ոլորտում»: Բացի այդ, ԱՄՆ-ը պատրաստվում է ունենալ խորհրդական, ով կաջակցի Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ կարողությունների զարգացման գործում, քանի որ Հայաստանը շահագրգռված է համագործակցության ընդլայնմամբ, ինչպես օրինակ, մասնակցությունը խաղաղապահ և այլ խաղաղ գործողություններին։ Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել ապագայում ևս աշխատել Հայաստանի հետ այս ոլորտում։

2024թ. հուլիսի 15-24-ը ևս ՀՀ-ն և ԱՄՆ-ն իրականացրին համատեղ զորավարժություններ «Արծիվ գործընկեր – 2024» անվանմամբ։

Իրականում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը նոր իշխանությունների ձեռքբերումը չէ: Դրանց հիմքերը դրվել են դեռևս 2004 թվականին, երբ Հայաստանը ակտիվորեն մասնակցում էր ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին: Ինչ վերաբերում է 2024թ. երկկողմ զորավարժություններին, ապա դրանց նպատակների թվում է «բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիությունը», որը իրականացվում է ՀՀ ԶՈՒ և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի միջև։

Ինչ վերաբերում է Կանզասի ազգային գվարդիայի հետ համագործակցությանը, ապա ՀՀ-ԱՄՆ ռազմական համագործակցությունը ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի հետ ունի տարիների պատմություն և 2023-ին նշվեց համագործակցության 20-ամյակը։ Դեռևս 2003թ. ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ԱՄՆ այցի շրջանակներում հիմք դրվեց երկկողմ համագործակցությանը:

Ամերիկյան ակտիվության անուղակի ցուցիչներից էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այցը Հայաստան։ Այցը, իհարկե, տարածաշրջանային էր և դրա ընթացքում գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանին՝ իր երկարամյա գործընկերության և ՆԱՏՕ-ի գործողություններում շուրջ 20 տարվա ներդրման համար:

Այսպիսով, ամերիկյան ներգրավվածությունը Հայաստանում վերջին մի քանի տարիներին բավական ակտիվ է։ Այս ակտիվության համար հիմք են հանդիսանում ռուսական ազդեցության և ակտիվության նվազումը՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով: Միաժամանակ, ամերիկյան ակտիվությունը նկատելի է ՀՀ-ՀԱՊԿ վատթարացող հարաբերությունների ֆոնին։ ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀՀ-ն փաստացի այժմ որևէ գործողության կամ միջոցառման չի մասնակցում, հրաժարվում է վճարել անդամավճարները և պարբերաբար հրապարակ է նետում կազմակերպությունը լքելու վերաբերյալ տեղեկություններ և հայտարարություններ։

Սրան զուգահեռ, Հայաստանը ձգտում է սերտ կապեր ձևավորել արևմտյան գործընկերների հետ՝ փաստացիորեն չպահպանելով արտաքին քաղաքական բալանսավորումը: Հակադրելով ՀՀ-ՀԱՊԿ և ՀՀ-ԱՄՆ ռազմական հարաբերությունների զարգացումը՝ ՀՀ-ՀԱՊԿ հարաբերությունների հնարավոր ջերմացումը ապագայում քիչ հավանական է թվում: Դրա փոխարեն Հայաստանը փորձում է ակտիվացնել ԱՄՆ-ի հետ ռազմական փոխգործակցությունը, սակայն այստեղ ևս լուրջ ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական համագործակցության լուրջ օրակարգ չի ձևավորվում: Միաժամանակ, Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է և այն լքելու իրավական գործընթաց չի սկսել, ինչը, ըստ կանոնադրության, պետք է իրականացվի կազմակերպությունը լքելուց 6 ամիս առաջ: Փաստորեն, Հայաստանի իշխանությունները վերջին 6 տարիներին պարբերաբար խոսել են ՀԱՊԿ-ը լքելու մասին, սակայն այդ ընթացքում խոսքից գործի չեն անցել:

Originally published by “Luys”

Կիսվել՝